Մարդն ըմբոստացած (Մաս 1-ին)

Image

Ի՞նչ է ըմբոստացած մարդը: Մարդ, որ ասում է` ոչ: Բայց եթե նա մերժում է, ապա չի հրաժարվում. սա նաեւ այն մարդն է, որ իր այդ առաջին մղումով ասում է` «այո»: Ողջ կյանքում կարգադրություններ ստացած ստրուկը հանկարծ անընդունելի է համարում նոր հրամանը: Ո՞րն է այդ «ոչ»-ի բովանդակությունը:

Օրինակ, այն նշանակում է. «Այս ամենը չափից դուրս երկար տեւեց», «Մինչեւ հիմա համբերել եմ, բայց սրանից հետո` էլ չեմ կարող», «Դուք չափազանց հեռու եք գնում», նաեւ`«Կա մի սահման, որ չպետք է անցնեք»: Ի վերջո, այդ «ոչ»-ը հաստատում է ինչ-որ սահմանի գոյությունը:

Սահմանագծի այդ նույն գաղափարն է ընկած ըմբոստացողի այն զգացողության հիմքում, թե մյուս մարդը «չափն անցնում է», թե նա իր իրավունքը տարածում է սահմանից այն կողմ, որից սկսած նրա դեմ կանգնած է մեկ այլ իրավունք եւ սահմանափակում է նրան:

Այսպիսով, ըմբոստության մղումը հիմնվում է միաժամանակ անհանդուրժելի համարված ոտնձգությունը կտրուկ մերժելու եւ անվիճելի իրավունքի աղոտ համոզվածության, ավելի ճիշտ` ըմբոստացողի` «այս կամ այն բանն անելու իրավունքն» ունենալու զգացողության վրա:

Ըմբոստությունն ուղեկցվում է ինչ-որ ձեւով եւ ինչ-որ տեղ սեփական իրավացիության զգացողությամբ: Սրանից ելնելով է ըմբոստացած ստրուկը միաժամանակ ասում` այո եւ ոչ:

Սահմանի հետ նա նաեւ հաստ ատում է այն ամենը, որ ենթադրում է եւ կամենում է պահպանել սահմանից այն կողմ: Նա համառորեն ապացուցում է, թե իր մեջ կա ինչ-որ բան, որի համար «արժե…», որը պահանջում է ուշադրություն:

Ինչ-որ ձեւով նա իր վրա բռնացող կարգին հակադրում է իր ընդունած եզրագծից այն կողմ բռնությանը չենթարկվելու մի տեսակ իր իրավունքը:

Ամեն ըմբոստության մեջ ոտնձգողի նկատմամբ ունեցած խորշանքի հետ դրսեւորվում է նաեւ մարդու ամբողջովին ու վայրկենական միավորումը իր էության որոշակի մասի հետ: Արդ, նա թաքուն եւ գրեթե չգիտակցելով գործողության մեջ է դնում արժեւորող մի դատողություն, որը նա պահպանում է աղետի ու պատուհասի մեջ:

Մինչ այդ, նա առնվազն լռել է` հուսահատությանն անձնատուր, ընդունելով նույնիսկ անարդար համարվող իրավիճակը: Իսկ քանի որ նա լռել է, ապա ստեղծվել է կարծիք, թե չի դատում եւ չի կամենում ոչինչ, իսկ առանձին դեպքերում` թե իրոք չի կամենում ոչինչ:

Բայց հուսահատությունը, ինչպես եւ աբսուրդը, դատում ու կամենում է ամեն ինչ ընդհանրապես եւ ոչինչ` մասնավորապես: Լռությունը նրա հրաշալի թարգմանն է: Սակայն խոսելու պահից սկսած, նույնիսկ երբ ասում է` ոչ, նա կամենում է եւ դատում: Ըմբոստը, բառի ստուգաբանական իմաստով, անում է կտրուկ շրջադարձ:

Նա քայլել է տիրոջ մտրակի տակ: Եվ, ահա, կանգնում է նրա դիմաց: Նա հակադրում է նախընտրելին անընդունելիին: Ամեն արժեք առաջ չի բերում ըմբոստություն, բայց ըմբոստության ամեն մղում լռելյայն հիշեցնում է ինչ-որ արժեք:
Իսկ արդյո՞ք այստեղ արժեքի մասին է խոսքը:

Ըմբոստության մղումից, – որքան էլ անորոշ, – ծնվում է գիտակցությունը, հանկարծական, պայծառ այն ըմբռնումը, թե մարդու մեջ կա ինչ-որ բան, որի հետ նա կարող է նույնանալ թեկուզ եւ շատ կարճ ժամանակով:

Այդ նույնացումը մինչ այդ իրապես չէր զգացել ստրուկը: Մինչ այդ ընդվզումը, նա տարել է ամեն անիրավություն ու կեղեքում: Հաճախ, նույնիսկ անմռունչ կատարել է առավել ստորացուցիչ կարգադրություններ, քան եղել է այս մեկը, որ առաջ է բերել իր ընդվզումը:

Դրանք կատարել է համբերությամբ, գուցե եւ ամբարելով հոգում, բայց լռելյայն, առավել տարված անմիջական հոգսերով, քան գիտակցելով իր իրավունքը: Համբերության հատնումից հետո, անհամբերության հետ, ընդհակառակը, ծայր է առնում մի ալիք, որ կարող է տարածվել մի ժամանակ ընդունելի ամեն ինչի վրա:

Այդ պոռթկումը գրեթե միշտ ունենում է հետադարձ ազդեցություն: Այն պահին, երբ ստրուկը ծառանում է տիրոջ նվաստացուցիչ կարգադրության դեմ, միաժամանակ ծառանում է իր ստրկական վիճակի դեմ: Ըմբոստության մղումը նրան տանում է ավելի հեռու, քան նա կարող էր հայտնվել սովորական մերժման ժամանակ:

Նա անցնում է նաեւ իր հակառակորդի համար նախանշած սահմանը` հիմա պահանջելով արդեն, որ իր հետ վարվեն հավասարի պես: Այն, ինչ սկզբում եղել է մարդու անկասելի դիմադրություն, վերածվում է ամբողջական մարդու, որը նույնանում է դրա հետ, հանգում դրան:

Իր էության այն մասը, որ նա ուզում էր հարգել տալ, այժմ նա դասում է մնացած ամեն ինչից վեր, հայտարարում ամեն բանից, նույնիսկ կյանքից ավելի թանկ:

Նրա համար դա դառնում է գերագույն բարիք: Մի ժամանակ անարգվածությունն ընդունող ստրուկը միանգամից («քանի որ այդպես է…») նետվում է անհանդուրժողության մեջ`«Ամեն ինչ կամ Ոչինչ»:

Ըմբոստության հետ լույս աշխարհ է գալիս գիտակցությունը: Սակայն պարզ երեւում է, որ այդ գիտակցության մեջ միաժամանակ գործում են դեռեւս բավականաչափ մութ «ամեն ինչը» եւ «ոչինչը», որը ենթադրում է մարդու զոհաբերության հնարավորություն հանուն այդ ամենի:

Ըմբոստը ուզում է լինել ամենը, լիովին նույնանալ այն բարիքի հետ, որին հասու է դարձել հանկարծակի, եւ ուզում է հանձին իրեն դա ընդունեն ու ողջունեն ուրիշները, կամ ուզում է լինել ոչինչ, այսինքն` վերջնականապես ջախջախվել իր վրա իշխող ուժի կողմից: Ծայրահեղ դեպքում նա ընդունում է վերջնական պարտությունը` մահը, եթե զրկվելու է այն բացառիկ պարգեւից, ինչը նա կկոչի, օրինակ, ազատություն: Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք: Արժեքը, ըստ խորագիտակ հեղինակների, «ամենից հաճախ անցում է գործողությունից իրավունքի, ցանկացածից բաղձալիի (սովորաբար` այն միշտ միջնորդավորված է ցանկությամբ)»:

Անցումը իրավունքի, ինչպես տեսանք, դրսեւորվում է ըմբոստությամբ: Նույնը եւ` «սա պետք է լիներ»-ից «ես ուզում եմ, որ սա լինի»-ի անցման դեպքում: Բայց գուցե թե եւ առավել եւս այն դեպքում, երբ դա վերաբերում է անհատից այդուհետ ընդհանուր դարձած բարիքի անցմանը:

Ամեն ինչի կամ Ոչնչի երեւան գալը մատնանշում է, որ ըմբոստությունը, հակառակ եղած կարծիքի, ու նույնիսկ եթե ծնունդ է առնում մարդու խիստ անհատական էությունից, հարցականի տակ է առնում հենց անհատ հասկացությունը:

Եթե անհատն իրոք ընդունում է մահը եւ, հարկ եղած դեպքում, իր ըմբոստության պոռթկման մեջ մահանում է, ապա դրանով նա ցույց է տալիս, որ զոհաբերում է իրեն ի շահ այն բարիքի, որ ինքը համարում է գերակա սեփական ճակատագրի համեմատ: Եթե նա գերադասում է մեռնել, իր պաշտապանած իրավունքից չզրկվելու համար, ապա այն պատճառով, որ դա դասում է իրենից վեր:

Հետեւաբար, նա գործում է հանուն մի արժեքի, որը դեռեւս անորոշ է, բայց իր զգացածի համաձայն ընդհանուր է ինչպես իր, այնպես էլ բոլոր մարդկանց համար:

Ինչպես տեսնում ենք, ըմբոստության ամեն դրսեւորման հաստատումը տարածվում է ինչ-որ բանի վրա, որը գերազանցում է անհատին այնքանով, որքանով ձերբազատում է նրան իր ենթադրյալ մենությունից եւ գործելու հիմք տալիս:

Բայց արդեն կարեւոր է նշել, որ ամեն գործողությանը նախորդող այդ արժեքը հակասում է զուտ պատմական փիլիսոփայություններին, որոնց համաձայն արժեքը ձեռք է բերվում (եթե այն կարելի է ձեռք բերել) որպես գործողության արդյունք:

Ըմբոստության վերլուծությունը առնվազն տեղիք է տալիս այն կասկածին, թե կա մարդկային բնություն, ինչպես կարծում էին հույները, իսկ դա հակառակ է ժամանակակից մտքի կանխադրույթներին: Ինչո՞ւ ըմբոստանալ, եթե քո մեջ մշտապես կայուն եւ պահպանման արժանի ոչինչ չկա:

Ստրուկը միաժամանակ ծառանում է հանուն բոլոր ապրողների, երբ կարծում է, թե իրերի նման կարգի դեպքում իր մեջ մերժվել է մի բան, որը միայն իրենը չէ, ընդհանուր է եւ որի պարագայում բոլոր մարդիկ ու նույնիսկ նա, ով հայհոյում ու կեղեքում է իրեն, ունեն նախասահմանված համակեցություն:

Այս դատողությունը կարելի է հիմնավորել երկու դիտարկումով: Նախ նշենք, որ ըմբոստության մղումն իր բնույթով եսասիրական մղում չէ: Անտարակույս, այն կարող է ունենալ եսասիրական պատճառներ: Բայց կարելի է նույնքան ըմբոստանալ կեղծիքի, որքան ճնշումների դեմ: Բացի այդ, ելնելով այդ պատճառներից` իր ամենաբուռն մղման մեջ անգամ ըմբոստը չի խնայում ոչինչ, քանզի բախտախաղի է դնում ամեն ինչ: Անշուշտ, նա իր նկատմամբ պահանջում է հարգանք, բայց այն չափով, որքանով նույնացնում է իրեն բնական համակեցության հետ:

Նշենք նաեւ, որ ըմբոստությունը չի ծնվում միայն ու անպայման ճնշվածի մեջ, դրան կարող է մղել նաեւ նա, ով ականատեսն է ճնշմանը, որի զոհն է մեկ ուրիշը: Հետեւաբար այս դեպքում տեղի է ունենում նույնացում զոհի հետ: Այստեղ եւս ճշտենք, որ խոսքը չի վերաբերում հոգեբանական նույնացմանը, հնարք, որով անհատը երեւակայությամբ պատկերացնում է, թե վիրավորանքն ուղղված է իրեն:

Ընդհակառակը, հնարավոր է, որ չկարողանանք հանդուրժել ուրիշներին հասցված այն վիրավորանքները, որոնք ինքներս տանում ենք անտրտունջ: Տաժանավայրում ի նշան բռնության ռուս ահաբեկիչների ինքնասպանությունները, երբ նրանք տեսնում էին, թե իրենց ընկերներին ինչպես են տանջում, մարդկային հոգու մեծագույն մղման փայլուն արտահայտություններ են: Խոսքը նաեւ շահերի ընդհանրության մասին չէ:

Մենք կարող ենք իրոք վրդովեցուցիչ համարել այն մարդկանց նկատմամբ կիրառված անարդարությունը, որոնց համարում ենք մեր հակառակորդները: Կա միայն ճակատագրերի եւ կայացրած վճռի նույնացում: Ուստի իր իսկ համար անհատը չունի այն արժեքը, որ ինքն ուզում է պաշտպանել: Դրա ձեւավորման համար առնվազն հարկավոր են բոլոր մարդիկ:

Ըմբոստության մեջ մարդը գերազանցում է իրեն` դառնալով մեկ ուրիշը, եւ այս տեսանկյունից մարդկային համերաշխությունը մետաֆիզիկական է: Պարզապես խոսքն այժմ լոկ այն տեսակ համերաշխության մասին է, որը ծնվում է շղթաների մեջ:

Կարելի է դարձյալ ճշտել ցանկացած ըմբոստության առաջադրած արժեքի դրական կողմը` համեմատելով այն խիստ բացասական այնպիսի հասկացության հետ, ինչպիսին է թշնամանքը, որի բնորոշումը տալիս է Շելերը****:

Հիրավի, ըմբոստության մղումն ավելին է, քան բռնություն արտահայտությունը` բառիս խստագույն իմաստով: Թշնամանքի սահմանումը լավագույնս տվել է Շելերը` դիտելով այն որպես ինքնաթունավորում, երկարատեւ անզորության մահաբեր արտազատում փակ անոթի մեջ: Ըմբոստությունն, ընդհակառակը, ճեղք է բացում կեցության մեջ, օգնում դուրս գալ սահմաններից: Այն ազատ է արձակում մինչ այդ լճացած եւ այժմ արդեն մոլեգնող ալիքները:

Ինքը` Շելերը, շեշտը դնում է թշնամանքի պասսիվ կողմի վրա` մատնանշելով այն մեծ տեղը, որ դա գրավում է կանանց հոգեբանության մեջ, որոնք ցանկության ու տիրանալու առարկա են: Ըմբոստության նախահիմքում, ընդհակառակը, ընկած է բուռն գործունեության ու եռանդի սկզբունքը: Շելերը իրավացի է նաեւ, երբ ասում է, թե թշնամանքը փայլուն կերպով գունազարդված է նախանձով:

Բայց նախանձ են տածում չունեցածի հանդեպ, մինչդեռ ըմբոստացողը պաշտպանում է այն, ինչ կա: Նա նույնիսկ չի պահանջում մի հարստություն, որ չի ունեցել ինքը կամ որը կարող էին իրենից խլած լինել: Նա ձգտում է ճանաչել տալ այն, ինչ կա իր մեջ եւ գրեթե բոլոր դեպքերում իր կողմից արդեն ճանաչել է որպես առավել կարեւոր մի բան, քան կարող էր լինել իր նախանձի առարկան:

Ըմբոստությունը ռեալիստական չէ: Դարձյալ ըստ Շելերի` ուժեղ կամ թույլ հոգում աճող թշնամանքը ըստ այդմ վերածվում է կարիերիզմի կամ դառնության: Սակայն երկու դեպքում էլ մարդը կամենում է լինել ուրիշ, քան է:

Թշնամանքը միշտ թշնամանք է ինքն իր հանդեպ: Ըմբոստը, ընդհակառակը, իր առաջին իսկ մղումով ծառանում է իր ինքնությանն ուղղված ոտնձգության դեմ: Նա պայքարում է իր էության մասը ամբողջացնելու համար: Սկզբում նա ջանում է ոչ այնքան հաղթանակ տանել, որքան իրեն հարգել տալ:

Եվ վերջապես, թշնամանքը կարծես նախապես ըմբոշխնում է այն տառապանքը, որի ճիրաններում կուզենար տեսնել իր քինախնդրության օբյեկտին: Իրավացի են Նիցշեն եւ Շելերը, երբ նման զգացմունքի փայլուն օրինակ են տեսնում այն դրվագում, որտեղ Տերտուլլիանուսը տեղյակ է պահում իր ընթերցողներին, թե երկնքում երանելիների համար երջանկության գերագույն վայելքը կլինի այն պահը, երբ նրանք կտեսնեն հռոմեացի կայսրերի անլուր չարչարանքները դժոխքում:

Նման երջանկություն էին ապրում նաեւ այն ազնիվ մարդիկ, որոնք ներկա էին գտնվում մեծ մահապատիժներին: Ըմբոստությունը, ընդհակառակը, սկզբունքորեն սահմանափակվում է նվաստացման մերժումով, դա չի պահանջում մեկ ուրիշի համար: Այն նույնիսկ ընդունում է ինքնին տառապանքը, միայն թե հարգվի իր ամբողջությունը:

Հասկանալի չէ, թե Շելերն ինչու է բացարձակապես նույնացնում ըմբոստության ոգին թշնամանքի հետ: Մարդասիրության մեջ թշնամանքի նրա քննադատությունը (մարդասիրություն, որ նա դիտում է իբրեւ մարդկանց նկատմամբ դրսեւորվող սիրո ոչ քրիստոնեական ձեւ) թերեւս կարելի է կիրառել մարդասիրական իդեալիզմի ինչ-ինչ անորոշ ձեւերի կամ ահաբեկչության եղանակների նկատմամբ:

Սակայն այդ քննադատությունը անհաջողության է մատնվում, երբ խոսքը վերաբերում է իր վիճակի դեմ ծառացող մարդու ընդվզմանը, պոռթկում, որ մղում է անհատին պաշտպանելու բոլոր մարդկանց բնորոշ արժանապատվությունը: Շելերն ուզում է ապացուցել, որ մարդասիրությունը ուղեկցվում է աշխարհի նկատմամբ եղած ատելությամբ: Մարդկությանը սիրում են ընդհանրապես` ոչ ոքի չսիրելու համար մասնավորապես:

Սա ճշմարիտ է որոշ դեպքերում, եւ միանգամայն հասկանալի է դառնում Շելերը, երբ տեսնում ենք, որ մարդասիրությունը նրան ներկայանում է Բենթամի եւ Ռուսսոյի միջոցով: Սակայն առ մարդը տածած մարդու սերը կարող է ծնվել այլ բանից, քան շահերի թվաբանական հաշվարկն է կամ մարդկային բնության նկատմամբ, ընդսմին տեսական, վստահությունը:

Ուտիլիտարիստներին եւ Էմիլի դաստիարակներին զուգահեռ կա, օրինակ, Դոստոեւսկու միջոցով Իվան Կարամազովի մեջ իր մարմնավորումը գտած մի տրամաբանություն, որն ըմբոստության մղումից գնում է մետաֆիզիկական ապստամբության:

Շելերը, որին հայտնի էր դա, այսպես է ամփոփում այդ գաղափարը. «Աշխարհում բավականաչափ սեր չկա, որ վատնվի այլ բանի վրա, մարդ արարածից բացի»: Եթե նույնիսկ ճշմարիտ լիներ այս դրույթը, ենթադրվող սոսկալի հուսահատությունը արժանի կլիներ այլ բանի, քան արհամարհանքն է:

Իրականում այն չի ընդունում Կարամազովի ընդվզման պառակտված բնույթը: Իվանի դրաման, ընդհակառակը, ծնունդ է առնում այն բանից, որ կա չափից դուրս շատ անառարկայական սեր: Չբանեցված այդ սերը,- քանի որ մերժված է Աստված,- տարածվում է մարդ արարածի վրա հանուն մեծահոգի կարեկցության:

Ընդսմին, ըմբոստության մղման մեջ, ինչպիսին դիտարկեցինք այն մինչ այստեղ, վերացական ինչ-որ իդեալ չեն ընտրում հոգու աղքատությունից կամ անպտուղ բողոքի նպատակով:

Պահանջվում է հաշվի առնել այն, ինչը մարդու մեջ չի կարող հանգել գաղափարի. հոգու այն ջերմությունը, որ մարդ-արարածից զատ այլ բանի չի կարող ծառայել: Արդյո՞ք սա նշանակում է, թե ըմբոստության մեջ թշնամանք չկա:

Ոչ. դա մեզ շատ թե քիչ ծանոթ է մեր այս քինախնդիր դարից: Սակայն մենք չպետք է այդ հասկացությունն ընդունենք նրա ամենալայն իմաստով` ելնելով այն խեղաթյուրելու վախից, իսկ այս պարագայում ըմբոստությունը գերազանցում է թշնամանքը լիովին:

Երբ «Փոթորկալից բարձունքներ» գործի մեջ Հիթկլիֆը սերը գերադասում է Աստծուց եւ խնդրում է իրեն դժոխք ուղարկել իր սիրեցյալին միանալու համար, ապա այստեղ խոսում է ոչ միայն նրա նվաստացած ջահելությունը, այլեւ ամբողջ կյանքի տառապալից փորձառությունը:

Նույն մղումը Մայստեր Էքհարդտին ստիպում է հերետիկոսական անսպասելի պոռթկման մեջ ասել, թե նախընտրում է դժոխքը Հիսուսի հետ, քան երկինքը առանց նրա: Սա սիրո միեւնույն մղումն է: Բայց, հակառակ Շելերի, մենք չենք կարող, ուրեմն, շեշտը չափից դուրս դնել կրքոտ պոռթկման վրա, ինչը ըմբոստության հիմքում է եւ տարբերում է այն թշնամանքից:

Ակնհայտորեն լինելով բացասական, քանզի ոչինչ չի ստեղծում, ըմբոստությունը խորապես դրական է, քանի որ բացահայտում է այն, ինչը մարդու մեջ միշտ կարիք ունի պաշտպանության:

Սակայն, ի վերջո, մի՞թե հարաբերական չեն թե° ըմբոստությունը եւ թե° նրա ներկայացրած արժեքը: Դարաշրջանների ու քաղաքակրթությունների հետ, հիրավի, ըմբոստության դրդապատճառները կարծես փոխվում են:

Ակնհայտ է, որ հինդու պարիան, ինկերի պետության ռազմիկը, Կենտրոնական Աֆրիկայի տեղաբնիկը կամ քրիստոնեական առաջին համայնքների անդամը չունեին ըմբոստության միեւնույն գաղափարը: Կարելի է նույնիսկ խիստ մեծ հավանականությամբ պնդել, որ ըմբոստության հասկացությունը վերոհիշյալ կոնկրետ դեպքերում չի ունեցել որեւէ իմաստ:

Այնինչ հույն ստրուկը, ճորտը, Վերածննդի շրջանի կոնդոտիերը, ռեգենտության ժամանակաշրջանի փարիզցի բուրժուան, 1900-ական թվականների ռուս մտավորականը եւ ժամանակակից բանվորը եթե կարող են իրարից տարբերվել ըմբոստության դրդապատճառների խնդրում, ապա, անտարակույս, համակարծիք են դրա օրինականության հարցում:

Այլ կերպ ասած` ըմբոստության հիմնահարցը կարծես ձեռք է բերում իր իսկական իմաստը միայն արեւմտյան մտածողության մեջ:

Կարելի է ավելի պարզաբանել` Շելերի նման մատնանշելով, որ ըմբոստության ոգին դժվարությամբ է իր արտահայտությունը գտնում այն հասարակություններում, որտեղ անհավասարությունները չափազանց մեծ են (հինդուների կաստաների պայմաններում) կամ, ընդհակառակը, բացարձակ հավասարություն է (նախնադարյան որոշ համայնքներում):

Հասարակության մեջ ըմբոստության ոգին կարող է ի հայտ գալ միայն այն խմբերում, որտեղ տեսական հավասարությունը սքողում է փաստական մեծ անհավասարությունները: Ըմբոստության խնդիրը, հետեւաբար, իմաստավորվում է միայն մեր արեւմտյան հասարակության մեջ:
Այս դեպքում մենք կարող ենք գայթակղությունն ունենալ պնդելու, թե այն աղերսվում է ինդիվիդուալիզմի զարգացման հետ, եթե նախորդ դիտողությունները մեզ չստիպեին վերապահությամբ մոտենալ նման եզրահանգմանը:

Հիրավի այն, ինչ կարելի է քաղել Շելերի դիտողությունից, ակնհայտորեն հետեւյալն է. քաղաքական ազատության տեսության շնորհիվ մեր հասարակությունների ներսում մարդու մեջ նկատվում է մարդ հասկացության ըմբռնման աճ, իսկ այդ նույն ազատության գործնական կիրառության ոլորտում` դրան համապատասխան անբավարարություն:

Փաստացի ազատությունը չի աճում մարդու` դրա ձեռք բերած գիտակցության հետ: Այս դիտողությունից կարելի է միայն եզրակացնել հետեւյալը. ըմբոստությունը իր իրավունքների գիտակցությունն ունեցող, իրազեկ մարդու իրողություն է:

Սակայն ոչինչ մեզ թույլ չի տալիս ասելու, թե խոսքը բացառապես անհատի իրավունքների մասին է: Ընդհակառակը, արդեն նշված համերաշխությունից պարզ երեւում է, որ խոսքը վերաբերում է ավելի ու ավելի ընդլայնվող ինքնագիտակցությանը, որ մարդկային ցեղը ձեռք է բերում իր երկար ու ձիգ գոյության ընթացքում:

Իրականում, ինկերի ներկայացուցիչը կամ պարիան իրենց առջեւ չեն դնում ընդվզման խնդիր, քանզի այն նրանց համար արդեն լուծված է ավանդույթի միջոցով, նախքան այդ հարցը իրենք իրենց առաջադրելը, եւ դրա պատասխանն արդեն առկա է սրբության հասկացության մեջ:

Եթե սրբության աշխարհում չկա ըմբոստության խնդիր, ապա պատճառն այն է, որ իրականում այնտեղ չի կարելի գտնել իսկական որեւէ խնդիր. բոլոր պատասխանները տրված են մեկընդմիշտ: Մետաֆիզիկան փոխարինված է առասպելով:

Չկա որեւէ հարցադրում, կան միայն պատասխաններ ու անփոփոխ մեկնություններ, որոնք կարող են, ընդսմին, լինել մետաֆիզիկական: Սակայն մարդը, նախքան սուրբ ոլորտ թափանցելը (եւ նույնքան լավ թափանցելու համար) կամ այնտեղից դուրս գալը (եւ նույնքան լավ դուրս գալու համար) հարցադրում է եւ ըմբոստություն:

Ըմբոստացած մարդը սրբությունից առաջ եւ հետո հայտնված մարդն է եւ կոչված է պահանջելու մարդկային մի կարգ, որի դեպքում բոլոր պատասխանները կլինեն մարդկային, այսինքն` խելամտորեն ձեւակերպված: Հենց այդ պահից ամեն հարցադրում, ամեն խոսք ըմբոստություն է, մինչդեռ սրբության աշխարհում ամեն խոսք գոհության դրսեւորում է:

Այսկերպ կարելի է ցույց տալ, թե մարդկային ոգու համար կարող է լինել միայն երկու հնարավոր ունիվերսում` սրբության (կամ քրիստոնեական լեզվով ասած շնորհապարտության) եւ ըմբոստության: Մեկի անհետացումը հավասարազոր է մյուսի հայտնությանը, թեեւ այդ հայտնությունը կարող է երեւան գալ շփոթեցնող ձեւերով:

Այստեղ դարձյալ գտնում ենք Ամեն ինչ կամ Ոչինչ բանաձեւը: ըմբոստության խնդրի արդիականությունը միայն պայմանավորված է նրանով, որ ամբողջական հասարակություններն այսօր կամենում են անջատվել սրբության ոլորտից: Մենք ապրում ենք ապասրբացված պատմության մեջ: Մարդն, անշուշտ, չի հանգում ապստամբության:

Սակայն արդի պատմությունն իր հակասություններով մեզ հարկադրում է ընդունել, թե ըմբոստությունը մարդու գլխավոր չափորոշիչներից մեկն է:

Այն մեր պատմական իրողությունն է: Եվ պետք է ոչ թե փախչել իրականությունից, այլ դրա մեջ գտնել մեր արժեքները: Սակայն կարելի՞ է արդյոք սրբության ոլորտից ու նրա բացարձակ արժեքներից հեռու լինել եւ ապրելակերպի կանոններ գտնել. այսպիսին է ըմբոստության առաջադրած հարցը:

Արդեն անդրադարձել ենք այն անորոշ արժեքին, որ ծնունդ է առնում սահմանին, որից անդին սկսվում է ըմբոստությունը: Այժմ մնում է, որ ինքներս մեզ հարց տանք, թե այդ արժեքն արդյոք իր տեղն ունի մտածողության ու ըմբոստության դրսեւորման ժամանակակից ձեւերի մեջ, եւ եթե իրոք ունի, ապա ճշտենք նրա բովանդակությունը:

Սակայն նախքան մեր խոսքը շարունակելը, նշենք, որ այդ արժեքի հիմքում ընկած է ըմբոստությունը որպես այդպիսին: Մարդկանց համերաշխությունը հիմնվում է ըմբոստության մղման վրա, իսկ այս վերջինն իր հերթին իր արդարացումն է գտնում նրանց այդ համագործակցության մեջ:

Ուրեմն, իրավունք ունենք ասելու, թե ամեն ըմբոստություն, որ իրեն թույլ է տալիս ժխտել կամ ոչնչացնել այդ համերաշխությունը, միաժամանակ կորցնում է ըմբոստության իր նշանակությունը եւ իրականում համապատասխանում է կործանարար համաձայնությանը: Ճիշտ այդպես էլ սրբությունից դուրս համերաշխությունը կյանք է առնում միայն ըմբոստության մակարդակում:

Դրանով իսկ երեւան է գալիս ըմբոստացած մտքի իսկական դրաման: Ապրելու համար մարդը պետք է ըմբոստանա, բայց նրա ըմբոստությունը պիտի հարգի իր իսկ մեջ բացահայտած սահմանը, որից անդին մարդիկ, միավորվելով, սկսում են ապրել:

Ըմբոստացած միտքը չի կարող շրջանցել հիշողությունը. այն մշտապես լարված վիճակում է: Իր գործերի ու գործողությունների մեջ դրսեւորվող այդ մտքին հետեւելիս մենք ամեն անգամ պիտի հարց տանք ինքներս մեզ, թե արդյոք նա հավատարիմ է մնացել իր նախնական ազնվությանը, թե՞, ընդհակառակը, հոգնությունից ու խելահեղությունից այն մատնել է մոռացության բռնակալության կամ ստրկասիրության մոլուցքի մեջ:

Իսկ մինչ այդ, ահա այն առաջին արդյունքը, ինչին ասել է ըմբոստության ոգին աշխարհի մասին սկզբում աբսուրդով ու ակնհայտ ամլությամբ ներծծված խորհրդածության միջոցով: Աբսուրդի փորձառության մեջ տառապանքն անհատական է: Ըմբոստության մղումից սկսած` այն ձեռք է բերում հավաքական դառնալու բնույթ, դառնում է բոլորի գործը:

Օտարվածությամբ համակված մարդու առաջին միտքն այն է, որ ինքն այդ օտարվածությունը կիսում է բոլոր մարդկանց հետ եւ որ մարդկային իրականությունն իր ամբողջության մեջ տառապում է իր իսկ հանդեպ, աշխարհի հանդեպ եղած ուծացումից: Մեկ մարդու զգացած ցավը դառնում է հավաքական ժանտախտ:

Առօրյա փորձի մեջ, ինչպիսին մերն է, ըմբոստությունը խաղում է նույն դերը, ինչ “cogito”******-ն մտածողության կարգի մեջ. այն առաջին ակնհայտ բանն է: Իսկ այդ ակնհայտությունը անհատին հանում է իր մենությունից: Դա այն ընդհանուր բանն է, որ բոլոր մարդկանց համար ընկած է առաջնային արժեքի հիմքում: ըմբոստանում եմ, ուրեմն, կանք:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s