Կոբո Աբե. Ներխուժում

Image

I.

Ես քնեցի մեծ դժվարությամբ: Ու նորից ինձ արթնացրին ինչ-որ մեկի քայլերը: Քայլում էին մի քանի մարդ: Հավանաբար, խուսափելով աղմուկ հանելուց, նրանք ջանում էին ոտքերը հուշիկ դնել, բայց դա իրենց մոտ վատ էր ստացվում: Ես շրջվեցի մյուս կողիս վրա, գլուխս ծածկեցի, բայց տարօրինակ ձայներն աներեսաբար խցկվում էին ականջներս:

Աստիճաններով բարձրանալն ուղեկցվում էր անհասկանալի խշշոցով: Կարծես հարյուրաոտք մի կենդանի հետևից քարշ էր տալիս իր պոչը: Քայլերը հասան ու անցան արտաքնոցը, դրանք մոտիկանում էին:

Անասուննե՛ր, — տհաճությամբ մտածեցի ես: -Նորից այդ ապահովագրական գործակալը քարշ է գալիս ինչ-որ մի թափթփուկի հետ: Բայց ոտնաձայնն անցավ, հասավ կարծես թե ութերորդ համարին: Ես մտովի հայհոյեցի. — սողուննե՛ր: Մի՞թե այդ ծուռոտ անբարոյականը միանգամից հինգ հյուր է ձեռք գցել: Քայլերն ութերորդ համարն էլ անցան: Երևում է, իններորդ համարն են գնում,- ենթադրեցի ես: — Հո էն ծեր ախմախ վարորդի գլխին չե՞ն թրխկացրել ավտոմեքենաների սիրահարները:

Քայլերը իններորդ համարն էլ անցան: Եթե դրանք խուլ պատին ուղղված չեն, ապա մնում է տասներորդ համարը, այսինքն` իմը: Էդքանը հասկանալով` ես զսպանակի պես վեր ցցվեցի անկողնուս վրա, գլուխս հազիվ բարձին չթողնելով: Էս ի՞նչ սատանաներ են քամիները բերել գիշերվա կեսին: Կարծես թե ոչ մի հանցագործություն չեմ կատարել, ուրիշ էլ ի՞նչ կա: Զարթուցիչի լուսարձակող սլաքները ցույց են տալիս երեքն անց է տասնհինգ րոպե: Ես իջեցրի վերնաշապկիս վեր թռած եզրերը, մի կերպ վրաս քաշեցի անդրավարտիքս ու սպասումի մեջ քարացա:

Քայլերը փափուկ կանգնեցին իմ դռների մոտ: Ակնթարթորեն տիրեց մի լռություն, ինչպիսին լինում է անդուդի հատակին: Ես պահեցի շունչս և ամբողջովին դարձա լսողություն: Լարված լռությունից, որտեղ լվի թռիչքը կարող էր խլացուցիչ թայֆուն թվալ, ականջներիս թմբկաթաղանթները փքվեցին: Ահա լսվեց թեթև ճանկռտոց, հետո կամաց, բայց հստակ ու վստահ թակոց: Դրան ի պատասխան, գրեթե նույն ուժով, թփթփում էր իմ սիրտը: Խլացված ձայներ, իսկ մի փոքր դադարից հետո — դռան ավելի ուժող թակոց: Ո՞վ է, — հարցս մնաց ինչ-որ տեղ` ստամոքսումս, թե լյարդումս, դուրս չեկավ, մածուցիկ թուքս կոլոլել էր լեզուս: Թակեցին ավելի ուժեղ: Ո՞վ է: — Այս անգամ ես փորձեցի բարձր հարցնել, բայց ձայնը նորից ծնվեց ոչ թե բերանումս, այլ ինչ-որ տեղ` ականջներում:

— Կ-սա՛ն, — ոչ երիտասարդ մի տղամարդու ձայն տվեց իմ անունը,- ներեցեք, խնդրում եմ, որ մենք այսքան ուշ:

Հետո` կանացի երիտասարդ ձայն.

— Մենք այսքան ուշ …

Այդ խոսքերի հոգեցունց տոնն ինձ իրականությանը վերադարձրեց: Անբացատրելի հուզմունքս ցնդեց անհետ, ինչպես ցնդում է մառախուղն արևի շողերի տակ: Ես նորից սկսեցի լսել ոտքերի ձայնը, կոշկատակերի քստքստոցը` մի փոքր, կարծես, շփոթված:

Հեգնանքով ծիծաղելով ինձ պատած պսիխոզի առթիվ, շալվարս վեր քաշեցի ու վառեցի լույսը: Կաշեգոտիս ինչ-որ տեղ էր կորել, ստիպված էի անդրավարտիքս ձեռքերով պահել: Հենց այդ տեսքով էլ բաց արեցի դուռը – ոչ այնքան վճռականորեն, որքան` թափով, — և դուրս եկա անհայտ եկվորներին ընդառաջ: Էլեկտրական լույսն ինձ քաջություն տվեց, ինչին նպաստեց նաև հետաքրքրասիրությունը:

Դիմացս կանգնած է մի պարոն սև կոստյումով և թիթեռնիկ փողկապով: Կողքին ճաճանչաշող ժպտում է ինչ-որ բալախոն հագած մի կին, հավանաբար նրա կինն է: Կնոջ կողքին փայտին հենված է կռացած մի պառավ, լնդերը խաղացկուն ժպիտով բացած: Թվում է, նրա կողքով անցել-գնացել է ոչ մեկ հարյուրամյակ: Հետևում խռնված են երեխաներ, նրանց միանգամից դժվար է հաշվել, – սկսած խոշորակազմից` մոտ 20 տարեկան, մինչև նորածին մանկիկը` դեռահաս աղջնակի գրկում, — նրանք լցրել են ողջ միջանցքը: Գլուխները` թեքված աջ ու ձախ, մեղավոր ժպտում են:

— Թույլ տանք մեզ մտնել, — ասաց պարոնը, դիմելով իրեններին:

Ես չեմ արտաբերում ոչ-մի բառ, բայց նրանք, խոնարհելով գլուխները, մեկը մյուսի ետևից մտնում են դռնից ներս: Պարզվեց, նրանք ընդամենը ինն էին: Սենյակն անմիջապես լցվեց ծայրեծայր:

-Նեղվածք է, — ասաց պարոնը:

-Նեղվածք է, — արձագանքեց տիկինը:

— Հիմա կհավաքեմ, — արագ ասացի ես, ձեռքս մեկնելով անկողնուն:

— Ոչինչ, ոչինչ, — պառավը չալիկով կանգնեցրեց իմ ձեռքը: — Ես հոգնեցի, միանգամից հենց էստեղ էլ կպառկեմ:

-Բավականին անհարգալից վերաբերմունք է, — մտածեցի ես ու շրջվեցի դեպի պարոնը: Պարզվեց, նա խորասուզված էր փնտրտուքով իմ սեղանի վրա: Բոլորովին չխանդավառվելով դրանից, ես թափով բռնեցի նրա ձեռքն ու արտահայտիչ հարցրեցի.

-Ի՞նչ եք անում:

Պատասխանը հնչեց բնական ու անվրդով.

— Ծխախոտ եմ փնտրում:

-Բայց, միգուցե, կասե՞ք, ինչու եք եկել:

-Հարցնում եք, ինչո՞ւ, — պարոնը բարձրացրեց հոնքերը: Կարծես նա ինքն էր զարմացած իմ հարցից: Արագ կողմորոշվելով, նա լկտի դիրք գրավեց:

-Երբ մարդ իր տուն է գալիս, ո՞վ է նրան հարցնում, թե` ինչու է եկել: Տարօրինակ հարցեր ես տալիս:

-Գրո՛ղը տանի: Սա ի՛մ սենյակն է, — ինձ համար անսպասելի կատաղության մեջ ընկա ես: Ոնց որ թե նա հարբած չէ, միգուցե, ուղղակի աննորմա՞լ է: Հայտնի չէ, թե ո՞վ, գիշերվա կեսին հայտնվում է քո տանը, դեռ մի բան էլ հայտարարում է, թե իր տուն է եկել: Կատակն էլ պետք է սահման ունենա:

Ցցելով կուրծքը, կախ գցելով նեքևի շուրթը, պարոնը հայացքով չափեց ինձ ոտքից գլուխ:

-Չեմ հասկանում: Գիշերվա կեսին բանավեճ ես հրահրում, երբ գործը պարզից էլ պարզ է: Դու ինձ դժվար կացության մեջ ես դնում: Ստիպված եմ կարճ բացատրել քեզ, թե ում սենյակն է սա:

Պարոնը դիմեց յուրայիններին.

-Հարկադրված ենք պաշտպանվել, մարդը նկրտումներ ունի մեր կացարանի նկատմամբ: Ստիպված ենք ժողով անցկացնել: Պետք է նախագահ ընտրել, ենթադրում եմ դա ինձ կհանձնարարե՞ք:

-Հանձնարարո՜ւմ ենք, — համերաշխ բղավեցին երեխաները:

-Ես ակամա փշաքաղվեցի այն վախից, թե հարևաններին կարթնացնեն:

-Այսպիսով, — սկսեց պարոնը,- անցնում եմ նախագահի պարտականություններին: Օրակարգում հետևյալ հարցն է. – մե՞րն է այս սենյակը, թե` ոչ:

-Իհարկե մերն է,- ասաց, ուսերը թոթվելով, երեխաներից ամենաավագը, հաղթանդամ մի երիտասարդ` մոտ ութսուն կիլոգրամ քաշով:

-Հիմարին էլ է պարզ, — անփութորեն ատամների արանքից նետեց երկրորդ որդին, բանդիտի կերպարանքով:

-Անցա՛վ միաձայն, — խմբով գոչեցին բոլորը, բացառությամբ` նորածնի ու պառավի, որն արդեն քնած էր:

-Ահա՛, տեսնո՛ւմ եք,- ասաց պարոնը:

Ես պայթեցի.

— Ի՞նչ է սա նշանակում: Ուղղակի անամոթությո՛ւն է:

-Ախ, անամոթությո՞ւն, — հակաճառեց պարոնը, — Դու այդպե՞ս ես անվանում ձայների մեծամասնության դեմոկրատական/ժողովրդավարական/ սկզբունքը: Ֆաշի՛ստ: — Վերջին խոսքը նա այնպես ասաց, կարծես` թքեց երեսիս:

— Դո՛ւրս տվեք, ինչ ուզում եք, — չհանձնվեցի ես: — Միևնույն է, այս սենյակն իմն է, դուք այստեղ ոչ-ոք եք, և բարեհաճեցեք մաքրվել այստեղից: Արագ հեռացեք, ես չեմ ցանկանում գործ ունենալ խելագարների հետ:

-Ֆաշիստ, — թախծոտ ձայնով հաստատեց պարոնը: — Էս ջահելները միշտ, հենց ինչ-որ բան իրենց ձեռնտու չէ, թքում են մեծամասնության վրա և դիմում են բռնությանը: Հենց այսպիսի գազանն ունակ է գիշերվա կեսին փողոց շպրտել տարեց կնոջը և անպաշտպան երեխաների: Մեր ձեռնարկած միջոցներն ի պաշտպանություն ազատության…

Մի ակնթարթ — և ես հայտնվեցի օղակում. պարոնը, ավագ որդին, երկրորդ որդին: Պարոնն ասաց.

-Ես ձյուդոյից 5-րդ կարգ ունեմ, ես գլխավորում էի ոստիկանների դպրոցը:

Ավագ որդին ասաց.

-Համալսարանում ես ռեսլինգի չենպիոնն էի:

Երկրորդ որդին ասաց.

-Ես բռնցքամարտիկ էի:

Տղաները երկու կողմից ծալեցին ձեռքերս, պարոնը ծանրակշիռ հարված հասցրեց կրծքիս: Շալվարս վրայիցս ընկավ, և այդպիսի անպատվաբեր տեսքով ես կորցրեցի գիտակցությունս:

II

Երբ ուշքի եկա, արդեն առավոտ էր: Գտնվում էի սեղանի տակ, ուր ինձ խցկել էին ծալած վիճակում: Եկվորները դեռ չէին արթնացել: Սենյակում թափթփված էին անկողնային պարագաներ, հագուստ և թագավորում էր խռմփոցը: Ծառերի տերևների միջից առավոտյան արևը խցկվում էր պատուհանից ներս: Ներքևից լսվեց տոֆու1 վաճառողի ձայնը: Առօրյա կյանքի այս նշանների ֆոնի վրա եկվորների առկայությունը դարձավ սարսափի աստիճանի իրական:

Սենյակի մեջտեղում, ձեռքերը գլխի տակ դրած, պիջակի տակ խռռացնում էր պարոնը: Ձախ կողմում, իմ անկողնում, քնած էր պառավը, ժամացույցի ճոճանակի կանոնավորությամբ նա տարուբերում էր իր երևելի կրկնակզակը: Նրա կողքին փռվել էր տիկինը, իրենով պատկերելով հիերոգլիֆ, աստղ-ճոխ2-ը: Նրա մի ոտքը և մի ձեռքը գրավել էին պառավի անկողնու կեսը3: Տիկնոջ ընդարձակ զգեստն առավոտյան լույսի ներքո բավականին տարօրինակ տեսք ուներ: Մոտավորապես այդպիսի հագուստներով օպերաներում ներկայացնում են օտարերկրացիներին, անկախ նրանց ազգությունից: Կանաչ բալախոն` ամբողջովին դարսերի մեջ, և դրանց վրա կարված վարդագույն կտորներ, որոնք վատ մաքրված ձկան վրայի թեփուկների տպավորություն են թողնում: Զգեստի փեշը բարձր վեր էր քշտած, ընդ որում, թվում է` վեր է քշտած ոչ պատահաբար: Այդ տեսարանից ես ինձ ավելի վատ զգացի:

Պարոնից աջ, իրենց գլուխները հոր փորին սեղմած քիթ-քթի խռմփում էին երկու ավագ որդիները: Հենց մեկը խռմփացնում էր, անմիջապես մյուսի գլխին մազերը ցցվում էին: Պարոնի ոտքերի մոտ, կծկված, ճապոնական այբուբենի կուե4 տառի նման քնած էր սիրունատես մի աղջիկ, մոտ տասնյոթ տարեկան, իր գրկում նա սեղմել էր նորածնին:

Պարոնի գլխի մոտ, հենց այն սեղանի մոտ, որի տակ խցկել էին ինձ, քնած էին մի տղա ու մի աղջիկ, այնպիսի զարմանահրաշ դիրքերով, որ, կարծես քունը նրանց վրա էր հասել հենց խաղի ամենաթեժ պահին: Քնի մեջ տղան, հավանաբար, վազել էր, որովհետև նրա թաթերը ցնցվում էին, կարծես էլեկտրական հոսանքից: Աղջիկն անդադար շրթունքներով չպպացնում էր, նրանում ինչ-որ վանող բան կար:

Հիմա ես հասկացա իմ հոգու ողջ թելերով` սա երազ չէ: Հաղթահարելով սարսափը, ես սկսեցի դուրս սողալ սեղանի տակից: Ընդ որում, իմ մարմինն արձակում էր ձայներ, ինչպիսին արձակում է բամբուկը, երբ նրան կոտրում են: Այդ ձայներից տիկինը քացով տվեց պառավի փորին, պառավն արագ թեքվեց մյուս կողքի վրա, բայց, ի երջանկություն ինձ, ոչ-ոք չարթնացավ:

Կանգնած մի ոտքի վրա, ինչպես կերակրի փայտիկ, որը զրկված է իր զույգից, ես վրաս քաշեցի անդրավարտիքս: Մարդ, զրկված արժանապատվության վերջին փշրանքներից: Հանկարծ մի միտք, ծայրահեղ պարզ, լուսավորեց իմ գիտակցությունը: Այս սենյակն իմն է, բոլոր դրանց ճառերը – ուղղակի լկտիություն են, հիմա ես դրանց կարթնացնեմ և դուրս կշպրտեմ, շատ հեշտությամբ: Բայց նույն վայրկյանին միտքս եկավ այն դատաստանը, որ նրանք տեսան ինձ հետ գիշերը, և քաջությունս պակասեց: Թող ամեն ինչ որոշի օրենքը: Ի վերջո, չի կարող անպատիժ մնալ համակեցության բոլոր նորմերի բացահայտ ոտնահարումը: Գոյություն ունեն, չէ՞, հասարակության մեջ ինչ-որ կանոններ:

Ճգնելով աղմուկ չհանել, ես պատրաստվեցի դուրս գալ: Պատից վերցրեցի պիջակը, որի տակ հայտնաբերեցի կորած գոտին: Ձեռքերս մտցնելով թևքերի մեջ, ստուգեցի գրպանները: Նախ` չկար դրամապանակը, երկրորդ` անհայտացել էին` կրակայրիչը, ծխամորճը, ծխախոտը: Ավտոբուսի մշտական տոմսը տեղում էր, բայց դրան կցված ճաշի կտրոնները, ինչպես նաև Ս-ի (իմ ընկերուհու) նկարն անհայտացել էին: Միայն գնդիկավոր գրիչը և նոթատետրը ներսի գրպանում մնացել էին անխաթար: Մինչև սիրտս խորը խոցված, այնուամենայնիվ, ես որոշեցի ընդունել դա ինչպես հարկն է: Դուրս կգամ, մտածում եմ, փողոց, մաքուր օդ կշնչեմ և այնտեղ մի բան կմտածեմ: Սողոսկեցի դռան նեղ արանքից ու գաղտագողի, մատներիս ծայրերի վրա դուրս եկա միջանցք:

Թեթևացած շունչ քաշեցի: Բայց այդտեղ ուսիս իջավ ինչ-որ մեկի ձեռքը, — սիրունատես աղջիկն էր: Նա մոտիկացավ ինձ շատ քիփ, կարծես վախենալով ինչ-որ մեկից, և ինձ վրա փչելով կաթնային շունչը` ասաց.

-Ներեցեք, խնդրում եմ, բայց մինչ բոլորը վեր կկենան, հարկավոր է թեյը եռացնել և նախաճաշ պատրաստել: Եղբայրներս առավոտյան միշտ տրամադրություն չեն ունենում: Եթե մի բան այնպես չլինի, նորից ժողով կհրավիրեն ու Ձեզ համար նորից վատ կլինի:

Ես ոչինչ չպատասխանեցի: Պատրաստվում էի կոշիկներս հագնել, բայց հետո փոշմանեցի ու դուրս եկա փողոց կոշիկները ձեռքիս…

Հարկավո՛ր է մեկն ու մեկի հետ խորհուրդ անել,- սա էր առաջինը, որ միտքս եկավ: Դրությունը, որի մեջ ընկել եմ, ստիպեց ինձ դառնորեն զղջալ այն կենսակերպի համար, որ ես վարել էի մինչև այսօրը: Ես ափսոսացի, որ հարևանների հետ չէի հաստատել ավելի մոտ հարաբերություններ: Հիմա չկա նույնիսկ մեկը, որի հետ ես կարողանամ խոսել, ավելին, դեռ վրաս էլ կծիծաղեն: Փորձելով աղմուկ չհանել, ես հասա մինչև արտաքնոցն ու միայն այդտեղ հագա կոշիկներս: Դեմքս ցայեցի, վերնաշապկիս փեշով սրբեցի: Դրանից հետո ես ինձ ավելի առույգ զգացի: Քաջությունս այնքան ամրացավ, որ ես նույնիսկ ընդունեցի որոշում. – կխոսեմ կառավարչի հետ: Սա իսկապես կարելի էր որոշում կոչել:

Կառավարիչը նստած էր ճանապարհին նայող պատուհանի մոտ և տափակ չիբուխով ծխամորճից, ռադիոյով հնչող առավոտյան մարմնամարզության ռիթմին համաչափ, ծուխ էր արձակում: Փոքրիկ աչուկներով կողքից հետևում էր տեղի տնային տնտեսուհիներին, որոնք խռնվել էին ջրատար կաթսայի մոտ: Հիմա, շեղելով աչքերը մյուս կողմի վրա, բայց նույնիսկ գլուխը չթեքելով` նա սառը հայացքը հառեց ինձ վրա:

Շուրթերն առանձնացան տափակ չիբուխից, դրանց բաց մանուշակագույն թորշոմած եզրը դողդողաց ժպիտի մեջ: Հիմա հաստատ դուրս կտա, — «Բնակարանի վա՛րձը»: Աշխատելով նրանից առաջ ընկնել, ես շտապեցի մոտ գալ ու խոնարհվել:

-Կոբո-սան, — ասացի ես մեղավոր ժպիտով, -ինձ Ձեր պաշտպանությունն է պետք…

Այս բառերից Կոբո-սանի շուրթերն ավելի ուժեղ դողդողացին: Խուսափելով ընդմիջում տալուց, ես մի շնչով ամբողջը միանգամից ասացի.

-Երեկ գիշեր ինչ-որ անծանոթ տիպեր…

Նա առանց շտապելու թափ տվեց ծխամորճը, նրա աչքերը նայում էին ոչ ինձ վրա:

-Ես ինչ-որ չհասկացա:

-Ի՞նչ կա չհասկանալու: Ես կուզենայի, որ դուք, Կոբո-սան, Ձեր կողմից միայն հաստատեիք, որ տասներորդ համարը գրված է ինձ վրա:

-Որտեղ ում սենյակն է,- դա ինձ չի վերաբերում: Ով վճարում է, նրան էլ տալիս եմ սենյակը, մնացածն իմ գործը չէ:

-Բայց, երբ մարդը վճարում է, սենյակի հետ միասին, ես կարծում եմ, ստանում է նաև այդ սենյակի նկատմամբ իրավունքը: Տասներորդ համարի վարձակալը — ես եմ: Ոչ-ոք իրավունք չունի ներխուժել այնտեղ:

Կոբո-սանը կրկին ինձ վրա շեղեց աչքերը:

-Ձեր սենյակի վարձը, կարծեմ, դեռ վճարված չէ՞: Ահա, ինչի մասին մտածեք:

Առանձնահատուկ սրտացավություն ես չէի էլ սպասում: Բայց նման անհոգի վերաբերմունք… Ես վերջնականապես հուսահատվեցի: Դուրս եկա բակ և կանգնեցի մայթին, մոռանալով ժամանակի մասին:

Ինչ-որ մեկը թփթփացրեց ուսիս, թափով բռնեց ձեռքս:

-Ողջո՛ւյն: Այս ի՞նչ խորհրդավոր դեմք է: — Եկվորների ընտանիքի երկրորդ որդին ատամներով բռնել էր իմ ատամների բոլորովին նոր խոզանակը:

Այդ պահին երևաց գայթակղիչ երիտասարդ այրին` երրորդ համարից:

-Ողջո՛ւյն տիկին, — հին ծանոթի պես տղան այրուն ձեռքով արեց:

Պարգևելով նրան երկար բազմանշանակ հայացք, այրին ուզեց սուսուփուս անցնել մեր միջով: Բայց տղան պինդ բռնեց նրա ձեռքը արմունկից վերև, ու, — օ՜յ, դուք ամբողջովին ալյուրոտ եք,- ասելով, շոյեց նրա հետույքը, ասես վրայից ալյուրն էր թափ տալիս: Իսկ ինձ նետեց.

-Հայրիկն այնտեղ ժողով պետք է անցկացնի, արագացրո՛ւ, գնացի՛նք:

Առաջներում այրին երբեմն ինձ վրա արտահայտիչ հայացքներ էր գցում: Պատահել էր, որ անմարդաբնակ միջանցքի ինչ-որ մի անկյունում, նա, իբրևթե` պատահաբար, բարձրացնում էր կիսաշրջազգեստի փեշը, այնպիսի տեսք ընդունելով, իբր շտկում է գուլպան: Ես իմ կողմից հատուկ մղում չեմ ցուցաբերել, և դա իրականում չի էլ եղել: Բայց հիմա, երբ իմ իսկ աչքի առաջ նա փետուր էր գցում այս լկտի երիտասարդին, ես ոչ թե խանդեցի, այլ չէի կարող դառնություն չզգալ այն գիտակցությունից, որ թշնամական կողմի մեքենայությունները քայլ առ քայլ քայքայում են կյանքս: Ես ուզեցի հեռանալ, բայց տղան ինձ բաց չէր թողնում:

-Ժողովն սկսում է, գնացինք, գնացինք:

Սկզբում ես չունեի դիմադրելու գիտակցված մտադրություն: Բայց հանկարծ մտքովս անցավ դիմել ոստիկանական բաժանմունք, թեև, ընդհանուր առմամբ ոչ մի համակրանք չունեմ նման հաստատությունների նկատմամբ: Այլ ելք այդ պահին ես չէի տեսնում: Այնպես ստացվեց, որ ինձ համար որպես վերջին ապաստան դարձավ այն տեղը, որտեղ ես ամենաքիչը կուզեի լինել:

Բաժանմունքում երկու ոստիկան, տարեց և երիտասարդ, երազկոտ ծխում էին, աթոռների վրա փռված: Երիտասարդը, ցուցադրաբար ինձնից շրջվելով, սկսեց թերթել գրանցամատյանը, ինչ-որ գրառումներ անել դրա մեջ, ասես հանկարծ ինչ-որ շտապ բան էր հիշել: Տարեցը ժամանակ-առ-ժամանակ գլխով էր անում, ասես` ասում էր. – լսում եմ, լսում եմ: Բայց դեմքի արտահայտությունն ասում էր, որ ինքն այդտեղ չէ, բացակա է:

-Ա-յո, — ատամների արանքից նետեց տարեց ոստիկանը: Նման պատմություններից մենք կուշտ ենք: Եվ, ի գիտություն ձեզ, մենք դրա ժամանակը բոլորովին չունենք: Անցեք մեզ մոտ մի ուրիշ անգամ:

-Բայց ես չեմ կարող սպասել: Ինչպես չեք հասկանում: Փողերս վերցրել են, սենյակն ամբողջովին տակն ու վրա է արված….

-Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հանգիստ գնա քո ծառայությանը: Հաշվի առ, այնպիսի պատմության մեջ, ինչպիսին քոնն է, դժվար է խառնվելը: Ըստ քո հայտարարության, նրանք քեզ օտար են: Բայց մենք չենք կարող հիմնվել միայն մեկ կողմի ցուցմունքների վրա: Չէ՞ որ նրանք էլ պնդում են, որ քեզ լավ ծանոթ են: Երևում է, նրանց պնդումները – սուտ են, բայց դու ունե՞ս որևէ ծանրակշիռ ապացույց:

-Ակնհայտությունը: Խելամտությունը:

-Հիմարություն… Պետք են ապացույցներ: Դու ինքդ պետք է հասկանաս, որ նման պատմությունները մեզ պետք չեն: Իմ կարծիքն այսպիսին է. չենք կարող մենք այստեղ ոչինչ որոշել: Ինչ-որ կերպ ինքն իրեն կարգի կնկնի, դու առանձնապես մի հուզվիր:

Ես ուզեցի հակաճառել, բայց այդ պահին մեջ ընկավ երիտասարդ ոստիկանը:

-Նայիր, ինքդ կընկնես մեզ մոտ, եթե այդպես շարունակես,- չարախնդաց նա: Դեն նետեց ծխախոտը, ցույց տվեց` թե իբրև հեռախոսափողն է վերցնում, բայց ինքը հաջողեցրեց ու ինձ դռնից դուրս հրեց:

Դեռ շատ վաղ էր: Բայց, դե, հո տուն չէի վերադառնալու: Ստիպված գնացի ուղիղ աշխատանքի:

III

Ընդմիջմանը ես հրավիրեցի Ս-ին ճաշելու: Եվ միայն հետո հիշեցի, որ ես փող չունեմ: Ս-ն նրբանկատորեն հանեց ինձ այդ անհարմար վիճակից.

-Ոչինչ, չէ՞ որ այսօր իմ աշխատավարձի օրն է, — ուրախ վրա բերեց նա:

-Ահա քեզ նոր լուսանկար, — ասաց Ս-ն և տվեց ինձ նկարը, որտեղ նա ավելի գեղեցիկ էր, քան նախորդում: Ստիպված էի խոստանալ, որ նկարը մշտապես ինձ հետ կլինի ու նման բաներ` իմ սիրեցյալի մակարդակին ու տարիքին համապատասխան…

Ես քիչ էր մնում նրան ամեն ինչ պատմեի, բայց հետո միտքս փոխեցի: Ինչու իզուր նրան անհանգստացնեմ, երբ ես ինքս ոչինչ չեմ կարողանում հասկանալ:

Ես ինձ այնքան միայնակ զգացի, ասես մոլորվել էի անօդ տարածության մեջ… Ես կորցրեցի ժամանակի զգացողությունս… Աշխատանքի վայրում ոչինչ չկարողացա անել… Օրվա վերջում իմ ներքին պայքարից, որը նման էր ինքս ինձ ուտելուն, ես դարձել էի ամբողջովին սևա-կանաչ գույնի: Բայց, փոխարենը, ես կայացրել էի որոշում. դուրս կգամ մարտի եկվորների դեմ:

Աշխատանքից գնալուց, ես առանց հատուկ բացատրությունների Ս-ի (որը, ինչպես միշտ, սպասում էր ինձ, իսկ այսօր նաև անհանգստացած էր ինձ համար) ձեռքը խցկեցի աշխատավարձիս ծրարը:

-Խնդրում եմ, պահիր առայժմ քեզ մոտ: Վաղը կիրակի է, կինո գոնե կգնանք, ես կգամ քո հետևից:

Հազիվ այդքանն ասելով, ես շտապեցի հեռանալ: Բայց հետո չդիմացա ու հետ շրջվեցի. Ս-ի դեմքն այնպիսին էր, ինչպիսին լինում են Պիկասոյի նկարներում: Դժվար է դա բառերով նկարագրել, բայց նա կանգնած էր ասես այլ տարածությունում, ամբողջ կերպարն անօրգանական էր և կտրտված-անդամահատված:

Ես մի շնչով անցա մեր բակն ու նետվեցի դեպի աստիճանները: Այստեղ ինձ հասավ մի կանացի ձայն:

-Կ-սան, ինչ հետաքրքիր հյուրեր ունես, — չարախնդաց երիտասարդ այրին:

Ես ուզեցի մի պինդ բան ասել նրան` կապված իմ հյուրերից մեկի հետ նրա բռնած գործի հետ, բայց ինձ զսպեցի:

Սենյակում ամբողջ գերդաստանը, շրջանաձև նստած, վայելում էր ընթրիքը: Շուրթերն ափով սրբելով, պարոնը շողարձակեց ժպիտի մեջ:

Ա՜… եկա՛վ: Իսկ առավոտյան նախաճաշ էլ չէիր պատրաստել, ինչպե՞ս կարելի է: — Նրա դեմքը հանկարծ սարսափելի դարձավ: — Մենք շատ վշտացած ենք, որ դու գնացել էիր ու նույնիսկ թեյ էլ չէիր պատրաստել: Եթե հետագայում էլ այդպես գնա…

Այստեղ տիկինն էլ կտրվեց իր գավաթից.

-Եթե հետագայում էլ այդպես գնա…

Պարոնը շարունակեց իր միտքը.

-Գործը վատ կլինի: Մենք էստեղ հազար կտոր էինք եղել. սպասք էինք գնում, կրակ էինք վառում: Անծանոթ վայրում մեր գլխին այսքան անսովոր գործ թափել, էսպես ո՞ւր կգնա: Այսուհետ` հաշվի առ: Ստիպված էինք քո այդ նվազ քսակից գույք ձեռք բերել, այնպես որ` ոչ մի գռոշ չի մնացել: Դեռ լավ է, որ այսօր քեզ աշխատավարձ են տվել: Այսուհետ, որպիսի ավելորդ դառնություններ չլինեն, խորհուրդ եմ տալիս ամեն ինչ անել մեզ հետ խորհրդակցելով:

Ասես, ինչ-որ մեկի սառը մատները դիպան իմ բորբոքված դեմքին և սառեցրեցին: Ես հանկարծ միանգամից լրիվ մոռացա այն բոլոր բառերը, որ ճոխ-ճոխ պատրաստել էի ճանապարհին:

-Ի՞նչ ես նստել: Վեր կաց, — ասաց պարոնը ավագ աղջկան, որ ծայրում էր նստած:

Նա վեր կացավ, ժպտալով ինձ միայն աչքերով, իսկ ես, ինքս էլ չուզենալով նստեցի նրա տեղը: Չէի հասցրել շունչս տեղը բերել, երբ ավագ որդին դիմեց ինձ.

-Միգո՞ւցե, նախ կհավաքես ամաններն ու թե՞յ կպատրաստես:

Այստեղ ես վեր թռա, ինքս ինձ կորցնելով սկսեցի խոսել այնպես, ասես թավալգլոր անդունդ էի գլորվում.

-Հերի՛ք է հիմարություններ դուրս տաք: Ես պարտավոր չե՛մ: Ավելին, ես կխնդրեի, հեռանաք այստեղից: Այլևս ոչ մի բանում չեմ զիջի: Բարեհաճեցեք հավաքվե՛լ:

-Հավաքվե՞լ: Չե՛նք էլ մտածում, — ակնհայտ ծաղրանքով արձագանքեց երկրորդ որդին:

Բոլորը բարձր ծիծաղեցին, նույնիսկ նորածինն էր ծիծաղում: Ես ընկա դողոցքի մեջ, աչքերս կսկծացին:

-Մարդը ժամանակակից կյանքի ունակություններ չունի: Նրա վրա ծիծաղելը դաժան բան է, — այս խոսքերով աղջիկը մեղմացրեց իրադրությունը: Եթե նա չլիներ, ես, հավանաբար, ինչպես հիստերիայով հիվանդը` կընկնեի նոպայի մեջ:

-Դու ճիշտ ես,- ասաց պարոնը, — պետք է դեմոկրատական լինել: Կ-կուն դեռ սովոր չէ դեմոկրատական կարգերին: Թեև ձանձրալի է, բայց ստիպված ենք սովորեցնել նրան դեմոկրատիայի մթնոլորտին, պարբերաբար ժողովներ անցկացնելով: Եկեք, ավելի ցուցադրական լինելու համար հենց հիմա ընտրենք նախագահ և կայացնենք որոշում. պարտավո՞ր է Կ-ն հավաքել ամանեղենը, պատրաստել թեյ, թե՞, պարտավոր չէ: Ո՞վ պետք է լինի նախագահ:

-Խնդրո՜ւմ ենք,- համերաշխ գոչեցին երեխաները:

-Ենթարկվում եմ, — ասաց պարոնը: — Դեհ, ձեզ հասկանալի՞ են, որոնք են Կ-կունի պարտականությունները: Նրանք, ովքեր կարծում են, որ նա պարտավոր է, թող արտահայտեն իրենց կամքը` ձեռք բարձրացնելով:

Այս խոսքերի ընթացքում աբողջ խմբի հայացքները հառված էին ինձ վրա, նրանց աչքերում պարզ կարելի էր կարդալ.- այ քեզ հիմար, որ կասկածում է ակնհայտ ճշմարտությանը: Միաժամանակ բարձրացված ձեռքերի ալիքից օդը տատանվեց: Եվ, որ ամենազարմանալին է, նորածինը, որ դեռ «մայրիկ» էլ չի ասում, առանց ուշացնելու ձեռիկը վեր բարձրացրեց:

-Ահա եվ որոշումը` ընդունված ձայների գերակշռող մեծամասնությամբ: Անցան այն ժամանակները, երբ իշխում էր փոքրամասնությունը: Մարդկային գիտակցությունն առաջընթաց է ապրում: Մեծամասնության կամքը ձեռք է բերել արդարացի կշիռ, և դա տրամաբանական է, իմաստալի, սա, ուղղակի պետք է ասել, մարդկային է: — Շփելով ձեռքերը պարոնը հպարտությամբ նայեց ինձ վրա:

-Հայր, հապա մի ծխախոտիկ տուր, — ձայն տվեց երկրորդ որդին:

-Ծխախոտի՞կ: Թող քեզ հայտնի լիմի, որ հայրդ ծխախոտի կրպակ չունի: Մի խնդրի այն, ինչ-որ պետք չէ:

— Կատակ մի արա, հայրիկ: Ես երեք ժամ է չեմ ծխել: Կարծում եմ, ձեզ հասկանալի է, որ ես կարող եմ և բորբոքվել նման զրկումներից:

— Լավ, Ձիրո, — ասաց ավագը, — հերիք է վիճաբանենք: Ավելի լավ է մտածենք, թե` ինչ ձեռնարկենք: Բաժանել հայրական ծխախոտը` դա էլ բանի նման չէ… Ավելի լավ է մի արմատական որոշում գտնենք, ֆինանսական իմաստով: Հայրիկն այստեղ մի թեթև հիշեցրեց, որ, բարեբախտաբար, Կ-կունն այսօր աշխատավարձ է ստացել: Եվ այսպես, եկեք տեսնենք ինչպիսին է մեր բյուջեն: Կ-կուն, որտե՞ղ է քո ծրարը:

Իմ ամենավատ սպասելիքներն արդարացան: Ես այնպես շոգեցի, ասես իմ միջով էլեկտրական հոսանք անցկացրեցին:

-Չգիտեմ, ինչ հիմքով եք դա ասում, բայց աշխատավարձն ինձ էլ հենց շատ պետք կգար: Եթե ես այն ստացած էլ լինեի, ապա չէի շտապի այն ձեզ տալ:

-Մի փչի, — ընդհատեց ինձ պարոնը, -կարգին մարդը չպետք է ստի: Ո՞ւմ ես ուզում խաբել: Եթե նույնիսկ քո վարկածը ճշմարտանման է երևում, միևնույն է, քեզնից պարզ երևում է: Լավ, ափսեները հավաքելու ժամանակն է, իսկ Ձիրոն արդեն արյուն է թքում` նիկոտինի սովից, այնպես որ` արագ դատարկվիր: Իսկ հետո, պարապ ժամանակ ժողով կանցկացնենք բյուջեի բաշխման կապակցությամբ: Ժամանակը – ոսկի է, դանդաղես` տոկոսներ կվճարես:

Վերջին բառերում սպառնալիք հնչեց:

-Ինչ չկա, չկա, — կարճ կապեցի ես:

-Հարկադրված ենք սրան գիտականորեն ապացուցել, ինչ է նշանակում` կա և ինչ է նշանակում` չկա, — ասաց ավագը:

Մի ակնթարթում նրանք երկու կողմից ոլորեցին ձեռքերս: Ես փորձեցի դիմադրել, բայց նրանց ուժը սարսափազդու էր: Դա բոլորովին հնարավոր չէր համեմատել իմի հետ: Քանի որ ինձ մոտ, միևնույն է, ոչինչ էլ չկար, ես դադարեցի դիմադրությունը: Թող անեն, ինչ ուզում են և թեթև հաղթանակ տանեն:

Զարմանալի հմտությամբ պարոնն ինձ տնտղեց ոտքից գլուխ: Հայտնաբերեց սեզոնային տոմսը, փոխանցեց աղջկան:

-Տարօրինակ է, — ասաց նա, կախելով գլուխը: Նայեց մի տղային, հետո` մյուսին: Իսկ ես մտքումս ասացի,- կերա՞ր:

Այդ պահին տիկինը խլեց աղջկա ձեռքից մշտական տոմսը և տեսավ այնտեղ Ս-ի լուսանկարը:

-Ինչ զզվելի է: Նորից այս կնոջ լուսանկարը: Ինչ անճոռնի է:

-Ձեզ ի՞նչ է պետք, — ճչացի ես:

-Մամա, տվեք, — ասաց աղջիկը:

-Սպասիր, մամա, դա մեզ պետք կգա: Ետևի կողմում գրություն կա. — Ս.: Երևում է, դա այն աղջիկն է, ում նկարը մենք երեկ պատռեցինք: Պարզ է: Ձեզ չի՞ թվում, որ մենք հետքի վրա ենք ընկել, թե որտեղ է այս ֆաշիստական սրիկան թաքցրել աշխատավարձով ծրարը: Հավատացեք ինձ` խուզարկուների մասնավոր ընկերությունում կյանքը մաշածիս:

Այս բառերով ավագ որդին ազատեց ձեռքս, մտադրված լինելով մոր ձեռքից թռցնել մշտական տոմսը:

Երկրորդ որդին կտրեց նրա ճանապարհը:

-Սպասիր, եղբայր: Մենք քեզ, իհարկե, վստահում ենք, բայց, երբ խոսքը վերաբերում է փողին, ավելի լավ է երկուսով գնանք` փոխադարձ կասկածանքից խուսափելու նպատակով:

-Կգնամ մենակ: Պատկերացրու, չէ՞ որ այնտեղ, անծանոթ տանը, պետք է խուզարկություն անցկացվի: Ինչպե՞ս պետք է դա արվի: Ամենալավ տարբերակը — դա` այդ խակ աղջնակի խելքը ուտելն է:

-Իսկը` ի՛մ գծով է, — չէր նահանջում եղբայրը: -Ինչո՞ւ պետք է ես զիջեմ աղջնակին:

-Հերիք է, — ասաց պարոնը: — Տառոն կգնա մենակ: Միթե՞ մենք նրան չենք վստահում: Մենք նույնիսկ խոստանում ենք, որ այսուհետ մատով չենք դիպչի այդ աղջկան, ճիշտ չէ՞, Ձիրո: Իհարկե, պայմանով, որ Տառոն կհասնի նպատակին:

-Լավ: Երիտասարդ աղջիկներն ինձ չեն հետաքրքրում, — պատասխանեց երկրորդ եղբայրը:

-Զզվանք, — հոգեմաշ կոկորդը մաքրեց տիկինը:

-Դե, ես գնացի: — Ավագը լկտի քմծիծաղեց իմ դեմքին:

Ես այնպիսի զգացում ունեի, ասես սիրտս ընկել էր ոտքերիս տակ ու ցաքուցրիվ եղել, ինչպես մի հին ծառ, որին որդերը լրիվ կերել էին: Զգալով աղջկա փորձող հայացքը` ես արագ փախցրեցի աչքերս և, քիթս քաշելով, կուլ տվեցի արդեն երևացող արցունքներս:

Երկրորդ եղբայրը ուղեկցեց ավագին մինչև միջանցք`խրատելով.

-Էնտեղ կարճ կկապես:

Հետո, առանց որևէ մեկին դիմելու, հայտարարեց.

-Ես էլ գնացի, խոստացել եմ այն այրուն: Կարելի է և թքել նրա վրա, բայց սիգարետ է պետք ծխել, այնպես որ, նպատակը` մաքուր հիգիենիկ է…

Ձեռքերս գրպանում թաքցնելով, ես աչքերս անիմաստ հառեցի պատուհանին: Մթնել էր: Հարևան տանիքի վերևում երևաց զարհուրելի լուսինը` ինչպես թեր տապակած «աչք» ձվածեղի դեղնուց: Աննպատակ, գրեթե անգիտակից, ես շարժվեցի դեպի միջանցք:

-Էդ ո՞ւր, — հարձակվեց պարոնը:

Ես շրջվեցի, և նույն ակնթարթին ինչ-որ փափուկ ու թաց բան շրմփաց ուղիղ ճակատիս: Փոքր քույրն ու եղբայրը, թաքնվելով տատի ետևում, խնդմնդացին: Դա ծամոն էր: Պարոնը խրատական տոնով ասաց.

-Գլուխ չպահես, անցիր գործի: Կարծում ես տղաները գնացին, ուրեմն կարող ես կապդ կտրե՞լ: Չանհանգստանաս, ես ձյուդոյից 5-րդ կարգ ունեմ, ես ոստիկանական դպրոցում հրահանգիչ էի: Այնպես որ, շարժվիր, արի միմյանց կյանքը չթունավորենք:

Ինձ պաշտպանության եկավ աղջիկը, որ մինչ այդ կողքից հետևում էր այդ տեսարանին:

-Հայրիկ, նա սովոր չէ տնտեսություն վարել: Եվ դա նրա մեղքը չէ, այդպիսին նրան դաստիարակել է հին հասարակությունը: Նա դեռ չի ազատագրվել ֆեոդալական հասկացողություններից. լվանալ ամանեղենը -, իբրև թե, կանացի գործ է: Առաջին անգամվա համար ես կվերցնեմ ինձ վրա նրա շեֆությունը:

Պարոնը դժգոհ հակաճառեց.

-Ի՞նչ ես նրան պաշտպանում, հիմա՛ր:

-Ես չեմ պաշտպանում: Ախր, նա ամբողջ սպասքը կկոտրի: Եվ, բացի դրանից, ժողովրդավարությունը — դա մարդասիրություն է: Ոչ մի բռնություն:

Ինչպես լարովի տիկնիկ, ես վերցրեցի սպասքով լցված մեծ զամբյուղն ու գնացի աղջկա հետևից: Գորշ պատերի միջով, թաղամասի տերերի աչքերի հետաքրքրասեր ասեղիկների ուղեկցությամբ, ես հասա գորշ ջրատար կաթսային:

Եթե դեն նետենք էմոցիաները, աշխատանքը, որպես այդպիսին, իրենից բան չէր ներկայացնում: Աղջիկն ասաց.

-Ով կմտածեր, որ դուք այսքան ճարպիկ եք: — Նա էլի ինչ-որ ոգևորիչ բան ասաց: Ես լուռ էի` քարի պես: Ես դժվարությամբ էի հավատում, որ ես ընդհանրապես դեռ ապրում եմ այս աշխարհում:

Հետդարձին, մենք անցանք երրորդ համարի կողքով: Այնտեղից լսվում էին ոչ երկիմաստ ձայներ:

-Եղբայրդ է, — թունոտ նկատեցի ես:

Այս անգամ լռելու հերթն` աղջկանն էր:

Սենյակում փոշու ամպ էր կանգնած. երկու փոքրերը կռիվ էին սկսել: Տիկինը քնած էր, հենված պատին; վեր թռած փեշի տակից ցցվել էին նրա հսկայական ոտքերը: Պառավը` պատուհանի մոտ` հիանում էր լուսնով և խորհրդավոր ժպտում էր: Նորածինը նրա ծնկներին ճչում էր այնպես, ասես նրան տապակում էին: Պարոնը նստած էր իմ սեղանի մոտ` խորասուզված ընթերցանության մեջ:

-Գործն արեցի՞ր, վերջացրեցի՞ր, — հարցրեց նա, թքելով հանգած սիգարետը: -Թեյ տուր:

-Թեյ չկա, — կտրեցի ես:

-Ես չեմ հարցնում` կա թե չկա: Ասում եմ` տուր: Դու այդպե՞ս էս հարթում մեր կոլեկտիվ կյանքը:

-Որտեղի՞ց վերցնեմ, եթե չկա:

-Իսկ դու ջանք թափիր: Աստվածաշնչում էլ է գրված. -բարիք գործիր, առանց հոգնելու: Իսկ եթե քո ջանքերը չեն մարի, կգա ժամանակը, երբ դու կվայելես պտուղը: Ընդհանուր բարիքի համար քեզ մի խնայի: Քրիստոսը սովորեցնում էր. երջանկությունը տալու մեջ է, և ոչ թե` ստանալու: Որեմն գնա հարևանների մոտ, հայթայթիր այդ երջանկությունը: Ներողություն խնդրիր, ասա. մի՞թե դուք մեզ այդքան չեք վստահում: Դա, իբր, մեզ համար վիրավորանք է:

Ես լուռ շրջվեի: Բայց պարոնն, ասես միտքը փոխելով, կանգնեցրեց ինձ:

-Հապա կանգնիր: Դու այնպիսի տեսք ունես, կարծես ինչ-որ բանից դժգոհ ես: Կարո՞ղ է, մտածում ես փախչել: Ուրեմն իմացիր, որ դրանից ոչինչ դուրս չի գա: Ավելի լավ է այստեղ կրակ վառես: Իսկ թեյը աղջիկս մի տեղից կճարի: Եթե չհաջողի, ուրեմն կվաճառի մի հինգ-վեց գիրք, որ այստեղ կան:

IV

Ժամը տասներկուսն էր, երբ անհաստատ քայլերով վերադարձավ ավագ որդին: Նա լլված-հարբած էր: Ընտանիքը փշերը ցցեց: Երկրորդ եղբայրն այնպիսի չարությամբ նայեց ավագ եղբորը, թվաց, թե հիմա կհարձակվի նրա վրա: Իսկ վերջինը, աչքերը չռելով ու բարձր զկրտալով, անկապ դուրս էր տալիս.

-Գորտը քիվի տակ է, թռչունը օդում է… Ի՞նչ եք աչքներդ վրաս չռել: Մտահոգվո՞ւմ եք: Չկասկածե՛ք: Թողե՛ք, թողե՛ք:

Պարոնը քայլեց առաջ:

-Ո՞ւր են փողերը: Փողերն ուր են, հարցնում եմ:

-Փողե՞րը: Կարծես թե, ես դրանք խմել եմ:

-Խմել ե՞ս: Լսում եք, նա խմել է: Դե, տես, դու ինձ գիտես:

-Ի՞նչ է պատահել: Խմել եմ ու կերել եմ, և վերջ: Ձեռք քաշեք:

Բառը բառի ետևից, կրքերը շիկացան: Մեջ ընկավ երկրորդ եղբայրը: Թե` արյան ծարավ ունեցողներից ո՞վ առաջինը ձեռքերը գործի գցեց, — հայտնի չէ, բայց սենյակը վերափոխվեց մարտի դաշտի: Ներքևից ցախավելի կոթով հարվածում էին: Հարևանները թմբկահարում էին պատերը բռունցքներով: Ամբողջ եկամտաբեր տունն արթնացավ քնից ու բզզում էր, ոնց որ` հանգիստը խանգարված փեթակ:

Վերջապես մարտիկները, հավանաբար, հոգնեցին: Ձեռքերը ցած թողեցին: Հենց այդտեղ ավագը, ամբողջ կոկորդով մեկ քրքջալով` նետեց սպիտակ ծրարը:

-Ի՞նչ է սա:

Պարոնը, աչքերը չռած, թռցրեց ծրարն ու սկսեց տենդորեն հաշվել հազարանոց թղթադրամները5: Համեմատեց ծրարի վրա գրված թվի հետ:

-Ախմախ, միանգամից կասեիր էլի, էսպես ու էսպես, և հարցը կփակվեր առանց կալորիայի էս անիմաստ կորստի:

Ավագը դեռ շարունակում էր հռհռալ:

-Ոչինչ, լավ մարզանք էր: Հոգու համար օգտակար է: Ոչ մեկիդ գլուխն էլ չի աշխատում: Մի՞թե կարծում եք, որ ես կխմեմ իմ փողերը: Ինձ աղջիկը հյուրասիրեց: Հոյակապ փոքրիկ է այդ Ս-ն: Նա թեքվեց իմ կողմը: — Ես ուղղակի սիրահարվեցի, վաղը նրա հետ կինո եմ գնալու:

-Զզվանք, զզվանք, — հեծկլտացող ձայնով ինքն իրեն խոսում էր կինը, — ինձ հետ այլևս ոչ-ոք հաշվի չի նստում:

Ավագը կուլ տալով սառը թեյի մնացորդը, փռվեց քնելու: Ընտանիքը կամաց-կամաց հանդարտվեց, մեկ մի անկյունից, մեկ մյուս անկյունից լսվում էր ծանր հոգոց:

Պարոնն ամուր բռնել էր իմ աշխատավարձով ծրարը, բայց դեռ չէր կարողանում հանգստանալ: Ես ինքս լարված էի մինչև վերջ: Կատաղության անսպասելի նոպան ինձ ստիպեց վեր թռչել ու հարձակվել նրա վրա: Հազիվ թե կարիք կա պատմելու դրա հետևանքը: Ժողով, ձայների մեծամասնություն, որոշում. փողը պատկանում է իրենց: Ի լրումն – նաև` մի զզվելի ուռուցք աջ աչքիս տակ, երկրորդ որդյակի բռունցքը:

-Ֆաշիստ, — դառնությամբ ասաց պարոնը: — Ավելի հեշտ է շանը խոսել սովորեցնել, քան սրան բան սովորեցնել: Կ-կուն, դու, միգուցե ջանք թափես ու սովորես ժամանակակից կիրթ մարդկանց կյանքին: Քո իսկ օգտին: Ահա ես ուսումնասիրում եմ շներին խոսել սովորեցնելու հնարավորությունը: — Եվ նկատելի հպարտությամբ ավելացրեց. – իմ ուսումնասիրության ամփոփումը մեծ փոփոխություններ կառաջացնի ամբողջ հասարակական կացութաձևում: Կարող եմ մանրամասն պատմել, բայց դու դժվար թե դա հասկանաս: Հիմքում ես դրել եմ Պավլովի ուսմունքը, որը հայտնագործել է խոսքի ֆիզիոլոգիական մեխանիզմը: Հիպնոզի օգնությամբ ես կազդեմ շան ուղեղի կեղևի վրա և այդպիսով կհասնեմ խոսքի կենտրոնի էմպիրիկ գրգռման: Դե ի՞նչ, հասկանո՞ւմ ես: Ես մենակ չեմ, մեր ընտանիքում բոլորը կատարում են ինչ-որ մի նշանավոր հանրօգուտ գիտական աշխատանք: Ավագ որդիս մասնագիտանում է կրիմինալիստական հոգեբանության մեջ, փորձարարական առումով: Երկրորդ որդիս վարում է հատուկ հետազոտություն կանաց սեքսուալ կյանքի ոլորտում: Կինս որպես հոյակապ փորձարկման օբյեկտ է ծառայում նրան: Մայրս, հիմա նա, իհարկե, մի քիչ զիջել է դիրքերը, ժամանակին խոշոր մասնագետ էր տղամարդկանց հոգեբանության ոլորտում: Զուգահեռաբար, նա հետազոտում էր նաև կույր լաքաները6հանրախանութների վաճառողների մոտ: Այս մասնագիտությունն են ուսումնասիրում ժառանգաբար նաև իմ երկու փոքր երեխաները, թեև նրանք դեռ խակ են: Ավագ դուստրս մի քիչ այլ ոլորտից է, նա բանաստեղծություններ է գրում: Շուտով լույս կտեսնի նրա բանաստեղծությունների գրքույկը` «Տիեզերական սեր»: Ամենափոքրիկը, ճիշտ է նա դեռ չի էլ խոսում, բայց մարզումների շնորհիվ արդեն սովորել է մասնակցել միաձայն քվեարկությանը: Բացի այդ, նա իրենից հոյակապ փորձարարական նյութ է ներկայացնում «Շների խոսքը» թեմայի համար:

-Ահա քեզ մեր ժամանակի կիրթ ընտանիքի կյանքը: Չէիր սպասում, չէ՞: Եթե դու մեզ հետ համագործակցեիր, և օգուտ կլիներ մեր հետազոտությունների համար, և դու ձեռք կբերեիր կիրթ մարդու ունակություններ:

Այստեղ ես նկատեցի, որ բոլորն արդեն խոր քուն են մտել, բացի աղջկանից, որը կամաց հեծկլտում էր:

-Քե՞զ ինչ է պատահել: Սա ի՞նչ մելանխոլիա է: — Պարոնը ետ տվեց աղջկա ճակատի վրայից մազերը: Դեմքը նրա գունատ էր ու տխուր:

-Չմտածե՛լ, չկասկածե՛լ, — ընդգծված ասաց պարոնը և հայացքը գցեց քուն մտած ընտանիքի վրա:

-Քնի՛ր: — Հետո շրջվեց դեպի ինձ. Կ-կուն, ես հետևում եմ ժողովրդավարության սկզբունքներին և չեմ ուզում քեզ վրա ճնշում գործադրել: Ես քեզ ընդամենը կակնարկեմ, հուսով եմ, դու կհասկանաս: Սենյակում նեղվածք է: Տասը հոգու համար դրանում նույնիսկ մի գիշերվա համար ոչ բավարար տեղ կա, ոչ թթվածին: Բացի այդ, ցերեկը ես պարզեցի, որ ձեղնահարկում պահոցը լրիվ դատարկ է: Ինչպե՞ս կվարվեր համեստ մարդը նման դեպքում, եթե նա իմանար այդ մասին:

Ամբողջ գիշերը ես պայքարեցի մկների դեմ պահոցում, որն ամբողջովին կորած էր սարդոստայնի մեջ: Աչք չփակելով, ամբողջովին ծեծված վախից, նվաստացումից, անքնությունից, ես մտածում էի: Ես ինքս ինձ երդվեցի վրեժ լուծել և մշակեցի գործողությունների պլան, որի իրագործմանը կանցնեմ վաղը: Ահա թե ինչ որոշեցի ես. առաջինը` գնալ Ս-ի հետ ժամադրությանն ավելի վաղ, քան այնտեղ կգնա ավագ որդին (Ս-ն վտանգի մեջ է և ես պետք է բացատրեմ նրան իրադրությունը, պետք է սկսեմ պայքարը նրա հետ միասին); երկրորդը` պետք է գտնեմ մի կարգին-ազնիվ փաստաբան; երրորդը` պետք է պատին փակցնեմ հայտարարություն` կոչ հարևաններին: (Վերջերս նավաստին երկրորդ համարից թռուցիկ էր փակցրել` ընդդեմ բնակարանի վարձի բարձրացման և հարևանները սատարեցին նրան):

Լսվեց առաջին տրամվայի զնգոցը: Ես որոշեցի, որ պահոցից դուրս գալու ժամանակն է: Բայց այդ պահին ինչ-որ մեկն արտաքնոց գնաց, ստիպված էի սպասել, որովհետև ձեղնահարկից իջնող աստիճաններն անցնում են ուղիղ արտաքնոցի մոտով: Ժամանակի այդ կարճ միջոցին ինձ հաղթեց հոգնածությունը: Կորցնելով ինքս ինձ վրա իշխանությունս` ես քնեցի:

V

Ես արթնացա պահոց մտնելու համար նախատեսված անցքի կափարիչի ձայնից: Ինչ-որ մի տեղից թափանցող լույսից ես հասկացա, որ լույսն արդեն բացվել է:

-Արա՛գ, արա՛գ, — շտապեցնում էր ինձ ինչ-որ մեկի ձայնը:

Ես սրբեցի շուրթերիս վրա հավաքված թուքս և բացեցի կափարիչը: Դիմացս կանգնած էր աղջիկը:

-Ես ձեր ետևից եմ եկել, — ասաց նա ու նստեց կողքս: — Ճիշտ է, չէ՞, սովածացել եք: — Նա ինձ մեկնեց մի կտոր հաց կարագով:

-Ժամը քանի՞սն է:

-Կեսօրն անցել է:

-Ա՛յ քեզ անեծք: — Ես վեր թռա, նա մեղմ ժպիտով կանգնեցրեց ինձ:

-Ս-ի մո՞տ: Ուշացել եք:

-Ի՞նչ են նրանք ինձ հետ անում:

-Այսպիսին են մարդկային հարաբերությունները: Հին մեղք է:

-Գողեր:

-Ես ձեզ խղճում եմ:

-Խելագարներ:

-Ո՞վ: Նրա՞նք: Մի փոքր յուրօրինակ են, բայց նրանց խելագարներ դժվար թե անվանես: Միգուցե` մայրս: Նա աննորմալ է: Անընդհատ նույն բանն է կրկնում. զզվանք, զզվանք: Նրա երևակայությունը, հավանաբար, զզվելի է: Նա մոռացել է բոլոր մյուս բառերը: Եվ միշտ կրկնում է այն, ինչ ասում է հայրս:

Ես ապշած էի:

-Դու ինձ կարեկցո՞ւմ ես:

-Այո, ես քեզ սիրում եմ:

Ես միանգամից որոշեցի փոխել նախատեսված ծրագրի առաջին կետը: Որպես դաշնակից վերցնել Կիկուկոյին և դրանով պայթեցնել թշնամական ճամբարը ներսից:

-Դու ինձ կօգնե՞ս:

-Իհարկե, դրա համար էլ եկել եմ:

-Ինձ հարկավոր է ինչ-որ ելք գտնել, սրա հետ դու համաձա՞յն ես:

-Այո, հարկավոր է շտապ ծլկել:

-Ծլկել…Դու ճիշտ ես: Ծլկել: Չի կարելի այլևս ապրել ճնշված գիտակցությամբ:

-Սե˜ր: Բանը գիտակցության մեջ չէ, այլ` սիրո: Միայն սիրո ուժն է մեզ կյանք տալիս:

-Համաձայն եմ, համաձայն: Բայց այնտեղ, որտեղ չկա բանականություն, չկա նաև սեր:

-Դու սխալվում ես: Ընդհակառակը, հենց սիրո մեջ է բանականությունը գտնում իր եզրափակումը:

-Այո, միգուցե, — պատրաստակամությամբ համաձայնեցի ես: — Ընդհանուր առմամբ, մեր հայացքները համընկնում են: Այսուհետ մենք պետք է ամեն ինչում իրար օգնենք: Հենց առաջին անգամից ես զգացի, որ դուք այս ընտանիքում հատուկ եք: Պոետիկ հոգեկերտվածք: Դու նաև գեղեցիկ ես, ինչպես հրեշտակ: Եթե դու անկախ լինեիր այս ընտանիքից, ես, միգուցե, քեզ սիրեի:

-Ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր անձ անկախ է:

-Այդ դեպքում, եկ մտածենք, ինչպես այս կոմպանիային դուրս շպրտենք:

-Շպրտե՞նք: Արի մենք այստեղից փախչենք:

-Բայց ինչո՞ւ: Կստացվի, որ մենք զիջել ենք: Նրանց պետք է վռնդել, չէ՞ որ սենյակն, ի վերջո, իմն է: Ուր էլ փախչես, բնակարանային ճգնաժամ է: Ո՞ւր փախչես:

-Ես ասում եմ այլ իմաստով: Փախուստը — դա ոգու խնդիր է: Փախուստ սիրո ճանապարհին, որը միակն է, որ ուժ է տալիս ամեն ինչին դիմանալու:

-Ինչպե՞ս քեզ հասկանալ: Ստացվում է, դու ամեն ինչին հավանություն ես տալիս:

— Հավանություն չեմ տալիս: Ուղղակի, ոչինչ փոխել չի կարելի: Ամենքին` իրենը:

-Ախ այդպե՞ս: — Ես վեր կացա, թափ տվեցի սարդոստայնը դեմքիցս: — Բոլոր դեպքերում, ըստ ամենայնի, դու իմ թշնամին ես: Միգուցե, դու լրտե՞ս ես, իսկ ես քեզ հավատացի:

-Ես այդպես էլ գիտեի, որ դու այդ կասես: — Նրա մազերի բույրը դիպավ դեմքիս: — Քանի անգամ եմ ես սիրել այնպիսիներին, ինչպիսին դու ես, բայց ոչ մի անգամ փոխադարձության չեմ հանդիպել:

Կիկուկոյի ձայնը մելանխոլիկ էր: Զգացվում էր, որ նա ճիշտն է ասում: Դրանից ես զգացվեցի: Բայց, միևնույն է, ես չեմ կարող վստահել իմ տպավորությանը: «Քանի անգամ…», — ակամայից կրկնեցի ես: Հանկարծ այս բառերի իմաստը հասավ ուղեղիս, և ես ինձ սարսափելի վատ զգացի: Ես պետք է ճշտեի:

-Նշանակում է, արդեն շատե՞րն են, ինձ նման, ընկել քո ընտանիքի թաթերի մեջ:

-Աղջիկը հայացքը ցած գցեց ու գլխով արեց: Ես հարցրեցի.

-Իսկ ի՞նչ է եղել նրանց հետ հետո:

Աղջիկն ինձ մեկնեց իր սպիտակ ձեռքերը, որ նման էին ժայռերի ստվերում լողացող ձկան: Նրա ձայնը` թախծով գունավորված, դարձավ ավելի քնքուշ:

-Հոգնած, նրանք բոլորն են գնացին հանգստանալու:

-Այլ կերպ ասած` մահացա՞ն:

Ձեղնահարկի կախարդանքը հանկարծակի պարուրեց իմ գիտակցությունը: Ես մոտեցրի աղջկան ու փարվեցի նրան համբույրով: Մեր դեմքերի արանքում հոսեցին ինչ-որ մեկի արցունքները:

VI

Այդ երեկո եկվորները ստիպեցին ինձ փակել արտաքնոցի մոտի անցքը, իսկ իմ սենյակի առաստաղին, պահարանների վերևը` բացել ելքի անցք: Հիմա ձեղնահարկ կարելի է ընկնել միայն իմ սենյակով: Այդպիսով, ես ընկել էի մշտարթուն հսկողության տակ:

Ձգվում էին ամոթալի օրեր: Ես ստրուկ էի: Ցանկացած իմ ելք արտաքին աշխարհ` իրականացվում էր ամենափոքրերի` աշխարհում նմանը չունեցող խուլիգանների, հսկողության տակ: Նրանք հերթով ճամփով ինչ-որ տեղ էին անհայտանում ու վերադառնում` ծամոնով կամ կոնֆետով, ժամացույցով կամ մանյակով: Երբեմն նրանք քարշ էին տալիս իրենց համար բոլորովին անօգտակար իրեր. — պտուտակահան, հակաբեղմնավորիչ հաբեր: Երբեմն նրանք ինձ հյուրասիրում էին իրենց կրճոններով: Լինելով մշտապես սոված վիճակում` ես ամեն ինչ վերցնում էի ու ուտում:

Գրասենյակում հանդիպելիս Ս-ն հիմա ինձ չէր բարևում: Բացատրվելու իմ փորձերը ոչ մի բանի չհանգեցրին: Մի շաբաթ անց նա ազատվեց աշխատանքից: Բայց ես նրան առաջվա պես սիրում էի:

Տանն ինձ առանց հսկողության երբեք չէին թողնում: Աննորմալ տիկինը, կարծես թե, ընդհանրապես սեյակից դուրս չէր գալիս: Սկզբնական շրջանում նա, երբեմն ինձ հետ իբրև թե սիրաբանում էր (ինչպես երևում է, նրա համար միևնույն էր` ում հետ դա կաներ, որովհետև, ժամանակ առ ժամանակ նա սիրահետում էր նույնիսկ ինչ-որ անհայտ անձանց): Հասկանալով, որ ես չեմ արձագանքում իր խաղերին, նա սկսեց բացահայտ թշնամանքով վերաբերվել ինձ:

Օրիորդն առաջվա պես իմ նկատմամբ բարյացակամ էր: Բայց մենք միայն մեկ անգամ գաղտնի ժամադրություն ունեցանք, որովհետև առանձին հանդիպելու հնարավորություն մենք չունեինք: Ինչ վերաբերում է այդ ընտանիքի մյուս անդամներին, ապա դա թողնում եմ ձեր երևակայությանը:

Ինչո՞ւ ես չփախա: Փախչել ոչ թե հոգևոր առումով, ինչն առաջարկում էր Կիկուկոն, այլ` իրականում: Ես դեռ ինչ-որ բանի վրա հույս ունեի, իմ ներսում դեռևս մարմրում էր պայքարի կամքը: Ես սպասում էի հարմար պահի:

Այդ պահը ներկայացավ: Աշխատանքից տուն վերադառնալիս, փողոցում ես նկատեցի կրկեսի բալագանի: Ես համոզված էի, որ իմ պահապանները, կտրիճ եղբայրիկն ու քույրիկը, վառվում էին այնտեղ ընկնելու ցանկությունից: Ավելի բորբոքելով նրան ցանկությունը և խոստանալով, որ իրենց կսպասեմ մի մոտ տեղում, ես ուղեկցեցի նրանց այնտեղ: Այն մեկ ու կես ժամը, որքան որ տևեց ներկայացումը, ինձ հնարավորություն տվեց այցելել փաստաբանի գրասենյակ, որի տեղը նախապես նշմարել էի: Փաստաբանի տանն այս ու այն կողմ էր գնում-գալիս ինչ-որ մի բազմանդամ ընտանիք: Մեծահասակներ, երեխաներ – մեկ երևում էին, մեկ` անհայտանում: Ի վերջո հայտնվեց տանտերը, ամենադժբախտ տեսքի տանջված մի մարդուկ:

Անմիջապես աչքս ընկավ, որ նրա մազերի մեջ սարդոստայն է խառնված, նա մաքրեց իր գլուխն այնպես, ասես ինքնիրեն կորցրած լիներ: Նույնիսկ իմ վիճակում ես դա ընկալեցի որպես հուսահատության նշան:

Ես սկսեցի բացատրել իմ գործը: Հենց փաստաբանն ընկալեց ինչն ինչոց է, արագ մատը դիպցրեց շրթունքներին. – կամա՛ց, կամա՛ց: Եվ պատմությանս ամբողջ ընթացքին նա չէր դադարում անհանգիստ այս ու այն կողմ նայել: Պատմությանս վերջին նա արդեն ամբողջովին կանաչ էր:

-Վե՞րջ, — հարցրեց նա, հետո վեր կացավ և բռնեց ձեռքս` ինձ դուրս հրավիրելու ակնհայտ դիտավորությամբ: — Ցավում եմ, բայց օգնել չեմ կարող: Պաշտպանել ձեզ ես անկարող եմ: — Նա անցավ շշուկի: — Գիտե՞ք ինչ, ինքս գերի եմ մի եկվոր ընտանիքի: Դուք, ճիշտ է, նկատեցիք. — երեսուն հոգի: Գոնե ես ամուրի լինեի, ինչպես դուք: Իսկ ընտանիքավոր մարդու համար սա աղետ է: Կինս վերցրեց երեխաներին ու հեռացավ, ավելի ճիշտ` նրան վտարեցին: Իմ բոլոր ծառայողները վերջնահաշվարկ պահանջեցին: Հիմա ես մենակ եմ. ինքս իմ քարտուղարն եմ, ինքս իմ սպասուհին: Մեկ ամսվա ընթացքում ես տասներեք կիլոգրամ նիհարել եմ: Մեկ ամիս ևս, և ես ընդհանրապես քաշ չեմ ունենա:

Հրաժեշտին ես սեղմեցի դժբախտության ընկերոջս ձեռքը:

-Լինենք ընկերներ:

Նա տխուր թափահարեց գլուխը.

-Ոչ, խնդրում եմ, էլ չգաք:

VII

Ես արեցի վերջին փորձը: Դա հեշտ չէր, քանի որ ամեն անգամ, երբ ես տուն էի գալիս, ինձ մանակրկիտ խուզարկում էին: Եվ, այնուամենայնիվ, ես հաջողեցրեցի պահը, հավաքեցի թղթի մի քանի կտորտանք և գրեցի կոչ` մոտավորապես երեսուն թռուցիկների վրա:

«Պարոնայք հարևաննե՛ր, խղճի և գիտակցության մարդիկ, ձեզ դիմում է ձեր եղբայրներից մեկը, որը ենթարկվել է տարօրինակ հարձակման: Իմ բնակարանն ապօրինաբար գրավված է ինձ անհայտ ընտանիքի կողմից: Ավելին, ամեն ինչ իմ կյանքում ոտնահարվել է: Ես զրկվել եմ տարրական ազատությունից, գտնվում եմ սովամահ լինելու շեմին: Ի հավելում` ես պարտավոր եմ նաև պահել ու կերակրել նրանց:

Իրենց անօրինականությունները նրանք քողարկում են մեծամասնության վերաբերյալ գեղեցիկ դարձվածքներով: Հենվելով ընտանեկան մեծամասնության վրա, նրանք օրինականացնում են բռնությունը:

Պարոնայք, նման անպատժելիությունը կհանգեցնի հասարակության կործանմանը: Հարցը միայն ես չեմ: Վաղն այսպիսի ճակատագիր կարող է և ձեզ բաժին ընկնել: Ուրեմն, միավորվենք այդ «մեծամասնության» դեմ պայքարում: Դիմում եմ հատկապես նրանց, ովքեր բողոքում էին բնակվարձի բարձրացման դեմ: Այս անգամ հարցը վերաբերում է շատ ավելի էական մի բանի, ուրեմն, եկեք միավորվենք: Իմ, ինչպես նաև ձեր , փրկությունը — մեր միասնության մեջ է: Եկեք հակադրենք ճշմարիտ մեծամասնությունը թվացյալին»:

Բայց, ինչպե՞ս տարածել այս կոչը: Ինչպես ասում են, — «բա զանգը ո՞վ կախի կատվի վզից»: Մոտենում էր հերթական աշխատավարձի օրը: Եթե հիմա վճռական քայլեր չձեռնարկեմ, հաջորդ ամբողջ ամիսը ես կրկին դատապարտված կլինեմ անզորության: Իմ հուսահատությունը հասավ եզրագծին: Մի անգամ ես ձևացրեցի, թե ինձ արտաքնոց է պետք գնալ, և այնտեղ ես սկսեցի մեկը մյուսի ետևից պատին փակցնել իմ թռուցիկները:

Դեռ չէի հասցրել փակցնել անգամ երեք հատը, երբ իմ ետևից լսվեց փռթկոց:

Շրջվեցի. — պարոնն էր և նրա հետ էր ավագ որդին:

-Գործո՞ւմ ես: — Նրանք միմյանց նայեցին, ժպիտը խաղաց նրանց շուրթերին: Նրանք ոչ մի փորձ չարեցին` պոկել թռուցիկները պատից կամ խանգարել ինձ, ահա ինչն էր ամենազարմանալին: Ես փակցրեցի ևս մի տասը թռուցիկ, բայց հետո, կորցնելով ամեն մի ինքնատիրապետում, թողեցի այդ զբաղմունքը:

-Կարծում էի, արդեն հանգստացել էր, բայց` ոչ, ահա՛ քեզ: Ֆաշիստական հոգին — դաժան բան է, — ասաց որդին: Պարոնը գլխով արեց:

— Արի այստեղ, — նա ձգեց ձեռքիցս:

— Պոկե՞նք. –հարցրեց տղան:

-Ոչ, ի՞նչ ես ասում, թող մնա` ցուցադրական նպատակով:

Նա ուժեղ ոլորեց ձեռքս ու տարավ ինձ սենյակ: Հանդիսավոր ցուցադրելով մնացած թռուցիկները, պարոնը սգավոր ձայնով զեկուցեց կատարվածի մասին: Երկրորդ որդին, որ ինչ-որ տեղ էր պատրաստվում, ընդհատեց իր զուգվել-զարդարվելը: Չափելով ինձ չար հայացքով, նա շտկեց ուսերը: Կիկուկոն կծկվեց, նայեց ինձ վրա խղճահարությամբ, նրա հայացքում հանդիմանանք էր կարդացվում: Մյուսները ևս հիացմունք չցուցաբերեցին: Վերջապես պարոնն ասաց.

-Կ-կուն, բնական է, որ պետք է պատասխանատվություն կրի այս կոչի համար: Առաջինը` պատերի մակերեսն օգտագործելու և դրանք կեղտոտելու համար գանձվում է վարձ` հարյուր իեն – յուրաքանչյուր թռուցիկի համար: Դու փակցրել ես տասը թռուցիկ, ստացվում է` հազար իեն: Մենք, իհարկե, դա չենք վերցնի մեզ վրա: Այնուհետև, դու ունեի՞ր թույլտվություն կառավարչից` պատերին բան փակցնելու համար: Կասկածում եմ: Տուգանք` հինգհարյուր իեն: Մենք, անկասկած, կսատարենք կառավարչին: Իսկ նա, իր հերթին` կպաշտպանի մեզ: Այս տանը կենվորների կեսը բնակվարձի պարտք ունի: Եվ դու կարծո՞ւմ ես, որ նրանք կառավարչի դեմ դուրս կգան: Մյուս կեսը — գործնականում կանայք են: Նրանց հետ մենք ավելին ենք, քան` ընկերները…

-Զզվանք, զզվանք, — հանկարծ թընկթընկաց տիկինը և դրանով դադարեցրեց պարոնի ճարտասանությունը: Աղջիկը կանգնած էր գունատ ու ընկճված: Պառավը մխիթարողի տեսքով շոյում էր կնոջ մեջքը: Ես լուռ դուրս եկա ու պոկեցի թռուցիկները, որ այդքան դժվարությամբ փակցրել էի:


  • 1. Տոֆու — սոյայից պատրաստված տարածված ազգային կերակուր:
  • 2. Հիերոգլիֆն իր տեսքով հիշեցնում է ձեռքերն ու ոտքերը կողք պարզած մարդուկի:
  • 3. Ճապոնական տներում անկողինը փռում են հատակին:
  • 4. Ճապոնական այբուբենի կուե տառը նման է փակագծի:
  • 5. Ճապոնիայում ինֆլյացիայի պատճառով շրջանառության մեջ էին խոշոր թղթադրամները:
  • 6. «Հետազոտել կույր լաքաները» -գողանալ:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s