ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Image

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Աշոտ Ենգոյան
ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ

Հայաստանի քաղաքականությունն ընդունված է «կոմպլեմենտար» կամ «բազմավեկտոր» անվանել։ Սույն պարագայում շեշտադրումն արվում է այն բանի վրա, որ Հայաստանն արտաքին քաղաքական հստակ ճշտված և միանշանակ գերակայություն չունի և պատրաստ է բոլոր ոլորտներում հավասար չափով համագործակցել համաշխարհային բոլոր ուժային կենտրոնների հետ։ Բայց եթե խորանանք նշված եզրերի էության մեջ, ապա բավական հակասական զգացողություն է առաջանում, որը չի համակցվում արդի միջազգային հարաբերությունների իրողություններին։ Եթե իրականում ամեն բան հենց այդպես է, ապա միանգամայն բնական հարց է ծագում. ինչո՞ւ Հայաստանը չի դառնում Չմիացման շարժման լիիրավ անդամ, որտեղ մեր ագրեսիվ հարևանն աստիճանաբար և հաջողությամբ հակահայկական մթնոլորտ է ձևավորում։ Մյուս կողմից՝ հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է և գտնվում է ռուսական ռազմական վահանի հուսալի ծածկի ներքո՝ ՀԱՊԿ-ին անդամակցության միջոցով։ Սակայն այս հանգամանքը, չգիտես ինչու, չի խանգարում նրան լրջորեն խորհել եվրաինտեգրացիոն գործընթացների աշխուժացման (անգամ ի վնաս եվրասիականի) մասին և Եվրոպային տրամադրել հենց այդ ուղղության վրա։ Էլ չենք ասում այն մասին, որ Հայաստանն արժանանում է բավական դրվատական խոսքերի ԱՄՆ առաջին անձանց կողմից՝ ժողովրդավարական «տրանզիտի» գործընթացում երկրի ունեցած հաջողությունների առումով։

Կոմպլեմենտարությունը քաղաքականության մեջ բավական տարողունակ հասկացություն է և ենթադրում է ոչ միայն միաժամանակյա համագործակցության ձգտում բազմաթիվ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Այդ քաղաքականության առանձնահատկությունը պետք է համարել այն, որ այդ հասկացությունը որևէ կերպ չի բացառում գլխավոր վեկտորի գոյությունն արտաքին քաղաքականությունում։ Գուցե հենց այս նկատառումներով է թելադրվել մեր արտաքին քաղաքականության անվանման փոփոխությունը վերջին ժամանակներս։ Սակայն «բազմավեկտորություն» եզրը, մեղմ ասած, այստեղ այնքան էլ տեղին չէ։ Բանն այն է, որ եթե գիտության մեջ նման հասկացությունն ընդունված է բոլորի կողմից, ապա քաղաքականությունում այն տառացիորեն նշանակում է առհասարակ վեկտորների բացակայություն։ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված՝ այն պարզապես նշանակում է հրաժարում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից։ Համաշխարհային հանրությանը դրանում համոզել կարողացավ միայն Հայաստանի վերջին տարիների վիրտուոզ դիվանագիտությունը։ Ունենալ ռուսական ռազմակայաններ, Ռուսաստանից անհրաժեշտ սպառազինություն ստանալ, թույլ տալ նրա գերակա ներկայությունը երկրի տնտեսությունում և, միաժամանակ, քայլեր անել Արևմուտքի ուղղությամբ՝ կարող է միայն նման դիվանագիտությունը։ Թեև այստեղ մեկ այլ պատճառ էլ է թաքնված՝ որոշակի երկրների աշխարհաքաղաքական շահերի առկայությունը և դրանց պաշտպանության օբյեկտիվ հնարավորությունները, ինչն էլ, ի վերջո, բացատրում է Ռուսաստանի բավական «հանդուրժող» վերաբերմունքը, ինչպես նաև «փակում» է Եվրոպայի աչքերը Հայաստանի արտաքին քաղաքական գծի բավական ճարտար մեկնաբանության վրա։

Ավելի մանրամասն կանգ առնենք աշխարհաքաղաքական այն գործընթացների էության վրա, որոնք վերաբերում են ինչպես Հայաստանին, այնպես էլ ընդհանրապես Հարավկովկասյան տարածաշրջանին։ Երբեմն թվում է, թե դրանք խիստ խճճված են և տառացիորեն թելերի թնջուկ են հիշեցնում, որը դժվար է քանդել։ Սակայն իրականում ամեն բան այդքան էլ բարդ չէ, ինչպես թվում է։ Շատ վերլուծաբանների կարծիքով՝ ներկայում մրցակցային պայքար է ընթանում ուժի համաշխարհային կենտրոնների միջև Վրաստանում կամ Ադրբեջանում գերիշխանության համար։ Բնականաբար, մեր տարածաշրջանում դրանք առավել ազդեցիկ և նշանակալի օղակներն են։ Բայց պետք է հաշվի առնել, որ, չնայած տարածաշրջանում իր աննշան տնտեսական մասնակցությանը, Հայաստանն ասես դրա բանալին է։ Չէ՞ որ Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ինչպես տնտեսապես, այնպես էլ ռազմաքաղաքական առումով ազդել տարածաշրջանի մյուս երկրների վրա։

Մասնավորապես, Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր և անհրաժեշտ է ոչ միայն այդ պատճառով։ Ռուսաստանի հեռանալը մեր երկրից նշանակում է կորցնել տարածաշրջանում, կարելի է ասել՝ պատմականորեն իրեն ամրագրված տեղը։ Դրանով իսկ Հյուսիսային Կովկաս «հոգևոր ներխուժման» լայն հնարավորություն է բացվում իսլամական արմատական բազմաթիվ հոսանքների համար, որոնք իրենց նպատակն են համարում հյուսիսկովկասյան ժողովուրդների անջատումը Ռուսաստանից և նրանց միավորումն ապագա իսլամական պետությանը։ Խնդիրը հեշտերից չէ, բայց, անշուշտ, համապատասխան համաշխարհային և տարածաշրջանային սուբյեկտների աջակցության պարագայում նույնիսկ իրականանալի է։ Ռուսաստանը վտանգում է կորցնել ոչ միայն Կովկասը. նման իրադարձությունները կարող են հենց Ռուսաստանի Դաշնության փլուզման հանգեցնել, ինչին, անշուշտ, ձգտում են որոշ քաղաքական ուժեր աշխարհում։ Մեր կարծիքով՝ դա հիանալի հասկանում է ինչպես Մոսկվան, այնպես էլ համաշխարհային բոլոր քաղաքական սուբյեկտները։

Իրադարձությունների նման զարգացումը ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Հայաստանին։ Ռուսաստանի դուրսմղումը Հարավկովկասյան տարածաշրջանից նրա համար հղի է միանգամայն կանխատեսելի, աղետալի հետևանքներով, ընդհուպ մինչև անհետացումն աշխարհի քաղաքական քարտեզից։ Ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ ինչպես ուժային, այնպես էլ խաղաղ և «քաղաքակիրթ» ձևով՝ տարածաշրջանում ազատ ապրանքադրամական և շուկայական հարաբերությունների հաստատմամբ և ազատական-ժողովրդավարական ինստիտուտների լայն կիրառմամբ։ Ուստիև հասկանալի է երկու երկրների այսքան բնական ձգտումը՝ ամրապնդել իրենց համար կենսականորեն կարևոր փոխհարաբերությունները և դրանք բարձրացնել ռազմավարական մակարդակի։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա տարածաշրջանում նրան ամենից շատ հետաքրքրում է Ադրբեջանի էներգետիկ պոտենցիալը, որը պետք է փոքր-ինչ կտրի Եվրոպային Ռուսաստանի գազային և նավթային «ասեղից»։ Չմոռանանք, որ այս առիթով սակարկություններն արդեն սկսվել են, և դրանց ագրեսիվ կերպով միացել է Թուրքիան, որի տարածքով են անցնում Ադրբեջանից Եվրոպա գազամուղները։ Թուրքիան չի մոռանում ժամանակ առ ժամանակ հիշեցնել Եվրոպային, որ վերահսկում է մեծաթիվ թուրքական և, առհասարակ, իսլամական սփյուռքը Եվրոպայում։ Իսկ եթե սրան ավելացնենք նաև այն, թե ինչպես «մարդասեր» Եվրոպայի աչքերի առջև և նրա լռելյայն համաձայնությամբ բացահայտ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանում հերոս հռչակեցին, պարզ է դառնում, որ ժամանակի ընթացքում նման գռեհիկ ու վստահ պահվածքը կարող է էլ ավելի ուժեղանալ։ Իզուր չէ, իսկ շատ հարցերում էլ իրատեսական ու պրագմատիկ է այն, որ Թուրքիան ինքն է սառեցրել ինտեգրումը միասնական Եվրոպային՝ ընդգծելով իր նշանակալիությունն արդի միջազգային հարաբերություններում, և ցուցադրաբար սկսել է թեքվել դեպի իր մրցակիցը տարածաշրջանում՝ դեպի Ռուսաստան։

Հասկանալի է, որ նման խորամանկ «միահյուսումներում» հազիվ թե Հայաստանը շատ հետաքրքրի Արևմուտքին։ Միամտություն կլինի կարծել, թե վերջինը խիստ շահագրգռված է, որ Հայաստանի տարածքում ստեղծվի արդյունավետորեն գործող հասարակություն՝ զարգացած արդյունաբերությամբ և ենթակառուցվածքով, չկոռումպացված և անկաշառ, ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը վայելող քաղաքական ընտրանիով։ Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքան ժամանակ, քանի դեռ այն Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցն է։ Շատ բան է արվում՝ կանգնեցնելու համար Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերությունների հետագա ամրապնդման (Մաքսային միություն մտնելու միջոցով) ձգտումը։ Ուժերի ներկայիս դասավորության պայմաններում Հայաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցիացման և Մաքսային միությանն անդամակցելու պայմանագրերի անգամ միաժամանակյա ստորագրումը եվրոպացիները կգնահատեն որպես ծանրակշիռ քայլ նվիրական նպատակին հասնելու ճանապարհին։

Հետաքրքիր է Հարավկովկասյան տարածաշրջանի մյուս դերակատարի՝ Իրանի դիրքորոշումը։ Այսօրվա դրությամբ այդ երկիրը բավական սերտորեն կապված է Հայաստանի հետ և իրականացնում է փոխշահավետ սոցիալ-տնտեսական համագործակցություն, որը որոշ իմաստով վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Բացի այդ, միջազգային ասպարեզում Իրանն օգտվում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի լոյալ վերաբերմունքից, ինչն, անշուշտ, նրա հայացքն ուղղում է թե՛ դեպի հյուսիս, թե՛ դեպի Չինաստան՝ Հնդկական օվկիանոսով։ Իրանն ստիպված է այդպես վարվել, քանի որ նրա շրջապատը գրեթե ամբողջովին թշնամական է, իսկ Ադրբեջանն էլ նրան պարտադրում է Արևմուտքի կողմից խրախուսվող Հարավային Ադրբեջանի արհեստածին խնդիրը։ ԻԻՀ ղեկավարությունը վերջին նախագահական ընտրություններից հետո չի կարող արմատապես փոխել ինչպես իր երկրի, այնպես էլ արևմտյան պետությունների դիրքորոշումը։ Իրանն իր գազի հսկայական պաշարների միջոցով հետագայում կկարողանա դառնալ Ադրբեջանի լուրջ մրցակիցը նրա էներգետիկ քաղաքականությունում։

Վերը նշված բոլոր հանգամանքները պետք է խորհելու առիթ տան Հայաստանին՝ իր արտաքին քաղաքական հետագա քայլերը որոշելիս։ Վատ չէր լինի հետադարձ հայացք նետել հայ ժողովրդի անցած պատմական ուղուն։ Չէ՞ որ դեռ Իսրայել Օրու և գուցե էլ ավելի վաղ ժամանակներից հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ հուսահատվելով եվրոպական հովանավորների սին խոստումներից՝ դիմել է Ռուսաստանի օգնությանը։ Այն ժամանակ արդեն նկատվում էր երկու ժողովուրդների շահերի ընդհանրությունը, ինչը ժամանակի ընթացքում էլ ավելի է խորացել։

Բայց այսօր Հայաստանում շատերը հակված են յուրովի մեկնաբանելու պատմական փաստերը, և դա անում են գրեթե բոլորը, բայց ոչ ոլորտի մասնագետները։ Ժողովրդին վախեցնելով վերահաս «սովետականացմամբ»՝ իրենց քաղաքագետ անվանող մարդիկ, որոնք անգամ հումանիտար կրթություն չունեն, հիշեցնում են Ռուսաստանի դիրքորոշման մասին Մոսկովյան պայմանագրի կնքման (1921թ.) ժամանակ, որի արդյունքում խիստ ոտնահարվեցին Հայաստանի իրավունքները։ Մեր ժողովրդի մենթալությունն, առհասարակ, հակված է ուրիշին վերագրելու իր պատմական սխալները։ Դա նույնպես բացատրելի է. դարեր շարունակ ժողովրդի ճակատագիրը կախված է եղել օտար կառավարիչների կամքից։ Հիշենք Առաջին Հայկական հանրապետության պատմությունը, երբ ճիշտ այսօրվա պես դրված էր արտաքին քաղաքական գերակայությունների որոշման հարցը. գուցե հենց այդտե՞ղ է թաքնված այսօրվա մարտահրավերների պատասխանը։

Հիշենք, թե ինչպես քեմալական Թուրքիան դիմեց Խորհրդային Ռուսաստանի օգնությանը՝ հուսալով ոչ միայն դիմակայել արևմտյան տերություններին՝ իր արևմտյան տարածքները պաշտպանելու համար, այլև ամրապնդվել նախկին կայսրության արևելքում։ Մյուս թուրքական պետությունը՝ Ադրբեջանը, անսալով իր «գենետիկ» դաշնակցի խորհուրդներին, կայծակնային արագությամբ փոխեց «հագուստը»՝ հաճույքով փորձելով բոլշևիկյան բուդյոնովկան և հուսալով ամրապնդվել Ղարաբաղում ու Զանգեզուրում, իսկ հետագայում միանալ եղբայրական երկրին։ Ինչպե՞ս վարվեց պատմական այդ վճռորոշ պահին Հայաստանը. չնայած անհեռանկարայնությանը՝ ընտրեց արևմտյան երկրների հովանավորությունը, որոնք խոստանում էին Սևրի պայմանագիրն ու փորձում (Ռուսաստանում ծավալված քաղաքացիական պատերազմի պայմաններում) «դաշնակցական» Հայաստանը հանել Ռուսաստանի ազդեցությունից՝ թուլացնելով վերջինի դիրքերը Կովկասում։

Բոլշևիկներին հարելու հնարավորություններ ունենալով հանդերձ՝ Հայաստանը չգնաց ոչ միայն այդ քայլին, այլև 1920թ. մայիսին արյան մեջ խեղդեց բոլշևիկյան ապստամբությունն Ալեքսանդրապոլում՝ իրեն զրկելով պատմական սխալն ուղղելու վերջին հնարավորությունից։ Արդյունքում՝ մենք թղթի վրա ստացանք երկար սպասված Սևրի պայմանագիրը, որը ոչ մի դրական հետևանք չունեցավ, բայց կորցրինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Արևելահայաստանի զգալի մասը։

Ինչ վերաբերում է Մոսկովյան կոնֆերանսին, չմոռանանք, որ այն տեղի էր ունենում Հայաստանում բռնկված հակաբոլշևիկյան փետրվարյան ապստամբության (Հայաստանից Կարմիր բանակի դուրս գալուց հետո) և Լոնդոնում զուգահեռաբար անցկացվող կոնֆերանսում (արևմտյան երկրների մասնակցությամբ) հայերի դիվանագիտական գործունեության ակտիվացման պայմաններում։ Այսօր հակահայկական որոշումների կայացման մեջ միայն Խորհրդային Ռուսաստանին մեղադրելը և հակառուսական (միանգամայն այլ Ռուսաստանի դեմ) տրամադրություններ տարածելը նշանակում են լինել «պարզամիտ կոնյունկտուրային» և անտեղյակ մարդ սոցիալ-հումանիտար հարցերում։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և այսօր մենք եզակի հնարավորություն ունենք շտկելու անցյալի սխալներն ու այս անգամ տարածքային ձեռքբերումներով մնալ, այլ ոչ թե հակառակը։ Անհրաժեշտ է օգտագործել Հայաստանի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանում և փորձել երկրի համար առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակում։ Դա բնավ չի նշանակում երես թեքել Եվրոպայից։ Ի վերջո, իր ներկայացուցիչների միջոցով Եվրոպան ինքն է արդեն խոսում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ինտեգրացիոն գործընթացների անհրաժեշտության մասին։ Հնարավոր է՝ «արաբական գարնանից» և մերձավորարևելյան ներկա գործընթացներից հետո շատերին հասկանալի դարձավ Ռուսաստանի դերը եվրասիական ողջ տարածքում, և նրանք գիտակցեցին ինտեգրման կարևորությունը Եվրասիայի հյուսիսային հատվածում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ստեղծված իրավիճակից դուրս գալու դեղատոմսերը նույնպես պետք է փնտրել պատմության մեջ։ Զանգեզուրից Գարեգին Նժդեհի հեռանալուց հետո քանի՞ անգամ խորհրդային կառավարությունը կարող էր մարզը տալ Ադրբեջանին, եթե, իհարկե, մտադրվեր այդպես անել։ Չմոռանանք, թե ինչպես այդ նույն կառավարությունը վարվեց Ղրիմի հետ՝ այն անջատելով ոչ թե ինչ-որ մեկ ուրիշից, այլ հենց ՌԽՖՍՀ-ից ու հանձնելով Ուկրաինային։ Նշանակում է՝ արդեն այն ժամանակ նախկին իշխանությունները հիանալի հասկանում էին երկու թուրքական հանրապետությունների միացման ձգտումների վտանգավորությունը և «սեպ էին խրում» նրանց միջև։

Հայաստանը պետք է, ելնելով մեզ շրջապատող երկրների շահերից, առաջին հերթին, ինտեգրացիոն գործընթացները զարգացնի Հյուսիս-Հարավ ուղղությամբ՝ Ռուսաստանից շիական Իրանի միջոցով դեպի Պարսից ծոց։ Հրաժարումը նման ինտեգրումից և Հայաստանի ընդգրկումը Արևելք-Արևմուտք ինտեգրացիոն շղթայում, որի հիմքում ընկած է եվրոպական կողմնորոշումը, կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Սակայն եվրոպական ինտեգրումը նաև դրական պտուղներ է տալիս հարյուրամյակներ շարունակ իրենց արդյունավետությունն ապացուցած ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ինչպես նաև հայկական հանրության սոցիալական ոլորտում արվող էական ներդրումների տեսքով։ Դրանցից հրաժարվել, բնականաբար, պետք չէ։ Իսկ Եվրոպան, իր հերթին, կգնա նման համագործակցության, որովհետև նրան հարկավոր է պահպանել Հայաստանն իր հետ կապող թելերը։

Իսկ Հայաստանի տնտեսությունն անհրաժեշտ է զարգացնել մրցակցային միջավայրում, նույն «քաշային կարգում» գտնվող գործընկերների հետ, ինչպիսին են Մաքսային միության անդամները որակյալ ապրանքների սպառման իրենց ընդարձակ շուկայով։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին, կուզենայինք նշել հետևյալը. այն գոյություն է ունեցել և, հաստատ, միշտ էլ գոյություն է ունենալու և ուղղված է դեպի մեր ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s