ԻՆՉՈ՞Ւ ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԱՄՆ-Ը, ՕՐԻՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ

Image

ՆՈԱՄ ԽՈՄՍԿԻ. ԻՆՉՈ՞Ւ ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԱՄՆ-Ը, ՕՐԻՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ («THE NATION», ԱՄՆ)

Նոամ Խոմսկի (Noam Chomsky)

Այս հոդվածը սկզբում հայտնվեց TomDispatch.com կայքում։ Այն հատված է Նոամ Խոմսկու նոր՝ «Power Systems: Conversations on Global Democratic Uprisings and the New Challenges to U.S. Empire» (Իշխանության համակարգեր. զրույցներ գլոբալ դեմոկրատական ապստամբությունների և ամերիկյան կայսրության նոր մարտահրավերների մասին) գրքից։ Դա հարցազրույց է, որտեղ հարցերը տալիս է Դևիդ Բարսամյանը (David Barsamian), պատասխանում է Խոմսկին։

Բարսամյան. Միացյալ Նահանգները, ինչպես և նախկինում, ամուր վերահսկում է Մերձավոր Արևելքի էներգետիկ ռեսուրսները։

Նոամ Խոմսկի. Գլխավոր նավթա-գազարդյունահանող երկրները նախկինի պես գտնվում են այն բռնապետությունների կոշտ վերահսկողության ներքո, որոնք վայելում են արևմտյան աջակցությունը։ Այնպես որ՝ «արաբական գարնան» հաջողությունները թեև սահմանափակ են թվում, բայց էական նշանակություն ունեն։ Արևմուտքի կողմից վերահսկվող բռնապետությունների համակարգը փուլ է գալիս։ Իրականում դրանց քայքայման գործընթացն արդեն բավական վաղուց է ընթանում։ Օրինակ, եթե 50 տարի հետ գնանք, կտեսնենք, որ հիմա ամերիկյան ստրատեգների գլխավոր անհանգստությունն առաջացնող էներգառեսուրսները հիմնականում ազգայնացված են։ Մշտապես փորձեր են արվում փոխել այդ իրավիճակը, բայց դրանք հաջողություն չեն ունենում։

Որպես օրինակ վերցնենք ամերիկյան ներխուժումն Իրաք։ Բոլորի համար, բացի մոլի գաղափարախոսներից, միանգամայն ակնհայտ էր, որ մենք ներխուժել ենք Իրաք ոչ թե դեմոկրատիայի հանդեպ ջերմ սիրուց, այլ որովհետև այդ երկիրը երկրորդ, թե երրորդ տեղն է գրավում աշխարհում նավթի պաշարներով։ Բացի այդ, այն գտնվում է խոշոր նավթ արդյունահանող տարածաշրջանի ուղիղ կենտրոնում։ Այդ մասին խոսել չի կարելի։ Նման խոսակցությունները դավադրության տեսություն են համարվում։

Իրաքյան նացիոնալիզմը Միացյալ Նահանգներին լուրջ պարտություն հասցրեց՝ գործելով հիմնականում ոչ բռնի դիմադրության մեթոդներով։ Միացյալ Նահանգները կարող էր սպանել զինյալներին, բայց չէր կարող գլուխ հանել կես միլիոն մարդկանց հետ, ովքեր փողոցային ցույցերի էին դուրս եկել։ Քայլ առ քայլ Իրաքը կարողացավ քանդել կառավարման այն մեխանիզմը, որը հաստատեցին օկուպացիոն ուժերը։ 2007թ. նոյեմբերին չափից ավելի հստակ էր, որ նպատակներին հասնելն ԱՄՆ-ի համար շատ դժվար է լինելու։ Եվ որ հետաքրքիր է՝ այդ պահին բացահայտ հնչեց հստակ հայտարարություն այդ նպատակների մասին։ 2007թ. նոյեմբերին Բուշ-կրտսերի վարչակազմը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, թե ինչպիսին կարող են լինել Իրաքի հետ ապագա պայմանավորվածությունները։ Այնտեղ երկու հիմնական պահանջ կար։ Առաջինը, որ ԱՄՆ-ը պետք է անսահմանափակ հնարավորություններ ունենա իր ռազմակայաններից (որոնք նրանք կպահպանեն) մարտական գործողություններ վարելու համար։ Երկրորդ, որ Իրաքի կառավարությունը պետք է «աջակցի Իրաք օտարերկրյա, և հատկապես ամերիկյան ներդրումների հոսքին»։ 2008թ. հունվարին Բուշը ոչ երկիմաստորեն այս մասին ասաց իր հրաժեշտի հայտարարություններից մեկում։ Մի երկու ամիս անց, բախվելով Իրաքի դիմադրությանը, Միացյալ Նահանգները ստիպված եղավ հրաժարվել այդ պահանջներից։ Իրաքի հանդեպ նրա ունեցած իշխանությունը բոլորի աչքի առջև դուրս է լողում նրա ձեռքից։

Իրաքը փորձ էր՝ ուժի օգնությամբ վերադարձնելու և կրկին հաստատելու հինը հիշեցնող կառավարման համակարգը։ Բայց այդ փորձը հակահարված ստացավ։ Ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ ամերիկյան քաղաքականությունն անփոփոխ է մնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։ Սակայն այդ քաղաքականության իրագործման հնարավորությունները կրճատվում են։

— Կրճատվում են տնտեսական թուլությա՞ն պատճառով։

Մասամբ պարզապես այն պատճառով, որ աշխարհն ավելի տարատեսակ է դառնում։ Այսօր նրանում անհամեմատ ավելի շատ են ուժի տարբեր կենտրոնները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Միացյալ Նահանգները գտնվում էր իր ուժի և իշխանության գագաթնակետին։ Այն տնօրինում էր համաշխարհային հարստության կեսը, իսկ նրա բոլոր մրցակիցները կամ լրջորեն տուժել էին պատերազմից, կամ ջախջախված էին։ Ամերիկան աներևակայելի անվտանգությամբ էր օժտված և, ըստ էության, աշխարհի կառավարման ծրագրեր էր մշակում։ Այդ ժամանակ այս խնդիրն այնքան էլ անիրական չէր։

— Դա այն է, ինչ անվանում էին «վիթխարի տարածքային պլաննե՞ր»։

— Այո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի ղեկավար Ջորջ Քենանը (George Kennan) և այլք մշակեցին մանրամասները, իսկ հետո սկսվեց այդ պլանի իրագործումը։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որոշակի չափով՝ նաև Հարավային Ամերիկայում, ըստ էության, արմատներով գնում է դեպի 1940-ական թվականների վերջը։ Ամերիկյան հեգեմոնիային առաջին հաջող դիմադրությունը ցուցաբերվեց 1949թ.։ Դրանք այն իրադարձություններն են, որոնք բավական հետաքրքիր են անվանել՝ «Չինաստանի կորուստ»։ Շատ հետաքրքիր արտահայտություն է, և այն ոչ ոք երբեք չի վիճարկել։ Շատ վեճեր են եղել այն մասին, թե ով է կրում Չինաստանի կորստի պատասխանատվությունը։ Դա վերածվել է կարևորագույն ներքաղաքական հարցի։ Բայց արտահայտությունը շատ հետաքրքիր է։ Կորցնել կարելի է միայն այն, ինչ ունես։ Դա ընկալվում էր որպես ինքնին հասկանալի մի բան. մենք ունենք Չինաստանը։ Իսկ եթե չինացիները շարժվեն դեպի անկախություն, նշանակում է՝ մենք կորցրել ենք Չինաստանը։ Հետո ծագեցին «Լատինական Ամերիկան կորցնելու», «Մերձավոր Արևելքը կորցնելու», «որոշ առանձին երկրներ կորցնելու» երկյուղները։ Եվ այդ ամենը՝ այն հղումով, որ աշխարհը մեզ է պատկանում։ Իսկ այն ամենը, ինչ թուլացնում է մեր վերահսկողությունը, մեզ համար կորուստ է, և մենք պետք է մտածենք, թե ինչպես վերականգնենք այն։ Այսօր, եթե դուք, ասենք, լուրջ ամսագրեր կարդաք արտաքին քաղաքականության մասին, կամ եթե ձեզ ավելի շատ ֆարս հարկավոր լինի, լսելու լինեք հանրապետականների բանակռիվները, ապա կլսեք, թե ինչպես են նրանք հարցնում. «Ինչպե՞ս անենք, որ կանխենք հետագա կորուստները»։ Մյուս կողմից՝ վերահսկողությունը պահպանելու հնարավորությունները կտրուկ նվազել են։ 1970թ. արդեն աշխարհը եռաբևեռ էր դարձել տնտեսական առումով։ Կար հյուսիսամերիկյան արդյունաբերական կենտրոնը, որ գտնվում էր ԱՄՆ-ում, կար եվրոպական կենտրոնը՝ հիմքում Գերմանիան, որը չափերով մոտավորապես համազոր էր հյուսիսամերիկյանին, և կար արևելաասիական կենտրոնը՝ հիմքում Ճապոնիայով, որն այն ժամանակ ամենադինամիկ զարգացող շրջանն էր աշխարհում։ Այդ ժամանակվանից ի վեր համաշխարհային տնտեսակարգը դարձավ շատ ավելի տարատեսակ։ Ուստի, մեր քաղաքականության անցկացումն ավելի դժվարացավ, բայց նրա հիմնարար սկզբունքները մեծ փոփոխություններ չեն կրել։

Վերցնենք Քլինթոնի դոկտրինը։ Քլինթոնի դոկտրինի բովանդակությունն այն է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի միակողմանի կարգով ուժ կիրառել «կարևոր շուկաների, էներգառեսուրսների և ռազմավարական ռեսուրսների անխոչընդոտ հասանելիության» ապահովման համար։ Սա տալիս-անցնում է այն ամենին, ինչ ասում էր Ջորջ Բուշը։ Բայց դա սուսուփուս դոկտրին էր, այն մեծամիտ ու կոպիտ չէր, դրա համար էլ առանձակի վրդովմունք չէր առաջացնում։ «Իրավունք» ունեմ»-ի հավատը պահպանվում է առայսօր։ Դա նաև ինտելեկտուալ մշակույթի մի մասն է։

Ուսամա բեն Լադենի սպանությունից անմիջապես հետո, երբ հնչում էին խրախուսող ճիչեր ու ծափահարություններ, ի հայտ եկան փոքր-ինչ քննադատական մեկնաբանություններ, որոնց հեղինակները կասկածի ենթարկեցին այդ գործողության օրինականությունը։ Շատ դարեր առաջ գոյություն ուներ անմեղության կանխավարկած կոչվող մի ինչ-որ բան։ Եթե դու կասկածյալի ես բռնում, նա կասկածյալ էլ մնում է, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ։ Նրան հարկավոր է դատի ենթարկել։ Սա ամերիկյան իրավունքի հիմնարար մասն է։ Այն սկիզբ է առնում Ազատությունների մեծ խարտիայից։ Այնպես որ, եղան մի երկու ձայներ, որոնք ասում էին, թե գուցե չարժե ամբողջությամբ դուրս նետել անգլո-ամերիկյան իրավունքի հիմքերը։ Սա վրդովմունքի շատ հզոր հակազդեցություն առաջ բերեց, բայց ամենահետաքրքիր հակազդեցությունը, սովորականի պես, հնչեց սպեկտրի ձախ լիբերալ ծայրից։ Հայտնի և հարգարժան ձախ լիբերալ մեկնաբան Մեթյու Իգլեսիասը (Matthew Yglesias) հոդված գրեց, որտեղ ծաղրի ենթարկեց նման մոտեցումները։ Նա հայտարարեց, որ դրանք «զարմանալիորեն միամիտ» ու հիմար են։ Իսկ հետո հիմնավորեց իր հայտարարությունը։ Իգլեսիասը գրել է. «Հաստատված միջազգային կարգի գլխավոր գործառույթներից մեկը հենց այն է, որ օրինականացվի արևմտյան տերությունների կողմից մահաբեր ռազմական ուժի կիրառումը»։ Իհարկե, նա նկատի ուներ ոչ Նորվեգիան։ Նա նկատի ուներ Միացյալ Նահանգները։ Այնպես որ՝ սկզբունքը, որի վրա հիմնվում է միջազգային համակարգը, այն է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի ուժ կիրառել, երբ մտքովն անցնի։ Խոսակցությունները, թե ԱՄՆ-ը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապշեցուցիչ միամտություն և լիակատար հիմարություն են։ Ի դեպ, սա վերաբերում է նաև ինձ, և ես ուրախությամբ ընդունում եմ իմ մեղքը։ Ես նույնպես կարծում եմ, որ Ազատությունների մեծ խարտիան և միջազգային իրավունքի նորմերն արժեն, որ դրանց որոշ ուշադրություն հատկացվի։

Ես այս մասին ասում եմ պարզապես նրա համար, որ լուսաբանեմ հետևյալը. մտավոր մշակույթում և անգամ քաղաքական սպեկտրի այսպես կոչված ձախ լիբերալ ծայրում հիմնարար սկզբունքներն այնքան էլ շատ չեն փոխվել։ Սակայն դրանց իրագործման հնարավորությունները կտրուկ նվազել են։ Ահա թե ինչու են ընթանում այս բոլոր խոսակցություններն Ամերիկայի անկման մասին։ Նայեք Foreign Affairs-ի՝ մեր իսթեբլիշմենթի գլխավոր ամսագրի անցած տարվա վերջին համարը։ Շապիկի վրա խոշոր ու թանձր տառատեսակով գրված է. «Վերջ Ամերիկային»։ Սա նրանց ստանդարտ բողոքն է, ովքեր կարծում են, թե ամեն ինչ իրենց պետք է պատկանի։ Եթե դու կարծում ես, թե ամեն ինչ քեզ պետք է պատկանի, իսկ հետո ինչ- որ բան քեզ մոտ չի ստացվում, դու ինչ-որ բանից զրկվում ես, դա ողբերգություն է դառնում, և ողջ աշխարհն սկսում է փլուզվել։ Ուրեմն ինչ՝ Ամերիկայի վե՞րջն է։ Շատ տարիներ առաջ մենք «կորցրինք» Չինաստանը, մենք «կորցրինք» Հարավարևելյան Ասիան, մենք «կորցրինք» Հարավային Ամերիկան։ Գուցե կորցնենք Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները։ Եվ նորի՞ց Ամերիկայի վերջն է։ Սա մի տեսակ պարանոյա է, բայց գերհարուստ և գերիշխան մարդկանց պարանոյա։ Եթե ամեն ինչ չունես՝ դա աղետ է։

— New York Times-ը նկարագրում է «արաբական գարնան» «վճռական քաղաքական դժվարությունը», որի էությունն այն է, թե ինչպես պետք է համադրել ժողովրդավարական փոփոխություններին ցուցաբերվոց աջակցությունը, կայունության ձգտումը, ինչպես նաև հզոր քաղաքական ուժ դարձած իսլամիստների հանդեպ վախը ներառող ամերիկյան հակասական մղումները»։ New York Times-ն առանձնացնում է ԱՄՆ երեք նպատակ։ Ի՞նչ եք մտածում այս մասին։

— Երկուսը ճիշտ են շարադրված։ Միացյալ Նահանգները կայունության կողմնակիցն է։ Բայց պետք է հիշել, թե ինչ է նշանակում այդ կայունությունը։ Կայունությունը նշանակում է ամերիկյան հրամանների կատարում։ Օրինակ, Իրանի՝ այդ հզոր արտաքին քաղաքական սպառնալիքի հասցեին հնչող մեղադրանքներից մեկն այն է, որ այն ապակայունացնում է Իրաքը և Աֆղանստանը։ Ինչպե՞ս։ Փորձելով իր ազդեցությունը տարածել հարևան երկրների վրա։ Իսկ մենք, մյուս կողմից, «կայունացնում» ենք երկրները, երբ ներխուժում ու ավերում ենք դրանք։

Ես ժամանակ առ ժամանակ ներկայացնում եմ իրերի նման դրության իմ սիրած լուսաբանումը։ Այն է՝ հայտնի և արտաքին քաղաքական հարցերի գծով շատ լավ վերլուծաբան, լիբերալ Ջեյմս Չեյսի (James Chace) խոսքերը, որը մի ժամանակ Foreign Affairs-ի խմբագիր էր աշխատում։ 1973թ. Սալվադոր Ալիենդեի վարչակարգի տապալման և Պինոչետի դիկտատուրայի հաստատման մասին պատմելով՝ նա նշել է, որ մենք ստիպված էինք «ապակայունացնել Չիլին՝ կայունության շահերից ելնելով»։ Սա որպես հակասություն չի ընկալվում, և այդպիսին էլ չէ։ Մենք ստիպված էինք վերացնել խորհրդարանական համակարգը՝ կայունության հասնելու համար։ Դա նշանակում է՝ նրանք անում են այն, ինչ ասում են։ Այնպես որ՝ այո, մենք կայունության կողմնակիցն ենք տեխնիկական իմաստով։

Քաղաքական իսլամի հետ կապված անհանգստությունը նման է անկախ իրադարձությունների առիթով առաջացող ցանկացած անհանգստության։ Այն ամենը, ինչ ձեզնից կախված չէ, անպայման պետք է անհանգստություն առաջացնի, որովհետև դա կարող է թուլացնել ձեզ։ Այստեղ ակնհայտ է մի ոչ մեծ պարադոքս, որովհետև Միացյալ Նահանգները և Բրիտանիան սովորաբար բոլոր ուժերով պաշտպանում են արմատական իսլամական ֆունդամենտալիզմը, այլ ոչ թե քաղաքական իսլամը, քանի որ դա ուժ է, որն ի վիճակի է դիմակայել աշխարհիկ նացիոնալիզմին, որն էլ հենց իսկական անհանգստություն է առաջացնում։ Օրինակ, Սաուդյան Արաբիան ամենահայտնի ֆունդամենտալիստական պետությունն է աշխարհում, արմատական իսլամիստական պետություն։ Այն միսիոներական մղում ունի, արմատական իսլամ է տարածում Պակիստանում, ֆինանսավորում է ահաբեկչությունը։ Բայց Սաուդյան Արաբիան ամերիկյան և բրիտանական քաղաքականության բաստիոնն է։ Նրանք հետևողականորեն աջակցել են սաուդցիներին՝ պաշտպանելով նրանց Գամալ Աբդել Նասերի ժամանակվա Եգիպտոսի և Աբդալ-Քարիմ Կասիմի ժամանակվա Իրաքի աշխարհիկ նացիոնալիզմի սպառնալիքից, ինչպես նաև ուրիշ շատ վտանգներից։ Բայց քաղաքական իսլամը նրանք չեն սիրում, որովհետև այն կարող է անկախ դառնալ։

Երեք պահերից առաջինը՝ ժողովրդավարության մեր ձգտումը, ազատության, դեմոկրատիայի և ողջ աշխարհի ազատագրման իդեալներին ռուսական հավատարմության մասին Իոսիֆ Ստալինի խոսակցությունների շարքից է։ Երբ նման հայտարարությունները հնչում են կոմիսարների և իրանցի հոգևորականների շուրթերից, մենք նրանց վրա ծիծաղում ենք։ Բայց երբ այդ մասին խոսում են արևմտյան ղեկավարները, մենք քաղաքավարությամբ և անգամ ինչ-որ երանությամբ գլուխներս թափահարելով հավանություն ենք տալիս։

Եթե նայելու լինենք փաստերին, ապա ժողովրդավարության մեր ձգտումը վատ անեկդոտ կթվա։ Դա ընդունում են անգամ առաջատար գիտնականները, թեև նրանք դրա մասին այլ կերպ են խոսում։ Դեմոկրատիայի այսպես կոչված առաջմղման գլխավոր մասնագետներից մեկն է համարվում Թոմաս Քարոզերսը (Thomas Carothers), որը խիստ պահպանողական է և մեծ հեղինակություն է վայելում։ Նա «նեոռեյգանական» է, բայց ոչ՝ բոցավառ լիբերալ։ Քարոզերսը Ռեյգանի օրոք աշխատել է պետդեպարտամենտում և մի քանի գիրք է գրել դեմոկրատիայի առաջմղման մասին, որին շատ լուրջ է վերաբերվում։ Այո, ասում է նա, դա խորապես արմատացած ամերիկյան իդեալ է, բայց այն զվարճալի պատմություն ունի։ Պատմություն այն մասին, որ յուրաքանչյուր ամերիկյան վարչակազմ տառապում է շիզոֆրենիայով։ Նրանք դեմոկրատիան պաշտպանում են միայն այն դեպքում, եթե դա համապատասխանում է որոշակի ռազմավարական և տնտեսական շահերի։ Քարոզերսը դա տարօրինակ պաթոլոգիա է անվանում, ասես ԱՄՆ-ը հոգեբուժական միջամտության կարիք ունի։ Իհարկե, գոյություն ունի նաև մեկ այլ մեկնաբանություն, բայց եթե դուք ուսյալ և լավ վարքագիծ ունեցող ինտելեկտուալ եք, այն երբեք ձեր մտքով չի անցնի։

— Իշխանազրկումից մի քանի ամիս հետո նախագահ Հոսնի Մուբարաքը հայտնվեց մեղադրյալի աթոռին, նրան մեղադրանքներ ներկայացրին, և նրան բանտարկություն է սպառնում։ Անհնար է պատկերացնել, որ Իրաքում կամ էլի մի ինչ-որ տեղ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկեն ամերիկյան ղեկավարներին։ Այս իրավիճակը երբևէ կփոխվի՞։

— Դե, դա ըստ էության Իգլեսիասի սկզբունքն է. միջազգային կարգի հիմքն այն է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի մտքով անցած ժամանակ բռնություն կիրառել։ Եվ ինչպե՞ս կարելի է նման պայմաններում ինչ-որ մեկին մեղադրանք ներկայացնել։

— Եվ ուրիշ ոչ ոք նման իրավունք չունի՞։

— Իհարկե՝ ոչ։ Դե, գուցե, միայն մեր արբանյակները։ Եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա, հազար մարդ սպանի և ավերի երկրի կեսը՝ ոչինչ, դա նորմալ է։ Հետաքրքիր է։ Նախքան նախագահ դառնալը Բարաք Օբաման սենատոր էր։ Նա այնքան էլ շատ բան չի արել սենատոր եղած ժամանակ, բայց մի երկու բան, այնուամենայնիվ, իրականացրել է, ինչով առանձնապես է հպարտանում։ Եթե դուք նայել եք նրա վեբ-կայքը փրայմերիզից առաջ, նա այնտեղ ընդգծում է այն հանգամանքը, որ 2006թ. իսրայելցիների՝ Լիբանան ներխուժման ժամանակ նա դարձել էր սենատի այն բանաձևերից մեկի նախաձեռնողը, որով պահանջվում էր, որ Միացյալ Նահանգները չխանգարի Իսրայելի ռազմական գործողություններին, մինչև որ այն հասնի իր առջև դրված նպատակներին, և որ Ամերիկան դատապարտի Իրանին ու Սիրիային, որովհետև նրանք ընդդիմանում էին իսրայելական ներխուժմանը, որի ընթացքում ավերվեց հարավային Լիբանանը։ Ի դեպ, ավերվեց 25 տարվա մեջ հինգերորդ անգամ։ Այնպես որ՝ վասալները ժառանգում են այդ իրավունքը։ Դա վերաբերում է նաև ամերիկյան այլ հաճախորդներին։

Բայց իրականում բոլոր իրավունքները Վաշինգտոնում են։ Ահա թե ինչ է նշանակում տիրել աշխարհին։ Դա ասես օդ լինի, որը շնչում ես։ Դու դա չես կարող կասկածի ենթարկել։ Միջազգային հարաբերությունների արդի տեսության գլխավոր հիմնադիր Հանս Մորգենթաուն (Hans Morgenthau) շատ օրինավոր մարդ էր, այն հազվադեպ քաղաքագետներից ու միջազգային գործի մասնագետներից մեկը, որը քննադատում էր պատերազմը Վիետնամում բարոյական, այլ ոչ թե տակտիկական նկատառումներից ելնելով։ Շատ հազվադեպ մարդ էր։ Նա գրել է «The Purpose of American Politics» (Ամերիկյան քաղաքականության նպատակը) գիրքը։ Դե, դուք գիտեք այն ինչի մասին է։ Մյուս երկրները նպատակներ չունեն։ Մյուս կողմից՝ Ամերիկայի նպատակը «տրանսցենդենտալ» է. ազատություն և արդարություն բերել մնացյալ աշխարհին։ Բայց նա լավ գիտնական է, ինչպես և Քարոզերսը։ Այնպես որ՝ նա հետազոտել է փաստերը։ Նա ասել է. երբ ուսումնասիրում ես փաստերը, թվում է, թե Միացյալ Նահանգները չի համապատասխանում իր տրանսցենդենտալ նպատակին։ Բայց հետո նա հայտարարում է. մեր տրանսցենդենտալ նպատակը քննադատելը նույնն է, թե «աթեիզմի մոլորության մեջ ընկնելը, որը ժխտում է կրոնի հիմնավորվածությունն այդ նույն հիմունքներով»։ Լավ համեմատություն է։ Դա խորապես արմատավորված կրոնական համոզմունք է։ Այն այնքան խորն է, որ դժվար է գլուխ հանել դրանից։ Իսկ եթե որևէ մեկը սկսում է կասկածներ հայտնել, դա հիստերիային մոտ վիճակ է առաջացնում և հաճախ հանգեցնում հակաամերիկանիզմի և Ամերիկան ատելու մեղադրանքների։ Դրանք հետաքրքիր հայեցակարգեր են, ինչպիսիք չկան դեմոկրատական հասարակություններում. միայն ամբողջատիրականում կան։ Եվ մեր երկրում, որտեղ դրանք ընկալում են որպես ինքնին գոյություն ունեցող։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s