Ղարաբաղյան կարգավորման մեջ ԵՄ ներգրավվումն իրատեսական չէ

Image

Ֆիլիպ Զիգերտ. Ղարաբաղյան կարգավորման մեջ ԵՄ ներգրավվումն իրատեսական չէ

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Ֆիլիպ Զիգերտի հետ: Վերջինս Հունգարիայի Միջազգային հարաբերությունների համալսարանում զբաղվում է միջազգային հարաբերությունների և Եվրոպայի պատմության հետազոտությամբ: Նա զբաղվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով և պատրաստվում է հրապարակել «Հավանակա՞ն է արդյոք ռուս-գերմանական համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում» վերտառությամբ աշխատությունը:

— Պարոն Զիգերտ, ի՞նչն է Ձեզ դրդել ուսումնասիրել հարավկովկասյան տարածաշրջանը, եվրոպացի հետազոտողի համար ի՞նչ հետաքրքրություն է այն ներկայացնում: Արդյո՞ք Եվրոպայում այս տարածաշրջանի հանդեպ մեծանում է հետաքրքրությունը, թե՞ ոչ:

— Անդրասի Համալսարանում ուսանելուս տարիներին ես այն տպավորությունը ստացա, որ Եվրոպան ավանդաբար քիչ հետաքրքրություն է ցուցաբերում Սևծովյան տարածաշրջանի հանդեպ. պատճառներից մեկն այդ տարածաշրջանում քաղաքական լարվածությամբ պայմանավորված մարտահրավերներն են: Իմ կարծիքով` դրանք կարևորություն են ներկայացնում Եվրոպայի համար, և դրանց ուսումնասիրման կարիք կա, հատկապես Հարավային Կովկասում: Մասնավորապես միգրացիայի և էներգետիկ անվտանգության խնդիրներն անմիջական ազդեցություն են ունենում Եվրոպայի վրա: Ինչ վերաբերում է Եվրոպայի կողմից այս տարածաշրջանի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությանը, ապա կարծում եմ՝ այն մեծանում է, սակայն այն դեռ չի հայտնվել քաղաքական առաջնահերթությունների ցանկում:

— Ձեր ուսումնասիրության մեջ դիտարկում եք Լեռնային Ղարաբաղի հարցում ռուս-գերմանական համագործակցության խնդիրը: Որո՞նք են Ռուսաստանի և Գերմանիայի ընդհանուր և հակադիր շահերը:

— Որքանով ես եմ ուսումնասիրել, Ռուսաստանն ունի շատ մեծ հետաքրքրություն տարածաշրջանում, իսկ Գերմանիան միտումնավոր սահմանափակում է իր գործունեությունը միայն քաղաքացիական նախաձեռնություններով և հակամարտության լուծմանն ուղղված ջանքերով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում մասնակից երկիր: Նրանք երկուսն էլ հետաքրքրված են սառեցված հակամարտության վերսկսումը կանխելով, թեև հակամարտության վերսկսումն ավելի աղետալի հետևանքներն կունենա Ռուսաստանի, քան Եվրոպայի համար, չեմ խոսում Հայաստանի ու Ադրբեջանի վնասների մասին: Հիմնական տարբերությունը ներկայիս իրավիճակի ազդեցությունն է համապատասխանաբար գերմանական/եվրոպական և ռուսական անվտանգության քաղաքականության վրա: Ռուսաստանը ներկայումս աշխարհաքաղաքական ազդեցության առումով շահեկան դիրքերում է, իսկ Եվրոպան՝ ոչ: Եվ Մոսկվան իր հերթին կշարունակի սահմանափակել այն ազդեցությունը, որը Եվրոպան կարող է իրականացնել Եվրոպական հարևանության քաղաքականության միջոցով, որը Ռուսաստանը դիտում է որպես ոչ ցանկալի մարտահրավեր հարևան երկրներում ունեցած իր ազդեցության համար: Հակամարտությունն այդ ազդեցությունը պահպանելու միջոց է:

— Վերջերս արվել են մի շարք հրապարակումներ, որոնք վկայում են Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ԵՄ-ի ներգրավվածության ցանկալիության մասին: Այնուամենայնիվ, դա այդքան էլ հավանական չի թվում և Ձեր հոդվածում դուք նշում եք, թե ինչու: Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Ձեր եզրակացություններն այս առումով:

— Սա իսկապես հետաքրքիր ասպեկտ է: Ինչպես նշեցիք, վերջերս սկսել են ավելի շատ փաստարկներ բերել հօգուտ ղարաբաղյան կարգավորման հարցում ԵՄ-ի ներգրավման, սակայն անգամ այն հրապարակումները, որոնք անդրադառնում են այս հարցին, չեն ներկայացնում իրատեսական միջոցներ առ այն, թե ինչպես կարելի է դա իրականացնել: Իմ կարծիքով` կան երեք հիմնական գործոններ, որոնք խոչընդոտում են ԵՄ-ի դերի ակտիվացմանը: Առաջինը` չկա միասնական եվրոպական մոտեցում ազգերի ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության սկզբունքների շուրջ, որոնք էական են այս հակամարտության լուծման համար: ԵՄ-ն միտումնավոր թողնում է այս հարցը ԵԱՀԿ-ին՝ չցանկանալով փոխել իր ներկայիս հարմարավետ դիրքը: Երկրորդ` ոչ մի եվրոպական կառավարություն (կա պատգամավորների մի փոքր խումբ միայն) չի առաջարկում քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Ընդհակառակը՝ Ֆրանսիան ձգտում է պահպանել իր դերը որպես Մինսկի խմբի համանախագահ, հիմնականում առանց ԵՄ-ի ներգրավվածության: Սա նույնպես փոքրացնում է մի շարք փորձագետների կողմից առաջարկվող այն տարբերակի հավանականությունը, ըստ որի պետք է փոխարինել Ֆրանսիայի համանախագահությունը ԵՄ-ով: Երրորդ, եթե ԵՄ-ն պատրաստվեր ձևավորել ավելի հստակ դիրքորոշում հակամարտության շուրջ, կամ մեծացներ դրանում իր ներգրավվածությունը, ապա դա հավանաբար կհակասեր Ռուսաստանի շահերին: Իսկ Բրյուսելը միանշանակ չի ցանկանում հակադրվել այդ հարցով Ռուսաստանի հետ, հատկապես, որ այս հարցը երկրորդական նշանակություն ունի ԵՄ-ի համար:

— Ուսումնասիրելով Եվրոպական աշխատությունները Լեռնային Ղարաբաղի և Հարավային կովկասի շուրջ որտե՞ղ եք նկատել բացթողումներ, և ըստ Ձեզ ո՞ր հարցերն են, որ հավելյալ ուշադրության կարիք ունեն:

— Իմ կարծիքով` հետագա ուսումնասիրություն պետք է արվի Եվրոպայի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության վերաբերյալ: Կարծում եմ ԵՄ-ն կարիք ունի հասկանալ, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում այս հակամարտությունը, և ինչ հետագա դեր կարող է այն ունենալ մեր ռազմավարական հետաքրքրությունների տեսանկյունից, այդ թվում Եվրոպայի՝ Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած հարաբերությունների տեսանկյունից, ինչպես նաև էներգետիկ անվտանգության խնդիրների և սևծովյան տարածաշրջանում կայունության և զարգացման հաստատման առումներով: «Եվրոպայի հաջորդ կանխելի պատերազմը» (EUROPE’S NEXT AVOIDABLE WAR) գիրքը անդրադառնում է այս հարցերից մի քանիսին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s