Ինչ է ասել փիլիսոփա

nako

 

Ինչ է ասել փիլիսոփա՝ սա դժվար է սովորել այն պատճառով, որ սովորելու բան չէ. դա պետք է «իմանալ» փորձից ելնելով,- կամ պետք է դա չիմանալու հպարտությունն ունենալ: Բայց որ այսօրվա օրով ողջ աշխարհը խոսում է բաներից, որոնց առնչությամբ ոչ մի փորձ չի կարող ունենալ, ամենաշատը  ու վատարագույնս փիլիսոփաների և փիլիսոփայական վիճակների վրա է անդրադառնում.- քչերը գիտեն նրանց, իրավունք ունեն իմանալ նրանց, և բոլոր հանրամատչելի կարծիքները նրանց մասին կեղծ են: Այսպես, օրինակ, հանդուգն, սանձարձակ հանճարեղության, որը presto է և դիալեկտիկական խստության ու անհրաժեշտության, որը ոչ մի կեղծ քայլ չի անում, իսկական փիլիսոփայական համատեղությունը  մտածողների ու գիտնականների մեծամասնությանը սեփական փորձով անհայտ է և դրա համար էլ անհավանական, երբ այդ մասին նրանց հետ խոսում ես: Նրանք յուրաքանչյուր անհրաժեշտություն պատկերացնում են որպես պահանջ, որպես տանջալի «պետք է հետևեմ» և «ստիպված եմ», և մտածողությունն ինքը նրանց կողմից համարվում է որպես  ինչ-որ դանդաղ, դանադաղաշարժ  բան, գրեթե տաժանելի գործ ու բավականին հաճախ «ազնիվ մարդկանց քրթինքին արժանի» գործ և ամենևին էլ ո՜չ ինչ-որ թեթև, աստվածային և պարին, չարաճճիությանը մոտ ու հանգիստ մի բան: «Մտածել» և գործին «լուրջ վերաբերվել», «դժվարությամբ հասկանալ»՝  նրանց մեջ սրանք կապված են միմյանց, միայն այդպես էլ նրանք դա «վերապրել» են: -Արվեստագետներն այստեղ արդեն ավելի նուրբ հոտառություն ունեն. նրանք չափազանց լավ գիտեն, որ իրենց ազատության, նրբության, լիակատար իշխանության, ստեղծագործական կառուցման, տնօրինման, կերտման  զգացողությունն իր բարձրակետին է հասնում հենց այն ժամանակ, երբ իրենք ոչինչ այլևս «կամայական» չեն անում, այլ ամեն ինչ՝ անհրաժեշտաբար, — կարճ՝ որ անհրաժեշտությունն ու «կամքի ազատությունն» այդ ժամանակ է նրանց մոտ մեկ:  Վերջապես, գոյություն ունի հոգեկան վիճակների մի աստիճանակարգ, որին համապատասխանում է խնդիրների աստիճանակարգը. և բարձրագույն խնդիրներն անողոք ետ են վանում յուրաքանչյուրին, ով հանդգնում է նրանց մոտենալ՝ առանց նրանց լուծման համար իր հոգեղենության բարձրությամբ ու հզորությամբ նախանշված լինելու: Ի՞նչ օգուտ, երբ ճարպիկ ամենագետները կամ անճարպիկ քաջարի մեխանիկներն ու էմպիրիկները, ինչպես այսօր հաճախ է լինում, իրենց պլեյբեյական պատվախնդրությամբ մոտենում են դրանց և ասես թե խծկվում այդ «սրբություն սրբոց»: Սակայն նման գորգերը կոպիտ ոտքերը երբեք չպետք է կողեն. Դրա համար իրերի նախասկզբնական օրենքով է արդեն հոգ տարված. այդ պնդերեսների  համար դռները փակ են մնում, թեքուզ նրանք գլուխները խփեն դրանց  ու ցրիվ տան: Յուրաքանչյուր  բարձրագույն աշխարհի համար պետք է ծնված լինեն. ավելի պարզ ասած՝ դրա համար պետք է բուծանված լինել. փիլիսոփայական իրավունք, -եթե «փիլիսոփայություն» բառն վերցնենք իր ամենալայն իմաստով, — կարելի է ունենալ միայն շնորհիվ իր սերման. Նախնիները, «արյունը» վճռական են նաև այստեղ: Բազմաթիվ սերունդներ պետք է նախնական աշխատանք թափած լինեն փիլիսոփայի առաջացման համար. նրա յուրաքանչյուր առաքինություն պետք է  առանձին վաստակված, մշակված, սերնդե-սերունդ փոխանցված, նրանով մարմնավորված լինին, և՝ ոչ միայն նրա մտքերի հանդուգն, թեթև, քնքուշ հոսքն ու ընթացքը, այլ նախ և առաջ վիթխարի պատասխանատվությունների պատրաստակամությունը, տիրական հայացքի և ներքև նայելու վսեմությունը, ամբոխից, նրա պարտականություններից ու առաքինություններից իր պոկվածության զգացումը, սիրալիր պահպանումն ու պաշպանությունը նրա, ինչը չեն հասկանում ու զրպարտում են, — լինի Աստված, լինի սատանա, առ մեծ արդարություն հաճույքն ու վարժությունը, հրամայելու արվեստը, կամքի լայնությունը, հանգիստ աչքը, որը հազվադեպ է զարմանում, հազվադեպ է երկինք հառվում, հազվադեպ է սիրում…

Ֆրիդրիխ Նիցշե  «Բարուց և չարից անդին»

Ինչ մարդը գոյություն ունի, նաև մարդկային հոտեր են գոյություն ունեցել

7e9592a995

Որքանով բոլոր ժամանակներում, ինչ մարդը գոյություն ունի, նաև մարդկային հոտեր են գոյություն ունեցել (տոհմային միություներ, համայնքներ, ցեղեր, ժողովուրդներ, պետություններ, եկեղեցիներ), և միշտ չափազանց շատ հնազանդվողներ են եղել հրամայողների փոքր քանակի հարաբերությամբ,- այսպիսով նկատի ունենալով, որ հնազանդությունը մինչ այժմ մեծ հաջողությամբ և շատ երկար կիրառվել է մարդկանց միջև և պատվաստվել է նրանց, կարելի է իրավամբ ենթադրել այժմ, որ միջին հաշվով յուրաքանչյուր մարդու ի ծնե հատուկ է ենթարկվելու պահանջը, որպես մի տեսակ ձևական խիղճ, որը պատվիրում է՝ «դու այսինչ բանը պետք է անպայման անես, իսկ այսինչ բանը անպայման չանես», կարճ՝ «դու պետք է»: Այս պահանջը ձգտում է բավարարել իրեն և իր ձևը ինչ-որ բովանդակությամբ լցնել. այն դրանով, համաձայն իր ուժի, անհամբերության և լարման, ընտրության մեջ անխտրական, ինչպես վայրենի ախորժակ, նետվում է ամեն ինչի վրա և կատարում է ամեն ինչ, որ նրա ականջին հասնում է հրամայողներից ցանկացածի կողմից՝ ծնողների, ուսուցիչների, օրենքների, դասային նախապաշարումների, հասարակական կարծիքի: Մարդկային զարգացման անսովոր սահմանափակությունը, նրա դանդաղությունը, տաղտկալությունը, հաճախ հետդարձն ու տեղապտույտը հիմնված են այն բանի վրա, որ ենթարկվելու հոտային բնազդը շատ մեծ հաջողությամբ և հրամայելու արվեստի հաշվին է ժառանգվում: Եթե պատկերացնենք, որ այդ բնազդը մի  օր կհասնի իր վերջին շվայտություններին, ապա, ի վերջո, հրամանատարները և  անկախները ուղղակի կանհետանան, կամ նրանք ներքուստ կտառապեն անմաքուր խղճից և, որպեսզի կարողանան հրամայել, ստիպված են իրենք իրենց համար նախապես ինչ-որ սուտ ստեղծել, այն է՝ որ իբր թե նաև իրենք են լոկ հնազանդվում: Փաստորեն այս վիճակն է այսօր Եվրոպայում. ես դա կոչում եմ հրամայողների բարոյական կողծավորությունը: Նրանք չեն կարողանում իրենց անմաքուր խղճից այլ կերպ պաշպանվել, քան նրանով, որ իրենց որպես  ավելի հին ավելի բարձր հրամանների կատարողների, տեղ են դնում (իրենց նախորդների, սահմանադրության, իրավունքի, օրենքի կամ նույնիսկ Աստծո), կամ հենց իրենք հոտային մտածելակերպից հոտային մաքսիմներն են փոխ առնում՝ իրենց, օրինակ, անվանելով «իրենց ժողովուրդի առաջին ծառաներ» կամ «համայնական բարօրության գործիքներ»: Մյուս կողմից՝  հոտային մարդն այսօր Եվրոպայում այնպիսի տեսք է ընդունում, իբր նա մարդու միակ թույլատրելի տեսակն է և որպես բուն մարդկային առաքինություններ փառաբանում է իր այն հատկությունները, որոնց շնորհիվ նա հլու, հարմարվող ու հոտին է օգտակար. ուրեմն՝ հասարակական ոգին, բարեհաճությունը, հարգալիցությունը, ջանասիրությունը, չափավորությունը, համեստությունը, ներողամտությունը, կարեկցանքը: Սակայն այն դեպքում, երնբ անհնար են համարում գլուխ պահել առանց առաջնորդների և առաջնորդող ոչխարների, այսօր անում են փորձ փորձի հետևից՝  հրամանատարներին փոխարինել հոտային խելոք մարդկանց համակցությամբ. այսպես են առաջ եկել, օրինակ, բոլոր ներկայացուցչական հաստատությունները: Թե ինչպիսի բարեգործություն, ինչպիսի ազատագրում է անտանել դարձած ճնշումից, հակառակ ամեն ինչի, որևէ անպայմանական հրամայողի հայտնությունը այդ հոտի  կենդանի եվրոպացիներ համար՝ դրա վերջին մեծ ապացույցն այնազդեցությունն է, որ Նապոլեոնի հայտնությունն ունեցավ.- Նապոլեոնի ազդեցության պատմությունը գրեթե ամենաբարձր երջանկության պատմությունն է, որին հասել է այս ողջ   հարյուրամյակն ի դեմս իր ամենաարժեքավոր մարդկանց և պահերի:         Ֆրիդրիխ Նիցշե «Բարուց և չարից անդին»