Ալբեր Կամյու-Ժանտախտը

download (1)

Ժանտախտը
I
Եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով:
Այն հետաքրքրական դեպքերը, որոնք այս ժամանակագրության նյութն են կազմել, տեղի են ունեցել 194… թվականին՝ Օրանում: Ընդհանուրի կարծիքով ոչ սովորական բնույթի այդ դեպքերի համար ճիշտ քաղաքը չէր ընտրված: Առաջին հայացքից, իսկապես, Օրանը մի սովորական քաղաք է, ոչ ավելին, քան ֆրանսիական մի պրեֆեկտուրայի կենտրոն՝ ալժիրյան ծովափին:
Քաղաքն ինքը, պետք է խոստովանել, տգեղ է: Նա ունի խաղաղ տեսք և որոշ ժամանակ է պետք նկատելու համար, թե ինչն է նրան տարբեր դարձնում երկրագնդի նույն լայնության բոլոր աստիճանների վրա գտնվող այնքան ուրիշ առևտրական քաղաքներից: Օրինակ, ինչպես պատկերացնել մի քաղաք առանց աղավնիների, առանց ծառերի, առանց այգիների, որտեղ չես լսում ոչ թևաբախյուն, ոչ տերևների շրշյուն: Կարճ ասած, բոլորովին բացասական մի վայր: Եղանակների փոփոխությունը այնտեղ կարելի է իմանալ միայն երկնքից: Գարունն իր գալուստը ազդարարում է օդի որակով կամ ծաղիկների զամբյուղներով, որ մանրավաճառները բերում են արվարձաններից և շուկաներում գարուն են ծախում: Ամռանը արևը հրդեհում է շատ չոր շենքերը և նրանց պատերը ծածկում գորշ մոխրով: Այդ ժամանակ կարելի է ապրել միայն փակ փեղկերի ստվերում: Աշնանը, ընդհակառակը, ցեխաջրի հեղեղ է: Հաճելի օրերը միայն ձմռանն են լինում:
Որևէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձևերից մեկն էլ իմանալն է, թե ինչպե՞ս են այնտեղ աշխատում, ինչպե՞ս են սիրում և ինչպե՞ս են մեռնում: Մեր փոքր քաղաքում, կլիմայի ազդեցությունի՞ց արդյոք, այդ երեքն արվում են նույն մոլեգնությամբ, բայց և միաժամանակ անտարբեր տեսքով: Նշանակում է, որ մեզ մոտ բոլորն էլ, ձանձրանում են, և ձանձրույթից էլ սովորույթներ են ձեռք բերում: Մեր համաքաղաքացիները շատ են աշխատում, բայց միշտ ավելի հարստանալու համար: Նրանք հիմնակալում հետաքրքրվում են առևտրով և զբաղված են, ըստ իրենց արտահայտության, «գործ անելով»: Բնականաբար ունեն նաև պարզ հաճույքների ճաշակը, սիրում են կանանց, կինոն և ծովում լողալը: Բայց շատ ողջամտորեն նրանք այդ հաճույքները պահում են շաբաթ գիշերվան և կիրակի օրվան՝ մյուս օրերին փորձելով շատ փող աշխատել: Գրասենյակներից դուրս գալուց հետո, երեկոյան որոշակի ժամին նրանք հավաքվում են սրճարաններում, զբոսնում են միևնույն ծառուղիում և կամ մաքուր օդ շնչելու համար նստում են իրենց պատշգամբներում: Երիտասարդների ցանկությունները բուռն են և կարճատև, մինչդեռ ավելի տարիքավորների մոլությունները գնդակախաղի ընկերություններից, ճաշկերույթներից և մեծ գումարով թղթախաղի շրջանակներից հեռու չեն գնում:
Կարող են ասել, անկասկած, որ դա միայն մեր քաղաքի համար հատկանշանական չէ, թե մեր բոլոր ժամանակակիցներն այդպիսին են: Անշուշտ, ոչ մի բան այնքան բնական չէ այսօր, քան տեսնելը մարդկանց, որ աշխատում են առավոտից երեկո, իսկ այնուհետև չգիտեն՝ ինչպե՞ս վատնել ապրելու համար մնացած ժամանակը, թղթախաղո՞վ, սրճարանո՞ւմ, թե՞ շատախոսությամբ: Բայց աշխարհում կան քաղաքներ և երկրներ, որտեղ մարդիկ կասկածում են, թե հնարավոր է ուրիշ ձևով ապրել: Դրանից, ընդհանրապես, նրանց կյանքը չի փոխվում: Միայն հնարավորության կասկածը: Բայց դա էլ օգտակար է, մնում է որպես շահ: Իսկ Օրանը, ընդհակառակը, ակնհայտորեն չտարակուսողների քաղաք է, այսինքն լրիվ ժամանակակից քաղաք: Հետևաբար կարիք չկա ճշգրտելու, թե ինչպե՞ս են սիրում մեզ մոտ: Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթին: Այս ծայրահեղությունների արանքում հաճախ ոչ մի տարածություն չի մնում: Այս էլ ինքնատիպ չէ: Օրանում կամ մի այլ վայրում ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու:
Մեր քաղաքում առավել ինքնատիպը այն դժվարությունն է, որ մեջտեղ է գալիս մահանալիս: Դժվարությունը, սակայն, ճիշտ բառը չէ, ավելի ճիշտ կլիներ խոսել անհարմարավետության մասին: Երբեք հաճելի չէ հիվանդ լինելը, բայց կան քաղաքներ և երկրներ, որոնք հիվանդության ժամանակ, այսպես ասած, քեզ հենարան են դառնում, որտեղ հնարավոր է, ինչ–որ ձևով, կյանքը դասավորել: Հիվանդը կարիք ունի մեղմության, նա բնականաբար սիրում է հենվել ինչ–որ բանի: Բայց Օրանում կլիմայի ծայրահեղությունները, գործերի կարևորությունը, անգույն, գորշ շրջապատը, արագ վրա հասնող մութը և հաճույքների որակը, ամեն ինչ պահանջում է լավ առողջություն: Հիվանդն այնտեղ իրեն շատ մենակ է զգում: Մտածեցեք շոգից ճարճատող հարյուրավոր պատերի հետևում թակարդն ընկած մահացողի վիճակի մասին, երբ նույն պահին ամբողջ մի բազմություն, հեռախոսի մոտ կամ սրճարաններում, խոսում է պայմանագրերի, նավերի բեռնավորման կամ բեռնաթափման, զեղչերի մասին: Կարելի է պատկերացնել, թե որքան անհարմարավետ է թեկուզ ժամանակակից մահը, երբ վրա է հասնում նման մի չոր վայրում:
Այս մի քանի նշումները գուցե բավարար գաղափար են տալիս մեր քաղաքի մասին: Սակայն ոչինչ պետք չէ չափազանցել: Միայն պետք է ընդգծել քաղաքի և նրա կյանքի անշուք տեսքը: Բայց մարդն իր օրերը այնտեղ անցկացնում է առանց դժվարության, եթե արդեն սովորույթներ է ձեռք բերել: Այն ժամանակվանից, ինչ մեր քաղաքը նախապատվություն է տալիս սովորույթներին, կարելի է ասել, որ ամեն ինչ դեպի լավն է գնում: Թեև կյանքն այնքան էլ գրավիչ չէ, բայց, մեզ մոտ անկարգություններ չկան: Եվ մեր անկեղծ, համակրելի և գործունյա բնակչությունն արԺանի հարգանք է վայելում ճանապարհորդների կողմից: Առանց նկարչագեղության, առանց կանաչության և անհոգի այս քաղաքն ի վերջո թվում է հանգստավետ, և այցելուն մնում է այնտեղ գիշերելու: Բայց արդար կլինի ավելացնել, որ քաղաքը կառուցված է հավասարը չունեցող մի բնանկարի վրա, լուսավոր բլուրներով շրջապատված մի լերկ սարահարթի կենտրոնում, կատարյալ գծագրությամբ մի ծովածոցի վերև: Կարելի է ափսոսել միայն, որ քաղաքը ծովածոցին չի նայում, և ծովը տեսնելու համար պետք է այն միշտ որոնել:
Այս բոլորն ասելուց հետո կարելի է առանց դժվարության հասկանալ, թե ինչու մեր համաքաղաքացիները չէին կարող կանխատեսել այդ տարվա գարնանը տեղի ունեցած դեպքերը, որոնք, մենք դա ուշ հասկացանք, լուրջ իրադարձությունների շարանի առաջին կանխանշանները եղան, և որոնց ժամանակագրությունը մենք պիտի անենք: Այդ դեպքերը շատ բնական պիտի թվան ոմանց, իսկ ուրիշներին՝ անճշմարտանման: Բայց ժամանակագիրը չի կարող ուշադրություն դարձնել այս հակասությունների վրա: Նրա պարտականությունը ասելն է միայն՝ «Այս դեպքը տեղի է ունեցել», եթե վստահ գիտի, որ այդ դեպքն իսկապես տեղի է ունեցել, որ այն հետաքրքրել է ամբողջ մի ժողովրդի, և հետևաբար, հազարավոր վկաներ իրենց հոգում պիտի հաստատեն գրվածի ճշմարտացիությունը:
Բոլոր դեպքերում շարադրողը, որի ինքնությունը կբացահայտվի ժամանակին, նման գործի համար պիտանի չէր լինի, եթե պատահականությունը նրան հնարավորություն չտար որոշ թվով վկայություններ հավաքելու, եթե դեպքերի բերումով խառնված չլիներ այն բոլորին, ինչ նա հավակնում է վերապատմել: Այդ բոլորը նրան իրավունք են տալիս պատմաբանի գործ կատարել: Հասկանալի է, որ պատմաբանը, նույնիսկ եթե սիրող է, փաստաթղթեր է օգտագործում: Այս պատմության շարադրողն էլ, հետևաբար, ունի իր փաստաթղթերը, նախ՝ իր վկայությունը, հետո՝ ուրիշներինը, քանի որ իր խաղացած դերով նա հնարավորություն է ունեցել հավաքելու այս ժամանակագրության բոլոր գործող անձանց գաղտնիքները և ձեռքն ընկած փաստագրական նյութերը: Նա այդ բոլորը կօգտագործի, երբ հարմար համարի և այն չափով, որ դրանք նպատակահարմար թվան: Նա նպատակ ունի նաև… Բայց գուցե ժամանակն է վերջ տալու մեկնաբանություններին և նախազգուշացնող խոսքերին, որպեսզի հասնենք բուն պատմությանը: Առաջին օրերի դեպքերի մանրամասնությունները կարևոր են:
* * *
Ապրիլի տասնվեցի առավոտյան բժիշկ Բեռնար Ռիեն իր բնակարանից դուրս եկավ: Սանդղագլխի վրա նրա ոտքը դեմ առավ մի սատկած առնետի: Նշանակություն չտալով՝ ոտքով մի կողմ հրեց այն և սանդուղքից ցած իջավ:
Բայց փողոցում մտածելով, թե առնետը որտեղի՞ց կարող էր հայտնվել այնտեղ, վերադարձավ դռնապանին հայտնելու, որ այն վերցնել տա: Ծերուկ դռնապան պարոն Միշելի ռեակցիան ավելի ընդգծեց այդ գյուտի նշանակությունը: Եթե սատկած առնետի ներկայությունը բժշկին միայն տարօրինակ էր թվացել, դռնապանի համար դա պարզապես խայտառակություն էր: Պարոն Միշելը շատ վճռական դիրք ընդունեց․ իրենց շենքում առնետներ չկային: եվ որքան էլ բժիշկը հավատացնում էր նրան, որ երկրորդ հարկի սանդղագլխի վրա այժմ հավանաբար արդեն իսկ սատկած մի հատը կար, պարոն Միշելի հավատքը մնում էր աներեր: Շենքում առնետներ չկային, հետևաբար, այդ մեկը դրսից էին բերել: Կարճ ասած, ինչ–որ մեկը անհամ կատակել էր:
Նույն գիշերը, երբ Բեռնար Ռիեն իր բնակարանի բանալիներն էր վերցնում, առաջին հարկի միջանցքի մութ անկյունից անվստահ ընթացքով դուրս եկող մի խոշոր, թաց առնետ տեսավ: Կենդանին կանգ առավ, կարծես աշխատեց հավասարակշռությունը պահել, ապա առաջացավ դեպի բժիշկը, նորից կանգ առավ, ցածր ճիչ արձակելով՝ ինքն իր շուրջը պտույտ գործեց և ի վերջո գետին գլորվեց՝ կիսաբաց բերանից արյուն դուրս տալով: Բժիշկը մի պահ դիտեց, հետո բարձրացավ իր բնակարանը:
Նա առնետի մասին չէր մտածում: Այդ արյունը նրա մտածումները տարել էր մի ուրիշ ուղղությամբ, որ իրեն մտահոգություն էր պատճառում: Իր կինը, որ մի տարուց ավելի հիվանդ էր, առավոտյան մեկնելու էր լեռնային մի առողջարան: Բժիշկը կնոջը գտավ ննջասենյակում պառկած, հանգստանալիս, ինչպես խնդրել էր դուրս գալուց առաջ, որպեսզի կարողանար դիմանալ հաջորդ օրվա ճանապարհի հոգնությանը: Կինը ժպտաց Ռիեին.
– Ինձ շատ լավ եմ զգում,– ասաց նա:
Բժիշկը նայում էր իր կողմը շուռ եկած այդ դեմքին, որի վրա ընկել էր մահճակալի մոտի լամպի լույսը: Երեսուն տարեկանին և հակառակ հիվանդության նշաններին, կնոջ դեմքը Ռիեին միշտ երիտասարդ էր թվում հավանաբար այն պատճառով, որ նրա ժպիտը թաքցնում էր մնացած ամեն ինչ:
– Քնիր, եթե կարող ես,– ասաց նա,– բուժքույրը գալու է ժամը տեսնմեկին, պետք է կեսօրվա գնացքին հասնել:
Նա համբուրեց կնոջ թեթևակի խոնավ ճակատը: Նրա ժպիտը մինչև դուռը ուղեկցեց ամուսնուն:
Հաջորդ օրը, ապրիլի տասնյոթին, ժամը ութին, դռնապանը կանգնեցրեց անցնող բժշկին և բողոքեց չար կատակասերներից, որոնք երեք սատկած առնետներ էին գցել միջանցք: Ստիպված էին եղել խոշոր թակարդներ օգտագործել դրանք հեռացնելու համար, որովհետև արյունների մեջ էին: Այնուհետև դռնապանը, առնետների ոտքերից բռնած, երկար ժամանակ սպասել էր մուտքի սանդուղքների վրա, հույս ունենալով, որ հանցավորներն ինչ–որ չարախնդությամբ իրենք֊իրենց մատնեն: Բայց այդ խորամանկությունն ապարդյուն էր անցել:
– Ոչինչ, դեռ կտեսնենք,– ասաց պարոն Միշելը,– երբ էլ լինի ձեռքս կընկնեն:
Շփոթված ու զարմացած այդ հանելուկից Ռիեն որոշեց այդ օրվա շրջագայությունն սկսել ծայրամասերից, որտեղ ապրում էին իր հաճախորդներից առավել աղքատները: Այդ վայրերում աղբը շատ ավելի ուշ էին տանում, և բժշկի ավտոմեքենան, որ առաջանում էր այդ թաղամասի ուղիղ և փոշոտ ճանապարհներով, հպվում էր աղբի տուփերի, որոնք թափված էին մայթեզրին: Մի փողոցում, որով անցնում էր, բժիշկը հաշվեց տասնյակ առնետներ, որոնք գցված էին բանջարեղենի թափոնի և կեղտոտ քրջերի վրա:
Նա իր առաջին հիվանդին գտավ անկողնում: Փողոցին նայող նրա սենյակը միաժամանակ և՛ ննջասենյակ էր, և՛ ճաշասենյակ: Խիստ և կոպիտ տեսքով մի իսպանացի էր: Նրա առջև, ծածկոցի վրա ոլոռնով լեցուն երկու կաթսաներ կային: Երբ բժիշկը ներս մտավ, շնչարգելություն ունեցող հիվանդը անկողնու մեջ ցցված՝ դեպի ետ էր գցում գլուխը՝ աշխատելով արգելքների հանդիպած շնչառությունը վերագտնել:
Կինը ձեռքը լվանալու տաշտն էր բերում:
– Իսկ դուք, բժիշկ,– ասաց հիվանդը սրսկվելու ժամանակ,– տեսե՞լ եք՝ ինչպես են նրանք դուրս գալիս, հա՞:
– Առնետների մասին է,– ասաց կինը,– հարևանը երեք հատ է հավաքել:
Ծերուկը գոհունակությամբ ձեռքերն էր շփում:
– Նրանք դուրս են գալիս, բոլոր աղբարկղները լիքն են: Սովից է, սովը նրանց դուրս է մղում:
Այնուհետև Ռիեն հեշտությամբ հաստատեց, որ ամբողջ թաղամասը առնետների մասին է խոսում: Այցելություններն ավարտելուց հետո տուն վերադարձավ:
– Հեռագիր ունեք, վերևում է,– ասաց պարոն Միշելը:
Բժիշկը հարցրեց, թե նոր առնետներ երևացե՞լ էին:
– Ոչ,– պատասխանեց դռնապանը,– պահակ եմ կանգնել, հասկանո՞ւմ եք: Եվ այդ խոզերը չեն համարձակվում:
Հեռագիրը Ռիեին հաղորդում էր, որ հաջորդ առավոտյան գալիս էր մայրը՝ հիվանդի բացակայության ժամանակ որդու տնտեսությամբ զբաղվելու: Երբ բժիշկը տուն մտավ, բուժքույրն արդեն այնտեղ էր: Կինը ոտքի էր, հագնված և այտերը թեթև կարմրացրած: Բժիշկը ժպտաց նրան.
– Լավ է,– ասաց նա,– դու հրաշալի տեսք ունես:
Կայարանում նա կնոջը տեղավորեց ննջարան–վագոնում: Կինը նայեց չորս կողմը:
– Մեզ համար թանկ է, չէ՞:
– Այդպես է անհրաժեշտ,– ասաց Ռիեն:
– Այդ ինչ պատմություն է առնետների մասին:
– Չգիտեմ: Տարօրինակ է, բայց կանցնի:
Հետո բժիշկը արագ–արագ ներողություն խնդրեց, որ պարտավոր էր ավելի խնամել նրան, որ շատ անուշադիր էր եղել նրա նկատմամբ: Կինը գլուխն էր շարժում, հասկացնելով, որ լռի: Բայց բժիշկն ավելացրեց.
– Ամեն ինչ ավելի լավ է լինելու, երբ վերադառնաս: Ամեն ինչ սկզբից ենք սկսելու:
– Այո,– ասաց կինը փայլող աչքերով,– ամեն ինչ կվերսկսենք: Հետո նա ամուսնուց շուռ եկավ և սկսեց ապակու միջից դուրսը դիտել:
Կառամատույցում մարդիկ շտապում էին իրար հրելով: Լոկոմոտիվի հռնդյունը հասնում էր մինչև խցիկ: Բժիշկը քնքշությամբ կնոջ անունը տվեց, և երբ նա շուռ եկավ, Ռիեն տեսավ, որ նրա դեմքը արցունքներով էր ողողված:
– Պետք չէ,– ասաց բժիշկը մեղմ:
Արցունքների տակից երևաց մի քիչ լարված ժպիտը: Կինը խորունկ շնչեց.
– Այժմ գնա,– ասաց նա,– ամեն ինչ լավ կլինի:
Ռիեն նրան գրկում սեղմեց և դուրս եկավ, իսկ հետո, ներքևում ապակու մյուս կողմից միայն նրա ժպիտն էր տեսնում:
– Խնդրում եմ, սիրելիս,– ասաց նա,– պահպանիր քեզ:
Բայց կինը նրան այլևս լսել չէր կարող:
Կայարանի հրապարակի ելքի մոտ Ռիեն նշմարեց պարոն Օթոնին՝ ոստիկանության քննիչին, որն իր փոքր տղայի ձեռքն էր բռնել: Բժիշկը հարցրեց, թե արդյոք տե՞ղ է գնում: Երկարահասակ և սև հագած պարոն Օթոնը, նման մի մարդու, որին կիսով աշխարհիկ կյանքով ապրող, կիսով էլ թաղման գրասենյակի աշխատող կարելի էր անվանել, շատ սիրալիր, բայց կարճ պատասխանեց.
– Տիկին Օթոնին եմ դիմավորում, որ գնացել էր իմ ծնողներին իր հարգանքները մատուցելու:
Գնացքը սույլ արձակեց:
– Առնետները…,– ուզեց սկսել քննիչը:
Ռիեն շարժվեց գնացքի ուղղությամբ, բայց վերադարձավ մուտքի մոտ:
– Առնետները,– ասաց նա,– դատարկ բան է:
Միակ բանը, որ այդ պահից մնաց բժշկի հիշողության մեջ, մի երկաթուղային էր, որ թևի տակ սատկած առնետներով լեցուն մի տուփ էր տանում:
Նույն օրը կեսօրից հետո, հիվանդների ընդունելության ժամի սկզբին, Ռիեին ներկայացավ մի երիտասարդ, որի մասին նախօրոք ասել էին, որ լրագրող է և որ առավոտյան մի անգամ արդեն եկել էր: Նա իրեն Ռայմոն Ռամբեր անվանեց: Կարճահասակ էր, թիկնեղ, վճռական դեմքով, փայլուն և խելոք աչքերով: Ռամբերը հագել էր մարզական կարվածքով կոստյում և հեշտ կյանք ապրած մարդու տեսք ուներ: Նա ուղիղ նպատակին դիմեց: Փարիզյան մի մեծ թերթի համար հետաքրքրվում էր արաբների կյանքի պայմաններով և տեղեկություններ էր ուզում նրանց առողջապահական վիճակի մասին: Ռիեն ասաց, որ նրանց վիճակը լավ չէր: Բայց գնալուց առաջ ուզեց իմանալ, թե լրագրողը կարո՞ղ էր ճշմարտությունը գրել:
– Անշուշտ,– ասաց լրագրողը:
– Նկատի ունեմ,– ասաց բժիշկը,– կարո՞ղ եք ամբողջովին դատապարտել:
– Ամբողջովի՞ն, ոչ, պետք է խոստովանեմ,– ասաց լրագրողը,– բայց կարծում եմ, որ ամբողջական դատապարտումը հիմք չի ունենա:
Շատ մեղմ ձայնով Ռիեն ասաց, որ իսկապես, նման դատապարտումը անհիմն կլիներ, բայց հարցը այդպես դնելով նա ուզում էր իմանալ, արդյո՞ք Ռամբերի վկայությունը կարող էր անվերապահ լինել, թե ոչ:
– Ես միայն անվերապահ վկայություններն եմ ընդունում,– շարունակեց բժիշկը:– Հետևաբար իմ գիտելիքներով ձեր վկայությունները չեմ հաստատի:
– Դա Սեն–Ժյուստի լեզուն է,– աասց լրագրողը ժպտալով:
Առանց ձայնը բարձրացնելու Ռիեն ասաց, որ այդ մասին չգիտեր սակայն դա լեզուն էր մի մարդու, որ ձանձրացած էր իր ապրած աշխարհից, որ համակրում էր իր նմաններին և որոշել էր մերժել անարդարությունն ու զիջումները: Վիզը ուսերի մեջ քաշած Ռամբերը դիտում էր բժշկին:
– Կարծում եմ, որ ձեզ հասկացա,– ասաց նա վեր կենալով:
Բժիշկը ուղեկցեց նրան մինչև դուռը.
– Շնորհակալ եմ, որ դուք նման հայացք ունեք:
Ռամբերն անհամբերության նշաններ ցույց տվեց.
– Այո,– ասաց նա,– հասկանում եմ ձեզ, ներեցեք անհանգստացնելուս համար:
Բժիշկը սեղմեց նրա ձեռքը և ասաց, որ հնարավոր էր մի հետաքրքրական ռեպորտաժ կազմել այս օրերին քաղաքում ի հայտ եկած սատկած առնետների քանակի մասին:
– Ա՜հ,– բացականչեց Ռամբերը,– դա ինձ հետաքրքրում է:
Ժամը տասնյոթին, երբ բժիշկը դուրս էր գալիս նորից իր հիվանդներին այցելելու, սանդուղքների վրա հանդիպեց դեռևս երիտասարդ մի մարդու, որ լուրջ դիմագծեր ուներ, խոշոր և տգեղ դեմք, թավ հոնքեր: Բժիշկը նրան մի քանի անգամ հանդիպել էր իրենց մուտքի վերջին հարկաբաժնում ապրող իսպանացի պարողների մոտ: Ժան Տարրուն վարժ ձևով սիգարետ էր ծխում և դիտում էր մի առնետի հոգևարքը, որ սատկում էր սանդուղքի վրա, նրա ոտքերի առջև: Նա բժշկի վրա բարձրացրեց իր գորշ աչքերի հանգիստ հայացքը, բարևեց և ավելացրեց, որ առնետների ի հայտ գալը հետաքրքիր երևույթ է:
– Այո,– ասաց Ռիեն,– բայց արդեն մարդու նյարդերի վրա է ազդում:
– Որոշ իմաստով, բժիշկ, միայն որոշ տեսանկյունից: Մենք նման բան երբեք չենք տեսել, այդ է պատճառը: Բայց այս փաստը ես հետաքրքրական եմ համարում, այո, դրականապես հետաքրքրական:
Տարրուն գլխի վրա մատները սահեցնելով ետ տարավ մազերը և նորից նայեց առնետին, որ արդեն անշարժացել էր, հետո ժպտաց Ռիեին.
– Իսկ ճիշտն ասած, բժիշկ, դա դռնապանի գործն է, չէ՞:
Այդ խոսակցությունից անմիջապես հետո բժիշկը հանդիպեց դռնապանին, որ մուտքի մոտ հենված էր պատին: Նրա սովորաբար կարմիր դեմքը հոգնածութուն էր արտահայտում:
– Այո, գիտեմ,– ասաց ծեր Միշելը Ռիեին, որը նրա հետ սկսեց խոսել հենց նոր տեսածի մասին,– այժմ արդեն զույգ–զույգ, կամ երեք–երեք են գտնվում: Բայց բոլոր շենքերում նույն վիճակն է տիրում:
Նա զգետնված և մտահոգ տեսք ուներ, անգիտակից շարժումով վիզն էր քորում: Ռիեն հարցրեց առողջության մասին: Դռնապանը չէր կարող ասել, որ վատ է զգում, բայց կարծես մի տեսակ էր: Ըստ իրեն՝ պարտականության գիտակցությունն էր ճնշում: Այս առնետները նրան ուժեղ հարված էին հասցրել, և ամեն ինչ լավ էր լինելու, երբ դրանք անհետանային:
Բայց հաջորդ առավոտյան, ապրիլի տասնութին, երբ բժիշկը կայարանից մորն էր բերում, պարոն Միշելին գտավ ավելի ընկճված: Նկուղից առաստաղ, սանդուղքների վրա տասնյակ առնետներ էին սփռված: Հարևան շենքերի աղբարկղները լեցուն էին սատկած առնետներով: Բժշկի մայրն այդ լուրը լսեց առանց զարմանքի:
– Նման բաներ պատահում են,– ասաց նա:
Նա փոքրամարմին կին էր, արծաթած մազերով, սև աչքերով ու մեղմ հայացքով:
– Ուրախ եմ քեզ վերստին տեսնելուս համար, Բեռնար,– շարունակեց նա,– դրա դեմ առնետները ոչինչ անել չեն կարող:
Բժիշկը հաստատեց նրա ասածը։ Ճիշտ է, մոր հետ ամեն ինչ միշտ ավելի հեշտ էր թվում:
Այսուհանդերձ Ռիեն զանգահարեց առնետների դեմ պայքարող կոմունալ սպասարկության գրասենյակ, որի տնօրենին ճանաչում էր: Նա տեղյա՞կ էր արդյոք բաց օդում մահացող մեծ թվով առնետների մասին: Մերսիեն, տնօրենը, լսել էր, հենց իր գրասենյակում էլ, որ ծովափից հեռու չէր, հիսունի չափ հայտնաբերել էին: Միայն կասկածում էր, արդյոք լուրջ բան էր տեղի ունենում: Ռիեն ասաց, որ չի կարող որոշել, բայց կարծում է, որ հակաառնետային սպասարկությունը պարտավոր է գործին միջամտել:
– Այո,– պատասխանեց Մերսիեն,– բայց հրաման պետք է լինի: Եթե կարծում ես, որ արժե զբաղվել, կփորձեմ հրաման ստանալ:
– Միշտ էլ արժե զբաղվել,– ասաց Ռիեն:
Բժշկի սպասուհին քիչ առաջ ասել էր, որ իր ամուսնու աշխատած գործարանում հարյուրավոր սատկած առնետներ էին հավաքել:
Մոտավորապես այս ժամանակաշրջանում էր, որ մեր համաքաղաքացիներն սկսեցին մտահոգվել, որովհետև ամսի տասնութից սկսած գործարաններն ու պահեստները լցվեցին հարյուրավոր առնետների դիակներով: Որոշ դեպքերում ստիպված էին սպանել անասուններին, որոնց հոգևարքը երկար էր տևում: Բայց ծայրամասային թաղամասերից մինչև քաղաքի կենտրոնը, ամեն տեղ, որտեղից բժիշկ Ռիեն անցնում էր, այն բոլոր տեղերում, ուր մեր համաքաղաքացիները հավաքվում էին, առնետները կույտերով լցված էին աղբարկղներում, կամ երկար շարքերով շարված առվակների մեջ: Այդ օրվանից երեկոյան մամուլը զբաղվեց դրանով, հարց տալով, արդյո՞ք քաղաքապետարանը,– այո, կամ ոչ,– պատրաստվո՞ւմ էր տեղից շարժվել, և ի՞նչ շտապ ձեռնարկումներ էր նախատեսում՝ ապահովելու համար իր ենթականերին այդ զզվելի հարձակման դեմ: Քաղաքապետարանը ոչինչ չէր նախատեսել և բացարձակապես ոչինչ չէր ձեռնարկել, բայց սկսեց ժողով գումարել հարցը քննարկելու համար։ Հակաառնետային սպասարկությանը հրաման տրվեց ամեն օր, արշալույսին հավաքել սատկած առնետները: Հավաքելուց հետո քաղաքապետարանի երկու ավտոմեքենա անասուններին պետք է տանեին աղբակիզման կայան՝ նրանց ևս այրելու համար:
Բայց հաջորդող օրերին դրությունն ավելի լրջացավ։ Հավաքված կրծողների թիվը գնալով մեծանում էր, և յուրաքանչյուր առավոտ հունձքն ավելի առատ էր լինում: Չորրորդ օրվանից առնետները սատկելու համար սկսեցին խմբերով դուրս գալ: Խորշերից, նկուղներից, շտեմարաններից, կոյուղիներից երկար երերացող շարքերով նրանք դուրս էին գալիս, լույսի տակ դողդողում, իրենք իրենց շուրջը պտտվում էին ու սատկում մարդկանց աչքի առջև: Գիշերը նրբանցքներում ու նեղլիկ փողոցներում հստակորեն լսվում էին նրանց ցավ արտահայտող ցածր ճիչերը: Առավոտյան, արվարձաններում կարելի էր նրանց տեսնել առվակում պառկած՝ արյան փոքր շիթը սուր դնչերի վրա, մի մասը ուռած և նեխած, ուրիշները՝ դեռևս սուր բեղիկներով փայտացած: Նույնիսկ քաղաքի կենտրոնում, սանդուղքների վրա կամ բակերում կարելի էր հանդիպել նրանց կույտերին: Նրանք առանձին–առանձին գալիս էին սատկելու վարչական գրասենյակներում, դպրոցների զբոսասրահներում, երբեմն նույնիսկ սրճարանների պատշգամբներում: Մեր ապշած համաքաղաքացիները նրանց գտնում էին քաղաքի նույնիսկ ամենամարդաշատ վայրերում: Նրանք հայտնվում էին Զենքի հրապարակում, ծառուղիներում, ծովափնյա զբոսավայրերում: Առավոտ կանուխ սատկած անասուններից մաքրված քաղաքը, օրվա ընթացքում, կամաց–կամաց նորից լցվում էր գնալով բազմաթիվ դարձող այդ անասուններով: Պատահում էր, որ գիշերային զբոսնողը մայթի վրա, ոտքերի տակ զգար դեռևս թարմ դիակի առաձգական զանգվածը: Կարելի էր ասել, որ նույնիսկ հողը, որի վրա մեր տներն էին կառուցված, մաքրվում էր խոնավության իր բեռից, թողնում էր մակերես բարձրանալ ուռուցքներ և թարախ, որոնք մինչ այդ այնտեղ փակված էին գործում: Պատկերացրեք մեր քաղաքի զարմանքը, մինչև այդ այնքան խաղաղ, մի քանի օրում հանկարծ փոթորկվել էր, նման շատ առողջ մարդու, որի արդեն թանձրացած արյունը մի հարվածով ապստամբել էր:
Գործերն այնքան հեռու գնացին, որ Ռանսդոկ գործակալությունը (լուրեր, փաստագրություններ, ամեն տեսակ տեղեկություններ) վերջին լուրերի իր ձրի ռադիոհաղորդման ժամին տեղեկացրեց, որ միայն ամսի տասնհինգի ընթացքում հավաքվել ու հրկիզվել է հազար երկու հարյուր երեսունմեկ առնետ: Այս թիվը, որ հստակ պատկերացում էր տալիս քաղաքի աչքի առջև տեղի ունեցող ամենօրյա տեսարանի մասին, ավելացրեց խառնաշփոթը: Մինչ այդ մի քիչ տհաճ այս երևույթի մասին սոսկ բողոքում էին: Այժմ մարդիկ տեսան, որ այս երևույթը, որի ոչ տարողությունը կարող էին ճշգրտել, ոչ էլ աղբյուրը բացահայտել, սպառնալիք ուներ իր մեջ: Միայն շնչարգելությամբ տառապող մեր իսպանացին շարունակում էր ձեռքերը շփել ու կրկնել ծերունական հաճույքով. «Դուրս են գալիս, դուրս են գալիս»:
Ապրիլի քսանութին Ռանսդոկի հաղորդմամբ հավաքվել էր շուրջ վեց հազար առնետ, քաղաքում մտահոգությունը հասավ գագաթնակետին: Մարդիկ արմատական միջոցառումներ էին պահանջում, մեղադրում էին իշխանություններին, իսկ ծովեզրում բնակարան ունեցողներն արդեն խոսում էին այնտեղ քաշվելու մասին: Բայց հաջորդ օրը գործակալությունը հադորդեց, որ այդ երևույթը հանկարծակի դադարել է, և հակաառնետային գրասենյակը արհամարհելի թվով սատկած առնետներ է հավաքել: Քաղաքը շնչեց:
Սակայն նույն օրը, կեսօրին, երբ բժիշկ Ռիեն իր ավտոմեքենան կանգնեցրեց իրենց շենքի առջև, փողոցի ծայրին տեսավ գլուխը կախ, թևերն ու ոտքերը իրարից հեռացրած խամաճիկի նման դժվարությամբ առաջացող դռնապանին: Ծերուկը բռնել էր մի կրոնավորի թևը, որին բժիշկը ճանաչում էր: Հայր Պանլուն շատ զարգացած ու մարտական մի ճիզվիտ էր, որին երբեմն հանդիպում էր: Նա մեծ հարգանք էր վայելում քաղաքում նույնիսկ նրանց կողմից, ովքեր կրոնական հարցերի նկատմամբ անտարբեր էին: Բժիշկը սպասեց նրանց: Ծերուկ Միշելի աչքերը փայլում էին, նա շնչելիս կարծես սուլում էր: Իրեն լավ չէր զգացել և ուզեցել էր մաքուր օդ շնչել: Բայց վզի, անութների և աճուկների սուր ցավերը նրան ստիպել էին վերադառնալ ու հայր Պանլուի օգնությունը խնդրել:
– Ուռուցքներից է, շատ ցավ է պատճառում,– ասաց նա,– մեծ ճիգ պետք է գործ դնեմ շարժվելու համար:
Բժիշկը ձեռքը մեքենայից դուրս հանելով՝ մատներով շոշափեց Միշելի վզարմատը, որ վերջինս մեկնել էր նրան. «Այնտեղ կարծես փայտացած մի հանգույց է գոյացել»:
– Պառկեք և ձեր ջերմությունը չափեք, կեսօրից հետո կգամ նայելու,– ասաց նա:
Դռնապանի մեկնելուց հետո Ռիեն հայր Պանլուին հարցրեց, թե ի՞նչ է մտածում առնետների այս պատմության մասին:
– Հավանաբար համաճարակ է,– պատասխանեց կրոնավորը, և նրա աչքերը կլոր ակնոցի հետևում ժպտացին:
Նախաճաշից հետո Ռիեն մի անգամ ևս կարդում էր բուժարանից ստացված հեռագիրը, որ հաղորդում էր կնոջ տեղ հասնելու մասին, երբ հեռախոսը զնգաց: Իր հին հիվանդներից մեկն էր, քաղաքապետարանի մի պայշտոնյա, որ իրեն էր կանչում: Երկար ժամանակ էր, ինչ այդ հիվանդը տառապում էր քներակի կծկումից: Որպես աղքատի, բժիշկը նրան ձրի էր բուժում:
– Այո, ես եմ, ուրախ եմ, որ ինձ հիշեցիք,– ասաց նա,– բայց ուրիշի համար եմ զանգ տալիս: Արագ այստեղ եկեք, բժիշկ, իմ հարևանին ինչ–որ բան է պատահել:
Նրա ձայնը խեղդվում էր: Ռիեն հիշեց դռնապանին տված խոստումը և որոշեց նրա մոտ ավելի ուշ գնալ: Մի քանի րոպե հետո նա մտնում էր հեռավոր թաղամասում Ֆեդերբ փողոցի ցածր շենքերից մեկի դռնով: Սանդուղքների վրա նա հանդիպեց Ժոզեֆ Գրանին, պաշտոնյային, որ դուրս էր եկել իրեն դիմավորելու: Հիսունին մոտ մի մարդ էր նա, շեկ բեղերով, երկարահասակ, ծռված, նեղ ուսերով և նիհար կազմվածքով:
– Այժմ ավելի լավ է,– ասաց նա Ռիեին դիմելով,– բայց կարծեցի, մեռնում է:
Նա քիթը սրբեց: Երրորդ և վերջին հարկում, ձախ կողմի դռանը Ռիեն կարդաց կարմիր կավիճով գրվածը.
– Մտեք, ես ինձ կախել եմ:
Նրանք ներս մտան: Պարանը կապված էր կախիչից՝ շուռ տված մի աթոռի վերևում, սեղանը անկյուն էր քշված: Պարանը դատարկության մեջ էր:
– Ճիշտ ժամանակին նրան ցած բերեցի,– ասաց Գրանը, որ խոսելիս կարծես միշտ ասելիք բառերն էր փնտրում, թեև շատ պարզ լեզվով էր խոսում:
– Այդ պահին տնից դուրս էի գալիս և աղմուկ լսեցի: Երբ գրությունը կարդացի, ինչպե՞ս բացատրել ձեզ, մտածեցի, որ կատակ է անում, բայց ներսից տարօրինակ հեծեծանք լսվեց, որ, կարելի է ասել, նույնիսկ չարագուշակ էր:
Խոսելիս նա գլուխն էր քորում:
– Երևի շատ ցավ պատճառող մի գործողություն է կախվելը: Բնականաբար ներս մտա:
Նրանք հրելով բացել էին դուռը և լուսավոր, բայց վատ կահավորված մի սենյակի մուտքին էին: Փոքրամարմին, կլոր մի մարդ պառկած էր պղնձե մահճակալին: Նա ծանր էր շնչում և նրանց էր նայում արյունոտած աչքերով: Բժիշկը կանգ առավ: Հիվանդի շնչառության արանքներում նա կարծես առնետների ցածր ճիչեր էր լսում: Բայց անկյուններում ոչ մի բան չէր շարժվում: Ռիեն մոտացավ մահճակալին: Մարդն այնքան էլ բարձրից չէր ընկել, և քանի որ անկումը հանկարծակի չէր եղել, ողնաշարը դիմացել էր: Պարզ էր, մի փոքր շնչարգելություն ուներ: Անհրաժեշտ էր ռադիոնկար ունենալ: Բժիշկը կամֆորա սրսկեց և ասաց, որ մի քանի օրից ամեն ինչ կարգի կընկնի:
– Շնորհակալ եմ, բժիշկ,– ասաց մարդը խեղդված ձայնով:
Ռիեն հարցրեց Գրանին, թե ոստիկանությանը հայտնե՞լ է, և պաշտոնյան գլուխը կախեց.
– Ոչ,– ասաց նա,– դեռ ոչ, ինձ թվաց, որ անհրաժեշտ է ավելի շտապ ձեզ…
– Անկասկած,– նրա խոսքը կտրեց Ռիեն,– ուրեմն ես կանեմ:
Բայց այդ պահին հիվանդը շարժվեց, անկողնում ուղղվեց և բողոքեց, որ այժմ ավելի լավ է զգում և նրանց անհանգստացնել չարժե:
– Հանգստացեք,– ասաց Ռիեն,– դատարկ բան է, հավատացեք ինձ, իսկ ես պարտավոր եմ հայտնել:
– Օ՜հ,– հուսահատ ձայն տվեց հիվանդը:
Նա իրեն գցեց անկողնին և ցածր հեկեկոցով սկսեց լաց լինել: Գրանը, որ արդեն բեղն էր հարդարում, մոտեցավ նրան:
– Դե լավ, պարոն Քոթար,– ասաց նա,– փորձեցեք հասկանալ: Չէ՞ որ բժիշկը պատասխանատու է: Եթե, օրինակ, նորից կրկնելու ցանկություն ունենաք:
Քոթարը արցունքների մեջ ասաց, որ նորից չի անի, որ դա թուլության մի պահ էր, իսկ այժմ ցանկանում է միայն, որ իրեն հանգիստ թողնեն: Ռիեն դեղատոմս գրեց:
– Լավ,– ասաց նա,– այդ մասին չխոսենք: Երկու կամ երեք օրից նորից կգամ: Բայց հիմարություններ մի արեք:
Սանդուղքի գլխին նա Գրանին ասաց, որ ինքն ստիպված է ոստիկանությանը հայտնել, բայց կոմիսարից կխնդրի հարցաքննությունը անել երկու օր հետո:
– Այս գիշեր պետք է հսկել,– ավելացրեց նա,– ընտանիք ունի՞:
– Կնոջը չեմ ճանաչում, բայց ինքս կարող եմ հսկել:– Նա բացասաբար գլուխն օրորեց.
– Նույնիսկ իրեն, նկատի ունեցեք, չեմ կարող ասել, որ լավ եմ ճանաչում: Բայց իրար օգնել պետք է:
Ռիեն բնազդաբար միջանցքի անկյուններին էր նայում և Գրանին հարցրեց, արդյո՞ք առնետները լրիվ անհետացել են թաղամասից: Պաշտոնյան այդ մասին ոչինչ չգիտեր: Իրականում, այդ մասին նրա հետ խոսել էին, բայց նա թաղամասի անկարևոր խոսակցություններին ուշադրություն չէր դարձնում:
– Ես ուրիշ մտահոգություններ ունեմ,– ասաց նա:
Ռիեն սեղմեց նրա ձեռքը: Նա շտապում էր նախ դռնապանին տեսնել, հետո կնոջը նամակ գրել:
Երեկոյան թերթավաճառները հաղորդեցին, որ առնետների արշավը կասեցված էր: Ռիեն հիվանդին գտավ կիսով անկողնից դուրս ընկած: Մի ձեռքը ստամոքսի վրա, մյուսը՝ վզի շուրջը, նա մեծ տանջանքով վարդագույն մի մաղձ էր փսխում կեղտամանի մեջ: Երեսունինը և կես աստիճան ջերմություն ուներ, վզի ուռուցքները և անդամները փքվել էին, սևին տվող երկու բծեր գնալով լայնանում էին նրա կողերի վրա: Այժմ նա գանգատվում էր ներքին ցավերից:
Նրա սևացած բերանը բառերը ծամում էր, և նա բժշկի վրա դարձրեց իր գնդիկաձև աչքերը, ուր գլխացավը արցունքներ էր լցնում: Նրա կինը մտահոգ դիտում էր Ռիեին, որ լսում էր:
– Բժիշկ,– հարցրեց ան,– ինչ է պատահում նրան:
– Ինչ ասես կարող է լինել, բայց առայժմ ոչ մի բանի վրա վստահ չեմ: Այս գիշեր պետք է դիետա պաշտպանի և լուծողական խմի: Թող շատ ջուր խմի:
Եվ իսկապես, դռնապանը ծարավից տոչորվում էր:
Տուն վերադառնալուց հետո Ռիեն զանգահարեց իր պաշտոնակից, քաղաքի ամենահայտնի բժիշկներից մեկին, Ռիշարին:
– Ոչ,– պատասխանեց Ռիշարը,– վերջին ժամանակներս ոչ մի արտակարգ դեպք չեմ նկատել:
– Տևական բարձր ջերմությունով ոչ մի դե՞պք:
– Ահ, այո, ուռուցքի երկու դեպք, բարձր ջերմությամբ:
– Անբնակա՞ն ձևով:
– Ի՜նչ,– հարցրեց Ռիշարը,– բնականը, գիտե՞ք ինչ…
Այսպես, թե այնպես, փաստն այն էր, որ դռնապանը երեկոյան քառասուն աստիճան ջերմության մեջ զառանցում էր և առնետներից էր գանգատվում: Ռիեն փորձեց թարախապալարը բացել: Տերեբենթինի այրվածքի տակ դռնապանը ոռնաց. «Ա՜հ, խոզեր»:
Կարծր և փայտացած ուռուցքներն ավելի էին մեծացել: Դռնապանի կինը իրեն կորցնում էր.
– Ուշադիր հսկեք,– ասաց բժիշկը,– և կարիքի դեպքում կանչեք ինձ:
Հաջորդ օրը, ապրիլի երեսունին, մի զով զեփյուռ էր փչում կապույտ և խոնավ երկնքում: Այն իր հետ բերում էր ամենահեռավոր արվարձանների ծաղիկների բույրը: Առավոտյան աղմուկը փողոցներն ավելի կենդանի, սովորականից ավելի ուրախ դարձրեց: Մեր ամբողջ փոքր քաղաքի համար, ազատված լուռ, չխոստովանված երկյուղից, որի մեջ ապրել էր ամբողջ շաբաթը, այսօր վերածննդի օր էր կարծես: Ռիեն ինքն էլ, որ լավատեսական տրամադրության մեջ էր կնոջից ստացած նամակի պատճառով, թեթևության զգացումով իջավ դռնապանի մոտ: Եվ իսկապես, առավոտյան, հիվանդի ջերմությունն իջել էր երեսունութ աստիճանի: Ուժասպառ հիվանդն անկողնում ժպտում էր:
– Դեպի լավն է գնում, չէ՞, բժիշկ,– ասաց կինը:
– Մի քիչ էլ սպասենք,– պատասխանեց բժիշկը:
Սակայն կեսօրին ջերմությունը մի հարվածով քառասուն աստիճանի բարձրացավ։ Հիվանդն անընդհատ զառանցում էր, փսխուքը վերսկսել էր: Վզի ուռուցքը դիպչելիս շատ ցավոտ էր, և դռնապանը կարծես աշխատում էր հնարավորին չափ գլուխը մարմնից հեռու պահել: Կինը նստել էր մահճակալի ոտքերի մոտ, ծածկոցի վրայից մեղմորեն բռնել էր հիվանդի ոտքը: Աղերսող հայացքով նայում էր Ռիեին:
– Լսեցեք,– ասաց բժիշկը,– անհրաժեշտ է նրան առանձնացնել և հատուկ բուժում փորձել: Ես հիմա հիվանդանոց կզանգահարեմ և նրան շտապօգնության մեքենայով կտեղափոխենք:
Երկու ժամ հետո մեքենայի մեջ բժիշկն ու կինը հակվեցին հիվանդի վրա: Նրա այտուցված բերանից անհասկանալի բառեր էին դուրս թափվում. «Առնետները»,– ասում էր նա: Մոմված կանաչավուն շրթներով, կոպերը պինդ փակ, շնչառությունը ընդհատ և կարճ, ուռուցքներից կիսամեռ, թախտի մի անկյունում կծկված, կարծես ուզում էր տակը մտնել, ասես ինչ–որ բան գետնի խորքերից անդադար նրան էր կանչում: Դռնապանը խեղդվում էր անտեսանելի մի ծանրության տակ: Կինը լաց էր լինում:
– Ուրեմն այլևս ոչ մի հույս չկա, բժիշկ,– հարցրեց կինը:
– Նա արդեն մահացել է,– պատասխանեց բժիշկը:
* * *
Դռնապանի մահը, կարելի է ասել, շփոթության նշաններով լեցուն առաջին շրջանի վախճանը եղավ, նույն ժամանակ այն եղավ երկրորդ շրջանի սկիզբը, որ հարաբերականորեն ավելի դժվար էր, որովհետև առաջին օրերի անակնկալը քիչ առ քիչ փոխվեց խուճապի: Մեր համաքաղաքացիները, որոնք այժմ արդեն իրենց վիճակի պատկերացումն ունեին, երբեք չէին կարող մտածել, որ հատկապես մեր փոքրիկ քաղաքը կարող էր կանխորոշված մի վայր լինել, որտեղ առնետները սատկեին արևի տակ և որտեղ դռնապանները մահանային տարօրինակ հիվանդություններից: Այդ տեսակետից նրանք սխալվում էին, և նրանց նման մտածողությունը վերանայման կարիք ուներ: Եթե դեպքերն այդ կետի վրա կանգ առնեին, սովորույթներն անկասկած հաղթանակ տարած կլինեին: Բայց մեր համաքաղաքացիների մի մասը, որ անպայմանորեն դռնապան չէր, ոչ էլ աղքատ, ստիպված եղավ հետևել այն ճանապարհին, որով առաջինն անցել էր պարոն Միշելը: Այդ պահից էլ սկսվեց վախը ու վախի հետ նաև՝ լուրջ մտահոգությունը:
Սակայն այս նոր երևույթների մանրամասնությունների մեջ մտնելուց առաջ պատմիչը օգտակար է համարում նկարագրված ժամանակի մասին տալ մեկ ուրիշի վկայությունը: Ժան Տարրուն, որին այս պատմության սկզբում արդեն հանդիպել ենք, մի քանի շաբաթ առաջ եկել էր Օրան և այդ ժամանակվանից էլ ապրում էր քաղաքի կենտրոնական մեծ հյուրանոցներից մեկում: Երևութապես նա շատ հեշտ կյանք էր վարում շնորհիվ իր եկամուտների: Բայց հակառակ այն փաստին, որ քաղաքը կամաց–կամաց սովորել էր նրան, ոչ ոք չէր կարող ասել, թե որտեղից էր զալիս նա, կամ ինչու էր եկել այստեղ: Նրան կարելի էր հանդիպել հասարակական բոլոր վայրերում: Գարնան սկզբից նա հաճախ լինում էր ծովափում և ցուցադրաբար երկար ժամանակ լողում էր: Բարեհոգի, միշտ ժպտերես, թվում էր, թե նա բարեկամ է բոլոր բնական հաճույքներին, առանց սակայն դրանց ստրուկը դառնալու: Իրականում նրա ունեցած միակ սովորույթը հաճախակի այցելություններն էին իսպանացի պարողներին և երաժիշտներին, որոնք բավականին շատ էին մեր քաղաքում:
Նրա ծոցատետրերը, բոլոր դեպքերում, այդ դժվար շրջանի յուրատեսակ ժամանակագրությունն Են: Բայց խոսքը շատ առանձնահատուկ մի ժամանակագրության մասին է, որ ունի նաև աննշան կողմնապահություն: Առաջին հայացքից կարելի էր կարծել, որ Տարրուն խորամանկորեն մարդկանց և իրերը դիտել է հեռադիտակի հակառակ կողմից: Ընդհանուր խառնաշփոթի մեջ նա փորձել է պատմիչը դառնալ այն բոլոր բաների, որոնք պատմություն չունեին: Կարելի է ցավել այս կողմնապահության համար և այնտեղ տեսնել չորսրտություն: Բայց դրանից չի հետևում, որ այդ ծոցատետրերը տվյալ ժամանակաշրջանի ժամանակագրի համար չեն կարող հայթայթել երկրորդական բազմաթիվ մանրամասնություններ, որոնք անկասկած իրենց կարևորությունն ունեն և որոնց տարօրինակությունն իսկ արգելում է արագ դատավճիռ կայացնել այս հետաքրքրական անձնավորության մասին:
Ժան Տարրուի հուշագրություններն սկսվում են նրա՝ Օրան հասնելու հետ: Հենց սկզբից տետրերը ի հայտ են բերում Տարրուի հետաքրքրական բավականությունը այդքան տգեղ մի քաղաքում լինելու առթիվ: Այնտեղ կարելի է գտնել մանրամասն նկարագրությունը բրոնզե երկու առյուծների, որոնք զարդարում են քաղաքապետարանը, բարեհոգի դատողություններ՝ ծառերի բացակայության, անպատվաբեր տների առատության և քաղաքի անհեթեթ պլանի մասին: Իր գրառումներում Տարրուն տեղ է տալիս տրամվայներում և փողոցներում լսած երկխոսություններին առանց դրանք մեկնաբանելու: Քան կոչված մի անձնավորության մասին եղած խոսակցություններից Տարրուն ներկա էր եղել տրամվայի երկու տոմսավաճառների զրույցին.
– Դու Քանին լավ էիր ճանաչում, չէ՞,– հարցրեց նրանցից մեկը:
– Քանի՞ն: Խոշորակազմ, սև բեղերով, հա՞:
– Հենց նա: Սլաքավար էր:
– Այո, իհարկե, ճանաչում եմ:
– Դե, իմացիր, մահացել է:
– Ի՞նչ ես ասում, ե՞րբ:
– Առնետների պատմությունից հետո:
– Այ քեզ բան: Եվ ինչի՞ց է մահացել:
– Չգիտեմ։ Մի տեսակ ջերմություն է ունեցել: Նա այնքան էլ առողջ չէր: Թևերի տակ թարախակույտեր են եղել: Չի դիմացել:
– Բայց կարծես սովորական տեսք ուներ, բոլոր մարդկանց նման էր:
– Ոչ, թույլ էին թոքերը, և դեռ քաղաքային փողային նվագախմբում էլ նվագում էր: Անընդհատ փող փչելը մաշեցնում է:
– Էհ,– ավարտեց երկրորդը,– երբ հիվանդ են թոքերդ, պետք չէ անընդհատ վաղ փչես:
Այս զրույցը գրի առնելուց հետո Տարրուն հարց է տալիս, թե ինչո՞ւ Քանը ընդունվել էր փողային նվագախումբ, հակառակ այդ գործի այդքան բացահայտ վնասակարությանը, և որո՞նք էին այն խորը պատճառները, որ նրան առաջնորդել էին կյանքը վտանգելու, որպեսզի կիրակի օրերը նվագելով անցներ քաղաքի փողոցներով:
Այնուհետև, թվում է, թե Տարրուն դրականորեն է տպավորվել մի տեսարանով, որ հաճախ կրկնվում էր նրա լուսամուտի դիմացի պատշգամբում: Նրա սենյակը գտնվում էր մի կողմնակի փոքր փողոցի վրա, որտեղ կատուները քնում էին պատերի ստվերում: Ամեն օր, նախաճաշից հետո, այն ժամերին, երբ ամբողջ քաղաքը տոթից ննջում էր, մի փոքրամարմին ծերունի էր երևում փողոցի մյուս կողմի շենքի պատշգամբում: Նա սպիտակ և լավ սանրված մազեր ուներ, ուղիղ և ձիգ էր զինվորական համազգեստի նման կարված իր հագուստի մեջ: Նա կատուներին կանչում էր ցածր ու քաղցր ձայնով. «Փիսո՜, Փիսո՜»: Կատուները բարձրացնում էին քնից անգունացած իրենց աչքերը՝ առանց տեղներից շարժվելու: Ծերուկը թղթի կտորներ էր պատառոտում ու փողոց թափում: Կատուներն սպիտակ թիթեռների անձրևից խաբված առաջանում էին դեպի փողոցի կենտրոնը թաթիկները վարանոտ մեկնելով թղթի վերջին կտորտանքին: Այդ ժամանակ ծերուկը ուժով և ճշգրտությամբ թքում էր կատուների վրա: Եթե նրա թուքը հասնում էր նպատակին, նա բարձր ծիծաղում էր:
Ի վերջո թվում է, որ Տարրուն վերջնականապես հմայվել էր քաղաքի առևտրական նկարագրով, որի տեսքը, աշխուժությունը և նույնիսկ հաճույքները կարծես ապսպրված լինեին առևտրի անհրաժեշտությամբ: Այս առանձնահատկությունը (ծոցատետրերում այդ տերմինն է օգտագործված) Տարրուի հավանությանն էր արԺանացել, և նրա գովերգություններից մեկը նույնիսկ ավարտվում էր հետևյալ բացականչությամբ՝ «վերջապե՜ս»: Դրանք այն մասերն են, երբ ճանապարհորդի նոթագրությունները կարծես ստանում են զուտ անհատական բնույթ: Պարզապես դժվար է գնահատել դրանց իմաստն ու լրջությունը: Եվ այսպես, պատմելուց հետո, որ սատկած առնետի գտնվելը հյուրանոցի գանձապահին մղել էր սխալվել իր հաշիվներում, Տարրուն ավելացրել էր մի հատված, որ սովորականից նվազ հստակ էր. «Հարց. ի՞նչ պետք է անել ժամանակի զգացողությունը չկորցնելու համար: Պատասխան, զգալ ժամանակը նրա ամբողջ ընթացքում: Միջոցներ. օրեր անցկացնել ատամնաբույժի ընդունարանում, անհարմարավետ մի աթոռի վրա. կիրակնօրյա հետմիջօրեն անցկացնել սեփական պատշգամբում, զեկուցումներ լսել մի լեզվով, որ չես հասկանում, երկաթուղու ուղեցույցից ընտրել ամենաերկար և ամենաանհանգստավետ երթուղիները և, բնականաբար, ճանապարհորդել ոտքի վրա. հերթ կանգնել թատրոնների դրամարկղների առջև և ներկայացմանը չգնալ, և այլն»: Բայց լեզվի և մտածողության այս ծայրահեղություններից հետո ծոցատետրերը սկսում են մանրամասնորեն նկարագրել մեր քաղաքի տրամվայները, նրանց նավակի նմանողությունն ու կառուցվածքը, անորոշ գույնը, նրանց սովորական կեղտոտությունը, և այդ նկատառումները ավարտել «նշանավո՜ր է» խոսքով, որ ոչինչ չի բացատրում:
Բոլոր դեպքերում ահավասիկ այն գրառումները, որ Տարրուն արել է առնետների պատմության մասին:
«Դիմացի փոքրիկ ծերուկն այսօր անտրամադիր է: Կատուները չկան: Անհանգստացած փողոցներում գտնված բազմաթիվ սատկած առնետներից՝ նրանք իսկապես անհետացել են: Ես կարծում եմ, որ կատուները սատկած առնետներ չեն ուտում, դա չի կարող պատահել: Հիշում եմ, իմ կատուներն ատում էին դրանց, թեև դա չի խանգարում, որ նրանք վազեն դեպի շտեմարանները, ու փոքրիկ ծերուկը անտրամադիր լինի: Նա այնքան էլ լավ սանրված չէ, և տեսքն էլ պակաս առողջ է: Մտահոգ է թվում: Կարճ ժամանակ մնաց պատշգամբում և սենյակ վերադարձավ: Սակայն գնալուց առաջ մի անգամ թքեց դատարկության մեջ:
Քաղաքում այսօր մի տրամվայ կանգնեցրին, որովհետև մեջը սատկած առնետ էին գտել, չգիտես որտեղից էր այնտեղ ընկել: Երկու կամ երեք կին ցած իջան: Առնետը դուրս շպրտեցին: Տրամվայը ճանապարհը շարունակեց:
Հյուրանոցի գիշերային հերթապահը, վստահության արԺանի մի մարդ, ինձ ասաց, որ առնետների պատճառով ինքը դժբախտություն է սպասում: «Երբ առնետները լքում են նավը…»: Նրան պատասխանեցին, որ դա կարող է ճիշտ լինել նավերի դեպքում, բայց դեռևս ստուգված չէ քաղաքների համար: Սակայն հնարավոր չեղավ նրան տարհամոզել: Հարցրի, թե ի՞նչ դժբախտություն կարելի է սպասել: Նա չգիտեր, որովհետև հնարավոր չէր դժբախտությունը կանխատեսել: Բայց չէր զարմանա, եթե երկրաշարժ լիներ: Ընդունեցի, որ դա հնարավոր էր, և նա հարցրեց, թե դա ինձ չէ՞ր մտահոգում:
– Միակ բանը, որ հետաքրքրում է ինձ,– պատասխանեցի նրան,– ներքին խաղաղությունը գտնելն է:
Նա ինձ լրիվ հասկացավ:
Հյուրանոցի ռեստորանում շատ հետաքրքրական մի ընտանիք կա: Հայրը բարձրահասակ ու նիհար մարդ է, հագին՝ կարծր օձիքով վերնաշապիկ և սև կոստյում: Գանգի կենտրոնը ճաղատ է, մոխրագույն մազի երկու փնջեր կան գլխի աջին և ձախին: Կլոր և խիստ փոքր աչքեր ունի, նուրբ քիթ, հորիզոնական բերան, որը նրան տալիս է լավ դաստիարակված բուի տեսք: Միշտ առաջինն է հասնում ռեստորանի դռանը, այնտեղ մի կողմ է քաշվում, ճանապարհ տալով փոքրամարմին, սև մկնանման կնոջը, հետո ինքն է անցնում, այնուհետև գալիս են մի փոքրիկ տղա և մի փոքրիկ աղջնակ, որոնք հագնված են գիտուն շնիկների նման: Սեղանին հասնելով՝ ամուսինը սպասում է, որ կինը տեղը գրավի, այնուհետև ինքն է նստում, հետո միայն երկու շնիկները կարող են իրենց աթոռներին թառել: Նա «Դուք»–ով է դիմում կնոջն ու երեխաներին, կնոջ հետ քաղաքավարի սրամտություններ ու կատակներ է անում, ժառանգների հետ վերջնական ու անվիճելի են նրա խոսքերը:
«Նիկոլ, ձեր տեսքը վերին աստիճանի անհամակրելի է»:
Եվ փոքրիկ աղջիկը պատրաստ է լաց լինել: Այդպես էլ պետք է:
Այս առավոտ փոքրիկ տղան շատ էր հուզված առնետների պատմությունից: Նա ուզում էր այդ մասին ինչ–որ բան ասել սեղանի մոտ.
– Ճաշի ժամանակ առնետների մասին չեն խոսում, Ֆիլիպ: Այսուհետև արգելում եմ այդ բառը արտասանել:
– Ձեր հայրն իրավացի է,– ասաց սև մուկը:
Երկու շնիկները քթները կոխեցին իրենց ափսեների մեջ, իսկ բուն գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց կնոջը, որ այդպես կարճ էր կապել։ Հակառակ այս գեղեցիկ օրինակին, քաղաքում շատ են խոսում առնետների պատմության մասին: Նույնիսկ մամուլը խառնված է գործին: Տեղական լուրերի բաժինը, որ սովորաբար բազմազան է, այժմ զբաղեցված է քաղաքապետարանի դեմ բացված պայքարով: «Մեր քաղաքի պետերը տեղյա՞կ են արդյոք այն վտանգի մասին, որ կարող են պատճառել այդ կրծողների հրկիզված դիակները»: Հյուրանոցի տնօրենն այժմ ուրիշ նյութի մասին խոսել չի կարողանում, որովհետև անձնապես վիրավորված է: Առնետների գոյությունը մի պատվավոր հյուրանոցի վերելակում նրան անհասկանալի է թվում: Մխիթարելու համար ասացի նրան. «Ամենուր էլ այժմ առնետներ կան»:
– Հարցն էլ հենց այդ է,– պատասխանեց նա,– այժմ մենք բոլորին նման ենք դարձել:
Նա էր, որ առաջինն ինձ ասաց տարօրինակ տենդի մասին, որով սկսել են մտահոգվել: Նրա մոտ աշխատող սպասուհիներից մեկը մահացել էր.
– Բայց վստահ եմ, որ վարակիչ չէ,– շտապ ավելացրեց նա: Պատասխանեցի, որ անտարբեր եմ, ինձ համար մեկ է:
– Այո, հասկանում եմ,– ասաց նա,– պարոնն ինձ նման է: Պարոնը ճակատագրապաշտ է:
Ես նման բան չէի ասել, բացի այդ, ես ճակատագրին չէի հավատում: Այդպես էլ ասացի նրան…»:
Այդ պահից էլ Տարրուի ծոցատետրերն սկսում են ավելի մանրամասնորեն խոսել այդ անծանոթ տենդի մասին, որով արդեն մտահոգվում էր հասարակությունը: Ասելուց հետո, որ առնետների անհետանալուց հետո փոքրիկ ծերուկը վերագտել էր իր կատուներին և համբերությամբ կատարելագործում էր իր թուղթ պատռելու գործողությունը, Տարրուն ավելացնում է, որ կարելի է հիշել այդ հիվանդության տասնյակ դեպքեր, որոնց մեծամասնությունը մահացու էր եղել:
Փաստագրական արժեք ունի նաև Տարրուի կողմից գծված բժիշկ Ռիեի դիմանկարը: Ըստ այս պատմությունը գրողի դատողության այն բավականին համապատասխանում է իրականությանը:
«Երեսունհինգ տարեկանի տեսք ունի: Միջահասակ, ուժեղ ուսեր, համարյա քառանկյուն դեմք: Աչքերը մուգ են, հայացքը՝ ուղիղ, ծնոտը ցցված: Քիթը մեծ է, բայց կանոնավոր, մազերը սև են, շատ կարճ կտրած: Բերանը հստակորեն գծված է, լիքը և համարյա միշտ սեղմված շրթներով: Սիցիլիացի գյուղացու տեսք ունի իր մի քիչ այրված մաշկով, սև մազերով և միշտ մուգ գույնի հագուստով, որը նրան սազում է:
Նա արագ է քայլում: Փողոցներն անցնում է առանց քայլերը դանդաղեցնելու և համարյա միշտ դիմացի մայթին բարձրանում է փոքր ցատկով: Ավտոմեքենան վարում է ցրված և հաճախ մոռանում է անկյունադարձի նշանն անջատել, թեև վաղուց իրեն անհրաժեշտ ուղղության վրա է: Միշտ գլխաբաց է և լավատեղյակ մարդու երևույթն ունի»:
* * *
Տարրուի թվերը համապատասխանում էին իրականությանը: Բժիշկ Ռիեն որևէ մեկից ավելի լավ էր հասկանում այն: Դռնապանի մարմինը մեկուսացնելուց հետո նա զանգահարեց Ռիշարին՝ նրա հետ այս որովայնային տենդի մասին խորհրդակցելու համար:
– Ես ինքս բան չեմ հասկանում,– խոստովանեց Ռիշարը:– Երկու մահացություն, մեկը քառասունութ ժամից, մյուսը՝ երեք օրից: Վերջինին առավոտյան թողել էի ապաքինման բոլոր նշաններով:
– Ինձ տեղեկացրեք, եթե ուրիշ դեպքեր լինեն,– ասաց Ռիեն:
Նա ուրիշ բժիշկների էլ զանգ տվեց։ Հեռախոսով արված հարցուփորձն ի հայտ բերեց մոտ քսան նման դեպք մի քանի օրվա ընթացքում։ Համարյա բոլորն էլ մահացու: Այդ ժամանակ նա Ռիշարից, որպես Օրանի բժիշկների արհմիության քարտուղարի, խնդրեց, որպեսզի հիվանդները մեկուսացվեն:
– Ոչինչ անել չեմ կարող,– ասաց Ռիշարը,– պետք է քաղաքապետարանը միջոցներ ձեռք առնի: Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ վարակի վտանգ կա:
– Ոչ ոք չի ասել, բայց նշանները մտահոգիչ են:
Սակայն Ռիշարն այն կարծիքին էր, որ ինքը բավարար իշխանություն չուներ նման կարգադրություն անելու: Նա կարող էր խոսել պրեֆեկտի հետ, միայն այդքան:
Մինչև նրանք բանակցում էին, եղանակը փչացավ: Դռնապանի մահանալու հաջորդ օրը թանձր մառախուղը ծածկեց երկինքը: Հորդ և կարճատև անձրևներ թափվեցին քաղաքի վրա, որին հաջորդեց փոթորկոտ շոգը: Ծովը կորցրել էր իր մուգ կապույտը ու մառախլապատ երկնքի տակ դարձել էր արծաթագույն կամ երկաթագույն, որ հայացքի համար տհաճ էր: Գարնանային այս խոնավ շոգը ցանկալի էր դարձրել ամառվա չոր տոթը: Շրջանաձև սարահարթի վրա սանդղաձև կառուցված և դեպի ծովը հազիվ բացված քաղաքի վրա իջել էր մի տխուր թմրություն։ Երկար, կուչ եկած պատերի մեջ, փոշոտ ցուցափեղկերով փողոցներում և կեղտոտ դեղինով ներկված տրամվայներում մարդ իրեն երկնքի բանտարկյալն էր զգում: Միայն Ռիեի ծերուկ հիվանդն էր իր հաղթանակը տոնում շնչարգելության դեմ, որին այդ եղանակը դուր էր գալիս.
– Ուղղակի եփում է,– ասաց նա,– բրոնխների համար շատ լավ է:
Իսկապես եփում էր, բայց ոչ ավել, ոչ էլ պակաս, քան տենդը: Ամբողջ քաղաքը կարծես տենդում էր, կամ առնվազն բժիշկ Ռիեն այդ տպավորության տակ էր այն առավոտ, երբ Ֆեդերբ փողոցն էր գնում ներկա լինելու Քոթարի ինքնասպանության փորձի հետաքննությանը: Բայց այդ տպավորությունը նրան անտրամաբանական էր թվում: Իր այդ տրամադրությունը նա վերագրում էր նյարդայնությանն ու բազմազբաղությանը և ընդունում, որ անհրաժեշտ է շտապ կարգ ու կանոնի ենթարկել իր մտածումները:
Երբ տեղ հասավ, ոստիկանության կոմիսարը դեռ չէր եկել: Գրանը սանդղագլխին սպասում էր, և որոշեցին նախ մտնել նրա մոտ, դուռը կիսաբաց թողնելով: Քաղաքապետարանի պաշտոնյան բավականին համեստ կահավորությամբ երկու սենյակ էր զբաղեցնում: Այնտեղ կար պիտակ փայտե մի գրադարակ՝ մի քանի բառարաններով և մի սև, կիսասրբված գրատախտակ, որի վրա կարելի էր կարդալ «ծաղկած ծառուղիներ» բառերը: Գրանն ասաց, որ Քոթարը գիշերը լավ էր անցկացրել, բայց առավոտյան արթնացել էր գլխացավով, անկարող որևէ շարժում անելու: Գրանը նույնպես հոգնած և նյարդային էր թվում, ետ ու առաջ էր քայլում՝ սեղանի վրայի ձեռագրերով լեցուն մեծ թղթապանակը բացուխուփ անելով:
Նա բժշկին պատմեց, որ Քոթարին վատ էր ճանաչում, սակայն ենթադրում էր, որ նա մի փոքր կալվածք ուներ: Քոթարը տարօրինակ մարդ էր: Երկար ժամանակ նրանց հարաբերությունը սահմանափակվում էր սանդուղքների վրա տրված ողջույններով:
– Միայն երկու անգամ եմ զրուցել հետը: Մի քանի օր առաջ, սանդուղքների վրա շուռ տվեցի կավիճների մի տուփ, որ տուն էի տանում: Կարմիր և կապույտ կավիճներ էին: Այդ պահին Քոթարը դուրս եկավ և օգնեց ինձ հավաքել: Նա հարցրեց, թե ի՞նչ բանի համար էին տարբեր գույնի այդ կավիճները:
Գրանը բացատրեց, որ աշխատում էր մի փոքր վերհիշել լատիներենը: Լիցեն ավարտելուց հետո իմացածները լրիվ մոռացվել էին:
– Ինձ վստահեցրին,– ասաց նա բժշկին,– որ այդ աշխատանքն օգտակար է ֆրանսերեն բառերի իմաստն ավելի լավ հասկանալու համար:
Նա բառերը գրում էր գրատախտակին: Կապույտ կավիճով արտագրում էր բառերի այն մասը, որ փոխվում էր ըստ հոլովման կամ խոնարհման, իսկ կարմիր կավիճով՝ այն մասը, որ երբեք չէր փոխվում:
– Չգիտեմ՝ Քոթարը լավ հասկացա՞վ, բայց հետաքրքրված թվաց և ինձնից մի կարմիր կավիճ ուզեց: Ես զարմացա, բայց ինչ իմանայի… անշուշտ, չէի կարող գուշակել, որ այն իր ծրագրին պիտի ծառայեցներ:
Ռիեն հարցրեց, թե երկրորդ զրույցի ժամանակ ինչի՞ մասին էին խոսել: Բայց այդ պահին քարտուղարի հետ եկավ ոստիկանության կոմիսարը, որ ուզում էր սկզբում Գրանի հայտարարությունները լսել: Բժիշկը նկատեց, որ Գրանը, Քոթարի մասին խոսելիս, նրան միշտ անվանում էր «հուսահատը»: Մի անգամ նույնիսկ օգտագործեց «ճակատագրական որոշում» արտահայտությունը: Նրանք խոսեցին ինքնասպանության պատճառների մասին, և Գրանը ծայրահեղ զգույշ դարձավ տերմինների ընտրության մեջ: Ի վերջո նա կանգ առավ «մտերիմ վիշտ»–ի վրա: Կոմիսարը հարցրեց, թե ոչ մի բան նախատեսել չէ՞ր տալիս, ինչպես անվանում էր. «նրա որոշումը»:
– Երեկ նա իմ դուռը թակեց,– ասաց Գրանը,– և լուցկի խնդրեց: Մի տուփ տվեցի: Նա ներողություն խնդրեց ասելով, որ հարևանների միջև… այնուհետև վստահեցրեց, որ տուփս կվերադարձնի: Ասացի, որ կարող է պահել այն:
Կոմիսարը պաշտոնյային հարցրեց, արդյո՞ք Քոթարը նրան տարօրինակ չէր թվացել:
– Ինձ տարօրինակ թվաց այն, որ կարծես ուզում էր ինձ հետ զրույցի բռնվել: Բայց ես աշխատում էի:
Գրանը դարձավ Ռիեին և ավելացրեց շփոթված տեսքով.
– Անձնական աշխատանք:
Կոմիսարը, սակայն, ուզեց հիվանդին տեսնել: Ռիեն որոշեց, որ անհրաժեշտ էր Քոթարին նախապատրաստել այդ այցելությանը: Երբ մտավ վերջինիս սենյակը, հիվանդը, որ մոխրագույն բուրդ էր հագել, ցցվեց անկողնում և դեպի դուռը շուռ եկավ մտահոգ արտահայտությամբ:
– Ոստիկանությունն է, հա՞:
– Այո,– ասաց Ռիեն,– բայց մի հուզվեք: Մի քանի ձևականություններ կկատարեն և ձեզ հանգիստ կթողնեն:
Քոթարը պատասխանեց, որ այդ խոսքերն իր վրա ազդեցություն չեն թողնում և որ ինքը ոստիկանությանը չի սիրում: Ռիեն անհամբերության նշաններ ցույց տվեց:
– Ես էլ առանձնապես չեմ պաշտում: Պետք է արագ և ճիշտ պատասխանել նրանց հարցերին, որպեսզի մեկընդմիշտ ազատվեք նրանցից:
Քոթարը լռեց, իսկ Ռիեն դարձավ դեպի դուռը, բայց փոքր մարդուկը կանչեց նրան, և երբ բժիշկը մոտեցավ մահճակալին, բռնեց նրա ձեռքը:
– Նրանք հիվանդի ձեռք տալ չեն կարող, չէ՞, մի մարդու, որ կախվել է, ձեռք չեն տա, չէ՞, բժիշկ:
Ռիեն մի պահ նայեց նրան, ապա վստահեցրեց, որ նման հարց երբեք դրված չի եղել և որ ինքն այնտեղ է իր հիվանդին հովանավորելու համար: Քոթարը հանգստացած թվաց, և Ռիեն կոմիսարին ներս կանչեց:
Հիվանդին կարդացին Գրանի վկայությունը և հարցրին, թե կարո՞ղ է ավելի հստակացնել իր արարքի պատճառները: Առանց կոմիսարին նայելու նա միայն պատասխանեց, որ «մտերիմ վշտերը շատ էին»: Կոմիսարը նրան ստիպեց պատասխանել, որ նույն բանը վերսկսելու ցանկություն ունե՞ր արդյոք: Քոթարը կենդանացավ և «ոչ» պատասխանեց, միայն ցանկանում էր, որ իրեն հանգիստ թողնեն:
– Թույլ տվեք նկատել,– ասաց կոմիսարը բարկացած տոնով,– որ առայժմ դուք եք ուրիշների հանգիստը խանգարում:
Բայց Ռիեի նշանի վրա նա չշարունակեց:
– Միայն մտածեցեք,– դուրս գալու ժամանակ հոգոց հանեց կոմիսարը,– այժմ, այն օրվանից, որ այդ տենդի մասին են խոսում, առանց ձեզ էլ մենք շատ գործ ունենք:
Նա հարցրեց բժշկին, թե արդյո՞ք գործը լուրջ էր, իսկ Ռիեն պատասխանեց, որ հստակ ոչինչ չգիտեր:
– Եղանակն է, դա՛ է միակ պատճառը,– եզրակացրեց կոմիսարը:
Անկասկած եղանակն էր մեղավոր: Քանի օրերն անցնում էին, ամեն ինչ հալվում էր ձեռքերի մեջ, և Ռիեն, յուրաքանչյուր հիվանդի այցելելուց հետո, ավելի էր զգում իր աճող երկյուղը: Նույն օրը, երեկոյան, ծեր հիվանդի հարևաններից մեկը ձեռքը սեղմում էր աճուկներին և զառանցանքի մեջ փսխում, նրա ուռուցքներն ավելի մեծ էին, քան դռնապանինը: Նրանցից մեկը սկսում էր թարախակալել և շուտով բացվեց նեխած պտուղի նման: Տուն վերադառնալուց հետո Ռիեն զանգահարեց դեղորայքի պահեստ: Այդ օրերի նրա մասնագիտական գրառումներում նշված է. «Բացասական պատասխան»: Եվ արդեն նրան կանչել էին ուրիշ հիվանդների մոտ: Անհրաժեշտ էր պալարները բացել, պարզ էր: Դանակի խաչաձև երկու հարված, և ուռուցքները արնախառն խյուսակ էին արտադրում։ Հիվանդները, սրունքները հնարավորին չափ իրարից հեռացրած, արնաքամ էին լինում: Սկսվել էր փորի և ծնկների վրա բծեր ի հայտ գալ: Մի ուռուցք դադարում էր թարախոտել, հետո նորից էր լցվում։ Հաճախ հիվանդը մահանում էր զարհուրելի գարշահոտության մեջ:
Մամուլը, որ այնքան շատախոս էր եղել առնետների հարցում, այլևս ոչ մի բանի մասին չէր խոսում: Պարզ էր, առնետները փողոցում էին սատկում, իսկ մարդիկ մահանում էին իրենց սենյակներում: Իսկ թերթերը զբաղվում են միայն փողոցով: Բայց ոստիկանությունն ու քաղւսքապետարանն սկսում էին մտահոգվել: Քանի դեռ յուրաքանչյուր բժիշկ մի քանի դեպք էր միայն իմացել, ոչ ոք չէր մտածում շարժվել: Սակայն բավական էր, որ որևէ մեկը մտածի գումարման գործողություն կատարել: Իսկ գումարումը վհատեցուցիչ էր: Մի քանի օրում մահացու դեպքերը բազմապատկվեցին, և այդ հետաքրքրական ցավով զբաղվողների համար պարզ դարձավ, որ գործ ունեին իսկական համաճարակի հետ: Եվ հենց այդ ժամանակն ընտրեց Քասթելը՝ Ռիեի ավելի տարիքոտ մի պաշտոնակիցը, նրա հետ խորհրդակցելու համար:
– Բնականաբար – ասաց նա,– Ռիե, դուք գիտեք, թե ինչ է այդ:
– Անալիզների արդյունքին եմ սպասում:
– Իսկ ես գիտեմ: Եվ անալիզների կարիք չունեմ: Իմ մասնագիտության մի քանի տարիները Չինաստանում եմ անցկացրել ու մի քանի դեպքեր էլ տեսել եմ Փարիզում, մոտ քսան տարի առաջ: Միայն թե չհամարձակվեցին այդ ժամանակ իսկական անունը տալ։ Հանրային կարծիքը սուրբ է: Խուճապ չլինի, միայն թե խուճապ չլինի: Եվ հետո, ինչպես ասում էր մի պաշտոնակից՝ «անկարելի է, ամեն մարդ էլ գիտե, որ այն արևմուտքից վաղուց անհետացել է»: Այո, ամեն մարդ գիտեր, բացի մահացածներից: Վերջ տվեք, Ռիե, դուք ինձնից ավելի լավ գիտեք:
Ռիեն մտահոգ լռեց: Իր գրասենյակի լուսամուտից նա դիտում էր ծովափի քարքարոտ ուսը, որ հեռվում փակվում էր ծովածոցի վրա: Երկինքը, թեև կապույտ, աղոտ մի փայլ ուներ, որ մեղմանում էր օրվա առաջանալու հետ:
– Այո, Քասթել,– ասաց նա,– դժվար է հավատալ, բայց թվում է, որ Ժանտախտ է:
Քասթելը վեր կացավ և դեպի դուռն ուղղվեց:
– Իմացեք նաև, թե ինչ են պատասխանելու,– ասաց ծեր բժիշկը,– «տարիներ առաջ այն անհետացել է մեղմ կլիմա ունեցող երկրներից»:
– Իսկ ի՞նչ է նշանակում անհետանալ,– պատասխանեց Ռիեն՝ ուսերը բարձրացնելով:
– Եվ մի մոռացեք, նույնիսկ Փարիզում, համարյա, քսան տարի առաջ:
– Հուսանք, որ այժմ ավելի ծանր չի լինի, քան այն ժամանակ: Բայց դա իսկապես անհավատալի է:
* * *
«Ժանտախտ» բառն արտասանվում էր առաջին անգամ: Այդ կետի վրա, երբ պատմությունը Բեռնար Ռիեին թողնում է իր լուսամուտի ետևում, պետք է ժամանակագրին թույլ տալ արդարացնել բժշկի անվստահությունն ու անակնկալի գալը, որովհետև, եթե նրբերանգները հաշվի չառնենք, նրա հակազդեցությունը նման էր մեր համաքաղաքացիներից շատերին: Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատուսմ դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Աշխարհում այնքան Ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ: Բայց, հակառակ դրան, ժանտախտներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում: Բժիշկ Ռիեն անպատրաստ էր, ինչպես մեր համաքաղաքացիները, և հենց դրանով պետք է բացատրել նաև նրա վարանումը: Այդ պատճառով էլ պետք է հասկանալ, թե ինչու նա տատանվում էր մտահոգության ու վստահության միջև: Երբ պատերազմ է պայթում, մարդիկ ասում են. «Երկար չի տևի, շատ անխելք բան է»: Եվ, անկասկած, պատերազմն անխելք բան է, բայց դա չի խանգարում, որ այն երկար տևի: Հիմարությունը միշտ էլ պարտադրում է իրեն: Մարդիկ այն անշուշտ կնկատեին, եթե միշտ իրենք իրենց մասին չմտածեին: Մեր համաքաղաքացիները, այս տեսակետից, բոլոր մարդկանց նման էին: Նրանք իրենք իրենց մասին էին մտածում, այլ կերպ ասած, նրանք հումանիստներ էին և աղետների չէին հավատում: Աղետը հնարավոր չէ չափել, դրա համար էլ մարդիկ այն անիրական են համարում, ինչպես մի վատ երազ, որ պիտի անցնի: Բայց միշտ չէ, որ անցնում է, և վատ երազից ավելի վատին գնալիս մարդիկ իրենք են անցնում, իսկ հումանիստներն՝ առաջին հերթին, որովհետև նախազգուշացված չեն լինում: Մեր համաքաղաքացիներն ավելի մեղավոր չէին, քան մյուսները, սակայն նրանք մոռացել էին համեստ լինել, ահա բոլորը: Նրանք կարծում էին, թե իրենց համար դեռևս ամեն ինչ հնարավոր է, այսինքն, կարծես աղետներն իրենց անհարիր էին համարում: Նրանք շարունակում էին գործարքներ կնքել, ճանապարհորդությունների էին նախապատրաստվում և ամեն ինչի մասին սեփական կարծիքներ ունեին: Ինչպե՞ս կարող էին նրանք մտածել աղետի մասին, որ ջնջում է ապագան, տեղափոխություններն ու վեճերը: Նրանք իրենց ազատ էին կարծում, մինչդեռ ոչ ոք չի կարող ազատ լինել, քանի դեռ աղետները գոյություն կունենան:
Նույնիսկ բժիշկ Ռիեի համար, իր բարեկամի նկատողությունը ընդունելուց հետո, որ մի բուռ հիվանդներ մահանում են ժանտախտից առանց նախազգուշացման, վտանգը շարունակում էր անիրական մնալ: Եթե բժիշկ ես, պարզապես գաղափար ունես ամեն տեսակ ցավի մասին և՝ մի քիչ ավելի երևակայություն: Լուսամուտից նայելով իր քաղաքին, որ չէր փոխվել, բժիշկը հազիվ էր զգում սրտի թեթև սեղմումը ապագայի առջև, որ մտահոգություն է կոչվում: Նա աշխատում էր վերհիշել այն ամենը, ինչ գիտեր այդ հիվանդության մասին: Նրա հիշողության մեջ թվեր էին լողում, և ինքն իրեն ասում էր, որ պատմության ճանաչած շուրջ երեսուն մեծ ժանտախտները մոտավորապես հարյուր միլիոն մարդ էին սպանել: Բայց ի՞նչ է մահացած հարյուր միլիոնը: Եթե պատերազմի ես մասնակցել, հազիվ կիմանաս, թե ինչ է մի մարդու մահը: Եվ քանի որ մահացած մարդը, եթե նրան տեսել ես միայն մահացած վիճակում, նշանակություն չունի քեզ համար, ամբողջ պատմության մեջ ցրված հարյուր միլիոն դիակը երևակայությանդ մեջ ծխի է նման: Բժիշկը մտածում էր Կոստանդնուպոլսի ժանտախտի մասին, որը, ըստ Պրոկոպոսի, մի օրում տասը հազար զոհ էր խլել: Տասը հազար մահացածը կինոյի հինգ մեծ դահլիճի հանդիսատեսի չափ է: Ահա թե ինչ պետք է անել: Հավաքել հինգ կինոդահլիճի մարդկանց, առաջնորդել քաղաքի հրապարակը և այնտեղ բոլորին սպանել, որպեսզի հնարավոր լինի մի քիչ հստակորեն պատկերացնել: Եվ այդ անանուն բազմության մեջ ծանոթ դեմքեր պետք է լինեն: Բնականաբար անհնար է այդ իրականացնել, և հետո, ով է տասը հազար մարդ ճանաչում: Իսկ Պրոկոպոսի պես մարդիկ հաշվել չգիտեին, պարզ է: Կանտոնում, յոթանասուն տարի առաջ, քառասուն հազար առնետներ են սատկել ժանտախտից, նախքան աղետը սկսեր մարդկանցով հետաքրքրվել: Բայց 1871 թվականին մարդիկ առնետները հաշվելու միջոցներ չունեին: Մոտավորապես էին հաշվում, թվերը կլորացնելով, սխալվելու բացահայտ հնարավորությամբ: Սակայն եթե մի առնետ երեսուն սանտիմետր երկարություն ունի, քառասուն հազար առնետը, չափելու դեպքում, կստացվի…
Բայց բժիշկն անհամբեր էր դառնում: Նա ինքն իրեն բաց թողեց, մի բան, որ չպետք է աներ: Մի քանի դեպքը համաճարակ ստեղծել չի կարող։ Բավական է, որ կանխարգելիչ միջոցներ ձեռք առնվեն: Ամեն ինչից առաջ նա պետք է միտքը կենտրոնացնի նկատված փաստերի վրա: Թմրածություն և ուժասպառություն, կարմրած աչքեր, կեղտոտ բերան, գլխացավեր, ուռուցքներ, սարսափելի ծարավ, զառանցանք, մարմնի վրա մուգ բծեր, ներքին օրգանների կազմալուծություն, և այդ բոլորի վերջում… Այդ բոլորի վերջում բժշկի միտքը գալիս է մի նախադասություն, մի նախադրություն, երբ վերջապես ավարտվում էր հիվանդության նախանշանների թվարկումը. «Զարկերակը տատանվում է, և մահը վրա է հասնում աննշան մի շարժումի պատճառով»: Այո, այդ բոլորի վերջում մենք բոլորս կախվում ենք պարանից, և մարդկության երեք քառորդը, դա ճիշտ թիվն է, բավականին անհամբեր է այդ աննշմարելի շարժումն անելու համար, որը նրան դեպի վախճանն Է մղում:
Բժիշկը շարունակում էր լուսամատից դուրս նայել: Ապակու մի կողմում գարնանային թարմ երկինքն էր, իսկ մյուս կողմում՝ այդ բառը, որ դեռ հնչում է սենյակում: Ժանտախտ: Այդ բառը միայն ա՛յն չի պարունակում, ինչը գիտությունն էր ուզում դնել մեջը, այլ նաև տարօրինակ պատկերների մի շարունակություն, որ չէր համապատասխանում այս կանաչ և մոխրագույն, այդ ժամին չափավոր կերպով կենդանի, ավելի շատ բզզյուն արձակող, քան աղմկոտ, ի վերջո երջանիկ քաղաքին, եթե հնարավոր է միաժամանակ երջանիկ և տխուր լինել: Եվ այդքան խաղաղ և անտարբեր, համարյա առանց ճիգի այդ հանգստությունը ժխտում էր աղետի հին պատկերները, ժանտախտով վարակված և թռչուններից ամայացած Աթենքը, չինական քաղաքները, որոնք լցված էին լուռ հոգևարք ապրողներով, Մարսելի թիապարտներին, որոնց նեխած մարմինները ծով էին թափում, Պրովանսում կառուցվող մեծ պատը, որ իբր պիտի արգելակեր Ժանտախտի կատաղած քամուն, Յաֆան և նրա զազրելի մուրացկաններին, Կոստանդնուպոլսի հիվանդանոցի գետնին կպած, փտած և խոնավ անկողինները, որտեղից հիվանդներին դուրս էին քաշում կեռերով, սև Ժանտախտի ժամանակ դիմակներ դրած բժիշկների դիմակահանդեսը, Միլանի գերեզմանոցում հավաքված ողջ տղամարդկանց և կանանց զուգավորումները, սարսափած Լոնդոնի մահվան սայլերը, և ամեն տեղ, և միշտ, գիշեր ու ցերեկ, մարդկանց անվերջանալի ցավով լեցուն ճիչերը: Ոչ, այդ բոլորը դեռևս այնքան ուժեղ չէին սպանելու համար այդ օրվա խաղաղությունը: Ապակու մյուս կողմից հանկարծ լսվեց մի անտեսանելի տրամվայի զնգզնգոցը, որ մի վայրկյանում հերքեց ցավն ու դաԺանությունը: Միայն ծովն էր, որ տների սեղմ աղյուսների հետևից վկայում էր այն մտահոգիչ և երբեք չհանգստացող իրողությունը, որ գոյություն ուներ այս աշխարհում: Եվ բժիշկ Ռիեն, որ դիտում էր ծովածոցը, մտածում էր Լուկրեցիոսի պատմած խարույկների մասին, որ հիվանդությամբ վարակված աթենացիները վառում էին ծովի դիմաց: Նրանք գիշերներն այնտեղ էին տանում մահացածներին, բայց որովհետև ծովեզրում տարածությունը քիչ էր, ողջերը ջահերով կռվում էին, որպեսզի կարողանային տեղավորել իրենց համար թանկ այդ մարդկանց, արյունալի մարտեր էին մղում և չէին լքում իրենց դիակները: Կարելի էր պատկերացնել կարմրին տվող հսկա խարույկները խաղաղ և մռայլ ջրի առջև, ճարճատող ջահերով մարտերը շողշողուն գիշերվա մեջ ու թունավորված թանձր ծուխը, որ բարձրանում է դեպի ուշադիր երկինք: Այո, այդ բոլորը հնարավորության սահմաններում էին…
Բայց բոլոր այդ գլխապտույտ պատճառող փաստերը չէին դիմանում տրամաբանությանը։ Ճիշտ է, որ արտասանվել էր «ժանտախտ» բառը, ճիշտ է, որ հենց այդ պահին աղետը ոլորում և գետին էր տապալում մեկ կամ երկու զոհի: Բայց ի՞նչ: Դա կարող էր կանգ առնել: Կարևորն այն է, որ հստակորեն իմանանք մեր անելիքը, հեռու վանենք անօգուտ տեսիլքները և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկենք: Եվ ժանտախտը պարտավոր է կանգ առնել, որովհետև մարդիկ չեն կարող Ժանտախտը պատկերացնել, կամ այն սխալ են պատկերացնում։ Եթե այն կանգ առնի, մի բան, որ բոլորից շատ է հավանական, ամեն ինչ լավ կլինի։ Հակառակ պարագային մարդիկ կիմանան, թե ինչ բան է ժանտախտը և թե միջոցներ չկա՞ն նախ այն կասեցնելու, իսկ հետագայում հաղթելու համար:
Բժիշկը բացեց լուսամուտը, և քաղաքի աղմուկը միանգամից սենյակ խուժեց: Մոտիկ մի արհեստանոցից լսվում էր էլեկտրաղացի կարճ և կրկնվող սուլոցը: Ռիեն ինքն իրեն ուղղեց: Այնտեղ էր վստահությունը, ամենօրյա աշխատանքի մեջ: Մնացածը նման էր կծիկ քանդելուն, որ աննշան շարժումներով է արվում և հնարավոր չէ կանգնեցնել: Չարժե ժամանակ կորցնել դրա վրա: Կարևորը քո գործը լավ անելն է:
* * *
Բժիշկ Ռիեն նման խորհրդածությունների մեջ էր, երբ հայտնեցին Ժոզեֆ Գրանի գալու մասին: Վերջինս թեև աշխատում էր քաղաքապետարանում ու բազմատեսակ զբաղմունքներ ուներ այնտեղ, ժամանակ առ ժամանակ նրան օգտագործում էին նաև վիճակագրական գրասենյակում: Այդ օրերին նա կատարել էր մահացածների հաշվարկ: Եվ իր պարտավորեցնող բնավորության պատճառով համաձայնվել էր անձամբ Ռիեին բերել իր աշխատանքը ցույց տվող ամփոփագրի մի օրինակը:
Գրանի հետ բժշկի մոտ էր եկել նաև նրա հարևան Քոթարը: Պաշտոնյան դռնից ձեռքի թուղթն էր թափահարում:
– Թվերը բարձրանում են, բժիշկ,– հայտարարեց նա,– քառասունութ ժամում տասնմեկ մեռյալ:
Ռիեն բարևեց Քոթարին և հարցրեց առողջության մասին: Գրանը բացատրեց, որ Քոթարը պնդել էր իր հետ գալ՝ բժշկին շնորհակալություն հայտնելու և պատճառած նեղության համար ներողություն խնդրելու: Բայց Ռիեն արդեն վիճակագրության թղթին էր նայում:
– Գուցե ժամանակն է,– ասաց նա,– գուցե պետք է վճռական լինել և իր իսկ անունով կոչել այս հիվանդությունը: Մինչև այսօր մենք տեղքայլ ենք անում: Եկեք ինձ հետ, ես պետք է լաբորատորիա գնամ:
– Ճիշտ է, ճիշտ է,– ասում էր Գրանը սանդուղքներով բժշկի հետևից իջնելով,– իրերը պետք է իրենց անուններով կոչել, բայց ի՞նչ է այդ անունը:
– Դեռևս չեմ կարող ասել, բացի այդ, ոչ մի օգուտ չի ունենա:
– Տեսնո՞ւմ եք,– ժպտաց պաշտոնյան,– այնքան էլ հեշտ չէ:
Նրանք ուղղվեցին դեպի Զենքի հրապարակը: Քոթարը միշտ լուռ էր: Փողոցները լցվում էին մարդկանցով: Մեր երկրի խուսափուկ աղջամուղջն արդեն տեղի էր տալիս գիշերվա առջև, և դեռևս հստակ հորիզոնում առաջին աստղերն էին երևում: Մի փոքր անց վառվեցին փողոցների լապտերները և ամբողջ երկինքը մթնեցրին: Զրույցների առաջացրած աղմուկը կարծես ավելացավ:
– Ինձ ներեցեք,– ասաց Գրանը Զենքի հրապարակի անկյունում,– ես պետք է իմ տրամվայը նստեմ: Իմ երեկոները սրբազան են: Ինչպես ասում են իմ հայրենքում՝ «ոչ մի գործ վաղվան պետք չէ թողնել…»:
Ռիեն արդեն նկատել էր, որ Մոնտելիմարում ծնված Գրանը հաճախ դիմում էր իր կողմերի ասացվածքներին, ավելացնելով տափակ դարձվածքներ, որոնք ոչ մի տեղի ասացվածք էլ չէին, ինչպես՝ «երազների ժամանակ» կամ «կախարդական լուսավորություն»:
– Այո,– հաստատեց Քոթարը,– ընթրիքից հետո հնարավոր չէ նրան տնից դուրս հանել:
Ռիեն հարցրեց Գրանին, թե գիշերները քաղաքապետարանի համա՞ր է աշխատում:
Գրանը բացասական պատասխան տվեց: Աշխատում է ինքն իր համար:
– Իսկապե՞ս,– հարցրեց Ռիեն, որպեսզի մի բան ասած լիներ,– և ինչպե՞ս, գործը առա՞ջ է գնում:
– Արդեն տարիներ են, որ դրա վրա եմ աշխատում, թեև, պետք է ասել, մեծ առաջադիմություն չկա:
– Ի վերջո ինչո՞վ եք զբաղվում,– հարցրեց բժիշկը՝ կանգ առնելով:
Գրանը ինչ–որ բառեր լփռտեց՝ գլխարկը խոշոր ականջներին քաշելով: Ռիեն շատ անորոշ կերպով հասկացավ, որ խոսքը «անհատի աճին» է վերաբերում: Բայց պաշտոնյան արդեն հեռանում էր, իր փոքր քայլերով նա արագ անցնում էր ֆիկուսների տակով դեպի Մառնի ծառուղին: Լաբորատորիայի դռանը Քոթարը բժշկին ասաց, որ ուզում է զրուցել հետը և ինչ–որ խորհուրդ հարցնել: Ռիեն, որ գրպանում շոշափում էր վիճակագրության թերթիկը, նրան հրավիրեց գալ իր ընդունելության ժամին, հետո միտքը փոխելով ասաց, որ հաջորդ օրը գնալու է նրանց թաղամասը և հետմիջօրեին կմտնի մոտը:
Քոթարից բաԺանվելուց հետո բժիշկն անդրադարձավ, որ ամբողջ այդ ժամանակամիջոցին մտածում էր Գրանի մասին: Նրան պատկերացնում էր ժանտախտի կենտրոնում: Ոչ այս մեկի, որ հավանաբար լուրջ բան չէր, այլ պատմական մեծ ժանտախտներից մեկի:– «Սա այն տիպի մարդկանցից է, որին բախտը նման դեպքերում խնայում է»: Նա հիշում էր, մի տեղ կարդացած պիտի լիներ, որ ժանտախտը խնայում է թույլ կառուցվածքներին և ոչնչացնում է հատկապես ուժեղ կազմվածք ունեցողներին: Եվ շարունակելով մտածել այդ մասին՝ բժիշկը պաշտոնյայի մեջ տեսնում էր ինչ–որ խորհրդավոր բան:
Առաջին հայացքից, իսկապես, Ժոզեֆ Գրանը քաղաքապետարանի մի փոքր պաշտոնյա էր և ուներ այդ պաշտոնին հատուկ շարժուձևեր: Երկար ու նիհար, նա լողում էր իր հագուստների մեջ, որոնք միշտ իր վրայով մեծ էր ընտրում, այն ինքնախաբերությամբ, որ իբր դրանք ավելի երկար կդիմանան: Եթե ներքին ծնոտին դեռևս պահպանվում էր ատամների մեծամասնությունը, դրա փոխարեն կորցրել էր վերևի ատամները: Նրա ժպիտը, որ արտահայտում էր հատկապես վերին շրթունքը, բերանին տալիս էր խոռոչի տեսք: Եթե այդ դիմանկարին ավելացնենք նաև հոգևոր ճեմարանականի քայլվածքը, պատերին քսվելու և դռների մեջ սահելու արվեստը, նկուղների բուրմունքն ու ծուխը, աննշան լինելու բոլոր նշանները, կհամոզվենք, որ նրան հնարավոր չէ պատկերացնել ուրիշ տեղ, քան գրասեղանի առջև, քաղաքի ցնցուղով բաղնիքների գնացուցակները ստուգելիս, կամ աղբի հարկի ավելացման մասին մի երիտասարդ պաշտոնյայի համար զեկուցման նյութեր հավաքելիս: Նույնիսկ անտեղյակ մարդը կարող էր իմանալ, որ նա այս աշխարհում ծնվել է կատարելու համար համեստ, բայց շատ անհրաժեշտ մի աշխատանք, քաղաքապետարանի մի պաշտոնյա, որ ստանում էր վաթսուներկու ֆրանկ երեսուն սանտիմ օրավարձ:
Եվ անկասկած, ըստ Գրանի խոսքերի, նման նշում կար իր անձնական գործի «որակավորում» սյունակի տակ: Քսաներկու տարի առաջ, երբ նա փողի պակասի պատճառով չշարունակեց ուսումը և ընդունեց այս աշխատանքը, նրան հույս ներշնչեցին, որ արագ «որակավորում» կստանա: Անհրաժեշտ էր միայն կարճ ժամանակում ցույց տալ իր կարողությունների ապացույցն այն նուրբ հարցերում, որ նրա առջև դնում Էր քաղաքային կառավարչությունը: Հետո վստահեցրին նրան, որ անպայման կհասներ ինչ–որ պատասխանատու պաշտոնի, որը նրան թույլ պիտի տար լայն ոտքի վրա ապրելու: Անշուշտ փառասիրությունը չէր Ժոզեֆ Գրանին առաջ շարժողը, նա այդ հերքում էր իր թախծոտ ժպիտով: Բայց պարկեշտ միջոցներով ապահով կյանքի հեռանկարը և դրան հենված իր նախընտրած զբաղմունքներին տրվելու հնարավորությունը նրան շատ էր դուր գալիս: Եթե նա ժամանակին ընդունել էր արված առաջարկը, հարգելի պատճառներ էր ունեցել, միաժամանակ հավատարիմ մնալով իր իդեալին:
Իրերի այդ ժամանակավոր վիճակը տարիներ արդեն շարունակվում էր: Մինչ այդ կյանքը մեծ չափերով թանկացել էր, իսկ Գրանի աշխատավարձը, հակառակ մի քանի անգամ արված ընդհանուր բարձրացումների, խղճալի էր մնում: Նա այդ մասին գանգատվեց Ռիեին. ըստ երևույթին ոչ ոք չէր անդրադառնում դրան։ Հենց այստեղ էր Գրանի ինքնատիպությունը, կամ առնվազն դրա արտահայտություններից մեկը: Նա, անշուշտ, կարող էր, եթե ոչ իր իրավունքները պաշտպանել, գոնե հիշեցնել իրեն տրված խոստումները: Բայց նախ՝ նրան աշխատանքի ընդունող գրասենյակի պետը վաղուց մահացել էր, հետո Գրանը չէր հիշում իրեն տրված խոստման լրիվ պայմանները: Եվ, ի վերջո, Ժոզեֆ Գրանը իր ասելիքի համար անհրաժեշտ բառերը չէր գտնում:
Եվ հենց այդ առանձնահատկությունը լավագույն ձևով էր ներկայացնում մեր համաքաղաքացուն, ինչպես նկատել էր Ռիեն: Բառերը չգտնելու պատճառով էլ նա չէր գրել պահանջմունքը, կամ ուրիշ միջոցներ ձեռք չէր առել, որոնց մասին մտածում էր, կամ որոնք թելադրում էին պայմանները: Եթե նրան հավատալու լինենք, նա հատկապես դժվարանում էր օգտագործել «իրավունք» բառը, որի համար վստահ չէր, ինչպես նաև «խոստում»–ը, որ ենթադրել պիտի տար, թե պահանջում է ինչ–որ պարտք, մի բան, որ համարձակության բնույթ է ստանում և քիչ է հարմար իր գրաված համեստ պաշտոնին: Մյուս կողմից նա մերժում էր գործածել «բարեսրտություն», «թախանձել», «երախտագիտություն» բառերը, որոնք, ըստ իրեն, չէին համապատասխանում իր արԺանապատվության զգացումին: Եվ այսպես, ճիշտ բառը գտնելու դժվարությունից մեր համաքաղաքացին շարունակել էր կատարել իր շատ համեստ պաշտոնը մինչև բավականին առաջացյալ տարիքը: Ի վերջո, ինչպես հաճախ ասել էր բժիշկ Ռիեին, սովորույթի ուժով նա համոզվել էր, որ իր նյութականն ապահովված է, մանավանդ այն տեսակետից, որ շահածը հերիքում էր նրան, որովհետև կարիքները հարմարեցրել էր իր եկամուտներին: Այդպիսով նա ընդունել էր քաղաքագլխի, որ մեր քաղաքի մեծ արդյունաբերողներից էր, նախասիրած խոսքերից մեկի ճշմարտացիությունը: Նա հավատացնում էր (շեշտում էր այդ բառը, որ տրամաբանության ամբողջ ծանրությունն ուներ), թե ի վերջո ոչ ոքի սովամահ լինելը չէր տեսել: Բոլոր դեպքերում, Ժոզեֆ Գրանի վարած համարյա ասկետական կյանքը ազատել էր նրան նման կարգի մտահոգություններից: Նա շարունակում էր իր ասելիք բառերը որոնել:
Ինչ–որ իմաստով կարելի էր ասել, որ նրա կյանքն օրինակելի էր: Նա այն շատ սակավաթիվ մարդկանցից էր, մեր քաղաքում կամ այլ տեղ, որոնք լավ զգացումները չկորցնելու քաջությունն ունեն: Այն քիչը, որ իր մասին նա վստահում ու պատմում էր ուրիշներին, իսկապես վկայում էր բարություններ ու կապեր, որ մեր օրերում մարդիկ չեն համարձակվում խոստովանել: Նա առանց կարմրելու ասում էր, որ սիրում է քրոջը և նրա զավակներին, այն քիչ ազգականներին, որ մնացել էին և որոնց մոտ, Ֆրանսիա, այցելության էր գնում երկու տարին մեկ: Նա ընդունում էր, որ իր ծնողների հիշատակը, որոնք մահացել էին դեռևս իր Երիտասարդ տարիքին, իրեն վիշտ էր պատճառում: Չէր հրաժարվում խոստովանել, որ բոլորից շատ սիրում էր իր թաղամասի հատկապես մի եկեղեցու զանգակը, որ շատ մեղմորեն ղողանջում էր երեկոյան ժամը հինգի մոտերը: Բայց այդքան պարզ զգացումներ արտահայտելու համար անհրաժեշտ ամենափոքր բառն իսկ գտնելու համար նա մեծ դժվարություն էր կրում: Այդ դժվարությունը, ի վերջո, դարձել էր նրա ամենամեծ մտահոգությունը, «Է՛հ, բժիշկ,– ասում էր նա,– այնքան եմ ուզում սովորել մտքերս արտահայտել»: Նա այդ մասին Ռիեի հետ խոսում էր ամեն հանդիպելիս:
Այդ երեկո, դիտելով պաշտոնյայի մեկնելը, բժիշկը միանգամից հասկացավ, թե ինչ էր ուզում Գրանը ասել: Նա հավանաբար գիրք էր գրում, կամ դրա նման մի բան: Մինչև լաբորատորիա հասնելը, այդ միտքը բժշկին վստահություն ներշնչեց: Նա գիտեր, որ այդ տպավորությունը հիմարություն է, բայց չէր կարողանում հավատալ, որ իսկապես ժանտախտը կարող էր հաստատվել մի քաղաքում, ուր կարելի է գտնել համեստ պաշտոնյաներ, որոնք պատվավոր մոլություններ ունեին։ Ճիշտն ասած նա այդ մոլությունների տեղը չէր գտնում ժանտախտի արանքում, և հետևաբար դատում էր, որ գործնականորեն ժանտախտը ապագա չուներ մեր համաքաղաքացիների շրջանում:
* * *
Հաջորդ օրը, շնորհիվ իր համառ պնդումներին, որոնք անտեղի էին համարվում, Ռիեին հաջողվեց իշխանություններին համոզել և առողջապահական հանձնաժողովի նիստ գումարել տալ:
– Ճիշտ է, որ բնակչությունը մտահոգվում է,– ընդունեց Ռիշարը:
– Բայց, պիտի ասել, որ շատախոսությունն ամեն ինչ չափազանցում է: Պրեֆեկտն ինձ ասել է՝ «եթե ցանկանում եք, կտրուկ միջոցներ ձեռք առնենք, բայց «լռությամբ»: Նա համոզված է, որ սխալ ահազանգ է:
Բեռնար Դիեն Քասթելին իր մեքենայով էր տարել պրեֆեկտուրա:
– Գիտե՞ք, որ դեպարտամենտում շիճուկ չկա,– ասաց վերջինը ճանապարհին:
– Գիտեմ: Պահեստ եմ զանգահարել: Տնօրենը կարծես երկնքից էր իջել: Պետք է Փարիզից բերել տալ:
– Հուսամ, որ դա շատ երկար չի տևի:
– Ես արդեն հեռագրել եմ,– պատասխանեց Դիեն:
Պրեֆեկտը սիրալիր էր, բայց նյարդային.
– Սկսենք, պարոնայք,– ասաց նա,– կարիք կա՞, որ վիճակը բացատրեմ:
Ռիշարն այն կարծիքին էր, որ դրա կարիքը չկար: Բժիշկներն իրավիճակը գիտեին: Հարցն այն էր, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռք առնվեն:
– Հարցն այն է,– կոպտորեն ընդհատեց նրան ծերուկ Քասթելը,– որ իմանանք՝ մենք ժանտախտի՞ հետ գործ ունենք, թե ոչ:
Երկու կամ երեք բժիշկ բացականչություն արձակեցին: Մյուսները, ըստ երևույթին, տատանվում էին: Պրեֆեկտը տեղից վեր թռավ և մեքենայաբար դարձավ դեպի դուռը, կարծես ստուգելու համար, որ այն պետք եղածի պես խանգարել էր այդ անհավատալի արտահայտության դեպի միջանցք տարածվելուն: Ռիշարը հայտարարեց, որ, իր կարծիքով, կարիք չկար խուճապի մատնվելու: Խոսքը վերաբերում էր որովայնային բարդություններով տենդի, ահա ամբողջը, որ առայժմ գոյություն ուներ: Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են: Ծեր Քասթելը, որ հանգիստ իր դեղնած բեղերն էր ծամում, պայծառ աչքերը բարձրացրեց Ռիեի վրա, հետո բարեհոգի հայացքով նայեց ունկընդիրներին և նկատել տվեց, որ ինքը վստահ է, որ դա ժանտախտ է, որը, հասկանալի է, պաշտոնապես ընդունելը պիտի պարտավորեցներ անողոք միջոցներ ձեռք առնել: Նա վստահ էր, որ հենց այդ պատճառով էլ իր պաշտոնակիցները նահանջում էին, և թե ինքը պատրաստ էր ընդունել, որ դա ժանտախտ չէ, եթե դրանով նրանք պիտի հանգստանային: Պրեֆեկտը բարկացավ և հայտարարեց, որ բոլոր դեպքերում դա տրամաբանելու լավ ձև չէ:
– Կարևոր չէ, թե դա տրամաբանության լավ ձև է, թե վատ,– պատասխանեց Քասթելը,– այլ այն, որ ստիպի մտածել, խորհել:
Քանի որ Ռիեն լռել էր, նրա կարծիքը հարցրին.
– Տիֆի նշաններով տենդի մասին է խոսքը, որին ուղեկցում են ուռուցքներ և փսխումներ: Ես փորձել եմ ուռուցքները կտրել: Այդ ձևով կարողացա անալիզներ անել տալ, և լաբորատորիան ժանտախտի կարճ և հաստ բացիլներ հայտնաբերեց: Որպեսզի ամբողջական լինի, պետք է ասել, որ բացիլի որոշ տարբերակներ չեն համընկնում ժանտախտի դասական բացիլի նկարագրության հետ:
Ռիշարն ընդգծեց, որ հենց դա էլ իրավունք է տալիս վարանումների, և որ անհրաժեշտ է առնվազն սպասել սերիական անալիզների վիճակագրական արդյունքին: Մի քանի օր է, ինչ այդ գործն սկսված է:
– Երբ որևէ մանրէ,– խոսեց Ռիեն կարճ լռությունից հետո,– կարող է երեք օրվա ընթացքում քառակի չափով մեծացնել փայծաղի ծավալը, միջմկանային կարծր ուռուցքներին տալ նարնջի մեծություն և թանձր բովանդակություն, մենք իրավունք չունենք սպասելու: Վարակի օջախներն անընդհատ աճում են: Այն ընթացքով, որ տարածվում է հիվանդությունը, եթե չկասեցվի, երկու ամսից շուտ կարող է սպանել քաղաքի բնակչության կեսից ավելին: Հետևաբար քիչ կարևորություն ունի՝ այն ժանտախտ կանվանեք, թե տենդի մի այլ տեսակ: Կարևորն այն է, որ թույլ չտանք քաղաքի կեսի սպանությունը:
Ռիշարը գտնում էր, որ կարիք չկար գույները խստացնելու, որ համաճարակը հաստատված չէր, քանի որ հիվանդների ազգականները դեռևս ողջ և առողջ էին:
– Բայց կան նաև մահացածներ,– դիտել տվեց Ռիեն:–Պետք չէ մոռանալ, որ վարակը բացարձակ չէ, այլապես կունենայիք մաթեմատիկական անսահման աճ և բնակչության կայծակնային կործանում: Իմ խոսքը գույները խտացնելու մասին չէ: Խոսքը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու մասին է:
Այնուամենայնիվ Ռիշարը ցանկանում էր խորհրդակցության արդյունքներն ամփոփել հիշեցնելով, որ հիվանդությունը կանգնեցնելու համար, եթե այն ինքն իրեն կանգ չառներ, պետք էր գործի դնել լուրջ, օրենքով սահմանված կանխարգելիչ միջոցներ, իսկ այդ անելու համար պետք է պաշտոնապես ընդունել, որ գործ ունենք ժանտախտի հետ, բայց քանի որ այդ տեսակետից կարծիքների միասնություն չկա, անհրաժեշտ է նորից ու նորից մտածել:
– Հարցն այն չէ,– պնդեց Ռիեն,– թե օրենքով սահմանված ինչ միջոցառումների,– խիստ լինեն, թե ոչ,– արժե դիմել՝ արգելակելու համար քաղաքի բնակչության կեսի սպանությունը: Մնացածը վարչական գործ է, իսկ դրա համար էլ այդ հարցերը կարգավորող պրեֆեկտ ունենք:
– Անկասկած,– ասաց վերջինը,– բայց ես կարիք ունեմ, որ դուք պաշտոնապես ընդունեք ժանտախտի համաճարակի գոյությունը:
– Եթե այն չընդունենք,– ասաց Ռիեն,– քաղաքի բնակչության կեսից ավելին սպանվելու վտանգի տակ է:
Ռիշարը ընդհատեց նրան որոշակի նյարդայնությամբ:
– Ճշմարտությունն այն է, որ մեր պաշտոնակիցը հավատում է ժանտախտի գոյությանը: Հիվանդության ընթացքի նկարագրությունն այդ է հավաստում:
Ռիեն պատասխանեց, որ ինքը հիվանդության ընթացքը չի նկարագրում, այլ այն, ինչ տեսել է: Իսկ իր տեսածը ուռուցքներ են, բծեր, զառանցել տվող ջերմություններ, որոնք ճակատագրական են դառնում քառասունութ ժամվա ընթացքում: Կարող էր արդյոք պարոն Ռիշարը պատասխանատվությունը իր վրա վերցնել և հայտարարել, որ համաճարակը կանգ կառնի առանց կանխարգելիչ խիստ միջամտությունների:
Ռիշարը վարանեց և նայեց Ռիեին.
– Անկեղծորեն ասացեք, վստա՞հ եք, որ ժանտախտի հետ գործ ունենք:
– Դուք հարցը սխալ եք դնում: Տերմինների հարց չէ, այլ ժամանակի:
– Ձեր կարծիքով,– ասաց պրեֆեկտը,– նույնիսկ եթե Ժանտախտ չէ, անհրաժե՞շտ է ձեռք առնել այն բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք ժանտախտի ժամանակ պիտի առնվեին:
– Եթե ձեզ անպայման անհրաժեշտ է իմ կարծիքը, կարծում եմ, որ այդպես է:
Բժիշկները խորհրդակցեցին, և Ռիշարն ի վերջո հայտարարեց.
– Դուրս է գալիս՝ մենք պետք է պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա և գործենք այնպես, որ հիվանդությունը իբր ժանտախտ է:
Այդ ձևակերպումը ջերմորեն ընդունվեց:
– Դուք նույնպես համաձայն եք, սիրելի պաշտոնակից,– հարցրեց Ռիշարը:
– Ձևակերպման հանդեպ անտարբեր եմ,– ասաց Ռիեն,– միայն թե մենք պետք չէ այնպես գործենք, որ իբր քաղաքի կեսը սպանվելու վտանգի տակ չէ, այլապես այդպես էլ կլինի:
Իրարանցման և բողոքի ընդհանուր աղմուկի մեջ Ռիեն մեկնեց: Մի քանի րոպե հետո տապակած յուղի և մեզի հոտով լցված մի արվարձանում արյունոտ աճուկներով մի կին, դեմքով նրա կողմը շուռ եկած, մահամերձի նման ոռնում էր:
* * *
Խորհրդակցության հաջորդ օրը տենդը մի փոքր ոստում էլ կատարեց: Նույնիսկ թերթերում այդ մասին նյութ երևաց, բայց շատ մեղմ ձևով, որովհետև բավարարվել էին մի քանի ակնարկներով: Մյուս օրը, սակայն, Ռիեն կարդաց փոքր սպիտակ հայտարարություններ, որ պրեֆեկտուրան արագ փակցնել էր տվել քաղաքի աչքից հեռու անկյուններում: Այդ հայտարարություններից դժվար էր կռահել, թե իշխանությունները ստեղծված վիճակին նայում էին բաց աչքերով: Միջոցառումները դրակոնական չէին և պարզ էր, որ շատ բան զիջել էին՝ հանրային կարծիքը չբորբոքելու համար: Հայտարարության ներածական մասում իսկապես ասվում էր, որ վտանգավոր տենդ էր հայտնվել Օրանի կոմունայում, որը, սակայն, դեռևս չէր կարելի վարակիչ անվանել: Հիվանդության ախտանշաններն անհրաժեշտ չափով ապացույցներ չէին տալիս իսկապես մտահոգիչ դառնալու համար և՝ որ բնակչությունը կկարողանար իր սառնասրտությունը պահպանել: Սակայն, խոհեմության համար, որ հասկանալի կլիներ բոլորին, պրեֆեկտը ձեռք էր առնում մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Բոլորի կողմից հասկացված և ի գործ դրված այս անհրաժեշտ միջոցառումները բավական էին կանխելու համաճարակի ամեն վտանգ: Հետևաբար, պրեֆեկտը մի վայրկյան իսկ չէր կասկածում, որ ենթակաները իր անձնական ճիգերին ցույց կտային ամենաեռանդուն համագործակցությունը:
Հայտարարությունն այնուհետև թվարկում էր ձեռք առնված բոլոր միջոցառումները, գիտական հիմունքներով պայքար առնետների դեմ, թունավոր գազի սրսկում բոլոր կոյուղիները, ջրի վրա ընդհանուր հսկողություն: Բնակիչներին խորհուրդ էր տրվում պահպանել ծայրահեղ մաքրություն, և վերջապես լու ունեցողներին հրավիրում էին ներկայանալ քաղաքապետարանի դիսպանսերները: Բոլոր ընտանիքներին պարտավորեցվում էր հայտնել բժշկից ախտորոշված դեպքերը և համաձայնվել, որ իրենց հիվանդները մեկուսացվեն հիվանդանոցներում նախատեսված հատուկ հիվանդասենյակներում: Այդ հիվանդասենյակներն ունեին բոլոր հնարավորությունները հիվանդների խնամքի և ամենակարճ ժամկետում ապաքինման համար: Լրացուցիչ մի քանի կետերը, հիվանդի սենյակի պարտադիր ախտահանման և հիվանդներին փոխադրող մեքենաների մասին էին: Հայտարարությունն ավարտվում էր հիվանդների մերձավորներին հանձնարարով ենթարկվել բուժական հսկողության։
Բժիշկ Ռիեն կտրուկ շարժումով շուռ եկավ հայտարարությունից և ուղղվեց դեպի իր աշխատասենյակը։ Ժոզեֆ Գրանը, որ սպասում էր, նրան տեսնելով ձեռքերը երկինք բարձրացրեց– Պասու էր,
– Գիտեմ, գիտեմ,– ասաց Ռիեն,– թվերը բարձրանում էն։
Նախորդ օրը քաղաքում մահացել էին տասնյակ հիվանդներ։ Բժիշկն ասաց, որ հավանաբար երեկոյան կայցելի նրան, քանի որ գնալու էր Քոթարի մոտ։
– Ճիշտ եք մտածում,– ասազ Գրանը,– ձեր այցելությունը նրան օգուտ կտա, որովհետև նրան փոխված եմ տեսնում։
– Ինչո՞վ է այդ արտահայտում:
– Նա շատ քաղաքավարի է դարձել:
– Իսկ առաջ քաղաքավարի չէ՞ր;
Գրանը վարանեց պատասխանել: Նա չէր կարող ասել, որ Քոթարն անքաղաքավարի եղած լիներ, արտահայտությունը ստույգ չէր լինի։ Մինչև այդ նա լռակյաց և փակ մարդ էր, կարծես մի տեսակ վայրենի լիներ։ Սենյակից գնացել էր մի համեստ ճաշարան և բավաևանին խորհրդավոր այցելություններ էր տվել: Ահա Քոթարի ամբողջ կյանքը։ Պաշտոնապես նա գինու և լիկյորների մի ընկերության ներկայացուցիչն էր։ Ժամանակ առ ժամանակ նրան այցելել էին մի քանի մարդիկ, որոնք հավանաբար նրա հաճախորդներ էին: Երեկոները երբեմն կինո էր գնացել, որը մեր շենքի ճիշտ դիմացն էր: Քաղաքապետարանի պաշտոնյան նույնիսկ նկատել էր, որ Քոթարը նախընտրում է գանգստերական կինոնկարներ նայել: Ամեն պարագայի առևտրական ընկերության ներկայացուցիչը մենակ էր ապրել և կասկածամիտ էր եղելել։
Այդ բոլորը, ըստ Գրանի, այժմ շատ էր փոխվել:
– Չգիտեմ ինչպե՞ս բացատրել, բայց այն տպավորությունն ունեմ, որ նա այժմ ցանկանում է մարդկանց հետ կապվել, ցանկանանում է բոլորի համակրանքը շահել: Ինձ հետ հաճախ է խոսում, խնդրում է հետը դուրս գալ և միշտ չէ, որ կարողանում եմ հրաժարվել: Մյուս կողմից նա ինձ հետաքրքրում է, չէ՞ որ ես եմ փրկել իր կյանքը։
Ինքնասպանության փորձից հետո Քոթարին ոչ ոք չէր այցելել։ Փողոցներում և խանութներում նա համակրանք էր որոնում: Ոչ ոք դեռևս այդքան մեղմության հանդես չէր բերել նպարավաճառների հետ խոսելիս, այնքան ուշադրություն՝ ծխախոտավաճառուհուն լսելու։
– Իսկ ծխախոտի այդ վաճառողուհին,– նկատեց Գրանը,– իսկական կարիճ է: Իմ այդ կարծիքը հայտնեցի Քոթարին, բայց նա պատասխանեց, որ սխալվում եմ, որ նա լավ կողմեր էլ ունի, որոնք պետք է տեսնել կարողանալ:
Ի վերջո, մի քանի անգամ Քոթարը Գրանին տարել էր քաղաքի շքեղ ռեստորաններն ու սրճարանները: Վերջերս նա սկսել էր այդ տեղերն այցելել:
– Այնտեղ մարդ իրեն լավ է զգում,– ասել էր նա,– բարձր հասարակության մեջ ես մտնում:
Գրանը նկատել էր, որ ռեստորանների անձնակազմը հատուկ ուշադրություն է դարձնում, վերաբերմունք է ցույց տալիս առևտրական տան ներկայացուցչի հանդեպ, և տեսնելով նրա տված ավել փողը՝ նա հասկացել էր պատճառը: Քոթարը շատ զգայուն էր այն բարեկամությունների նկատմամբ, որ նրան ցույց էին տալիս ավել տրված փողի դիմաց: Մի անգամ ճաշարանի տնօրենը նրան առաջնորդել էր մինչև դուռը և օգնել վերարկուն հագնելու: Հետո Քոթարը ասել էր Գրանին.
– Լավ տղա է, կարող է վկայել:
– Ինչի՞ մասին վկայել:
Քոթարը վարանել էր:
– Այն մասին, որ ես վատ մարդ չեմ:
Սակայն նա հումորի զգացում էլ ուներ: Մի օր, երբ նպարավաճառը նվազ սիրալիր էր եղել, եկել էր իր մոտ անտանելի բարկացած.
– Նա էլ մյուսների նման է, այդ կեղտոտ արարածը,– կրկնում էր նա:
– Ո՞ր մյուսների:
– Բոլորի նման, ուրիշների նման:
Գրանը նույնիսկ ներկա էր եղել հետաքրքրական մի տեսարանի՝ ծխախոտավաճառորդուհու մոտ: Բարեկամական մի զրույցի ժամանակ այդ կինը պատմել էր վերջերս կատարված մի ձերբակալության մասին, որ Ալժիրում աղմուկ էր հանել: Առևտրական գրասենյակի մի աշխատողի մասին էր խոսքը, որը ծովափին մի արաբ էր սպանել:
– Եթե ամբողջ այդ թափթփուկը բանտարկվեր,– ասել էր կինը,– պատվավոր մարդիկ կկարողանային ազատ շնչել:
Բայց խոսքի կեսին կինը կանգ էր առել Քոթարի հանկարծական հուզմունքի պատճառով: Նա իրեն կրպակից դուրս էր նետել առանց ներողություն խնդրելու: Գրանը և վաճառող կինը մնացել էին զարմացած ու շշմած:
Գրանը Ռիեի ուշադրությանը հանձնեց նաև Քոթարի բնավորության այլ փոփոխությունները: Վերջինս միշտ շատ ազատամիտ գաղափարներ էր ունեցել: Նրա նախասիրած նախադասությունը՝ «Մեծերը միշտ փոքրերին ուտում են»–ը, հաստատում էր այդ: Բայց որոշ ժամանակվանից ի վեր նա գնում էր միայն Օրանի հավասարակշռված դիրքորոշում ունեցող թերթը և չէր կարողանում նույնիսկ չմտածել, որ նա, որոշ համառությամբ, այն կարդում է հասարակական վայրերում: Լավանալուց մի քանի օր հետո փոստ գնացող Գրանից խնդրել էր հարյուր ֆրանկ ուղարկել հեռավոր քրոջը, ինչպես սովոր էր անել ամեն ամիս: Բայց այն պահին, երբ Գրանը դուրս էր գալիս.
– Երկու հարյուր ֆրանկ փոխանցիր,– խնդրել էր նա,– քրոջս համար լավ անակնկալ կլինի: Կարծում է, որ իր մասին երբեք չեմ մտածում: Իսկ ճշմարտությունն այն է, որ նրան շատ եմ սիրում:
Եվ ի վերջո Գրանի հետ ունեցել էր մի շատ հետաքրքրական զրույց: Վերջինը ստիպված էր եղել պատասխանել Քոթարի հարցերին, հետաքրքրված այն աշխատանքով, որին Գրանը իրեն նվիրում էր ամեն գիշեր:
– Հասկանալի է,– ասել էր Քոթարը,– դուք գիրք եք գրում:
– Մոտավորապես, բայց իմ արածը դրանից ավելի բարդ է:
– էհ,– բացականչել էր Քոթարը,– շատ կուզենայի ձեզ նման գրելով զբաղվել:
Գրանը անակնկալի էր եկել, և Քոթարը թոթովել էր, որ եթե արվեստագետ եղած լիներ, շատ գործեր կարգավորած կլիներ:
– Ինչո՞ւ,– հարցրել էր Գրանը:
– Որովհետև արվեստագետը ավելի իրավունքներ ունի, քան մի ուրիշը, ամբողջ աշխարհին հայտնի է այդ: Նրան շատ բան են թույլ տալիս:
– Պարզ է,– ասաց Ոիեն Գրանին՝ հայտարարությունները կպցնելու առավոտը,– առնետների պատմությունը ինչպես շատերի, նրա գլուխն էլ է պտտացրել, այդ է ամբողջ եղածը: Եվ կամ, տենդից վախենում է:
Գրանը պատասխանեց.
– Չեմ կարծում, բժիշկ, և եթե իմ կարծիքն եք ուզում…
Առնետներ հավաքող ավտոն մեծ աղմուկով անցավ լուսամուտի տակով: Ռիեն լռեց, մինչև որ հնարավոր դարձավ լսելի լինել, և անտարբեր ձևով հարցրեց պաշտոնյայի կարծիքը: Մյուսը մինչ այդ նրան էր դիտում լուրջ տեսքով:
– Նա մի մարդ է,– ասաց նա,– որի խղճի վրա ինչ–որ բան է ծանրանում:
Բժիշկը ուսերը բարձրացրեց: Ինչպես ոստիկանության կոմիսարն էր ասել, ուրիշ շատ անելիքներ կային:
Կեսօրից հետո Ռիեն խորհրդակցեց Քասթելի հետ: Շիճուկները դեռ չէին գալիս:
– Իսկ ընդհանրապես դրանք կարո՞ղ են օգտակար լինել,– հարցրեց Ռիեն,– շատ տարօրինակ բացիլ է:
– Ոչ, ես ձեր կարծիքին չեմ,– ասաց Քասթելը,– այդ մանրէները միշտ էլ յուրահատուկ տեսք են ունենում, բայց իրականում նույնն են լինում:
– Դուք այդպես ենթադրում եք միայն: Իրականում հստակ ոչ մի բան չգիտենք դրա մասին:
– Իսկապես ենթադրում եմ: Բայց ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ բան չի անում:
Ամբողջ օրվա ընթացքում բժիշկը փոքր գլխապտույտներ էր զգում, ամեն անգամ, երբ մտածում էր Ժանտախտի մասին: Ի վերջո ինքն իրեն խոստովանեց, որ վախենում էր: Երկու անգամ մտավ մարդկանցով լեցուն սրճարաններ: Նա էլ, Քոթարի նման, կարիք էր զգում մարդկային ջերմության: Այդ բոլորը նա հիմարություն էր համարում, բայց այն օգնեց հիշելու առևտրական տան ներկայացուցչին այցելելու իր խոստումը:
Երեկոյան Ռիեն Քոթարին գտավ ճաշասենյակի սեղանի առջև: Սեղանին ոստիկանական մի բաց գիրք կար, բայց երեկոն արդեն բավականաչափ առաջացել էր, ու դժվար թե նա կարողանար կարդալ ավելացող մթության մեջ: Հավանաբար նստել էր մի քիչ առաջ և կիսամութի մեջ մտածում էր: Ռիեն հարցրեց նրա առողջության մասին: Առանց տեղից վեր կենալու Քոթարը քթի տակ մրմռաց, որ լավ էր, բայց ավելի լավ կլիներ, եթե վստահ լիներ, որ ոչ ոք իրենով չէր զբաղվում: Ռիեն նկատել տվեց, որ հնարավոր չէր միշտ մենակ լինել:
– Ես այդ մասին չեմ խոսում: Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր միշտ աշխատում են քեզ գլխացավանք պատճառել:
Ռիեն լռեց:
– Ես իմ մասին չեմ խոսում, նկատի ունեցեք: Բայց ահա, կարդում էի այս վեպը: Ահա մի դժբախտ, որին մի առավոտ հանկարծակի ձերբակալում են: Իրենով զբաղվում էին, և ինքը այդ մասին ոչինչ չգիտեր: Գրասենյակներում խոսում էին իր մասին, անունը գրում էին քարտերի վրա: Դուք կարծո՞ւմ եք, որ դա արդարացի է: Կարծո՞ւմ եք, որ իրավունք ունեն մարդու հետ այդպես վարվելու:
– Նայած հանգամանքները,– ասաց Ռիեն,– որոշ իմաստով, իսկապես, իրավունք չունեն: Բայց այդ բոլորը երկրորդական են: Շատ երկար պետք չէ փակված նստել: Պետք է դուրս գալ:
Քոթարը նյարդայնացավ և ասաց, որ ինքը միշտ էլ դուրս է գալիս, իսկ եթե կարիք լինի, ամբողջ թաղամասը կարող է վկայել իր մասին: Նույնիսկ թաղամասից դուրս նա կապեր ունի:
– Պարոն Ռիգոյին ճանաչո՞ւմ եք, ճարտարապետը: Նա իմ բարեկամներից է:
Սենյակում մութը խտանում էր: Արվարձանային փողոցը կենդանանում էր, և մի սուր ու թեթևացած բացականչություն փողոցում ողջունեց լույսերի վառվելը: Ռիեն պատշգամբ դուրս եկավ: Քոթարը հետևեց նրան: Ինչպես ամեն գիշեր, շրջակա թաղամասերից մեղմ քամին բերում էր փսփսոցներ, տապակած մասբույր, ուրախ աղմուկ և ազատության բերկրանք, որ քիչ առ քիչ լցնում էր փողոցը, ուր արդեն խուժել էր աղմկոտ մի երիտասարդություն: Գիշերը, անտեսանելի նավերի շչակները, ծովից և մարդկանցից բարձրացող խուլ աղմուկը, և այդ ժամը, որ հարազատ էր Ռիեին և որը մի ժամանակ շատ էր սիրում, այդ բոլորը նրա վրա այսօր ճնշող տպավորություն էին թողնում իր իմացած իրողության պատճառով:
– Կարող եք լույսը վառել,– ասաց նա Քոթարին:
Էլեկտրական լույսի պատճառով փոքրիկ մարդը նրան դիտում էր աչքերը բացուխուփ անելով:
– Ասացեք, բժիշկ, եթե ես հիվանդանամ, դուք ինձ հիվանդանոցի ձեր բաժնում կընդունե՞ք:
– Ինչո՞ւ չէ:
Քոթարը այնուհետև հարցրեց, թե երբևէ պատահե՞լ էր, որ ձերբակալեն կլինիկայում կամ հիվանդանոցում եղած որևէ մեկին: Ռիեն պատասխանեց, որ նման բաներ պատահում են, բայց ամեն ինչ կախված է հիվանդի վիճակից:
– Ես ձեզ վստահում եմ,– ասաց Քոթարը:
Հետո բժշկին խնդրեց, որ իրեն քաղաք տաներ իր մեքենայով:
Քաղաքի կենտրոնում փողոցները արդեն ավելի սակավամարդ էին և լույսերը ավելի հազվադեպ: Երեխաները դեռևս խաղում էին դռների առջև: Քոթարի խնդրանքի վրա բժիշկը ավտոն կանգնեցրեց մի խումբ երեխաների առջև, որոնք բարձր ճիչեր արձակելով խաղում էին: Բայց նրանցից մեկը սև, կպած մազերով, կատարյալ դիմագծերով, կեղտոտ դեմքով, պայծառ ու շփոթեցնող հայացքով ուղիղ նայում էր բժշկին: Ռիեն հայացքը փախցրեց: Քոթարը, մայթի վրա կանգնած, նրա ձեռքն էր սեղմում:
Առևտրական ներկայացուցիչը խոսում էր խզված ձայնով և դժվարությամբ:
Մի քանի անգամ նա շուռ եկավ և նայեց իր ետևը:
– Մարդիկ համաճարակի մասին են խոսում, բժիշկ, դա ճի՞շտ է:
– Մարդիկ միշտ էլ խոսում են, դա բնական բան է,– ասաց Ռիեն:
– Իրավունք ունեք: Բացի այդ, նույնիսկ եթե տասնյակ մարդիկ են մահանում, նրանց թվում է, թե աշխարհի վերջն է եկել: Ոչ, մեզ պետք եղածը դա չէ:
Մեքենայի շարժիչն արդեն աշխատում էր: Ռիեն պատրաստվում էր առաջ շարժվել: Նա նորից նայեց տղային, որ չէր դադարել իրեն դիտելուց իր լուրջ ու հանգիստ հայացքով: Եվ հետո, հանկարծ, երեխան ծիծաղեց նրան բոլոր ատամները ցույց տալով:
– Իսկ ի՞նչ է մեզ պետք,– հարցրեց բժիշկը ժպտալով երեխային: Քոթարը հանկարծ պինդ բռնեց ինքնաշարժի դռնակը և փախչելուց առաջ բղավեց արցունքով ու կատաղությամբ լեցուն ձայնով.
– Երկրաշարժ, մի իսկական երկրաշարժ:
Երկրաշարժ տեղի չունեցավ, և հաջորդող ամբողջ օրը Ռիեն անցկացրեց քաղաքի չորս անկյունները տված երկարատև այցելություններով, հիվանդների հարազատների հետ բանակցելով և հիվանդների հետ վիճելով: Ռիեն երբեք իր աշխատանքը այդքան ծանր չէր կարծել: Մինչ այդ հիվանդները իրենք հեշտացնում էին իր աշխատանքը, իրեն ենթարկվում էին: Առաջին անգամ լինելով հիվանդները լռակյաց էին դարձել, մի տեսակ իրենց հիվանդության խորքերը ապաստանած, զարմացած և անվստահ: Դա մի պայքար էր, որին բժիշկը դեռևս չէր սովորել: Ժամը տասի մոտերը նա իր մեքենան կանգնեցրեց շնչարգելությամբ հիվանդ ծերուկի տան առջև: Նրան բոլորից ուշ էր այցելում: Ռիեն ճիգ գործադրեց նստոցից բարձրանալու համար: Դրսում դանդաղեց, դիտեց մութ փողոցը և աստղերը, որոնք երևում ու աներևութանում էին սև երկնքում: Հիվանդը հագնված նստած էր անկողնում: Թվում էր, որ նա ավելի լավ էր շնչում և մի ամանից մյուսին լցնելով չոր սիսեռներ էր հաշվում: Ուրախ տեսքով նա ընդունեց բժշկին:
– Ուրեմն, բժիշկ, Ժանտա՞խտ է:
– Այդ որտեղի՞ց հնարեցիք:
– Թերթից, ռադիոն էլ նույնն է ասել:
– Ոչ, Ժանտախտ չէ:
– Բոլոր դեպքերում,– ասաց ծերուկը չափազանց հուզված,– մեր խելոքները նորից իրենց խելքին զոռ են տալիս, բաներ են հորինում, հա՞:
– Ոչ մի բանի էլ մի հավատացեք,– ասաց բժիշկը: Նա քննեց ծերուկին, հետո նստեց այդ աղքատ ճաշասենյակի մեջտեղը: Այո, վախենում էր: Նա վստահ էր, որ հենց այդ արվարձանում, առավոտ շուտ իրեն էին սպասելու տասնյակ հիվանդներ, իրենց ուռուցքների վրա հակված: Մի քանի դեպքերում միայն ուռուցքների կտրելը բարելավման էր առաջնորդել: Մեծամասնությունը հիվանդանոց էր ուղարկվելու, և նրանք գիտեին, թե ի՞նչ էր նշանակում հիվանդանոցը աղքատների համար:
«Ես չեմ ուզում, որ նրան օգտագործեն իրենց փորձերի համար»,– ասել էր նրան մի հիվանդի կինը: Նրանք փորձերի համար չէին օգտագործվեի, մահանալու էին, այդքան: Ձեռք առնված միջոցառումները անբավարար էին, արդյունքը շատ պարզ էր: Իսկ «մասնավորապես կահավորված» պալատները, նա գիտեր, թե ինչ էին դրանք: Ընդամենը երկու պալատ շտապ կերպով հիվանդներից ազատված, խցանված պատուհաններով, առողջապահական գոտիով: Եթե համաճարակը ինքն իրեն կանգ չառներ, անհնար էր հաղթահարել իշխանությունների ձեռնարկած միջոցներով:
Սակայն, երեկոյան, պաշտոնական հաղորդումները լավատեսական էին։ Հաջորդ օրը Ռանսդոկ գործակալությունը հայտարարում էր, որ վարչական ձեռնարկումները բնակչության կողմից սառնասրտորեն էին ընդունվել և որ արդեն մոտ երեսուն հիվանդ ներկայացել էին: Քասթելը զանգահարեց Ռիեին.
– Քանի՞ մահճակալ կա հիվանդասենյակներում:
– Ութսուն:
– Իսկ քաղաքում, անկասկած, երեսունից ավելի հիվանդ կա, չէ՞։
– Կան նաև վախեցողներ և ուրիշներ, ավելի մեծ թվով, որոնք ժամանակ չունեցան և չհասցրին:
– Թաղումները հսկողության տա՞կ են:
– Ոչ: Ես Ռիշարին զանգահարեցի, որ ամբողջական միջոցառումներ են պետք, ոչ թե խոսքեր, և որ համաճարակի դեմ պետք է իսկական պատվար կառուցել, կամ ոչ մի բան չանել:
– Եվ ի՞նչ:
– Պատասխանեց, որ ինքը իշխանություն և ուժ չունի: Իմ կարծիքով համաճարակը տարածվելու է:
Եվ իսկապես, երեք օրվա ընթացքում երկու հիվանդասենյակները լցվեցին: Ռիշարի տվյալներով մի դպրոց պիտի փակեին և վերածեին փակ հիվանդանոցի: Ռիեն շիճուկների էր սպասում և ուռուցքներ բացում: Քասթելը վերադարձել էր իր գրքերին և գրադարանում երկար ժամանակ էր անցկացնում:
– Առնետները Ժանտախտից Են սատկել և կամ մի ուրիշ հիվանդությունից, որ շատ նման է դրան,– եզրակացրեց նա,– նրանք շարժման մեջ են դրել տասնյակ հազարավոր լվեր, որոնք վարակը կտարածեն երկրաչափական հարաբերությամբ, եթե ժամանակին չկանգնեցվեն:
Ռիեն լռում էր:
Այդ ժամանակաշրջանում եղանակը, ըստ երևույթին, կայունացավ: Եվ արևը իսպառ չորացրեց վերջին ժամանակները տեղացած անձրևների կաթիլները: Ոսկեգույն լույսով ողողված գեղեցիկ կապույտ երկինքը, բարձրացող տաքության մեջ օդանավերի ժխորը, ամեն ինչ խաղաղության հրավեր էր: Սակայն չորս օրում տենդը չորս զարմանալի թռիչք գործեց, տասնվեց, քսանչորս, քսանութ և երեսուներկու մահ: Չորրորդ օրը հայտնեցին օԺանդակ հիվանդանոցի բացման մասին՝ մի մանկապարտեզի շենքում: Մեր համաքաղաղացիները, որոնք մինչ այդ իրենց մտահոգությունը թաքցրել էին կատակների դիմակի տակ, փողոցներում ավելի մտահոգ և ավելի լռակյաց դարձան:
Ռիեն որոշեց զանգահարել պրեֆեկտին.
– Միջոցառումները անբավարար Են:
– Թվերն ունեմ,– ասաց պրեֆեկտը,– իսկապես մտահոգիչ են:
– Ավելին են, քան մտահոգիչ, նրանք պարզ են:
– Կառավարությունից հրամաններ պիտի պահանջեմ:
Ռիեն անմիջապես զանգահարեց Քասթելին:
– Հրւսմաններ, այստեղ հրամաններ պետք չեն, գործիմացություն է պետք:
– Իսկ շիճուկնե՞րը:
– Այս շաբաթվա մեջ կհասնեն.
Պրեֆեկտուրան Ռիշարի միջոցով Ռիեից խնդրեց զեկուցագիր կազմել, որ պիտի ուղարկվեր գաղութի մայրաքաղաքին՝ հրամաններ ստանալու համար: Ռիեն հիվանդության կլինիկական նկարագրությունն արեց և թվական տվյալներ տվեց: Նույն օրը քառասունի մոտ մահացածներ եղան: Պրեֆեկտը, ինչպես ինքն էր ասում, իր վրա վերցրեց պատասխանատվությունը և հաջորդ օրվանից միջոցառումները խստացրեց: Հիվանդներին հայտարարելը պարտադիր դարձավ և նրանք պետք է մեկուսացվեին: Հիվանդների բնակարանները պետք է ախտահանվեին և փակվեին, մոտիկ մարդիկ պետք է ենթարկվեին ժամանակավոր մեկուսացման, թաղումները պետք է կատարվեին քաղաքապետարանի կողմից, այնպիսի ձևով, որի մանրամասնությունները պիտի հայտնվեին հետագայում: Մի օր հետո, օդանավով հասան շիճուկները: Այն կարող էր բավարարել բուժման ընթացքում եղող դեպքերի համար միայն, սակայն անբավական էր, եթե համաճարակը տարածվեր: Ռիեի հեռագրին պատասխանեցին, որ ապահովության համար եղած պահեստները սպառված էին և որ սկսվել էր նորերի արտադրությունը:
Այդ ժամանակամիջոցին մերձակա բոլոր արվարձաններից գարունը շուկա էր հասնում: Հազարավոր վարդեր թառամում էին վաճառողների զամբյուղների մեջ, մայթերի երկայնքին, և նրանց բույրը լողում էր ամբողջ քաղաքում: Երևութապես ոչ մի բան չէր փոխվել: Պիկ ժամերին տրամվայները միշտ լիքն էին, իսկ օրվա ընթացքում դատարկ ու կեղտոտ: Տարրուն դիտում էր փոքրիկ ծերուկին, և փոքրիկ ծերուկը թքում էր կատուների վրա: Ամեն երեկո Գրանը փակվում էր իր տանը՝ իր խորհրդավոր աշխատանքը կատարելու: Քոթարը անընդհատ պտույտ էր գալիս ինքն իր շուրջը: Իսկ պարոն Օթոնը՝ ոստիկանության քննիչը, շարունակում էր ճաշարան առաջնորդել իր ընտանիքը: Շնչարգելությամբ հիվանդ ծերուկը ամանից աման էր տեղափոխում սիսեռները, և երբեմն էլ կարելի էր հանդիպել լրագրող Ռամբերին, որ շրջում Էր հանգիստ ու հետաքրքրվւսծ տեսքով: Երեկոյան, նույն ժողովուրդը լցվում Էր փողոցները և կինոների առջև հերթեր Էին գոյանում: Մյուս կողմից էլ, համաճարակը կարծես նահանջել էր. մի քանի օրվա ընթացքում միայն տասնյակ մահացություններ եղան: Հետո, մի անգամից, այն նետի պես բարձրացավ: Այն օրը, երբ մահացությունների թիվը նորից հասավ երեսունի, Դիեն կարդաց պաշտոնական մի հեռագիր, որ պրեֆեկտը նրան էր մեկնել ասելով՝ «վերջապես ահաբեկվեցին»: Հեռագրում գրված էր.– «Հայտարարեցեք ժանտախտի վիճակ: Քաղաքը փակեցեք»:
II
Այդ պահից սկսած, կարելի է ասել, ժանտախտը դարձավ մեր բոլորի գործը: Մինչ այդ, հակառակ այդ եզակի դեպքերի պատճառած անակնկալին և մտահոգությանը, մեր համաքաղաքացիներից յուրաքանչյուրը շարունակել էր իր զբաղմունքը իր սովորական տեղում, ինչպես կարողացել էր: Եվ անկասկած այդպես էլ կշարունակվեր: Բայց երբ դռները փակվեցին, նրանք նկատեցին, որ բոլորը, այդ թվում այս գիրքը շարադրողը, բռնված են նույն տոպրակի մեջ ու անհրաժեշտ է հարմարվել նոր դրությանը: Այսպես, օրինակի համար, սիրած անձից բաժանվելու զգացումի նման անհատական մի զգացում հանկարծ ընդհանուր դարձավ ամբողջ մի ժողովրդի համար և վախի հետ միացած՝ գլխավոր տառապանքը եղավ բանտարկության այս երկար ժամանակի ընթացքում:
Դռների փակվելու ամենաակնհայտ հետևանքներից մեկը հանկարծակի բաժանման վիճակն էր, որում հայտնվեցին բոլորովին անպատրաստ մարդիկ: Մայրեր ու զավակներ, ամուսիններ, սիրահարներ, որոնք մի քանի օր առաջ հավատացել էին, որ կարճ, ժամանակավոր բաժանման համար են հեռանում քաղաքից, որոնք համբուրվել էին մեր կայարանում և մի քանի աննշան հանձնարարություններ էին արել իրար, վստահ՝ որ մի քանի օր, կամ մի քանի շաբաթ հետո նորից են տեսնվելու, խորապես սխալված զգացին իրենց մարդկային հիմար վստահության համար: Հազիվ մոռացած իրենց սովորական զբաղմունքները, նրանք միանգամից տեսան, որ հեռացված են իրենց բնական շահերից՝ առանց նույնիսկ ամենափոքր նախազգուշացման, անհասանելի ձևով զրկված են միանալու կամ իրար հետ հարաբերվելու հնարավորությունից: Քանի որ քաղաքի դռների փակումը տեղի էր ունեցել ոստիկանության հրամանի տպագրվելուց առաջ, բնականաբար, հնարավոր չէր եղել նկատի առնել նույնիսկ մասնավոր դեպքերը: Կարելի է ասել, որ հիվանդության այս կոպիտ ներխուժումը ստիպում էր մեր համաքաղաքացիներին այնպես վարվել, կարծես անձնական զգացումներ չունենային: Հրամանի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ հետո, օրվա առաջին կեսին, ոստիկանությունը ենթարկվեց դիմողների բազմության հարձակմանը, որոնք հեռախոսով կամ անձամբ ներկայանալով պաշտոնյաներին, պարզում էին հավասարապես հետաքրքրական վիճակներ, որոնք նույն ժամանակ անկարելի էր քննարկել: Փաստորեն բազմաթիվ օրեր պետք եղան, որպեսզի մենք մեզ հաշիվ տայինք, որ գտնվում էինք մի վիճակում, որ չէր կարող զիջողություն անել, և որ «համոզել», «ընդառաջել», «բացառություն» բառերը այլևս իմաստ չունեին:
Նամակագրության փոքր բավականությունը նույնիսկ մեզ մերժվեց: Մի կողմից քաղաքը այլևս կապված չէր երկրի մյուս մասերի հետ հաղորդակցության սովորական կապերով, իսկ մյուս կողմից մի նոր հրաման արգելել էր բոլոր նամակագրությունները, որպեսզի արգելեն նամակներին վարակի փոխանցողները լինել: Սկզբում որոշ մենաշնորհյալներ կարողանում էին հարաբերություն հաստատել քաղաքի դռների մոտ դրված պահակների միջոցով, որոնք համաձայնվում էին երկտող անցկացնել դուրս: Այդ բոլորը դեռևս համաճարակի առաջին օրերին էր, երբ պահակները բնական էին համարում տեղի տալ գթասրտության զգացումի առջև: Բայց որոշ ժամանակ հետո, երբ նույն պահակները լավ համոզվեցին դրության լրջության մեջ, հրաժարվեցին ստանձնել մի գործի պատասխանատվությունը, որի հետևանքի սահմանները անկանխագուշակելի էին: Հեռախոսային միջքաղաքային խոսակցությունները, որոնք սկզբում թույլատրված էին, այնպիսի խառնաշփոթ ստեղծեցին հանրային հեռախոսախցիկների առջև և գծերի վրա, որ մի քանի օր ամբողջովին արգելվեցին, իսկ այնուհետև խստորեն սահմանափակվեցին շատ անհետաձգելի դեպքերի համար, ինչպես մահը, ծնունդը և ամուսնությունը: Այդ ժամանակ հարաբերության մեր միակ աղբյուրները մնացին հեռագրերը: Մարդիկ, որոնք իրար էին կապված ուղեղով, սրտով և մարմնով, սահմանափակեցին ացյալի իրենց հարաբերությունները մեծատառով գրված տասը բառանոց հեռագրի սահմաններում: Եվ որովհետև հեռագրի օգտագործվող բանաձևերը փաստորեն շուտ են սպառվում, երկարատև համատեղ կյանքը կամ ծանր ապրումները արագորեն ամփոփվեցին պարբերաբար տրվող բանաձևերով, ինչպիսինք էին. «լավ եմ: Քո մասին եմ մտածում, համբույրներ»:
Սակայն մեզանից ոմանք համառորեն շարունակում էին գրել և առանց հոգնելու դրսի հետ նամակցելու նորունոր հնարքներ էին գտնում, թեև դրանք միշտ ավարտվում էին խաբուսիկ լինելով: Սակայն նույնիսկ մեր հնարած միջոցներից ոմանք եթե հաջողվում էին, մենք այդ մասին իմանալ չէինք կարող, որովհետև պատասխան չէինք ստանում: Այդ ժամանակ մենք ստիպված եղանք ամբողջ շաբաթներ անընդհատ նույն նամակները գրել, նորից արտագրել նույն տեղեկությունները և ուղղել նույն կոչերը, մինչև որ, որոշ ժամանակ անց, մեր արյունոտած սրտից բխած բառերը դատարկվեցին իրենց իմաստներից: Այնուհետև սկսեցինք մեքենաբար արտագրել դրանք, աշխատելով այդ մեռած նախադասությունների միջոցով մեր դժվար կյանքի մասին տեղեկություններ տալ: Եվ վերջ տալու համար այս անպտուղ և համառող մենախոսությանը պատի հետ, հեռագրի պայմանական կոչը մեզ նախընտրելի թվաց:
Մի քանի օր հետո, երբ պարզ դարձավ, որ ոչ-ոքի չի հաջողվելու դուրս գալ մեր քաղաքից, մարդկանց մեջ միտք ծնվեց, արդյո՞ք հնարավոր էր թույլատրել համաճարակից առաջ մեկնածների վերադարձը: Մի քանի օր մտածելուց հետո ոստիկանությունը դրական պատասխան տվեց: Բայց այնտեղ հստակորեն ասվում էր, որ վերադարձողները ոչ մի դեպքում չէին կարող քաղաքից նորից դուրս գալ, և որ, եթե ազատ էին գալու, վերադառնալու ազատություն չունեին: Այդ ժամանակ, մի քանի ընտանիքներ, թեև հազվադեպ, վիճակը թեթևի առան և իրենց հարազատներին տեսնելու ցանկությունը ամեն զգուշավորությունից նախընտրելով, վերջիններին հրավիրեցին առիթից օգտվել: Բայց ժանտախտից բանտարկյալները շատ արագ հասկացան վտանգը, որին ենթարկում էին իրենց մոտիկներին և նախընտրեցին մենակ տառապել այդ բաժանումի պատճառով: Հիվանդության ամենածանր օրերին միայն մի դեպքի ականատես եղանք, երբ մարդկային զգացմունքը ավելի ուժեղ եղավ, քան տանջահար լինելով մահանալու վտանգը: Նրանք երկու սիրահարներ չէին, ինչպես կարելի էր սպասել, որոնց սերը մեկին դեպի մյուսը նետեր, անկախ վտանգից: Խոսքը վերաբերում է միայն ծեր բժիշկ Քասթելին և նրա կնոջը, որոնք վաղուց էին ամուսնացած: Տիկին Քասթելը համաճարակից մի քանի օր առաջ մեկնել էր մոտակա քաղաքը: Նրանք նույնիսկ այն ընտանիքներից չէին, որոնք աշխարհի համար հանդիսանային երջանկության օրինակ, այս գիրքը շարադրողը նույնիսկ իրավունք ունի ասելու, որ շատ հավանաբար այդ ամուսինները մինչ այդ այնքան էլ վստահ չէին, որ իրենց ամուսնությունից գոհ էին: Բայց այս կոպիտ և երկարաձգված բաժանումը նրանց հնարավորություն տվեց վստահ լինելու, որ իրարից հեռու ապրել չէին կարող, և այդ ճշմարտության կողքին հանկարծակի լույս աշխարհ եկած ժանտախտը շատ անզոր էր:
Բայց այդ դեպքը բացառություն էր: Մեծամասնության համար բաժանումը, պարզ էր, կարող էր ավարտվել միայն համաճարակի հետ: Եվ մեզ բոլորիս համար այն զգացումները, որոնք մեր ամբողջ կյանքն էին և որոնք, կարծում էինք, լավ էինք ճանաչել (օրանցիները, արդեն ասել ենք, պարզ կրքեր ունեին), նոր իմաստ էին ստանում: Ամուսիններ ու սիրեկաններ, որոնք մեծ վստահություն ունեին իրենց կանանց և սիրուհիների նկատմամբ, հանկարծ ի հայտ բերեցին, որ խանդում են: Մարդիկ, որոնք սիրո հարցերում թեթևամիտ էին թվում, հանկարծ դարձան հավատարիմներ: Որդիներ, որոնք, ապրելով հանդերձ իրենց մայրերի մոտ, հազիվ էին նրանց նկատում, սկսեցին մտահոգվել և անցյալի համար զղջալ նրանց դեմքի մի կնճիռի պատճառով, որ հիշողությունը արթնացնում էր նրանցում: Այս բիրտ բաժանումը և մեր ամբողջական անգիտությունը, թե ինչ էր ապագան նախատեսել, մեզ անակնկալի էր բերել և շփոթեցրել էր. մենք անկարող էինք որևէ բան անելու սիրելի էակի ներկայության հիշողության դիմաց, որ դեռևս այնքան մոտ լինելով, արդեն այնքան հեռու էր մեզնից և այժմ ամբողջովին գրավել էր մեր օրերը: Փաստորեն մենք կրկնակի տառապանք էինք ապրում, նախ մեր տանջանքի և ապա նաև բացակաների՝ զավակների, ամուսինների, սիրածների կարծեցյալ տանջանքի համար:
Ուրիշ պարագաներում սակայն դրսի, գործնականի հետ կապված կյանքում մեր քաղաքացիները ելքը գտած կլինեին: Բայց վատն այն էր, որ ժանտախտը նրանց դարձրել էր անգործունյա և նրանք, ստիպված, իրենք իրենց վրա պտույտ էին գործում այդ տխուր, հիշատակի խաբուսիկ խաղին գերի դարձած քաղաքում: Որովհետև, իրենց աննպատակ զբոսանքներում նրանք ստիպված էին անցնել միշտ նույն ճանապարհներով, իսկ նման փոքր քաղաքներում, ընդհանրապես, այդ ճանապարհները հենց դրանք էին, որ ուրիշ ժամանակաշրջանում նրանք անցել էին բացակա սիրելիների հետ:
Այսպիսով, առաջին բանը, որ ժանտախտը բերեց մեր համաքաղաքացիներին, աքսորի զգացումն էր: եվ ժամանակագիրը վստահ է, որ կարող է բոլորի անունից գրել այն, ինչ ինքն է զգացել այդ ժամանակ, որովհետև նա զգացել է այն, ինչ մեր համաքաղաքացիներից շատերն էին զգում: Հատկապես աքսորի զգացումն էր, որ տևականորեն ունենում էինք մենք, այդ շատ հստակ անտրամաբանական ետ դառնալու, հիշողության այրող նետերը չզգալու, ժամանակի քայլերը շտապեցնելու զգացումը: Եթե երբեմն մենք մեզ հանձնում էինք մեր երևակայությանը և վերադարձի զանգին կամ սանդուղքների վրա հնչող հարազատի ոտնաձայնին սպասելու հաճույքին, եթե այդ պահերին համաձայնվում էինք մոռանալ, որ գնացքները անշարժացված էին, եթե հարմարեցնում էինք տանը մնալ այն ժամերին, երբ բնական ժամանակներում որևէ ճանապարհորդ իրիկնային գնացքից իջնելուց հետո կարող էր մեր թաղամասը գալ, պարզ է, որ այդ խաղերը շարունակվել չէին կարող: Հասնում էր մի պահ, երբ հստակորեն գիտակցում էինք, որ գնացքները այլևս չէին գալիս: Այդ ժամանակ հասկանում էինք, որ մեր բաժանումները դատապարտված էին երկարատևության և մենք պարտավոր էիք ժամանակի հետ հարմարվել: Այդ ժամանակվանից մենք վերադառնում էինք բանտարկյալի մեր վիճակին, վերածվում էինք մեր անցյալին, և նույնիսկ մեզանից որևէ մեկը եթե փորձում էր ապրել ապագայի մեջ, հնարավոր արագությամբ հրաժարվում էր դրանից, ի վերջո զգալով այն վերքերը, որ երևակայությունը պատճառում էր իրեն վստահող մարդկանց:
Մեր համաքաղաքացիները, մասնավորապես հանրության առջև, շատ շուտ հրաժարվեցին իրենց բաժանման երկարատևությունը գուշակելու սովորությունից, որ կարող էին ձեռք բերել: Ինչո՞ւ: Որովհետև նույնիսկ ամենահոռետեսները, եթե այդ բաժանման համար կանխատեսել էին, օրինակի համար, վեց ամիս, այդպիսով նախօրոք սպառում էին վշտին դիմանալու իրենց ուժը, իսկ այնուհետև դժվարությամբ էին կարողանում իրենց քաջությունը բարձրացնել փորձության մակարդակին, դժվարությամբ էին իրենց ուժերը ձգում, որպեսզի կարողանան, առանց թուլանալու, տառապանքի բարձրության վրա մնալ, կարողանան ձգել այն այդքան երկար շարունակվող օրերի վրա, որովհետև պատահաբար հանդիպող որևէ բարեկամ, թերթի հայտնած մի կարծիք, մի անորոշ կասկած, կամ հանկարծակի մի հստակատեսություն նրանց կարող էր թելադրել, որ ի վերջո, պատճառ չկար, որպեսզի հիվանդությունը վեց ամսից երկար, գուցե և մի տարի, կամ նույնիսկ ավելի չտևեր:
Այդ պահին նրանց քաջության, կամքի և համբերության փլուզումը այնքան շեշտակի էր լինում, որ թվում էր, թե նրանք երբեք չեն կարողանա դուրս գալ այդ ծովից: Հետևաբար նրանք իրենք իրենց բռնադատում էին երբեք չմտածել ազատագրության ձևերի մասին, երբեք դեմքը դեպի ապագան չդարձնել և միշտ, այսպես ասած, աչքերը խոնարհած պահել: Բայց, բնականաբար, այս խոհեմությունը, վշտի հետ խորամանկելու, պայքարից հրաժարվելու այդ ձևը վատ էր վարձատրվում: Փլուզումներից խուսափելու իրենց ձգտման մեջ, որը ոչ մի դեպքում չէին ցանկանում, նրանք իրականում իրենց զրկում էին բավականին հաճախակի այն պահերից, երբ ապագայի, միավորման պատկերների մեջ կարող էին մոռանալ ժանտախտը: Եվ այսպիսով, վերելքների և անկումների կիսաճանապարհին, նրանք ավելի շուտ քարշ էին գալիս, քան ապրում, թողլքված ուղղություն չունեցող օրերի և անպտուղ հիշատակների մեջ, թափառող ստվերների նման, որոնք կարող էին ուժ ստանալ միայն արմատավորվելով իրենց տառապանքի հողի վրա:
Այսպիսով նրանք զգում էին իրենց հիշողության մեջ ապրող բոլոր բանտարկյալների ու աքսորվածների տառապանքը, որ ոչնչի չէր ծառայում: Այդ անցյալն էր, որի մասին խորհրդածում էին անդադար և որը միայն զղջումի համն ուներ: Նրանք պիտի ուզենային իրենց հիշողությանը ավելացնել նաև այն ամենը, որը արած չլինելու համար հիմա զղջում էին, այն ամենը, որ կարող էին անել իրենց սիրած էակի հետ, որին սպասում էին, ինչպես բոլոր նման պարագաներում, երբ հարաբերաբար էին երջանիկ եղել, նրանք իրենց բանտարկյալի կյանքին խառնում էին բացական, և այն, ինչ նրանք եղել էին անցյալում, այժմ չէր կարողանում նրանց գոհացնել: Անհամբեր իրենց ներկայից, թշնամի իրենց անցյալին և զուրկ ապագայից, մենք այսպիսով շատ նման էինք այն մարդկանց, որոնց արդարադատությունը կամ մարդկային ատելությունը ստիպում էր ապրել փշալարերի ետևում: Վերջապես, այս անտանելի արձակուրդներից խուսափելու միակ միջոցն այն էր, որ գոնե երևակայությամբ շարժել տայիք գնացքները և լռությունը լցնեիք դռան զանգի ղողանջով, որը համառորեն չէր հնչում:
Սակայն, Եթե դա աքսոր էր ընդհանրապես, մեզանից շատերի համար դա աքսոր էր սեփական տան մեջ: Եվ թեև ժամանակագիրը տեսել էր բոլորի աքսորը, բայց պետք չէ հատկապես մոռանալ այնպիսիներին, ինչպես լրագրող Ռամբերն էր, կամ ուրիշ մարդիկ,որոնց համար, ընդհակառակը, բաժանման տառապանքները բարդանում էին նաև այն փաստով, որ նրանք, ճանապարհորդներ, բռնված ժանտախտից և քաղաքում պահված, միաժամանակ հեռու էին այն էակից, որին չէին կարող միանալ, և այն երկրից, որ իրենցն էր: Ընդհանուր աքսորի մեջ նրանք բոլորից շատ աքսորվածներն էին, որովհետև, եթե ժամանակը նրանց մեջ հարուցում էր, ինչպես բոլորի, սրտնեղություն, որ իրեն էր հատուկ, նրանք կապված էին նաև տարածության հետ և անդադար դեմ էին առնում պատին, որ իրենց ժանտախտված ապաստարանը բաժանում էր կորցրած հայրենիքից: Անկասկած նրանք էին, որ օրվա բոլոր ժամերին թափառում էին փոշոտ քաղաքում, լուռ կանչելով իրենց երկրի գիշերներն ու առավոտները, որ միայն իրենք գիտեին: Նրանք իրենց դժբախտությունը սնում էին անչափելի նշաններով և շփոթեցնող նամակներով, ինչպես ծիծեռնակների թռիչքը կամ արևի այն տարօրինակ ճառագայթները, որ ընկնում են ամայացած փողոցների վրա: Արտաքին աշխարհը կարող էր ամեն ինչից ազատել մարդուն, բայց նրանք աչքները Փակում էին դրա վրա, միշտ համառորեն շոյելով իրենց շատ իրական ցնորքները և ամբողջ ուժով հետապնդելով մի հողի պատկերը, ուր որոշակի լույս, մի քանի բլուր, նախընտրած ծառ և կանացի դեմք նրա համար անփոխարինելի կլիմա էր կազմում:
Եվ վերջապես խոսենք սիրահարների մասին, որոնք ամենահետաքրքրականն են, և ժամանակագիրը գուցե շատ հարմար անձ է այդ մասին խոսելու: Նրանք տանջվում էին նաև ուրիշ մտահոգություններից, որոնց թվում պետք է նշել զղջումը: Այս հոգեվիճակը, իսկապես, նրանց հնարավորություն էր տալիս ավելի տենդագին անկողմնապահությամբ վերլուծելու իրենց զգացումը: Եվ քիչ էր պատահում, որ նման առիթներով սեփական թուլությունները ավելի որոշակի չերևային նրանց աչքին: Այդ վիճակի առաջին ապացույցն այն էր, որ նրանք դժվարանում էին հստակորեն պատկերացնել անցյալի դեպքերն ու բացակայի շարժումները: Այդ ժամանակ նրանք ափսոսում էին, որ անցյալում ժամանակը լավ չէին օգտագործել, իրենց մեղադրում էին սեփական թեթևամտության համար, որ անտեսել էին այդ, չէին իմացել և հավատալ էին ձևացրել, որ սիրող էակի համար սիրածի ժամանակի օգտագործումը բոլոր հաճույքների աղբյուրը չէր: Այդ պահից սկսած նրանց համար հեշտ էր վերականգնել իրենց սիրո ճանապարհը և ուսումնասիրել դրա անկատարությունները: Սովորական ժամանակ մենք բոլորս ընդունում ենք, գիտակցաբար կամ ոչ, որ ոչ մի սեր էլ չկա, որ ավելի լավ չլինի, սակայն առավել կամ նվազ հեշտությամբ հաշտվում ենք այն մտքի հետ, որ մեր սերը միջակ է եղել: Բայց հիշողությունը ավելի պահանջկոտ է: Եվ շատ հետևողական ձևով, դրսից եկող այս դժբախտությունը, որ հարվածում էր մի ամբողջ քաղաքի, մեզ միայն անարդարացի տառապանք չէր բերում, որի համար կարողանայինք անարժան լինել: Այն մեզ մղում էր, որ տառապանք պատճառեինք սեփական անձին, և միաժամանակ մղում էր, որ հաշտվեինք տառապանքի հետ որպես բնական երևույթի: Այս հիվանդության հատկանիշներից մեկն էլ մեր ուշադրությունը շեղել և մեր հաշիվները խառնելն էր: Այսպես, յուրաքանչյուրը ստիպված էր ընդունել, որ ապրելու էր օրը օրին և մենակ՝ այս երկնքի տակ: Այս ընդհանուր լքումը, որ ի վերջո կարող էր նկարագիրներ կոփել, սկսում էր դրանք անօգուտ դարձնել:
Մեր համաքաղաքացիներից ոմանք, օրինակ, ենթակա էին արդեն մի ուրիշ ստրկության, որ նրանց դնում էր արևի և անձրևի տրամադրության տակ: Նայելով նրանց, կարելի էր կարծել, որ առաջին անգամ լինելով, նրանք զգում են, ուղղակիորեն, եղանակի ազդեցությունը: Նրանք երջանիկ տեսք են ունենում ոսկեգույն լույսի պարզ այցելությունից, մինչդեռ անձրևոտ օրերին նրանց դեմքին և մտածողության վրա թանձր քող էր իջնում: Մի քանի շաբաթից նրանք ազատվում էին այս թուլությունից և անտրամաբանական ստրկությունից, որովհետև մենակ չէին աշխարհում և ինչ-որ չափով նրանց հետ ապրող էակը կանգնում էր իրենց տիեզերքի դիմաց: Այդ պահից, ընդհակառակը, նրանք ակնհայտորեն ենթարկվում էին երկնքի քմահաճույքներին, այսինքն տառապում և հուսադրվում էին անիմաստ կերպով:
Մենակության այս ծայրահեղությունների մեջ ոչ ոք չէր կարող հարևանի օգնությունը հուսալ և յուրաքանչյուրը իր զբաղմունքների մեջ մենակ էր մնում: Եթե մեզանից մեկը, պատահաբար, փորձեր վստահել և խոստովանել իր զգացումից ինչ-որ բան, ստացած պատասխանը, ինչ էլ լիներ, ընդհանրապես վիրավորում էր նրան: Նա այդ ժամանակ նկատում էր, որ զրուցակիցն ու ինքը նույն բանի մասին չէին խոսում: Ինքը իսկապես արտահայտվում էր իր մտասևեռման երկար օրերի խորքից ու տառապանքներից, և պատկերը, որի մասին ուզում էր հաղորդակից դարձնել, այրվել էր արդեն սպասումի երկար կրակից և տենչանքից: Մյուսը, ընդհակառակը, պատկերացնում էր մի սովորական հույզ, շուկայում վաճառվող մի վիշտ, ընթացիկ մի տխրություն: Բարեհոգի կամ թշնամական, պատասխանը միշտ սխալ էր լինում, որից պետք էր հրաժարվել: Հատկապես նրանց լռությունն էր անտանելի, ովքեր չկարողանալով գտնել սրտի իսկական լեզուն, հրաժարվում էին յուրացնել շուկայինը, սկսում էին ապրել սովորական ձևով, սկսում էին խոսել հարաբերության պարզության և այլ բաների, մի տեսակ առօրյա լուրերի մասին: Այդտեղ էլ տարբեր տառապանքներ սկսեցին թարգմանվել զրույցի տափակ բանաձևերով: Այս գնով միայն ժանտախտի բանտարկյալները կարողանում էին ստանալ իրենց դռնապանների վշտակցությունները և իրենց ունկնդիրների հետաքրքրությունը:
Սակայն, և դա շատ կարևոր է, որքան էլ ցավալի լինեին տառապանքները, որքան էլ ծանր լիներ այդ արդեն իսկ պարապ սիրտը, կարելի է ասել, որ այս աքսորյալները ժանտախտի առաջին շրջանի առանձնաշնորհյալներն էին: Այն ժամանակ, երբ բնակչությունը սկսում էր խենթանալ, նրանց մտածողությունը ամբողջությամբ ուղղված էր դեպի իրենց սպասած էակը: Ընդհանուր հուսահատության մեջ եսասեր սերը պահպանում էր նրանց, ու եթե մտածում էին ժանտախտի մասին, այն չափով միայն, որ այն իրենց բաժանումը հավերժական դարձնելու վտանգ էր ներկայացնում: Այդպիսով նրանք համաճարակի սիրտն էին տանում ազատարար մի մոռացում, որը կարելի էր սառնասրտության տեղ ընդունել: Հուսահատությունը փրկում էր նրանց խուճապից, նրանց դժբախտության մեջ ինչ-որ լավ բան կար: Օրինակ, եթե նրանցից մեկն ու մեկը վարակվում էր հիվանդությունով, ամբողջությամբ չէր գիտակցում այդ: Դուրս քաշվելով այս երկար ներքին զրույցից, որ ունենում էին ստվերի հետ, նրանք նետվում էին հողի ամենահաստ լռության մեջ: Ոչ մի բան անելու ժամանակ չէին ունենում:
* * *
Մինչ մեր համաքաղաքացիները փորձում էին հարմարվել այս հանկարծական աքսորին, ժանտախտը պահակներ էր դնում քաղաքի դռների վրա և վերադարձնել էր տալիս դեպի Օրան եկող նավերը: Փակումից հետո ոչ մի բեռնատար քաղաք չէր մտել: Այդ օրվանից սկսած մարդիկ այն տպավորությունն ունեին, որ ինքնաշարժերը պտտվում են իրենք իրենց շուրջը: Նավահանգիստն էլ յուրահատուկ մի տեսարան էր ներկայացնում այգիների բարձունքից դիտողի համար: Սովորական կենդանությունը, որ նրան դարձնում էր ծովեզրի առաջնակարգ նավահանգիստներից մեկը, հանկարծակիորեն հանգել էր: Մի քանի նավեր, որոնք կարանտինի պատճառով պահվել էին, դեռևս երևում էին: Բայց քարափներում, զինաթափված մի քանի ամբարձիչներ, կողի վրա շուռ եկած վագոնիկներ, տակառների և տոպրակների կույտեր վկայում էին, որ առևտուրը ինքն էլ ժանտախտից մեռել էր:
Հակառակ այս անսովոր տեսարաններին, մեր համաքաղաքացիները, ըստ երևույթին, դժվարությամբ էին հասկանում իրենց գլխին եկածը: Ընդհանուր զգացումներ կային, ինչպես բաժանումը կամ վախը, բայց նրանք շարունակում էին առաջնային համարել նախընտրած զբաղմունքները: Ոչ ոք, դեռևս, իրապես չէր ընդունել հիվանդությունը: Մեծամասնությունը առանձնապես զգայուն էր այն բաների հանդեպ, որոնք խանգարում էին իրենց սովորույթները կամ դիպչում սեփական շահերին: Դրանցից նրանք գրգռվում կամ զայրանում էին, իսկ այդ զգացումները հնարավոր չէր հակադրել ժանտախտին: Մարդկանց առաջին հակազդեցությունը, օրինակ, իշխանությանը մեղադրելն էր: Պրեֆեկտի պատասխանը այս քննադատությանը, որի արձագանքն էր եղել մամուլը («Չէ՞ին կարող արդյոք ձեռք առնված միջոցառումները մեղմացնել»), բոլորովին չէր նախատեսված: Մինչ այդ ոչ թերթերը, ոչ էլ Ռանսդոկ գործակալությունը պաշտոնական հաղորդագրություն կամ հիվանդության վիճակագրական տվյալներ չէին ստացել: Պրեֆեկտը սկսեց նրանց հադորդել օրը օրին, խնդրելով գործակալությանը շաբաթական հաղորդում կազմել:
Այդ հարցում էլ, սակայն, հանրության հակազդեցությունը անմիջական չեղավ: Իսկապես, այն հաղորդագրությունը, ըստ որի ժանտախտի երրորդ շաբաթը Երեք հարյուր երկու մահացություն էր արձանագրվել, մարդկանց երևակայությանը չէր հասնում: Մի կողմից, գուցե ոչ բոլորն էին ժանտախտից մահացել: Մյուս կողմից, քաղաքում ոչ ոք չգիտեր, թե սովորական ժամանակ շաբաթը քանի՞ մարդ էր մահանում: Քաղաքը երկու հարյուր հազար բնակիչ ուներ: Նրանք չգիտեին, արդյո՞ք մահացողների տոկոսը բնական էր: Այդպիսի ճշգրիտ հաշիվներով մարդիկ երբեք չեն զբաղվում, հակառակ այն ակնհայտ հետաքրքրությանը, որ այն ներկայացնում է: Մարդկանց, ինչ-որ չափով, պակասում է համեմատելու կարողությունը: Երկար ժամանակ պետք եղավ, այն էլ մահացողների թվի բազմանալը հաստատելուց հետո միայն, որ հանրային կարծիքը գիտակցեց ճշմարտությունը: Հինգերորդ շաբաթը, իսկապես, տվեց երեք հարյուր քսանմեկ մահացություն, իսկ վեցերորդը՝ երեք հարյուր քառասունհինգ: Այդ թվերը, առնվազն, պերճախոս էին: Բայց դրանք այնքան ուժեղ չէին, որ մեր համաքաղաքացիները, հակառակ իրենց մտահոգությանը, այն տպավորության տակ չլինեին, որ այդ ամենը պարզապես պատահականություն էր. անշուշտ տհաճ պատահականություն, բայց որը, ի վերջո, ժամանակավոր էր:
Նրանք շարունակեցին երթևեկել փողոցներում և սրճարանների պատշգամբներում սեղան նստել: Ընդհանրապես նրանք վախկոտ չէին, իրար հետ ավելի շատ զվարճախոսություններ էին փոխանակում, քան ողբեր, և ստեղծված անցողիկ անհարմարությունները ձևացնում էին հումորով ընդունել: Երևույթները փրկված էին: Սակայն ամսվա վերջերին և մոտավորապես աղոթքի շաբաթը, որի մասին կխոսենք հետագայում, դեպքերի ավելի լուրջ զարգացումները փոխակերպեցին մեր քաղաքը: Նախ, պրեֆեկտը միջոցառումներ ձեռք առավ մեքենաների երթևեկության և պարենավորման համար: Մատակարարումը սահմանափակվեց, իսկ բենզինը՝ լիմիտավորվեց: Նույնիսկ էլեկտրականության խնայողություն էր նախատեսվում: Օդային և ցամաքային ճանապարհներով Օրան էր հասնում միայն ամենաանհրաժեշտ ապրանքը: Այդպիսով, աստիճանաբար նվազեց երթևեկությունը, մինչև համարյա չքանալը: Մի օրից մյուսը փակվեցին պերճանքի խանութները, իսկ ուրիշները իրենց ցուցափեղկերը ծածկեցին բացասական խոսքերով, մինչ գնորդների հերթերը կանգնել էին դռների մոտ:
Այսպիսով Օրանը ստացավ եզակի տեսք: Հետիոտների թիվը ավելի զգալի դարձավ և նույնիսկ մեռյալ ժամերին բազմաթիվ մարդիկ, որոնք խանութների ու մի շարք գրասենյակների փակվելու պատճառով անգործ էին մնացել, լցնում էին փողոցներն ու սրճարանները: Առայժմ նրանք գործազուրկներ չէին, այլ արձակուրդում եղողներ: Օրանը, հատկապես կեսօրից հետո ժամը երեքի մոտերը, հրաշալի երկնքի տակ, տոնական քաղաքի խաբուսիկ տպավորություն էր թողնում, որի երթևեկության միջոցները արգելել էին ու խանութները փակել, որպեսզի հնարավոր լիներ ցույցը անցկացնել և այդ պատճառով էլ բնակիչները խուժել էին փողոցները՝ տոնախմբությանը մասնակցելու համար: Բնականաբար կինոները օգտվում էին այս ընդհանուր արձակուրդից և մեծ շահույթ էին ստանում, թեև կինոնկարների շրջանառությունը դրսից՝ դադարեցված էր: Երկու շաբաթվա ընթացքում կինոդահլիճները ստիպված եղան իրար հետ ծրագրեր փոխանակել, իսկ անորոշ ժամանակ անց սկսեցին նույն նկարները ցույց տալ: Սակայն, հակառակ դրան, նրանց եկամուտները չէին պակասում:
Սրճարանները, շնորհիվ կուտակված բավականաչափ պաշարին, մի քաղաքում, ուր գինու և ալկոհոլի առևտուրը առաջին տեղն էր գրավում, կարողացան սնել իրենց հաճախորդներին: Ճիշտն ասած, մարդիկ շատ էին խմում: Մի սրճարան հետևյալ հայտարարությունն էր կպցրել. «Լավ գինին սպանում է միկրոբը»: Այդ միտքը արդեն բնական էր հանրության համար, և այն, որ ալկոհոլը պաշտպանում էր վարակիչ հիվանդություններից, ավելի ուժեղացավ մարդկանց մտքում: Ամեն գիշեր, ժամը երկուսի մոտերը, նկատելի թվով հարբածներ սրճարաններից դուրս հորդելով, լցնում էին փողոցները և լավատեսական զրույցներ էին ունենում:
Սակայն բոլոր այս փոփոխությունները ինչ-որ իմաստով այնքան տարօրինակ էին և այնքան արագ էին տեղի ունենում, որ հեշտ չէր դրանք բնական և երկարատև համարել: Արդյունքը այն էր լինում, որ մենք շարունակում էինք առաջին պլանի վրա դնել մեր անձնական զգացումները: Քաղաքի դռների փակվելուց երկու օր անց, հիվանդանոցից դուրս գալուց հետո բժիշկ Ռիեն հանդիպեց Քոթարին, որը նրան նայեց նույնիսկ գոհունակություն արտահայտող դեմքով: Ռիեն շնորհավորեց նրա արտաքին տեսքը:
– Այո, ամեն ինչ արդեն լավ է,– ասաց մարդուկը:– Ասացեք, բժիշկ, այս անիծյալ ժանտախտը ոնց որ թե սկսում է լրջանալ, հա՞:
Բժիշկը ընդունեց, որ դրությունը լավ չէր: Մյուսը հաստատեց բժշկի ասածը մի տեսակ հաճույքով.
– Այժմ պատճառ չկա, որ այն կանգ առնի, չէ՞: Ամեն ինչ տակն ու վրա է լինելու քաղաքում:
Մի պահ միասին քայլեցին: Քոթարը պատմեց, թե ինչպես իրենց թաղամասի մի մեծ մթերային խանութի տերը, որ շատ ապրանք էր կուտակել, որպեսզի դրանք հետագայում բարձր գներով վաճառեր, հիվանդացել էր, և երբ եկել էին նրան տանելու, մահճակալի տակ պահածոների տուփեր էին գտել:– «Այնտեղ էլ մահացավ: ժանտախտը չի կաշառվում»: Քոթարը ճիշտ կամ սխալ նման բազմաթիվ պատմություններ գիտեր համաճարակի մասին: Ասում էին, օրինակ, որ մի մարդ, ժանտախտի նշաններով ու հիվանդության զառանցանքի մեջ, քաղաքի կենտրոնում առավոտ շուտ տնից փախչելով, իրեն գցել էր հանդիպած առաջին իսկ կնոջ վրա, գրկել էր նրան, միաժամանակ բղավելով, որ ինքը ժանտախտով վարակված է:
– Հրաշալի է:– խոսքն ավարտեց Քոթարը այնպիսի ուրախ տոնով, որ սազական չէր նրա հետագա խոսքերին:– Մենք բոլորս շուտով գժվելու ենք, համոզված եմ:
Նույն օրը, կեսօրից հետո Ժոզեֆ Գրանը վերջապես վճռեց անձնական խոստովանություններ անել բժիշկ Ռիեին: Նա նկատել էր տիկին Ռիեի լուսանկարը գրասեղանի վրա և նայել էր բժշկին: Ռիեին պատասխանեց, որ կինը բուժվում էր քաղաքից դուրս: «– Ինչ որ իմաստով,– ասաց Գրանը,– դա բախտավորություն է»: Բժիշկը պատասխանեց, որ դա անկասկած բախտավորություն էր և պետք էր հուսալ միայն, որ կինը կապաքինվի:
– Այո,– ասաց Գրանը,– հասկանում եմ:
Եվ առաջին անգամ լինելով, ինչ Ռիեն ճանաչում էր նրան, սկսեց շատ խոսել: Թեև շարունակում էր արտասանելիք բառերը որոնել, բայց հաջողվում էր գտնել դրանք, կարծես, նախօրոք, երկար ժամանակ մտածել էր ասելիքները:
Շատ երիտասարդ տարիքին ամուսնացել էր նույնպես շատ երիտասարդ և աղքատ մի աղջկա հետ, որ իր հարևանուհին էր: Ամուսնանալու համար նույնիսկ կիսատ էր թողել ուսումը և անցել պաշտոնի: Ոչ ինքը, ոչ էլ Ժաննը երբեք իրենց թաղամասից դուրս չէին գալիս: Աղջկան տեսնելու համար նա գնում էր նրանց տուն, և Ժաննի ծնողները մի քիչ ծիծաղում էին այս լռակյաց և անհաջողակ թեկնածուի վրա: Հայրը երկաթուղային էր: Երբ տանը հանգստանում էր, նրան միշտ կարելի էր տեսնել սենյակի անկյունում, լուսամուտի մոտ նստած, մտածկոտ փողոցի շարժումը դիտելիս, հսկա ձեռքերը զիստերի վրա տարածած: Մայրը միշտ զբաղված էր լինում տնային գործերով, իսկ Ժաննը օգնում էր նրան: Ժաննը այնքան նիհար էր, որ Գրանը առանց մտահոգվելու չէր կարող նայել նրա փողոցը անցնելը: Բեռնատարները այդ ժամանակ նրան չափից դուրս մեծ էին թվում: Մի օր, Ծնունդի տոներին, մի կրպակի մոտ, երբ Ժաննը ցուցափեղկը դիտելով հիացած բացականչել էր. «– Ի՜նչ գեղեցիկ է», ու ընկել իր վրա, ինքը սեղմել էր նրա ձեռքը: Այդպիսով որոշվել էր ամուսնությունը:
Պատմության շարունակությունը, ըստ Գրանի, շատ պարզ էր: Բոլորի համար էլ այդպես է. «– ամուսնանում են, մի քիչ էլ են սիրում, աշխատում են: Այնքան են աշխատում, որ մոռանում են սիրել»: Ժաննը նույնպես աշխատում էր, որովհետև գրասենյակի պետի խոստումները չէին հարգվել: Այստեղ մի քիչ երևակայություն էր պետք հասկանալու համար, թե ինչ էր ուզում ասել Գրանը: Հոգնության պատճառով նա թողել էր, որ կյանքը ընթանար ինչպես ուզեր, ավելի ու ավելի լռակյաց էր դարձել և չէր օգնել երիտասարդ կնոջը, որ նա իրեն միշտ սիրված զգար: Աշխատող մարդը, աղքատությունը, դանդաղորեն մարող ապագայի հույսը, երեկոյան, սեղանի շուրջը տիրող լռությունը, այդպիսի մթնոլորտի մեջ տեղ չկա կրքի համար: Հավանաբար Ժաննը տառապել էր: Սակայն մնացել էր. պատահում է, որ երկար տառապում են առանց գիտակցելու: Տարիները անցել էին: Ավելի ուշ, կինը գնացել էր: Հասկանալի է, մենակ չէր գնացել: «– Ես քեզ շատ եմ սիրել, բայց այժմ հոգնել եմ… մեկնելուս համար երջանիկ չեմ, բայց երջանիկ չլինելը պատճառ չէ, որ անցյալը վերսկսեմ»: Այս էր մոտավորապես այն, ինչ նա գրել էր: Իր հերթին Ժոզեֆ Գրանն էլ էր տառապել: Կարող էր վերսկսել կյանքը, ինչպես խորհուրդ տվեց Ռիեն: Բայց արի տես, որ նա այլևս հավատք չուներ: Պարզապես շարունակում էր նրա մասին մտածել: Պարզապես ուզում էր նրան նամակ գրել, արդարանալու համար: «– Բայց դա դժվար է,– ասաց նա,– երկար ժամանակ է ինչ այդ մասին եմ մտածում: Այնքան ժամանակ, որ իրար սիրում ենք, իրար հասկանում ենք առանց խոսքերի: Բայց միշտ չէ, որ սիրում ենք: Ինչ-որ ժամանակ կկարողանայի պետք եղած բառերը գտնել, որոնք կպահեին նրան, բայց չկարողացա»: Գրանը գրպանից անձեռոցի նման մի քառակուսի թաշկինակ հանեց և աղմուկով քիթը մաքրեց: Հետո բեղերը չորացրեց: Ռիեն լուռ դիտում էր նրան:
– Ներեցեք ինձ, բժիշկ,– ասաց Գրանը,– բայց ինչպե՞ս բացատրել… Ես ձեզ վստահում եմ: Ձեզ հետ կարող եմ խոսել: եվ դրանից էլ հուզվում Եմ:
Ակնհայտորեն Գրանը ժանտախտից հազարավոր կիլոմետր հեռու էր գտնվում:
Երեկոյան Ռիեն հեռագրեց կնոջը, որ քաղաքը փակվել էր, որ ինքը լավ էր զգում, որ կինը պարտավոր էր շարունակել առողջությանը հետևել և որ միշտ իր մասին էր մտածում:
Դռների փակվելուց երեք շաբաթ հետո հիվանդանոցից դուրս գալով Ռիեն հանդիպեց մի երիտասարդի, որ իրեն էր սպասում:
– Հույս ունեմ,– ասաց վերջինը,– որ դուք ինձ հիշում եք:
Ռիեին թվաց, որ ճանաչում էր նրան, բայց վարանեց:
– Ես ձեզ մոտ եմ եկել այս իրադարձություններից առաջ,– ասաց անծանոթը,– ձեզնից տեղեկություններ խնդրելու արաբների կյանքի պայմանների մասին: Իմ անունը Ռայմոն Ռամբեր է:
– Այո, այո,– հիշեց Ռիեն,– այժմ դուք շատ լավ նյութ ունեք ձեր թերթին հաղորդելու:
Մյուսը նյարդային վիճակում էր: Նա ասաց, որ այժմ այդ հարցով չէր եկել, որ ուզում էր բժիշկ Ռիեից օգնություն խնդրել:
– Ներողամիտ եղեք,– շարունակեց նա,– բայց այս քաղաքում ես ոչ ոքի չեմ ճանաչում, իսկ մեր թերթի թղթակիցը հիմար լինելու դժբախտությունն ունի:
Ռիեն առաջարկեց նրան իր հետ քայլել մինչև կենտրոնի դիսպանսերը, որտեղ մի քանի կարգադրություններ պետք է աներ: Նրանք քայլեցին նեգրական թաղամասի նեղ փողոցներով: Երեկոն մոտենում էր, բայց քաղաքը, որ անցյալում այդ ժամին այնքան աղմկոտ էր լինում, զարմանալիորեն շատ դատարկ էր թվում: Դեռևս ոսկեգույն երկնքում հնչող շեփորի մի քանի հնչյունները միայն վկայում էին, որ զինվորականները իբր շարունակում էին իրենց պարտականությունները կատարել: Մինչ նրանք քայլում էին խորդուբորդ փողոցների երկայնքին, մավրիտանական տների օխրա և մանուշակագույն պատերի միջև, Ռամբերը խոսում էր շատ հուզված: Նա իր կնոջը թողել էր Փարիզում: Ճիշտն ասած նա իր կինը չէր, բայց համարյա նույն բանն էր: Կնոջը հեռագրել էր քաղաքի փակվելուց անմիջապես հետո, երբ կարծել էր, որ այդ ամբողջը ժամանակավոր երևույթ էր և փորձել էր պարզապես նրա հետ թղթակցել: Օրանի իր պաշտոնակիցները ասել էին, որ օգնել չէին կարող, փոստը նրան դուրս էր արել, պրեֆեկտուրայի մի քարտուղարուհի ծիծաղել էր վրան: Երկու ժամ հերթում սպասելուց հետո նրան հազիվ էր հաջողվել մի հեռագիր ընդունել տալ, որտեղ գրել էր. «Ամեն ինչ լավ է: Շուտով կհանդիպենք»:
Բայց առավոտյան, արթնանալով, հանկարծ մտածել էր, որ ի վերջո ինքը չգիտեր, թե որքան կարող էր այս բոլորը տևել: Որոշել էր մեկնել, քանի որ իր մոտ հանձնարարական գրություն կար (իրենց աշխատանքում արտոնություններ ունեն), նրան հաջողվել էր տեսնել պրեֆեկտուրայի գրասենյակի տնօրենին և նրան ասել, որ ինքը ոչ մի կապ չուներ Օրանի հետ, որ իրեն ոչ մի բան այստեղ չէր պահում, և որ նա պատահականորեն էր գտնվում այստեղ և ճիշտ կլիներ, որ նրան թույլ տային մեկնել, նույնիսկ եթե դուրս գալուց հետո պիտի ենթարկվեր կարանտինի: Տնօրենը նրան ասել էր, որ շատ լավ հասկանում էր իր վիճակը, բայց բացառություն անել չէր կարող, որ կփորձեր մի բան մտածել, բայց պետք է հասկանար, որ դրությունը շատ ծանր էր և որ ինքը անձնապես ոչինչ որոշել չէր կարող:
– Բայց չէ՞ որ ձեր քաղաքում ես օտարական եմ,– ասել էր Ռամբերը:
– Անկասկած իրավացի եք, բայց հուսանք, որ համաճարակը երկար չի տևի:
Վերջում նա փորձել էր մխիթարել Ռամբերին, ասելով, որ Օրանում կարող էր հետաքրքրական նյութ գտնել, և որ աշխարհում չկար մի իրադարձություն, որ իր դրական կողմը չունենար, եթե լավ ուսումնասիրվեր: Ռամբերը ուսերն էր բարձրացնում: Հասնում էին քաղաքի կենտրոն:
– Այդ բոլորը հիմարություն է, բժիշկ, հասկանո՞ւմ եք ինձ: Ես ռեպորտաժներ գրելու համար չեմ ծնվել: Բայց գուցե ծնվել եմ մի կնոջ հետ ապրելու համար: Մի՞թե դա հաշվի չի կարող առնվել:
Ռիեն պատասխանց, որ նրա ասածներում տրամաբանություն կար:
Կենտրոնի ծառուղիներում սովորական բազմությունը չկար: Մի քանի անցորդներ շտապում էին դեպի իրենց հեռավոր տները: Ոչ ոք չէր ժպտում: Ռիեն մտածեց, որ Ռանսդոկ գործակալության այդ օրը լույս ընծայած հաղորդագրության ազդեցությունն էր դա: Քսանչորս ժամ հետո մեր համաքաղաքացիները կվերսկսեին հուսալ: Բայց այդ օրը թվերը դեռևս թարմ էին նրանց հիշողության մեջ:
– Բանն այն է,– ասաց Ռամբերը միանգամից,– նա և ես կարճ ժամանակ առաջ ենք հանդիպել և իրար լավ ենք հասկանում:
Ռիեն չէր պատասխանում:
– Ես ձեզ ձանձրացնում եմ,– վերսկսեց Ռամբերը:– Պարզապես ուզում եմ ձեզ խնդրել, չե՞ք կարող արդյոք ինձ մի վկայական տալ, որտեղ հաստատվեր, որ ես այդ անիծյալ հիվանդությունը չունեմ: Ինձ թվում է, որ դա ինձ կարող է օգնել:
Ռիեն գլխով հաստատական շարժում արեց, գետնից բարձրացրեց մի երեխա, որ ընկել էր նրա ոտքերի առջև: Նրանք շարունակեցին քայլել և հասան Զենքի հրապարակը: Ֆիկուսների և արմավենիների ճյուղերը կախվել էին անշարժ, գորշ փողոցի վրա: Հանրապետության արձանի շուրջը փոշոտ ու կեղտոտ էր: Նրանք կանգ առան հուշարձանի տակ: Ռիեն գետնին խփեց սպիտակավուն փոշով ծածկված իր ոտքերը: Նայեց Ռամբերին: Գլխարկը դեպի ետ գցած, փողկապի տակ շապիկի օձիքի կոճակը արձակած, վատ ածիլված լրագրողը ընկճված և շփոթված տեսք ուներ:
– Վստահ եղեք, որ ձեզ լավ եմ հասկանում,– ի վերջո ասաց Ռիեն,– բայց ձեր տրամաբանությունը լավ չէ: Ես չեմ կարող ձեզ այդ վկայականը տալ, որովհետև չգիտեմ դուք այդ հիվանդությունը ունե՞ք, թե ոչ, և որովհետև, նույնիսկ եթե իմանամ, չեմ կարող վկայել, որ իմ քննելու պահի և ձեր պրեֆեկտուրա մտնելու պահի միջև դուք վարակված չեք լինի: Եվ նույնիսկ եթե…
– Նույնիսկ եթե՞,– հարցրեց Ռամբերը:
– Նույնիսկ եթե տայի այդ վկայականը, այն ձեզ օգնել չէր կարող:
– Ինչո՞ւ:
– Որովհետև այս քաղաքում ձեր վիճակը ունեցող հազարավոր մարդիկ կան, որոնց բոլորին դուրս թողնել հնարավոր չէ:
– Բայց եթե նրանք ժանտախտով վարակված չե՞ն:
– Բավարար պատճառ չէ: Սա շատ հիմար պատմություն է, գիտեմ, բայց այն բոլորիս է վերաբերում: Այն պետք է ընդունել եղածին պես:
– Բայց ես այստեղացի չեմ:
– Այժմվանից, ավաղ, դուք այստեղացի կլինեք, ինչպես բոլորը:
Մյուսը տաքացավ:
– Դա մարդկային լինելու հարց է, երդվում եմ. երևի դուք չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում իրար լավ հասկացող մարդկանց նման բաժանումը:
Ռիեն անմիջապես չպատասխանեց: Հետո ասաց, որ կարծում է, թե լավ է հասկանում: Որ ամբողջ հոգով ցանկանում է, որ Ռամբերը վերագտնի իր կնոջը, և որ բոլոր իրար սիրող մարդիկ միանան: Բայց կան որոշումներ և օրենքներ, կա ժանտախտը, իսկ այդ գործում իր դերը իր պարտականությունը կատարելն էր:
– Ոչ,– ասաց Ոամբերը վշտացած,– դուք չեք կարող հասկանալ: Դուք տրամաբանության լեզվով եք խոսում: Վերացականության մեջ եք:
Բժիշկը հայացքը բարձրացրեց դեպի Հանրապետության արձանը և ասաց, որ չգիտեր՝ իր տրամաբանության լեզվով է խոսում, բայց վստահ էր, որ խոսում էր փաստերի լեզվով, և դրանք անպայմանորեն նույնը չէին: Լրագրողը փողկապն էր ուղղում:
– Հետևաբար դա նշանակում է, որ ես ուրի՞շ ձևով գործս գլուխ բերեմ: Բայց,– շարունակեց նա մի տեսակ մարտահրավեր կարդալով,– այս քաղաքից կհեռանամ:
Բժիշկը ասաց, որ այնուամենայնիվ հասկանում էր նրան, բայց դա իրեն չէր վերաբերում:
– Ոչ, դա ձեզ է վերաբերում,– ասաց Դամբերը հանկարծակի պայթելով,– ես ձեզ մոտ եկա, որովհետև ինձ ասացին, որ դուք մեծ մասնակցություն եք ունեցել ընդունված որոշումներին: Ես մտածեցի, որ, թեկուզ մի դեպքի համար, դուք կարող էիք քանդել այն, ինչը օգնել էիք կազմելու: Բայց դուք մարդկանց նկատմամբ անտարբեր եք: Որոշումներ ընդունելիս դուք ոչ ոքի մասին չէիք մտածել: Հաշվի չէիք առել բաժանված մարդկանց:
Ռիեն ընդունեց, որ ինչ-որ չափով դա ճիշտ էր. նա չէր ցանկացել այդ հաշվի առնել:
– Հասկանում եմ,– ասաց Ռամբերը,– դուք հանրության օգուտների մասին եք խոսելու, բայց հասարակության բարիքը յուրաքանչյուր անհատի բարիքից է կազմված:
– Դե լավ,– ասաց բժիշկը, որ կարծես ցրված վիճակից էր դուրս գալիս,– այդ կա, կան և ուրիշ բաներ: Դատել պետք չէ: Բայց դուք իզուր եք բարկանում: Եթե կարող եք ձեզ դուրս քաշել այս գործից, ես իսկապես երջանիկ եմ զգալու: Միայն թե կան գործեր, որ պարտականությունս արգելում է օգնել:
Մյուսը անհամբերությամբ գլուխը շարժեց:
– Այո, իզուր եմ բարկանում: Եվ ձեզնից էլ շատ ժամանակ խլեցի:
Ռիեն խնդրեց, որ իր դիմումների արդյունքի մասին իրեն տեղյակ պահի և իր դեմ ոխ չպահի: Վստահաբար մի կետ կար, որի շուրջը կարող էին համաձայնվել: Ռամբերը հանկարծ շփոթված թվաց.
– Հավատում եմ,– ասաց նա լռությունից հետո,– այո, ես էլ եմ հավատում դրան, հակառակ ձեր բոլոր ասածների:
Նա վարանեց.
– Բայց չեմ կարող հավանություն տալ ձեր ասածներին:
Նա ֆետրե գլխարկը իջեցրեց ճակատին և արագ քայլերով հեռացավ: Ռիեն հետևեց նրան մինչև հյուրանոց, որտեղ ապրում էր Ժան Տարրուն:
Բժիշկը գլուխն օրորեց: Երջանիկ լինելու իր անհամբերության մեջ լրագրողը իրավունք ուներ: Բայց արդյո՞ք իրավացի էր, երբ մեղադրում էր. «– Դուք վերացականության մեջ եք ապրում»: Մի՞թե իսկապես վերացականություն էին հիվանդանոցում անցկացրած իր օրերը, ուր անողորմ ժանտախտը կրկնակի էր դարձնում շաբաթական մահացողների թիվը, միջին հաշվով այն հասցնելով հինգ հարյուրի: Այո, դժբախտության մեջ վերացականության և անիրականության մաս կար: Բայց երբ վերացականությունը սկսում է քեզ սպանել, պետք է դրանով զբաղվել: Եվ Ռիեն միայն այն գիտեր, որ դա ամենահեշտ գործը չէր: Հեշտ չէր, օրինակ, ղեկավարել այդ օժանդակ հիվանդանոցը (այժմ արդեն երեքն էին), որը նրան էին վստահել: Հիվանդներին քննելու համար հատկացված սենյակի վրա բացվող մի մասնաշենքում նա կահավորել էր տվել ընդունելության մի սրահ: Հողը փորել էր տվել և կրեսիլական թթու լցրել գոյացած ավազանի մեջ, որի կենտրոնում գտնվում էր աղյուսե մի կղզյակ: Հիվանդը փոխադրվում էր այդ կղզին, շորերը արագ հանում էին և գցում ջուրը: Լվացված, չորացված, հիվանդանոցի կարմրավուն շորով ծածկված հիվանդը անցնում էր Ռիեի ձեռքը, հետո տեղափոխվում պալատներից մեկը: Ստիպված էին օգտագործել մի դպրոցի (առայժմ միակը) զբոսասրահները, ուր տեղավորել էին հինգ հարյուր մահճակալ, որոնք համարյա ամբողջությամբ արդեն զբաղեցված էին: Առավոտյան ընդունելությունից հետո, որը անձամբ էր ղեկավարում, սրսկելուց և ուռուցքները կտրելուց հետո, Ռիեն ստուգում էր վիճակագրական տվյալները, այնուհետև գնում էր իր հետմիջօրեի ընդունելություններին: Հետո, երեկոյան, ինքն էր այցելում իր հիվանդներին և տուն էր դառնում ուշ գիշերին: Նախորդ գիշերը, երիտասարդ տիկին Ռիեից ստացված մի հեռագիր մեկնելով նրան, մայրը նկատել էր, որ բժիշկ Ռիեի ձեռքերը դոդում էին:
– Այո,– պատասխանեց նա,– ձեռքերս դողում են, նյարդային երևույթ է, ես ինձ պետք է հետևեմ:
Նա ուժեղ էր և դիմացկուն: Եվ ըստ էության դեռևս չէր հոգնել: Բայց հիվանդներին այցելելը անտանելի էր դառնում: Վարակիչ տենդի ախտորոշումը ավարտվում էր հիվանդին արագ տեղափոխելու վճռով: Այդ ժամանակ էլ սկսվում էին վերացականությունն ու դժվարությունները, որովհետև հիվանդի ընտանիքը գիտեր, որ այլևս նրան չէր տեսնելու, բուժվեր, թե մահանար: «– խղճացեք, բժիշկ»– ասում էր տիկին Լորեն, Տարրուի հյուրանոցի սպասուհու մայրը: Ի՞նչ էր դա նշանակում: Նա անշուշտ խղճում էր, բայց դրանից ոչ-ոքի օգուտ չկար: Պետք էր տեղափոխել: Կարճ ժամանակ անց հնչում էր շտապօգնության մեքենայի շչակը: Հարևանները սկզբում բացում էին լուսամուտները ու դիտում: Այնուհետև արագ փակում էին լուսամուտները: Այդ ժամանակ սկսվում էին պայքարները, արցունքները, համոզելու աշխատանքները, մի խոսքով՝ վերացականությունը: Տենդից ու մտահոգությունից շատ տաքացված բնակարաններում խելագարության տեսարաններ էին տեղի ունենում: Բայց հիվանդները տեղափոխվում էին: Ռիեն կարող էր այդտեղից այլևս մեկնել:
Առաջին օրերին նա սահմանափակվում էր զանգահարելով ու, առանց սպասելու շտապօգնության մեքենային, ուրիշ հիվանդների մոտ էր շտապում: Նրա գնալուց հետո ծնողները կողպում էին դռները, նախընտրելով գլուխ-գլխի մնալ ժանտախտի հետ, քան բաժանվել հարազատից, որի վախճանը արդեն գիտեին: Աղաղակներ, հրամաններ, ոստիկանության միջամտությունը, հետո զինված ուժերի հարձակումով հիվանդը գրավվում էր: Առաջին շաբաթներին Ռիեն ստիպված էր սպասել մինչև մեքենայի գալը: Հետո, երբ յուրաքանչյուր բժշկի շրջագայության ժամանակ սկսեց ուղեկցել մի կամավոր ոստիկան, Ռիեն կարող էր մի հիվանդից վազել մի ուրիշի մոտ: Առաջին շրջանում բոլոր գիշերները նման էին այն գիշերվան, երբ մտավ տիկին Լորեի մոտ, մի փոքրիկ բնակարան, որ զարդարված էր ասեղնագործություններով և արհեստական ծաղիկներով: Հիվանդի մայրը ընդունեց նրան և ասաց վատ գծագրված ժպիտով.
– Հույս ունեմ, որ դա այն տենդը չէ, որի մասին բոլորը խոսում են:
Իսկ բժիշկը, բարձրացնելով սավանն ու շապիկը, լուռ դիտում էր ստամոքսի և զիստերի վրա կարմիր բծերը, կարծր ուռուցքները: Մայրը նայեց աղջկա ծնկների արանքը և ինքն իրեն չկարողանալով տիրապետել, բղավեց: Ամեն գիշեր մայրերը այդպես ոռնում էին, վերացական տեսքով, բաց արված ստամոքսների առջև, որոնք ունեին բոլոր մահացու նշանները: Ամեն երեկո Ռիեի թևերին էին փաթաթվում, անօգուտ խոսքեր էին ասվում, խոստումներ տրվում և արցունքներ էին հորդում: Ամեն երեկո, շտապօգնության մեքենաների շչակները նոպաների առիթ էին տալիս, որոնք նույնքան անօգուտ էին, որքան ամբողջ այդ ցավը: Եվ իրար նման ամբողջ այդ երեկոների վերջում Ռիեն ուրիշ բան չէր կարող սպասել, քան անվախճանորեն վերանորոգված նման տեսարաններ: Այո, ժանտախտը վերացականության մի օրինակ էր: Գուցե մի բան էր միայն փոխվում, դա ինքը՝ Ռիեն էր: Այդ երեկո էլ, Հանրապետության հուշարձանի ոտքերի տակ նա նույնն էր զգում, գիտակցելով միայն այն անտարբերությունը, որ լցվում էր իր մեջ, երբ շարունակում էր դիտել հյուրանոցի դուռը, որի ետևում Ռամբերը անհետացել հր:
Այդ հոգնեցուցիչ շաբաթվա վերջում, այդ բոլոր մղձավանջային օրերից հետո, երբ քաղաքը թափվում էր փողոց, այնտեղ ինքն իր շուրջ պտտվելու, Ռիեն հասկանում էր, որ այլևս կարիք չուներ պաշտպանվելու խղճահարության դեմ: Մարդիկ հոգնում են խղճահարությունից, երբ խղճահարվելը անօգուտ է դառնում: Եվ ինքն իր վրա դանդաղորեն փակվող սրտի այդ զգացողության մեջ բժիշկը գտնում էր այդ ճզմող օրերի միակ թեթևությունը: Նա գիտեր, որ դրանով հեշտանալու էր իր պարտականությունը: Ահա թե ինչու, նա դրանից ուրախություն էր զգում: Երբ առավոտյան ժամը երկուսին տուն էր վերադառնում, մայրը զարմանում էր նրա դատարկ հայացքից և ողբում միակ թեթևացման համար, որ Ռիեն կարող էր ունենալ: Պայքարելու համար վերացականության դեմ, պետք է մի քիչ նրան նմանվել: Բայց դա ինչպե՞ս կարող էր զգալ Ռամբերը: Նրա համար վերացականությունը իր երջանկության խանգարիչն էր: Եվ եթե ճիշտը ասելու լինենք, Ռիեն գիտեր, որ լրագրողը, ինչ-որ տեսակետից, իրավացի էր: Բայց նա գիտեր նաև, որ երբեմն վերացականությունը երջանկությունից ավելի ուժեղ էր լինում, և այդ ժամանակ, այդ ժամանակ միայն, պետք է նրան հաշվի առնել: Եվ այդ էր պատահելու Ռամբերի հետ, որի մասին բժիշկը մանրամասնությամբ իմացավ լրագրողի ավելի ուշ արված խոստովանությունից: Այդպիսով նա կարողացավ հետևել, բոլորովին ուրիշ առիթով, այն դժվար պայքարին, որ մղվում է յուրաքանչյուր մարդու երջանկության և ժանտախտի վերացականության միջև, որը այդ երկար ժամանակաշրջանում կազմում էր մեր քաղաքի ամբողջ կյանքը:
* * *
Բայց այնտեղ, որտեղ ոմանք վերացականություն էին տեսնում, ուրիշները տեսնում էին ճշմարտությունը: Ժանտախտի մեկ ամսվա ավարտը իսկապես մթագնեց համաճարակի նշանակալի սաստկացումով և հայր Պանլուի, այն ճիզվիտի, որ օգնել էր ծերուկ Միշելին հիվանդության սկզբում, բուռն և ազդու քարոզով: Հայր Պանլուն մինչ այդ արդեն նշանավոր մարդ էր «Օրանի աշխարհագրական ընկերության» տեղեկագրին բերած իր հաճախակի աշխատակցությունով, որտեղ հին ձեռագրերի նրա վերծանումները հեղինակություն էին ստեղծել: Բայց նա ավելի լայն ունկնդիրներ էր նվաճել, քան որևէ մասնագետ, ժամանակակից ինդիվիդուալիզմի մասին դասախոսությունների շարքով: Նա հանդես էր եկել պահանջկոտ քրիստոնեության ջերմ պաշտպանի դերում, որ այնքան հեռու էր ժամանակակից ազատամտությունից և անցյալ դարերի խավարամոլությունից: Այս առիթով նա շատ խիստ ճշմարտություններ էր ասել իր ուկնդիրներին: Այդտեղից էր նրա հռչակը:
Հետևաբար, այդ ամսվա վերջում մեր քաղաքի եկեղեցական իշխանությունները որոշեցին սեփական միջոցներով պայքարել ժանտախտի դեմ, կազմակերպել հավաքական աղոթքի շաբաթ: Բարեպաշտության այս հանրային ցույցերը պետք է ավարտվեին կիրակի օրը, հանդիսավոր պատարագով, սուրբ Ռոշի՝ ժանտախտից մահացած սուրբի հովանավորության տակ: Այս առթիվ հայր Պանլուին խնդրել էին խոսք առնել: Տասնհինգ օր էր արդեն, որ նա կտրվել էր սուրբ Օգոստինոսի և աֆրիկյան եկեղեցիների մասին իր աշխատություններից, որը նրան բացի աստիճանից, առանձին հեղինակություն էր տալիս: Կրակոտ և ներշնչված մարդ լինելով, նա ընդունել էր այդ միսիան, որով ծանրաբեռնել էին: Նրա քարոզից երկար ժամանակ առաջ, քաղաքում արդեն խոսում էին այդ մասին և որը կարևոր թվական դարձավ տվյալ ժամանակաշրջանի պատմության մեջ:
Աղոթքի այդ շաբաթին մասնակցեցին շատ մարդիկ: Սովորական ժամանակ Օրանի բնակիչները առանձնապես բարեպաշտ չէին: Կիրակի առավոտների ծովի լոգանքները լուրջ մրցակցության մեջ էին պատարագի հետ: Ոչ էլ հավատքն էր հանկարծակի լուսավորել ու դարձի բերել նրանց: Բայց մի կողմից փակ քաղաքը և արգելված նավահանգիստը լոգանքները հնարավոր չէին դարձնում, մյուս կողմից, գտնվելով հոգեբանորեն հատուկ վիճակում, հոգու խորքում չընդունելով վրա հասած իրադարձությունները, որ հարվածում էին նրանց, հավանաբար լավ էին զգում, որ ինչ-որ փոփոխություն լիներ: Շատերը դեռևս այն հույսն ունեին, որ համաճարակը դադարելու էր, կամ առնվազն իրենց ընտանիքները պիտի խնայվեին: Հետևաբար նրանք դեռևս պարտավորված չէին զգում: Ժանտախտը նրանց համար մի անհաճո հյուր էր, որ մի օր պետք է մեկներ, քանի որ եկել էր: Վախեցած էին, բայց ոչ՝ հուսահատված: Ժամանակը դեռ չէր եկել, որ ժանտախտը նրանց երևար որպես կյանքի ձև, մոռացնել տար այն ապրելակերպի գոյությունը, որ մինչ այդ կարողացել էին վարել: Ընդհանուր առմամբ նրանք սպասման մեջ էին: Կրոնի նկատմամբ, ինչպես բազմաթիվ այլ հարցերի, ժանտախտը նրանց տվել էր մասնավոր մի դարձակետ, որը այնքան էր հեռու անտարբերությունից, որքան կրքից, և որը շատ լավ կարելի էր սահմանել «օբյեկտիվություն» բառով: Աղոթքի շաբաթի մասնակիցներից շատերը կարող էին ասել, օրինակ այն խոսքը, որ հավատացյալներից մեկն ասել էր բժիշկ Ռիեին. «– Բոլոր դեպքերում վնաս տալ չի կարող»: Նույնիսկ Տարրուն, իր ծոցատետրում նշելուց հետո, որ չինացիները նման դեպքերում թմբուկ են զարկում ժանտախտի հանճարի առջև, նկատել էր, որ բացարձակապես անհնար էր իմանալ, թե իրականում թմբուկները ավելի արդյունավետ չէի՞ն լինի արդյոք, քան կանխարգելիչ միջոցառումները: Նա ավելացնում էր միայն, որ հարցին սպառիչ պատասխան տալու համար պետք է ավելի իմանալ ժանտախտի հանճարի գոյության մասին, և որ մեր տգիտությունը այդ հարցում բոլոր կարծիքները ոչնչի է հավասարեցնում:
Մեր քաղաքի մայր տաճարը, բոլոր դեպքերում, ամբողջ շաբաթը համարյա լեցուն էր հավատացյալներով: Առաջին օրերին, բազմաթիվ բնակիչներ դեռևս մնում էին դրսում, արմավի և նուռի այգիներում, որոնք տարածվում էին գավիթի առջև, ունկնդրելու համար Աստծուն ուղղված երգերն ու աղոթքները, որոնք փողոցից լսվում էին: Քիչ առ քիչ, միմյանց ընդօրինակելով, նույն ունկնդիրները որոշեցին եկեղեցի մտնել և իրենց ձայնը խառնել ընդհանուրին: Իսկ կիրակի օրը նկատելի բազմություն լցրեց եկեղեցին, դռնից մինչև խորանը, միջանցքներն ու սանդուղքները: Նախորդ օրվանից երկինքը մթնել էր, իսկ այժմ հորդ անձրև էր գալիս: Դրսում մնացածները բացել էին իրենց անձրևանոցները: խնկի և թրջված հագուստի հոտ էր ընկել մայր տաճարի մեջ, երբ Հայր Պանլուն ամբիոն բարձրացավ: Նա միջահասակ էր, բայց ամրակազմ: Երբ հենվեց ամբիոնի եզրին և իր խոշոր ձեռքերով փայտը սեղմեց, նրանից ոչինչ չէր երևում, բացի մի հաստ, սև մարմնաձևից, պողպատե ակնոցի տակից այտերի երկու բծերով: Իր ուժեղ և կրքոտ ձայնով, որ հեռուներն էր հասնում, նա միանգամից հարձակվեց ունկնդիրների վրա՝ մուրճի հարվածի նման ուժեղ նախադասությամբ.
«– Եղբայրնե՛ր, դուք դժբախտության մեջ եք, եղբայրնե՛ր, դուք արժանացաք այդ դժբախտությանը»,– և ունկնդիրների միջով սարսուռ անցավ, սրահից մինչև վերնատուն:
Տրամաբանորեն հաջորդ խոսքը չէր համապատասխանում այդ հոգեհույզ առաջաբանին: Ճառի շարունակությունը միայն մեր համաքաղաքացիներին հասկանալի դարձրեց, որ հոգևոր հայրը, հռետորական այդ վարժ սկզբով, դիպուկ հարված հասցնողի նման, միանգամից ցույց տվեց իր քարոզի ամբողջ միտքը: Այդ նախադասությունից անմիջապես հետո Պանլուն մեջ բերեց ելից գրքի այն մասը, ուր խոսվում է Եգիպտոսի ժանտախտի մասին և ասաց. «– Այս պատուհասը պատմության մեջ առաջին անգամ հայտնվում է Աստծո թշնամիներին հարվածելու համար: Փարավոնը դեմ կանգնեց երկնային ծրագրին և այդ ժամանակ ժանտախտը նրան ծնկի բերեց: Մարդկության պատմության սկզբից, Աստծո պատուհասը իր ոտքն է բերում գոռոզներին և կույրերին: Նկատի ունեցեք այդ և ծունկի եկեք»:
Անձրևը դրսում ավելի էր վարարում, և այդ վերջին նախադասությունը, արտասանված բացարձակ լռության մեջ, ապակիների վրա տեղատարափի անկումով ավելի խորհրդավոր դարձած, հնչեց այնպիսի շեշտով, որ մի քանի ունկնդիրներ, փոքր վարանումից հետո, ասես Աստծո հրամանին ենթարկվելով, իրենց աթոռներից ցած սահեցին: Ուրիշներ հետևեցին նրանց օրինակին, և իրարից վարակվելով, անաղմուկ,– լսվում էր միայն նստարանների ձայնը,– բոլոր ունկնդիրները ծունկի եկան: Այդ ժամանակ Պանլուն ուղղվեց, խորունկ շունչ քաշեց և ավելի շեշտված տոնով շարունակեց. «– Եթե այսօր ժանտախտը դեմքը ձեր կողմն է դարձրել ու նայում է ձեզ, նրանից է, որ եկել է խորհրդածելու ժամանակը: Արդարները նրանից վախենալու բան չունեն, բայց չարերը դողալու շատ պատճառներ ունեն: Տիեզերքի հսկա կալում անողոք խարազանը խփելու է մարդկային հատիկին, մինչև որ հարդը ցորենից բաժանվի: Ավելի շատ հարդ է լինելու, քան ցորեն, ավելի շատ կոչեցյալներ են լինելու, քան ընտրյալներ: Եվ այս դժբախտությունը Աստված չէր կամենում: Այս աշխարհը շատ երկար ժամանակ չարի հետ հաշտվեց, շատ երկար ժամանակ հույսը դրեց աստվածային բարության վրա: Բավական էր, որ մարդիկ ապաշխարեին, և ամեն ինչ նրանց կթուլատրվեր, մտածում էին մարդիկ: Եվ յուրաքանչյուրը իրեն ուժեղ էր զգում: Երբ օրը գար, նրանք անպայման կհեռանային իրենց մեղքերից և կապաշխարեին: Սպասելով այդ օրվան, ամենահեշտը ամեն ինչ պատահականության թողնելն էր, իսկ մնացածը կաներ աստվածային բարեսրտությունը: Պարզ էր սակայն, այդպես շարունակվել չէր կարող: Աստված, որ այնքան երկար ժամանակ իր բարի դեմքը դարձրել էր այս քաղաքի վրա, սպասելուց հոգնած, հավերժական հույսի մեջ խաբված, այժմ հայացքը հեռացրել է մեզանից: Եվ Աստծո լույսից զրկված, ահա երկար ժամանակ ապրում ենք ժանտախտի խավարի մեջ»:
Սրահում մեկը փռշտաց անհամբեր ձիու նման: Կարճ դադարից հետո սրբազան հայրը վերսկսեց ավելի ցածր տոնով. «– Ոսկեղեն առասպելում կարդում ենք, որ իտալական Ումբերտո թագավորի ժամանակ Լոմբարդիան ավերվեց այնպիսի ուժեղ մի ժանտախտով, որ ապրողները հազիվ էին բավականացնում մեռածներին թաղելու համար, ժանտախտը հատկապես մոլեգնում էր Հռոմում և Պավուայում: Այդ ժամանակ տեսանելի դարձավ մի բարի հրեշտակ, որ հրամայում էր չար հրեշտակին, որի ձեռքին կար որսի նիզակ: Բարի հրեշտակը չարին հրամայում էր նիզակով խփել տներին, և քանի հարված որ ստանում էր տունը, այնքան մեռել էին այնտեղից հանում»:
Այստեղ Պանլուն երկու կարճ թևերը երկարեց դեպի վերնատուն, կարծես մի բան էր ցույց տալիս անձրևից շարժվող վարագույրների ետևում. «– Եղբայրներս,– շարունակեց նա ուժեղ ձայնով,– նույն մահաբեր որսն է, որ այժմ տեղի է ունենում մեր փողոցներում: Նայեցեք նրան, ժանտախտի այդ հրեշտակին, Լուցիֆերի պես գեղեցիկ ու փայլուն, ինչպես մարմնավորված չարը, ցցված է ձեր տանիքների վրա: Աջ ձեռքով գլխի վրա բռնած կարմիր նիզակը, ձախով ցույց է տալիս ձեր տներից մեկը: Գուցե այս պահին նրա մատը ցույց է տալիս ձեր դուռը: Նիզակը զարկվում է փայտին, այս պահին ժանտախտը ձեր տունն է մտնում, նստում է ձեր սենյակում և սպասում ձեր վերադարձին: Նա այնտեղ է, համբերատար և ուշադիր, վստահ, ինչպես աշխարհի կարգն է: Այդ ձեռքը, որ մեկնվելու է դեպի ձեզ, ոչ մի երկրային ուժ, և նույնիսկ մարդկային սնանկ գիտությունը, լավ իմացեք, չի կարող արգելել, որ դուք հարվածից խուսափեք: Եվ ծեծված, ցավի արյունոտ կալի վրա, դուք դուրս կնետվեք հարդի հետ»: Այստեղ Հայր Պանլուն ավելի ճոխ արտահայտություններով վեր հանեց պատուհասի հոգեհույզ պատկերը: Նա ոգեկոչեց քաղաքի վրա պտտվող նիզակը, որ խփում էր պատահականորեն ու արյունոտած բարձրանում էր վեր, այնուհետև սփռում մարդկային արյունն ու վիշտը, որպես սերմացու՝ «ճշմարտության հուձքին»:
Իր այդ երկար նախադասության վերջում հայր Պանլուն կանգ առավ, մազերը ճակատին ընկած, դողացող մարմնով, որ ձեռքերը հաղորդում էին ամբիոնին, և շարունակեց ավելի սուր ձայնով, մեղադրող տոնով. «– Այո, խորհրդածելու ժամն է եկել: Դուք կարծում էիք, որ միայն կիրակի օրերը Աստծուն այցելելը բավական էր, որպեսզի մյուս օրերը ազատ լինեք: Դուք մտածում էիք, որ մի քանի բարեգործություններ բավական կլինեն ձեր հանցագործ անհոգության դիմաց: Բայց Աստված միամիտ չէ: Այդ կարճատև բարությունները չէին կարող բավարարել նրա սիրո անհագուրդ ցանկությունը: Նա ցանկանում էր ձեզ ավելի երկար տեսնել, այդպես է ձեզ սիրելու նրա ձևը: Ահա թե ինչու, ձեր գալստյանը սպասելուց հոգնած, նա թողեց, որ աղետը այցելի ձեզ, ինչպես այցելել էր մեղավոր բոլոր քաղաքները, մարդկության պատմության սկսվելու ժամանակից: Դուք այժմ գիտեք, թե ինչ բան է հանցանքը, ինչպես այն իմացան Կայենն ու նրա որդիները, ջրհեղեղից առաջ ապրողները, Սոդոմի և Գոմորի բնակիչները, Փարավոնն ու Հոբը, և նաև մյուս բոլոր անիծյալները: Եվ ինչպես այդ բոլորն են արել, մարդկանց և նրանց գործերի մասին դուք նոր հայացք ունեք այժմ, այն օրվանից, ինչ այս քաղաքը իր պատերը փակել է ձեր և աղետի շուրջը: Դուք այժմ գիտեք, վերջապես, որ հասնում եմ կարևորին»: Մի խոնավ քամի պտտվում էր գմբեթի տակ, և մոմերի բոցերը գալարվելով ծռմռվում էին: Մոմի ծանր հոտը, հազերի և փռշտոցների ձայները բարձրանում էին դեպի Հայր Պանլուն, որ վերադառնալով իր մտքերի բացահայտմանը, գնահատելի նրբամտությամբ շարունակեց մեղմ ձայնով.
– Ձեզանից շատերը, գիտեմ, իրավացիորեն հարցնում են, թե ո՞ւր եմ ես հասնելու: Ես ուզում եմ ձեզ հասցնել ճշմարտությանը և ձեզ պիտի սովորեցնեմ ուրախանալ, հակառակ իմ բոլոր ասածներին: Այժմ այն ժամանակները չեն, երբ խրատները, բարեկամական մի ձեռք կարողանան ձեզ դեպի բարին առաջնորդել: Այժմ օրակարգում ճշմարտությունն է: Եվ ճշմարտության ճանապարհը կարմիր նիզակն է, որ երևում է ձեզ և ձեզ այստեղ մղում: Այստեղ է, եղբայրներս, որ վերջապես ի հայտ է գալիս աստվածային ողորմածությունը, որ ամեն ինչի մեջ դրել է և՛ չարը, և՛ բարին, բարկությունն ու խղճահարությունը, ժանտախտը և նրանից փրկվելու ճանապարհը: Հենց այս աղետը, որ սպառնում է ձեզ, միաժամանակ բարձրացնում է ձեզ և ցույց է տալիս փրկության ճանապարհը:
Շատ ժամանակ առաջ Հաբեշստանի քրիստոնյաները ժանտախտի մեջ տեսնում էին երկնային կյանքը նվաճելու մի արդյունավետ, Աստծո կողմից ուղարկված միջոց: Ովքեր չէին վարակվում, փաթաթվում էին հիվանդների սպիտակեդեններով, որպեսզի անպայման մահանային: Անկասկած, փրկության այս ահավոր ճանապարհը հանձնարարելի չէ: Այն նշանակում է շտապողականություն, որ շատ մոտ է հպարտության: Աստծուց ավելի պետք չէ շտապել և ամեն ինչ, որ ձգտում է արագացնել մի անգամ ընդմիշտ հաստատված աներեր կարգը, անհավատության է առաջնորդում: Բայց այս օրինակը ունի իր դասերը: Ավելի հստակատես մեր մտքերի համար նրա արժեքն այն է, որ ցույց է տալիս յուրաքանչյուր տառապանքի մեջ ապրող հավերժական կյանքի լույսը: Այդ լույսը լուսավորում է խավար ճանապարհները, որոնք փրկության են առաջնորդում: Այն արտահայտում է աստվածային կամքը, որ առանց թուլանալու չարը բարու է փոխակերպում: Այսօր էլ, մահվան այս ճանապարհորդության, մտահոգությունների և հառաչանքների միջով այն մեզ առաջնորդում է դեպի հիմնական լռությունը և դեպի ամբողջ կյանքի իմաստը: Ահավասիկ, եղբայրներս, անչափելի մխիթարանքը, որ ուզում էի ձեզ բերել, որպեսզի միայն սպառնալից խոսքեր չլինեն ասածներս, որ այստեղից հետներդ պիտի տանեք, այլ նաև հանգստացնող, սփոփող խոսքեր:
Զգացվում էր, որ Պանլուն ավարտել էր: Դրսում անձրևը դադարել էր: Արևով ու անձրևով խառը մի երկինք հրապարակի վրա դեղնավուն լույս էր թափում: Քաղաքից ձայներ էին բարձրանում, սահող մեքենաների աղմուկ, արթնացող քաղաքի ամբողջ լեզուն: Ունկնդիրները գաղտնորեն, խլացած կիսաձայներով հավաքում էին իրենց իրերը: Սակայն Հայր Պանլուն վերսկսեց խոսել և ասաց, որ ժանտախտի արմատը ցույց տալուց և աղետի պատժիչ էությունը բացատրելուց հետո, ասելիքը ավարտել էր և եզրակացնելու համար ճարտասանության օգնությանը չէր դիմելու, որը անտեղի էր, քանի որ խոսքը այնքան ողբերգական մի նյութի շուրջն էր: Նա համոզված էր, որ ամեն ինչ պարզ էր բոլորի համար: Ուզում էր հիշեցնել միայն, որ Մարսելի մեծ ժանտախտի ժամանակ, ժամանակագիր Մաթյու Մարեն գանգատվել էր, որ խրվել էր դժոխքում և ապրում էր առանց օգնության և առանց հույսի: Բայց Մաթյու Մարեն կույր էր: Ոչ մի ժամանակ, որքան այժմ, ընդհակառակը, հայր Պանլուն չէր զգացել աստվածային օգնությունը ու քրիստոնեական հույսը, որ տրվում էր բոլորին: Նա հույս ուներ, հակառակ ամեն անհուսության, հակառակ այս օրերի դժբախտության և վշտալի ճիչերի, որ մեր համաքաղաքացիները դեպի երկինք պիտի արձակեին միայն քրիստոնյային վայել սիրո խոսքեր: Մնացածը Աստված կաներ:
* * *
Այս քարոզը ազդեցություն ունեցա՞վ մեր համաքաղաքացիների վրա, դժվար է ասել: Ոստիկանության քննիչ պարոն Օթոնը բժիշկ Ռիեին հայտարարեց, որ Հայր Պանլուի հարցադրումը «բացարձակապես անժխտելի» էր: Բայց ամեն մարդ այդքան վճռական կարծիք չուներ: Քարոզը նրանց պարզապես ավելի զգայուն էր դարձրել որոշ գաղափարների նկատմամբ, որոնք մինչ այդ անորոշ էին. այն, որ իրենք աներևակայելի բանտարկության են դատապարտված չգիտակցված հանցանքի համար: Այդ ժամանակ, ոմանք շարունակեցին իրենց փոքրիկ կյանքը՝ հարմարվելով փակված մնալուն, իսկ ուրիշներ, ընդհակառակը, այդ օրվանից միակ մտասևեռումը դարձրին այդ բանտից փախչելու միտքը:
Մարդիկ սկզբում ընդունել էին, որ կտրվում են դրսից, ինչպես կընդունեին որևէ ժամանակավոր մտահոգություն, որ կարող էր խանգարել իրենց սովորություններից մի քանիսը: Բայց հանկարծ գիտակցելով մի տեսակ մեկուսացումը երկնքի ծածկույթի տակ, որտեղ ամառը սկսում էր գազազել, անորոշ կերպով նրանք զգացին, որ այդ արգելափակվածությունը իրենց ամբողջ կյանքին էր սպառնում, և երեկոները թարմության հետ նրանց մեջ մտնող ուժը երբեմն նրանց նետում էր հուսահատ գործողությունների:
Նախ, եթե նույնիսկ դա պատահականություն կամ դեպքերի համընկ-նում համարվի, այդ օրվանից մեր քաղաքը պատեց բավականին ընդհանուր և բավականին խոր մի վախ, որպեսզի հնարավոր լինի կասկածել, որ մեր համաքաղաքացիները սկսում էին իսկապես գիտակցել իրենց վիճակը: Այս տեսակետից մեր քաղաքի մթնոլորտը մի քիչ փոխվեց: Բայց իրականում փոփոխությունը մթնոլորտո՞ւմ էր արդյոք, թե՞ մարդկանց սրտերում, այս է հարցը:
Քարոզից մի քանի օր հետո, երբ բժիշկը այդ երևույթի մասին զրուցելով Գրանի հետ քայլում էր դեպի արվարձանները, մթության մեջ բախվեց մի մարդու, որ օրորվում էր նրանց դիմաց, առանց առաջանալ փորձելու: Ճիշտ այդ պահին հանկարծ փայլեցին մեր քաղաքի լապտերները, որոնք գնալով ավելի ուշ էին վառվում: Բարձր լապտերը, որ դրված էր զբոսնողների ետևում, հանկարծ լուսավորեց մարդուն, որ անաղմուկ, աչքերը փակ ծիծաղում էր: Նրա սպիտակավուն դեմքին գծված էր մի զվարթություն, քրտինքը հոսում էր խոշոր կաթիլներով: Նրանք անցան:
– Խենթ է,– ասաց Գրանը:
Ռիեն, որ բռնել էր նրա թևը, զգաց պաշտոնյայի նյարդային դոդը:
– Շուտով բոլորը խենթանալու են,– նկատեց Ռիեն:
Հավանաբար հոգնածությունից նա կոկորդում չորություն զգաց:
– Մի բան խմենք,– առաջարկեց նա:
Փոքր սրճարանում, ուր նրանք մտան և որը լուսավորված էր հաշվեսեղանի վրա կախված միակ լապտերով, մարդիկ, առանց նկատելի պատճառի, կարմրավուն և ծանր օդում զրուցում էին ցածրաձայն: Ի զարմանս բժշկի, Գրանը ալկոհոլ պատվիրեց, որը մի ումպով խմեց և հայտարարեց, որ շատ թունդ էր, հետո ուզեց դուրս գալ: Դրսում Ռիեին թվաց, որ գիշերը լեցուն էր հեծեծանքներով: Ինչ որ տեղ, մութ երկնքում, լապտերասյուների վերևում, մի սուր սուլոց նրանց հիշեցրեց անտեսանելի նիզակը, որ առանց հոգնելու շարժում էր տաք օդը:
– Ի՜նչ երջանկություն, ի՜նչ երջանկություն,– ասաց Գրանը:
Ռիեն հարցրեց, թե ի՞նչ էր ուզում ասել:
– Ի՜նչ երջանկություն,– ասաց մյուսը,– որ ես իմ աշխատանքն ունեմ:
– Այո,– ասաց Ռիեն,– դա առավելություն է:
Եվ որոշելով, որ սուլոցը այլևս չի լսվում, նա Գրանին հարցրեց, թե գո՞հ էր այդ աշխատանքից:
– Այո, կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ:
– Եվ դեռ երկա՞ր պետք է աշխատեք:
Գրանը կենդանացավ, ալկոհոլի ջերմությունը հասավ ձայնին:
– Չգիտեմ: Բայց հարցը դա չէ, բժիշկ, հարցը դա չէ, ոչ:
Մթան մեջ Ռիեն գուշակում էր, որ նա շարժում էր թևերը: Մի բան ասելու էր պատրաստվում, որ վրա հասավ հանկարծակի հստակությամբ:
– Գիտե՞ք ինչ եմ ուզում, բժիշկ, ուզում եմ, որ այն օրը, երբ ձեռագիրը հասնի հրատարակչին, վերջինս այն կարդալուց հետո վեր կենա և ասի իր աշխատակիցներին. «Պարոններ, գլխարկներդ հանեցեք»:
Այս հանկարծակի հայտարարությունը զարմացրեց Ռիեին: Նրան թվաց, որ իր ուղեկիցը գլխարկը հանելու շարժում է անում ձեռքը գլխին տանելով և հետո հորիզոնականին բերելով: Վերևում տարօրինակ սուլոցը, թվում էր, ավելի էր սաստկանում:
– Այո,– ասում էր Գրանը, այն պետք է կատարյալ լինի:
Հակառակ գրականության գործերից անտեղյակությանը, Ռիեն այն տպավորությունն ուներ, որ գործերը այդքան պարզ չպետք է ընթանային, և օրինակ, հրատարակիչները, իրենց գրասենյակում, գլխաբաց պետք է լինեին: Բայց, վերջ ի վերջո, ի՞նչ իմանաս. Ռիեն նախընտրեց լռել: Հակառակ իր կամքին, նա ունկնդրում էր ժանտախտի խորհրդավոր շշուկները: Մոտենում էին Գրանի թաղամասին, և քանի որ ճանապարհը մի քիչ թեք էր, մեղմ զեփյուռը թարմացնում էր նրանց և միաժամանակ քաղաքը մաքրում էր իր բոլոր աղմուկներից: Սակայն Գրանը շարունակում էր խոսել, և Ռիեն չէր հասկանում, թե ինչ էր ասում մարդուկը: Նա այնքանն էր միայն ըմբռնում, որ այդ երկը արդեն բազմաթիվ էջեր ուներ, իսկ այն ճիգը, որ հեղինակը կատարում էր իր գործը կատարելության հասցնելու համար, նրա համար շատ տանջալի էր: «– Գիշերներ ամբողջ, շաբաթներ ամբողջ մի բառի վրա… Եվ Երբեմն նախադասության մի պարզ համաձայնության վրա»: Այստեղ Գրանը կանգ առավ և բռնեց բժշկի վերարկուի մի կոճակը: Բառերը նրա պակաս ատամներ ունեցող բերանից սայթաքում էին.
– Ինձ լավ հասկացեք, բժիշկ: Ակներևաբար շատ հեշտ է ընտրություն կատարել բայց-ի ու և-ի միջև: Դժվար է դառնում նախընտրություն անել և-ի ու հետո-ի միջև: Դժվարությունը մեծանում է հետո-ի և այնուհետև-ի միջև: Բայց վստահաբար ամենադժվարը իմանալն է, պե՞տք է «և» օգտագործել, թե պետք չէ:
– Այո,– ասաց Ռիեն,– հասկանում եմ:
Եվ սկսեց քայլել: Մյուսը մի պահ շփոթվեց, հետո հասավ նրա ետևից:
– Ներեցեք ինձ,– խոսեց նա շփոթված,– չգիտեմ այս գիշեր ինչ է կատարվում ինձ հետ:
Ռիեն մեղմորեն խփեց նրա ուսին և ասաց, որ շատ է ուզում նրան օգնել և որ նրա պատմությունը իրեն շատ է հետաքրքրում: Մյուսը հանգստացավ․ արդեն հասել էին Գրանի տան առջև, մի փոքր վարանելուց հետո նա բժշկին խնդրեց մի րոպե տուն բարձրանալ: Ռիեն ընդունեց:
Ճաշասենյակում Գրանը հրավիրեց բժշկին նստել մի սեղանի առջև, որ միկրոսկոպիկ ձեռագրով գրված թղթերով էր լեցուն:
– Այո, դա է,– ասաց Գրանը ի պատասխան բժշկի հարցական հայացքին,– մի բան ուզո՞ւմ եք խմել: Մի քիչ գինի ունեմ:
Ռիեն հրաժարվեց: Նա թղթերին էր նայում:
– Մի նայեք,– ասաց Գրանը,– դա իմ առաջին նախադասությունն է: Այն ինձ տառապանք է պատճառել, շատ տառապանք:
Նա էլ էր դիտում բոլոր այդ թղթերը և նրա ձեռքը անհաղթահարելիորեն ձգվեց դեպի նրանցից մեկը, որը բռնեց առանց լուսամփոփի էլեկտրական լամպի դիմաց: Թուղթը դողում էր նրա ձեռքում: Ռիեն նկատեց, որ պաշտոնյայի ճակատը խոնավ էր:
– Նստեցեք,– ասաց նա,– նստեցեք և ինձ համար կարդացեք այն:
Գրանը նայեց նրան և ժպտաց մի տեսակ ամաչկոտ շնորհակալությամբ:
– Այո,– ասաց նա,– ես ինքս ուզում եմ ձեզ համար կարդալ:
Նա մի քիչ սպասեց՝ շարունակելով թղթին նայել, հետո նստեց: Ռիեն միաժամանակ լսում էր մի շփոթ աղմուկ, որ քաղաքից գալով կարծես պատասխանում էր խարազանի սուլոցին: Այդ պահին նա տարօրինակորեն սուր ըմբռնումը ուներ այս քաղաքի, որ տարածվում էր նրա ոտքերի տակ, այն փակ աշխարհի և սարսափելի ոռնոցների մասին, որոնք մարում էին գիշերվա մեջ: Գրանի խուլ ձայնը բարձրացավ. «Մայիս ամսվա մի գեղեցիկ առավոտյան, մի վայելուչ ամազոնուհի, մի հրաշալի ձիու վրա, Բուլոնյան անտառի ծաղկած ծառուղիներով ընթանում էր»: Լռությունը և նրա հետ տառապանքների մեջ տվայտող քաղաքի անորոշ մրմունջը վերահաստատվեց: Գրանը թուղթը տեղն էր դրել ու շարունակում էր նրան դիտել: Քիչ հետո նա հայացքը բարձրացրեց:
– Ի՞նչ կարծիք ունեք:
Ռիեն պատասխանեց, որ այդ սկիզբը նրան մղում էր շարունակությունը իմանալ: Գրանը ոգևորված պատասխանեց, որ այդ այնքան էլ լավ կարծիք չէր: Նա ափով խփեց թղթերին:
– Այդ բոլորը դեռևս մոտավորապես է: Երբ ինձ հաջողվի կատարյալ ձևով նկարագրել, այն, ինչ ունեմ երևակայությանս մեջ, երբ նախադասությունս ունենա հենց այն քայլքը, ինչ այդ ձիով զբոսանքը, մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք, մնացածը ավելի հեշտ կստացվի, իսկ հենց սկզբից այնպիսի ազդեցություն կթողնի, որ հնարավոր կլինի ասել. «Գլխարկները վար»:
Բայց դրա համար դեռևս շատ հաց է պետք ուտել: Ինքը ոչ մի դեպքում չի համաձայնվի, այս եղած վիճակում, որևէ հրատարակչի ձեռքը տալ: Որովհետև, հակառակ գոհունակության զգացումին, որ երբեմն պատճառում է, նա լրիվ գիտակցում է, որ դեռևս ճիշտ նշանին չէր խփում, որ ինչ-որ չափով ձեռք բերած հեշտ ոճը, թեև շատ հեռվից ու աննշան, բայց համենայն դեպս ցույց էր տալիս սովորականի նմանություն: Նրա ասածի իմաստը մոտավորապես այդ էր, երբ լուսամուտի տակ վազող մարդկանց ոտնաձայն լսվեց: Ռիեն վեր կացավ:
– Դուք կտեսնեք, թե ես այն ինչի կվերածեմ,– ասաց Գրանը և շուռ գալով դեպի պատուհանը, ավելացրեց,– երբ այս պատմությունը վերջանա:
Արագ քայլերի աղմուկը կրկնվեց: երբ Ռիեն փողոց իջավ, երկու մարդիկ անցան նրա առջևով: Ակնահայտորեն նրանք դեպի քաղաքի դռներն էին գնում: Մեր համաքաղաքացիներից ոմանք, շոգի և ժանտախտի պատճառով իսկապես գլուխները կորցրած դիմում էին բռնության և փորձում էին խախտել հսկողության գոտին՝ քաղաքից դուրս փախչելու համար:
Ռամբերի նման ուրիշներն էլ փորձում էին փախչել այս ավելացող խուճապի մթնոլորտից, բայց ավելի համառությամբ և վարպետությամբ, եթե ոչ ավելի հաջողությամբ: Ռամբերը նախ շարունակել էր իր պաշտոնական դիմումները: Ըստ նրա ասածի, նա միշտ մտածել էր, որ համառությունը ի վերջո ամեն ինչի հաղթում է. կար նաև այն տեսակետը, որ իր մասնագիտությունն էր ճարպիկ լինելը: Նա այցելել էր մեծ թվով պաշտոնյանների և այնպիսի մարդկանց, որոնց կարողությունները սովորական ժամանակներում վեճի առարկա չէին: Բայց տվյալ դեպքում նրանց այդ կարողությունը ոչնչի չէր ծառայում: Նրանք ընդհանրապես այնպիսի մարդիկ էին, որ հստակ և ճիշտ պատկերացումներ ունեին այն ամենի մասին, ինչ վերաբերում էր բանկին, արտածման, արևադարձային մրգերի և գինու առևտրի մասին, որոնք անվիճելի գիտելիքներ ունեին վիճելի խնդիրների կամ ապահովագրության հարցերի մասին, դեռ հաշվի չառնելով նրանց պատկառելի վկայականներն ու ակնհայտ բարյացակամությունը: Ամենաուշագրավը բոլորի էլ բարյացակամությունն էր: Բայց ժանտախտի հարցերում նրանց գիտելիքները մոտավորապես ոչնչի էին հավասար:
Սակայն նրանցից յուրաքանչյուրի մոտ, ամեն անգամ, որ դա հնարավոր էր եղել, Ռամբերը պաշտպանել էր իր հարցը: Իր պատճառաբանությունների հիմքը միշտ այն էր, որ ինքը օտարական էր մեր քաղաքում, և, հետևաբար, իր պարագան պետք է մասնավոր ձևով ուսումնասիրվեր: Լրագրողի զրուցակիցները ընդհանրապես ընդունում էին այդ կետում նրա իրավացիությունը: Բայց ասում էին նրան, որ բազմաթիվ մարդիկ նույն վիճակում էին, և հետևաբար, նրա հարցը այնքան էլ մասնավոր չէր, որքան կարծում էր ինքը: Ռամբերը պատասխանում էր, որ այդ փաստը, ըստ էության, իր պատճառաբանությունը ոչնչով չէր փոխում, նրան պատասխանում էին, որ դա որոշ բան փոխում էր վարչական դժվարությունների ժամանակ, որը դեմ էր ամեն տեսակի առավելություն տալուն, հակառակ էր բացառություն անելուն, որպեսզի նախադեպ չստեղծվեր: Ըստ Ռամբերի դասակարգման, որ նա բացատրեց բժիշկ Ռիեին, այսպես տրամաբանողները ֆորմալիստների թվին էին պատկանում: Նրանց կողքին կարելի էր գտնել նաև լավ խոսողների, որոնք դիմողին վստահեցնում էին, որ այդ բոլորը երկար տևել չէին կարող, և որոնք, լավ խորհուրդներ տալով հանդերձ, երբ նրանցից պահանջվում էր որոշում, Ռամբերին մխիթարում էին ասելով, որ ամբողջ եղածը ժամանակավոր դժվարություն էր միայն: Կային նաև իրենց կարևորություն տվող պաշտոնականություն սիրողներ, որոնք այցելուին խնդրում էին այդ բոլորը բացատրել գրավոր, խոստանում էին հարցը նկատի ունենալ, ոչնչություններ, որոնք նրան սենյակի օրդեր էին առաջարկում, կամ տալիս էին էժան հյուրանոցի հասցեներ, հատուկ մեթոդ ունեցողներ՝ որոնք անմիջապես լրացնել էին տալիս մի ձև, որպեսզի այն դասավորեին քարտարանում, սրտազեղ բնավորություն ունեցողներ՝ որոնք անզորություն արտահայտելու համար թևերը երկինք էին բարձրացնում, ձանձրացածներ՝ որոնք հայացքները շրջում էին. կային նաև շատ մեծ թիվ կազմող պահպանողականներ, որոնք Ռամբերին մի ուրիշ գրասենյակ էին ուղարկում, կամ խորհուրդ էին տալիս նոր դիմում գրել:
Այսպիսի անօգուտ այցելություններից լրագրողը սպառվել էր և ճիշտ գաղափար էր կազմել, թե ինչ կարող էր լինել քաղաքապետարանը կամ ոստիկանությունը, երբ ստիպված ես մինչև գրասենյակ մտնելը սպասել մի չոր նստարանի վրա, մեծ հայտարարությունների տակ, որոնք հրավիրում էին բաժանորդագրվել պետական փոխառության, վճարել հարկերը կամ զինվորագրվել գաղութային բանակին, իսկ գրասենյակում մարդկանց դեմքերը նույնքան հեշտությամբ կարելի էր կարդալ, որքան եթե նայեիր թղթերով ծանրաբեռնված սեղանին, կամ գործերով լցված դարակներին: Այդ բոլորի օգուտը, ասաց Ռամբերը Ռիեին մի տեսակ վիրավորված շեշտով, այն եղավ, որ այդ բոլորը նրանից ծածկեցին իսկական դրությունը: Ժանտախտի առաջխաղացքը նա փաստորեն չիմացավ: Չհաշված նաև այն, որ այսպիսով օրերը ավելի արագ անցան, իսկ այն վիճակում, ուր գտնվում էր քաղաքը, կարելի էր ասել, անցած յուրաքանչյուր օրը, պայմանով, որ չմահանային, մարդկանց մոտեցնում էր փորձությունների վախճանին: Ռիեն ստիպված եղավ ընդունել, որ դա ճիշտ տեսակետ լինելով հանդերձ՝ մի քիչ շատ ընդհանուր ճշմարտություն էր: Եղավ ժամանակ, որ Ռամբերը հույս ունեցավ: Պրեֆեկտուրայից ստացվեց մի գրություն, որը խնդրում էր ճշգրտորեն լրացնել մի անկետա: Այնտեղ հարց կար ինքնության, ընտանիքի մեջ իր դիրքի, իր եկամուտների, նախկին և այժմ, մի խոսքով, ինչպես ընդունված է ասել, curriculum vital-ի մասին: Նա այն տպավորությունը ստացավ, որ ցանկանում էին ցուցակագրել այն մարդկանց, որոնք ենթակա էին ուղարկվելու իրենց բնակության վայրերը: Բայց մի քանի տեղ դիմելուց հետո նրան հաջողվեց գտնել այն գրասենյակը, որ այդ անկետան էր ուղարկել: Նրան հայտնեցին, որ այդ տեղեկությունները հավաքում էին «հնարավոր դեպքի համար»:
– Հնարավոր ի՞նչ դեպքի համար,– հարցրեց Ռամբերը:
Այդ ժամանակ նրան պարզաբանեցին, որ հնարավոր այն դեպքի համար է, երբ նա կարող էր ժանտախտով հիվանդանալ և մահանալ, որպեսզի կարողանան մի կողմից ընտանիքին հաղորդել, և մյուս կողմից, իմանալ, թե հիվանդանոցի ծախսերը քաղաքի բյուջեի՞ց պիտի գանձվեին, թե կարելի էր նրա հաշվից փոխհատուցում սպասել: Այդ ամբողջը ապացուցում էր, որ իրականում նա ամբողջովին չէր բաժանված իրեն սպասող կնոջից, հասարակությունը զբաղվում էր իրենով: Բայց դա մխիթարանք չէր: Սակայն կարևորը, և Ռամբերը այդ նկատեց, աղետի ամենածանր պահին այդ գրասենյակի գոյությունն էր, որ կարող էր շարունակել իր ծառայությունների կատարումը և սովորական ժամանակներին հատուկ նախաձեռնություն ցուցաբերել, հաճախ հակառակ ամենաբարձր իշխանությունների, այն միակ պատճառով, որ այդ գրասենյակը կազմակերպվել էր նման ծառայության համար:
Հաջորդող շրջանը Ռամբերի համար եղավ միաժամանակ և ամենահեշտը, և ամենադժվարը: Դա ընդարմացման շրջանն էր: Նա եղել էր բոլոր գրասենյակներում, բոլոր դիմումներն արել էր և համոզվել, որ այդ կողմից, առայժմ, բոլոր ճանապարհները փակ էին: Սկսեց մի սրճարանից մյուսը ման գալ: Առավոտյան նստում էր պատշգամբում, մի բաժակ սառը գարեջրի դիմաց, թերթ էր կարդում հիվանդության մոտակա ավարտի մասին որևէ նշան գտնելու հույսով, դիտում էր անցորդների դեմքերը, նրանց տխուր արտահայտությունից զզվանքով շրջվում էր և հարյուրերորդ անգամ կարդալուց հետո խանութների ցուցանակները, նշանավոր ըմպելիքների գովազդը, որոնք այլևս չէին մատուցում, վեր էր կենում ու քայլում քաղաքի դեղին փողոցներով, պատահական ուղղությամբ: Սրճարանից սրճարան և սրճարանից ճաշարան իր միայնակ զբոսանքների միջոցով օրը երեկո էր դարձնում: Մի երեկո Ռիեն նրան տեսավ մի սրճարանի դռանը, որտեղ լրագրողը վարանում էր մտնել: Ի վերջո նա որոշեց և գնաց նստեց սրահի խորքը: Այդ այն ժամն էր, երբ սրճարաններում, վերևից եկած հրամանով, հնարավորին չափ ուշացնում էին լույսերը վառել: Խավարը լցվում էր սրահը մոխրագույն ջրի նման, արևամուտի վարդագույնը պատերի հայելիներից արտացոլվում էր, և սեղանների մարմարները թույլ կերպով փայլատակում էին իրիկնամուտի մեջ: Ամայի սրահի կենտրոնում Ռամբերը նման էր մի կորած ստվերի: Ռիեն մտածեց, որ դա նրա ինքնամոռացության ժամն էր: Բայց դա նույն ժամանակ այն պահն էր, երբ այս քաղաքի բոլոր բանտարկյալները ինքնամոռացության մեջ էին ընկնում և մտածում էին որևէ բան անել իրենց փրկությունը արագացնելու համար: Ռիեն շուռ եկավ և արագ հեռացավ:
Ռամբերը երկար ժամանակ էր անցկացնում նաև կայարանում: Կառամատույց դուրս գալը արգելված էր, բայց սպասասրահները, ուր կարելի էր մտնել դրսից, բաց էին, և շոգ օրերին մուրացիկները այնտեղ էին հավաքվում, որովհետև ստվեր էր և զով: Ռամբերը այնտեղ էր գալիս հին չվացուցակները, հատակին թքելը արգելող ազդագրերը և երկաթագծի ոստիկանության կանոնադրությունը կարդալու: Հետո մի անկյունում նստում էր: Սրահը կիսախավար էր: Մի հին պողպատե վառարան ամիսներ արդեն սառչում էր սրահի մեջտեղը, շրջապատված հատակին ութանման նկարանշաններով: Պատին մի քանի ազդագրեր հրավիրում էին երջանիկ և ազատ կյանք անցկացնել Բանդոլում կամ Քաննում: Ռամբերը այստեղ կարծես դիպչում էր մի տեսակ դառը ազատության, որը մարդիկ գտնում են վերջնական արգելքի ժամանակ: Այն հիշատակները, որոնց դիմանալը այդ ժամանակ ամենադժվարն էր, խոստովանում էր նա Ռիեին, Փարիզի պատկերներն էին: Հին քարերի և գետափի մի տեսարան, Պալե Ռուայալի աղավնիները, Հյուսիսային կայարանը, Պանթեոնի ամայի թաղամասերը և մի քանի այլ տեսարաններ մի քաղաքից, որին այդքան շատ սիրելը անգիտանում էր, հետապնդում էին Ռամբերին և արգելում որոշակիորեն ոչինչ չանել: Ռիեն կարծում էր, որ նա պարզապես այդ պարտեզները նույնացնում էր իր սիրո պատկերների հետ: Իսկ այն օրը, երբ Ռամբերը նրան ասաց, որ սիրում էր արթնանալ առավոտվա ժամը չորսին և մտածել իր քաղաքի մասին, բժիշկը սեփական փորձով դժվարություն չունեցավ հասկանալու, որ ինքն էլ սիրում էր այդ ժամին իր մեկնած կնոջը պատկերացնել: Դա իսկապես այն ժամն էր, որ նա կարող էր նրան իրը համարել: Առավոտյան ժամը չորսին ընդհանրապես ոչինչ չեն անում և քնում են, նույնիսկ եթե գիշերը դավաճանության գիշեր եղած լիներ: Այո, այդ ժամին քնում են, և դա վստահություն է ներշնչում, որովհետև անհանգիստ սրտի միակ ցանկությունը անվախճանորեն ունենալն է այն էակին, որին սիրում է, իսկ երբ դա անհնար է բացակայության պատճառով՝ աներազ քնի մեջ խորասուզվել կարողանալը այդ էակի խորքում, այդ վիճակը կարող է վախճան ունենալ լոկ այն օրը, երբ նրանք նորից հանդիպեն:
* * *
Քարոզից քիչ ժամանակ անց սկսվեցին շոգերը: Հունիսի վերջերն էին: Ուշացած անձրևների հաջորդ օրը, որոնք նշանավորել էին քարոզի կիրակին, մի հարվածով ամառը պայթեց երկնքում և բնակարանների վրա: Նախ մի այրող քամի բարձրացավ, որը տևեց մի ամբողջ օր և որը չորացրեց շենքերի պատերը: Արևը հաստատվեց: Շոգի և լույսի ալիքները ողողեցին քաղաքը օրեր շարունակ: Կամարակապ փողոցներից և հարկաբաժիններից դուրս թվում էր, թե քաղաքում ոչ մի կետ չկար, որ դրված չլիներ կուրացուցիչ ցոլացումի տակ: Արևը հետապնդում էր մեր համաքաղաքացիներին փողոցի բոլոր անկյուններում, իսկ երբ կանգ էին առնում, խփում էր նրանց: Քանի որ առաջին շոգերը համընկնում էին զոհերի թվի բարձրացման սլաքի հետ, որը թվերով արտահայտած հասնում էր շաբաթական յոթ հարյուրի, քաղաքում տիրեց մի տեսակ ընկճվածություն: Արվարձանների հարթ փողոցների և պատշգամբավոր տների մեջ կենդանությունը նվազեց, և այս թաղամասերում, ուր մարդիկ միշտ ապրում էին իրենց դռների առջև, բոլոր դռները փակեցին և լուսամուտների վարագույրները իջեցրին, չիմանալով ժանտախտից, թե արևից էին այդպես պաշտպանվում: Սակայն մի քանի տներից ցավագին բացականչություններ էին բարձրանում: Առաջներում, երբ նման բան էր պատահում, միշտ կարելի էր տեսնել հետաքրքրասերների, որոնք Փողոց էին նայում կամ ականջալուր լինում: Սակայն այդ կրկնված ահազանգերից հետո կարծես յուրաքանչյուրի սիրտը կարծրացել էր և բոլորը անտարբեր քայլում ու ապրում էին տրտունջների կողքին, կարծես դա մարդկային բնական լեզու լիներ:
Քաղաքի դռների մոտ եղած ընդհարումների ընթացքում ոստիկանները ստիպվել էին զենքի դիմել, իսկ դա խորը հուզում առաջացրեց: Անկասկած վիրավորներ կային, բայց քաղաքում, որտեղ ամեն ինչ չափազանցվում էր շոգի և վախի ազդեցության տակ, խոսում էին մահացածների մասին: Սակայն ճիշտ էր, որ դժգոհությունը գնալով մեծանում էր, և իշխանությունները ավելի վատթարից էին վախենում և լրջորեն նախատեսում էին միջոցառումներ ձեռք առնել այն դեպքերի համար, երբ աղետից զսպված բնակչությունը ապստամբության դիմեր: Թերթերը հրամանագրեր տպագրեցին, որոնք վերահաստատում էին դուրս գալու արգելքները և հակառակողներին սպառնում էին բանտարկությամբ: Քաղաքում զինվորական պահակախմբեր Երևացին: Քաղաքի ամայի և շատ տաք փողոցներում հաճախ երևում էին ձիավոր պահակներ, որոնց նախորդում էին փակ պատուհանների տակով անցնող շարքերը, մայթերի վրա հնչող կրունկների աղմուկը: Պահակախմբի անհետանալուց հետո մի ծանր, կասկածելի լռություն էր իջնում վտանգված քաղաքի վրա: Հեռվում պայթում էին հատուկ խմբերի հրացանների կրակոցները, որոնք, վերջերս տրված հրամանի համաձայն, պարտականություն ունեին սպանելու շներին ու կատուներին՝ լվերի փոխանցումը արգելելու համար: Այդ չոր պայթյունները նպաստում էին քաղաքում տագնապի մթնոլորտ ստեղծելուն:
Շոգի և լռության մեջ, մեր քաղաքացիների վախեցած սրտում ամեն ինչ ստանում էր ավելի մեծ կարևորություն: Երկնքի գույներն ու հողի բույրերը, որոնք եղանակների անցումից էին, առաջին անգամ լինելով բոլորին զգալի էին դարձել: Յուրաքանչյուր մարդ երկյուղով հասկանում էր, որ տաքը նպաստելու էր համաճարակի բռնկմանը, սակայն յուրաքանչյուր մարդ միևնույն ժամանակ տեսնում էր, որ ամառը հաստատվում էր: Վայրի ծիծառների ճիչը իրիկնային երկնքում ավելի թույլ էր դառնում քաղաքի վրա: Նույնիսկ հունիսյան երկինքը կորցրել էր իր տարածականությունը, և մեր հորիզոնը անհուսորեն հեռու էր թվում: Շուկայի ծաղիկները կոկոն չէին դառնում այլևս, շուտ էին պայթում և առավոտյան վաճառքից հետո նրանց թերթիկները շաղ էին գալիս փոշոտ մայթերին: Մարդիկ հստակորեն տեսնում էին, որ գարունը ավարտված էր, որ այն իրեն սպառել էր ամբողջ շրջակայքում հազարավոր պայթող ծաղիկների մեջ, և իրենք գնալով պիտի թմրեն, դանդաղորեն պիտի ճզմվեն ժանտախտի և տաքության ծանրության տակ: Մեր բոլոր համաքաղաքացիների համար ամառային այս երկինքը, այս փոշու և ձանձրույթի քողի տակ գունատվող փողոցները ունեին նույն սպառնալից իմաստը, ինչ հազարավոր մեռելները, որոնք ճնշում էին քաղաքը ամեն օր: Այդ անդադրում արևը, ննջելու և հանգստանալու արձակուրդային այս ժամերը մարդկանց առաջվա պես չէին հրավիրում դեպի ծովափ՝ թեթև սիրահետումների: Ընդհակառակը, փակ և լուռ քաղաքում այդ բոլորը կեղծ էին հնչում: Նրանք կորցրել էին երջանիկ եղանակների արծաթյա փայլատակումը: ժանտախտի արևը խամրեցնում էր բոլոր գույները և փախցնում ամեն ուրախություն:
Դրանով էր արտահայտվում նաև հիվանդության բերած մեծագույն փոփոխություններից մեկը: Մեր բոլոր համաքաղաքացիները սովորաբար ամառը ողջունում էին թեթևության զգացումով: Այդ ժամանակ քաղաքը բացվում էր դեպի ծովը և իր երիտասարդությունը թափում էր լողափերի վրա: Այդ ամառ, ընդհակառակը, այդքան մոտ ծովը արգելված էր, և մարմինը իր հաճույքների իրավունքը չուներ: Ի՞նչ անել այդ պայմաններում: Նորից Տարրուն է, որ այդ ժամանակվա կյանքի ամենահավաստի պատկերն է տալիս: Հասկանալի է, որ նա հետևել էր ժանտախտի առաջընթացին, ժամանակին նշել համաճարակի շրջադարձային օրերը և գրել, որ ռադիոն դադարել էր հաղորդել շաբաթական հարյուրավոր մեռելներ, այլ իննսուներկու, հարյուր յոթ և հարյուր քսան մահացություն օրական: «– Թերթերն ու իշխանությունները շատ նրբորեն են վարվում ժանտախտի հետ: Նրանց թվում է, որ նրանք ժանտախտից միավորներ են շահում, քանի որ հարյուր երեսունը ավելի փոքր թիվ է, քան ինն հարյուր տասը»: Նա ոգեկոչում է նաև համաճարակի հուզական և հետաքրքրական կողմերը, թե ինչպես մի կին, վարագույրապատ փակ տներով ամայի մի թաղամասում, նախքան փեղկերը փակելը սենյակի ծանր մթության վրա, երկու անգամ բարձր աղաղակ էր արձակել: Միաժամանակ նշում է նաև, որ դեղատներից անհետացել էին անանուխի մոնպասները, որովհետև մարդիկ ծծում էին այն հնարավոր վարակը կանխարգելելու համար:
Տարրուն շարունակում էր դիտել իր նախընտրած անձնավորություններին: Նրանից իմանում ենք, որ կատուների փոքրիկ ծերուկը նույնպես դժբախտության մեջ էր: Մի առավոտ լսվել էին մի քանի կրակոցներ, և ինչպես Տարրուն է գրում, կապարի մի քանի ժայթքում սպանել էր կատուների մեծամասնությանը, իսկ մյուսներին սարսափեցրել, որոնք փախել էին փողոցից: Նույն օրը փոքրիկ ծերուկը պատշգամբ էր դուրս եկել իր սովորական ժամին և մեծապես զարմացել էր, ծռվել, հետախուզել էր փողոցի ծայրերը և որոշել էր սպասել:
Նրա ձեռքը մեղմորեն հարվածում էր պատշգամբի երկաթին: Նա շարունակել էր սպասել, մի քիչ թուղթ էր մանր կտորների վերածել, ներս էր մտել, նորից դուրս եկել, հետո հանկարծ անհետացել էր իր ետևից բարկությամբ փակելով լուսամատի փեղկերը: Հաջորդ օրերին կրկնվել էր նույն տեսարանը, փոքրիկ ծերունու դեմքին հնարավոր էր եղել կարդալ մի տխրություն, որ գնալով շփոթության էր նմանվել։ Մի շաբաթ հետո Տարրուն իզուր էր սպասել նրա ամնօրյա երևալուն, լուսամուտները համառորեն փակ են մնացել շատ հասկանալի վշտի պատճառով: «– Ժանտախտի ժամանակ արգելվում է կատուների վրա թքել»: Այսպիսին էր ծոցատետրի եզրակացությունը:
Մի ուրիշ մասում Տարրուն գրում է, որ երբ գիշերը տուն է վերադառնում, միշտ վստահ է, որ սրահում հանդիպելու է ետ ու առաջ քայլող գիշերապահի մռայլ դեմքին: Նա չի դադարում բոլորին հիշեցնել, որ ինքը կանխատեսել էր եղածը: Տարուն, որ հիշում էր, թե նա դժբախտություն էր կանխատեսել, հիշեցնում է նրան երկրաշարժի միտքը, ծերուկ պահակը պատասխանում է. «Ահ, երանի երկրաշարժ լիներ: Մի ցնցում, և այլևս այդ մասին չեն խոսում… Հաշվում են մահացածներին և ապրողներին և ամեն ինչ վերջանում է: Իսկ այս խուլ հիվանդությունը: Նույնիսկ նրանք, ովքեր հիվանդ չեն, այն կրում են իրենց սրտում»:
Հյուրանոցի տնօրենը նվազ ընկճված չէր: Քաղաքի փակվելու և քաղաքից դուրս գալը արգելվելուց հետո ճանապարհորդները մնացել էին հյուրանոցում: Բայց քիչ առ քիչ, համաճարակի շարունակվելու պատճառով շատերը նախընտրել էին տեղափոխվել իրենց բարեկամների մոտ: Եվ նույն պատճառները, որ սկզբում լցրել էին հյուրանոցի համարները, այդ ժամանակվանից նրանց դատարկ էին պահում, որովհետև նոր մարդիկ քաղաք չէին ժամանում: Տարրուն այն քիչ վարձակալներից էր, որ մնացել էր, և տնօրենը առիթը բաց չէր թողնում նկատել, որ եթե ինքը չցանկանար հաճելի լինել իր վերջին հաճախորդներին, վաղուց փակած կլիներ հաստատությունը: Նա հաճախ հարցնում էր Տարրուին, թե նրա կարծիքով որքա՞ն կարող էր տևել համաճարակը: «– Ասում են,– պատասխանեց Տարրուն,– որ ցրտերը աննպաստ են նման հիվանդությունների համար»: Տնօրենը խենթանում էր: «Բայց, պարոն, այստեղ իսկական ցուրտ երբեք չի լինում: Իսկ եթե նույնիսկ լիներ, մինչ այդ բազմաթիվ ամիսներ Են պետք…»: Առանց այդ էլ նա վստահ էր, որ հիվանդությունից հետո էլ, դեռ երկար ժամանակ, ճանապարհորդները կխուսափեն այս քաղաքից: Այս ժանտախտը տուրիզմի կործանումն էր:
Ճաշարանում, կարճ բացակայությունից հետո, նորից երևաց պարոն Օթոնը, մարդ բուն, ետևից ունենալով միայն երկու գիտուն շնիկներին: Լուր տարածվեց, որ կինը, մորը խնամելուց հետո այժմ կարանտինի մեջ էր:
– Դա ինձ դուր չի գալիս,– ասաց տնօրենը Տարրուին: – Կարանտինի մեջ, թե ոչ, նա կասկածանքի տակ է, հետևաբար նրանք նույնպես կասկածանքի տակ են:
Տարրուն նրան նկատել տվեց, որ նման դատողության դեպքում, բոլորը կասկածանքի տակ են ընկնում: Բայց մյուսը անառարկելի էր և այդ հարցի մասին ուներ իր հիմնավոր տեսակետները:
– Ոչ, պարոն, ոչ դուք, ոչ էլ ես, հսկողության տակ չենք: Իսկ նրանք կասկածելի են:
Բայց պարոն Օթոնը նման փոքր պատճառով իր սովորությունները չէր փոխում և այս անգամ էլ չէր թողնելու, որ ժանտախտը փոխեր իր սովորությունները: Նա նախկին ձևով մտնում էր ճաշարան, նստում էր իր զավակներից առաջ և միշտ նրանց դիտողություն էր անում արժանապատվությամբ և թշնամական ձևով: Միայն փոքր տղան մի քիչ փոխված տեսք ուներ: Քրոջ նման սև հագնված, նախկինից մի քիչ ավելի ինքնամփոփ, կարծես հոր փոքր ստվերը լիներ: Գիշերապահը, որ պարոն Օթոնին չէր սիրում, ասել էր Տարրուին.
– Այս մեկը հագնված էլ մեռնելու է: Հենց այդպես զուգված ուղիղ էն աշխարհն է գնալու:
Հուշատետրում քարոզի մասին էլ էր գրված, բայց հետևյալ մեկնաբանությամբ: «Հասկանում եմ նման համակրելի եռանդը: Աղետի սկզբում և նրա ավարտից հետո միշտ կարելի է մի քիչ ճարտասանություն անել: Առաջին դեպքում, երբ դեռևս սովորությունը կորցրած չեն լինում, իսկ երկրորդում՝ երբ սովորությունը վերադարձած է լինում: Դժբախտության ընթացքում է, որ սովորում են ճշմարտության, այսինքն՝ լռության: Սպասենք»:
Տարրուն գրել էր վերջապես նաև այն մասին, որ երկար զրույց էր ունեցել բժիշկ Ռիեի հետ, հիշում էր, որ լավ արդյունքներ էր տվել այդ զրույցը: Այդ առիթով նշելով մայր Ռիեի աչքերի բաց շագանակագույնը, տարօրինակ կերպով հաստատում էր, որ մի հայացք, ուր կարելի էր այդքան բարություն կարդալ, ավելի ուժեղ կլիներ, քան ժանտախտը, իսկ այնուհետև երկար հատվածներ էր նվիրում Ռիեի բուժած շնչարգելություն ունեցող հիվանդին:
Բժշկի հետ գնացել էր նրան տեսնելու վերոհիշյալ զրույցից հետո: Ծերուկը Տարրուին դիմավորել էր կատակներով և ձեռքերը շփելով: Նա անկողնում էր, բարձին թիկն տված, սիսեռով լեցուն երկու ափսեները առջևը.
– Ահա ևս մեկը,– ասել էր նա Տարրուին տեսնելով,– աշխարհը շուռ է եկել, ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ: Արագ է տարածվում, հա՞: Քահանան իրավացի է, արժանի ենք:
Հաջորդ օրը Տարրուն այցելեց նրան առանց զգուշացնելու: Եթե հավատալու լինենք այդ հուշատետրերին, ծեր ասթմատիկը, արհեստով մանրավաճառ, հիսուն տարեկանին որոշել էր, որ բավական աշխատել էր արդեն: Պառկել էր և այդ օրվանից այլևս վեր չէր կացել, թեև շնչարգելության համար նախընտրելի էր կանգնած վիճակը: Մի փոքր եկամուտ նրան հասցրել էր մինչև յոթանասունհինգ տարեկանը, որը թեթևությամբ էր տանում: Նա չէր կարող տանել Ժամացույցի տեսքը, դրա համար էլ ամբողջ բնակարանում մի ժամացույց իսկ չկար: «Ժամացույցը,– ասում էր նա,– թանկ և հիմար բան է»: Նա ժամանակը, հատկապես ճաշի ժամանակը, որ նրա համար միակ արժեքավորն էր, հասկանում էր իր երկու ափսեների միջոցով, որից մեկը լիքն էր լինում, երբ արթնանում էր: Նա մյուս ափսեն լցնում էր սիսեռով՝ մեկ առ մեկ, վարժ ու կանոնավոր շարժումով: Այդպիսով նա ժամանակը գտնում էր ափսեների չափով: «Յուրաքանչյուր տասնհինգ ափսե հետո,– ասում էր նա,– ուտելու ժամանակն է: Շատ պարզ է»: Սակայն եթե հավատալու լինենք կնոջը, նա շատ երիտասարդ տարիքից ցույց էր տվել իր հակումները: Կյանքում իսկապես ոչ մի բան չէր հետաքրքրել նրան, ոչ աշխատանքը, ոչ բարեկամները, ոչ սուրճը, ոչ երաժշտությունը, ոչ կանայք, ոչ զբոսանքները: Նա երբեք իր քաղաքից դուրս չէր եկել, բացի այն միակ օրվանից, երբ ստիպվել էր Ալժիր գնալ ընտանեկան գործերի համար, սակայն կանգ էր առել Օրանի ամենամոտ կայարաններից մեկում՝ անկարող արկածախնդրությունը ավելի հեռուն տանելու: Առաջին իսկ գնացքով տուն էր վերադարձել:
Տարրուին, որ զարմացած տեսք ուներ նրա վարած փակ կյանքից, մոտավորապես բացատրեց, որ, ըստ կրոնի, մարդու կյանքի առաջին կեսը վերելք էր, իսկ մյուս կեսը՝ վայրէջք, որ վայրէջքի ժամանակ մարդու օրերը նրան չեն պատկանում, որ կարելի է նրանից այն վերցնել ցանկացածդ ժամանակ, հետևաբար մարդը ոչինչ անել չէր կարող և որ միակ արդարացումը ոչինչ չանելն էր: Հակասությունը նրան չէր վախեցնում, որովհետև, ինչպես ավելի ուշ ասել էր Տարրուին, Աստված վստահաբար գոյություն չուներ, հակառակ դեպքում քահանաները անօգուտ կդառնային: Բայց հաջորդող մտածումների ժամանակ Տարրուն հասկացավ, որ այս փիլիսոփայությունը սերտորեն կապված էր հումորի հետ, որ նրան տալիս էին իր ծուլության հաճախակի փնտրտուքները: Սակայն ծերուկի դիմանկարը ավարտվում էր մի ցանկությամբ, որը թվում էր խորունկ և որը բազմաթիվ անգամներ ներկայացրել էր իր զրուցակցին: Նա հույս ուներ շատ ծեր հասակում մահանալ:
«Ո՞վ է նա, մի սո՞ւրբ,– ինքն իրեն հարցնում էր Տարրուն, և պատասխանում էր,– այո, եթե սրբությունը հաստատվում է սովորությունների միասնությամբ»:
Այնուհետև Տարրուն տալիս էր ժանտախտով վարակված քաղաքի մի օրվա մանրամասն նկարագրությունը և այդպիսով ճիշտ գաղափար՝ մեր համաքաղաքացիների կյանքի և զբաղմունքի մասին, այդ ամառվա ընթացքում: «Բացի հարբածներից ոչ ոք չի ծիծաղում,– գրում է Տարրուն,– իսկ նրանք շատ են ծիծաղում»: Այնուհետև նա սկսում էր իր նկարագրությունը:
«Առավոտ շուտ մեղմ քամիներ են անցնում դեռևս ամայի քաղաքով: Այդ քամին, որ գիշերվա մահացածների և ցերեկվա տառապողների միջև է, թվում է, որ ժանտախտը մի պահ դադարեցնում է իր ճիգը և շունչ է առնում: Բոլոր խանութները փակ են, բայց ոմանց վրա գրված «փակված են ժանտախտի պատճառով» ծանուցագրերը հաստատում են, որ նրանք, քիչ հետո, մյուսների հետ չեն բացվի: Կիսաքուն թերթավաճառները դեռևս օրվա լուրերը չեն բղավում, բայց փողոցների անկյունի պատերին հենված իրենց ապրանքը առաջարկում են էլեկտրասյուներին, լուսնոտների շարժումով: Քիչ հետո, առաջին տրամվայների աղմուկից արթնանալով, նրանք կտարածվեն քաղաքով մեկ և կմեկնեն թևի լայնքով թերթերը, ուր կպայթի՝ «ժանտախտ», «ժանտախտով աշուն կլինի՞ արդյոք», «պրոֆեսոր Բ… պատասխանում է՝ «Ոչ», «հարյուր քսանչորս մահացություն, այդպիսին է ժանտախտի իննսուներորդ օրվա հաշվեկշիռը»:
Հակառակ թղթի տագնապին, որ գնալով ավելի սուր է դառնում և ստիպել է որոշ պարբերականների կրճատել իրենց էջերի թիվը, մի նոր օրաթերթ է սկսել հրատարակվել․ «ժանտախտի լրատու»-ն, որ ինքն իրեն պարտականություն է տվել «մեր քաղաքացիներին տեղեկացնել օբյեկտիվ մանրամասնությամբ հիվանդության առաջխաղացքի և նահանջների մասին, նրանց հայթայթել ամենահեղինակավոր վկայությունները համաճարակի ապագայի մասին, իր սյունակների օժանդակությունը բերել բոլոր նրանց, ծանոթ կամ անծանոթ, ովքեր տրամադրված են պայքարելու աղետի դեմ, պաշտպանելու բնակչության բարոյականը, հաղորդել իշխանությունների կարգադրությունները, մի խոսքով խմբավորելու բոլոր բարի կամքի մարդկանց, արդյունավետ կերպով պայքարելու չարի դեմ, որ հարվածում է մեզ»: Իրականում այս թերթը շատ արագ սահմանափակվեց նոր ապրանքների ռեկլամներ տպագրելով, որոնք իբր կարող էին կանխարգելել ժանտախտը:
Առավոտյան ժամը վեցի մոտերը բոլոր այդ թերթերը սկսում էին վաճառվել մեկ ժամ հետո բացվող խանութների առջև գոյացած հերթերում կանգնած մարդկանց, այնուհետև տրամվայներում, որոնք լցված գալիս էին արվարձաններից: Տրամվայները դարձել են միակ փոխադրական միջոցները և դժվարությամբ են առաջանում, սանդղակներից ու դոներից կախված և պայթելու աստիճան մարդկանցով լեցուն լինելու պատճառով: Հետաքրքրական երևույթ, բոլոր մարդիկ, հնարավորության սահմաններում, աշխատում են իրար կռնակ դարձնել, հնարավոր փոխադարձ վարակման դեմ պայքարելու համար: Կանգառներում տրամվայները դատարկում են տղամարդկանց և կանանց մի բեռ, որոնք շտապում են հեռանալ իրարից և մենակ մնալ: Հաճախ տեսարաններ են պայթում մարդկանց վատ տրամադրության պատճառով, որ գնալով խրոնիկական է դառնում:
Առաջին տրամվայների անցնելուց հետո քաղաքը դանդաղորեն արթնանում է, բացվում են առաջին գարեջրատները, հաշվեսեղանների վրա ազդագրեր են՝ «սուրճ չկա», «ձեր շաքարը հետներդ բերեք» և այլն: Հետո բացվում են կրպակները և փողոցները կենդանանում են: Նույն ժամանակ լույսը շատանում է և շոգը քիչ առ քիչ տիրում է հուլիսյան երկինքը: Սա այն ժամն է, երբ ոչինչ չանող մարդիկ համարձակվում են ծառուղիներ դուրս գալ: Մարդկանց մեծամասնությունը կարծես որոշած լիներ ժանտախտը կաշառել՝ իրենց բոլոր զարդերը նրա առջև փռելով: Ամեն օր, ժամը տասնմեկի շուրջը, գլխավոր փողոցներում երիտասարդ տղամարդկանց և կանանց շքերթ է, որտեղ կարելի է զգալ այն կիրքը, որ միշտ աճում է մեծ դժբախտությունների ժամանակ: Եթե համաճարակը տարածվի, բարոյականության սկզբունքները իրենց սահմանները պիտի լայնացնեն: Եվ մենք կտեսնենք միլանյան ցոփ խրախճանքներ գերեզմանների կողքին:
Կեսօրին ճաշարանները լցվում են մի ակնթարթում: Ներսում տեղ չգտնող մարդիկ շատ արագ փոքր խմբեր են կազմում դռների առջև: Երկինքը սկսում է կորցնել իր լույսը շոգի ազդեցության տակ: Մեծ վարագույրների ստվերում, արևից պայթող փողոցի ծայրին, ուտելու թեկնածուները սպասում են իրենց հերթին: Ճաշարանները այդպես լեցուն են լինում, որովհետև շատ բանով պարզեցնում են սննդի հարցը: Բայց վարակվելու վախը միշտ մնում է: Հաճախորդները երկար ժամանակ են կորցնում և համբերատարորեն մաքրում են ափսեները: Շատ ժամանակ չէր անցել, երբ որոշ ճաշարաններ հայտարարում էին. «Այստեղ ափսեները եռացված են»: Բայց քիչ առ քիչ նրանք հրաժարվեցին բոլոր տեսակի գովազդերից, որովհետև հաճախորդները ստիպված էին գալ: Մյուս կողմից նրանք կամավոր կերպով ծախսում էին: Նուրբ գինիները, կամ այդպիսին կոչվածները, ամենաթանկ խորտիկները ամեն տեսակի ծայրահեղություններ անելու սկիզբն էին: Կարծես ինչ-որ խուճապ կար մի ճաշարանում, որովհետև մի հաճախորդ իրեն վատ էր զգացել, գունատվելով վեր էր կացել և օրորվելով շտապել էր դուրս գալ։
Ժամը երկուսի մոտերը քաղաքը դանդաղորեն դատարկվում է. դա այն պահն է, երբ լռությունը, փոշին, արևը և ժանտախտը հանդիպում են փողոցում: Մեծ, գորշ տների երկայնքին անդադար հոսում է շոգը: Դրանք բանտարկության երկար ժամերն են, որոնք ավարտվում են մարդաշատ և շատախոս քաղաքի վրա թափվող հրդեհված երեկոներով: Շոգի առաջին օրերին, առանց պատճառի, երեկոները ամայի էին: Բայց այժմ, օդի առաջին իսկ թարմությունը լարվածության թուլացում է բերում, եթե ոչ հույս: Հետևաբար բոլորը փողոց են իջնում, զրուցելով ժամանակ են անցկացնում, իրարից խռովում կամ սիրահետում են իրար, և հուլիսյան կարմիր երկնքի տակ քաղաքը, զույգերով և աղմուկով բեռնավորված, ձգվում է դեպի շնչահատ եղող գիշերը: Եվ իզուր, ամեն երեկո, մի ներշնչված ծերունի, գլխին ֆետրե մի գլխարկ և վզին փողկապ, ծառուղիներում շրջում է մարդկանց մեջ անդադար կրկնելով. «Աստված մեծ է և բարի, նրա մոտ եկեք»: Բոլորը շտապում են, ընդհակառակը, դեպի մի բան, որին վատ են ճանաչում, կամ որը իրենց թվում է ավելի անհետաձգելի, քան Աստված: Սկզբում, երբ կարծում էին, որ ժանտախտն էլ մի հիվանդություն էր ուրիշների նման, կրոնը դեռևս իր տեղում էր: Բայց երբ տեսան, որ այս մեկը լուրջ էր, նրանք հիշեցին վայելքները: Ցերեկվա բոլոր մտահոգությունները, որ արտահայտվում էին դեմքերից, այդ ժամանակ հալվում էին կրքոտ և փոշոտ խավարում, մի տեսակ հիվանդագին ինքնամոռացության, սխալ հասկացված ազատության մեջ, որ տենդի գիրկն է գցել ամբողջ քաղաքը:
Ես էլ նրանց նման եմ: Է՛հ, ի՞նչ արած: Ինձ նման մարդկանց համար մահը դատարկ բան է: Պարզապես մի երևույթ, որ ապացուցում է մեր իրավացիությունը»:
* * *
Տարրուն էր խնդրել այն տեսակցությունը, որի մասին խոսում է իր հուշատետրերում: Այդ երեկո, մինչ սպասում էր նրան, բժիշկը դիտում էր մորը, որ ճաշասենյակի մի անկյունում, աթոռի վրա խելոք նստած էր: Այնտեղ էր նա ժամանակը անցկացնում, երբ տնային գործերով չէր զբաղվում: Ձեռքերը ծնկների վրա իրար միացրած, նա սպասում էր: Ռիեն նույնիսկ վստահ չէր, որ նա իրեն էր սպասում: Բայց ինչ-որ բան փոխվում էր նրա դեմքի վրա, երբ ինքը երևում էր: Աշխատանքով անցած ամբողջ մի կյանքի լուռ հրաժարումը կարծես կենդանանում էր: Հետո նորից ընկնում էր լռության մեջ: Այդ երեկո էլ նա լուսամուտից դուրս՝ այդ ժամին արդեն ամայի փողոցն էր դիտում: Փողոցի լուսավորությունը երկու երրորդով նվազել էր: Մեկը մյուսից հեռու մի լապտեր թույլ շող էր դնում քաղաքի ստվերների մեջ:
– Ամբողջ ժանտախտի ժամանակ լուսավորությունը սահմանափակվա՞ծ են պահելու,– հարցրեց տիկին Ռիեն:
– Հավանաբար:
– Միայն թե մինչև ձմեռ չտևեր: Ձմռանը շատ տխուր կլինի:
– Այո,– ասաց Ռիեն:
Նա տեսավ մոր հայացքը իր ճակատին ուղղված: Նա գիտեր, որ վերջին օրերի մտահոգություններն ու գերհոգնածությունը իր դեմքը ակոսել էին:
– Այսօր գործերը լավ չէի՞ն,– հարցրեց տիկին Ռիեն:
– Սովորականի պես էին:
Սովորականի պես: Նշանակում էր, որ Փարիզից ուղարկված նոր շիճուկը նվազ ներգործող էր թվում, քան նախկինները, և վիճակագրական տվյալները բարձրանում էին: Հնարավորություն չունեին կանխարգելիչ շիճուկ ներարկել անգամ վարակված ընտանիքներին: Շատ մեծ քանակություն էր պետք օգտագործումը ընդհանրացնելու համար: Ուռուցքների մեծամասնությունը չէր ծակվում, կարծես եկել էր նրանց կարծրանալու ժամանակը, և հիվանդները տանջվում էին: Նախորդ օրվանից քաղաքում երկու դեպք կար՝ համաճարակի նոր ձևով: Ժանտախտը դառնում էր թոքային: Հենց այդ օրն էլ, մի խորհրդակցության ժամանակ, բժիշկները իրենցից դուրս գալով սխալ կողմնորոշված պրեֆեկտից պահանջել և ստացել էին նոր միջոցառումներ՝ խուսափելու համար վարակից, որ բերնից բերան էր անցնում թոքային ժանտախտի ժամանակ: Ինչպես միշտ, ոչ ոք ոչինչ չգիտեր:
Ռիեն նայեց մորը: Շագանակագույն աչքերի գեղեցիկ հայացքը նրա մեջ արթնացրեց հին տարիների քնքշությունը:
– Վախենո՞ւմ ես, մայր:
– Իմ տարիքում արդեն շատ բաներից չեն վախենում:
– Օրերը բավականին երկար են, և ես հաճախ այստեղ չեմ լինում:
– Սպասելը ինձ համար դժվար չէ, երբ գիտեմ, որ գալու ես: Իսկ երբ այստեղ չես, մտածում եմ, թե ինչ ես անում: Նոր լուր ունե՞ս:
– Այո, ամեն ինչ լավ է, եթե հավատանք վերջին հեռագրին: Բայց ես գիտեմ, որ նա այդպես է ասում ինձ հանգստացնելու համար:
Դռան զանգը հնչեց: Բժիշկը ժպտաց մորը և գնաց բացելու: Սանդուղքի գլխին կանգնած գորշազգեստ Տարրուն արջի տեսք ուներ: Ռիեն այցելուին նստեցրեց իր գրասեղանի առջև: Ինքը կանգնել էր իր թիկնաթոռի ետևում: Նրանք իրարից բաժանված էին սեղանի վրա դրված սենյակի միակ վառված լապտերով:
– Ես գիտեմ,– ասաց Տարրուն առանց առաջաբանի,– որ կարող եմ ձեզ հետ շատ ուղիղ խոսել:
Ռիեն լուռ հաստատեց:
– Տասնհինգ օրում կամ մի ամսում դուք այստեղ այլևս անօգուտ եք դառնալու, դեպքերը ձեզնից առաջ են անցնում:
– Ճիշտ է,– ասաց Ռիեն:
– Սանիտարական սպասարկությունը վատ է: Դուք մարդու և ժամանակի պակաս ունեք:– Ռիեն ընդունեց, որ, այդ ևս ճիշտ էր:
– Լսել եմ, որ պրեֆեկտուրան նախատեսում է կազմակերպել մի տեսակ քաղաքացիական սպասարկություն, առողջ մարդկանց ստիպելով մասնակցել մարդկանց ընդհանուր փրկության գործին:
– Դուք լավատեղյակ եք: Բայց արդեն իսկ մեծ դժգոհություն կա, և պրեֆեկտը վարանում է:
– Ինչո՞ւ կամավորներ չկանչել:
– Արված է, բայց արդյունքները չնչին են:
– Արել են պաշտոնական ձևով, մի քիչ առանց հավատալու: Նրանց պակասում է երևակայությունը: Նրանք աղետի բարձրության վրա չեն, և նրանց երևակայած միջոցառումները մրսածության դեպքերին հազիվ բավականացնեն: Եթե գործը նրանց թողնենք, իրենք կկորչեն, մենք էլ նրանց հետ:
– Հավանական է,– ասաց Ռիեն:– Պետք է ձեզ ասեմ, որ նրանք մտածել են նաև բանտարկյալների մասին, այսպես ասած ծանր գործերում օգտագործելու համար:
– Ես կնախընտրեի, որ նման գործերը ազատ մարդիկ անեին:
– Ես նույնպես: Բայց ինչո՞ւ եք այդպես դատում:
– Սարսափում եմ մահվան դատապարտվածությունից:
Ռիեն նայեց Տարրուին.
– Հետևաբա՞ր,– հարցրեց նա:
– Հետևաբար, ես մի ծրագիր ունեմ սանիտարական կամավոր ջոկատներ կազմակերպելու մասին: Ինձ իրավունք տվեք դրանով զբաղվելու և իշխանությունը մի կողմ թողեք: Առանց այդ էլ այն շատ է զբաղված: Ես ամեն տեղ բարեկամներ ունեմ, նրանք առաջին բջիջը կկազմեն: Բնականաբար ես մասնակցելու եմ:
– Հույս ունեմ, չեք կասկածում, որ ձեր առաջարկը ուրախությամբ կընդունեմ,– ասաց Ռիեն:– Օգնության կարիք ունենք հատկապես այս գործում: Գաղափարը պրեֆեկտուրայում ընդունել տալը ինձ վրա եմ վերցնում: Բացի այդ, նրանք ընտրություն չունեն: Բայց…
Ռիեն մտածեց:
– Բայց այս աշխատանքը կարող է մահացու լինել, դուք դա լավ գիտեք: Բոլոր դեպքերում, պարտավոր եմ ձեզ զգուշացնել: Լավ մտածե՞լ եք:
Տարրուն դիտում էր նրան իր գորշ և հանգիստ հայացքով:
– Ի՞նչ կարծիք ունեք Պանլուի քարոզի մասին, բժիշկ:
Հարցը շատ բնական ձևով էր տրված, և Ռիեն նրան պատասխանեց նույնպես շատ բնական ձևով.
– Ես շատ երկար եմ հիվանդանոցներում ապրել, որպեսզի կարողանամ կոլեկտիվ պարտքի գաղափարը սիրել: Բայց, գիտե՞ք ինչ, քրիստոնյաները երբեմն այդպես են խոսում առանց երբեք իսկապես այդպես մտածելու: Նրանք ավելի լավ են, քան երևում են առաջին հայացքից:
– Հետևաբար դուք էլ, Պանլուի նման, կարծում եք, որ ժանտախտը ունի իր դրական կողմը, որ այն բացում է մարդկանց աչքերը, ստիպում է մտածել:
Բժիշկը անհամբերությամբ գլուխն օրորեց.
– Ոչ ավելի, քան այս աշխարհի բոլոր հիվանդությունները: Այն, ինչ ճիշտ է աշխարհի բոլոր չարիքների վերաբերյալ, ճիշտ է նաև ժանտախտի պարագայում: Այն կարող է նպաստել, որ մի քանիսը մեծանան: Բայց երբ տեսնում ես հիվանդությունների բերած թշվառությունն ու ցավը, պետք է խենթ, կույր կամ վախկոտ լինել ժանտախտին համակերպվելու համար:
Ռիեն խոսում էր համարյա ձայնը չբարձրացնելով, բայց Տարրուն շարժում արեց, կարծես նրան հանգստացնելու համար: Նա ժպտում էր:
– Այո,– ասաց Ռիեն ուսերը բարձրացնելով,– բայց դուք իմ հարցին դեռևս չեք պատասխանել: Մտածեցեք:
Տարրուն թիկնաթոռի մեջ ավելի հարմար տեղավորվեց և գլուխը դեպի լույսը երկարեց.
– Աստծուն հավատո՞ւմ եք, բժիշկ:
Այս հարցը նույնպես տրված էր շատ բնական ձևով, բայց այս անգամ Ռիեն վարանեց:
– Ոչ: Բայց դա ի՞նչ նշանակություն ունի: Ես գիշերվա մեջ եմ և փորձում եմ այնտեղ հստակ տեսնել: Երկար ժամանակ է, ինչ այդ վիճակը ինքնատիպ չեմ համարում:
– Եվ հենց դա էլ ձեզ բաժանում է Պանլուից, չէ՞:
– Չեմ կարծում: Պանլուն գրասենյակային գիտնական է: Նա մահացողներ շատ չի տեսել, դրա համար էլ խոսում է ճշմարտության անունից: Իսկ որևէ գյուղական քահանա, որ ղեկավարում է իր ծխի անդամներին և լսել է մահացողի շնչառությունը, ինձ նման կմտածի: Նա կաշխատեր խնամել թշվառությունը, նախքան դրա բարերար ազդեցությունը ցույց տալ ցանկանալը:
Ռիեն վեր կացավ, նրա դեմքը այժմ ստվերում էր:
– Քանի չեք ուզում պատասխանել, թողնենք այդ,– ասաց նա:
Տարրուն ժպտաց առանց տեղից, շարժվելու:
– Կարո՞ղ եմ հարցումով պատասխանել:
Իր հերթին բժիշկը ժպտաց.
– Դուք խորհրդավորությունը սիրում եք,– ասաց նա,– շարունակեցեք:
– Շատ լավ,– ասաց Տարրուն,– ինչո՞ւ դուք այդքան նվիրվածություն եք հանդես բերում, քանի որ Աստծուն չեք հավատում: Ձեր պատասխանը գուցե օգնի ինձ, որ ես էլ պատասխանեմ:
Առանց ստվերից դուրս գալու բժիշկը ասաց, որ արդեն պատասխանել էր. եթե հավատար ամենակարող Աստծուն, կդադարեր մարդկանց բուժել՝ նրան թողնելով այդ խնամքը: Բայց աշխարհում ոչ ոք, ոչ իսկ Պանլուն, որ հավատացյալ է, նման Աստծո չի հավատում, քանի որ ոչ ոք ամբողջովին ինքն իրեն բաց չի թողնում, առնվազն այս հարցում Ռիեն կարծում է, որ ճշմարտության ճանապարհին է և այսպիսով պայքարում է արարչագործության դեմ, ինչպիսին որ այն կա:
– Ահա, ուրեմն դուք այդ կարծիքը ունեք ձեր մասնագիտության մասին,– ասաց Տարրուն:
– Մոտավորապես,– պատասխանեց բժիշկը վերադառնալով դեպի լույսը:
Տարրուն մեղմորեն սուլեց, ու բժիշկը նայեց նրան:
– Այո,– ասաց նա,– դուք ասում եք, որ հպարտություն է պետք, բայց ես անհրաժեշտ հպարտությունը ունեմ, հավատացեք: Չգիտեմ, թե ինձ ի՞նչ է սպասում, և թե ի՞նչ է լինելու այս բոլորից հետո: Այժմ հիվանդներ կան և պետք է նրանց բուժել: Հետո նրանք կմտածեն, ես նույնպես: Բայց ամենահրատապը այժմ նրանց բուժելն է: Ես նրանց պաշտպանում եմ, ինչպես կարող եմ: Այսքան:
– Ո՞ւմ դեմ:
Ռիեն շուռ եկավ դեպի պատուհանը: Հորիզոնի խտացող մթան մեջ հեռվից զգացվում էր ծովը: Նա միայն հոգնածություն էր զգում և պայքարում էր այս եզակի մարդուն ավելի հանձնվելու հանկարծական ցանկության դեմ: Նրա հանդեպ եղբայրական զգացում ուներ:
– Չգիտեմ, Տարրու, երդվում եմ, որ չգիտեմ: Երբ այս մասնագիտությունը ընտրեցի, վերացական ձևով էի շարժվում, ինչ-որ չափով կարիք ունեի, որովհետև ինչ-որ դիրք էր տալիս, ինչպես ուրիշ մասնագիտություններ, որ առաջադրվում են երիտասարդներին: Գուցե նաև նրա համար, որ այն հատկապես դժվար էր ինձ նման բանվորի տղայի համար: Հետո անհրաժեշտ եղավ մահացող տեսնել: Գիտե՞ք, մարդիկ կան, որ մերժում են մահանալ: Երբևէ լսե՞լ եք որևէ կնոջ բղավոցը մահվան ժամանակ. «Երբեք»: Ես լսել եմ: Եվ այդ ժամանակ անդրադարձա, որ դրան երբեք սովորել չեմ կարող: Դեռևս երիտասարդ էի, և իմ զզվանքը կարծեմ ուղղված էր աշխարհի կարգի դեմ: Հետո ավելի համեստ դարձա: Պարզապես չեմ վարժվում մահացող տեսնելուն: Ավելի բան չգիտեմ: Բայց ի վերջո…
Ռիեն լռեց և նստեց: Զգում էր, որ բերանը չորացել էր:
– Բայց, ի վերջո,– Տարրուն մեղմորեն հիշեցրեց:
– Բայց ի վերջո…,– վերսկսեց բժիշկը և նորից վարանեց Տարրուին նայելով ուշադիր,– դա այնպիսի բան է, որ ձեզ նման մարդը կարող է հասկանալ, այդպես չէ՞, բայց քանի որ աշխարհի կարգը կանոնավորված է մահով, գուցե Աստծո համար էլ ավելի լավ է, որ իրեն չհավատան և ամբողջ ուժով պայքարեն մահվան դեմ, առանց աչքերը բարձրացնելու այն երկնքի դեմ, որտեղ նա լռում է:
– Այո,– հաստատեց Տարրուն,– կարող եմ հասկանալ: Բայց ձեր հաղթանակները միշտ ժամանակավոր են լինելու, ահա թե ինչ:
Ռիեն մթագնեց.
– Միշտ այդպես է լինելու, գիտեմ: Բայց դա պատճառ չէ պայքարը դադարեցնելու համար:
– Ոչ, դա պատճառ չէ: Եվ այժմ պատկերացնում եմ, թե ձեզ համար ինչ պետք է եղած լինի այս ժանտախտը:
– Այո,– ասաց Ռիեն,– մի անվերջանալի պարտություն:
Տարրուն մի պահ դիտեց բժշկին, հետո վեր կացավ և մանրորեն քայլեց դեպի դուռը: Ռիեն հետևեց նրան: Տարրուն, որ կարծես ոտքերին էր նայում, ասաց.
– Այդ բոլորը ո՞վ է ձեզ սովորեցրել, բժիշկ:
Պատասխանը անմիջապես հետևեց.
– Թշվառությունը:
Ռիեն բացեց իր աշխատասենյակի դուռը և միջանցքում ասաց Տարրուին, որ ինքը նույնպես ուզում է դուրս գալ արվարձանում ապրող իր մի հիվանդին այցելելու: Տարրուն առաջարկեց ուղեկցել նրան, և բժիշկը ընդունեց: Միջանցքի ծայրին նրանք հանդիպեցին տիկին Ռիեին, որին բժիշկը ներկայացրեց իր հյուրին:
– Բարեկամ է,– ասաց նա:
– Շատ ուրախ եմ ձեզ ճանաչելու համար,– ասաց տիկին Ռիեն:
Երբ մայրը գնաց, Տարրուն նայեց նրա ետևից: Սանդուղքների վրա բժիշկը իզուր փորձեց վառել լույսը: Սանդուղքները խավարի մեջ էին: Բժիշկը ինքն իրեն հարց տվեց, արդյո՞ք դա էլ արդյունք էր խնայողության նոր միջոցառումների: Բայց հնարավոր չէր իմանալ: Արդեն որոշ ժամանակ էր, ինչ բնակարաններում և քաղաքում ամեն ինչ փչանում էր: Գուցե պարզապես նրանից էր, որ մեր դռնապաններն ու համաքաղաքացիներն ընդհանրապես այլևս ոչ մի բան չէին խնամում: Բայց բժիշկը ժամանակ չունեցավ ինքնահարցումը ավելի առաջ տանել, որովհետև Տարրուի ձայնը հնչեց ետևից.
– Մի բան էլ ասեմ, բժիշկ, նույնիսկ եթե այն ձեզ ծիծաղելի թվա. դուք լիիվ իրավացի եք:
Ռիեն, մթան մեջ, ուսերը բարձրացրեց:
– Ճիշտն ասած, չգիտեմ իսկապես: Բայց դուք որտեղի՞ց գիտեք:
– Ա՛հ,– ասաց մյուսը առանց հուզվելու,– ես քիչ բան ունեմ սովորելու, ես ամենագետ մարդ եմ:
Բժիշկը կանգ առավ. Տարրուի ոտքը, նրա ետևում, մի սանդղամատի վրայից սահեց: Տարրուն բռնեց Ռիեի ուսը և հավասարակշռությունը գտավ:
– Կարծում եք կյանքում ամեն ինչ գիտե՞ք,- հարցրեց բժիշկը:
Պատասխանը եկավ մթան միջից, նույն հանգիստ ձայնով.
– Այո:
Փողոց հասնելուց հետո գլխի ընկան, որ բավականին ուշ էր, գուցե ժամը տասնմեկը: Համրացած քաղաքը միայն շշուկներով էր լեցուն: Շատ հեռվից լսվեց շտապօգնության մեքենայի շչակը: Նրանք մեքենա նստեցին, և Ռիեն շարժիչը միացրեց:
– Վաղը հիվանդանոց եկեք կանխարգելիչ շիճուկ ստանալու: Բայց նախքան այս պատմության մեջ մտնելը, հասկացեք, որ երեքի դեմ մեկ շանս ունեք դրանից առողջ դուրս պրծնելու:
– Այդպիսի հաշվարկները իմաստ չունեն, բժիշկ, դուք այդ իմ չափ գիտեք: Հարյուր տարի առաջ ժանտախտի մի համաճարակ Պարսկաստանի մի քաղաքի բոլոր բնակիչներին սպանեց, բացի միայն մի մարդուց, մահացածներին լողացնողից, որ միշտ շարունակել էր իր գործը:
– Նա իր երրորդ շանսն է պահել, այդ է պատճառը,– ասաց Ռիեն հանկարծակի սուր դարձած ձայնով:– Բայց ճիշտ է նաև այն, որ մենք բոլորս սովորելու շատ բան ունենք այս հարցում:
Նրանք հասան արվարձանները: Էլեկտրալամպերը փայլում էին ամայի փողոցներում: Նրանք կանգ առան: Մեքենայից իջնելով Ռիեն հարցրեց Տարրուին, թե ուզո՞ւմ էր իր հետ գալ, իսկ մյուսը «այո» պատասխանեց: Երկնքի մի փայլ լուսավորում էր նրանց դեմքերը: Ռիեն հանկարծ բարեկամաբար ծիծաղեց:
– Ասա, Տարրու,– խոսեց նա,– ի՞նչն է քեզ ստիպում այս գործերով զբաղվել:
– Չգիտեմ, գուցե բարոյական հանգամանքները:
– Եվ ո՞ր մեկը:
– Հասկացողությունը:
Տարրուն շուռ եկավ դեպի տունը, և Ռիեն այլևս նրա դեմքը չտեսավ մինչև այն պահը, երբ նրանք մտան ծեր ասթմատիկի բնակարանը:
* * *
Հաջորդ օրվանից Տարրուն գործի անցավ և կազմակերպեց առաջին խումբը, որին պիտի հետևեին բազմաթիվ ուրիշներ:
Ժամանակագրի նպատակը չէ սանիտարական այդ խմբերին տալ ավելի մեծ կարևորություն, քան նրանք ունեին: Մեր համաքաղաքացիներից շատերը նրա փոխարեն նրանց դերը չափազանցելու փորձությանը պիտի չդիմանային: Այս գիրքը շարադրողը կարծում է, որ ավելի շատ կարևորություն տալով գեղեցիկ արարքներին, ի վերջո անուղղակի և մեծ պատիվ տված կլինենք չարին: Որովհետև այդ ժամանակ ենթադրել կտանք, որ այդ գեղեցիկ արարքները այդքան միայն արժեք ունեն, քանի որ հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը ավելի հաճախակի են շարժիչ ուժ հանդիսանում մարդկանց արարքներում: Շարադրողը այդ կարծիքը չի բաժանում: Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպանել: Մարդասպանի հոգին կույր է. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակատեսություն չկա:
Ահա ինչու մեր սանիտարական ջոկատները, որոնք իրականացան Տարրուի շնորհիվ, պետք է գնահատվեն օբյեկտիվ գոհունակությամբ: Ահա ինչու շարադրող պատմիչը շատ պերճախոս չէ նրանց կամքի և հերոսության նկատմամբ և տալիս է միայն տրամաբանորեն ընդունելի կարևորություն: Նա շարունակելու է լինել կարևոր և պահանջկոտ սրտերի պատմագիրը, այդպես դարձրեց ժանտախտը մեր համաքաղաքացիներին այդ ժամանակ:
Այն մարդիկ, որ իրենց նվիրեցին սանիտարական ջոկատներին, մեծ արժանիք չունեին այդ անելիս, որովհետև, իրականում նրանք գիտեին, որ դա է միակ անելիքը, որ այդ ժամանակ այդ որոշումը չընդունելը անհավատալի էր: Այդ ջոկատները օգնեցին մեր համաքաղաքացիներին ավելի շուտ մտնել ժանտախտի մեջ և մասամբ համոզեցին նրանց, որ քանի հիվանդությունը կար, պետք էր անել ամբողջ անհրաժեշտը նրա դեմ պայքարելու համար: Ժանտախտը, որ դառնում էր մի քանիսի պարտականությունը, այսպիսով երևաց, թե ի՞նչ բան էր, այսինքն՝ բոլորի գործը:
Այսքանը լավ էր: Բայց ուսուցչին չեն գովաբանում նրա համար, որ սովորեցնում է, թե երկուսին գումարած երկուս հավասար է չորսի: Նրան գուցե գովաբանեն ուսուցչի գեղեցիկ մասնագիտությունը ընտրելու համար: Հետևաբար, անշուշտ գովելի էր, որ Տարրուն և մյուսները այդ ճանապարհը ընտրեցին, որպեսզի ապացուցեն, թե երկուսին գումարած երկուսը չորս էր անում, և ոչ թե հակառակը, բայց ասենք նաև, որ այդ բարի կամեցողությունը նրանք իմացան ուսուցչի օգնությամբ, բոլոր նրանց հետ, ովքեր նույն սիրտն ունեին, ինչ ուսուցիչը, որոնք, ի պատիվ մարդուն, ավելի բազմաթիվ են, քան կարծվում է. առնվազն այդ է այս գիրքը շարադրողի կարծիքը: Նա շատ լավ տեսնում է այն առարկությունը, որ կարող են նրան անել, թե այդ մարդիկ իրենց կյանքն էին վտանգի ենթարկում: Բայց պատմության մեջ միշտ հասնում է այն օրը, երբ որևէ մեկը, որ համարձակվում է ասել, թե երկուսին գումարած երկուս հավա-սար է չորսի, մահվամբ է պատժվում: Ուսուցիչը այդ շատ լավ գիտե: Եվ հարցը իմանալը չէ, թե ինչ վարձատրություն կամ պատիժ է սպասում այս տրամաբանությանը: Հարցն այն է, որ իմանանք՝ արդյո՞ք երկուսին գումարած երկուս, այո կամ ոչ, չորս է անում: Մեր համաքաղաքացիներից ովքեր այդ ժամանակ վտանգում էին իրենց կյանքը, պարտավոր էին որոշել, այո կամ ոչ, իրենք ժանտախտի մե՞ջ էին, և պե՞տք էր, այո կամ ոչ, պայքարել նրա դեմ:
Մեր քաղաքի նոր բարոյախոսներից շատերը այդ ժամանակ ասում էին. ոչինչ ոչ մի բանի չի կարող ծառայել, պետք է ծունկի գալ: Տարրուն, Ռիեն և նրանց բարեկամները կարող էին այսպես կամ այնպես պատասխանել, բայց եզրակացությունը միշտ այն էր, ինչ նրանք գիտեին, պետք էր պայքարել որևէ ձևով և ծունկի չգալ: Ամբողջ հարցն այն էր, որ խանգարեն ավելի շատ մարդկանց մահանալը և վերջնական բաժանումը: Այդ նպատակին հասնելու համար միայն մի միջոց կար. պայքարել ժանտախտի դեմ: Այս ճշմարտությունը հիանալի չէր, դա պարզապես հետևություն էր:
Դրա համար էլ ծերուկ Քասթելի համար բնական էր իր ամբողջ հույսն ու ուժը տրամադրել տեղում շիճուկ արտադրելուն՝ պատահական, ձեռքի տակ ունեցած նյութերով: Ռիեն և նա հույս ունեին, որ հենց քաղաքը վարակող բացիլի մշակումով պատրաստված շիճուկը ավելի արդյունավետ կլիներ, քան դրսից եկած շիճուկները, որովհետև բացիլը մի քիչ տարբերվում էր դասականորեն նկարագրված ժանտախտի բացիլից: Քասթելը հույս ուներ իր պատրաստած առաջին շիճուկը ստանալ բավական արագ:
Դրա համար էլ բնական էր, որ հերոսական ոչինչ չունեցող Գրանը կատարեր սանիտարական ջոկատների քարտուղարությունը: Տարրուի կողմից ստեղծված ջոկատների մի մասը զբաղվում էր խիտ բնակեցված թաղամասերը ախտահանելու աշխատանքով: Նրանք փորձում էին այնտեղ հաստատել անհրաժեշտ հիգիենա, մառանների և գետնափորների հաշվարկ, որտեղ ախտահանումը մուտք չէր գործել: Ջոկատների մի ուրիշ խումբ փոխարինում էր հիվանդատուն այցելող բժիշկներին, ապահովում էր վարակվածների փոխադրումը և անձնակազմի բացակայության ժամանակ որպես վարորդ աշխատում էր հիվանդներ կամ մահացածներին փոխադրող մեքենաների վրա: Այդ գործը պահանջում էր վիճակագրական և արձանագրական աշխատանք, որ հանձն էր առել Գրանը:
Այս տեսակետից, Ռիեից կամ Տարրուից ավելի, պատմիչը գնահատում է Գրանին, որ իսկական ներկայացուցիչն էր առաքինի այն մարդկանց, որոնք ոգեշնչում էին սանիտարական ջոկատները: Նա «այո» էր ասել առանց վարանման, բարեհոգությամբ, որ հատուկ էր նրան: Նա պարզապես խնդրել էր փոքր գործերում օգտակար լինել: Ուրիշ գործերի համար նա շատ ծեր էր: Ժամը տասնութից քսանը կարող էր իր ժամանակը տրամադրել: Եվ երբ Ռիեն նրան ջերմորեն շնորհակալություն էր հայտնել, Գրանը զարմացել էր. «– Ամենադժվարը այդ չէ: Գոյություն ունի ժանտախտը, պետք է պաշտպանվել, պարզ է: Ահ, եթե ամեն ինչ այդքան պարզ ու հեշտ լիներ»: Եվ նա վերադարձել էր իր չգրվող նախադասությանը: Երբեմն, երեկոյան, երբ ավարտվում էր գործը, Ռիեն, զրուցում էր Գրանի հետ: Այդ զրույցներին նրանք սկսեցին մասնակից դարձնել նաև Տարրուին, և Գրանը գնալով ավելացող հաճույքով վստահում էր իր երկու ընկերներին: Այս վերջինները հետաքրքրությամբ հետևում էին Գրանի համբերատար աշխատանքին, որ նա շարունակում էր ժանտախտի ընթացքում: Ի վերջո, այդ աշխատանքում նրանք էլ մի տեսակ հանգիստ գտան:
– Ինչպե՞ս է ամազոնուհին,– հաճախ հարցնում էր Տարրուն, իսկ Գրանը մի տեսակ անհասկանալի ժպիտով և անփոփոխ կերպով պատասխանում էր. «Նա դոփում է, դոփում»: Մի երեկո Գրանը ասաց, որ վերջնականապես հանել էր «վայելչագեղ» ածականը իր ամազոնուհուց և այսուհետև նրան «նրբակերտ» էր կոչում: «– Ավելի կոնկրետ է»,– ավելացրել էր նա: Մի ուրիշ անգամ իր երկու ունկնդիրներին առաջին նախադասությունը կարդացել էր այսպես ձևափոխված. «Մայիսյան մի գեղեցիկ առավոտ, մի նրբակերտ ամազոնուհի, մի հրաշալի աշխետ ձի նստած անցնում էր Բուլոնյան անտառի ծաղկած ծառուղիներով»:
– Այդպես չէ՞,– ասաց Գրանը,– նա ավելի լավ է երևում, ես նախնտրեցի «մայիսյան մի առավոտը», որովհետև «մայիս ամիս»-ը մի քիչ դանդաղեցնում էր ձիու քայլքը:
Այնուհետև նա ցույց տվեց, թե որքան շատ էր զբաղվել «հրաշալի» ածականով: Ըստ նրա, այդ ածականը չէր խոսում, և նա փնտրում էր մի ուրիշ արտահայտություն,– հանկարծ, մի անգամից նկատել էր «շքեղաշուք» ձին, ինչպես նա էր պատկերացնում: «Գիրուկը» չէր գնում, կոնկրետ էր, բայց մի փոքր կեղծ: «Փայլուն»-ը նրան մի պահ հրապուրել էր, բայց ռիթմի հետ չէր բռնել: Մի երեկո նա հաղթական հայտարարեց, որ գտել էր. «– մի սև աշխետ ձի»: Սևը, ըստ նրան, թաքուն ցույց էր տալիս վայելչագեղություն:
– Դա անկարելի է,– ասաց Ռիեն:
– Իսկ ինչո՞ւ:
– Աշխետը ցեղի հատկանիշ չէ, այլ գույնի:
– Ի՞նչ գույն:
– Մի գույն, որ սև չէ, բոլոր դեպքերում:
Գրանը շատ ազդված տեսք ուներ:
– Շնորհակալ եմ,– ասաց նա,– բարեբախտաբար դուք այստեղ եք: Բայց հասկանո՞ւմ եք, որքան դժվար գործ է այդ:
– Ի՞նչ կարծիք ունեք «հոյակապ» բառի մասին,– ասաց Տարրուն:
Գրանը նայեց նրան: Նա մտածում էր.
– Այո,– ասաց նա,– այո:
Եվ դանդաղորեն նրա դեմքին ժպիտ էր իջնում:
Մի քանի օր հետո նա խոստովանեց, որ «ծաղկած» բառը նրան շփոթեցնում էր: Քանի որ ինքը Օրանից և Մոնդելիմարից բացի ուրիշ վայր չէր ճանաչում, երբեմն իր բարեկամներից տեղեկություններ էր հարցնում, թե ինչպե՞ս էին ծաղկում Բուլոնյան անտառի ծառուղիները: Ճիշտն ասած Տարրուն և Ռիեն երբեք այն տպավորությունը չունեին, որ այդ ծառուղիները երբևէ «ծաղկած» լինեին, բայց Գրանի վստահությունը իրենց նկատմամբ խախտեց իրենց հիշողության նկատմամբ ունեցած անվստահությունը: Նա զարմանում էր նրանց անվստահության վրա: – Միայն արվեստագետները կարող են դիտարկել: Բայց մի անգամ բժիշկը Նրան գտավ մեծ հուզմունքի մեջ: Նա «ծաղկածը» փոխարինել էր «ծաղիկներով լեցուն»-ով: Նա ձեռքերն էր շփում: «Վերջապես ես տեսնում եմ նրանց, զգում նրանց: Գլխարկները վար, պարոններ»: Նա հաղթական կարդաց նախադասությունը. «Մայիսյան մի գեղեցիկ առավոտ, մի նրբակերտ ամազոնուհի, մի հոյակապ աշխետ ձի նստած անցնում էր Բուլոնյան անտառի ծաղիկներով լեցուն ծառուղիներով»: Բայց երբ բարձրաձայն կարդաց. երեք սեռական հոլովներով ավարտվող նախադասությունը, շատ վատ հնչեց, և Գրանը մի քիչ կակազեց: Նա նստեց ճնշված դեմքով: Հետո բժշկից մեկնելու թույլտվություն խնդրեց: Մտածելու կարիք ուներ:
Այդ ժամանակաշրջանում, դա ավելի ուշ իմացվեց, նա սկսել էր գրասենյակում անուշադրության սխալներ թույլ տալ, որը վատ ընդունվեց, որովհետև քաղաքապետարանը իր պարտականությունը ստիպված էր անել նվազած անձնակազմով: Գրանի բաժինը տուժեց դրանից, և գրասենյակի պետը լրջորեն նկատողություն արեց, ասաց, որ նա վճարվում էր մի աշխատանքի համար, որը չէր կատարում:
«– Լսել եմ,– ասել էր գրասենյակի պետը,– որ դուք կամավոր աշխատանքներ եք կատարում սանիտարական ջոկատներում, աշխատանքից հետո: Դա ինձ չի վերաբերում: Բայց ինձ վերաբերում է ձեր այստեղի աշխատանքը: Եվ այս սարսափելի պայմաններում օգտակար լինելու առաջնային ձևը ձեր պաշտոնական աշխատանքը լավ կատարելն է: Հակառակ դեպքում, մնացածը ոչ մի բանի չի կարող ծառայել»:
– Եվ նա իրավացի է,– ասաց Գրանը Ռիեին:
– Այո, նա իրավացի է,– հաստատեց բժիշկը:
– Բայց ես ցրված եմ և չգիտեմ ինչպես դուրս գալ իմ նախադասության վերջավորությունից:
Նա որոշել էր ջնջել «Բուլոնյան» բառը, մտածելով, որ ամեն մարդ կհասկանար այդ: Բայց այդ ժամանակ նախադասությունը կարծես կապ-վում էր «ծաղիկներ»-ին, որը, իր հերթին, կապվում էր «ծառուղի»-ներին: Նա նկատի էր ունեցել նաև «անտառների ծաղիկներով լեցուն ծառուղիների» հնարավորությունը: Բայց «անտառների» վիճակը մի գոյականի և մի ածականի միջև, որը պայմանականորեն բաժանվում էր, իր մսի մեջ խրված դաշույնի էր նման: Գիշերներ էին լինում, անկեղծ ասած, որ նա ավելի հոգնած տեսք էր ունենում, քան Ռիեն:
Այո, նա հոգնել էր այս որոնումներից, որ նրան ամբողջովին զբաղեցրել էին, բայց նույն ժամանակ չէր դադարում հաշվումներ ու վիճակագրություններ անել, որի կարիքը ունեին սանիտարական միավորումները: Համբերությամբ, ամեն գիշեր նա քարտերն էր կարգավորում, նրանց կողքին կորագծեր էր դնում ու համառորեն աշխատում էր, հնարավորին չափ, վիճակը հստակ ներկայացնել: Հաճախ գնում էր Ռիեի մոտ, հիվանդանոցներից մեկում, նրանից մի սեղան խնդրում որևէ գրասենյակում կամ հիվանդասենյակում: Այնտեղ տեղավորվում էր իր թղթերի հետ, ճիշտ այնպես, ինչպես տեղավորվում էր քաղաքապետարանի իր սեղանի առջև և ախտահանող դեղերով և հիվանդությամբ ծանրացած օդում թափահարում էր իր թղթերը, թանաքը չորացնելու համար: Այդ ժամանակ նա պարկեշտորեն փորձում էր այլևս չմտածել իր ամազոնուհու մասին, և անել այն, ինչ անհրաժեշտ էր: Այո, եթե ճիշտ է, որ մարդիկ կարիք ունեն օրինակների և բնորդների, որոնց հերոսներ են կոչում, և եթե անպայման անհրաժեշտ է, որ որևէ մեկը լինի այս պատմության հերոսը, պատմիչը առաջարկում է այդ աննշան և չերևացող մարդուն, որ սրտում բարություն ուներ և ակնահայտորեն ծիծաղելի մի իդեալ: Այդպիսով նա ճշմարտությանը տված կլիներ ինչ պարտավոր էր, ավելացնելով, որ երկուսին գումարած երկուս հավասար է չորսի, և հերոսությանը՝ երկրորդական դեր: Եվ միայն դրանից հետո, երբեք դրանից առաջ, երջանիկ լինելու ազնիվ պահանջը: Այդպիսով այս ժամանակագրությունը կստանար իր արժանիքը, այսինքն կդառնար բարի զգացմունքներով գրված մի շարադրանք, զգացումներ, որոնք ոչ բացահայտ վատ են, ոչ էլ այնքան հուզումնաթաթախ, ինչպես լինում են որոշ պիեսներ:
Մոտավորապես այդպես էր կարծում բժիշկ Ռիեն, երբ թերթերում կարդում կամ ռադիոյով լսում էր այն կոչերն ու քաջալերանքները, որ արտաքին աշխարհը հասցնում էր ժանտախտահարված քաղաքին: Օդով ու ցամաքով ուղարկված օգնության հետ, ամեն երեկո ռադիոալիքները կամ մամուլը այլևս միայնակ մնացած քաղաքին բերում էին կարեկցական կամ հիացական մեկնաբանություններ: Եվ ամեն անգամ նրանց հերոսապատում շեշտը կամ բարձրաոճ ճառերը բժշկին անհամբեր էին դարձնում: Անշուշտ նա գիտեր, որ այդ ցանկությունները իզուր չէին, բայց այդ կարելի էր արտահայտել նաև սովորական, բնական լեզվով, որով մարդիկ փորձում են արտահայտել այն, ինչ նրանց կապում է մարդկության հետ: Եվ այդ ոճը չէր բռնում Գրանի ամենօրյա ճիգերի հետ, չէր կարող հասկացնել, թե ինչ էր նշանակում Գրանը ժանտախտի ընթացքում:
Կես գիշերին, արդեն ամայի քաղաքի մեծ լռության մեջ, կարճատև քնի համար անկողին մտնելու ժամանակ բժիշկը երբեմն միացնում էր ընդունիչը: Եվ աշխարհի ծայրերից, հազարավոր կիլոմետր հեռվից, անծանոթ ու եղբայրական ձայներ ձախողակ կերպով փորձում էին հայտնել իրենց համերաշխությունը և իսկապես հայտնում էին, միաժամանակ ցույց տալով իրենց սարսափելի անկարողությունը՝ բաժանելու մի վիշտ, որ չէին կարող տեսնել: «Օրա՜ն, Օրա՜ն» կոչը անօգուտ կերպով անցնում էր ծովերի վրայով, իզուր Ռիեն տագնապահար էր լինում, որովհետև շուտով ճարտասանությունը հաղթում էր իսկական զգացմանը և նա ավելի շուտ բաժանումն էր դատապարտում, այսպիսով երկու անծանոթների էին վերածվում Գրանն ու հռետորը: «– Օրա՜ն, մենք քեզ հետ ենք»՝ կանչում էին նրանք հուզված:–«Բայց ոչ սիրելու և մահանալու համար,– մտածում էր բժիշկը,– իսկ դա միակ ճանապարհն է: Նրանք շատ հեռու են»:
* * *
Նախքան պատմելը ժանտախտի գագաթնակետի մասին, երբ պատուհասը իր բոլոր ուժերը հավաքում էր քաղաքի վրա նետվելու և նրան վերջնականապես տիրելու համար, մեզ մնում է վերադառնալ այն վերջին մարդկանց, ինչպես Ռամբերը, որոնք հուսահատ և միապաղաղ ջանքեր էին թափում, որոնք փորձում էին վերագտնել իրենց երջանկությունը, ժանտախտից խլել իրենց այն մասը, որը պաշտպանում էին ամեն մի հարձակման դեմ: Իրենց սպառնացող ստրկությունը մերժելու նրանց ձևը այդ էր, և թեև այդ մերժումը երևութապես նույնքան արդյունավետ չէր, որքան մի ուրիշը, պատմիչի կարծիքը այն է, որ դրանք ունեին իրենց իմաստը և վկայում էին, հակառակ իրենց ունայնության և հակասականության, այն հպարտության մասին, որ կար նրանցից յուրաքանչյուրի մեջ:
Ռամբերը պայքարում էր արգելելու համար, որ ժանտախտը ծածկի իրեն: Համոզվելուց հետո, որ օրինավոր ձևով չի կարող քաղաքից դուրս գալ, որոշել էր, ինչպես ասել էր Ռիեին, փորձել զարտուղին: Լրագրողը սկսեց սրճարանների մատուցողներից: Մատուցողը միշտ էլ ամեն ինչ գիտե: Բայց առաջին մարդիկ, որոնց նա հարցաքննեց, ավելի շատ պատիժներին էին տեղյակ, որոնց դատապարտվում էին նման ձեռնարկումները: Մի անգամ նրան նույնիսկ սադրիչի տեղ դրեցին: Անհրաժեշտ եղավ Քոթարին հանդիպել Ռիեի մոտ, այդ ճանապարհին մի քիչ առաջ գնալու համար: Այդ օրը Ռիեն և ինքը խոսել էին այն ձեռնարկումների մասին, որ լրագրողը կատարել էր վարչական գրասենյակներում: Մի քանի օր հետո Քոթարը Ռամբերին հանդիպեց փողոցում և նրան ընդունեց շատ սիրալիր, ինչպես այժմ վարվում էր իր բոլոր հարաբերություններում:
– Դարձյալ նորություն չկա՞,– հարցրեց Քոթարը:
– Ոչ մի նորություն:
– Գրասենյակների վրա հույս դնել չի լինի: Նրանք մարդկանց հասկանալու համար չեն ստեղծված:
– Ճիշտ է: Ես արդեն ուրիշ բան եմ փնտրում: Բայց դա դժվար է:
– Ա՜,– ասաց Քոթարը,– հասկանում եմ:
Նա մի ուրիշ ելք էլ գիտեր և զարմացած Ռամբերին բացատրեց, որ երկար ժամանակ էր, ինչ այցելում էր Օրանի բոլոր սրճարանները, որտեղ բարեկամներ ուներ և արդեն գիտեր նման գործերով զբաղվող մի կազմակերպության գոյության մասին: Ճշմարտությունն այն էր, որ Քոթարը, որի ծախսերը արդեն եկամուտներից ավելի էին, խառնվել էր նորմավորված մթերքների ապօրինի գործերի: Նա վերավաճառում էր սիգարետներ և վատորակ ալկոհոլ, որոնց գները անընդհատ բարձրանում էին և որից մի փոքր հարստություն գոյացնելու վրա էր:
– Վստա՞հ եք,– հարցրեց Ռամբերը:
– Այո, որովհետև ինձ առաջարկեցին:
– Եվ դուք չօգտվեցի՞ք առիթից:
– Կասկածոտ մի եղեք,– ասաց Քոթարը բարի մարդու տոնով,– չեմ օգտվել, որովհետև գնալու ցանկություն չունեմ: Ես իմ պատճառներն ունեմ:
Մի Փոքր լռելուց հետո շարունակեց.
– Չե՞ք հարցնում, թե որոնք են իմ պատճառները:
– Ենթադրում եմ, որ դրանք ինձ չեն վերաբերում- ասաց Ռամբերը:
– Իսկապես, ինչ որ իմաստով, ձեզ չեն վերաբերում: Բայց մյուս կողմից… վերջապես, ինձ համար միակ պարզ բանն այն է, որ ես ավելի լավ եմ զգում, ինչ ժանտախտն է սկսվել:
Մյուսը լռելուց հետո հարցրեց.
– Ինչպե՞ս կարելի է կապվել այդ կազմակերպության հետ:
– Դա այնքան էլ հեշտ չէ,– ասաց Քոթարը,– եկեք ինձ հետ:
Ցերեկվա ժամը չորսն էր: Ծանր երկնքի տակ քաղաքը դանդաղորեն եփվում էր: Բոլոր խանութները իրենց վարագույրները իջեցրել էին: Ծառուղիները ամայի էին: Քոթարը և Դամբերը անցան կամարակապ փողոցներով և երկար քայլեցին առանց խոսելու: Սա այն ժամերից էր, երբ ժանտախտը անտեսանելի էր դառնում: Այս լռությունը, գույների և շարժումների այս մահացումը կարող էր լինել նաև ամառվա կամ աղետի մահացումը: Հայտնի չէր, օդը ծանր էր սպառնալիքի՞ց, թե փոշուց, կամ շոգից: Պետք էր շուրջը դիտել և մտածել, հասկանալու համար, որ ժանտախտը մոտակայքում էր: Որովհետև այն իրեն մատնում էր միայն բացասական նշաններով: Քոթարը, որ նրա հետ իր հաշիվներն ուներ, Ռամբերին նկատել տվեց շների բացակայությունը, որոնք, բնական ժամանակ, պետք է լինեին տների շեմին, միջանցքներում, հևալով, գոյություն չունեցող մի թարմություն փնտրելիս:
Նրանք քայլեցին արմավենիների ծառուղով, անցան Զենքի հրապարակը և իջան դեպի նավահանգստի թաղամասը: Ձախին կանաչ ներկված մի սրճարան կար, որ իր թեք վարագույրի տակ ծածկում էր կանաչ մեծ նկարներ: Մտնելիս Քոթարը և Դամբերը սրբեցին իրենց ճակատները: Նրանք տեղ գրավեցին այգու ծալովի աթոռների վրա, կանաչ թիթեղով ծածկված սեղանի առջև: Դահլիճը բացարձակապես դատարկ էր: Օդում ճանճեր էին բզզում: Մի կանաչ վանդակի մեջ, որ դրված էր հաշվեսեղանի վրա, կքած դիրքով մի փետրաթափ թութակ էր թառել: Ռազմական տեսարաններ պատկերող հին նկարներ հաստ պարանով կախված էին պատից՝ կեղտով և սարդոստայններով պատված: Թիթեղով ծածկված բոլոր սեղանների վրա, նույնիսկ Ռամբերի դիմացի, չորանում էին հավի ծերտեր, որի աղբյուրը դժվար էր բացատրել, եթե մի մութ անկյունից, թևթափի մի փոքր աղմուկից հետո ցատկոտելով դուրս չգար մի հրաշալի աքլոր:
Այդ պահին թվաց, որ շոգը ավելի սաստկացավ: Քոթարը բաճկոնը հանեց և գցեց թիթեղին, կապույտ խոշոր գոգնոցի մեջ կորած մի թզուկ դուրս եկավ խորքից, Քոթարին տեսնելով՝ հեռվից ողջունեց, ոտքի հարվածով աքլորին քշեց և նրա կռկռոցի մեջ հարցրեց, թե ի՞նչ պետք էր մատուցել պարոններին: Քոթարը սպիտակ գինի խնդրեց և հարցրեց ինչ-որ Գարսիայի մասին: Ըստ թզուկի, մի քանի օր էր, ինչ նա սրճարանում չէր երևացել:
– Կարծում եք, որ նա այս երեկո կգա՞:
– Ի՞նչ ասեմ,– պատասխանեց մյուսը,– ես իր շապկի մեջ չեմ: Դուք իր ժամը գիտե՞ք:
– Գիտեմ, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Ուզում եմ նրան մի բարեկամի հետ ծանոթացնել:
Մատուցողը իր թաց ձեռքերը սրբեց գոգնոցի վրա:
– Ուրեմն պարո՞նն էլ գործ անող է:
– Այո,– ասաց Քոթարը:
Թզուկը իմաստալից ձայն հանեց.
– Այդ դեպքում երեկոյան նորից եկեք: Երեխային կուղարկեմ նրա ետևից:
Դուրս գալու ժամանակ Ռամբերը հարցրեց, թե ի՞նչ գործերի մասին էր խոսքը:
– Մաքսանենգության մասին, բնականաբար: Նրանք քաղաքի դռներով ապրանք են ներս անցկացնում և շատ բարձր գներով վաճառում են:
– Հասկանալի է,– ասաց Դամբերը,– նշանակում է, նրանք կապեր ունեն:
– Անկասկած:
Երեկոյան վարագույրը բարձրացված էր, թութակը վանդակում շատախոսում էր, իսկ թիթեղածածկ սեղանները շրջապատված էին բաճկոնները հանած մարդկանցով: Նրանցից մեկը, հարդե գլխարկը ետ գցած, սպիտակ վերնաշապիկով, որ բաց էր այրված հողի գույն ունեցող փորի վրա, Քոթարի մտնելը տեսնելով, վեր կացավ: Նա ուներ կանոնավոր և արևախանձ դեմք, փոքր ու սև աչքեր, սպիտակ ատամներ, մատին մի քանի մատանի էր կրում և մոտավորապես երեսուն տարեկան կլիներ:
– Ողջույն,– ասաց նա,– հաշվեսեղանի վրա խմենք:
Նրանք լուռ երեք հերթ խմեցին:
– Դուցե դուրս գա՞նք,– ի վերջո ասաց Գարսիան:
Նրանք իջան դեպի նավահանգիստը, և Գարսիան հարցրեց, թե ի՞նչ են ուզում: Քոթարը նրան ասաց, որ իսկապես գործի համար չէր ուզում Ռամբերին նրան ներկայացնել, այլ պարզապես, ինչպես կոչում են, «ելքի» համար: Գարսիան ուղիղ քայլում էր առջևից և ծխում էր: Նա հարցեր տվեց, խոսելիս միշտ «նա» էր ասում Ռամբերի մասին, կարծես նրա ներկայությունը չէր նկատում:
– Ի՞նչ անելու համար:
– Նրա կինը Ֆրանսիայում է:
– Հա՛:
Եվ որոշ ժամանակ հետո.
– Ի՞նչ մասնագիտւթյուն ունի,– հարցրեց:
– Լրագրող է:
– Այդ մասնագիտության մարդիկ շատ են խոսում:
Ռամբերը լռում էր.
– Իմ բարեկամն է,– ասաց Քոթարը:
Նրանք լուռ առաջացան: Հասել էին քարափներին, որի մուտքը արգելված էր երկաթե վանդակներով: Նրանք քայլում էին մի խորտկարանի կողմը, որտեղից տապակած սարդինների հոտը նրանց էր հասնում:
– Բոլոր դեպքերում,– եզրակացրեց Գարսիան,– դա ինձ վերաբերող գործ չէ, այլ Ռաուլին: Պետք է նրան տեսնեմ: Հեշտ չի լինի:
– Նշանակում է,– ասաց Քոթարը կենդանացած,– նա պահվո՞ւմ է:
Գարսիան չպատասխանեց: Խորտկարանի մոտ կանգ առավ և առաջին անգամ շուռ եկավ Ռամբերի կողմը:
– Վաղը չէ մյուս օրը, ժամը տասնմեկին, մաքսավորների զորանոցի մոտ, քաղաքի վերևում:
Նա մեկնելու շարժում արեց, բայց շուռ եկավ դեպի երկուսը:
– Ծախսեր կլինեն,– ասաց նա:
Ասված էր ի միջիայլոց տոնով, իրականությունը հաստատելու համար:
– Անշուշտ, հասկանալի է,– ասաց Ռամբերը:
Մի քիչ հետո լրագրողը շնորհակալություն հայտնեց Քոթարին:
– Կարիք չկա,– ասաց մյուսը ուրախությամբ:– Ինձ հաճույք է պատճառում ձեզ ծառայություն մատուցելը: Եվ հետո, դուք լրագրող եք, օրերից մի օր դուք այն ինձ կվերադարձնեք:
Նշանակված օրը Ռամբերը և Քոթարը մագլցում էին առանց ստվերի մեծ ճանապարհով, որը տանում էր դեպի քաղաքի վերին մասը: Մաքսավորների զորանոցի մի մասը բուժարանի էր վերածված, և մեծ դռան մոտ մարդիկ էին կանգնած, որոնք եկել էին իրենց հիվանդներին այցելելու հույսով, որը չէր թույլատրվում, կամ նրանց մասին նորություններ իմանալու, որը մի ժամից մյուսը կարող էր հնարավոր դառնալ: Բոլոր դեպքերում հավաքվածները ճանապարհի վրա մեծ երթուդարձ էին ստեղծել, և կարելի էր ենթադրել, որ այդ հանգամանքը նկատի էր առնված Գարսիայի և Ռամբերի ժամադրությունը նշանակելիս:
– Հետաքրքրական է մեկնելու ձեր համառությունը,– ասաց Քոթարը,– ի վերջո պատահածը շատ հետաքրքրական է:
– Ոչ ինձ համար,– պատասխանեց Ռամբերը:
– Այո, անշուշտ, ինչ-որ վտանգ կա: Բայց, ի վերջո, նույնքան վտանգ կար ժանտախտից առաջ, շատ հաճախված մի քառուղի անցնելիս:
Այդ պահին նրանց կողքին կանգ առավ Ռիեի մեքենան: Տարրուն էր վարում, իսկ Ռիեն ննջում էր: Նա արթնացավ և ուզեց նրանց ծանոթացնել:
– Մենք իրար ճանաչում ենք,– ասաց Տարրուն,– նույն հյուրանոցում ենք ապրում:
Նա Ռամբերին առաջարկեց քաղաք տանել:
– Ոչ, մենք այստեղ ժամադրություն ունենք:
Ռիեն նայեց Ռամբերին.
– Այո,– ասաց Ռամբերը,– այդ հարցով:
– Օհո՜,– զարմացավ Քոթարը,– բժիշկը հարցին տեղյա՞կ է:
– Ահա և ոստիկանության քննիչը,– զգուշացրեց Տարրուն՝ նայելով Քոթարին:
Վերջինս գույնը փոխեց: Իսկապես պարոն Օթոնը իջնում էր փողոցով և եռանդուն, բայց համաչափ քայլերով նրանց կողմն էր առաջանում: Փոքրիկ խմբի մոտով անցնելիս նա գլխարկը հանեց:
– Բարի օր, պարոն քննիչ,– ասաց Տարրուն:
Քննիչը մեքենայի ներսինների բարևը փոխադարձեց և նայելով Քոթարին ու Ռամբերին, որոնք ետևում էին մնացել, լրջացած գլխով բարևեց նաև նրանց: Տարրուն Քոթարին և լրագրողին ներկայացրեց: Քննիչը մի պահ դիմեց երկուսին և խորունկ շնչելով ասաց, որ շատ տխուր ժամանակաշրջան էր:
– Ինձ ասել են, պարոն Տարրու, որ դուք զբաղվում եք կանխարգելիչ միջոցառումներով: Չեմ կարող ձեր արարքը քաջալերել: Կարծո՞ւմ եք, բժիշկ, որ հիվանդությունը պիտի տարածվի:
Ռիեն ասաց, հուսով է, որ չի տարածվի, և քննիչը կրկնեց, որ պետք է միշտ հույս ունենալ, որովհետև նախախնամության ծրագրերը անմբռնելի են: Տարրուն նրան հարցրեց, թե արդյո՞ք դեպքերը ավելացրել են նրա աշխատանքը:
– Ընդհակառակը, այն գործերը, որ մենք անվանում ենք հանրային իրավունքի պաշտպանություն, պակասում են: Հիմնականում մնացել են վերջին կարգադրությունների խախտումները: Հին օրենքները երբեք այս աստիճսլն չեն հարգվել:
– Նշանակում է,– ասաց Տարրուն,– ստիպողականության տակ նրանք համեմատաբար լավ են թվում:
Դատավորը փոխեց իր երազողի տեսքը, երբ հայացքը կարծես երկնքից էր կախված, և Տարրուին նայեց սառը:
– Դրանից ի՞նչ օգուտ,– ասաց նա,– ոչ թե օրենքն են հաշվի առնում, այլ պատիժը: Մենք ոչինչ անել չենք կարող:
– Այս մեկը,– ասաց Քոթարը դատավորի հեռանալուց հետո,– այս մեկը թիվ մեկ թշնամի է:
Մեքենան շարժվեց և հեռացավ:
Մի քիչ հետո Ռամբերը և Քոթարը տեսան Դարսիայի գալը: Վերջինս առաջացավ նրանց կողմը և առանց որևէ արտաքին նշանի, բարևելու պես ասաց՝ «Պետք է սպասել»:
Նրանց շուրջի բազմությունը, ուր տիրապետողը կանայք էին, սպասում էր կատարյալ լռության մեջ: Գրեթե բոլորը զամբյուղներով էին, որոնք իրենց հիվանդ ազգականներին հասցնելու զուր հույսն ունեին, և ավելի խենթ մի միտք, որ վերջինները կարող էին օգտագործել այդ մթերքները: Հիվանդանոցի դուռը պահպանված էր զինված պաշտոնյաներով, ժամանակ առ ժամանակ զորանոցը դռնից բաժանող բակով մի ճիչ էր անցնում:
Սպասումից ավելի մտահոգ դարձած դեմքերը շուռ էին գալիս դեպի բուժարանը: Երեքով դիտում էին այդ տեսարանը, երբ իրենց ետևից հստակ և լուրջ ձայնով արտասանված մի «բարի օր» նրանց ստիպեց շրջվել: Հակառակ շոգին Ռաուլը հագնված էր շատ կոկ: Խոշորակազմ և ուժեղ, նա հագել էր մուգ գույնի հագուստ, գլխին դրել էր շուռ տրված եզրերով ֆետրե գլխարկ: Աչքերը թուխ, շրթները սեղմված, Ռաուլը խոսում էր արագ և որոշակի.
– Դեպի քաղաք իջեք,– ասաց նա:– Գարսիա, դու կարող ես մեզ թողնել:
Գարսիան մի սիգարետ վառեց և թողեց, որ նրանք հեռանան: Արագ էին քայլում, իրենց ընթացքը հարմարեցնում էին Ռաուլին, որ երկուսի միջև էր տեղավորված:
– Գարսիան ինձ բացատրել է գործը,– ասաց նա,– դա հնարավոր է: Բայց ձեզ վրա կնստի տասը հազար ֆրանկ:
Ռամբերը պատասխանեց, որ ընդունում է:
– Վաղը նավահանգստի ճաշարանում ինձ հետ նախաճաշեցեք:
Ռամբերը ասաց, որ համաձայն է, և Ռաուլը նրա ձեռքը սեղմեց և առաջին անգամ ժպտաց: Նրա մեկնելուց հետո Քոթարը ներողություն խնդրեց և ասաց, որ հաջորդ օրը ազատ չլինելով չէր կարող հետը գալ, բացի այդ, Ռամբերը այլևս իր կարիքը չուներ:
Հաջորդ օրը, երբ լրագրողը մտավ իսպանական ճաշարան, բոլոր գլուխները շուռ եկան նրա կողմը: Այս կիսամութ նկուղը գտնվում էր մի դեղին, նեղ, արևից չորացած փողոցի տակը, որը հիմնականում այցելում էին իսպանական տիպի մարդիկ: Բայց երբ Ռաուլը, որ տեղավորված էր խորքի սեղաններից մեկի մոտ, լրագրողին նշան արեց, և Ռամբերը ուղղվեց նրա կողմը, հետաքրքրությունը անհետացավ դեմքերից, և նրանք վերադարձան իրենց ափսեներին: Ռաուլի սեղանին նստած էր նիհար, խոշոր և վատ սափրված, չափից դուրս լայն ուսերով, ձիու դեմքով և նոսր մազերով մի մարդ: Նրա երկար և նիհար՝ սև մազերով ծածկված թևերը դուրս էին գալիս ծալված թևքերով վերնաշապկի տակից: Նա գլուխը երեք անգամ շարժեց, երբ Ռամբերը նրան ներկայացվեց: Նրա անունը չէր արտասանված. Ռաուլը նրա մասին խոսելիս ասում էր «մեր բարեկամը»:
– Մեր բարեկամը կարծում է, որ հնարավորություն ունի ձեզ օգնելու: Նա պիտի…
Ռաուլը լռեց, որովհետև մատուցողուհին եկել էր Ռամբերի պատվերը ստանալու:
– Նա պիտի ձեզ կապի մեջ դնի մեր երկու բարեկամների հետ, որոնք ձեզ կծանոթացնեն մեզ նվիրված պահակների հետ: Դրանով ամեն ինչ չի ավարտվում: Անհրաժեշտ է, որ պահակները իրենք որոշեն հարմար պահը: Ավելի հեշտ կլիներ, եթե մի քանի գիշեր մնայիք նրանցից մեկի սենյակում, որ բնակվում է դարպասների մոտ: Բայց մինչ այդ մեր բարեկամը ձեզ կտա անհրաժեշտ կապերը: Երբ ամեն ինչ կարգադրվի, նրա հետ ծախսերը կորոշեք:
Բարեկամը մի անգամ էլ շարժեց իր ձիու գլուխը, չդադարելով մանրել-տրորել լոլիկի ու պղպեղի աղանդերը, որը մի կողմից կուլ էր տալիս: Հետո խոսեց իսպանական թեթև շեշտով: Նա Ռամբերին առաջարկեց ժամադրվել մյուս օրը, առավոտյան ժամը ութին, մայր եկեղեցու զավթում:
– Եվս երկու օր,– նկատեց Ռամբերը:
– Հեշտ գործ չէ,– ասաց Ռաուլը,– պետք է մարդկանց գտնել:
Մեր ձի բարեկամը գլխի շարժումով հաստատեց այդ խոսքերը, և Ռամբերը համաձայնվեց առանց ոգևորության: Նախաճաշի մնացած ժամանակը անցավ զրույցի թեմայի փնտրտուքով: Բայց ամեն ինչ հեշտացավ, երբ Ռամբերը գլխի ընկավ, որ Ձին ֆուտբոլիստ էր եղել: Ինքն էլ երկար ժամանակ զբաղվել էր սպորտի այդ ձևով: ձետևաբար խոսեցին Ֆրանսիայի առաջնության, անգլիական պրոֆեսիոնալ թիմերի արժեքի և դուբլվե տակտիկական ձևի մասին: Նախաճաշի վերջում Ձին ամբողջովին ոգևորված էր և Ռամբերի հետ երկրորդ դեմքով էր խոսում և աշխատում էր համոզել, որ թիմում ավելի լավ տեղ չկա, քան կիսապաշտպանը:
«– Հասկանո՞ւմ ես,– ասում էր նա,– կիսապաշտպանը նա է, ով խաղը ղեկավարում է: Եվ խաղը ղեկավարելն է ֆուտբոլը…» Ռամբերը նույն կարծիքին էր, թեև միշտ կենտրոնական հարձակվող էր եղել: Վեճը ընդհատվեց ռադիոյի ցածր ձայնով, որ հուզումնալից մի մեղեդի սուլելուց հետո հայտարարեց, նախորդ օրը ժանտախտը հարյուր երեսունյոթ զոհ էր ունեցել: Ներկաներից ոչ ոք շարժում չարեց: Ձիու գլխով մարդը ուսերը բարձրացրեց և վեր կացավ: Ռաուլն ու Ռամբերը հետևեցին նրան:
Մեկնելիս կիսապաշտպանը ուժեղ սեղմեց Ռամբերի ձեռքը.
– Իմ անունը Գոնզալես է,– ասաց նա:
Ռամբերին այդ երկու օրը անվերջանւպի թվաց: Նա գնաց Ռիեի մոտ ու նրան մանրամասն պատմեց իր ձեռնարկումները: Հետո բժշկին ուղեկցեց նրա հիվանդայցերից մեկի ժամանակ և ցտեսություն ասաց մի տան դռան մոտ, որտեղ կասկածելի մի հիվանդ սպասում էր բժշկին: Միջանցքում լսվեց վազելու ոտնաձայն, ընտանիքին լուր էին տալիս բժշկի գալստյան մասին:
– Հույս ունեմ, որ Տարրուն չի ուշանա,– փսփսաց Ռիեն:
Նա հոգնած տեսք ուներ:
– Համաճարակը շատ արա՞գ է տարածվում,– հարցրեց Ռամբերը: Ռիեն ասաց, որ հարցը դա չէր, նույնիսկ վիճակագրության կորագիծը այժմ ավելի դանդաղ էր բարձրանում: Պարզապես ժանտախտի դեմ պայքարելու միջոցները բավական քիչ էին:
– Դեղամիջոցների պակաս ունենք,– ասաց նա:– Աշխարհի բոլոր բանակներում զենքի պակասը լրացնում են մարդկանցով, բայց մենք մարդու պակաս էլ ունենք:
– Դրսից բժիշկներ և բուժաշխատողներ են եկել:
– Այո,– ասաց Ռիեն: Տասը բժիշկ և մի հարյուրակ մարդիկ: երևութապես դա շատ է, բայց հազիվ կարող է բավարարել հիվանդության այժմյան վիճակին: Դա անբավարար կլինի, եթե հիվանդությունը ավելի տարածվի:
Ռիեն ականջ դրեց ներսի ձայներին, հետո ժպտաց Ռամբերին:
– Այո,– ասաց նա,– դուք պետք է շտապեք:
Ռամբերի դեմքի վրայով մի ստվեր անցավ:
– Դուք գիտեք, որ հիվանդությունից վախենալուց չէ, որ ուզում եմ մեկնել,– ասաց նա:
Ռիեն պատասխանեց, որ նա այդ գիտե, բայց Ռամբերը շարունակեց.
– Ես կարծում եմ, որ ընդհանրապես վախկոտ չեմ: Առիթ ունեցել եմ այդ ապացուցելու: Միայն կան գաղափարներ, որոնք պաշտպանել չեմ կարող:
Բժիշկը ուղիղ նայեց նրա դեմքին:
– Դուք նրան նորից կգտնեք,– ասաց նա:
– Դուցե, բայց չեմ կարող տանել այն միտքը, որ այս պատմությունը կարող է երկար տևել, և նա այդ ժամանակամիջոցին կծերանա: Երեսուն տարեկանին մարդիկ սկսում են ծերանալ և պետք է ժամանակին օգտվել: Չգիտեմ, կարո՞ղ եք ինձ հասկանալ:
Ռիեն ցածր ասաց, որ թվում է՝ հասկանում է նրան, այդ ժամանակ եկավ շատ հուզված Տարրուն:
– Քիչ առաջ հայր Պանլուին խնդրեցի միանալ մեզ:
– Եվ ի՞նչ,– հարցրեց բժիշկը:
– Նա մտածեց և «Այո» պատասխանեց:
– Դրա համար գոհ եմ,– ասաց բժիշկը:– Գոհ եմ, որ նա ավելի լավն է, քան երբ քարոզ էր կարդում:
– Ամեն մարդ այդպես է,– ասաց Տարրուն,– պետք է պարզապես մարդկանց հնարավորություն տալ:
Նա ժպտաց, և Ռիեն աչքով արեց:
– Իմ գործը կյանքում մարդկանց առիթներ ընծայելն է:
– Ներեցեք,– ասաց Ռամբերը,– ես պետք է գնամ:
Ժամադրության հինգշաբթին Ռամբերը գնաց մայր եկեղեցու գավիթը ժամը ութից հինգ րոպե առաջ: Օդը դեռևս բավականին թարմ էր: Երկնքում փոքր, սպիտակ, բայց կլոր ամպեր էին սահելով առաջանում, որը շուտով կուլ էր գնալու բարձրացող շոգին: Խոնավության անորոշ հոտի ալիք էր բարձրանում արդեն իսկ չորացած խոտից: Արևը, արևելյան կողմի տների ետևից, միայն Ժաննա Դ՚Արքի ամբողջովին ոսկեզօծ սաղավարտն էր տաքացնում ու լցվում էր հրապարակը: Մի ժամացույց ութը խփեց: Ռամբերը ամայի զավթում մի քանի քայլ արեց: Անորոշ սաղմոսերգեր էին նրան հասնում ներսից՝ նկուղների և խունկի հին բույրով: Երգերը հանկարծ դադարեցին: Տասնյակ փոքրիկ սև կերպարանքներ դուրս եկան եկեղեցուց և սկսեցին մանր քայլերով ոստոստել դեպի քաղաք: Ռամբերը սկսեց անհամբեր դառնալ: Ուրիշ սև կերպարանքներ մեծ սանդուղքներից բարձրանում էին և դեպի գավիթ էին ուղղվում: Նա մի սիգարետ վառեց և մտածեց, որ գուցե այդ վայրում ծխել չէր թույլատրվում:
Ժամը ութն անց տասնհինգին մայր եկեղեցու երգեհոնները սկսեցին մեղմ նվագել: Ռամբերը մտավ մութ կամարի տակ: Մի վայրկյան հետո նա սկսեց եկեղեցու մեջ տեսնել փոքրիկ սև կերպարանքները, որոնք անցել էին իր առջևից: Նրանք բոլորը հավաքվել էին մի անկյունում, մի տեսակ հանպատրաստից խորանի առջև, ուր վերջերս տեղավորել էին մեր քաղաքի արհեստանոցներից մեկում շտապ կերպով սարքված սուրբ Ռոշի արձանը: Ծնկի եկած, իրենց գորշ հագուստի մեջ կորած, նրանք ավելի կծկված էին թվում, կարծես ստվերի կտորներ լինեին, որ լողում էին մառախուղի մեջ: Նրանց գլխավերևում երգեհոնները անվերջանւպի վարիացիաներ էին նվագում:
Երբ Ռամբերը դուրս եկավ, Գոնզալեսը արդեն սանդուղքներից իջնում էր և դեպի քաղաք էր ուղղվում:
– Կարծեցի մեկնել ես,– ասաց նա լրագրողին,– և դա բնական կլիներ: Նա բացատրեց, որ բարեկամների է սպասել մի ուրիշ ժամադրավայրում, այստեղից ոչ շատ հեռու, ժամը ութից տասը պակաս: Բայց քսան րոպե նրանց զուր սպասել էր:
– Մի արգելող հանգամանք կա, անկասկած: Մեր կատարած աշխատանքում միշտ ուզածդ չի լինում:
Հաջորդ օրվա համար նա մի ուրիշ ժամադրություն առաջարկեց, նույն ժամին, պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ: Ռամբերը խորունկ շնչեց և գլխարկը դեպի ետ տարավ:
– Մի հուսահատվիր,– եզրակացրեց Գոնզալեսը ծիծաղելով:– Մտածիր բոլոր կոմբինացիաների, հարձակումների և փոխանցումների մասին, որ անում ենք, մինչև մի գնդակ խփելը:
– Հասկանալի է,– ասաց Ռամբերը,– բայց ամբողջ խաղը ժամուկես է միայն տևում:
Օրանի՝ պատերազմում զոհվածների հուշարձանը գտնվում էր այն միակ տեղում, որտեղից կարելի էր ծովը նշմարել, մի տեսակ երկարուկ զբոսավայր, ոչ շատ հեռու այն խարակներից, որոնք իշխում են նավահանգստի վրա: Հաջորդ օրը Ռամբերը առաջինը ժամադրության վայրում ուշադրությամբ կարդում էր պատվո դաշտում մահացածների ցուցակը: Մի քանի րոպե հետո երկու մարդիկ մոտեցան, նրան նայեցին անտարբերությամբ, հետո գնացին հենվելու զբոսավայրի երկաթին և ամբողջովին տարված էին թվում դատարկ և ամայի քարափները դիտելով: Նրանք երկուսն էլ նույն հասակն ունեին, երկուսն էլ հագել էին կապույտ տաբատ և ծովայինի կարճ թևքերով վերնաշապիկ: Լրագրողը մի քիչ հեռացավ, հետո նստեց մի նստարանի և ձանձրույթից սկսեց դիտել նրանց: Այդ ժամանակ նա նկատեց, որ նրանք քսան տարեկանից ավելի չէին լինի: Նույն պահին նա տեսավ Գոնզալեսին, որ դեպի իր կողմն էր քայլում ներողություն խնդրելով:
– Ահա և մեր բարեկամները,– ասաց նա և Ռամբերին տարավ երկու երիտասարդների մոտ, որոնց ներկայացրեց Մարսել և Լուի անուններով: Նրանք իրար շատ նման էին, և Ռամբերը մտածեց, որ նրանք եղբայրներ պետք է լինեն:
– Ահա, այժմ որ ծանոթացել եք,– ասաց Գոնզալեսը,– պետք է գործը դասավորել:
Մարսելը կամ Լուին ասաց, որ պահակության իրենց հերթը սկսվելու էր երկու օրից, պիտի տևեր մի շաբաթ, և պետք էր ընտրել ամենահարմար օրը: Նրանք չորս հոգով էին պահպանում արևմտյան դուռը, մյուս երկուսը պրոֆեսիոնալ զինվորականներ էին: Նրանց գործի մեջ ներգրավվելու հարց չէր կարող լինել: Նրանց վրա վստահություն չունեին, և, մանավանդ, դա կավելացներ ծախսերը: Բայց որոշ գիշերներ, երկու պաշտոնակիցները իրենց գիշերվա մի մասը անցկացնելու համար գնում էին իրենց ծանոթի մոտակա բարի ետևի սրահը: Մարսելը կամ Լուին առաջարկում էին Ռամբերին տեղավորվել իրենց մոտ, դռների մոտակայքում, որ հարմար պահին նրան կանչեն: Անցումը այդ ժամանակ շատ հեշտ կլիներ: Բայց պետք էր շտապել, որովհետև վերջերս խոսում են քաղաքից դուրս կրկնակի պահակակետեր հաստատելու մասին:
Ռամբերը համաձայնեց և նրանց սիգարետներ առաջարկեց: Երկուսից նա, որ դեռևս չէր խոսել, այդ ժամանակ Գոնզւսլեսին հարցրեց, արդյո՞ք ծախսերի հարցը լուծված է, և թե կանխավճար չէի՞ն կարող ստանալ:
– Ոչ,– ասաց Գոնզալեսը,– կարիք չկա, ընկեր տղա է: Ծախսերը կկարգավորվեն մեկնելու ժամանակ:
Նրանք պայմանավորվեցին մի ուրիշ ժամադրության համար: Գոնզալեսը առաջարկեց ընթրել իսպանական ճաշարանում՝ երկու օր հետո: Այնտեղից կարելի էր ուղիղ գնալ պահակների բնակարանը:
– Առաջին գիշերը,– ասաց նա Ռամբերին,– ես քեզ հետ կլինեմ:
Հաջորդ օրը, սենյակ բարձրանալիս, Ռամբերը հյուրանոցի սանդուղքների վրա հանդիպեց Տարրուին:
– Գնում եմ Ռիեի մոտ,– ասաց վերջինը,– ուզո՞ւմ եք հետս գալ:
– Երբեք վստահ չեմ, որ նրան չեմ խանգարում,– ասաց Ռամբերը վարանելուց հետո:
– Չեմ կարծում, որ խանգարեք, նա ձեր մասին ինձ հետ շատ է խոսել:
Լրագրողը մտածում էր.
– Լսեցեք,– ասաց նա,– եթե ընթրիքից հետո մի րոպե ազատ լինեք, նույնիսկ ուշ ժամին, երկուսով եկեք հյուրանոցի բարը:
– Դա կախված կլինի բժշկից և ժանտախտից,– ասաց Տարրուն:
Սակայն ժամը տասնմեկին Ռիեն և Տարրուն մտան փոքր ու նեղ բարը: Երեսունի չափ մարդիկ, սեղմ նստած, խոսում էին բարձրաձայն: ժանտախտով վարակված քաղաքի լռությունից գալով՝ նրանք կանգ առան մի փոքր զարմացած: Նրանք այդ ոգևորությունը հասկացան, տեսնելով, որ ալկոհոլ են մատուցում: Ռամբերը հաշվեսեղանի ծայրին էր և աթոռակի բարձունքից նրանց նշան էր անում: Տարրուն հանգիստ շարժումով մի կողմ հրեց աղմկոտ մի հարևանի և նրանք շրջապատեցին լրագրողին:
– Ալկոհոլը ձեզ չի՞ վախեցնում:
– Ոչ,– պատասխանեց Տարրուն,– ընդհակառակը:
Ռիեն շնչեց իր բաժակից եկող դառը բույրը և դեմքը ծամածռեց: Տիրող իրարանցման մեջ դժվար էր խոսել, իսկ Ռամբերը կարծես ավելի շատ խմելով էր տարված: Բժիշկը չէր կարողանում որոշել, թե նա հարբա՞ծ էր: Երկու սեղաններից մեկի վրա, որ նեղ սրահի կեսն էր բռնել ծովային մի սպա, յուրաքանչյուր թևով մի կին գրկած, մի խոշոր կարմրադեմ մարդու պատմում էր Կահիրեում բռնկված մի տիֆի համաճարակի մասին. «– Բանակատեղիներ,– ասում էր նա,– բնիկների համար բանակատեղիներ էին կառուցել, հիվադների համար հատուկ վրաններով, իսկ շուրջը՝ պահակների մի շղթա, որոնք կրակում էին ընտանիքի անդամների վրա, երբ նրանք փորձում էին խաբելով դեղորայք բերել: Խիստ էր, բայց ճիշտ էր»: Մյուս սեղանը զբաղեցված էր լավ հագնված երիտասարդներով, որոնց զրույցը անհասկանալի էր «սուրբ Ջեյմսի հիվանդանոցը» եղանակի տակտի տակ, որը հորդում էր բարձր դրված մի նվագարկիչով:
– Գո՞հ ես,– ասաց Ռիեն ձայնը բարձրացնելով:
– Մոտենում է,– պատասխանեց Ռամբերը,– գուցե շաբաթվա մեջ:
– Ափսոս,– բղավեց Տարրուն:
– Ինչո՞ւ:
Տարրուն նայեց Ռիեին:
– Ոչինչ,– ասաց բժիշկը,– Տարրուն այդ ասում է, որովհետև մտածում է, որ դու այստեղ կարող էիր մեզ օգտակար լինել: Բայց ես շատ լավ եմ հասկանում մեկնելու ձեր ցանկությունը:
Տարրուն մի-մի բաժակ էլ հյուրասիրեց: Ռամբերը իջավ աթոռակից և առաջին անգամ լինելով ուղիղ նայեց նրա դեմքին.
– Ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել:
– Պարզ է,– ասաց Տարրուն՝ առանց շտապելու ձեռքը բաժակին մեկնելով,– մեր սանիտարական ջոկատներում:
Ռամբերը ընդունեց համառելու արտահայտություն, որը սովորական էր նրա համար և նորից իր աթոռակին բարձրացավ:
– Այդ ջոկատները ձեզ օգտակար չե՞ն թվում,– ասաց Տարրուն, որ արդեն խմել էր և ուշադիր նայում էր Ռամբերին:
– Շատ օգտակար են,– ասաց լրագրողը և խմեց:
Ռիեն նկատեց, որ նրա ձեռքերը դողում էին: Նա որոշեց, որ վստահաբար Ռամբերը հարբած էր:
Հաջորդ օրը, լրագրողը երկրորդ անգամ լինելով մտավ իսպանական ճաշարան, անցավ մի փոքր խմբի միջով, որ դռան մոտի աթոռներից էին վեր կացել ու վայելում էին կանաչ և ոսկեգույն գիշերը, որտեղ շոգը սկսել էր մեղմանալ: Թունդ ծխախոտ էին ծխում: Ներսում ճաշարանը համարյա դատարկ էր: Ռամբերը գնաց ու նստեց խորքի սեղանին, որտեղ առաջին անգամ հանդիպել էր Գոնզալեսին: Մատուցողուհուն ասաց, որ սպասելու էր: Ժամը յոթն անց էր երեսուն րոպե: Քիչ առ քիչ մարդիկ ճաշարան մտան և տեղավորվեցին: Սկսեցին նրանց մատուցել, և ցածր կամարների տակ սրահը լցվեց ամանների աղմուկով և զրույցի սուր ձայներով: Ժամը ութին Ռամբերը շարունակում էր սպասել: Լույսերը վառեցին: Նոր հաճախորդները տեղավորվեցին նրա սեղանին: Նա ընթրիք պատվիրեց: Ժամը ութ անց կեսին նա արդեն ավարտել էր առանց Գոնզալեսին կամ այդ երկու երիտասարդներին տեսնելու: Նա ծխեց: Սրահը դանդաղորեն սկսեց դատարկվել: Դրսում արագ մթնում էր: Մի խոնավ շունչ, որ ծովից էր գալիս, մեղմորեն բարձրացնում էր դուռ-լուսամուտների վարագույրները: Երբ ժամը ինը դարձավ, Ռամբերը նկատեց, որ սրահը արդեն դատարկ էր ևմատուցողուհին զարմացած իրեն էր դիտում: Վճարեց և դուրս եկավ: Ճաշարանի դիմաց մի սրճարան բաց էր: Ռամբերը տեղավորվեց հաշվեսեղանի դիմաց և սկսեց հսկել ճաշարանի մուտքը: Ժամը ինն անց կեսին նա ուղղվեց դեպի հյուրանոց, անօգուտ տեղը մտածելով, թե ինչպես պիտի գտներ Գոնզալեսին, որի հասցեն չուներ: Նա հուսահատ էր այն բոլոր դիմումների համար, որ պետք էր վերսկսել:
Եվ, այն պահին, երբ շտապօգնության մեքենաները փախչելով անցնում էին, անդրադարձավ, հետագայում այդ մասին պատմեց բժիշկ Ռիեին, որ մինչ զբաղված էր պատերի մեջ դուրս գալու մի ծակ գտնելու փնտրտուքով, որը նրան բաժանում էր կնոջից, նա կնոջը մոռացել էր: Իսկ հենց այդ պահին, երբ բոլոր ճանապարհները մի անգամ ևս խցանվեցին, նորից կնոջը գտավ իր ցանկությունների կենտրոնում, ցավի այնպիսի հանկարծակի պայթյունով, որ սկսեց վազել դեպի իր հյուրանոցը, որպեսզի փախչեր այդ տանջալի այրվածքից, որը սակայն տանում էր իր հետ և որից այտերն այրվում էին:
Հաջորդ օրը սակայն նա շատ կանուխ եկավ Ռիեի մոտ, նրան հարցնելու, թե ինչպե՞ս գտնի Քոթարին:
– Ինձ մնում է ամեն ինչ նորից սկսել,– ասաց նա:
– Արի վաղը երեկոյան,– ասաց Ռիեն,– Տարրուն ինձ խնդրել է Քոթարին հրավիրել, չգիտեմ ինչու: Նա պետք է գա ժամը տասին: Դուք տասն անց կեսին եկեք:
Երբ հաջորդ օրը Քոթարը եկավ բժշկի մոտ, Տարրուն և Ռիեն խոսում էին մի անսպասելի բուժման մասին, որ տեղի էր ունեցել վերջինի ծառայության ընթացքում:
– Տասի դեմ մեկ փրկվելու հույս ուներ,– ասաց Տարրուն:
– Դե լավ,– ասաց Քոթարը,– հավանաբար ժանտախտ չի եղել:
Նրան վստահեցրին, որ իսկապես այդ հիվանդությունն էր:
– Հնարավոր չէ, քանի որ բուժվել է: Դուք ինձնից լավ գիտեք, որ ժանտախտը չի ներում:
– Ընդհանրապես, ոչ,– ասաց Ռիեն,– բայց մի քիչ համառելով, անակնկալներ լինում են:
Քոթարը ծիծաղում էր:
– Հավանական չի թվում: Երեկոյան թվերը լսե՞լ եք:
Տարրուն, որ նրան դիտում էր բարեհոգությամբ, ասաց, որ թվերը գիտեր, գիտեր դրության ծանր լինելը, բայց այդ ամենը ի՞նչ էր ապացուցում: Ապացուցում էր, որ ավելի բացառիկ միջոցառումներ են անհրաժեշտ:
– Եվ դուք դրանք արդեն ձեռնարկե՞լ եք:
– Այո, բայց անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ իր կողմից միջոցառումներ ձեռնարկի:
Քոթարը նայում էր Տարրուին առանց հասկանալու, իսկ մյուսը շարունակում էր ասել, որ շատ մարդիկ անգործունյա են մնում, որ համաճարակը յուրաքանչյուրի գործն էր և ամեն մարդ պարտավոր է իր պարտականությունը կատարել: Կամավորական ջոկատները բոլորի համար բաց էին:
– Դա գաղափար է,– ասաց Քոթարը,– բայց ոչնչի ծառայել չի կարող: Ժանտախտը շատ ուժեղ է:
– Մենք դրանում կհամոզվենք ամեն ինչ փորձելուց հետո,– ասաց Տարրուն: Նա աշխատում էր համբերությամբ խոսել:
Այդ ժամանակաընթացքում Ռիեն իր սեղանի առջև նստած զեկուցագրերն էր արտագրում: Տարրուն դիտում էր փոքր առևտրականին, որ աթոռի վրա անհանգիստ շարժվում էր:
– Ինչո՞ւ դուք մեզ հետ չեք գալիս, պարոն Քոթար:
Մյուսը վեր կացավ վիրավորված տեսքով, կլոր գլխարկը վերցրեց.
– Դա իմ մասնագիտությունը չէ,– պատասխանեց:
Հետո քաջի հովերով շարունակեց.
– Բացի այդ, ես ինձ լավ եմ զգում ժանտախտի ժամանակ և չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է այն դադարացնելու գործին խառնվեմ:
Տարրուն խփեց ճակատին, կարծես լուսավորված լիներ հանկարծակի ճշմարտությամբ:
– Այո, ճիշտ եք ասում, մոռացել էի, եթե հիվանդությունը չլիներ, դուք ձերբակալված կլինեիք:
Քոթարը տեղից վեր թռավ և աթոռից բռնվեց, կարծես քիչ էր մնում ցած ընկներ: Ռիեն դադարել էր գրելուց և նրան էր նայում լուրջ և հետաքրքրված հայացքով:
– Ո՞վ է դա ձեզ ասել,– գոռաց փոքրիկ եկամտատերը:
Տարրուն անակնկալի եկավ և պատասխանեց.
– Դուք եք ասել: Կամ առնվազն ինձ ու բժշկին թվաց, որ այդպես հասկացանք:
Մինչ Քոթարը բարկությունից անհասկանալի խոսքեր էր թոթովում, Տարրուն շարունակեց.
– Մի նյարդայնացեք, ոչ բժիշկը, ոչ էլ ես քեզ չենք մատնի: Քո պատմությունը մեզ չի վերաբերում: Եվ հետո, ոստիկանությանը մենք երբեք չենք սիրել: Վերջ տվեք և նստեցեք:
Քոթարը նայեց իր աթոռին և վարանելով նստեց: Մի վայրկյան հետո նա հառաչեց:
– Դա շատ հին մի պատմություն է,– խոստովանեց նա,– որ նորից լույս աշխարհ են հանել: Մոռացված էի կարծում: Բայց կա մեկը, որ այդ մասին խոսել է: Նրանք ինձ կանչեցին և ասացին, որ իրենց տրամադրության տակ լինեմ մինչև հարցաքննության ավարտը: Հասկացա, որ ի վերջո ինձ ձերբակալելու են:
– Լո՞ւրջ բան է,– հարցրեց Տարրուն:
– Նայած, թե ինչ եք հասկանում դրանով: Սպանություն չէ:
– Բանտարկություն կամ պարտադիր աշխատա՞նք կտան:
Քոթարը շատ ընկճված տեսք ուներ:
– Բանտարկություն, եթե բախտս բերի:
Քիչ հետո նա բուռն վերսկսեց.
– Դա մի սխալ էր: Ամեն մարդ սխալ է գործում: Եվ ես չեմ կարող տանել այն միտքը, որ դրա համար կարող են ինձ տանել, բաժանել իմ տնից, սովորույթներից, բոլոր նրանցից՝ ում ճանաչում եմ:
– Ուրեմն դրա համար էր,– հարցրեց Տարրուն,– որ դուք ունեցաք ձեզ կախելու այդ փայլուն միտքը:
– Այո, բայց, անշուշտ, հիմարություն էր:
Մինչ այդ լուռ մնացած Ռիեն վերջապես խոսեց և Քոթարին ասաց, որ հասկանում էր նրա մտահոգությունը, բայց հույս ուներ, որ գուցե ամեն ինչ կարգավորվեր:
– Էհ, առայժմ գիտեմ, որ վախենալու ոչինչ չունեմ:
– Հասկանալի է,– ասաց Տարրուն,– դուք մեր ջոկատները չեք մտնի:
Մյուսը, որ գլխարկը ձեռքերի մեջ պտտացնում էր, անորոշ հայացքով նայեց Տարրուին.
– Ինձնից պետք չէ նեղանալ:
– Անշուշտ ոչ: Բայց առնվազն փորձեցեք կամավոր կերպով բացիլը չտարածել,– ասաց Տարրուն ժպտալով:
Քոթարը բողոքեց, որ ինքը ժանտախտ չէր ցանկացել, որ այն եկել էր ինքն իրեն և ինքը մեղավոր չէր, եթե այն ժամանակավորապես կարգավորում էր իր գործերը: Երբ Ռամբերը հասավ դռան մոտ, Քոթարը խոսում էր ձայնի մեծ եռանդով.
– Բացի այդ, կարծում եմ, որ դուք ոչ մի արդյունքի չեք հասնի:
Պարզվեց, որ Քոթարը Գոնզալեսի հասցեն չգիտեր, բայց որ միշտ կարող էին նորից գնալ փոքր սրճարանը: Հաջորդ օրվա համար ժամադրվեցին: Ռիեն ցանկություն հայտնեց տեղյակ լինել գործերի ընթացքին: Ռամբերը նրան Տարրուի հետ հրավիրեց իր սենյակը՝ շաբաթվա վերջին, գիշերվա որևէ ժամի:
Առավոտյան Քոթարը և Ռամբերը գնացին փոքր սրճարանը և Գարսիային ժամադրեցին երեկոյան, կամ, զբաղված լինելու դեպքում, մյուս առավոտյան: Երեկոյան իզուր սպասեցին նրան: Հաջորդ օրը Գարսիան այդտեղ էր: Նա լուռ լսեց Ռամբերի պատմությունը: Տեղյակ չէր, բայց գիտեր, որ քսանչորս ժամով փակել էին որոշ թաղամասեր, բնակարային ստուգումներ անցկացնելու համար: Հավանական էր, որ երկու երիտասարդներն ու Գոնզալեսը չէին կարողացել արգելքները հաղթահարել: Նա միայն կարող էր նորից Ռաուլի հետ կապի մեջ դնել: Իսկ դա, բնականաբար, երկու օրից շուտ լինել չէր կարող:
– Հասկանում եմ,– ասաց Ռամբերը,– ամեն ինչ պետք է վերսկսել:
Երկու օր հետո, մի փողոցի անկյունում, Ռաուլը հաստատեց Գարսիսսյի ենթադրությունը: Ներքևի թաղամասերը փակվել էին: Պետք էր Գոնզալեսի հետ կապ հաստատել: Երկու օր հետո Ռամբերը նախաճաշում էր ֆուտբոլիստի հետ:
– Հիմարություն էր,– ասաց մյուսը,– իրար գտնելու ինչ-որ ձև պետք է պայմանավորված լինեինք:
Ռամբերը նույն կարծիքին էր:
– Վաղն առավոտ կգնանք փոքրիկների մոտ, կփորձենք ամեն ինչ կարգավորել:
Հաջորդ օրը փոքրիկները տանը չէին: Նրանց մի երկտող թողեցին, ժամադրվելով մյուս օրվա կեսօրին, լիցեի հրապարակում: Եվ Ռամբերը տուն վերադարձավ այնպիսի արտահայտությամբ, որ Տարրուի ուշադրությունը գրավեց, երբ կեսօրից հետո հանդիպեց նրան:
– Գործերը լավ չե՞ն,– հարցրեց Տարրուն:
– Կարծես ամեն ինչ սկզբից պետք է սկսել,– պատասխանեց Ռամբերը:
Եվ իր հրավերը վերանորոգեց:
– Այս երեկո եկեք:
Երեկոյան, երբ երկուսով մտան Ռամբերի սենյակը, նա մեկնվել պառկել էր: Վեր կացավ, նախօրոք պատրաստած բաժակները լցրեց: Ռիեն իր բաժակը վերցնելով հարցրեց, թե ապահո՞վ էր ճանապարհը: Լրագրողը պատմեց, որ նորից մի ամբողջական շրջապտույտ անելուց հետո հասել էր նույն տեղին և շուտով վերջին ժամադրությունն էր ունենալու: Նա խմեց և ավելացրեց.
– Եվ, բնականաբար, նրանք ժամադրության չեն գալու:
– Պետք չէ այդպես մտածել, քանի որ վերջին անգամ չեն եկել:
– Դուք դեռ չեք հասկացել,– պատասխանեց Ռամբերը՝ ուսերը բարձ-րացնելով:
– Ի՞նչը:
– Ժանտախտը:
– Թողեք այդ թեման,– ասաց Ռիեն:
– Ոչ, դուք չեք հասկացել, որ դա սկսվում է նույն բանը նորից, նորից ու նորից վերսկսելով:
Ռամբերը սենյակի անկյունից մի նվագարկիչ հանեց:
– Դա ի՞նչ սկավառակ է,– հարցրեց Տարրուն,– ես այն լսել եմ:
Ռամբերը պատասխանեց, որ «Սուրբ Ջեյմսի հիվադանոցն» է:
Նվագի կեսին նրանք հեռվից երկու կրակոց լսեցին:
– Մի շուն է, կամ փախուստի փորձ,– ասաց Տարրուն:
Սկավառակը ավարտվեց, և շտապօգնության ավտոմեքենայի շչակը հստակացավ, մեծացավ, անցնելով հյուրանոց սենյակի լուսամատի տակով, հետո նվազեց և ի վերջո մյսրեց:
– Այս սկավառակը բավականին ձանձրալի է,– ասաց Ռամբերը,– բայց արդեն տասներորդ անգամն եմ լսում այսօր:
– Այդքան սիրո՞ւմ եք:
– Ոչ, դա միակ ունեցածս է:
Մի պահ հետո շարունակեց.
– Ես ձեզ ասում եմ, նույն բանը պետք է նորից ու նորից վերսկսել:
Նա հարցրեց Ռիեին, թե ինչպես էին ընթանում ջոկատների գործերը: Արդեն հինգ խումբ կար: Հույս ունեին նորերը կազմակերպել: Լրագրողը նստել էր մահճակալին և կարծես եղունգներով էր զբաղված: Ռիեն քննում էր նրա կարճ և ուժեղ կազմվածքը, որ անկողնի եզրին կուչ էր եկել:
Բժիշկը հանկարծ նկատեց, որ Ռամբերը նայում էր իրեն:
– Գիտե՞ք ինչ, բժիշկ,– ասաց նա,– ես երկար մտածեցի ձեր կազմակերպության մասին: Եթե ձեզ հետ չեմ, իմ պատճառներն ունեմ: Ես այնքան էլ իմ կաշվիս վրա չեմ դողում: Ես Իսպանիայում կռվել եմ:
– Ո՞ր կողմում,– հարցրեց Տարրուն:
– Պարտվածների կողմում: Բայց դրանից հետո մի քիչ մտածել եմ:
– Ինչի՞ մասին,– ասաց Տարրուն:
– Քաջության մասին: Այժմ գիտեմ, որ մարդը ընդունակ է մեծ գործերի: Բայց եթե ընդունակ չէ մեծ զգացումի, ինձ չի հետաքրքրում:
– Մարդը հավանաբար ամեն ինչի ընդունակ է,– ասաց Տարրուն:
– Ոչ, նա ընդունակ չէ տառապելու, կամ երկար ժամանակ երջանիկ լինելու: Հետևաբար նա ընդունակ չէ որևէ բանի, որ արժեքավոր է:
Ռամբերը դիտում էր նրանց, հետո հարցրեց.
– Ասացեք, Տարրու, դուք ընդունա՞կ եք սիրո համար մեռնելու:
– Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ ոչ, այժմ ընդունակ չեմ:
– Ահավասիկ: Բայց դուք ընդունակ եք մեռնելու գաղափարի համար, դա պարզ աչքով տեսանելի է: Իսկ ես շատ մարդկանց գիտեմ, որ մահանում են գաղափարի համար: Ես հերոսության չեմ հավատում, գիտեմ, որ դա հեշտ է, և գիտեմ, որ մահացու է: Ուզում եմ, որ մարդիկ ապրեն ու մեռնեն իրենց սիրո համար:
Ռիեն լրագրողին լսել էր ուշադիր: Չդադարելով նրան դիտելուց, նա մեղմ ասաց.
– Մարդը գաղափար չէ, Ռամբեր:
Մյուս անկողնից վեր թռավ դեմքը կրքից հրդեհված:
– Նա գաղափար է դառնում, մի փոքր գաղափար այն պահից, երբ հեռանում է սիրուց: Եվ մենք ընդունակ չենք սիրո: Հրաժարվենք խոսքերից և փաստերը ընդունենք, բժիշկ: Սպասենք այն դառնալ, իսկ եթե իրապես անկարելի է, սպասենք ընդհանուր փրկությանը, առանց հերոս խաղալու: Ես ավելի հեռուն չեմ գնա:
Ռիեն վեր կացավ հանկարծակի հոգնած տեսքով:
– Դուք իրավացի եք, Ռամբեր, լրիվ իրավացի, և աշխարհում ոչ մի գնով չեմ ցանկանա կանգնեցնել ձեզ, ինչ ուզում եք անել, որն ինձ թվում է ճիշտ և լավ: Սակայն ձեզ պետք է ասեմ, որ այս ամենի մեջ հերոսություն չկա: Խոսքը ազնվության մասին է: Սա մի խոսք է, որ կարող է ծիծաղելի թվալ, բայց ժանտախտի դեմ պայքարելու միակ ձևը պարկեշտությունն է:
– Իսկ ի՞նչ է պարկեշտությունը,– հարցրեց Ռամբերը հանկարծակի լուրջ տեսքով:
– Ընդհանրապես չգիտեմ, թե ինչ է, բայց իմ պարագային գիտեմ, որ դա կազմված է իմ արհեստը կիրառելուց:
– Ահ,– ասաց Ռամբերը բարկությամբ,– իսկ ես չգիտեմ, թե որն է իմ արհեստը: Դուցե սխալվում եմ սերը ընտրելով:
Ռիեն նրան նայեց ուղիղ.
– Ոչ,– ասաց նա ուժով,– դուք չեք սխալվում:
Ռամբերը մտահոգ նայում էր նրանց:
– Դուք երկուսդ, ինձ թվում է, այս գործում կորցնելու ոչինչ չունեք: Ձեզ համար հեշտ է լավ կողմում լինելը:
Ռիեն դատարկեց իր բաժակը:
– Գնանք,– ասաց նա,– անելիք շատ գործեր կան: Նա դուրս եկավ։
Տարրուն հետևեց նրան, բայց դուրս գալու պահին կարծես միտքը փոխեց, վերադարձավ լրագրողի մոտ և ասաց նրան.
– Գիտե՞ք, որ Ռիեի կինը գտնվում է այստեղից մի քանի հարյուր կլիոմետր հեռու մի առողջարանում:
Ռամբերը զարմացական շարժում արեց, բայց Տարրուն արդեն մեկնել էր:
Հաջորդ օրը, շատ կանուխ, Ռամբերը զանգահարեց բժշկին.
– Կընդունե՞ք, որ ձեզ հետ աշխատեմ մինչև քաղաքից մեկնելու միջոցը գտնելս:
Գծի մյուս ծայրին լռություն տիրեց, հետո բժիշկը ասաց.
– Այո, Ռամբեր, ես քեզնից շնորհակալ եմ:
III
Այսպես, ամբողջ շաբաթներ ժանտախտի բանտարկյալները պայքարեցին, ինչպես կարողացան: Նրանցից մի քանիսը, օրինակ Ռամբերը, նույնիսկ երևակայում էին, ինչպես տեսնում ենք, որ իբր գործում են ազատ մարդու նման, որ դեռևս կարող են ընտրություն անել: Բայց իրականում, օգոստոսի կեսին արդեն կարելի էր ասել, որ ժանտախտը ծածկել էր ամեն ինչ: Այլևս չկային անհատ ճակատագրեր, այլ կար մի կոլեկտիվ պատմություն, որ ժանտախտն էր, և զգացումներ կային, որ բոլորն էին բաժանում: Այդ զգացումներից ամենամեծը բաժանման և աքսորի զգացողությունն էր, որ բովանդակում էր ամեն ինչ, և՛ վախը, և՛ ապստամբությունը: Ահա թե ինչու պատմիչը հավատում է, որ շոգի և հիվանդության այս գագաթնակետին նպատակահարմար է մեր ապրող համաքաղաքացիների գործած բռնությունները, մահացածների թաղումն ու բաժանված սիրահարների տառապանքները նկարագրել ընդհանուր ձևով:
Այդ տարվա կեսին քամի բարձրացավ և ժանտախտված քաղաքում փչեց բազմաթիվ օրեր: Օրանի բնակիչները հատուկ վախ ունեն քամու նկատմամբ, որովհետև քաղաքը կառուցված է դաշտի վրա, և քամին բնական ոչ մի արգելքի չհանդիպելով՝ ամբողջ ուժգնությամբ խուժում է փողոցները: Այդ երկար ամիսներից հետո, երբ ոչ մի կաթիլ ջուր չէր թարմացրել գորշ փոշով ծածկված քաղաքը, քամու շնչի տակ փոշին օդ բարձրացավ: Փոշու և թղթերի ալիքները սակավաթիվ դարձած զբոսնողների ծնկներն էին ծեծում: Մարդիկ փախչում էին փողոցներով դեպի առաջ հակված՝ թաշկինակը կամ ձեռքը բերանին դրած: Երեկոները, փոխանակ հավաքավայրերում նստելու, որտեղ մինչ այդ փորձում էին հնարավորին չափ երկարաձգել օրերը, որոնցից յուրաքանչյուրը կարող էր վերջինը լինել, կարելի էր տեսնել տուն կամ հարմարավետ մի սրճարան շտապող մարդկանց փոքր խմբեր: Մթնշաղին, որ այդ ժամանակաշրջանում շատ արագ էր վրա հասնում, փողոցները արդեն ամայի էին դառնում, միայն քամին էր այնտեղ իր տրտունջը սփռում: Ալեկոծ և միշտ անտեսանելի ծովից մամուռի և աղի հոտ էր փչում: Փոշուց սպիտակած, ծովային հոտերով հագեցած, քամու սուլոցին արձագանքող այս քաղաքը դժբախտ կղզու նման ողբում էր:
Մինչ այդ ժանտախտը ավելի շատ հաղթանակներ էր տարել ծայրամասային՝ ավելի խիտ բնակեցված և ավելի քիչ հարմարություններ ունեցող թաղամասերում, քան քաղաքի կենտրոնում: Բայց հանկարծ կարծես մոտեցավ և բնակություն հաստատեց նաև գործարար թաղամասերում: Այդ շրջանների բնակիչները մեղադրում էին քամուն, որ փոխադրում էր վարակի սերմերը: «– Հաշիվները խառնում է»,– ասում էր հյուրանոցի տնօրենը: Ինչ էլ լիներ սակայն, կենտրոնի թաղամասերը, լսելով հաճախակի դարձող շտապօգնության մեքենաների ազդանշանները, հասկանում էին, որ իրենց հերթն էր եկել, շտապօգնության մեքենաները նրանց լուսամուտների տակ հնչեցնում էին ժանտախտի տխուր ու անկիրք կոչը:
Իշխանությունները մտածեցին առանձնացնել քաղաքի որոշակիորեն վարակված մի քանի թաղամասեր և այդտեղից դուրս գալու թույլտվություն տալ միայն այն տղամարդկանց, որոնց աշխատանքները անհրաժեշտ էին: Այնտեղ ապրող մարդիկ սկսեցին մտածել, որ այդ միջոցառումը հատկապես իրենց դեմ է ուղղված և հակառակության զգացումով սկսեցին նախանձել մյուս թաղամասերի բնակիչներին, որպես ազատ մարդկանց: Իսկ այս վերջինները, իրենց ծանր պահերին, մխիթարվում էին, որ ուրիշներ ավելի քիչ ազատություն ունեին, քան իրենք: «– Ինձնից ավելի բանտարկյալը կա» մտածողությունը միակ հնարավոր հույսը ամփոփող նախադասությունն էր:
Համարյա այդ ժամանակաշրջանում, մանավանդ քաղաքի արևմտյան դռների մոտ գտնվող հաճույքի թաղամասերում, տեղի ունեցան հրդեհի բռնկումներ: Ստուգումները պարզեցին, որ հրդեհի պատճառները կարանտինից փախած, սուգից ու դժբախտությունից խեթացած մարդիկ էին, որոնք կրակի էին տալիս իրենց տներն այն խաբուսիկ հույսով, որ դրանով, իբր, սպանում էին նաև ժանտախտը: Մեծ դժվարությամբ հնարավոր եղավ պայքարել այդ երևույթների դեմ, որոնց հաճախականությունը ամբողջ թաղամասեր մշտական վտանգի տակ էր դնում ուժեղ քամիների պատճառով: Իզուր բացատրելուց հետո, որ տներում կատարված ախտահանումը բավական էր բացառելու համար վարակի ամեն վտանգ, անհրաժեշտ եղավ, որ իշխանությունները շատ խիստ պատիժներ սահմանեն այս անմեղ հրձիգների դեմ: Եվ անշուշտ բանտարկվելու սպառնալիքը չէր, որ այդ դժբախտներին ստիպեց նահանջել, այլ բնակիչների այն ընդհանուր համոզվածությունը, որ բանտարկությունը հավասար էր մահապատժի, որովհետև մահացության տոկոսը շատ բաձր էր քաղապետարանի բանտում: Հասկանալի է, որ այդ համոզումը անհիմն չէր: Հասկանալի պատճառներով ժանտախտը հատկապես կատաղի էր դառնում մանավանդ այն մարդկանց նկատմամբ, որոնք խմբերով էին ապրում, զինվորներ, կղերականներ կամ բանտարկյալներ: Որովհետև, հակառակ մի քանի ձերբակալվածների առանձնացած խուցերին, բանտը մի հավաքականություն է: Մեր քաղաքապետարանային բանտում պահակները, բանտարկյալների նման, իրենց տուրքն էին տալիս հիվանդության: Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն:
Իշխանությունները իզուր փորձեցին այս հավասարեցման մեջ աստիճանավորում մտցնել և շքանշաններ տալ այն բանտապահներին, որոնք մահանում էին պարտականությունը կատարելու ժամանակ: Քանի որ պաշարման վիճակ էր հայտարարված, և որոշ տեսանկյունից նայելով բանտապահներին կարելի էր զորակոչվածներ համարել, նրանց ետմահու զինվորական շքանշան տվեցին: Սակայն նկատի ունենալով, որ բանտարկյալները ոչ մի բողոքի առիթ չէին տվել, զինվորական շրջանակները իշխանությունների այդ որոշումը ճիշտ չհամարեցին և իրավացիորեն նկատել տվեցին, որ դրանից ժողովրդի մտքում կարող էր խառնաշփոթ առաջանալ: Զինվորականների պահանջը իրավացի համարվեց և որոշվեց մահացող բանտապահներին համաճարակի մեդալներ տալ: Բայց առաջին մահացողների համար սխալն արդեն կատարվել էր և շքանշանը ետ վերցնելու մասին արդեն անկարելի էր մտածել, սակայն զինվորական շրջանակները շարունակում էին իրենց կարծիքին մնալ: Մյուս կողմից, համաճարակի մեդալը այն անպատեհությունն ուներ, որ բարոյական նույն ազդեցությունը չէր գործում, ինչ զինվորական շքանշանը, որովհետև համաճարակի ժամանակ նման մեդալ ստանալը ամենահասարակ բանն էր թվում: Այսպիսով, ամեն մարդ դժգոհ մնաց:
Ավելին, պատժական իշխանությունը չէր կարող գործել ինչպես կրոնական իշխանությունները, կամ, նվազագույն չափով իսկ, ինչպես զինվորականը: Քաղաքի երկու վանքերի վանականները ժամանակավորապես ցրված էին հավատացյալ ընտանիքների մոտ: Նմանապես, ամեն անգամ, երբ հնարավոր էր, զորանոցներից հանվում էին փոքր գումարտակներ և պահակախումբ կազմում դպրոցներում կամ հասարակական շենքերում: Այսպիսով, հիվանդությունը, որ երևութապես բնակիչներին պարտագրել էր պաշարվածների համերաշխություն, միևնույն ժամանակ խորտակում էր ընդունված ընկերակցությունները և անհատներին դեպի մենակություն էր ուղարկում: Սրանից էլ ստեղծվում էր մի ուրիշ խառնաշփոթ:
Կարելի է հեշտությամբ մտածել, որ բոլոր այս պարագաները, գումարած քամին, հրդեհեցին որոշ մտքեր: Քաղաքի դռները գիշերով նորից բազմաթիվ հարձակումների ենթարկվեցին, այս անգամ արդեն փոքր զինված խմբերի կողմից: Փոխհրաձգություններ տեղի ունեցան, եղան վիրավորներ և մի քանի փախուստներ: Պահակային կետերը ամրապնդվեցին, և փախուստի փորձերը բավականին արագությամբ դադարեցին: Սակայն նրանք բավական եղան, որ քաղաքում բարձրանար ապստամբության շունչը, որը առիթ տվեց մի քանի բուռն տեսարանների: Այրված կամ սանիտարական նկատառումներով փակված տներ թալանվեցին: Ճիշտն ասած, դժվար է ենթադրել, որ այս գործողությունները կանխամտածված էին: Ընդհանրապես հանկարծակի հնարավորությունը մինչ այդ պատվավոր մարդկանց մղում է սարսափելի գործողությունների, որը, իր հերթին, անմիջապես ընդօրինակվում է: Այսպիսով, գտնվեցին մարդիկ, որոնք նետվում էին դեռևս այրվող տները, նույնիսկ տանտիրոջ ներկայությամբ, որ վշտից ապուշ էր կտրել: Նրա անտարբերությունից քաջալերված, առաջինների օրինակին հետևում էին բազմաթիվ այլ հանդիսատեսներ, և այդ խավար փողոցում, հրդեհի լույսի տակ երևում էին դեպի ամեն ուղղությամբ փախչող, մեռնող կրակների և իրենց ուսերի վրա կրած առարկաների կամ կահույքի պատճառով ձևափոխված ստվերներ: Այս պատահարներն էին, որ իշխանություններին ստիպեցին ժանտախտի վիճակը փոխել պաշարման վիճակի և ի գործ դնել դրանից բխող օրենքները: Գնդակահարեցին երկու գողի, բայց կասկածելի է, թե դա ազեցություն գործած լինի ուրիշների վրա, որովհետև, այդքան մահերի մեջ այդ երկու վճիռների ի կատար ածումը անտեսանելի անցավ: Դա մի կաթիլ ջուր էր ծովում: Դրա համար էլ նման տեսարանները վերսկսեցին հաճախակի դառնալ և իշխանությունները միջամտելու փորձ չարեցին: Միակ միջոցառումը, որ բոլոր բնակիչների վրա ազդեց, կրակամարի հաստատումն էր: Ժամը տասնմեկից ամբողջովին խավարի մեջ թաղված քաղաքը կարծես քարանում էր:
Լուսնի լույսով ողողված երկնքի տակ քաղաքը լարում էր իր սպիտակին տվող պատերն ու ուղղաձիգ փողոցները, որոնք երբեք չէին բծավորվում ծառերի սև զանգվածով, ոչ էլ խանգարվում էին որևէ անցորդի ոտնաձայնով, կամ շան հաչոցով: Մեծ և լուռ քաղաքը այդ ժամանակ դառնում էր անկյանք քառակուսիների մի հավաքածու, որոնց միջև մոռացված բարեգործների կամ հին ու բրոնզի մեջ առհավետ հանգած մարդկանց լռակյաց պատկերները, որոնք մենակ նստում էին իրենց քարե կամ երկաթե աղավաղված դեմքերով, հիշեցնում էին, թե անցյալում ինչ էր եղել այդ պաշտոնազուրկ մարդը: Այս միջակ կուռքերը իշխում էին ծանր երկնքի տակ, փողոցների անկյանք անկյուններում, անզգա ու տձև, բավականին լավ պատկերացում տալով անշարժության կամ նրա վերջնական իշխանության՝ գերեզմանատան մասին, ուր մտել էինք մենք, ուր ժանտախտը, քարը և խավարը լռեցրել էին վերջնականապես ամեն ձայն:
* * *
Բայց խավարը իշխում էր նաև բոլոր սրտերի վրա, և թաղումների մասին պատմվող առասպելանման ճշմարտությունները չէին կարող վստահություն ներշնչել մեր համաքաղաքացիներին: Իսկապես պետք է խոսել թաղումների մասին, և պատմիչը դրա համար ներողություն է խնդրում: Նա շատ լավ է զգում այն մեղադրանքը, որ այդ հարցում կարող են նրան ներկայացնել, բայց նրա միակ արդարացումն այն է, որ ամբողջ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած թաղումներին ինչպես ինքն էր ինչ-որ ձևով ստիպված մասնակցել, այնպես էլ նրա բոլոր համաքաղաքացիներն էին զբաղվել թաղումներով: Բոլոր դեպքերում նա այդ ամենը չի նկարագրում նրա համար, որ նրան այդ արարողությունները դուր էին գալիս, ընդհակառակը, ինքը գերադասում էր ապրողների ընկերակցությունը և դրա ապացույցը տալու համար պիտի նախընտրեր ծովային լոգանքները: Բայց ծովային լոգանքները ընդհանրապես վերացվել էին, և ապրողների հասարակայնությունը օրվա ընթացքում վախենում էր, որ պարտավոր էր տեղի տալ մեռածների հասարակայնության առջև: Այդ էր ճշմարտությունը: Հասկանալի է, որ միշտ հնարավոր է աչքերը փակել ու չտեսնել ճշմարտությունը, մերժել այն: ճշարտությունը սարսափելի ուժ ունի, որ ի վերջո հաղթում է ամեն ինչ: Սակայն ինչպե՞ս, օրինակ, չընդունել թաղումները, անտեսել այն օրը, երբ քո սիրած մարդկանցից մեկը պետք է թաղվի:
Սկզբնական շրջանում մեր արարողությունների ամենահատկանշանական մասը նրանց արագությունն էր: Բոլոր ձևականությունները պարզեցվել էին, և թաղման շքեղությունը ընդհանրապես վերացված էր: Հիվանդները մահանում էին իրենց ընտանիքներից հեռու, և ծիսական արարողությունները արգելված էին. երեկոյան մահացածը գիշերը անցկացնում էր մենակ, իսկ ով ցերեկն էր մահանում, թաղվում էր անհապաղ: Հասկանալի է, ընտանիքը տեղյակ էր պահվում, բայց ընդհանուր առմամբ ոչ ոք չէր կարող ներկա գտնվել, որովհետև, եթե ապրել էր հիվանդի մոտ, իր հերթին կարանտինի մեջ էր գտնվում: Այն դեպքում, եթե ազգականը չէր ապրել հանգուցյալի հետ, թաղմանը ներկայանում էր նշված ժամին, այսինքն գերեզմանոց տանելու ժամին, երբ մարմինը արդեն լվացված և դագաղի մեջ դրված էր լինում:
Ենթադրենք, որ այդ արարողությունը կատարվում է այն օժանդակ հիվանդանոցում, որի պատասխանատուն բժիշկ Ռիեն էր: Գլխավոր շենքի ետևում դպրոցը մի ելք ուներ: Միջանցքի վրա բացվող մի մեծ պահեստում դագաղներն էին: Նույն այդ միջանցքում էլ ընտանիքը գտնում էր արդեն փակված մի դագաղ: Անմիջապես անցնում էին ավելի կարևորին, այսինքն ընտանիքի ավագին ստորագրել էին տալիս ինչ-որ թղթեր: Այնուհետև մարմինը դնում էին մեքենայի մեջ, որ կարող էր լինել իսկական դիակառք կամ հարմարեցված շտապօգնության մեքենա: Ազգականները նստում էին դեռևս թույլատրված տաքսիներից մեկը, և մեքենաները ծայրամասային փողոցներով մեծ արագությամբ սլանում էին գերեզմանոց: Քաղաքի դռանը ժանդարմները կանգնեցնում էին քարավանը, պաշտոնական անցաթղթերը կնքում, առանց որի անհնար էր ունենալ այն, ինչ մեր քաղաքացիները կոչում էին վերջին հանգրվանը, մի կողմ էին քաշվում, և մեքենաները գնում էին կանգնելու մի հողակույտի մոտ, ուր բազմաթիվ փոսեր լցվելու էին սպասում: Մի կրոնավոր ընդունում էր մարմինը, եկեղեցում կատարվող թաղման արարողությունները վերացված էին: Դագաղը հանում էին աղոթքների տակ, պարանով կապում, քաշում ու սահեցնում էին փոսի մեջ, և երբ հասնում էր հատակին, կրոնավորը շարժում էր օրհնած ջրով ամանը, և առաջին բուռ հողը արդեն թափվում էր դագաղի կափարիչի վրա: Շտապօգնության մեքենան արդեն գնացած էր լինում ախտահանման, և մինչ բահերը զնգում էին ավելի ու ավելի խուլ ձայնով, ազգականները լցվում էին տաքսի: Քառորդ ժամ հետո ընտանիքն արդեն տանն էր լինում:
Այսպես, ամեն ինչ անցնում էր իսկապես առավելագույն արագությամբ և նվազագույն վտանգով: Եվ անկասկած, մանավանդ սկբնական շրջանում, ընտանիքի բնական զգացումները դրանից վիրավորվում էին: Բայց ժանտախտի ժամանակ նման հանգամանքներ հաշվի առնել հնարավոր չէ. ամեն ինչ զոհվում է արդյունավետությանը: Մյուս կողմից, եթե սկզբում բնակչության բարոյական հասկացությունները վիրավորվում էին այս ձևերից, որովհետև պատվավոր կերպով թաղվելու ցանկությունը ավելի էր տարածված, որոշ ժամանակ անց, բարեբախտաբար, պարենավորման հարցը դժվարացավ և բնակչության ուշադրությունը ուղղվեց դեպի ավելի անմիջական մտահոգությունները: Զբաղված լինելով հերթի կանգնել, դիմումներ կատարել և ձևակերպություններ լրացնել, եթե ուզում էին ուտել, մարդիկ արդեն ժամանակ չունեին մտածելու այն մասին, թե ինչպես էին մահանում իրենց շուրջը, և մի օր էլ իրենք են մահանալու: Այսպես, նյութական այդ դժվարությունները, որոնք կարծես չարիք պետք է դառնային, հետագայում դուրս եկան բարիք: Եվ ամեն ինչ դեպի լավը կգնար, եթե համաճարակը չտարածվեր, ինչպես հետագայում կտեսնենք:
Մինչ այդ դագաղները սկսեցին պակասել, կտավը պակասեց, գերեզմանոցում տեղը պակասեց: Պետք եղավ նոր բան ձեռնարկել: Ամենապարզ և միշտ ամենաօգտավետ լինելու մտահոգություններով ստիպված եղան խմբավորել արարողությունները և անհրաժեշտության դեպքում բազմապատկել հիվանդանոցի և գերեզմանոցի միջե եղած երթերը: Ռիեի հիվանդանոցը ուներ հինգ դագաղ, երբ դրանք լցվում էին, շտապօգնության մեքենան նրանց տանում էր: Գերեզմանոցում դագաղները դատարկվում էին, ժանգոտ-երկաթագույն մարմինները փոխադրվում էին պատգարակների վրա և դրվում այդ նպատակով կառուցված հատուկ սրահում: Դագաղները հիվանդանոց դառնալուց հետո ախտահանող մի լուծույթով լվացվում էին, և գործողությունը վերսկսվում էր այնքան անգամ, որքան անհրաժեշտ էր լինում: Հետևաբար գործը շատ լավ էր կազմակերպված, և պրեֆեկտը դրանից գոհ էր: Նա նույնիսկ Ռիեին ասաց, որ դա ի վերջո ավելի լավ էր, քան սևամորթների վարած պարզունակ դիակառքերը, ինչպիսիք օգտագործվում էին ժանտախտների ժամանակ, ըստ հին ժամանակագիրների նկարագրությունների:
– Այո,– պատասխանեց Ռիեն,– նույն թաղումն է, բայց մենք նաև արձանագրում ենք: Առաջխաղացքը անվիճելի է:
Հակառակ այս համակարգի հաջողություններին, որոնք գործնականում ապացուցվում էին, վերջին արարողությունների մեջ այնպիսի մի տհաճ բան կար, որ իշխանությանը ստիպեց հարազատներին հեռացնել դրանցից: Նրանց թույլատրվում էր գալ մինչև գերեզմանոցի դուռը, և այդ էլ պաշտոնական չէր: Ինչ վերաբերում էր վերջին արարողությանը, գործերը մի քիչ փոխվել էին: Գերեզմանոցի ծայրին, մամոնի ծառով շրջապատված մի լերկ տարածությունում երկու հսկա փոսեր էին փորել տղամարդկանց և կանանց համար: Ադմինիստրացիան այդ տեսակետից դեռևս հարգում էր որոշ հանգամանքներ, և միայն ավելի ուշ, ստիպողականության տակ, այդ վերջին ամոթխածությունն էլ չքացավ, և սկսեցին թաղել տղամարդ ու կին խառնիխուռն, մեկը մյուսի վրա, առանց պարկեշտության մասին մտահոգվելու: Բարեբախտաբար այդ ծայրահեղ խառնաշփոթը պատուհասի վերջին պահին էր: Մեր նկարագրած ժամանակաշրջանում փոսերի բաժանումը դեռևս գոյություն ուներ, և քաղաքային իշխանությունը խստորեն հետևում էր դրա պահպանմանը: Յուրաքանչյուր փոսի խորքում ծխացող և եռացող կիր էր լցված: Փոսերի եզրերին մի կույտ կիր պայթում էր բաց օդում: Երբ շտապօգնության մեքենան տեղ էր հասնում, իրար ետևից բերում էին պատգարակները, համարյա մերկ, թեթևորեն գալարված մարմինները մեկը մյուսի ետևից սահեցնում էին փոսերի խորքը և որոշ բարձրությամբ ծածկում էին կրով, որպեսզի հետագա հյուրերի համար տեղ խնայվեր: Հաջորդ օրը ազգականներին հրավիրում էին ինչ-որ արձանագրություն ստորագրելու, որտեղ նշանակված էին լինում հնարավոր տարբերություններ, մարդկանց և, օրինակ, շների միջև: Մարդկանց մահերը վերահսկողության տակ էին:
Բոլոր այս գործողությունների համար անձնակազմի կարիք կար, և միշտ պակասելու վտանգի տակ էին գտնվում: Բուժաշխատողներից և գերեզմանափորներից շատերը, սկզբում պաշտոնական, իսկ հետագայում պատահական մարդիկ, մահացան ժանտախտից: Որքան էլ կանխարգելող միջոցառումներ էին ձեռք առնվում, վարակը թափանցում էր: Սակայն հակառակ այդ փաստերին, ամենազարմանալին այն էր, որ այդ աշխատանքը կատարող մարդիկ, համաճարակի ամբողջ ընթացքում, չպակասեցին: Ամենատագնապալից ժամանակաշրջանը ժանտախտի գագաթնակետին հասնելուց անմիջապես առաջ էր, և բժիշկ Ռիեի մտահոգությունները հիմնավորված էին: Ոչ կադրային, ոչ էլ սև աշխատանքների համար, ինչպես նա էր անվանում, աշխատողները բավարար չէին: Բայց այն պահից, ինչ ժանտախտը իրապես տեր դարձավ ամբողջ քաղաքին, շատ հասկանալի է, ծայրահեղ հետևանքներ ունեցավ, որովհետև կազմալուծեց ամբողջ տնտեսական կյանքը և այդպիսով մեջտեղ բերեց գործազուրկների մի նկատելի թիվ: Ընդհանրապես մասնագետների կարիք չէր զգացվում, սակայն ցածր որակի աշխատանքներ հեշտությամբ էին ճարվում: Այդ պահից թշվառությունը սկսեց ավելի ուժեղ ազդեցություն գործել, քան վախը, քանի որ աշխատանքի վարձատրությունը հարաբերական էր վտանգի հետ: Առողջապահական սպասարկությունները դիմումների մի ցուցակ ունեին, և անմիջապես, երբ ազատ տեղ էր բացվում, կանչում էին ցուցակի առաջիններին, որոնք, եթե մինչ այդ վերջնական արձակուրդի չէին գնացել, անմիջապես ներկայանում էին: Դրա համար էլ պրեֆեկտը, որ երկար ժամանակ տատանվել էր ժամանակավոր կամ ցմահ բանտարկության դատապարտվածներին նման աշխատանքում օգտագործելուց, կարողացավ հրաժարվել ծայրահեղությունից: Քանի դեռ գործազուրկներ կային, կարելի էր սպասել, նա այդ կարծիքին էր:
Այսպես թե այնպես, մինչև օգոստոս ամսվա վերջը, հնարավոր եղավ մեր համաքաղաքացիներին առաջնորդել իրենց վերջին հանգրվանը եթե ոչ պատշաճ, առնվազն բավարար ձևով, որպեսզի իշխանությունը կարողանար ասել, որ հանգիստ խղճով էր կատարում իր պարտականությունը: Սակայն անհրաժեշտ է դեպքերից մի քիչ առաջ անցնել, հաղորդելու համար վերջին հնարանքները, որոնց անհրաժեշտ եղավ դիմել: Օգոստոսին ժանտախտը հասավ մի աստիճանի, երբ նրա զոհերի կուտակումը գերազանցեց մեր փոքրիկ գերեզմանոցի հնարավորությունները: Ցանկապատի մի մասի քանդելը և մեռելների համար մոտակա մի փոքրիկ հողամաս բացելը հարցը չլուծեց, շուտով անհրաժեշտ եղավ մի ուրիշ բան գտնել: Նախ մտածեցին թաղել գիշերները, որ թույլ էր տալիս շատ ավելի կարճ ձևականություններ: Ավելի և ավելի շատ մարմիններ կարելի էր դնել շտապօգնության մեքենաների մեջ: Եվ ուշացած անցորդները, որոնք հակառակ բոլոր արգելքներին՝ դեռևս գտնվում էին ծայրամասային թաղամասերում պարետային ժամից հետո (և կամ նրանք, որոնք ի պաշտոնե այդտեղ էին գալիս), երբեմն հանդիպում էին շտապօգնության սպիտակ մեքենաներին, որոնք ամբողջ արագությամբ սլանում էին, իրենց անիվների տակ արձագանքել տալով լուռ փողոցները: Մարմինները արագ գցվում էին փոսերի մեջ: Նրանք չէին հասնում հատակը, երբ կրի գունդերը փշրվում էին նրանց դեմքերի վրա և հողը ծածկում էր նրանց այն փոսերի մեջ, որոնք գնալով ավելի խորունկ էին փորում:
Մի փոքր ավելի ուշ, սակայն, իշխանությունները ստիպվեցին այլ տեղ փնտրել և ավելի լայն տարածություն զբաղեցնել: Պրեֆեկտորատի մի հրաման մշտնջենական ձևով տրված հողերը խլեց բնակիչներից և գերեզմաններից առաջնորդեց դեպի դիակիզարան: Շուտով անհրաժեշտ եղավ ժանտախտից մահացածներին էլ հրկիզման առաջնորդել: Ստիպված եղան օգտագործել դիակիզարանի հին կրակարանը, որ գտնվում էր քաղաքի արևելքում, դռներից դուրս: Պահակակետերը տարան ավելի հեռու, իսկ քաղաքապետարանի մի պաշտոնյա շատ հեշտացրեց իշխանությունների պարտականությունը, խորհուրդ տալով օգտագործել այն տրամվայները, որոնք ժամանակին երթևեկում էին նավահանգստի մոտով, իսկ այժմ անգործ էին մնացել: Այդ նպատակի համար վերակահավորեցին տրամվայների ներսը, նստարանները հանեցին, իսկ գիծը հասցրին մինչև դիակիզարանի կրակարանը, որտեղ և ավարտվում էր այն:
Եվ ամբողջ ամառ, ինչպես նաև աշնանային անձրևների ժամանակ կարելի էր տեսնել առափնյա պողոտայի երկայնքին, ուշ գիշերին, ծովի վրա զանգերը հնչեցնելով անցնող տրամվայների տարօրինակ, առանց ուղևորի քարավաններ: Բանակիչները, ի վերջո, իմացան, թե ինչ է դա: Եվ հակառակ պահակներին, որոնք արգելում էին նրանց առափնյակ մտնել, որոշ խմբերի հաջողվում էր սողոսկել ալիքներից վեր բարձրացած ժայռերի վրա և ծաղիկներ նետել անցնող տրամվայների մեջ: Ամառվա գիշերներին լսվում էր տրամվայների անցնելը ծաղիկների և հանգուցյալների իրենց բեռով:
Առաջին օրերը, առավոտվա դեմ, քաղաքի արևելյան թաղամասերի վրա նողկալի մի ծուխ էր սավառնում: Բոլոր բժիշկների կարծիքով այս արտանետումները, որքան էլ տհաճ լինեին, ոչ ոքի վնասել չէին կարող: Բայց բնակիչները սպառնացին անմիջապես դատարկել այդ թաղամասերը, համոզված, որ ժանտախտը այդպիսով երկնքից թափվում էր իրենց վրա: Իշխանությունները ստիպված եղան բարդ կոյուղու միջոցով ծուխը ուրիշ կողմ շուռ տալ, և բնակիչները հանդարտվեցին: Միայն սաստիկ քամիների ժամանակ, մի անորոշ հոտ, արևելքից գալով, նրանց հիշեցնում էր, որ ապրում էին նոր կարգերի տակ, և որ ժանտախտի բոցերը ամեն գիշեր հոշոտում էին իրենց հոտը:
Դրանք համաճարակի ծայրահեղ հետևանքներն էին: Բարեբախտաբար այն ավելի չսրվեց, որովհետև, հակառակ պարագային, մեր գրասենյակների հնարամտությունը, պրեֆեկտուրայի տրամադրվածությունը և կիզարանի կարողությունը հավանաբար կգերազանցվեին: Ռիեն գիտեր, որ այդ դեպքի համար նախատեսել էին հուսահատ լուծումներ, ինչպես դիակները ծով նետելը, և հեշտությամբ պատկերացնում էր նրանց հրեշային փրփուրը կապույտ ջրի վրա: Նա գիտեր նաև, որ եթե վիճակագրական տվյալները շարունակեին բարձրանալ, ոչ մի կազմակերպություն, որքան էլ հրաշալի աշխատեր, չէր դիմանալու, որ մարդիկ շարունակելու էին մահանալ խմբերով և հոտել փողոցում, հակառակ պրեֆեկտուրայի ցանկության: Եվ քաղաքը պիտի տեսներ, թե ինչպես մահամերձները կառչում էին ապրողներից, հիմար հույսի և օրինավոր ատելության խառը զգացումներով:
* * *
Նման փաստերն ու կանխատեսություններն էին, որ մեր համաքաղաքացիների մեջ կենդանի էին պահում աքսորի և բաժանման զգացումը: Այդ պատճառով էլ պատմիչը կատարելապես գիտակցում է, թե որքան ցավալի է, որ չի կարող ոչ մի իսկապես հետաքրքրական բան պատմել, ինչպես, օրինակ, մի քանի հանգստացնող հերոսների և կամ փայլուն գործողությունների մասին, ինչպես լինում են հին պատմություններում: Որովհետև, ոչինչ ավելի հետաքրքրական չէ, քան այս պատուհասը: Մեծ դժբախտությունները երբ երկար են տևում, միօրինակ են դառնում: Ժանտախտի սարսափելի օրերին ապրածների հիշողություններում անցյալը չի ներկայանում սարսափելի այրող բոցի նման, այլ, ավելի շուտ, նման է մի անվերջանալի ուղևորության, երբ այն իր ճանապարհին ամեն ինչ ճզմում էր:
Ոչ, ժանտախտը ոչ մի կապ չուներ այն հափշտակություն պատճառող մեծ պատկերների հետ, որոնք հիշել էր բժիշկ Ռիեն համաճարակի սկզբում: Այն նախ և առաջ մի խոհեմ և խիստ, լավ աշխատող ղեկավարություն էր: Եվ այսպես, ոչ մի բանի, մանավանդ ինքն իրեն դավաճանած չլինելու համար փակագծերի մեջ ասենք, որ պատմիչը դիմել է անկողմնակալության: Նա չի ուզեցել համարյա ոչ մի բան ձևափոխել արվեստի սիրույն, բացի, տարրական անհրաժեշտությունից ելնելով, հարակից պատմություններով լրացնելուց: Եվ անկողմնակալությունն է այժմ նրան հրամայում ասել, որ եթե այդ ժամանակաշրջանի մեծ տառապանքը, ամենաընդհանուրն ու ամենախորունկը բաժանումն էր, և եթե անհրաժեշտ լիներ, այն կարելի էր նորից նկարագրել ժանտախտի այս շրջանում, պակաս ճիշտ չէր նաև այն, որ տառապանքը դադարում էր հուզիչ լինելուց:
Արդյոք մեր համաքաղաքացիները, մանավանդ նրանք, ովքեր ավելի շատ էին տառապել բաժանումից, իրենց վիճակին սովորո՞ւմ էին: Դրա հաստատումը ամբողջությամբ ճիշտ չէր լինի: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ նրանք բարոյապես, ինչպես նաև ֆիզիկապես տառապում էին այդ անջատումից, ժանտախտի սկզբում նրանք շատ լավ հիշում էին իրենց կորցրած էակին և ափսոսում էին: Բայց եթե հստակորեն հիշում էին սիրված դեմքը, նրա ծիծաղը, այն օրը, որը համարում էին իրենց երջանկության օրը, դժվարությամբ էին պատկերացնում, թե ի՞նչ էր անում մյուսը, ճիշտ այդ ժամին, երբ հիշում էին իրեն, և այն վայրերում, ուր այլևս այնքան հեռու էին: Ի վերջո, այդ պահին նրանք հիշողություն ունեին, բայց անբավարար երևակայություն: Ժանտախտի երկրորդ շրջանում նրանք կորցրին նաև հիշողությունը: Ոչ թե մոռացել էին այդ դեմքը, բայց, ինչ որ նույնն է, կորցրել էին նրա միսը, այլևս նրան չէին նշմարում իրենց իսկ ներսում: Եվ եթե առաջին շաբաթներում դեռևս ցանկություն ունեին գանգատվելու, որ հենց սիրո գործերում այլևս գործ ունեին ստվերների հետ, հետագայում նկատեցին, որ այդ ստվերները կարող էին դառնալ ավելի աննյութական, հիշատակի պահած գույները մինչև վերջ կորցնելով: Բաժանման այս երկար ժամանակի վերջում նրանք այլևս չէին պատկերացնում անցյալում իրենց ունեցած մտերմությունը, ոչ էլ այն, թե ինչպե՞ս իրենց մոտ ապրել էր մի էակ, որի վրա կարող էին ամեն վայրկյան իրենց ձեռքը դնել:
Այսպիսով նրանք մտել էին ժանտախտի կարգուկանոնի մեջ, որն այնքան ավելի էր ազդեցիկ, որքան մարդու կարողությունները միջակ էին: Այլևս ոչ ոք մեծ զգացումներ չուներ մեզ մոտ: Բոլորը միատեսակ զգացումներ ունեին: «– Ժամանակն է, որ սա վերջանա»,– ասում էին մեր համաքաղաքացիները, որովհետև բնական է, որ պատուհասի ժամանակ մարդիկ ցանկանան կոլեկտիվ տառապանքների վախճանը, որովհետև իրականում էլ ժամանակն էր, որ այն վերջանար: Բայց բոլոր այդ խոսքերը ասվում էին առանց կրքի, ոչ առաջին օրերի սուր զգացումով, այլ միայն մի քանի պատճառներով, որոնք մեզ համար դեռևս պարզ էին մնում և որոնք շատ աղքատ էին: Առաջին շաբաթների վայրենի թափին հաջորդել էր մի վհատություն, որը սխալ կլիներ հրաժարման տեղ դնել, բայց որը, առնվազն, մի տեսակ ժամանակավոր համաձայնություն էր:
Մեր համաքաղաքացիները մտել էին ընթացքի մեջ, ինչպես ասում են, նրանք արդեն հարմարվել էին, որովհետև վարվելու այլ ձև չկար: Բնականաբար նրանք դեռևս պահպանում էին տառապանքի և դժբախտության սովորությունը, բայց նախկին սրությունը չէր մնացել: Մյուս կողմից, բժիշկ Ռիեն, օրինակ, այդ վիճակը իսկական դժբախտություն էր համարում: Նա կարծում էր, որ հուսահատությանը վարժվելն ավելի վատ էր, քան հուսահատությունն ինքը: Առաջին շրջանում իրարից բաժանվածները իսկապես դժբախտ չէին, նրանց դժբախտության մեջ կար մի լույս, որ հետզհետե մարում էր: Այժմ նրանց կարելի էր տեսնել փողոցների անկյուններում, սրճարաններում կամ բարեկամների մոտ, հեզ ու ցրված, այնպիսի ձանձրացած հայացքով, որ նրանց պատճառով ամբողջ քաղաքը նմանվել էր մի սպասասրահի: Նրանք, ովքեր մասնագիտություն ունեին, իրենց գործը անում էին ըստ ժանտախտի ընթացքի, խղճմտորեն, բայց առանց խանդավառության: Բոլորը համեստ էին: Առաջին անգամ բաժանվածները բացա- կայի մասին խոսելուց չէին խուսափում, ընդհակառակը, նրանք բոլորի հետ խոսում էին այդ մասին, իրենց բաժանումը քննարկում այնպես, ինչպես համաճարակի վիճակագրական տվյալները: Մինչ այդ նրանք իրենց տառապանքը կատաղորեն ենթարկել էին կոլեկտիվ դժբախտության, իսկ այժմ ընդունում էին խառնաշփոթը: Առանց հիշողության և առանց հույսի, նրանք տեղավորվում էին ներկայի մեջ: Իրականում նրանց համար ամեն ինչ ներկա էր դառնում: Պետք է ասել, որ ժանտախտը բոլորից վերցրել էր սիրո, նույնիսկ բարեկամության ամբողջ կարողությունը: Որովհետև սերը մի քիչ ապագա է պահանջում, իսկ մեզ մնացել էին միայն հաշվված վայրկյաններ:
Պարզ է, սակայն, որ այդ վիճակը վերջնական չէր: Որովհետև, եթե ճիշտ է, որ բոլոր բաժանվածները հասան այդ վիճակին, ճիշտ կլիներ նաև ավելացնել, որ բոլորը միաժամանակ չէին հասնում դրան, և, բացի այդ, մի անգամ սովորելուց հետո այդ վիճակին, հանկարծակի լույսեր, նախկին վիճակի վերադարձներ, հստակատեսության պահեր այդ համբերողներին պատճառում էին ավելի թարմ և ավելի ցավալի զգացողություններ: Նրանց անհրաժեշտ էին մտահոգություններից ցրվելու այդ պահերը, երբ նորից սկսում էին ծրագրեր կազմել, այն հաշվով, իբր ժանտախտը դադարել էր: Նրանց անհրաժեշտ էր գոյություն չունեցող էակի նկատմամբ խանդի հանկարծակի ցավ: Ուրիշներ զգում էին նաև հիշողության հանկարծակի վերածնունդներ, շաբաթվա որոշ օրերին նրանք դուրս էին գալիս իրենց նիրհից, բնականաբար կիրակիները և շաբաթ կեսօրից հետո, որովհետև այդ օրերին իրենց տրամադրում էին բացակայի ժամանակից մնացած կրոնական ծիսակատարությունների: Եվ կամ որոշ մի թախիծ, որ նրանց տիրում էր օրվա վերջերին, ազդարարում էր, որ հիշողությունը վերադառնում էր: Իրիկնային այդ ժամը, որ հավատացյալների համար խղճի քննության ժամ է, ծանր է բանտարկյալների կամ աքսորվածների համար, որոնք կարող են միայն պարապությունը քննարկել: Այդ պահը նրանց պահում էր կախված, անորոշ վիճակում, հետո նրանք վերադառնում էին իրենց սովորական թուլության, նորից փակվում էին ժանտախտի մեջ:
Բոլորի համար պարզ էր, որ այդ հրաժարումը այն ամենն էր, ինչ նրանք ունեին: Ժանտախտի առաջին շրջանում նրանք զարմանում էին փոքր բաների այն գումարով, որոնք իրենց համար մեծ նշանակություն ունեին, իսկ ուրիշների համար կարող էին նույնիսկ գոյություն չունենալ: Դրանով նրանք անհատական կյանքի փորձառություն էին ձեռք բերում: Այժմ, ընդհակառակը, հետաքրքրվում էին միայն այն բաներով, ինչով մյուսներն էին հետաքրքրվում, ունեին միայն ընդհանուր գաղափարներ, նույնիսկ իրենց սերը ստացել էր ամենավերացական ձևը: Նրանք այնպես էին իրենց հանձնել ժանտախտին, որ միայն քնելու հույսն էին ունենում, և զարմանում էին, որ մտածում են. «– Ուռուցքները, երանի վարակվեի և ամեն ինչ վերջանար»: Բայց իրականում նրանք քնած էին: Ամբողջ այդ երկար ժամանակը մի երկար քուն էր նրանց համար: Քաղաքը լեցուն էր արթմնի քնածներով, որոնք իրականում իրենց ճակատագրից խուսափում էին միայն այն բացառիկ դեպքերում, երբ գիշերը երևութապես նրանց փակված վերքերը հանկարծ բացվում էին: Եվ հանկարծակի արթնացած, շփոթված և վախեցած շոշափում էին իրենք իրենց, նրանց շրթները այրվում էին և մի ակնթարթում իրենց տառապանքը հանկարծ վերաթարմացած էին գտնում իրենց սիրածի տակնուվրա եղած դեմքի հետ: Առավոտյան նրանք վերդառնում էին աղետին, այսինքն մտնում էին ամենօրյա, սովորական կյանքի մեջ:
Սակայն ի՞նչ տեսք ունեին այդ բաժանվածները, կարելի էր հարցնել: Ի՞նչ արած, շատ պարզ է, նրանք ոչ մի բանի նման չէին: Կամ, եթե նախընտրելի է ասել, նման էին բոլորին, մի շատ ընդհանուր տեսք ունեին: Նրանք մասնակցում էին քաղաքի հեզությանը և մանկական ոգևորվածությանը: Նրանք կորցրել էին քննադատական ոգու ամեն մի հետք, ստացել էին բացառիկ մի սառնասրտություն: Կարելի էր նկատել, օրինակ, որ նրանցից ամենախելոքները բոլորի նման ձևացնում էին հավատալ թերթերի կամ ռադիոյի հաղորդումներին՝ ժանտախտի արագ ավարտման մասին և երևութապես մտացածին հույսեր կամ չհիմնավորված վախեր ունենալ՝ կարդալով մի լրագրողի նկատառումները, առանց մտածելու, որ հոդվածագիրը գրել էր հենց այնպես, ձանձրույթից հորանջելով: Դրանից դուրս նրանք խմում էին իրենց գարջուրը, խնամում էին իրենց հիվանդներին, եռանդով աշխատում կամ իսպառ ծուլանում էին, գրասենյակներում Փաստաթղթեր էին լրացնում կամ ձայնասկավառակներ էին նվագում, առանց դրանցից որևէ մեկին նախապատվություն տալու: Այսինքն, այլևս ոչինչ չէին ընտրում: Ժանտախտը վերացրել էր արժեքավորելու դատողությունը: Եվ այդ երևում էր նրանից, որ ոչ ոք այլևս չէր զբաղվում գնած հագուստի կամ սննդի որակով: Ամեն ինչ ընդունում էին եղածի պես, ամբողջությամբ:
Վերջացնելով, կարելի է ասել, որ բաժանվածները կորցրել էին այն հետաքրքրական նախապատվությունը, որ ունեին սկզբում: Նրանք կորցրել էին սիրո եսասիրության այն առավելությունը, որ դրանից ստանում էին: Այժմ վիճակը պարզ էր, աղետը բոլորին էր վերաբերում: Մենք բոլորս քաղաքի դռանը լսվող կրակոցների մեջ զգում էինք մեր կյանքի ռիթմը, մեր մեռելները, հրդեհների մեջտեղում, քարտերի և ձևականությունների, ձևակերպված, բայց խայտառակ մահվան, սարսափելի ծխերի և շտապօգնության մեքենայի հանդարտ ձայնի արանքում, մենք բոլորս սնվում էինք աքսորի նույն հացով, առանց իմանալու սպասում էինք նույն միության և տակնուվրա անող նույն խաղաղության: Անկասկած գոյություն ուներ մեր սերը, բայց այն պարզապես անօգտագործելի էր, ծանր՝ կրելու համար, իներտ և անպտուղ էր, ինչպես հանցանքը կամ դատապարտվածությունը: Ուրիշ բան չկար, բացի անապագա համբերությունից և համառ սպասումից: Այդ տեսանկյունից մեր համաքաղաքացիներից ոմանց վերաբերմունքը մտածել էր տալիս քաղաքի չորս անկյուններում, մթերային խանութների առջև գոյացած հերթերի մասին: Դա նույն հրաժարումն էր ամեն ինչից և նույն անսահման ու խաբկանքներ չունեցող համբերատար տառապանքը: Անհրաժեշտ էր սովածության զգացումը բարձրացնել հազար անգամ ավելի բարձր աստիճանի, որպեսզի հասներ բաժանման զգացողության, որովհետև խոսքը արդեն ուրիշ սովածության մասին էր, մի սովածություն, որ կարող էր հոշոտել ամեն ինչ:
Բոլոր դեպքերում, եթե ուզում ենք ճիշտ գաղափար կազմել մտավոր այն վիճակի մասին, ուր գտնվում էին մեր քաղաքի բաժանվածները, անհրաժեշտ է վերականգնել այն հավերժական ոսկեզօծ և փոշոտ երեկոները, որ իջնում էին անծառ քաղաքի վրա, երբ տղամարդ ու կին ցրվում էին բոլոր փողոցներում: Բանի որ տարօրինակ կերպով, երբ լռել էր բեռնատարների և շարժիչների՝ քաղաքների միակ մեղեդին՝ սովորական ժամանակներում, այժմ վերջալույսի մեջ լողացող պատշգամբներն էր բարձրանում ցածր խոսակցության և համաչափ ոտնաձայների մի խուլ աղմուկ, ցավ պատճառող մի սահք՝ աղետի սուլոցով ծանրացած երկնքում, մի անվերջանալի և խեղդող ոտնաձայն, որ քիչ առ քիչ լցնում էր ամբողջ քաղաքը ծայրեծայր, երեկո երեկոյի հետևից, դարձել էր կույր համառության ամենահավատարիմ, անվիշտ արտահայտությունը, որ փոխարինել էր սիրույն և այն մեր սրտերից դուրս էր մղել:
IV
Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում ժանտախտը քաղաքը պահեց իր տակ կուչ եկած: Քանի որ խոսում էինք հետիոտների մասին, ավելացնենք, որ հարյուր հազարավոր մարդիկ շարունակեցին քայլել ամբողջ անվերջանալի շաբաթներ: Մառախուղը, շոգը և անձրևը երկնքում իրար էին հաջորդում: Հարավից գալով, թռչունների լուռ երամներն անցնում էին շատ բարձրից, հեռվից շրջանցում էին քաղաքը, կարծես Պանլուի նկարագրած փայտյա տարօրինակ նիզակը սույլ արձակելով շրջում էր տների վերևում և թռչուններին հեռու էր պահում: Հոկտեմբերի սկզբին տեղատարափ անձրևները լվացին փողոցները: Եվ ամբողջ այդ ժամանակամիջոցին ավելի կարևոր բան տեղի չունեցավ, քան այդ հսկայական քայլքը:
Ռիեն և իր բարեկամները այդ ժամանակ բացահայտեցին, թե որ աստիճանի հոգնած էին: Սանիտարական ջոկատների մարդիկ չէին հասցնում այդ հոգնությունը մարսել: Բժիշկ Ռիեն այդ բոլորը նկատում էր իր բարեկամների և իր վրա իջած տարօրինակ անտարբերությունը դիտելով: Օրինակ, այս մարդիկ, որոնք մինչ այդ ժանտախտի նկատմամբ ցույց էին տվել կենդանի հետաքրքրություն, այլևս դրանով բոլորովին չէին զբաղվում: Ռամբերը, որին հանձնարարված էր ժամանակավորապես ղեկավարել վերջերս իր հյուրանոցում կազմակերպված կարանտինի տունը, կատարյալ ձևով գիտեր այն մարդկանց թիվը, որոնք իր ուշադրության կենտրոնում էին: Նա տեղյակ էր տարբնակեցման համակարգի ամենափոքր մանրամասնություններին, որ ինքն էր կազմակերպում հիվանդության հանկարծակի նշանների հայտնվելու դեպքում: Կարանտինի մեջ եղածների վրա շիճուկի ունեցած ազդեցության վիճակագրությունը դրոշմված էր նրա հիշողության մեջ: Բայց նա անկարող էր ասել ժանտախտի զոհերի շաբաթական թիվը, նա իսկապես չգիտեր, այն առաջխաղա՞ցք էր ունենում, թե նահանջում էր: Միաժամանակ նա պահպանում էր մոտակա փախուստի հույսը:
Իսկ մյուսները, գիշեր ու ցերեկ տևող իրենց աշխատանքի մեջ խրված, ոչ թերթ էին կարդում, ոչ էլ ռադիո լսում: Երբ նրանց հայտնում էին մի նորություն, նրանք հետաքրքրված էին ձևանում, բայց իրականում այդ լուրը ընդունում էին նույն ցրված անտարբերությամբ, ինչ ունենում են մեծ պատերազմների զինվորները, որոնք, հոգնածությունից սպառված, աշխատում են միայն չթերանալ իրենց ամենօրյա պարտականությունների մեջ՝ այլևս չսպասելով ոչ վճռական գործողության, ոչ զինադադարի օրվան:
Գրանը, որ շարունակում էր կատարել ժանտախտի կողմից անհրաժեշտություն դարձած հաշվարկներ, հավանաբար անկարող էր ցույց տալ ընդհանուր տվյալները: Ի հակադրություն Տարրուի, Ռամբերի և Ռիեի, որոնք ակնհայտորեն ավելի դիմացկուն էին հոգնության նկատմամբ, նա երբեք լավ առողջություն չէր ունեցել: Հակառակ դրան՝ նա քաղաքապետարանի իր պաշտոնին համատեղում էր քարտուղարի գործը Ռիեի մոտ և գիշերային աշխատանքներ: Մշտական մաշման այդ վիճակում նրան պահում էին մի քանի մտասևեռումներ՝ ինչպես ժանտախտից հետո առնվազն մի շաբաթ վայելելիք կատարյալ արձակուրդները, հետո աշխատելու էր «Գլխարկները ցած» ծրագրով, մի գործ, որ արդեն ընթացքի մեջ էր: Նա ենթակա էր նաև հանկարծակի քնքշությունների, և այդ առիթներով Ռիեի հետ սիրահոժար խոսում էր Ժաննի մասին, թե որտե՞ղ կարող էր նա լինել այդ իսկ պահին և արդյո՞ք կարդալով թերթերը՝ մտածում էր իր մասին: Եվ հենց նրա հետ, զարմանալիորեն, Ռիեն խոսում էր իր կնոջ մասին ամենասովորական ձևով, մի բան, որ երբեք չէր արել: Չվստահելով իր կնոջ վստահեցնող հեռագրերին, նա որոշել էր հեռագրել առողջարանի գլխավոր բժշկին, որտեղ կինը բուժվում էր: Որպես պատասխան նա տեղեկություն ստացավ, որ հիվանդի վիճակը ծանրացել էր, վստահեցնում էին, որ ամեն ինչ արվում էր հիվանդության առաջխաղացքը կանխելու համար: Նա այդ լուրը գաղտնի էր պահում և չէր կարողանում բացատրել, եթե ոչ ֆիզիկական թուլությամբ, թե ինչպե՞ս կարողացավ այն վստահել Գրանին: Պաշտոնյան նրա հետ Ժաննի մասին խոսելուց հետո հարցրել էր կնոջ մասին, և Ռիեն պատասխանել էր: «– Գիտե՞ք ինչ,– ասել էր Գրանը,– այժմ այդ հիվանդությունը շատ հեշտ բուժվում է»: Եվ Ռիեն համաձայնվել էր, ավելացնելով պարզապես, որ բաժանումը սկսել էր շատ երկարել, և որ ինքը, եթե մոտը լիներ, գուցե կարողանար օգնել կնոջը հաղթահարել հիվանդությունը, մինչդեռ այժմ կինը իրեն բոլորովին մենակ էր զգում: Հետո լռել էր և միայն խուսափողական ձևով էր պատասխանել Գրանի հացերին:
Մյուսները նույն վիճակում էին: Տարրուն ավելի լավ էր դիմանում, բայց նրա հուշատետրերը ցույց են տալիս, որ նրա հետաքրքրությունը, եթե խորությամբ չէր նվազել, կորցրել էր իր բազմազանությունը: Երևութապես, ամբողջ այդ ժամանակաշրջանում նա միայն Քոթարով էր հետաքրքրվում: Երեկոյան, Ռիեի մոտ, ուր նա տեղավորվել էր այն օրվանից, ինչ հյուրանոցը կարանտինի կետի էր վերածված, նա այժմ հազիվ էր լսում Գրանին կամ բժշկին, որոնք օրվա արդյունքներն էին հայտնում: Նա զրույցը փոխադրում էր Օրանի կյանքի մանրամասնությունների վրա, որոնք նրան ընդհանրապես զբաղեցնում էին:
Բոլորից ավելի Քասթելն էր հոգնածության և ուժասպառության նշաններ ցույց տալիս: Վերջերս նա եկավ բժշկին հայտնելու, որ շիճուկը պատրաստ էր արդեն, նրանք որոշեցին առաջինը փորձարկել պարոն Օթոնի փոքր տղայի վրա, որին հիվանդանոց էին տարել, և որի վիճակը Ռիեին անհույս էր թվում: Նա իր ծեր բարեկամին հայտնում էր վիճակագրության վերջին տվյալները, երբ նկատեց, որ իր զրուցակիցը խորունկ քնել էր թիկնաթոռի մեջ: Եվ այդ դեմքը, որ սովորաբար հավերժական երիտասարդության մեղմ և երգիծող մի հով ուներ, հանկարծ թվաց լքված: Լորձունքի թելը երկու շրթները միացնում էր իրար, այդ բոլորը ի հայտ էր բերում նրա մաշվածությունն ու ծերությունը: Ռիեի կոկորդը սեղմվեց: Նման թուլացումներից Ռիեն կարող էր դատել իր հոգնածության մասին: Զգալու կարողությունը խուսափում էր նրանից: Ժամանակի մեծ մասում խիստ զբաղված, կարծրացած ու չորացած, թվում էր, թե նա ամբողջովին դյուրաբեկ էր դառնում և իրեն հանձնում էր այնպիսի զգացումների, որոնց այլևս կառավարել չէր կարողանում: Դրանցից պաշտպանվելու միակ ձևը կարծրացմանը, ինքն իր մեջ սեղմվելուն ապավինելն էր: Նա լավ գիտեր, որ շարունակել կարողանալու լավ ձև էր այդ: Ուրիշ բանի համար խաբկանքներ չուներ, և հոգնությունը նրանից վերցնում էր նույնիսկ մնացած քիչը: Նա գիտեր, որ այնպիսի մի ժամանակաշրջանում, որի վախճանը չէր երևում, իր դերը այլևս բուժելը չէր: Իր դերը ախտորոշելն էր: Բացահայտել, տեսնել, նկարագրել, ցուցակագրել, հետո դատապարտել. այդ էր իր պարտականությունը: Ամուսինները բռնում էին նրա թևը և ոռնում. «– Բժիշկ, կյանք տվեք նրան»: Բայց նա կյանք տալու համար չէր եկել, նա եկել էր նրանց բաժանումը ձևակերպելու համար: Եվ ատելությունը, որ կարդում էր նրանց դեմքերին, ոչ մի ազդեցություն թողնել չէր կարող: «– Դուք սիրտ չունեք»,– ասել էին նրան մի անգամ: Ո՛չ, նա սիրտ ուներ: Բայց այն իրեն ծառայում էր դիմանալու համար օրվա քսան ժամը, երբ տեսնում էր մարդկանց մահանալը, որոնք ստեղծվել էին ապրելու համար: Այն նրան ծառայում էր նույն գործը ամեն օր վերսկսել կարողանալու համար: Այսուհետև նա միայն այդքանին բավականացնող սիրտ ուներ: Ինչպե՞ս կարող էր այդ սիրտը բավարարել նաև կյանք տալու գործին:
Ոչ, ամբողջ այդ օրերի երկայնքին նա ոչ թե օգնություն էր բաժանում, այլ տեղեկություններ: Դա մարդու արհեստ համարվել չէր կարող, հասկանալի էր: Բայց ի վերջո, այս սարսափահար և կոտորակված մարդկային խմբից ո՞ւմ էին թողել իր մարդկային արհեստը ի գործ դնելու ազատ ժամանակը: Բարեբախտություն էր թերևս, որ հոգնությունը կար: Եթե Ռիեն ավելի քիչ հոգնած լիներ, ամեն կողմ տարածված մեռելահոտը վաղուց նրան սենտիմենտալ դարձրած կլիներ: Բայց եթե քնել ես միայն չորս ժամ, սենտիմենտալ չես կարող լինել: Դու իրերը կտեսնես, ինչպես որ նրանք կան, այսինքն կտեսնես արդարությամբ, ատելի և ամոթալի արդարությամբ: Եվ մյուսները, դատապարտվածները, նույնպես զգում էին այդ: Ժանտախտից առաջ հիվանդները նրան փրկիչի տեղ էին դնում: Նա ամեն ինչ կարգավորում էր երեք դեղահաբով և մի ներարկումով: Եվ միջանցքի երկայնքով ուղեկցելիս նրա թևն էին սեղմում: Դա շոյող էր, բայց վտանգավոր: Այժմ, ընդհակառակը, նա ներկայանում էր զինվորների ուղեկցությամբ և հրացանի խզակոթի հարվածներ էին անհրաժեշտ, որպեսզի հիվանդները որոշեին դուռը բացել: Նրանք կուզենային, որ բժիշկը, և նրա հետ նաև ողջ մարդկությունը իրենց հետևեր դեպի մահ: Այո, ճիշտ էր, որ մարդիկ չէին կարող մարդկանցից բաժանվել, որ ինքը նույնքան դատարկված էր, որքան այս դժբախտները և նույնքան արժանի խղճահարության դողին, որի ահագնանալն զգում էր իր մեջ հիվանդներից հեռանալուց հետո:
Այդպիսին էին այդ անվերջանալի շաբաթների ընթացքում բժիշկ Ռիեի մտածումները, որոնք խառնվում էին վիճակի պատճառած անձնական մտահոգություններին: Կան նաև մտահոգություններ, որոնց անդրադարձումը նա կարդում էր իր բարեկամների դեմքերին: Բայց ուժասպառության ամենավտանգավոր ազդեցությունը, որ քիչ առ քիչ հաղթում էր աղետի դեմ պայքարը շարունակողներին, անտարբերությունը չէր արտաքին աշխարհի երևույթների և ուրիշների զգացումների նկատմամբ, այլ անփութությունը, իրենք իրենց թողնելը: Նրանք ձգտում էին խուսափել այն բոլոր ոչ բացարձակապես անհրաժեշտ շարժումներից, որոնք միշտ նրանց թվում էին իրենց ուժերից վեր: Այսպիսով, այս մարդիկ սովորեցին գնալով ավելի անփույթ լինել առողջապահության օրենքների նկատմամբ, որոնք պարտադիր էին, մոռանում էին ախտահանման բազմաթիվ ձևեր, որ պարտավոր էին կիրառել: Երբեմն առանց վարակից զգուշանալու վազում էին թոքային ժանտախտով հիվանդների մոտ, որովհետև վերջին պահին միայն իմանալով, որ պետք է գնան վարակված տներ, ուժասպառությունից չէին գնում անհրաժեշտ կաթիլները ստանալու: Այդտեղ էր իսկական վտանգը, որովհետև ժանտախտի դեմ պայքարն ինքը նրանց ավելի խոցելի էր դարձնում: Նրանք իրենց հույսը դնում էին պատահականության վրա, իսկ պատահականությունը ոչ ոքի չի պատկանում:
Սակայն քաղաքում կար մի մարդ, որ ոչ ուժասպառ էր թվում, ոչ էլ հուսահատ և մնում էր գոհունակության կենդանի պատկեր: Քոթարն էր: Նա կարողանում էր հեռու մնալ այդ բոլորից, շարունակելով պահպանել իր հարաբերությունները մարդկանց հետ: Բայց նախընտրում էր Տարրուին տեսնել ավելի հաճախ, որքան վերջինի աշխատանքը թույլ էր տալիս, որովհետև Տարրուն ոչ միայն լավատեղյակ էր իր հարցին, այլ նաև վերջինս գիտեր փոքրիկ եկամտավորին ընդունել անփոփոխ մտերմությամբ: Դա մի երկարատև հրաշք էր. հակառակ իր կատարած աշխատանքին, Տարրուն մնում էր բարեհոգի և ուշադիր: Նույնիսկ որոշ գիշերներից հետո, երբ հոգնությունը ճզմում էր նրան, հաջորդ օրը իր մեջ մի նոր ուժ էր գտնում. «– Նրա հետ,– ասել էր Քոթարը Ռամբերին,– կարելի է զրուցել, որովհետև նա մարդ է: Միշտ հասկանում է քեզ»:
Ահա թե ինչու Տարրուի հուշագրությունները այդ շրջանում քիչ-քիչ փոխադրվում են Քոթարի անձնավորության վրա: Տարրուն փորձել է տալ Քոթարի մտածումների և գործողությունների պատկերը, ինչպես որ դրանք վերջինս վստահել էր նրան, կամ ինչպես նա հասկացել էր: «Քոթարի և ժանտախտի հարաբերությունները» վերնագրի տակ այս պատկերը գրավում է հուշատետրի մի քանի էջը, և պատմիչը օգտակար է համարում այստեղ տալ դրա ամփոփումը: Տարրուի ընդհանուր կարծիքը փոքրիկ եկամտատերի մասին ամփոփվում է այս դատողության մեջ՝ «նա մի անձնավորություն է, որ մեծանում է»: Ուրիշ բաներից անկախ նա մեծանում էր իր լավ տրամադրությամբ: Նա դժգոհ չէր դեպքերի այս ընթացքից: Երբեմն Քոթարը իր մտածումների էությունը բացատրում էր Տարրուին, հետևյալ նկատողություններով. «Անշուշտ, վիճակը լավ չէ: Բայց, առնվազն, բոլորը նույն բաղնիքի մեջ են»:
«Հասկանալի է,– շարունակում է Տարրուն,– մյուսների նման նա ևս վտանգի տակ է, բայց վտանգի տակ է մյուսների հետ: Եվ հետո, նա լրջորեն չի մտածում, վստահ եմ, որ կարող է ժանտախտով վարակվել: Նա կարծես ապրում է մի ոչ այնքան էլ հիմար մտքով, որ եթե մի մարդ ծանր հիվանդություն, կամ խորունկ մտահոգություն ունի, դրանով իսկ ազատվում է մյուս բոլոր հիվանդություններից և մտահոգություններից: Նկատե՞լ եք,– ասաց ինձ,– որ հնարավոր չէ հիվանդություններ գումարել: Ենթադրենք, որ դուք մի ծանր կամ անբուժելի հիվանդություն ունեք, մի լուրջ քաղցկեղ կամ ծանր թոքախտ, դուք երբեք ժանտախտով կամ տիֆով չեք հիվանդանա, անկարելի է: Բացի այդ, դուք երբեք չեք հանդիպի, որ քաղցկեղով մի հիվանդ մահանա ավտովթարից»: Ճիշտ կամ սխալ այս միտքը Քոթարին պահում է լավ տրամադրության մեջ: Միակ բանը, որ նա չի ցանկանում, մարդկանցից անջատվելն է: Նա նախընտրում է պաշարված լինել բոլորի հետ, քան մենակ բանտարկվելը: Քանի ժանտախտը կա, վերանում են գաղտնի հարցաքննությունները, թղթապանակները, քարտերը, խորհրդավոր հրահանգները և մոտակա ձերբակալությունը: Մի խոսքով, այլևս ոստիկան չկա, ոչ էլ հին կամ նոր հանցանք, հանցավորներ չկան, կան միայն դատապարտվածներ, որոնք սպասում են ներման, և նրանց թվում հենց իրենք, ոստիկանները: Այսպիսով Քոթարը միշտ, Տարրուի ներկայացրածով, հիմքեր ուներ նկատելու մտահոգության նախանշանները և մեր քաղաքացիների կատարած անկարգությունները ներողամիտ և հասկանալի գոհունակությամբ, որ կարող էր արտահայտվել այսպես՝ «Շարունակեցեք խոսել, ես այդ մտահոգությունը ձեզնից առաջ արդեն ունեցել եմ»:
«Ես երբ նրան ասացի, որ մարդկանցից չբաժանվելու միակ ձևը, ի վերջո, մաքուր խիղճ ունենալն է, նա ինձ չարությամբ նայեց և ասաց. «– Այդ դեպքում ոչ ոք երբեք մյուսի հետ չէ»: Հետո ավելացրեց. «– Դուք կարող եք մտածել՝ ինչպես ցանկանում եք, բայց լսեցեք իմ կարծիքը, մարդկանց միասին պահելու միակ ձևը նրանց ժանտախտ ուղարկելն է: Նայեցեք ձեր շուրջը»: «Եվ իսկապես ես լավ եմ հասկանում, թե ինչ է ուզում նա ասել, և այժմյան կյանքը որքան հարմարավետ կարող է նրան թվալ: Ի դեպ, ամեն քայլափոխին նա ինչպե՞ս չէր տեսնում այն վերաբերմունքը, որ միաժամանակ իրն էր, այն ճիգը, որ յուրաքանչյուր մարդ ներդնում էր բոլորին ունենալու իր հետ, թե ինչպես ամեն մարդ պարտավոր էր զգում տեղեկություններ տալ ճանապարհը կորցրած կամ վատ տրամադրությամբ անցորդի, մի բան, որ ուրիշ ժամանակ զլանում էին, մարդկանց շտապողականությունը դեպի ճոխ ճաշարանները, նրանց բավականության զգացումը այնտեղ գտնվելու ժամանակ և իրենց ներկայությունը երկարաձգելու ջանքը, թե ինչպես ամեն օր հերթ են կանգնում կինոյի առջև և լցնում են բոլոր կինոդահլիճները, և թե ինչպես պարում են մարդիկ հասարակական վայրերում շղթայազերծ մակընթացության պես, ինչպես խուսափելով հանդերձ ամեն մի շփումից, մարդկային ջերմության պահանջը այսուհանդերձ մեկին մղում է դեպի մյուսը, արմուկները դեպի մյուսի արմուկը, և սեռերը դեպի մյուս սեռը: Քոթարը այդ բոլորը գիտեր նույնիսկ իրենից առաջ, դա պարզ էր: Բացի կանանց հետ շփվելուց, որովհետև նրա դեմքով… Ես ենթադրում եմ, որ նա նույնիսկ եթե ցանկացել է գնալ աղջիկների մոտ, հրաժարվել է այդ մտքից, որպեսզի հետագայում այդ բոլորը նրան վատ ծառայություն չմատուցի:
Կարճ ասած, այս բոլորը հաշվի առնելով կարելի էր մտածել, որ ժանտախտը նրան ձեռնտու էր: Միայնակ մարդուց, որ չէր ուզում լինել, այն նրան մեղսակցի վերածեց: Որովհետև ակնհայտորեն նա մեղսակից էր, հաճույք ստացող մի մեղսակից: Նա մեղսակից էր բոլոր իր տեսածների, նախապաշարումների, անթույլատրելի վախի մեջ եղած հոգիների զգայուն վիճակի համար, ժանտախտի մասին հնարավորին չավւ քիչ խոսելու նրանց ձգտման, բայց անդադար դրա մասին խոսելու համար, ամենափոքր գլխացավից նրանց վախի և գունատվելու համար, այն օրվանից, երբ գիտեն, թե հիվանդությունը սկսվում է գլխացավով, և նրանց գրգռված զգայնության համար, որ փոփոխական էր, որ վիրավորանքները մոռացության էր տալիս, իսկ պայթում էր տաբատի մի կոճակի կորստյան համար»:
Պատահում էր, որ երեկոները Տարրուն հաճախ զբոսնում էր Քոթարի հետ: Հետագայում, իր հուշատետրերում նա նկարագրում է, թե ինչպես նրանք մխրճվում էին խավարում, մռայլ ամբոխի մեջ, կամ գիշերները ուս ուսի ընկղմվում էին սպիտակ ու սև բազմության մեջ, երբ իրարից հեռու դրված մի էլեկտրալամպ հազիվ է լուսավորում փողոցը, ընկերակցելով մարդկային հոտին դեպի տաք հաճույքները, որ նրանց պաշտպանում էր ժանտախտի սառնության դեմ: Այն, ինչ Քոթարը փնտրում էր մի քանի ամիս առաջ հասարակական վայրերում, ճոխությունը և լայն կյանքը, այն, ինչ նա երազում էր առանց գոհացնել կարողանալու, այսինքն սանձարձակ, անարգել վայելքը, այժմ մի ամբողջ ժողովուրդ հանձնվել էր դրան: Մինչ ամեն ինչի գինը բարձրանում էր անդիմադրելիորեն, մարդիկ երբեք այդքան դրամ չէին շռայլել, և երբ նույնիսկ անհրաժեշտը պակասում էր մեծամասնությանը, երբեք ավելի չէին վատնել ավելցուկը: Տեսնում էին, թե ինչպես բազմապատկվում էին ձանձրույթի բոլոր խաղերը, որոնք մինչ այդ գործազուրկ էին: Տարրուն և Քոթարը երբեմն բազմաթիվ րոպեներ հետևում էին զույգերից մեկին, որոնք կարճ ժամանակ առաջ աշխատում էին թաքցնել իրենց կապը և որոնք, այժմ, իրար սեղմված, համառորեն քայլում էին քաղաքի միջով, առանց նկատելու իրենց շրջապատող բազմությունը, մեծ կրքերին հատուկ ցրվածությամբ: Քոթարը խանդաղատում էր. «– Տեսնո՞ւմ ես քաջերին»,– ասում էր նա: Նա բարձր էր խոսում, հրճվում էր տենդոտ բազմության արքայական պարգևների և մեքենայությունների արանքում, որոնք հնչում էին նրանց շուրջը և կատարվում նրանց աչքերի առջև:
Սակայն Տարրուն այն կարծիքին էր, որ Քոթարի վերաբերմունքի մեջ քիչ չարություն կար: Նրա «– այդ բոլորը ես նրանցից առաջ ճանաչել եմ» խոսքը ավելի շատ դժբախտություն էր նշանակում, քան հաղթանակ: «Կարծում եմ,– ասում էր Տարրուն,– որ նա սկսում է սիրել երկնքի և իրենց քաղաքի պատերի միջև բանտարկված այս մարդկանց: Օրինակ, նա եթե կարողանար, նրանց կամավոր կբացատրեր, որ այդ բոլորը այնքան էլ սարսափելի չէր. «– Լսո՞ւմ եք նրանց,– վստահեցնում էր նա ինձ,– ժանտախտից հետո այս եմ անելու, ժանտախտից հետո այն եմ անելու… Նրանք թունավորում են իրենց գոյությունը. փոխանակ հանգիստ մնալու: Եվ չեն էլ զգում իրենց առավելությունը: Կարո՞ղ եմ ես ասել՝ իմ ձերբակալությունից հետո այս եմ անելու: Ձերբակալությունը մի սկիզբ է, վախճան չէ: Մինչդեռ ժանտախտը… ուզո՞ւմ եք իմ կարծիքն իմանալ:Նրանք դժբախտ են, որովհետև չեն թողնում, որ ուզածի պես լինի: Եվ ես ասածս գիտեմ»:
«Նա իսկապես գիտի, թե ինչ է ասում,– շարունակում է Տարրուն:– Օրանի բնակչության հակասություններին նա իրենց իսկական գինն էր տալիս, որոնք այն ժամանակ իսկ, երբ խորապես զգում են իրար մոտեցնող ջերմության կարիքը, չեն կարող իրենց թողնել այն անվստահության պատճառով, որ մեկին հեռացնում է մյուսից: Նրանք շատ լավ գիտեն, որ չի կարելի վստահություն ունենալ հարևանի նկատմամբ, որովհետև նա կարող է քեզ ժանտախտ տալ հակառակ քո կամքին և շահագործել քո ինքնամոռացումը և քեզ վարակել: Եթե ժամանակդ անց ես կարցրել Քոթարի նման, հնարավոր թշնամիներ տեսնելով այն բոլոր մարդկանց մեջ, որոնց, համենայն դեպս, ընկերությունն էիր փնտրում, կարելի է հասկանալ այդ զգացումը: Շատ լավ կարեկցում են այն մարդկանց, որոնք ապրում են այն մտածմունքի մեջ, որ ժանտախտը կարող է, մի օրից մյուսը, ձեռքը դնել իրենց ուսին, և որ գուցե պատրաստվում է այդ անել հենց այն պահին, երբ ողջ-առողջ լինելուդ համար ուրախանում ես: Քանի դա հնարավոր է, ավելի հանգիստ է ապրել սարսափի մեջ: Բայց որովհետև նա այդ բոլորը նախազգացել է նրանցից առաջ, հավատում եմ, որ նա չի կարող բոլորովին նրանց հետ զգալ այդ անորոշության վայրագությունը: Ի վերջո, մեզ բոլորի հետ, որ ժանտախտից չենք մահացել, նա զգում է, որ իր ազատությունն ու կյանքը ամեն օր կործանվելու նախօրյակին է գտնվում: Բայց քանի որ ապրել է սարսափի մեջ, բնական է գտնում, որ մյուսները իրենց հերթին այն իմանան: Ավելի ճիշտ, սարսափը նրան թվում է նվազ ծանր, եթե բոլորովին մենակ չես: Ահա այս հարցում է, որ նա սխալ է, և ավելի դժվար է հասկանալ նրան, քան մյուսներին: Բայց, ի վերջո, հենց դրանում է, որ նա ավելի է արժանի հասկացվելու, քան ուրիշները»:
Տարրուի հուշատետրի էջերը վերջապես ավարտվում են մի նկարագրությունով, որ բացահայտում է այս մտածողությունը, որ գալիս էր միաժամանակ բացատրելու Քոթարին և ժանտախտավորներին: Այս պատմությունը մոտավորապես հաստատում է այդ ժամանակաշրջանի այն դժվարին մթնոլորտը: Ահա թե ինչու պատմիչը կարևորություն է տալիս դրան:
Նրանք գնացել էին քաղաքապետարանի օպերան, որտեղ խաղում էին Գլյուքի «Օրփեոսը»: Քոթարն էր հրավիրել Տարրուին: Խաղում էր մի խումբ, որ ժանտախտի գարնանը եկել էր մեր քաղաքը ներկայացումներ տալու: Հիվանդության պատճառով փակված այս խումբը ստիպվել էր, մեր օպերայի հետ համաձայնվելով, իր ներկայացումը կրկնել շաբաթը մեկ անգամ: Այսպես, արդեն ամիսներ ի վեր, ամեն հինգշաբթի մեր քաղաքապետարանի թատրոնը թնդում էր Օրփեոսի մելոդիկ բողոքներից և Էվրիդիկեի անզոր կոչերից: Սակայն այս ներկայացումը շարունակում էր հանդիսատեսին դուր գալ և միշտ մեծ եկամուտ էր ունենում: Ամենաթանկ տեղում նստած Քոթարը և Տարրուն իշխում էին մեր ամենաճաշակավոր հագնված քաղաքացիներով պայթելու աստիճան լցված պարտերին: Եկողները ակնհայտորեն ցանկանում էին իրենց մուտքը նկատելի դարձնել: Նախավարագույրի շլացուցիչ լույսերի տակ մինչ երաժիշտները գաղտնորեն իրենց գործիքներն էին լարում, մարդիկ ստվերների նման ճշգրտորեն բաժանվում էին իրարից, անցնում մի շարքից մյուսը, շնորհալիորեն խոնարհվում էին: Լավ տրամադրված զրույցների ընդհանուր աղմուկի մեջ մարդիկ վերագտնում էին այն վստահությունը, որ մի քանի ժամ առաջ չունեին քաղաքի սև փողոցներում: Սովորույթը դուրս էր հանում ժանտախտը:
Ամբողջ առաջին գործողության ընթացքում Օրփեոսը հեշտությամբ էր գանգատվում, մի քանի պատմուճան հագած կանայք վայելուչ ձևով կարծիք հայտնեցին նրա դժբախտության մասին, և սերը երգվեց: Դահլիճը արձագանքեց թաքուն ջերմությամբ: Հազիվ նկատելի դարձավ, որ Օրփեոսը երկրորդ գործողության իր արիայի մեջ մտցնում էր ձայնի դողոցներ, որոնք չպետք է լինեին, և թեթև պաթետիկ չափազանցությամբ խնդրում էր դժոխքի տիրոջը, որ հուզվեր նրա արցունքներից: Մի քանի ցնցումներ խույս տվեցին նրանից, որոնք ավելի գիտակներին թվացին ոճավորման ազդեցություններ, երգչի մեկնաբանության նորույթներ:
Անհրաժեշտ եղավ Օրփեոսի և Էվրիդիկեի մեծ զուգերգը երրորդ գործողությունում (դա այն պահն էր, երբ Էվրիդիկեն փախչում էր իր սիրեկանից), որպեսզի դահլիճով անցներ մի որոշակի զարմանք: Եվ կարծես երգիչը հասարակության այս շարժմանը սպասելիս լիներ, կամ, ավելի որոշակիորեն, կարծես պարտերից եկած շշնջյունը հաստատեր իր զգացումը, նա այս պահը ընտրեց, որպեսզի կոպիտ շարժումով առաջանար դեպի բեմեզրը, հնաոճ հագուստի մեջ թևերն ու ոտքերը իրարից հեռացրած փուլ գալու համար դեկորների մեջտեղում, որը երբեք չէր դադարել ժամանակավրեպ լինելուց, բայց որը, հանդիսատեսների աչքին առաջին անգամ, այն էլ իսկական չարագուշակ ձևով, այդպիսին դարձավ: Նույն ժամանակ նվագախումբը լռեց, պարտերի մարդիկ վեր կացան և դանդաղորեն սկսեցին դահլիճը դատարկել, նախ լռության մեջ, ինչպես դուրս են գալիս եկեղեցուց, արարողության ավարտից, կամ մահամերձի սենյակ այցելելուց հետո: Կանայք հավաքել էին իրենց հագուստների փեշերը և դուրս էին գալիս գլուխները խոնարհած, տղամարդիկ՝ իրենց ընկերուհիների արմունկներից բռնած, նրանց պաշտպանելով հավելյալ աթոռներին դեպչելուց: Բայց քիչ-քիչ շարժումը արագացավ, շշնջյունը դարձավ բացականչություն և բազմությունը խուժեց դեպի ելքերը, այնտեղ սկսեց սեղմվել, հետո հրմշտվել՝ բղավելով: Քոթարը և Տարրուն, որոնք միայն վեր էին կացել, մենակ էին մնացել պարտերում, և նայում էին այդ ժամանակվա իրենց կյանքի դրամատիկ պատկերին, ժանտախտը բեմի վրա էր հոդերը կտրված խեղկատակի կերպարանքով, իսկ դահլիճում թիկնաթոռների կարմրի վրա մնացել էին արդեն անիմաստ դարձած զարդարանքի և ճոխության մոռացված առարկաներ:
* * *
Սեպտեմբեր ամսվա առաջին օրերին Ռամբերը լրջորեն աշխատել էր Դիեի կողքին: Մի անգամ միայն նա մի օրվա արձակուրդ էր խնդրել, երբ պետք է հանդիպեր Գոնզալեսին և երկու երիտասարդներին՝ արական լիցեի առջև:
Այդ օրը, կեսօրին, Գոնզալեսը և լրագրողը տեսան երկու փոքրերին, որ ծիծաղում էին: Նրանք ասացին, որ նախորդ անգամին բախտ չէին ունեցել, բայց դրան պետք էր սպասել: Բոլոր դեպքերում պահակության իրենց շաբաթը չէր: Պետք էր համբերել մինչև հաջորդ շաբաթը: Հետևաբար պետք է նորից սկսեին: Ռամբերը ասաց, որ դա ճիշտ բառն էր: Գոնզալեսը մի նոր ժամադրություն առաջարկեց հաջորդ երեկոյի համար: Այս անգամ Ռամբերին պետք է տեղավորեին Մարսելի և Լուիի մոտ: «– Մենք կժամադրվենք, դու և ես: Եթե ես չլինեմ, դու ուղիղ կգնաս նրանց մոտ: Քեզ կբացատրեն, թե որտեղ են ապրում:» Բայց Մարսելը, կամ Լուին, ասաց, որ ամենապարզ ձևը ընկերոջը անմիջապես առաջնորդելն էր: Եթե համաձայն էր, չորս հոգու բավարար ուտելու բան կար այնտեղ: Եվ այս ձևով, նա ամեն ինչից տեղյակ կլիներ: Գոնզալեսը այդ գաղափարը շատ հարմար գտավ և նրանք իջան դեպի նավահանգիստ:
Մարսելը և Լուին ապրում էին նավահանգստի թաղամասի ծայրամասում, դռների մոտ, որոնք բացվում էին առափնյա պողոտայի վրա: Դա իսպանական մի փոքրիկ տուն էր, հաստ պատերով, ներկված փայտե փեղկերով, դատարկ և ստվերոտ սենյակներով: Երիտասարդների մայրը, մի ծեր, ժպտերես և կնճռոտ կին, բրինձ հյուրասիրեց: Գոնզալեսը զարմացավ, որովհետև քաղաքում արդեն բրինձ չկար: «– Դռների մոտ լավ ենք ապրում»,– ասաց Մարսելը: Ռամբերը ուտում և խմում էր, Գոնզալեսը ասաց, որ նա իսկական ընկեր տղա էր, մինչ լրագրողը մտածում էր միայն շաբաթվա մասին, որ պետք է անցներ:
Իրականում պետք եղավ երկու շաբաթ սպասել, որովհետև պահակների հերթապահությունը վերածվել էր երկու շաբաթի, խմբերի թիվը պակասեցնելու համար: Այդ տասնհինգ օրվա ընթացքում Ռամբերը աշխատեց առանց իրեն խնայելու, անընդհատ, աչքերը մի տեսակ փակ, արշալույսից մինչև գիշեր: Ուշ գիշերին նա պառկում էր և քնում խորը քնով: Անգործությունից այս հալումաշ անող աշխատանքին հանկարծակի անցումը նրան համարյա թողել էր առանց երազի և առանց ուժի: Նա քիչ էր խոսում իր մոտակա փախուստի մասին: Նկատելի էր մի փոփոխություն, շաբաթվա վերջում նա խոստովանեց բժշկին, որ նախորդ գիշերը, առաջին անգամ լինելով, հարբել էր: Բարից դուրս գալուց հետո հանկարծ այն տպավորությունն էր ստացել, որ իր աճուկները մեծանում էին, ձեռքերը դժվարությամբ էին շարժվում անութների շուրջը: Մտածել էր, որ ժանտախտ է: Միակ ռեակցիան, որ կարող էր ունենալ և որի անտրամաբանական լինելու մասին համաձայնվեց Ռիեի հետ, վազելն էր դեպի քաղաքի բարձունքները և այնտեղ, մի վայրից, որտեղից ծովը չէր երևում, բայց որտեղից երկինքը մի քիչ ավելի էր երևում, բարձր գոռալով քաղաքի պատերի վրայով կանչել էր կնոջը: Տուն դառնալով և իր վրա վարակի ոչ մի նշան չգտնելով, նա այնքան էլ հպարտ չէր զգացել հանկարծակի նոպայի համար: Ռիեն ասաց, որ շատ լավ հասկանում էր նրան, որ հնարավոր էր այդպես վարվել:
– Ամեն պարագայում,– ասաց նա,– կարող է պատահել, որ մարդ նման ցանկություն ունենա:
– Պարոն Օթոնը այս առավոտ ձեր մասին խոսեց,– հանկարծ շարունակեց Ռիեն, երբ Ռամբերը դուրս էր գալիս,– նա ինձ խնդրեց, եթե ճանաչում եմ ձեզ. «Նրան խորհուրդ տվեք,– ասաց նա,– մաքսանենգության վայրերը չայցելել: Նկատելի է դառնում»:
– Իսկ դա ի՞նչ է նշանակում:
– Նշանակում է, որ պետք է շտապեք:
– Շնորհակալություն,– ասաց Ռամբերը բժշկի ձեռքը սեղմելով:
Դռան մոտ նա հանկարծ շուռ եկավ: Առաջին անգամ ժանտախտի սկզբից ի վեր, Ռիեն նկատեց նրա ժպիտը:
– Ինչո՞ւ չեք արգելում իմ գնալը: Դուք հնարավորություններ ունեք:
Ռիեն գլուխը շարժեց իր համար սովորական ձևով և ասաց, որ գնալը Ռամբերին վերաբերող գործ էր, քանի որ նա երջանկությունն էր ընտրել, և ինքը, Ռիեն, նրան հակադրվելու փաստարկներ չուներ: Նա անկարող էր դատել, թե ի՞նչն էր լավը, ինչը՝ վատ, այս գործում:
– Այս պայմաններում ինչո՞ւ եք ինձ խորհուրդ տալիս շտապելու:
Ռիեն իր հերթին ժպտաց:
– Գուցե նրա համար, որ ցանկություն ունեմ, ես էլ որևէ բան անել երջանկության համար:
Հաջորդ օրը միասին աշխատեցին, բայց ոչինչ չխոսեցին: Շաբաթվա սկզբին Ռամբերը վերջապես հաստատվեց իսպանական փոքր տանը: Նրա համար մի մահճակալ էին դրել ընդհանուր սենյակում: Քանի որ երիտասարդները ճաշին տուն չէին գալիս, և քանի որ նրան ասել էին հնարավորին չափ քիչ դուրս գալ, նա այնտեղ ընդհանրապես մենակ էր ապրում, կամ զրուցում էր նրանց իսպանուհի մոր հետ: Շատ նիհար և գործունյա, սևազգեստ, մաքուր և սպիտակ մազերի տակ թուխ և կնճռոտ դեմքով մի կին էր նա: Լուռ, նա ժպտում էր միայն աչքերով, երբ նայում էր Ռամբերին:
Մի անգամ հարցրեց, թե չէ՞ր վախենում ժանտախտ տանել կնոջը: Ռամբերը պատասխանեց, որ դա բացառված չէր, բայց դրա հնարավո-րությունը նվազագույն էր, մինչդեռ քաղաքում մնալով առհավետ բաժանվելու վտանգին էր ենթարկվում:
– Նա բարի՞ է,– հարցրեց ծեր կինը ժպտալով:
– Շատ բարի:
– Գեդեցի՞կ է:
– Իմ կարծիքով, այո:
– Հասկանում եմ,– ասաց կինը,– դրա համար է:
Ռամբերը մտածում էր: Անկասկած դրա համար էր, բայց անկարելի էր, որ միայն դրա համար լիներ:
– Բարի Աստծուն չե՞ք հավատում,– ասաց ծեր կինը, որ ամեն առավոտ եկեղեցի էր գնում:
Ռամբերը խոստովանեց, որ չի հավատում, և ծեր կինը կրկնեց, որ դրա համար էր:
– Պետք է միանաք նրան, դուք իրավացի եք: Եթե ոչ, ձեզ ի՞նչ է մնում:
Մնացած ժամանակը Ռամբերը պտտվում էր մերկ և ծեփոտված պատերի շուրջը, շոյելով միջնորմներից մեխված հովհարները, հաշվում էր բրդյա հանգույցները, որոնցով ծոպեր էին սարքել սեղանի գորգի եզրերին: Երեկոյան երիտասարդները վերադառնում էին: Նրանք շատ չէին խոսում, բացի ասելուց, որ դեռևս հարմար պահը չէր: Ընթրիքից հետո Մարսելը կիթառ էր նվագում, և նրանք անխռով լիկյոր էին խմում: Ռամբերը մտածում էր: Չորեքշաբթի օրը Մարսելը ներս մտավ ասելով՝ «Վաղը երեկո, կես գիշերին: Պատրաստ եղիր»: Երկու մարդկանցից մեկը, որոնք պահակ էին կանգնում իրենց հետ, ժանտախտով վարակվել էր, իսկ մյուսը, որ սովորաբար առաջինի հետ էր ապրում, բժշկական հսկողության տակ էր: Այսպիսով, Մարսելը և Լուին երկու կամ երեք օր մենակ էին լինելու: Գիշերվա ընթացքին դասավորելու էին վերջին մանրամասնությունները: Հաջորդ օրը փախուստը հնարավոր էր լինելու: Ռամբերը շնորհակալություն հայտնեց: «Գո՞հ եք»՝ հարցրեց ծեր կինը: Նա այո պատասխանեց, բայց այդ պահին ուրիշ բանի մասին էր մտածում:
Հաջորդ օրը, ծանր մի երկնքի տակ, շոգը խոնավ և հեղձուցիչ էր: Ժանտախտի լուրերը վատ էին: Ծեր իսպանուհին սակայն պահպանում էր իր սառնասրտությունը: «– Աշխարհում մեղք կա,– ասում էր նա,– ի՞նչ կարող ես ակնկալել»: Մարսելի և Լուիի նման Ռամբերը մեջքից վեր մերկ էր: Բայց ինչ էլ արեց, քրտինքը հոսում էր ուսերի միջով և կրծքի վրայով: Փակ դռներով տան կիսամութի մեջ նրանց թուխ մարմինները փայլում էին: Ռամբերը լուռ պտույտ էր գալիս: Հանկարծ, կեսօրից հետո ժամը չորսին, նա հագնվեց և հայտարարեց, որ դուրս էր գալիս:
– Ուշադիր եղիր,– ասաց Մարսելը,– կես գիշերը չմոռանաս: Ամեն ինչ արդեն դասավորված է:
Ռամբերը գնաց բժշկի մոտ: Ռիեի մայրը ասաց, որ որդուն կարող էր գտնել քաղաքի վերևի հիվանդանոցում: Պահակակետի դիմաց նույն բազմությունը ինքն իր վրա պտույտ էր գալիս: «– Շարժվեցեք,– ասում էր կլոր աչքերով մի սերժանտ: Մարդիկ շարժվում էին շրջանաձև, չէին հեռանում: «– Սպասելու բան չկա»,– ասում էր սերժանտը, որի քրտինքը բաճկոնից դուրս էր ծորում: Մյուսներն էլ նույն կարծիքին էին, համենայն դեպս մնում էին, հակառակ մահացու շոգին: Ռամբերը ցույց տվեց իր անցաթուղթը սերժանտին, որը մատնացույց արեց բակի վրա բացվող Տարրուի գրասենյակի դուռը: Ճանապարհին նա հադիպեց հայր Պանլուին, որ գրասենյակից դուրս էր գալիս:
Մի փոքր սպիտակ կեղտոտ սենյակում, որ դեղ էր բուրում և թաց սպիտակեղեն, Տարրուն, սև փայտե սեղանի ետևում նստած, շապկի թևերը ծալած, թաշկինակով սրբում էր թևատակից հոսող քրտինքը:
– Դեռ այստե՞ղ ես,– ասաց նա:
– Այո, ուզում եմ Ռիեի հետ խոսել:
– Նա սրահում է: Եթե գործդ առանց նրան կարելի է կարգադրել, ավելի լավ կլինի:
– Ինչու:
– Նա գերհոգնած է: Նրան ազատում եմ, ինչից կարողանում եմ:
Ռամբերը նայեց Տարրուին: Վերջինս նիհարել էր: Հոգնությունը խառնել էր նրա աչքերի ու դեմքի գծերը: Նրա ուժեղ ուսերը հավաքված էին: Դուռը թակեցին, և սպիտակ դիմակով մի բուժաշխատող մտավ: Նա Տարրուի գրասեղանին դրեց մի տրցակ քարտ և մի ձայնով, որ բերանի վիրակապից մարում էր, ասաց, «վեց», հետո դուրս եկավ: Տարրուն նայեց լրագրողին և ցույց տվեց քարտերը, պատահականորեն դասավորելով.
– Գեղեցիկ քարտեր են, չէ՞: Մահացածներինն են, գիշերվա մահացածներինը:
Նրա ճակատը ակոսվել էր: Նա ծալեց քարտերի տրցակը:
– Միակ բանը, որ մնում է անել, հաշվապահությունն է:
Տարրուն վեր կացավ սեղանին հենվելով:
– Շուտով գնալո՞ւ ես:
– Այսօր, կես գիշերին:
Տարրուն ասաց, որ ինքը ուրախ է, և որ Ռամբերը պետք է զգույշ լինի:
– Դուք այդ լրջորե՞ն եք ասում:
Տարրուն ուսերը բարձրացրեց.
– Իմ տարիքում մարդիկ պարտավոր են լուրջ լինել: Ստելը շատ հոգնեցուցիչ է:
– Տարրու,– ասաց լրագրողը,– ուզում եմ բժշկին տեսնել: Ներեցեք ինձ:
– Հասկանում եմ: Նա ավելի մարդկային է, քան ես: Գնանք:
– Հարցը այդ չէ,– ասաց Ռամբերը դժվարությամբ և կանգ առավ:
Տարրուն նայեց նրան և հանկարծ ժպտաց:
Նրանք քայլեցին մի միջանցքով, որի պատերը բաց կանաչ էին ներկված, և որտեղ ակվարիումի մի լույս էր լողում: Կրկնակի ապակեպատ մի դռան չհասած, որի ետևում երևում էր ստվերների հետաքրքրական մի շարժում, Տարրուն Ռամբերին մտցրեց շատ փոքր, ազդագրերով ծածկված մի սրահ: Բաց արեց դրանցից մեկը, ախտահանողից երկու դիմակ ուզեց, մեկը մեկնեց Ռամբերին և ասաց, որ ծածկվի, լրագրողը հարցրեց, թե դա որևէ բանի ծառայում է, Տարրուն պատասխանեց, ոչ, բայց մյուսներին վստահություն է ներշնչում:
Նրանք հրեցին ապակեպատ դուռը: Մի հսկա սրահ էր, հակառակ տարվա եղանակին՝ լուսամուտները հերմետիկորեն փակված: Պատերի վերևում սարքեր էին աշխատում, դրանք օդափոխիչներ էին. նրանց կեռ թևերը շարժում էին ծանրացած և տաքացած օդը երկշարք գորշ մահճակալների վերևում: Բոլոր կողմերից խուլ կամ սուր հառաչանքներ էին բարձրանում, որոնք միապաղաղ գանգատ էին դառնում: Սպիտակ հագած մարդիկ դանդաղորեն տեղից տեղ էին գնում առատ լույսի տակ, որ թափվում էր բարձր, վանդակապատ անցքերից: Ռամբերը վատ զգաց սրահի սարսափելի շոգից և դժվարությամբ ճանաչեց Ռիեին, որ հակվել էր մի հսկա, հառաչող մարմնի վրա: Բժիշկը վիրահատում էր հիվանդի աճուկները, որոնք երկու բուժաշխատողներ, մահճակալի երկու կողմերից, իրարից հեռու էին պահում: Բժիշկը ուղղեց մարմինը, գործիքները թողեց մի կոնքի մեջ, որ մի օգնական մեկնել էր նրան և մի պահ անշարժ մնաց, նայելով այն մարդուն, որին նոր էին վիրակապել:
– Ի՞նչ նորություն,– հարցրեց նա Տարրուին, որ մոտեցավ նրան:
– Պանլուն համաձայնվում է Ռամբերին փոխարինել կարանտինում: Նա արդեն բավական գործ արեց: Մնում է հեռանկարային երկրորդ խումբը նորից հավաքել առանց Ռամբերի:
Ռիեն գլխով հավանություն տվեց:
– Քասթելը պատրաստել է իր առաջին պրեպարատը: Նա առաջարկում է փորձարկել:
– Հա՞,– ասաց Ռիեն,– դա լավ լուր է:
– Եվ վերջապես, Ռամբերն այստեղ է, եկել է քեզ մոտ:
Ռիեն շուռ եկավ: Դիմակի վրայից նրա աչքերը կկոցվեցին լրագրողին տեսնելով:
– Ի՞նչ եք անում այստեղ,– ասաց նա,– դուք ուրիշ տեղ պետք է լինեիք:
Տարրուն ասաց, որ այդօր, կեսգիշերին են պայմանավորված, իսկ Ռամբերը ավելացրեց՝ տեսականորեն:
Ամեն անգամ, որ նրանցից մեկնումեկը խոսում էր, գազի դիմակը ուռչում էր, և բերանի տեղը թացանում էր: Դա զրույցը անիրական էր դարձնում– ինչպես արձանների զրույցը:
– Ուզում եմ ձեզ հետ խոսել,– ասաց Ռամբերը:
– Միասին դուրս կգանք, եթե ցանկանում եք: Տարրուի գրասենյակում սպասեցեք ինձ:
Մի քիչ հետո Ռամբերը և Ռիեն տեղավորվեցին բժշկի մեքենայի ետևի նստատեղի վրա: Մեքենան վարում էր Տարրուն:
– Բենզին չկա,– ասաց վերջինը շարժիչը գործի գցելով,– վաղը ոտքով ենք գնալու:
– Բժիշկ,– ասաց Ռամբերը,– ես չեմ մեկնում և ուզում եմ ձեզ հետ մնալ:
Տարրուն շարժում չարեց: Նա շարունակում էր վարել: Ռիեն չէր կարողանում իր հոգնությունից դուրս գալ:
– Իսկ նա՞,– հարցրեց նա խուլ ձայնով:
Ռամբերը ասաց, որ երկար էր մտածել, որ շարունակում էր հավատարիմ մնալ իր հավատացածին, բայց եթե մեկներ, պիտի ամաչեր: Այն իրեն խանգարելու էր սիրել նրան, որին թողել էր հեռվում: Ռիեն ուղղվեց տեղում և հաստատ ձայնով ասաց, որ դա հիմարություն էր, և երջանկությունը նախընտրելու մեջ ամաչելու ոչինչ չկար:
– Այո,– ասաց Ռամբերը,– բայց ամոթ է բոլորովին մենակ երջանիկ լինելը:
Տարրուն, որ մինչ այդ լռել էր, առանց գլուխը շուռ տալու նկատեց, որ եթե Ռամբերը ուզում է բաժանել մարդկանց դժբախտությունը, երբեք ժամանակ չի ունենա երջանկության համար: Պետք էր ընտրել:
– Ոչ, հարցը այդ չէ,– ասաց Ռամբերը,– ես միշտ մտածել եմ, որ այս քաղաքում օտարական եմ և ոչինչ չունեմ անելու ձեզ հետ: Բայց այժմ, երբ տեսա այն, ինչ տեսա, հասկացա, որ այստեղացի եմ. ուզենամ, թե ոչ: Այս պատմությունը մեզ բոլորիս է վերաբերում:
Ոչ ոք չպատասխանեց, և Ռամբերը անհամբեր դարձավ:
– Դուք ինքներդ գիտեք արդեն: Եթե ոչ, ի՞նչ էիք անում այս հիվանդանոցում: Ուրեմն դուք ընտրե՞լ եք ու երջանկությունից հրաժարվե՞լ:
Ոչ Ռիեն, ոչ էլ Տարրուն չպատասխանեցին: Լռությունը երկար տևեց, մինչև որ մոտեցան բժշկի տանը: Ռամբերը տվեց իր վերջին հարցը, այս անգամ ավելի մեծ ուժով: Ռիեն դարձավ նրա կողմը: Ճիգ գործ դնելով նա տեղից վեր կացավ:
– Ներեցեք ինձ, Ռամբեր,– ասաց նա,– բայց ես ինքս չգիտեմ: Մնացեք մեզ հետ, քանի որ ցանկանում եք:
Մի մեքենայի շչակ նրան ստիպեց լռել: Հետո նա շարունակեց դիմացը նայելով.
– Աշխարհում ոչ մի բան չարժե, որպեսզի մարդ իր սիրածից հեռանա: Սակայն ես էլ եմ հեռանում, առանց իմանալ կարողանալու, թե ինչու:
Նա իրեն բաց թողեց և ընկավ նստատեղի վրա:
– Դա իրողություն է. ահա ամբողջը,– ասաց նա հևասպառ: Արձանագրենք փաստը և հետևանքները դուրս հանենք:
– Ի՞նչ հետևանքներ,– հարցրեց Ռամբերը:
– Էհ,– ասաց Ռիեն,– հնարավոր չէ միաժամանակ և բուժել, և իմանալ: Հետևաբար բուժենք հնարավոր ամենաարագ ձևով: Ամենաշտապ գործը այդ է:
Կեսգիշերին Տարրուն և Ռիեն Ռամբերի համար այն թաղամասի պլանն էին կազմում, որը պարտավորվել էր հսկել, երբ Տարրուն նայեց իր ժամացույցին: Բարձրացնելով գլուխը, նա հանդիպեց Ռամբերի հայացքին:
– Զգուշացրե՞լ ես նրանց:
Լրագրողը հայացքը շուռ տվեց.
– Նրանց երկտող եմ ուղարկել,– ասաց նա ճիգ գործ դնելով,– ձեզ տեսնելու գալուց առաջ:
* * *
Հոկտեմբերի վերջին օրերին փորձարկեցին Քասթելի շիճուկը: Գործնականում դա Ռիեի վերջին հույսն էր: Ձախողության դեպքում բժիշկը համոզված էր, որ քաղաքը լքվելու էր հիվանդության քմահաճույքին, որ համաճարակը պիտի շարունակեր իր ազդեցությունը դեռևս երկար ամիսներ, կամ պիտի որոշեր կանգ առնել առանց պատճառի:
Քասթելի այցելության նախորդ երեկոն պարոն Օթոնի որդին հիվանդացել էր, և ամբողջ ընտանիքը կարանտինի տակ պիտի առնվեր: Մայրը, որ շատ քիչ ժամանակ առաջ էր այնտեղից դուրս եկել, նորից առանձնացվեց: Տրված հրահանգները հարգող քննիչը, երեխայի մարմնի նշաններին նայելուց հետո անմիջապես կանչել տվեց բժիշկ Ռիեին: Երբ Ռիեն եկավ, հայրն ու մայրը մահճակալի ոտքերի առջև կանգնած էին: Փոքրիկ աղջիկը հեռացված էր: Երեխան ուժաթափ վիճակում էր և առանց գանգատվելու թողեց, որ իրեն քննեն: Գլուխը բարձրացնելով՝ բժիշկը հանդիպեց քննիչի հայացքին, նրա ետևում կանգնել էր մայրը, մի թաշկինակ բերանին սեղմած և բժշկի շարժումներին էր հետևում լայն բացված աչքերով:
– Դա է, այնպես չէ՞,– ասաց դատավորը սառը ձայնով:
– Այո,– պատասխանեց Ռիեն նորից երեխային նայելով:
Մոր աչքերը խոշորացան, բայց շարունակեց չխոսել: Դատավորը նույնպես լռում էր, հետո խոսեց ավելի ցածր ձայնով:
– Ուրեմն, բժիշկ, մենք պետք է անենք այն, ինչ նախատեսված է:
Ռիեն խուսափում էր մորը նայելուց, որը շարունակում էր թաշկինակը բերանին պահել:
– Այդ գործը արագ կարվի,– ասաց նա վարանելով,– եթե կարող եմ զանգահարել:
Պարոն Օթոնը ասաց, որ ցույց կտա հեռախոսի տեղը: Բժիշկը դարձավ դեպի կինը.
– Վշտացած եմ: Դուք պետք է ինչ-որ բաներ պատրաստեք: Գիտե՞ք, թե ինչ:
Տիկին Օթոնը կարծես արգելակված էր: Նա գետնին էր նայում:
– Այո,– ասաց նա գլուխը ցնցելով,– հենց այդ էի ուզում անել:
Մեկնելուց առաջ Ռիեն չկարողացավ չհարցնել նրանց, թե որևէ բանի կարիք ունեի՞ն: Կինը շարունակում էր լուռ նրան նայել: Բայց այս անգամ դատավորը հայացքը շուռ տվեց:
– Ոչ,– ասաց նա, հետո թուքը կուլ տվեց,– բայց փրկեցեք իմ երեխային:
Կարանտինը, որ սկզբում պարզ ձևականություն էր, այժմ խիստ կերպով կազմակերպված էր Ռիեի և Ռամբերի կողմից: Նրանք հատուկ հսկողություն էին սահմանել, որպեսզի նույն ընտանիքի անդամները մեկը մյուսից առանձնացվեն: Եթե ընտանիքի մի անդամը վարակված լիներ առանց իմանալու, պետք չէր բազմապատկել հիվանդանալու հնարավորությունները: Ռիեն իր պատճառաբանությունները բացատրեց դատական քննիչին, որը դրանք օգտակար գտավ: Սակայն կինն ու նա իրար այնպես նայեցին, որ բժիշկը հասկացավ, թե ինչ չավտվ այս բաժանումը ազդում էր նրանց վրա: Տիկին Օթոնը և իր Փոքրիկ աղջիկը կարող էին տեղավորվել Ռամբերի ղեկավարած հյուրանոցի կարանտինում: Բայց դատարանի քննիչի համար տեղ կար միայն առանձնացման ճամբարում, որ պրեֆեկտուրան ճանապարհների վարչության տրամադրած վրանների օգնությամբ պատրաստելու վրա էր քաղաքապետարանի ստադիոնում: Ռիեն ներողություն խնդրեց, իսկ պարոն Օթոնը ասաց, որ բոլորի համար նույն օրենքը պետք է գոյություն ունենա, և ամենաճիշտը օրենքին հպատակվելն էր:
Երեխան փոխադրվեց օժանդակ հիվանդանոցի մի նախկին դասասենյակը, որտեղ տասը մահճակալ էր դրված: Շուրջ քսան ժամ հետո Ռիեն նրա վիճակը անհույս համարեց: Փոքրիկ մարմինը առանց դիմադրելու թողել էր, որ վարակը հոշոտեր իրեն: Շատ փոքրիկ, ցավոտ, հազիվ կազմված ուռուցքները փակել էին նրա կարկտահար մարմնի հոդերի շարժումները: Նա ի սկզբանե պարտված էր: Ահա թե ինչու Ռիեն Քասթելի շիճուկը նրա վրա օգտագործելու միտքը ունեցավ: Նույն գիշերը, ընթրիքից հետո նրանք սրսկում կատարեցին, երեխան որևէ ռեակցիա չտվեց: Հաջորդ օրը, արշալույսին, բոլորը գնացին փոքրիկ տղայի մոտ, այս վճռական փորձի արդյունքները տեսնելու համար:
Ճմռթված սավանների մեջ պառկած երեխան դուրս եկավ իր թմրությունից: Բժիշկ Քասթելը և Տարրուն առավոտյան ժամը չորսից նրա մոտ էին և քայլ առ քայլ հետևում էին հիվանդության առաջխաղացքին կամ դադարին: Տարրուի հսկա մարմինը մահճակալի վրա երկտակված էր: Մահճակալի ոտքերի մոտ կանգնած էր Ռիեն, իսկ Քասթելը նստած, արտաքնապես շատ հանգիստ տեսքով մի հին գիրք էր կարդում: Նախկին դասասենյակում քիչ առ քիչ տարածվող լույսի հետ եկան նաև մյուսները: Պանլուն տեղավորվեց մահճակալի մյուս կողմում՝ Տարրուի դիմաց և հենվեց պատին: Նրա դեմքին կարդացվում էր վշտալի արտահայտություն: Ամբողջ այս օրերի հոգնությունը նրա ճակատին կնճիռներ էր գծել: Եկավ նաև Ժոզեֆ Գրանը: ժամը յոթն էր, նա շնչասպառ էր եղել և ուշանալու համար ներողություն խնդրեց: Ասաց, որ մի վայրկյանով էր եկել, ուզում էր իմանալ, թե որևէ որոշակի բան հայտնի՞ էր: Անխոս, Ռիեն ցույց տվեց երեխային, որ ավերակված դեմքի վրա փակ աչքերով գլուխը անընդհատ աջից ձախ էր շուռումուռ տալիս առանց երեսի երկարուկ բարձի վրա: Արդեն բավական լույս էր, և սրահի խորքում, գրատախտակի վրա կարելի էր նշմարել հավասարության հնից մնացած ֆորմուլան, երբ հասավ Ռամբերը: Նա թիկնեց հարևան մահճակալին և գրպանից հանեց սիգարետի տուփը: Բայց երեխային նայելուց հետո տուփը ետ դրեց գրպանը:
Քասթելը, շարունակելով նստած մնալ, ակնոցի վրայից նայում էր Ռիեին.
– Հորից լուր ունե՞ք:
– Ոչ,– ասաց Ռիեն,– նա մեկուսացման ճամբարում է:
Բժիշկ Ռիեն ուժեղ սեղմում էր մահճակալի երկաթը, որի վրա երեխան տառապում էր: Նա աչքերը չէր հեռացնում փոքրիկ հիվանդից, որ հանկարծ փայտացավ, ատամները սեղմած կուչ եկավ, հետո մարմնի ուղղությամբ տարածեց թևերն ու ոտքերը: Զինվորական ծածկոցի տակի փոքրիկ մերկ մարմնից սպիտակեղենի և քրտինքի սուր հոտ էր փչում: Երեխան դանդաղորեն թուլացրեց մարմինը, թևերն ու ծնկները մահճակալի կենտրոնը բերեց և աչքերը փակ, լուռ, թվաց, որ ավելի արագ էր շնչում: Ռիեի աչքերը հանդիպեցին Տարրուի հայացքին, որ գլուխը շուռ տվեց:
Նրանք մինչ այդ տեսել էին մահացող երեխաներ, որովհետև աղետը, ամիսներ արդեն, ընտրություն չէր անում, բայց դեռևս երբեք նրանք րոպե առ րոպե չէին հետևել նրանց տառապանքին, ինչպես անում էին առավոտվանից: Այս անմեղներին պարտադրված տառապանքը երբեք չէր դադարում նրանց խայտառակություն թվալուց: Եվ դա այդպես էր: Բայց մինչ այդ նրանք ամաչում էին տեսականորեն, ոչ որոշակիորեն, որովհետև երբեք չէին նայել մի անմեղի տառապող դեմքին:
Այդ պահին, կարծես ստամոքսից կծված, երեխան նորից էր կծկվում հազիվ լսելի հառաչանքով: Նա այդպես կծկված մնաց երկար ժամանակ սարսուռներից և ցնորական դողից ծեծկված, կարծես նրա դյուրաբեկ կմախքը ծալվում էր ժանտախտի կատաղի քամուց և ջարդոտվում էր տենդի կրկնակի ուժեղացած շնչի տակ: Կարճ, բայց բուռն մրրիկի անցնելուց հետո նա մի քիչ թուլացավ, թվաց, որ տենդը նահանջում էր՝ նրան լքելով շնչահատ, խոնավ և թունավորված մի ավազոտ ափի վրա, որտեղ հանգիստը արդեն մահվան էր նման: Երբ այրող ալիքը նորից, արդեն երրորդ անգամ վրա հասավ, երեխան մի քիչ տեղից բարձրացավ, նորից կծկվեց, այրող հրդեհի արհավիրքի մեջ նահանջեց անկողնի խորքը և ծածկոցը մի կողմ նետելով, սկսեց խենթորեն գլուխը շարժել: Խոշոր արցունքներ ժայթքեցին նրա հրդեհված կոպերի տակից, որոնք հոսեցին նրա կապարանման դեմքի վրայով: Տագնապի վերջում, ուժասպառ, գալարելով և կծկելով ոսկրոտ ծնկները և թևերը, որոնց մսերը հալվել էին քառասունութ ժամում, ավերված անկողնի վրա, երեխան ստացավ խաչվածի արտառոց դիրք:
Տարրուն հակվեց և իր խոշոր, ծանր ձեռքով սրբեց արցունքով ու քրտինքով ողողված փոքրիկ դեմքը: Քասթելը փակել էր գիրքը և նայում էր հիվանդին: Նա մի նախադասություն սկսեց, բայց ստիպված եղավ հազալ այն ավարտելու համար, որովհետև ձայնը հանկարծ խեղդվեց կոկորդում:
– Հիվանդությունը առավոտյան անկում չի ունեցել, չէ՞, Ռիե:
Ռիեն բացասական պատասխան տվեց, հետո ասաց, որ երեխան դիմադրում էր սովորականից երկար: Պանլուն, որ կարծես պատի դեմ ճնշված մնացել էր, ասաց խուլ ձայով:
– Եթե պիտի մահանա, դրանից ավելի երկար կտառապի:
Ռիեն հանկարծ շուռ եկավ նրա կողմը, բերանը բացեց խոսելու համար, բայց լռեց և իրեն տիրապետելու համար ակնհայտ ճիգ գործ դնելով հայացքը նորից դարձրեց երեխայի կողմը:
Լույսը ուժեղանում էր սրահում: Մյուս հինգ մահճակալների վրա մարմնաձևերը շարժվում էին հառաչելով, բայց այնպիսի զգուշավորությամբ, կարծես միաբանված լինեին: Մեկը միայն, սրահի մյուս ծայրին, որ բղավում էր կանոնավոր ընդմիջումներով, փոքր բացականչություններ էր արձակում, որ ավելի զարմանքի արտահայտություն էր կարծես, քան ցավի: Երևում էր, որ նույնիսկ հիվանդների համար հիվանդության սկզբի վախը չկար: Այժմ կարծես մի տեսակ համակերպվածություն և համաձայնվածություն կար հիվանդությունը ընդունելու ձևերի մեջ: Միայն երեխան էր իր բոլոր ուժերով մաքառում դրա դեմ: Ռիեն ժամանակ առ ժամանակ, առանց անհրաժեշտության բռնում էր նրա զարկերակը: Իրականում այդ անում էր ավելի շատ սեփական անկարող անշարժությունից դուրս գալու համար, որտեղ ընկել էր: Աչքերը փակ նա զգում էր այդ շարժման խառնվելը իր սեփական արյան ժխորի հետ: Այդ ժամանակ նա իրեն շփոթում էր տանջահար երեխայի հետ և փորձում էր նրան պահել դեռևս անարատ մնացած իր ամբողջ ուժով: Բայց մի պահ իրար միացած իրենց երկու սրտերը շուտով անհամահունչ էին դառնում, երեխան փախչում էր, և իր ճիգը ընկղմվում էր դատարկության մեջ: Այդ ժամանակ նա բաց էր թողնում այդ նուրբ դաստակը և վերադառնում էր իր տեղը:
Տաք գույներով ներկված պատերի երկայնքին լույսը վարդագույնից անցնում էր դեղինի: Ապակու ետև մի տաք առավոտ էր ճարճատյունով բացվում: Հազիվ լսելի դարձավ Գրանի մեկնելը, որ խոստացավ վերադառնալ: Բոլորը սպասում էին: Երեխան, աչքերը միշտ փակ, մի քիչ հանգստացած էր թվում: Ձեռքերը, որոնք ճանկերի նման էին դարձել, մեղմորեն սեղմում էին մահճակալի եզրերը: Նրանք բարձրացան և սկսեցին մոտի ծածկոցը քերել, և հանկարծ երեխան ծալեց ծնկները, աճուկները փորի մոտ քաշեց և անշարժացավ: Այդ ժամանակ, առաջին անգամ լինելով նա բացեց աչքերը և նայեց Ռիեին, որ նրա դիմացն էր գտնվում: Նրա փոս ընկած դեմքը նման էր սառած, գորշ կավի, բերանը բացվեց, ու գրեթե անմիջապես բարձրացավ մի երկարատև աղաղակ, որը հազիվ կարելի էր շնչառությունից տարբերակել, սակայն հանկարծ սրահը լցվեց միապաղաղ, անհամաձայնեցված բողոքով, որը այնքան քիչ էր մարդկային, որ կարծես գալիս էր միանգամից բոլոր մարդկանցից: Ռիեն ատամները սեղմեց, իսկ Տարրուն շուռ եկավ: Ռամբերը մոտեցավ մահճակալին, Քասթելի մոտ և փակեց նրա ծնկների վրա բաց մնացած գիրքը: Պանլուն նայեց հիվանդությամբ թաթավուն, բոլոր տարիքների աղաղակով լեցուն մանկական այդ բերանին: Եվ սահեց ծնկների վրա: Ամեն մարդ բնական գտավ մի քիչ խեղդված, բայց անսասան գանգատի վրա հենված նրա ձայնը, որ կանգ չէր առնում․ «Տեր իմ, փրկեցեք այս երեխային»:
Երեխան շարունակում էր բղավել, իսկ նրա շուրջի հիվանդները տեղներում շարժվում էին: Այն, որի բացականչությունները չէին դադարել, սրահի մյուս ծայրին արագացրեց իր գանգատների ռիթմը, մինչև որ այն ևս դարձավ մի իսկական աղաղակ, մինչ մյուսները ավելի և ավելի ուժեղ էին հառաչում: Արցունքի մի ալիք սկսվեց սրահում, որ ծածկեց Պանլուի աղոթքը: Ռիեն, մահճակալի եզրին, հոգնությունից և զզվանքից հարբած փակեց աչքերը:
Երբ վերաբացեց աչքերը, Տարրուին գտավ մոտը:
– Պետք է գնամ,– ասաց Ռիեն,– այլևս չեմ կարող դիմանալ:
Բայց հանկարծ մյուս հիվանդները լռեցին: Այդ ժամանակ բժիշկը հասկացավ, որ երեխայի աղաղակը թուլացել էր, որ այն գնալով ավելի էր թուլանում և դանդաղորեն դադարում էր: Նրա շուրջը գանգատները վերսկսում էին, որպես խուլ, կարծես հեռավոր մի արձագանք այն պայքարին, որ ավարտվել էր արդեն: Որովհետև այն իսկապես ավարտվել էր: Քասթելը, որ անցել էր մահճակալի մյուս կողմը, ասաց, որ ավարտվել էր: Բերանը բաց, բայց լուռ, երեխան հանգստանում էր տակնուվրա եղած սպիտակների փոսում, միանգամից փոքրացած, արցունքի մնացորդները դեռ դեմքին:
Պանլուն մոտեցավ մահճակալին և խաչակնքեց: Հետո փեշերը հավաքեց և դուրս եկավ:
– Պետք է ամեն ինչ վերսկսե՞լ,– հարցրեց Տարրուն Քասթելին:
Ծեր բժիշկը գլուխը շարժեց:
– Գուցե,– ասաց նա կծկված ժպիտով:– Համենայն դեպս երկար դիմադրեց:
Իսկ Ռիեն արդեն հեռանում էր արագ քայլերով և այնպիսի դեմքով, որ երբ անցավ Պանլուի մոտով, վերջինս ձեռքը մեկնեց նրան կանգնեցնելու համար:
– Ուրե՞մն, բժիշկ,– հարցրեց նա:
Նույն ինքնամոռաց շարժումով Ռիեն շուռ եկավ և նրա վրա հարձակվեց.
– Այս մեկը, գոնե, անմեղ էր, դուք այդ լավ գիտեք:
Հետո նորից շուռ եկավ և դռնից Պանլուից առաջ անցնելով, հասավ դպրոցի բակի խորքը: Նա նստեց մի նստարանի վրա, փոշոտ փոքր ծառերի միջև և սրբեց արդեն աչքերի մեջ լցվող քրտինքը: Նա ցանկություն ուներ բղավելու, որպեսզի վերջապես քակվեր այն ուժեղ կապը, որ տրորում էր սիրտը: Ֆիկուսների ճյուղերի միջով շոգը դանդաղորեն հասնում էր նրան:
Առավոտյան կապույտ երկինքը արագորեն ծածկվում էր ճերմակավուն քողով, որ երկինքը ավելի խեղդուկ էր դարձնում: Ուժասպառ Ռիեն մեկնվեց նստարանի վրա: Նա դիտում էր ճյուղերը, երկինքը և դանդաղորեն, աստիճանաբար վանելով հոգնությունը, վերագտնում էր իր շնչառությունը:
– Ինչու ինձ հետ այդքան բարկությամբ խոսեցիք,– ասաց մի ձայն նրա ետևից,– այդ տեսարանը ինձ համար էլ անտանելի էր:
Ռիեն դարձավ Պանլուի կողմը.
– Ներեցեք ինձ,– ասաց նա,– հոգնությունը խենթացնում է: Բացի այդ, լինում են ժամեր, որ բացի զայրույթից, ուրիշ բան չեմ զգում:
– Հասկանում եմ,– շշնջաց Պանլուն,– դա զայրացուցիչ է, որովհետև դիմանալու չափից ավելի է: Բայց գուցե մենք պարտավոր ենք սիրել այն, ինչ հասկանալ չենք կարող:
Ռիեն միանգամից ուղղվեց: Նա Պանլուին նայեց ամբողջ ուժով ու կրքով ու գլուխը շարժեց:
– Ո՛չ, սրբազան հայր,– ասաց նա,– սիրո մասին ես ուրիշ կարծիք ունեմ: Եվ մինչև մահ պիտի մերժեմ այն արարչագործությունը, ուր երեխաներ են չարչարվում:
Պանլուի դեմքով մի այլայլված ստվեր անցավ:
– Ա՛հ, բժիշկ, ասաց նա տխրությամբ,– ես նոր եմ հասկանում, թե ինչն է կոչվում շնորհ:
Ռիեն նորից մեկնվել էր նստարանին: Վերադարձած հոգնության խորքից նա ավելի մեղմ պատասխանեց:
– Այն, ինչ ես չունեմ, գիտեմ: Բայց ձեզ հետ այդ մասին վիճել չեմ ուզում: Մենք միասին աշխատում ենք մի նպատակի համար, որ մեզ միացնում է հայհոյանքներից և աղոթքներից այն կողմ: Միայն դա է կարևոր:
– Այո,– ասաց Պանլուն,– այո: Դուք էլ աշխատում եք մարդու փրկության համար:
Ռիեն փորձեց ժպտալ:
– Մարդու փրկությունը ինձ համար շատ մեծ բառ է: Ես այդքան հեռու չեմ գնում: Ինձ հետաքրքրում է նրա առողջությունը, նախ և առաջ առողջությունը:
Պանլուն վարանեց.
– Բժիշկ,– ասաց նա:
Բայց կանգ առավ: Նրա ճակատից էլ քրտինքը սկսել էր ծորալ: Նա շշնջաց՝ ցտեսություն, և աչքերը փայլում էին, երբ վեր կացավ: Ուզում էր գնալ, երբ Ռիեն, որ մտածում էր, նույնպես վեր կացավ և մի քայլ արեց դեպի կրոնավորը:
– Նորից ներեցեք ինձ,– ասաց նա,– բարկության այդ պոռթկումը այլևս չի կրկնվի:
Պանլուն ձեռքը մեկնեց նրան և տխրությամբ ասաց.
– Եվ սակայն ես ձեզ չհամոզեցի:
– Դա ի՞նչ կարևոր է,– ասաց Ռիեն: Ես ատում եմ մահն ու չարիքը, դուք այդ լավ գիտեք: Եվ ցանկանաք, թե ոչ, մենք միասին ենք տառապելու նրանց հաղթելու համար:
Ռիեն պահում Էր Պանլուի ձեռքը:
– Տեսնում եք,– աասց նա խուսափելով նայել նրան,– Աստված ինքը այժմ չի կարող մեզ բաժանել:
* * *
Այն օրվանից, ինչ Պանլուն մտել էր սանիտարական ջոկատների մեջ, նա չէր հեռացել հիվանդանոցներից և այն վայրերից, ուր կարող էր հանդիպել ժանտախտին: Նա մտել էր ազատարարների շարքը, որովհետև նրան թվում էր, որ ինքը պետք է առաջին շարքում լիներ: Մահվան տեսարանները անպակաս էին եղել: Եվ թեև սկզբունքով նա շիճուկով պաշտպանված էր, իր հնարավոր մահվան մտահոգությունը նրան օտար չէր մնացել: Երևութապես նա պահպանել էր իր հանգստությունը, բայց այն օրվանից, ինչ երկար նայել էր երեխայի հոգևարքին, փոխված էր թվում: Նրա դեմքին կարդացվում էր ավելացող լարվածություն: Վերջերս, երբ նա Ռիեին ասաց, ժպտալով, որ այժմ պատրաստում է դասախոսությունների ցիկլ «կրոնավորը կարող է խորհրդակցել բժշկի հետ» թեմայով, բժիշկը այն տպավորությունը ստացավ, որ խոսքը ավելի լուրջ բանի մասին էր, քան այն, ինչ ասում էր Պանլուն: Բժիշկը ցանկություն ունեցավ ծանոթանալ այդ աշխատությանը. Պանլուն հայտարարեց, որ պատրաստվում էր մի քարոզ կարդալ տղամարդկանց հավաքավայրում, և որտեղ պիտի հայտներ իր որոշ տեսակետները:
– Ցանկանում եմ, որ գաք, բժիշկ, այդ թեման ձեզ կհետաքրքրի:
Սրբազան հայրը իր երկրորդ քարոզը արտասանեց փոթորկոտ մի օր: Ճիշտն ասած, ունկնդիրների շարքերը ավելի նոսր էին, քան առաջին քարոզի ժամանակ: Պատճառն այն էր, որ նման ներկայացումն այլևս մեր համաքաղաքացիների համար չուներ նորույթի ձգողականությունը: Այն դժվարին պայմաններով, որով անցնում էր մեր քաղաքը, նույնիսկ «նորույթ» բառը իր իմաստը կորցրել էր: Մարդկանց մեծամասնությունը երբ ամբողջովին ձեռք չի քաշում իր կրոնական պարտականություններից, կամ երբ ամբողջովին չի հարմարեցնում խորապես անբարոյական իր անձնական կյանքի հետ, պաշտամունքի սովորական գործողությունները փոխարինում է քիչ տրամաբանական ավելորդապաշտություններով: Մարդիկ ավելի մեծ հաճույքով կրում էին պաշտպանող մեդալիոններ կամ սուրբ Ռոշի հմայիլներ, քան պատարագի էին գնում:
Որպես օրինակ կարելի է բերել մեր համաքաղաքացիների չափից դուրս հավատքը մարգարեությունների նկատմամբ: Գարնանը լուր տարածվեց, որ մի վայրկյանից մյուսը հիվանդությունը վերջանալու էր: Ոչ ոք չմտածեց մյուսին հարց տալ համաճարակի ճշգրիտ տևողության մասին, դրա կարիքը չկար, որովհետև յուրաքանչյուրը ինքն իրեն համոզում էր, որ հիվանդությունը չէր լինելու: Բայց օրերի անցնելու հետ սկսեցին վախենալ, որ այս դժբախտությունը իսկապես վերջ չուներ, և համաճարակի միանգամից դադարելու միտքը բոլոր հույսերի առարկան դարձավ: Այսպիսով, տարբեր մարգարեություններ, քուրմերին կամ կաթոլիկ եկեղեցու սուրբերին վերաբերող, հաջորդում էին իրար: Քաղաքի տպագրիչները շատ արագ տեսան այն շահը, որ կարող էին քաղել այս հիմարացումից և տարածեցին բազմաթիվ օրինակներով սպառվող պատմություններ: Տեսնելով, որ հասարակայնության հետաքրքրությունը անհագ էր, սկսեցին որոնումներ կատարել քաղաքապետարանի գրադարաններում գտնելու համար նման վկայություններ, որ փոքր պատմություններով կարելի էր մատուցել, և դրանք տարածեցին քաղաքում: Երբ անցյալի պատմության նման մարգարեությունները սպառվեցին, հրատարակիչները պատվերներ տվեցին լրագրողներին, որոնք գոնե այս հարցում այնքան կարողություն ցուցադրեցին, որքան իրենց նախորդները անցած դարերում:
Անշուշտ, նման մարգարեություններ թերթոնի ձևով տպագրվում էին լրագրերում և նվազ ագահությամբ չէին կարդացվում, քան զգայացունց այն պատմությունները, որոնց կարելի էր հանդիպել հիվանդությունից առաջ եղած ժամանակներում: Այս գրություններից ոմանք հիմնվում էին տարօրինակ հաշվարկների վրա, որտեղ դեր էին խաղում տարեթիվը, մահացածների թիվը, ժանտախտի իշխանության տակ անցած ամիսների թիվը: Ուրիշներ համեմատություններ էին անցկացնում պատմության մեծ ժանտախտների հետ, դրանում գտնում էին նմանություններ (որը մարգարեությունը հավաստի էր դարձնում) և հաշվումների օգնությամբ, տարօրինակ ձևով, հավակնում էին դրանից դասեր քաղել ներկա վիճակի հետ համեմատելով: Բայց հանրության կողմից ամենից շատ գնահատվածները, անտարակույս, նրանք էին, որոնք հայտնության լեզվով ասած, հայտարարում էին դեպքերի շարքեր, որոնցից յուրաքանչյուրը կարող էր փորձել քաղաքը, և որի բարդությունը թույլ էր տալիս ամեն տեսակ մեկնաբանություն անել: Խորհրդի համար և միշտ արդյունավետ կերպով մարդիկ սկսեցին ամեն օր Նոստրադամուս և սուրբ Օդիլ նայել: Բոլոր մարգարեությունների համար միասնականն այն էր, որ նրանք բոլորն էլ, ի վերջո, վստահություն էին ներշնչում: Միայն ժանտախտը այդպիսին չէր:
Հետևաբար, մեր քաղաքացիների այս սնահավատությունները կրոնի տեղն էին բռնում: Ահա թե ինչու Պանլուի քարոզը տեղի ունեցավ երեք չորրորդով լեցուն մի եկեղեցում: Քարոզի երեկոյան, երբ Ռիեն տեղ հասավ, քամին ներս էր սողոսկում մուտքի բաց դռնով և ազատ շրջում էր ունկնդիրների միջև: Սառը և լուռ եկեղեցում, բացառապես տղամարդկանցից կազմված ունկնդիրների շրջանում, նա տեղ գրավեց և տեսավ, որ հայր Պանլուն բարձրանում էր իր աթոռից: Այս անգամ նա խոսեց ավելի մեղմ և ավելի մտածված ձևով, քան առաջին անգամ, և բազմաթիվ առիթներում ներկաները նրա ասածներում որոշակի վարանոտություն նկատեցին: Հետաքրքրական էր նաև այն, որ նա այլևս «դուք» չէր ասում, այլ «մենք»:
Սակայն նրա ձայնը քիչ առ քիչ ամրապնդվեց: Նա իր խոսքը սկսեց հիշեցնելով, որ արդեն երկար ամիսներ են անցել, ինչ ժանտախտը մեր մեջ է գտնվում և որ այժմ մենք նրան ավելի լավ ենք ճանաչում, որովհետև այնքան անգամներ տեսել ենք նրան մեր սեղանին նստելիս, կամ այն մարդկանց գլխավերևում, ում սիրում էինք, տեսել ենք նրան մեզ հետ քայլելիս, կամ աշխատանքի վայրում մեր գալուն սպասելիս, հետևաբար այժմ գուցե կարող ենք ավելի լավ հասկանալ այն, ինչ մեզ ասում էր առանց հոգնելու, և որը առաջին անակնկալի մեջ, հնարավոր էր, որ լավ լսած չլինեինք: Այն բոլորը, ինչ հայր Պանլուն արդեն քարոզել էր նույն վայրում, ճիշտ էին, կամ առնվազն այդ էր նրա համոզմունքը: Բայց գուցե, ինչպես բոլորիս հետ պատահում է, դրանով կուրծք էր ծեծել, մտածել և ասել էր առանց գթասրտության: Սակայն մի բան միշտ ճիշտ էր մնում և մեր բոլոր գործերում պետք էր մտապահել, քրիստոնյայի համար նույնիսկ ամենասարսափելի փորձությունը օրհնություն է: Հետևաբար, նույնիսկ դժվարագույն պահին քրիստոնյայի պարտքն է բարին գտնելը, ինչի մեջ էլ որ այն լինի, և ինչպիսի դժվարություն էլ որ կանգնած լինի դրա ճանապարհին:
Այդ ժամանակ Ռիեի շուրջի մարդիկ անհանգիստ թվացին և հենվեցին իրենց նստարաններին, և ավելի հարմարավետությամբ տեղավորվեցին: Մուտքի դռներից մեկը մեղմորեն բացուխուփ էր լինում: Մեկը ձգվեց այն բռնելու համար: Այդ շարժումը շեղեց Ռիեի ուշադրությունը, և հազիվ էր լսում Պանլուին, որ վերսկսում էր իր քարոզը: Նա մոտավորապես ասում էր, որ պետք չէր բացատրել ժանտախտի էությունը, այլ պետք էր փորձել սովորել այն, ինչ հնարավոր էր սովորել: Ռիեն հասկացավ, որ ըստ սրբազան հոր, բացատրելու ոչինչ չկար: Նրա ելույթը ավելի հետաքրքրական դարձավ, երբ Պանլուն ուժեղ ձայնով ասաց, որ կային բաներ, որ կարելի էր բացատրել Աստծո տեսակետից, ուրիշներ, որ կարելի չէր: Անշուշտ գոյություն ունեն չարը և բարին, և ընդհանրապես հեշտ էր բացատրել այն, ինչ բաժանում էր նրանց: Բայց չարի գոյությամբ էլ սովորում են դժվարությունը: Օրինակ, կար երևութապես անհրաժեշտ չարը և կար երևութապես անօգուտը: Կար Դոն Ժուանը, դժոխքի մեջ մխրճված, և կար երեխայի մահը: Որովհետև, եթե ճիշտ է, որ ազատ կյանք վարողը շանթահար լինի, անհասկանալի է երեխայի տառապանքը: Իսկ իրականում, երկրի վրա ավելի կարևոր բան չկա, քան երեխայի տառապանքը և այն սարսափը, որ այդ տառապանքը իր ետևից քաշում է պատճառները, որ պետք է գտնել դրա համար: Կյանքի մնացած մասում Աստված մեզ համար հեշտացնում էր ամեն ինչ, և մինչև այնտեղ կրոնը արժանիքներ չուներ: Այս դեպքում, ընդհակառակը, այն մեզ դեմ կտար պատին: Այդպես էլ, մենք գտնվում էինք ժանտախտի պատի դեմ և մահացու ստվերի տակ պետք է գտնեինք մեր օգուտը: Հայր Պանլուն նույնիսկ իրեն մերժում էր հեշտ առավելություններ, որոնցով նրան թույլատրվում էր անցնել այդ պատի վրայով: Նրա համար հեշտ կլիներ ասել, որ երեխային սպասող հավերժական վայելքները կարող էին հատուցել նրա տառապանքը: Բայց, իրականում, նա այդ մասին ոչինչ չգիտեր: Իսկապես, ո՞վ կարող էր հաստատել, որ հավիտենական մի հաճույք կարող է հատուցել մարդկային տառապանքի մի վայրկյանը: Քրիստոնյա չէր լինի նա, ով նման բան հաստատեր, չէ որ Տերը հասկացավ տառապանքը իր անդամների մեջ և իր հոգում: Ոչ, հայր Պանլուն պիտի մնար պատի տակ, հավատարիմ տանջամահ լինելուն, որի խորհրդանիշը խաչն էր, ընդդեմ երեխայի տառապանքին: Որպեսզի առանց վախի կարողանար ասել նրանց, ովքեր նրան լսում էին այսօր. «– Եղբայրներ, պահը եկել է: Պետք է ամեն ինչի հավատալ և ամեն ինչ ժխտել: Եվ ո՞վ, ձեզանից ո՞ր մեկը պիտի համարձակվի ամեն ինչ ժխտել»:
Ոիեն հազիվ ժամանակ ունեցավ մտածելու, որ սրբազան հայրը սկսեց հերետիկոսության սահմաններին մոտենալ, երբ նա ավելի ուժով վերսկսեց, հաստատելու համար, որ այդ պատվիրանը, այդ մաքուր պահանջը քրիստոնյայի շահից էր ելնում, նույն ժամանակ նրա առաքինությունն էր: Հայր Պանլուն գիտեր, որ այն, ինչ ավելորդ էր առաքինության համար, վիրավորելու էր շատ հոգիների, որոնք սովոր էին ավելի ներողամիտ և ավելի դասական մի բարոյականի: Բայց ժանտախտի ժամանակ կրոնը չէր կարող նույնը լինել, ինչ մյուս օրերի կրոնը և եթե Աստված կարող էր ընդունել, և նույնիսկ ցանկանալ, որ հոգին հանգստանա և վայելի երջանկության ժամանակ, նաև այն չափազանցություն էր համարում դժբախտության ժամանակ: Աստված այսօր իր էակներին ի նպաստ էր աշխատում նրանց դնելով դժբախտության մեջ, որպեսզի նրանք վերագտնեն և ստանձնեն ամենամեծ առաքինությունը, որը ամեն ինչի կամ ոչնչի մեջ էր:
Մի անհավատ հեղինակ, դարեր առաջ, հավակնել էր բացել եկեղեցու գաղտնիքը, հաստատելով, որ Քավարան գոյություն չուներ: Դրանով նա հասկացնում էր, որ կիսաչափեր չկային, կար միայն Դրախտը և Դժոխքը, որ մարդիկ կարող էին փրկված կամ դատապարտված լինել, նայած ինչ էին ընտրել: Դա, եթե հավատանք Պանլուին, հերետիկոսություն էր, որ կարող էր ծնվել միայն անորակ կյանք վարող հոգու մեջ, որովհետև Քավարանը գոյություն ուներ: Բայց անկասկած եղել էին ժամանակաշրջաններ, երբ Քավարանը ցանկալի վայր էր եղել, ժամանակաշրջաններ, երբ չէին կարող խոսել ներելի մեղքի մասին: Բոլոր մեղքերը մահացու էին ու բոլոր անտարբերությունները հանցավոր: Ամբողջն էր, կամ ոչինչը:
Պանլուն կանգ առավ, և Ռիեն այդ պահին ավելի լավ լսեց դռների տակից քամու գանգատը, որ կարծես ուժեղանում էր դրսում: Նույն պահին սրբազան հայրը ասում էր, որ ամբողջականն ընդունելու առաքինությունը, որի մասին խոսում էր, պետք չէր հասկանալ պարտադիր իմաստով, ինչպես սովորաբար կարծում են, որ խոսքը չէր վերաբերում հասարակ հրաժարմանը, ոչ էլ դժվարին խոնարհության: Խոսքը դժվարին խոնարհեցման մասին էր, մի խոնարհեցման, երբ խոնարհվողը համաձայնողական էր: Անշուշտ, երեխայի տառապանքը ստորացուցիչ է մտքի և սրտի համար: Եվ հենց դրա համար պետք է այնտեղ մտնել: Պանլուն իր ունկնդիրներին վստահեցրեց, որ այն, ինչ ասելու էր, հեշտ էր ասելը, պետք էր այն կամենալ, որովհետև Աստված այն կամենում էր: Այդպիսով միայն քրիստոնյան ոչինչ չէր խնայի և, ամեն ելք փակած կգնար հիմնական ընտրության խորքը: Նա կընտրեր ամեն ինչին հավատալը, որպեսզի չվերածվեր ամեն ինչը ժխտելուն: Եվ ինչպես այն քաջ կանայք, որոնք եկեղեցում իմանալով, որ ուռուցքները բնական երևույթ էին, որտեղից մարմինը դուրս Էր նետում վարակը, ասում Էին. «– Տեր իմ, ինձ ուռուցքներ տուր», քրիստոնյան կիմանար ենթարկվել աստվածային կամքին, նույնիսկ եթե անհասկանալի լիներ այն: Չի կարելի ասել. «– Այս մեկը հասկանում եմ, իսկ այն մյուսը անհասկանալի Է», պետք Է բռնել անընդունելիի սիրտը, որ մեզ տրվում Է հատկապես նրա համար, որ մենք ընտրություն կատարենք: Երեխաների տառապանքը մեր աղի հացն է, բայց առանց այդ հացի մեր հոգին կկորչեր իր հոգեկան քաղցից:
Խլացած տակնուվրայությունը, որ ընդհանրապես ուղեկցում Էր հայր Պանլուի դադարներին, սկսում Էր լսելի դառնալ, երբ հանկարծ քարոզիչը վերսկսեց ավելի ուժեղ, իր ունկնդիրների փոխարեն պահանջելով, թե ո՞րն էր, ի վերջո, հետևելիք վարքագիծը: Նա արդեն կասկածում էր, որ արտասանելու էր ճակատագրապաշտություն սարսափեցնող բառը: Թող այդպես լինի, նա չի նահանջելու տերմինի առջև, եթե նրան թույլ տրվի ավելացնել «գործուն» ածականը: Անշուշտ, մի անգամ էլ պետք է շեշտել, որ պետք չէ նմանվել Հաբեշստանի քրիստոնյաներին, որոնց մասին խոսել է արդեն: Պետք չէ նույնիսկ մտածել ժանտախտով հիվանդ պարսիկներին նմանվելու մասին, որոնք իրենց զգեստները նետում էին քրիստոնեական սանիտարական ջոկատների վրա, միաժամանակ բարձրաձայն երկնքին կոչ անելով, որպեսզի ժանտախտը ուղարկվեր այդ անհավատներին, որոնք ուզում էին աստծո կողմից ուղարկված չարիքը հաղթահարել: Բայց մյուս կողմից, պետք չէ ընդօրինակել Կահիրեի վանականներին, որոնք անցյալ դարի համաճարակներում հաղորդություն էին տալիս նշխարները ունելիով բռնելով, որպեսզի խուսափեն այդ խոնավ և տաք բերանների շփումից, որտեղ կարող էր քնած լինել վարակը: Ժանտախտով վարակված պարսիկ հիվանդներն ու վանականները հավասարապես մեղք էին գործում, որովհետև առաջինները հաշվի չէին առնում մի երեխայի տառապանքը, իսկ երկրորդները, ընդհակառակը, մերժում էին տառապանքի շատ մարդկային վախը, որ ամեն ինչի տիրել էր: երկու դեպքերում էլ հարցը կորսված էր: Բոլորը խուլ էին մնում Աստծո ձայնին: Բայց ուրիշ օրինակներ էլ կային, որ Պանլուն ուզում էր հիշեցնել: Եթե հավատայինք Մարսելի մեծ ժանտախտի ժամանակագրին, գթության վանքի ութսունմեկ կրոնավորներից չորսը միայն վերապրեցին: Իսկ այդ չորսից երեքը փախել էին: Այդպես են ասում ժամանակագիրները և նրանք ավելին ասելու կարիք չունեն: Բայց կարդալով այդ, հայր Պանլուի ամբողջ մտածումը գնում էր այն մեկին, որ մենակ մնացել էր, հակառակ յոթանասունյոթ դիակներին և հակառակ մանավանդ իր երեք հոգևոր եղբայրների օրինակին: Եվ հայր սուրբը, բռունցքով խփելով ամբիոնի եզրին, բղավեց.– «Եղբայրներ, պետք է այդ մնացող մեկը լինել»:
Խոսքը զգուշություն ձեռք առնելու դեմ չէ, այն խելացի զգուշավորությունը, որ խելոք հասարակայնությունը մտցնում է տենդի անկանոնության մեջ: Պետք չէ լսել այն բարոյախոսներին, որոնք ասում են, որ պետք է ծնկի գալ և ամեն ինչ լքել: Պետք է միայն սկսել առաջ քայլել մթան մեջ, մի քիչ կուրորեն և փորձել բարիք գործել: Մնացածը, նույնիսկ երեխաների մահը պետք է թողնել Աստծուն, ու պետք է մնալ այստեղ, առանց անհատական ապաստան որոնելու:
Այստեղ հայր Պանլուն հիշեցրեց Բելզյունս եպիսկոպոսի վեհ պատկերը՝ Մարսելի ժանտախտի ժամանակ: Նա հիշեցրեց, որ համաճարակի վերջերում եպիսկոպոսը արած լինելով այն, ինչ պարտավոր էր անել, հավատալով, որ այլևս ոչ մի դարման չկար, սննդամթերքներով փակվեց իր տան մեջ, որի շուրջը պատ հյուսել տվեց: Բնակիչները, որոնց պաշտելին էր նա մինչ այդ, նրա դեմ ունեցան զգացումի այնպիսի փոփոխություն, ինչպես լինում է տառապանքի ծայրահեղությունների ժամանակ: Բարկացան նրա դեմ, նրա տունը դիակներով շրջապատեցին, որպեսզի վարակեն նրան: Նույնիսկ պատերի վրայով մարմիններ նետեցին, որպեսզի ավելի վստահորեն նրան կործանեն: Եպիսկոպոսը, թուլության մեջ, կարծել էր առանձնանալ մահվան աշխարհում, իսկ մահացածները նրա գլխին ընկնում էին երկնքից: Այդպես և մենք, պետք է մենք մեզ համոզենք, որ ժանտախտի մեջ կղզի չկա: Ոչ մի տեղ չկա: Պետք է ընդունել գայթակղությունը, որովհետև պետք է ընտրենք՝ Աստծուն ատել կամ սիրել: Եվ ո՞վ պիտի համարձակվի ընտրել Աստծո ատելությունը:
– Եղբայրներ,– վերջապես ասաց Պանլուն, հայտարարելով, որ եզրափակում էր,– Աստծո սերը դժվար սեր է: Նա ենթադրում է ամբողջական հրաժարում ինքն իրենից և իր անձի արհամարհումը: Բայց նա միայն կարող է սրբել տառապանքը և երեխաների մահը, միայն նա, բոլոր դեպքերում, կարող է այն օգտակար դարձնել, որովհետև անհնար է այն հասկանալ և այն կարելի է միայն ուզել: Ահա այն դժվար դասը, որ ուզում էի ձեզ հետ բաժանել: Ահա հավատքը, դաժան՝ մարդկանց աչքերին, վճռական՝ Աստծո աչքին, որի համար պիտի ինքն իրեն մեղադրել: Մենք պետք է այս սարսափելի պատկերին հավասարվենք: Այդ բարձունքում ամեն ինչ պետք է խառնվի և հավասարվի, ճշմարտությունը պիտի հորդի երևութական անարդարությունից: Այսպես է. Ֆրանսիայի հարավի շատ եկեղեցիների խորանների տակ դարեր ամբողջ քնում են ժանտախտից մահացածներ, և կրոնավորները խոսում են նրանց դամբարանների վրայից, և այն գաղափարները, որ տարածում են նրանք, բխում է նաև այն մոխրից, որտեղ երեխաները իրենց բաժինն են դրել:
Երբ Ռիեն դուրս եկավ եկեղեցուց, մի ուժեղ քամի խուժեց կիսաբաց դռնից ու պաշարեց հավատացյալների դեմքերը: Այն եկեղեցի էր բերում անձրևի հոտը, թաց մայթերի բույրը, որը նրանց գուշակել էր տալիս քաղաքի տեսքը՝ դուրս գալուց առաջ: Ռիեի առջևից քայլող մի ծեր վարդապետ և մի երիտասարդ աբեղա, որոնք այդ պահին դուրս էին եկել, դժվարությամբ պահեցին իրենց գլխարկները: Հակառակ դրան տարիքավորը չդադարեց քարոզը մեկնաբանել: Նա գովում էր Պանլուի ճարտասանությունը, բայց մտահոգվում էր սրբազան հոր ցույց տված համարձակ մտքերի համար: Նա ենթադրում էր, որ քարոզը ավելի շատ մտահոգություն էր արտահայտել, քան ուժ, և Պանլուի տարիքում հոգևորականը իրավունք չուներ մտահոգ լինելու: Երիտասարդ սարկավագը, քամուց պաշտպանվելու համար գլուխը ցածր պահած, վստահեցրեց, որ ինքը հաճախ էր այցելում Պանլուին և տեղյակ էր նրա վերափոխությանը, որ նրա դիրքը ավելի համարձակ էր լինելու և imprimatur չէր ստանալու:
– Ի՞նչ է նրա հիմնական միտքը,– հարցրեց ծեր հոգևորականը:
Նրանք հասել էին գավիթ և քամին նրանց շրջապատում էր ոռնալով, երիտասարդի խոսքը կտրելով: Երբ նա կարողացավ խոսել, ասաց.
– Երբ կրոնավորը խորհրդակցում է բժշկի հետ, նշանակում է, որ հակասության մեջ է:
Ռիեից իմանալով Պանլուի խոսքերը, Տարրուն ասաց, որ ճանաչում է մի կրոնավորի, որ հավատքը կորցրել է՝ պատերազմի ժամանակ տեսնելով փորված աչքերով մի երիտասարդի դեմքը:
– Պանլուն իրավացի է,– ասաց Տարրուն:– Երբ անմեղությունը փորված աչքեր ունի, քրիստոնյան պետք է կորցնի իր հավատքը և պետք է ընդունի, որ իր աչքերն էլ փորեն: Պանլուն չի ուզում կորցնել իր հավատքը և նա մինչև վերջ կգնա: Նա այդ է ուզեցել ասել:
Տարրուի այդ նկատողությունը թույլ է տալիս մի քիչ լուսավորել դժբախտ դեպքերը, որոնք հաջորդեցին, երբ Պանլուի վարքը անհասկանալի թվաց իրեն շրջապատողներին: Այդպես էլ դատելու են նրան:
Քարոզից մի քանի օր հետո Պանլուն զբաղվեց փոխադրվելով: Դա այն ժամանակն էր, երբ հիվանդության ընթացքը ստիպում էր մարդկանց տեղափոխվել: Ինչպես որ Տարրուն ստիպված էր եղել թողնել հյուրանոցը, որպեսզի բնակվեր Ռիեի մոտ, այնպես էլ սրբազան հայրը ստիպված եղավ թողնել այն բնակարանը, որտեղ տեղավորել էր նրա կրոնական կարգը, ապրելու համար մի հավատացյալ ծեր կնոջ մոտ, որ ժանտախտով դեռևս չէր վարակվել: Տեղափոխության ժամանակ Պանլուն զգաց իր հոգնածության և մտահոգվածության աճը: Եվ այդպիսով կորցրեց իր տանտիրուհու հարգանքը: Որովհետև, երբ վերջինս ջերմորեն հպարտացել էր սուրբ Օդիլի մարգարեության առավելություններով, կրոնավորը շատ մեղմորեն անհամբերություն էր ցույց տվել, որը անշուշտ նրա հոգնածության արդյունքն էր: Այնուհետև, որքան էլ ջանք գործ դրեց ծեր կնոջից թեկուզ բարեհոգի չեզոքություն ստանալու, չհաջողվեց: Վատ տպավորություն էր թողել: Եվ ամեն գիշեր, նախքան իր սենյակը գնալը, որ լեցուն էր պատից կախված ասեղնագործությունների հորձանքով, նա պետք է դիտեր իր հյուրընկալուհու միայն կռնակը, որ նստած էր լինում սրահում. Պանլուն իր հետ տանում էր ծեր կնոջ «բարի երեկո, հայր իմ», խոսքը, որ նա ուղղում էր իրեն չոր կերպով, առանց շուռ գալու: Այդպիսի մի երեկո, քնելու ժամւսնակ, գլխացավով նա զգաց, որ ազատվում էր իր բռունցքներից և քունքերում զգում էր շղթայազերծված տենդի ալիքները, որը նախազգում էր արդեն բազմաթիվ օրեր:
Հաջորդող դեպքերը հայտնի դարձան տանտիրուհու պատմածներից: Առավոտյան, ըստ իր սովորության, նա կանուխ արթնացել էր: Որոշ ժամանակ հետո, ադրադառնալով, որ հայր սուրբի սենյակից դուրս գալը չի տեսնում, մեծ վարանումով թակել էր նրա դուռը: Նրան գտել էր դեռևս պառկած, անքուն անցկացրած գիշերից հետո: Նա տառապում էր շնչարգելությունից և ավելի կարմրած էր թվում, քան սովորաբար: Ըստ նրա իսկ խոսքերի, զգուշությամբ առաջարկել էր բժիշկ կանչել, բայց նրա առաջարկը մերժվել էր այնպիսի ուժով, որ նա ցավալի էր համարում: Նա կարողացել էր միայն քաշվել իր սենյակը: Մի փոքր անց Պանլուն զանգել էր և խնդրել էր կանչել նրան: Ներողություն էր խնդրել իր վատ տրամադրության համար և հայտարարել էր, որ ժանտախտի մասին խոսք լինել չէր կարող, որ նրա նշաններից ոչ մեկը չէր երևում, և որ պարզապես անցողիկ հոգնություն էր: Ծեր կինը պատասխանել էր արժանապատվությամբ, ասել, որ իր առաջարկը չէր բխում նման մտահոգությունից, և նկատի չուներ սեփական ապահովությունը, որը Աստծո ձեռքումն էր, բայց որ ինքը մտածել էր միայն հայր սուրբի առողջության մասին, որի համար իրեն պատասխանատու էր համարում: Բայց որովհետև Պանլուն ոչինչ չէր պատասխանել, տանտիրուհին, եթե հավատանք նրան, ցանկանալով կատարել ամբողջ իր պարտականությունը, նորից առաջարկել էր կանչել տալ իր բժշկին: Սրբազանը նորից մերժել էր՝ ավելացնելով այնպիսի բացատրություններ, որ ծեր կինը շատ անորոշ և խառն էր համարել: Նա կարծում էր հասկացած լինել միայն այն, և հենց դա էլ նրան թվում էր անհասկանալի, որ հայր սուրբը մերժում էր բժշկի հետ այդ խորհրդակցությունը, որովհետև այն չէր համընկնում իր սկզբունքների հետ: Կինը դրանից եզրակացրել էր, որ տենդը պղտորում էր իր վարձակալի մտքերը և սահմանափակվել էր նրան բուսաջուր բերելով:
Որոշած լինելով միշտ ճշգրտորեն կատարել այն պարտականությունները, որ իրավիճակն էր ստեղծել, նա կանոնավոր կերպով այցելել էր հիվանդին երկու ժամը մեկ: Այն, ինչ բոլորից շատ էր նրան տպավորել, անդադար շարժումն էր, որի մեջ անցկացրել էր հայր սուրբը իր օրը: Նա ցած էր գցում ծածկոցները, հետո դեպի իրեն էր քաշում դրանք, ձեռքը անընդհատ դեպի խոնավ ճակատն էր տանում և հաճախ ուղղվում էր հազալ փորձելու համար, մի հազ, որ խեղդող էր, խռպոտ և խոնավ, կարծես ներսում մի բան էր պոկվում: Այդ ժամանակ թվում էր, որ չէր կարողանում կոկորդից դուրս հանել նրան խեղդող փափուկ խցանները: Այս նոպաների վերջում ուժասպառության բոլոր նշաններով նա դեպի ետ էր ընկնում: Ի վերջո նորից կիսով ուղղվում էր և մի կարճ պահ նայում էր իր դիմացը այնպիսի սևեռունությամբ, որ ավելի սարասփելի էր, քան նախորդ ամբողջ շարժումները: Բայց ծեր կինը դեռևս վարանում էր բժիշկ կանչել և հակառակվել իր հիվանդին: Դա կարող էր տենդի մի պարզ նոպա լինել, որքան էլ բացառիկ թվար:
Կեսօրից հետո, սակայն, նա Փորձեց խոսել կրոնավորի հետ և որպես պատասխան ստացավ մի քանի անհասկանալի խոսքեր: Նա կրկնեց իր առաջարկությունը: Այդ ժամանակ հայր սուրբը տեղից բարձրացավ և կես խեղդվելով շատ հստակորեն պատասխանեց, որ բժիշկ չէր ուզում: Դրանից հետո տանտիրուհին որոշեց սպասել մինչև հաջորդ առավոտը և, եթե հայր սուրբի վիճակը բարելավված չլիներ, զանգահարել այն համարով, որ Ռանսդոկ գործակալությունը ամեն օր, տասնյակ անգամներ կրկնում էր ռադիոյով: Միշտ ուշադիր իր պարտականություններին, կինը մտածում էր այցելել իր վարձակալին գիշերվա ընթացքում և հսկել: Բայց երեկոյան, նրան թարմ բուսաջուր տալուց հետո ուզեց մի քիչ պառկել և արթնացավ միայն հաջորդ օրը, առավոտ կանուխ: Եվ վազեց նրա սենյակը:
Հայր Պանլուն անշարժ մեկնվել էր: Նախորդ օրվա ծայրահեղ արնազեղությանը հաջորդել էր մի տեսակ կապտավունություն, այնքան զգալի, որ դեմքի ձևերը դեռևս պահպանվել էին: Սևեռուն հայացքով նա նայում էր բազմագույն ուլունքներով փոքր լուսամուտին, որ կախված էր մահճակալի վերևում: Ծեր կնոջ մտնելուն պես նս գլուխը շրջեց նրա կողմը: Ըստ տանտիրուհու խոսքերի, այդ պահին նա նման էր ամբողջ գիշերը կռված մարդու, որ շարժվելու ամեն ուժ կորցրել էր: Հարցրեց նրա առողջության մասին: Եվ մի ձայնով, որի մեջ կինը նկատեց տարօրինա-կորեն անտարբեր շեշտ, ասաց, որ վատ էր, որ բժշկի կարիք չուներ և որ նրան բավական էր, որ հիվանդանոց տեղափոխեին, որպեսզի ամենի ինչ օրինավոր լիներ: Ծեր կինը սարսափահար վազել էր հեռախոսի մոտ:
Ռիեն հասավ կեսօրին: Հյուրընկալուհու խոսքերին նա միայն պատասխանեց, որ Պանլուն իրավացի էր, որ հավանաբար շատ ուշ էր: Հայր սուրբը նրան ընդունեց նույն անտարբերությամբ: Ռիեն քննեց նրան և զամացավ, որ ուռուցքներ կամ թոքային ժանտախտի հիմնական նշաններից ոչ մեկը չգտավ, բացի պնդությունից և թոքերի ճնշումից: Բոլոր դեպքերում զարկերակը այնքան թույլ էր, և ընդհանուր վիճակը այնքան տագնապալի, որ քիչ հույս կար:
– Հիվանդության հիմնական նշաններից ոչ մեկը չունեք,– ասաց նա Պանլուին,– բայց կասկած կա, և ես ձեզ պարտավոր եմ առանձնացնել:
Հայր սուրբը տարօրինակ կերպով, կարծես քաղաքավարությունից ժպտաց, բայց լռեց: Ռիեն դուրս եկավ զանգահարելու և վերադարձավ: Նա նայեց հայր սուրբին:
– Ես ձեզ մոտ կմնամ,– ասաց նա ցածր ձայնով:
Պանլուն կարծես կենդանացավ և աչքերը դարձրեց բժշկի կողմը, նրանց մեջ կարծես ջերմություն էր վերադառնում: Հետո դժվարությամբ խոսեց, այնպես, որ անկարելի էր իմանալ՝ տխրությամբ էր խոսում, թե ոչ.
– Շնորհակալություն,– ասաց նա,– բայց կրոնավորները բարեկամներ չունեն: Նրանք ամեն ինչ Աստծուն են հանձնել:
Նա խաչելությունը խնդրեց, որը դրված էր մահճակալի գլխավերևում, և երբ այն տվեցին, շուռ եկավ դիտելու համար:
Հիվանդանոցում Պանլուն չթուլացրեց ատամները: Կարծես մի իր լիներ, ենթարկվեց բոլոր բուժամիջոցներին, որ նրան տալիս էին, բայց խաչելությունը այլևս ձեռքից բաց չթողեց: Սակայն կրոնավորի վիճակը շարունակում էր անորոշ մնալ: Ռիեի մտքում կասկած կար: ժանտախտ էր, բայց նաև ժանտախտ չէր: Արդեն որոշ ժամանակ էր, ինչ հիվանդությունը կարծես հաճույք էր սպանում շփոթեցնելով ախտորոշումները: Սակայն, Պանլուի պարագային, հետագա դեպքերը պիտի ցույց տային, որ այդ անորոշությունը նշանակություն չուներ:
Ջերմությունը սաստկացավ: Հազը գնալով ավելի և ավելի խռպոտ դարձավ և հիվանդին տանջեց ամբողջ օրը: Երեկոյան, վերջապես, հայր Պանլուն ազատվեց կոկորդը լցված մաղձից, որ խեղդում էր նրան: Այն կարմիր էր: Ջերմության ժխորի մեջտեղ Պանլուն պահում էր իր անտարբեր հայացքը: Եվ երբ, հաջորդ առավոտյան, նրան մահացած գտան, կիսով անկողնից դուրս մղված, նրա հայացքը ոչինչ չէր արտահայտում: նրա քարտի վրա գրանցեցին․ «կասկածելի պարագա»:
* * *
Այդ տարվա Ամենասրբոց տոնը այնպես չնշվեց, ինչպես սովորաբար: Պարզ է, եղանակը փոփոխական էր, հանկարծակիորեն փոխվել էր և ուշացած շոգերը միանգամից տեղ էին բացել զովությունների: Ինչպես մյուս տարիներին, մի ցուրտ քամի անընդհատ փչում էր այժմ: Խոշոր ամպերը հորիզոնից հորիզոն էին վազում, ստվերով ծածկում տները, որոնց վրա ամպերի անցնելուց հետո նոյեմբերյան երկնքից ոսկեզօծ և ցուրտ լույս էր ընկնում: Երևացին առաջին անձրևանոցները: Մեջտեղ եկան ռետինապատ և փայլուն զարմանալի կտորներ: Թերթերը արդեն հաղորդել էին, որ երկու հարյուր տարի առաջ, Ֆրանսիայի հարավի մեծ ժանտախտների ժամանակ, բժիշկները հագնում էին յուղոտ կերպասներ՝ իրենց պաշտպանելու համար: Վաճառականները օգտվեցին դրանից՝ սպառելու համար մոդայից դուրս ընկած հագուստների իրենց պահեստը: Մարդիկ հույս ունեին դրանով զերծ մնալ ախտից:
Բայց եղանակի բոլոր այդ նշանները չէին կարող մոռացնել տալ, որ գերեզմանոցները ամայացել էին: Ուրիշ տարիներ տրամվայները լեցուն էին լինում քրիզանթեմների հիվանդոտ բույրով և կանանց խմբերով, որոնք գնում էին իրենց հարազատների թաղված վայրերը, որպեսզի ծաղիկներով ծածկեն նրանց գերեզմանները: Դա այն օրն էր, երբ մարդիկ փորձում էին հատուցել մահացածներին առանձնության և մոռացության համար, որի մեջ թողել էին երկար ամիսներ: Բայց այս տարի այլևս ոչ ոք չէր ցանկանում մտածել մահացածների մասին: Առանց այդ էլ մահվան մասին շատ էին մտածում: Եվ այլևս խոսք լինել չէր կարոդ մի քիչ տխրությամբ ու զղջումով նրանց մոտ գնալու մասին: Նրանք այլևս անտերներ չէին, որոնց մոտ տարին մեկ անգամ գնում են արդարանալու համար: Մարդիկ ուզում էին մոռանալ իրենք իրենց պարտադրող մեռելներին: Մհա թե ինչու մեռելոցը այդ տարի մի տեսակ աչքաթող եղավ: Ըստ Քոթարի, որի մոտ Տարրուն տեսնում էր գնալով ավելի ծաղրող լեզու, «ամեն օր մեռելոց է»:
Եվ իսկապես, ժանտախտի ուրախ կրակները մեծագույն թեթևությամբ վառվում էին դիակիզարանում: Մահացածների թիվը, ճիշտ է, ամեն օր չէր աճում, բայց թվում էր, որ ժանտախտը հանգստավետությամբ տեղավորված էր և լավ պաշտոնյայի կանոնավորությամբ և ճշգրտությամբ բերում էր իր ամենօրյա մահացածներին: Իրազեկ անհատականությունների կարծիքով և սկզբունքով, դա լավ նշան էր: Ժանտախտի առաջխաղացքի աղյուսակի մի աստիճանի վրա երկար մնալը, չդադարող վերելքից հետո, լրիվ հանգստացուցիչ էր թվում բժիշկ Ռիշարին. «– Դա լավ է, դա հրաշալի աղյուսակ է»,– ասում էր նա: Նա կարծում էր, որ հիվանդությունը հասել էր, ինչպես ինքն էր անվանում, վերին սանդղքամատին, որից հետո կարող էր միայն նվազել: Նա այդ վերագրում էր Քասթելի նոր շիճուկին, որը, իսկապես, չնախատեսված մի քանի հաջողություն էր ունեցել: Ծեր Քասթելը չէր հակառակում, բայց այն կարծիքին էր, որ իրականում ոչինչ հնարավոր չէր կանխատեսել, քանի որ համաճարակների պատմությունը ուներ չնախատեսված վերապայթումների օրինակներ: Պրեֆեկտուրան, որ երկար ժամանակ արդեն ցանկանում էր հասարակական կարծիքը մեղմել, և որին ժանտախտը այդ հնարավորությունը չէր տալիս, պատրաստվում էր հավաքել բժիշկներին՝ նրանցից խնդրելու համար այդ իմաստով մի տեղեկագիր կազմել, երբ հիվանդության վերին սանդղքամատի վրա բժիշկ Ռիշարը իր հերթին ժանտախտով վարակվեց:
Իշխանությունները այս շատ տպավորիչ օրինանի վրա, որը ի վերջո ոչինչ չէր ապացուցում, հոռետեսության մեջ ընկան այնպիսի անհետևողականությամբ, որով նախապես լավատես էին դարձել: Քասթելը սահմանափակվում էր իր շիճուկը հնարավորին չափ խնամքով պատրաստելով: Հասարակական ոչ մի վայր չէր մնացել, որ հիվանդանոցի կամ բուժկայանի վերածված չլիներ: Պրեֆեկտուրային ձեռք չէին տալիս, որպեսզի պահպանվեր մի վայր, որտեղ կարող էին հավաքվել: Բայց ընդհանրապես, ելնելով այդ շրջանում ժանտախտի հարաբերական կայունացման փաստից, Ռիեի նախատեսած կազմակերպությունը ավելացնելու կարիք չեղավ: Բժիշկներն ու նրանց օգնականները, որոնք ուժասպառ անոդ ճիգ էին թափում, ստիպված չեղան ավելի մեծ ճիգերի դիմելու: Նրանք միայն կանոնավորապես շարունակեցին, եթե կարելի է ասել, այդ գերմարդկային աշխատանքը: Վարակի թոքային ձևերը, որոնք արդեն երևացել էին քաղաքի չորս անկյուններում, բազմապատկվում էին, կարծես քամին հրդեհներ էր վառում և բոցավառում կրծքերի տակ: Արյան ժայթքումներից հիվանդները ավելի արագ էին մահանում: Հիվանդությունը այժմ ավելի վարակիչ էր: Մասնագետների կարծիքը այս կետի շուրջը փոքր ինչ հակասական էր: Սակայն, ավելի ապահով լինելու համար, սանիտարական անձնակազմը շարունակում էր շնչել ախտահանված գազի դիմակների տակ:
Առաջին հայացքից հիվանդությունը պետք է տարածվեր, բայց քանի որ ուռուցքային ժանտախտի դեպքերը նվազում էին, ընդհանուր հաշիվը հավասարակշռվում էր:
Սակայն պարենավորման դժվարությունները, որ ժամանակի հետ ավելանում էին, անհանգստության նոր առիթներ էին ստեղծում: Վերավաճառքը նույնպես մեծ դեր էր խաղում և հեքիաթային գումարներ էին պահանջում սովորական շուկայում չեղող նույնիսկ առաջին անհրաժեշտության ուտելեղենի համար: Աղքատ ընտանիքները շատ ծանր վիճակի մեջ էին, մինչդեռ հարուստները համարյա ոչ մի բանի պակաս չունեին: Մինչ ժանտախտը, որ իր ազդեցիկ անկողմնապահությամբ և ձեռք բերած իշխանությամբ պետք է ուժեղացներ հավասարության զգացումը մեր համաքաղաքացիների մոտ, ավելի սուր էր դարձնում անարդարության զգացումը մարդկանց սրտերում: Հասկանալի է, մնում էր մահվան հավասարությունը, բայց այդ մեկը ոչ ոք չէր ցանկանում: Սովից տանջվող աղքատները կարոտով հիշում էին հարևան քաղաքների և դաշտերի մասին, ուր կյանքը ազատ էր, և որտեղ հացը թանկ չէր: Քանի որ իշխանությունները չէին կարող բավարար չափով սնել նրանց, նրանք քիչ տրամաբանական այն զգացումն ունեին, որ պետք է իրենց թույլ տային մեկնել: Սկսեց մի լոզունգ շրջել, որը կարելի էր կարդալ նաև պատերի վրա, և որը երբեմն բղավում էին պրեֆեկտի անցնելու ժամանակ. «– Հաց կամ ազատ օդ»: Այս ձևակերպումը որոշ ցույցերի տեղի էր տալիս, ցույցերը ճնշվում էին, բայց դրանց լուրջ բնույթը բոլորը տեսնում էին:
Թերթերը, բնականաբար, ամեն գնով ենթարկվում էին լավատեսության հրամանին, որ ստացել էին: Ըստ նրանց՝ քաղաքի բնակչությունը «հանգստության և սառնասրտության հուզիչ օրինակ»–ներ էր ցույց տալիս: Բայց ինքն իր վրա փակված մի քաղաքում, որտեղ ոչ մի բան չէր կարող գաղտնի մնալ, ոչ ոք այդ «օրինակ»–ին չէր հավատում: Ճիշտ գաղափար կազմելու համար խոսակցության նյութ եղած հանգստության և սառնասրտության մասին, բավական էր մտնել իշխանությունների կողմից կազմակերպված որևէ կարանտին, կամ մեկուսացման ճամբար: Պատմիչը, զբաղված լինելով այլ գործերով, դրանք չի ճանաչել: Ահա թե ինչու նրանց մասին նա այստեղ մեջ է բերում Տարրուի վկայությունը: Հուշատետրերում Տարրուն հաղորդում է Ռամբերի հետ կատարած իր մի այցելության նկարագրությունը՝ քաղաքապետարանի ստադիոնում տեղավորված մի ճամբար: Ստադիոնը գտնվում է քաղաքի գրեթե դռների մոտ, մի կողմից այն ճանապարհի վրա, որտեղից տրամվայներն են անցնում, մյուս կողմից անորոշ հողամասերի, որոնք երկարում են մինչև դաշտավայրի եզրը, որտեղ քաղաքն էր կառուցված: Այն սովորականի նման շրջապատված է բետոնե բարձր պատերով, և բավական էր պահակներ դնել մուտքի չորս դռների վրա, որպեսզի փախչելը դժվար դառնար: Նույն ժամանակ պատերը դրսի մարդկանց խանգարում էին իրենց հետաքրքրասիրությամբ անհանգստացնել կարանտինի մեջ գտնվող այդ դժբախտներին: Դրա փոխարեն վերջինները ամբողջ օրվա ընթացքում լսում էին, առանց տեսնելու, անցնող տրամվայների ժխորը և աղմուկի ահագնությունից գուշակում էին, թե ինչ բեռ էին տանում վերջիններս, հասկանում էին գրասենյակային աշխատանքն սկսելու և վերջացնելու ժամերը: Նրանք գիտեին, որ կյանքը, որից իրենք դուրս էին դրված, շարունակվում էր նրանցից մի քանի մետր հեռվում, և որ ցեմենտե պատերը բաժանում էին երկու աշխարհներ, որոնք իրար ավելի օտար էին, քան եթե գտնվեին տարբեր մոլորակների վրա:
Մի կիրակի կեսօրից հետո Տարրուն և Դամբերը ուղղվեցին դեպի ստադիոն: Նրանց ուղեկցում էր Գոնզալեսը, ֆուտբոլիստը, որին Ռամբերը վերագտել էր, և որը, ի վերջո, համաձայնվել էր փոխնիփոխ ղեկավարել ստադիոնի հսկողությունը: Ռամբերը պետք է նրան ներկայացներ ճամբարի կառավարչին: Գոնզալեսը, երկուսին հանդիպելուց հետո ասաց, որ ճիշտ այդ պահին, ժանտախտից առաջ, հագնվում էին խաղը սկսելու համար: Այժմ, երբ մարզադաշտը բռնագրավված էր, այլևս խաղալ հնարավոր չէր, և Գոնզալեսը բոլորովին անգործ մնացածի տեսք ուներ: Նա այդ աշխատանքին համաձայնվել էր նաև այդ պատճառով, պայմանով, որ իր հերթը շաբաթվա վերջերին գար: Երկինքը կիսով ծածկված էր ամպերով, և Գոնզալեսը քիթը վեր բռնած, ցավով նկատեց, որ այս ոչ անձրևային, ոչ շոգ եղանակը ամենահարմարն էր ֆուտբոլային մի լավ հանդիպման համար: Նա հիշում էր հանդերձարանների հոտը, ճարճատող տրիբունաները, վառ գույներով մայկաները կանաչավուն դաշտի վրա, կիսախաղին տրված կիտրոնները կամ լիմոնադը, որ հազարավոր թարմացնող ասեղներով կծում էր չորացած կոկորդները: Տարրուն նշում է նաև, որ ամբողջ ճանապարհին, ծայրամասի խորդուբորդ փողոցներով անցնելիս, ֆուտբոլիստը անընդհատ ոտքի հարվածներ էր տալիս հանդիպած խիճերին: Նա փորձում էր դրանք ուղարկել կոյուղու հորը, և երբ հաջողվում էր, «մեկով զրո» էր բղավում: Սիգարետը ավարտելուց հետո մնացորդը թքում էր դեպի առաջ և փորձում էր, օդում, ոտքով հարվածել: Մարզադաշտի մոտ խաղացող երեխաների գնդակը եկավ դեպի այդ անցնող խումբը, և Գոնզալեսը շուռ գալով ճշգրիտ հարվածով այն երեխաներին վերադարձրեց:
Վերջապես նրանք ստադիոն մտան: Տրիբունաները լեցուն էին մարդկանցով, իսկ դաշտը ծածկված էր հարյուրավոր կարմիր վրաններով, որոնց ներսում հեռվից նշմարվում էին անկողիններ և կապոցներ: Տրիբունաները պահել էին, որպեսզի մեկուսացվածները շոգ օրերին կամ անձրևի ժամանակ կարողանային պաշտպանվել: Նրանց պարզապես պետք էր երեկոյան վրանները տանել: Տրիբունաների տակ գտնվում էին ցնցուղները, որոնք ձևափոխել էին, իսկ խաղացողների հանդերձարանները դարձրել էին գրասենյակներ և բուժկետեր: Մեկուսացվածների մեծամասնությունը լցված էր տրիբունաները: Ուրիշներ շրջում էին եզրագծերի երկայնքով: Մի քանիսը նստել էին իրենց վրանների մուտքի մոտ և ամեն ինչի վրա ման էին ածում անորոշ մի հայացք: Տրիբունաների վրա շատերը ընկողմանել էին և կարծես ինչ-որ բան էին սպասում:
– Ի՞նչ են անում օրվա ընթացքում,– հարցրեց Տարրուն Ռամբերին:
– Ոչինչ:
Իսկապես համարյա բոլորը դատարկ ձեռքերով թևերն էին թափահարում: մարդկանց այդ հսկա հավաքը զարմանալիորեն լուռ էր:
– Առաջին օրերին նրանք իրար չէին հասկանում.– ասաց Ռամբերը,– բայց անցնող օրերի հետ գնալով ավելի քչախոս դարձան:
Եթե հավատալու լինենք այդ գրառումներին, Տարրուն հասկանում էր նրանց: Սկզբում՝ իրենց վրանների մեջ կուտակված, զբաղված էին ճանճերին լսելով կամ քորվելով, իրենց բարկությունը կամ վախը ոռնալով, երբ որևէ բարեհաճ ականջ էին գտնում: Բայց այն պահից, ինչ ճամբարը գերբնակեցված դարձավ, բարեհաճ ականջները գնալով պակասեցին: ճետևաբար մնում էր միայն լսել և չվստահել: Մի տեսակ անվստահություն կար բոլորի մեջ, որ կարմիր ճամբարի վրա ընկնում էր գորշ, սակայն լուսավոր երկնքից:
Այո, բոլորը չվստահող մարդկանց տեսք ունեին: Քանի որ իրենց բաժանել էին մյուսներից, առանց պատճառի չէր կարող լինել, և նրանք այն մարդկանց դեմքն էին ցույց տալիս, որոնք իրենց իրավունքն են փնտրում, և որոնք վախենում են: Նրանցից յուրաքանչյուրը, որին նայում էր Տարրուն, անզբաղ մարդու հայացք ուներ, բոլորը բաժանումից տառապողի մի շատ ընդհանուր տեսք ունեին, բաժանում այն ամենից, որ անցյալում իրենց կյանքն էր կազմում: Բայց քանի որ նրանք չէին կարող շարունակ մտածել մահվան մասին, նրանք ոչ մի բանի մասին չէին մտածում: Նրանք արձակուրդի մեջ էին: «– Ամենավատը այն է,– գրում է Տարրուն,– որ նրանք մոռացվածներ էին և այդ գիտակցում էին: Այն մարդիկ, որ ճանաչում էին նրանց, մոռացել էին, որովհետև ուրիշ բանի մասին էին մտածում, և դա շատ լավ հասկանալի էր: Իսկ այն մարդիկ, որ սիրում էին նրանց, նույնպես մոռացել էին, որովհետև ուժասպառ էին լինում դիմումներ գրելով և նրանց այդ տեղից դուրս հանելու համար ծրագրեր կազմելով: Մտածելով այդ ելքի մասին, նրանք այլևս չէին մտածում հենց այն մարդկանց մասին, որոնց պետք էր դուրս հանել: Այս էլ բնական էր: Եվ այդ բոլորի վերջում հասկանում էին, որ ոչ ոք կարողություն չուներ իսկապես մտածել որևէ մեկի մասին, նույնիսկ եթե նա ամենածանր դժբախտության մեջ լիներ: Որովհետև, իսկապես, մտածել որևէ մեկի մասին, նշանակում էր մտածել րոպե առ րոպե, առանց ուրիշ մտքով ցրվելու, ոչ տնտեսության խնամքով, ոչ թռչող ճանճով, ոչ նախաճաշով, ոչ սաստիկ ցանկությամբ: Բայց ճանճերն ու ցանկությունները միշտ գոյություն ունեին: Ահա թե ինչու կյանքը դժվար էր ապրել: Եվ նրանք այդ լավ գիտեին»:
Կառավարիչը, որ նրանց կողմն էր գալիս, ասաց, որ մի պարոն Օթոն խնդրում է տեսնել նրանց: Նա Գոնզալեսին առաջնորդեց իր գրասենյակը, հետո նրանց տարավ տրիբունայի մի անկյունը, որտեղ նստած պարոն Օթոնը վեր կացավ նրանց ընդունելու համար: Նա շարունակում էր հագնել նույն ձևով, կրում էր նույն կարծր օձիքը: Տարրուն նկատեց միայն, որ նրա մազերը քունքերի վրա առատորեն թափվել էին, և որ նրա կոճակներից մեկը չէր կոճկված: Քննիչը հոգնած տեսք ուներ և ոչ մի անգամ իր խոսակիցներին ուղիղ չնայեց: Նա ասաց, որ երջանիկ էր նրանց տեսնելու համար և հանձնարարում էր բժիշկ Ռիեին շնորհակալություն հայտնել նրա արածների համար:
Մյուսները լռեցին:
– Հույս ունեմ,– ասաց քննիչը որոշ ժամանակ հետո,– որ Ժանը շատ տանջված չի լինի:
Առաջին անգամն էր Տարրուն լսում, որ նա որդու անունն էր արտասանում, և հասկացավ, որ ինչ-որ բան փոխված էր: Արևը հորիզոնում ցածրանում էր: Երկու ամպերի արանքից նրա ճառագայթները բառացիորեն մտնում էին տրիբունաների մեջ, երեքի դեմքը ոսկեզօծելով:
– Ոչ,– պատասխանեց Տարրուն,– նա իսկապես չտանջվեց:
Նրանց հեռանալուց հետո քննիչը շարունակում էր նայել արևի կողմը:
Նրանք գնացին Գոնզալեսին ցտեսություն ասելու, որը հսկողության հերթափոխի աղյուսակն էր ուսումնասիրում: Ֆուտբոլիստը ժպտաց նրանց ձեռքը սեղմելիս:
– Գոնե հանդերձարանները գտա,– ասաց նա,– միշտ նույնն է:
Ավելի ուշ կառավարիչը Տարրուին և Ռամբերին ճանապարհ էր դնում, երբ տրիբունաներում մի մեծ իրարանցում սկսվեց: Բարձրախոսները, որոնք երջանիկ ժամանակներում ծառայում էին խաղի հաշիվը հայտնելու կամ թիմերը ներկայացնելու համար, կարծես քթի միջով խոսելով հայտարարեցին, որ մեկուսացվածները գնան իրենց վրանները, որպեսզի հնարավոր լինի ընթրիքը բաժանել: Մարդիկ դանդաղորեն, ոտները քարշ տալով հեռացան տրիբունաներից և իրենց վրանները գնացին: երբ բոլորը տեղավորված էին, էլեկտրական երկու փոքր սայլեր, ինչպիսին տեսնում ենք կայարաններում, խոշոր կաթսաներով բեռնված անցան վրանների միջով: Մարդիկ մեկնում էին իրենց թևերը, երկու շերեփներ սուզվում էին կաթսաների մեջ և այնտեղից դուրս էին գալիս, իջնելու համար երկու ափսեների մեջ: Սայլը վերսկսում էր առաջանալ: Հաջորդ վրանի մոտ ամեն ինչ կրկնվում էր:
– Գիտական է,– ասաց Տարրուն կառավարչին:
– Այո,– պատասխանեց մյուսը բավականությամբ և նրանց ձեռքերը սեղմելով,– գիտական դրվածք է:
Արդեն խավար էր և երկինքը ծածկված: Մի հաճելի և թարմ լույսի տակ լողում էր ճամբարը: Երեկոյան խաղաղության մեջ գդալների և պատառաքաղների աղմուկը ամեն կողմից բարձրանում էր: Վրանների վրա չղջիկներ էին թռչկոտում և հանկարծ անհետանում: Մի տրամվայ, պատի մյուս կողմում, գծերի վրա լաց էր լինում:
– Խեղճ քննիչ,– ասաց Տարրուն դռնից անցնելով:– Նրա համար պետք է մի բան անել: Բայց ինչպե՞ս օգնել մի քննիչի:
* * *
Բազմաթիվ նման ճամբարներ կային քաղաքում, որոնց մասին պատմիչը, խղճահարությունից կամ տեղեկության պակասի պատճառով ավելին չի կարող ասել: Բայց կարող է այնքանն ասել, որ այդ ճամբարների գոյությունը, այդտեղից եկող մարդկանց հոտը, բարձրախոսների աղմկոտ ձայնը մթան մեջ, պատերի խորհրդավորությունը և այդ խոցելի վայրերի վախը ծանրորեն էին ազդում մեր համաքաղաքացիների բարոյականի վրա և ավելացնում էին բոլորի շփոթվածությունն ու անհանգստությունը: Իշխանության հետ հակասություններն ու միջադեպերը բազմապատկվում էին:
Սակայն նոյեմբերի վերջին առավոտները շատ ցրտեցին: Հեղեղանման անձրևները առատ ջրով լվացին մայթերը, մաքրեցին երկինքը և այն թողեցին փայլող փողոցների վրա՝ ամպերից մերկացած: Անուժ մի արև ամեն առավոտ քաղաքի վրա սառած և փայլփլող մի լույս էր տարածում: Իրիկնապահին, ընդհակառակը, օդը նորից քաղցր էր դառնում: Դա այն պահն էր, որ Տարրուն ընտրեց Ռիեի առաջ բացվելու համար:
Մի օր, ժամը տասի մոտերը, երկար և սպառիչ աշխատանքից հետո, Տարրուն ընկերացավ Ռիեին, որ գնում էր իր ծերուկ ասթմատիկ հիվանդին երեկոյան այցելությունը տալու: Հին թաղամասի տների վրա երկինքը մեղմորեն փայլում էր: Մի մեղմ քամի անաղմուկ փչում էր խաչուղիների միջով: Խաղաղ փողոցներից դուրս գալուց հետո երկու այրերը ընկան ծերուկի շատախոսության տակ: Վերջինս նրանց ասաց, որ կային մարդիկ, որ համաձայն չէին «կարագի ափսեն միշտ նույն մարդկանց համար է» սկզբունքին, որ «կուժը աղբյուրի ճանապարհին է ջարդվում», և որ, հավանաբար, այստեղ նա ձեռքերը շփեց, միշտ կռիվ էր լինելու: Բժիշկը նայեց նրան, ասաց, որ նա դադարեր դեպքերը մեկնաբանելուց: Նրանք գլխավերևում ոտնաձայներ լսեցին: Ծեր կինը, նկատելով Տարրուի հետաքրքրված տեսքը, բացատրեց, որ հարևանները պատշգամբ են բարձրացել: Նրանք իմացան, որ վերևում լավ տեսարան էր բացվում, և որ տների պատշգամբները, հաճախ միանալով իրար, թաղամասի կանանց հնարավորություն էին տալիս իրար այցելել առանց շենքերից դուրս գալու:
– Բարձրացեք վերև,– ասաց ծերուկը,– այնտեղ մաքուր օդ կա:
Նրանք պատշգամբը դատարկ գտան: Այնտեղ երեք աթոռ կար: Մի կողմից, մինչև հեռուն, որքան հայացքը կարող էր կտրել, միայն պատշգամբներ էին երևում, որոնք վերջանում էին մի սև և քարոտ զանգվածի հենվելով, որը նրանք ճանաչեցին՝ առաջին բլուրն էր: Մյուս կողմից մի քանի փողոցների և անտեսանելի նավահանգստի վրայով հայացքը սուզվում էր հորիզոնում, ուր երկինքն ու ծովը խառնվում էին անորոշ տրոփյունով: Խարակներից այն կողմ, որը նրանք ճանաչեցին, կանոնավոր ընդմիջումներով երևացող մի լույս կար, որի աղբյուրը չէին տեսնում: Նավահանգստի մուտքի փարոսը գարնանից պտտվում էր այն նավերի համար, որոնք շրջվում էին դեպի ուրիշ նավահանգիստներ: Քամուց ավլված ու լուսավորված մաքուր երկնքում փայլում էին աստղերը, և փարոսի հեռավոր շողքը խառնվում էր դրան, մի վայրկյանից մյուսը անցողիկ մոխրի փոխարկվելով: Զեփյուռը բերում էր համեմունքների և քարերի բույրը: Լռությունը ամբողջական էր:
– Լավ եղանակ է,– ասաց Ռիեն նստելով,– կարծես ժանտախտը երբեք այստեղ չի բարձրացել:
Տարրուն կռնակը դարձրել էր նրա կողմը և ծովն էր դիտում:
– Այո,– ասաց նա մի պահ հետո,– լավ եղանակ է:
Նա եկավ, նստեց բժշկի մոտ և ուշադիր նայեց նրան: Լույսը երեք անգամ երևաց երկնքում: Կողքի փողոցի բնակարանից բարձրացող ամանեղենի աղմուկը հասավ նրանց: Մի դուռ չխկոցով փակվեց:
– Ռիե,– ասաց Տարրուն շատ բնական ձևով,– դուք երբեք չուզեցիք իմանալ, թե ո՞վ եմ ես: Կարո՞ղ եմ ձեզ իմ բարեկամը համարել:
– Այո,– պատասխանեց բժիշկը,– ես ձեր նկատմամբ բարեկամական զգացմունք ունեմ: Բայց մինչև այժմ ժամանակ չունեցանք:
– Լավ, դա ինձ վստահություն է տալիս: Ուզու՞մ եք, որ այս ժամը բարեկամության ժամ լինի մեզ համար:
Որպես միակ պատասխան Ռիեն ժպտաց նրան:
– Դե լավ, ուրեմն պատմեմ…
Մի քանի փողոց այն կողմ մի ավտոմեքենա կարծես երկարորեն սահեց թաց սալաքարերի վրա: Այն հեռացավ, նրա ետևից հեռվից եկող խառնաշփոթ բացականչությունները լռությունը խախտեցին: Հետո լռությունը նորից ընկավ այդ երկու մարդկանց վրա իր ամբողջ երկնային և աստղային ծանրությամբ: Տարրուն վեր էր կացել տեղից և թառել պատշգամբի եզրի երկաթին, Ռիեի դիմաց, որ շարունակում էր կծկված մնալ իր աթոռի խորքում: Նրանից մի խոշոր մարմնաձև էր նշմարվում կտրատված երկնքի ֆոնի վրա: Տարրուն երկար խոսեց, ահա, մոտավորապես, նրա ճառը՝ վերակազմված ձևով.
– Որպեսզի քեզ համար պարզ լինի, Ռիե, ասեմ, որ ես ժանտախտից տառապում էի այս քաղաքը և այս համաճարակը ճանաչելուց շատ առաջ: Բավական է ասել, որ ես էլ բոլորի նման եմ: Կան մարդիկ, որ այդ չգիտեն և իրենց լավ են զգում այդ վիճակում, բայց նաև կան մարդիկ, որ գիտեն այն և ուզում են այդ վիճակից դուրս գալ: Ես, ես միշտ ուզեցել եմ դրանից դուրս գալ:
Երբ երիտասարդ էի, ապրում էի իմ անմեղության գաղափարով, այսինքն բոլորովին առանց գաղափարի: Ես մարդու անհանգիստ տեսակը չեմ և կյանքը սկսել եմ, ինչպես պետք է: Ամեն ինչ ինձ հաջողվում էր, բավականին խելոք էի, հաջողություններ ունեի կանանց մոտ, և եթե նույնիսկ որոշ մտահոգություններ էի ունենում, դրանք անցնում էին, ինչպես գալիս էին: Մի օր սկսեցի մտածել: Այժմ…
Պետք է ձեզ ասել, որ աղքատ չէի ձեզ նման: Հայրս փաստաբան էր, որ որոշ դիրք էր նշանակում: Թեև բնականից բարի մարդ լինելով նա այդ տեսքը չուներ: Մայրս պարզ և նսեմացված մի կին էր, երբեք չեմ դադարել նրան սիրելուց, բայց նախընտրում եմ այդ մասին չխոսել: Հայրս ինձ հետ սիրով էր զբաղվում, և կարծում եմ, որ փորձում էր նույնիսկ ինձ հասկանալ: Նա դրսում սիրային արկածներ էր ունենում, այժմ ես դրանում վստահ եմ և չեմ անհանգստանում: Այդ բոլորի մեջ նա իրեն պահում էր, ինչպես պետք էր սպասել, առանց ոչ ոքի վիրավորելու: Կարճ ասած, նա շատ ինքնատիպ չէր, և այժմ, երբ նա արդեն մահացել է, գլխի եմ ընկնում, որ նույնիսկ եթե նա սուրբի նման չի ապրել, համենայն դեպս վատ մարդ չի եղել: Նա միջավայր, շրջապատ էր պահում, ահա ամբողջը, մարդկային այն տիպերից էր, որոնց նկատմամբ տրամաբանական համակրանք ես զգում, որը երկար շարունակվում է:
Սակայն նա մի առանձնահատկություն ուներ: Շեկսի երկաթուղային մեծ ուղեցույցը նրա բարձի գիրքն էր: Ոչ նրա համար, որ շատ էր ճամփորդում: Նա միայն արձակուրդներին գնում էր Բրետոն, ուր մի փոքր կալվածք ուներ: Բայց կարող էր ձեզ ճշգրտորեն ասել Փարիզ-Բեռլին գնացքի մեկնելու և ժամանման ժամերը, թե ինչ բաղակցություններ պետք էր անել Լիոնից Վարշավա գնալու համար, կարող էր ճշգրիտ, կիլոմետրերով ասել ձեզ հեռավորությունը ձեր իսկ ընտրած մայրաքաղաքների միջև: Կարո՞ղ եք դուք ասել, թե ինչպես պետք է գնալ Բիանսոնից Շամոնի: Նույնիսկ որևէ կայարանապետ գլուխը կկորցներ նման դեպքում: Իմ հայրը իրեն չէր կորցնում: Համարյա ամեն երեկո նա մարզվում էր, որպեսզի իր գիտելիքները հարստացներ այս ուղղությամբ և դրանով շատ հպարտ էր: Այդ ինձ շատ էր զվարճացնում, հաճախ նրան հարցաքննում էի և իր պատասխանները ստուգելով Շեկսի գրքով՝ նկատում, որ չէր սխալվել: Այո, փոքր խաղերը մեզ շատ էին իրար կապել, որովհետև նրա համար ես լավ ունկնդիր էի, որի բարյացակամությունը նա գնահատում էր: Ես մտածում էի, որ նրա գնացքի չվացուցակի մասին ունեցած առավելությունը նույնքան արժեքավոր էր, որքան որևէ ուրիշ բան:
Բայց ես ինձ բաց եմ թողնում և այդ պատվավոր մարդուն շատ մեծ կարևորություն տալու վտանգին եմ ենթարկվում: Ավարտելու համար այդ ժամանակաշրջանը, ասեմ, որ նա անուղղակի ազդեցություն է ունեցել իմ որոշման վրա, ավելի շուտ նա է տվել այդ առիթը: Երբ տասնյոթ տարեկան դարձա, նա ինձ հրավիրեց դատարան, որ նրան լսեմ: Մի կարևոր գործ էր երդվյալների դատարանում և վստահաբար մտածել էր, որ իր լավագույն ձևի մեջ էր երևալու: Կարծում եմ նաև, որ հույս էր դրել այդ արարողության վրա, այն հարմար էր համարել երիտասարդ երևակայությանս վրա ազդելու, ինձ մղելու դեպի իր ընտրած մասնագիտությունը: Ես հրավերը ընդունեցի, որովհետև այդ հաճելի էր հորս, նաև նրա համար, որ հետաքրքրված էի նրան տեսնելու և լսելու մի ուրիշ դերում, քան այն, ինչ լինում էր էր տանը, մեր մեջ: Ուրիշ ոչ մի բանի մասին չէի մտածում: Այն, ինչ կատարվում էր դատարանում, ինձ միշտ թվացել էր շատ բնական և անխուսափելի մի բան, ինչպես հուլիսի 14-ի շքերթը, կամ դպրոցական մրցանակների հանձնումը: Ես շատ վերացական գաղափար ունեի այդ մասին և դրանից չէի անհանգստանում:
Սակայն այդ օրվանից պահել եմ միայն մի պատկեր, հանցավորի պատկերը: Հավատացած եմ, որ նա իսկապես հանցավոր էր, կարևոր չէ, թե ինչում: Բայց այդ փոքրիկ, շեկ մազերով և աղքատ, շուրջ երեսուն տարեկան մարդը ամեն ինչ ընդունելու համար այնպես վճռական էր թվում, այնքան անկեղծորեն վախեցած էր իր արածի և հատկապես այն բանի համար, որ անելու էին իրեն, որ մի քանի րոպե անց ես միայն թևն էի դիտում: Շատ ուժեղ լույսից խրտնած բուի տեսք ուներ: Նրա փողկապի կապը ճիշտ չէր նստում օձիքի անկյունի հետ: Նա կրծում էր իր միակ ձեռքի եղունգը, աջինը… կարճ ասած, ես չեմ պնդում, դուք հասկանում եք, որ նա ապրող էակ էր:
Ես այդ հանկարծ նկատեցի, մինչդեռ մինչև այդ պահը նրա մասին մտածել էի որպես մի սովորական տեսակի, որպես «ամբաստանյալի»: Չեմ կարող ասել, որ մոռացել էի հորս, բայց ինչ-որ բան սեղմում էր կուրծքս, որ ինձնից հեռացնում էր ամեն ուշադրություն, բացի այն, ինչ ես կանխամտածված ձևով ունեի: Համարյա ոչինչ չէի լսում: Զգում էի, որ ուզում են սպանել այս կենդանի մարդուն, և սարսափելի մի բնազդ, ալիքի նման, ինձ նրա կողմն էր քաշում կույր կամակորությամբ: Այդ թմբիրից ինձ արթնացրեց հորս ամբաստանագիրը:
Վերափոխված իր կարմիր պատմուճանի մեջ, ոչ բարեհոգի և ոչ էլ համակրող, նա բերանում շարժում էր հսկա նախադասություններ, որոնք առանց կանգ առնելու այնտեղից դուրս էին գալիս օձերի նման: Հասկացա, որ նա հասարակության անունից այդ մարդու մահն էր պահանջում, նույնիսկ պահանջում էր, որ նրա գլուխը կտրեն: Ճիշտ է, նա միայն ասում էր. «– Այս գլուխը պետք է ընկնի»: Բայց, ի վերջո, տարբերությունը մեծ չէր: Եվ իրականում դա նույն բանին հանգավ, որովհետև նա ստացավ այդ գլուխը: Պարզապես ինքը անձամբ չկատարեց այդ աշախատանքը: Եվ ես, որ այնուհետև հետևեցի այդ գործին մինչև իր եզրակացությունը, այդ դժբախտի նկատամամբ զգացի գլխապտույտ պատճառող մի մտերմություն, որ հորս հանդեպ երբեք չեմ զգացել: Թեև նա պարտավոր էր ըստ սովորության ներկա լինել, ինչպես քաղաքավարությամբ անվանում էին, մահապատժի վեջին րոպեներին, որը ավելի լավ էր կոչել մարդասպանության ամենատխուր ձև:
Այդ պահից սկսած չկարողացա առանց գարշանքի նայել Շեկսի ուղեցույցին: Այդ պահից սարսափով սկսեցի հետաքրքրվել արդարադատությամբ, մահապատժի ի կատար ածումով և գլխապտույտով հաստատում էի, որ հայրս ներկա պետք է եղած լինի սպանությունների, և որ դրանք այն օրերին էին լինում, երբ նա շուտ էր արթնանում: Այո, այդ օրերին նա ավելի շուտ էր արթնանում: Չէի համարձակվում այս մասին խոսել մորս հետ, բայց նրան ավելի լավ էի դիտում, և հասկացա, որ այլևս ոչինչ չկար նրանց միջև, որ մայրս համակերպված կյանք էր վարում: Դա ինձ օգնեց ներելու հորս, ինչպես ասում էի այն ժամանակ: Ավելի ուշ իմացա, որ ներելու ոչինչ չկար, որովհետև մայրս աղքատ էր եղել ամբողջ կյանքում, մինչև ամուսնանալը, և որ աղքատությունը նրան համակերպվել էր սովորեցրել:
Դուք անկասկած սպասում եք, որ ասեմ, թե անմիջապես տնից հեռացա: Ոչ, բազմաթիվ ամիսներ, գրեթե մի տարի, մնացի տանը: Բայց սիրտս հիվանդ էր: Մի երեկո հայրս իր զարթուցիչը ուզեց, որովհետև շուտ պետք է վեր կենար: Ամբողջ գիշերը չքնեցի: Հաջորդ օրը, երբ վերադարձավ, ես մեկնել էի: Անմիջապես ասեմ, որ հայրս ինձ փնտրել տվեց, խնդրեց, որ գնամ նրան տեսնելու, իսկ ես, առանց բացատրելու պատճառները, հանգիստ ասացի, որ ինքնասպան կլինեի, եթե ինձ ստիպեր վերադառնալ: Ի վերջո նա համաձայնեց, որովհետև բնականից մեղմ մարդ էր, մի ճառ կարդաց կյանքը հիմար ապրելուս մասին (նա այդպես էր բացատրում իմ արարքը, իսկ ես նրան չէի տարհամոզում), հազար հանձնարարականներ արեց և զսպեց անկեղծ արցունքները, որոնք լցվում էին աչքերը: Այնուհետև, շատ երկար ժամանակ հետո, սկսեցի կանոնավոր կերպով գնալ մորս տեսնելու և այնտեղ հանդիպում էի հորս: Այդ հարաբերությունները, ինձ թվում է, բավարար էին: Ես նրա նկատմամբ թշնամանք չունեի, միայն մի քիչ տխրություն կար սրտումս: Երբ մահացավ, մորս մոտս բերեցի և ինձ մոտ էլ մնացած կլիներ մինչև այժմ, եթե իր հերթին նա էլ չմահանար:
Երկար կանգ առա այս նախաբանի վրա, որովհետև դրանով էր սկսվում ամեն ինչ: Այժմ ավելի արագ կպատմեմ: Տասնութ տարեկանիս հեշտ կյանքից դուրս գալով, ճանաչեցի աղքատությունը: Հազար արհեստ արեցի ապրուստս շահելու համար: Դա ինձ շուտ չհաջողվեց: Բայց ինձ հետաքրքրողը մահվան պատիժն էր: Ուզում էի հաշիվ մաքրել շեկ Բուի հետ: Այդ բոլորից որպես հետևություն, ինչպես ասում են, սկսեցի քաղաքականությամբ զբաղվել: Չէի ուզում ժանտախտով վարակվել, ահա իմ ամբողջ նպատակը: Հավատում էի, որ այս հասարակությունը, ուր ես ապրում էի, հիմնվում էր մահապատժի վրա, և նրա դեմ կռվելով, կռվում էի մարդասպանության դեմ: Հավատում էի, ինչպես ինձ ասացին, որ դա ընդհանրապես ճիշտ էր: Հետևաբար միացա ուրիշների, որոնց սիրում էի և որոնց սիրելուց չեմ դադարել: Ես նրանց հետ երկար մնացի, և եվրոպայում մի երկիր չկա, որի պայքարին մասնակցած չլինեմ: Անցնենք:
Հասկանալի է, ես գիտեի, որ մենք էլ էինք, առիթի դեպքում, դատապարտումներ արտասանում: Բայց ինձ ասում էին, որ այդ մի քանի մահերը անհրաժեշտ էին կառուցելու համար մի աշխարհ, որտեղ այլևս ոչ ոքի չէին սպանելու: Դա ինչ-որ ձևով ճիշտ էր, և ի վերջո գուցե ես չէ՞ի կարող ինձ պահել նման ճշմարտության մեջ: Մի բան, ինչի վրա վստահ էի, այն էր, որ տատանվում էի: Բայց ես Բուի մասին էի մտածում, և դա կարող էր շարունակվել: Մինչև այն օրը, երբ մի մահապատիժ տեսա, (Հունգարիայում էր), և նույն գլխապտույտը, որ ժամանակին ունեցել էի որպես պատանի, հասուն մարդու աչքերս սևացրին:
Դուք մարդու գնդակահարություն երբևէ չէ՞ք տեսել: Անշուշտ՝ ոչ. դա ընդհանրապես հրավերով է արվում, և մարդիկ նախօրոք են ընտրվում: Արդյունքն այն է, որ դուք մնացել եք պատկերների և գրքերի հույսին: Մի ժապավեն, մի գերան և հեռվում մի քանի զինվորներ: Բայց ոհ, ոչ: Դուք գիտե՞ք, որ գնդակահարող զինվորները, ընդհանրապես, դատապարտվածից մեկուկես մետր հեռու են կանգնում: Գիտե՞ք, որ եթե դատապարտյալը երկու քայլ առաջ գա, կրծքով կհրի հրացանները: Գիտե՞ք, որ այդ կարճ տարածությունում գնդակահարողները իրենց նշանները կենտրոնացնում են սրտի շրջանի վրա, և որ նրանք բոլորով միասին, իրենց խոշոր գնդակներով, այնտեղ մի ծակ են բաց անում, որտեղ կարելի է բռունցքը տեղավորել: Ոչ, դուք այդ չգիտեք, որովհետև դրանք մանրամասնություններ են, որոնց մասին չեն խոսում: Մարդկանց քունը ավելի սուրբ է, քան կյանքը ժանտախտով վարակվածների համար: Պետք չէ խանգարել բարի մարդկանց քունը: Այդ անելու համար պետք է վատ ճաշակ ունենալ, և ճաշակը չհամառելն է, ամեն մարդ գիտի: Իսկ ես այդ ժամանակվանից չեմ քնել: Վատ համը մնացել է բերանումս և չեմ դադարել համառելուց, այսինքն՝ դրա մասին մտածելուց:
Այն ժամանակ հասկացա, որ բոլոր այդ տարիների ընթացքում առնվազն չեմ դադարել ժանտախտով վարակված լինելուց, երբ ամբողջ հոգով կարծում էի, թե պայքարել եմ հենց ժանտախտի դեմ: Հասկացա, որ անուղղակիորեն մահվան էի դատապարտել հազարավոր մարդկանց, որ նույնիսկ ես էի դրդել այդ մահը՝ լավ համարելով այն գործերն ու սկզբունքները, որոնց նա ճակատագրականորեն իր հետ էր տարել: Իսկ մյուսները դրանից կարծես իրենց վատ չէին զգում, կամ առնվազն այդ մասին չէին խոսում: Իմ բերանը փակված էր, ես նրանց հետ էի, բայց մենակ էի: Երբեմն պատահում էր, որ արտահայտում էի իմ կասկածանքները, ասում էին, որ պետք է լրջորեն մտածել այն մասին, ինչը խաղի մեջ էր գրված, և տալիս էին պատճառաբանություններ, որոնք հաճախ տպավորիչ էին, որպեսզի կարողանայի կուլ տալ մի բան, որ չէի կարողանում կուլ տալ: Պատասխանում էի, որ մեծ ժանտախտով վարակվածները, նրանք, ովքեր կարմիր պատմուճաններ են հագնում, նույնպես հրաշալի պատճառաբանություններ ունեն, և փոքր հիվանդների հարգելի պատճառներն ու անհրաժեշտությունները օգնության կանչելը չէին կարող մեծերի պատճառաբանությունները ի չիք դարձնել: Նրանք ինձ նկատել էին տալիս, որ կարմիր պատմուճաններ հագածներին իրավունք տալու լավագույն ձևը մահապատժի մենաշնորհը նրանց թողնելն էր: Բայց այդ ժամանակ ես ինձ հարցնում էի. եթե մի անգամ տեղի ես տալիս, պատճառ չկա կանգ առնելու: Ինձ թվում է, որ պատմությունը ինձ իրավունք տվեց, այսօր կարծես մրցում են, թե ո՞վ ավելի է սպանելու: Նրանք բոլորը սպանության մոլուցքի մեջ են և ուրիշ կերպ վարվել չեն կարող, նույնիսկ եթե ցանկանան:
Իմ գործը, բոլոր դեպքերում, տրամաբանելը չէր: Իմը շեկ Բուն էր, այդ տգեղ արկածախնդրությունը, երբ ժանտախտով հիվանդ կեղտոտ բերաններ շղթաների մեջ եղող մի մարդու հայտարարում են, որ պետք է մահանա, և ամեն ինչ կարգավորում են, որ նա իսկապես մահանա գիշերներ ու գիշերներ տևող տանջանքից հետո, բաց աչքերով սպանվելու սպասելուց հետո: Իմ գործը մարդու կրծքի վրա բացված ծակն էր: Եվ ես ինձ ասում էի, որ այսուհետև առնվազն իմ բաժինը ես մերժում էի, ոչ մի պատճառով, ոչ մի դեպքում, լսում եք, չմասնակցել այդ զզվելի սպանդին: Այո, ես ընտրեցի այս համառ կուրությունը, հույս ունենալով, որ այդպիսով ավելի լավ կտեսնեմ:
Այդ ժամանակվանից չեմ փոխվել: Շատ երկար ժամանակ է, որ ամաչում եմ մեռնելուց, թեկուզ հեռվից հեռու, թեկուզ բարի նպատակներով, իմ հերթին մարդասպան լինելուց հետո: Ժամանակի ընթացքում պարզապես նկատեցի, որ նույնիսկ նրանք, որ ավելի լավ էին ուրիշներից, չեն կարող իրենք իրենց արգելել այժմ սպանել կամ ուրիշներին թույլ տալ սպանել, որովհետև դա իրենց կյանքի տրամաբանության մեջ է, և որ մենք չէինք կարող մի շարժում իսկ անել այս աշխարհում առանց մեռցնելու վտանգին ենթարկվելու։ Այո, շարունակեցի ամաչել, հասկացա, որ մենք բոլորս ժանտախտի մեջ էինք, և խաղաղությունս կորցրի: Դեռևս այսօր էլ փորձում եմ, փորձում եմ բոլորին հասկանալ և մահացու թշնամի չլինել ոչ ոքի: Միայն այն գիտեմ, որ պետք է ասել, ինչ անհրաժեշտ է, որպեսզի այլևս ժանտախտով հիվանդներ չլինեն, և որ այդ ձևով միայն կարելի է հուսալ, որ խաղաղություն կլինի, և կամ պատվավոր մահ: Միայն այդ կարող է թեթևացնել մարդկանց: Եթե չենք կարող փրկել նրանց, նրանց հնարավորին չափ քիչ չարիք պատճառենք և նույնիսկ, երբեմն, մի քիչ լավություն անենք: Ահա թե ինչու որոշեցի մերժել ամեն ինչ, որ մոտիկից կամ հեռվից, լավ կամ վատ պատճառների համար սպանել է տալիս, կամ արդարացնում է սպանությունը:
Այդ պատճառով էլ այս համաճարակը ինձ ոչինչ չի սովորեցնում, բացի այն, որ պետք է պայքարել նրա դեմ, ձեր կողքին: Գիտեմ որոշակի գիտությամբ (Այո, Ռիե, ես կյանքի ամեն ինչը գիտեմ, դուք այդ լավ եք հասկանում), որ ամեն մարդ իր մեջ ժանտախտ ունի, որովհետև ոչ ոք, աշխարհում ոչ ոք չկա, որ նրանով վարակված չլինի: Եվ պետք է անդադար ինքն իրեն հսկել, որ չվարակվես ցրվածության որևէ պահի, մի ուրիշի դեմքին չշնչես և վարակը նրա վզին չփաթաթես: Բացիլը շատ բնական է: Մնացածը,առողջությունը, ամբողջականությունը, մաքրությունը, եթե ուզում եք, կամքի արդյունք է, մի կամքի, որ երբեք կանգ չի առնում: Պարկեշտ մարդը, որ համարյա ոչ ոքի չի վարակում, նա է, ով ամենաքիչը ցրվելու հնարավորություն ունի: Կամք է պետք և ձգտում, որպեսզի երբեք ցրված չլինես: Այո, Ռիե, շատ հոգնեցուցիչ է ժանտախտով վարակված լինելը: Բայց ավելի հոգնեցուցիչ է վարակվել չցանկանալը: Դրա համար էլ ամեն մարդ հոգնած է երևում, քանի որ ամեն մարդ այսօր մի քիչ վարակված է զգում իրեն: Բայց հենց դրա համար էլ մի քանի մարդիկ, որ ցանկանում են այդպիսին չլինել, ձեռք են բերում մի ծայրահեղ հոգնածություն, որից ոչինչ նրանց ազատել չի կարող, մահվանից բացի:
Այս բոլորին որպես եզրակացություն գիտեմ նաև, որ ոչինչ չարժեմ այս աշխարհի համար, և այն պահից սկսած, երբ հրաժարվեցի սպանել, ինձ դատապարտեցի վերջնական աքսորի: Մյուսներն են, որ պատմություն պիտի ստեղծեն: Գիտեմ նաև, որ բացեիբաց չեմ կարող այդ ուրիշներին դատել: Ես որակի պակաս ունեմ, որպեսզի կարողանամ օրինավոր մարդասպան դառնալ: Հետևաբար դա առավելություն չէ: Բայց այժմ համաձայն եմ լինել այն, ինչ որ եմ, սովորել եմ համեստության: Միայն ասում եմ, որ այս աշխարհում պատուհասներ կան և զոհեր, և պետք է, հնարավորության սահմաններում, աղետի կողմը չլինել: Այս միտքը գուցե ձեզ մի քիչ պարզունակ թվա, բայց վստահ եմ, որ դա ճիշտ է: Այնքան պատճառաբանություններ եմ լսել, որոնք քիչ մնաց գլուխս պտտեցնեին, և որոնք բավականաչափ ուրիշ գլուխներ պտտեցրին, որպեսզի նրանք սպանության համաձայնեն, ու ես հասկացա, որ մարդկանց բոլոր դժբախտությունները նրանից են, որ հստակ լեզու չեն գործածում: Ես որոշեցի խոսել և գործել հստակորեն, որպեսզի ինձ ճիշտ ճանապարհի վրա դնեմ: Հետևաբար ասում եմ, պատուհասներ և զոհեր կան, միայն այդքան: Եթե այդ ասելով ինքս աղետ եմ դառնում, առնվազն դրան չեմ համաձայնում: Փորձում եմ անմեղ սպանող դառնալ: Տեսնո՞ւմ եք, դա այնքան էլ մեծ հավակնություն չէ:
Վստահաբար պետք է մարդկանց մի երրորդ տեսակը լինի, իսկական բժիշկները, բայց դա այնպիսի վիճակ է, որ հաճախ չես հանդիպում, հավանաբար շատ դժվար է բուժելը: Ահա թե ինչու ես որոշեցի զոհերի կողմն անցնել, որպեսզի բոլոր առիթներում սահմանափակեմ ավերը: Նրանց շրջանում կարող եմ փնտրել երրորդ տեսակին հասնելու ճանապարհները, այսինքն՝ խաղաղության հասնելու ճանապարհները:
Ավարտելով խոսքը՝ Տարրուն ծունկն էր օրորում և ոտքով մեղմորեն խփում էր պատշգամբին: Որոշ լռությունից հետո բժիշկը մի քիչ ուղղվեց և հարցրեց, արդյո՞ք Տարրուն որևէ հստակ գաղափար ուներ այն ճանապարհի մասին, որով պետք էր գնալ խաղաղության հասնելու համար:
– Այո, համակրանքը:
Շտապօգնության շչակի երկու հնչյուններ լսվեցին հեռվում: Բացականչություններ, որոնք մի քիչ առաջ անորոշ էին, հավաքվեցին քաղաքի սահմանագլուխներում, քարքարոտ բլրի մոտերքը: Նույն ժամանակ լսվեց մի աղմուկ, որ նման էր պայթյունի: Հետո նորից լռություն տիրեց: Ռիեն հաշվեց փարոսի երկու թարթում: Զեփյուռը կարծես ավելի ուժեղացավ և հանկարծ ծովից եկող մի շունչ աղահոտ բերեց: Այժմ որոշակի լսվում էր ալիքների խուլ շնչառությունը քարաժայռի դեմ:
– Ի վերջո,– ասաց Տարրուն պարզությամբ,– ես ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս կարելի է սուրբ դառնալ:
– Բայց դուք Աստծո չեք հավատում:
– Ճիշտ է: Կարելի է սուրբ դառնալ առանց Աստծո, դա է միակ կոնկրետ խնդիրը, որ այսօր գոյություն ունի ինձ համար:
Հանկարծ մի մեծ լույս պոռթկաց այն կողմից, որտեղից եկել էին աղաղակները, և քամու ալիքների վրա բարձրացած մի մութ աղմուկ հասավ երկու մարդկանց: Լույսը անմիջապես խավարեց և հեռուն, պատշգամբների ծայրին մնաց մի կարմրություն: Քամու մի նոր ալիքում նրանք մարդկային աղաղակներ լսեցին, հետո մի կրակահերթի աղմուկ և բազմության վայնասուն: Տարրուն կանգնել և լսում էր: Բայց նա ուրիշ բան այլևս չլսեց:
– Դռների մոտ նորից կռվեցին:
– Նման փորձերը այսպես ավարտվել են,– ասաց Ռիեն:
Տարրուն ասաց, որ փախչելու փորձերը երբեք չեն ավարտվում, և նորից զոհեր են լինում, սակայն այդ բոլորը ըստ կարգի են:
– Գուցե,– պատասխանեց բժիշկը,– բայց գիտե՞ք ինչ, ես ավելի շատ պարտվածների նկատմամբ եմ համերաշխություն զգում, քան սուրբերի: Ես հերոսության կամ սրբության ճաշակը չունեմ կարծես: Ինձ հետաքրքրում է մարդ լինելը:
– Այո, մենք միևնույն բանն ենք փնտրում, բայց ես նվազ փառասեր եմ:
Ռիեն մտածեց, որ Տարրուն կատակում էր և նայեց նրան: Բայց աղոտ լույսի տակ, որ երկնքից էր իջնում, նա տեսավ մի տխուր և լուրջ դեմք: Նորից քամի էր բարձրանում, և Ռիեն իր մարմնի վրա խոնավություն զգաց: Տարրուն կուչ եկավ:
– Գիտե՞ք, թե ինչ պետք է անենք նշելու համար մեր բարեկամությունը,– ասաց նա:
– Ինչ որ ցանկանաք,– ասաց Ռիեն:
– Ծովի լոգանք ընդունենք: Նույնիսկ ապագա սուրբի համար դա արժանի հաճույք է:
Ռիեն ժպտում էր:
– Մեր անցաթղթերով կարող ենք գնալ թումբի վրա: Ի վերջո շատ մեծ հիմարություն է միայն ժանտախտի մեջ ապրելը: Հասկանալի է, մարդը պետք է պայքարի զոհերի համար, բայց եթե նա դադարում է որևէ բան սիրել, ինչի՞ համար է նա պայքարում:
– Ճիշտ ես,– ասաց Ռիեն,– գնանք:
Քիչ հետո նրանց մեքենան կանգ առավ նավահանգստի երկաթե խաչերի մոտ: Լուսինը դուրս էր եկել: Կաթնավուն մի երկինք ամենուրեք գունատ ստվերներ էր սփռում: Նրանց ետևում հարկ-հարկ բարձրանում էր քաղաքը և այնտեղից գալիս էր մի տաք և հիվանդ շունչ, որ նրանց դեպի ծով էր մղում: Նրանք իրենց թղթերը ցույց տվեցին մի պահակի, որ բավականին երկար զննեց նրանց: Անցան տակառներով ծածկված տարածության միջով, գինու և ձկան հոտի միջով և բռնեցին թմբի ուղղությունը: Այնտեղ հասնելուց առաջ յոդի և ջրախոտի հոտը ազդարարեց ծովը: Հետո լսեցին նրան:
Մեծ ապրանքակույտերից կազմված թմբի տակ մեղմորեն փչում էր: Երբ բարձրացան՝ ծովը թվաց թավիշի նման հաստ և կենդանու նման ողորկ: Նրանք տեղավորվեցին ծովի մեջ խրված ժայռերի վրա: Ծովի մեղմ շնչառությունից նրա մակերեսի վրա փայլփլում ու անհետանում էին նավթոտ ցոլքերը: Նրանց առջև գիշերը անսահման էր: Ռիեն, որ մատների տակ զգում էր ժայռերի ոչ ողորկ դեմքը, լեցուն էր տարօրինակ երջանկությամբ: Շուռ գալով դեպի Տարրուն, իր բարեկամի հանգիստ ու անվախ դեմքի վրա, որ ոչինչ չէր մոռանում, նույնիսկ սպանությունը, նույն երջանկությունը գուշակեց:
Նրանք մերկացան: Ռիեն առաջինը սուզվեց: Ջուրը սկզբում սառը, հետո գոլ թվաց նրան: Նա մի քանի մետր լողալուց հետո համոզվեց, որ այն գոլ էր աշնանային ծովի գոլությամբ, որ հողից վերցնում է կուտակված շոգը երկար ամիսների ընթացքում: Նա կանոնավոր լողում էր: Ոտքի հարվածները ետևից թողնում էին եռացող փրփուր, ջուրը նրա թևերի մոտից փախչում էր ծնկներին կպչելու համար: Ծանր մի աղմուկ նրան իմաց տվեց, որ Տարրուն նույնպես սուզվել էր: Ռիեն կռնակի վրա շուռ եկավ և անշարժ մնաց, դեմքը լուսնով և աստղերով լեցուն երկնքին ուղղած: Նա խորը շնչեց: Հետո լսեց գնալով ավելի հստակորեն ջրին խփելու աղմուկ, տարօրինակորեն հստակ լռության և գիշերվա մենակության մեջ: Տարրուն մոտենում էր, շուտով լսվեց նրա շնչառությունը: Ռիեն շուռ եկավ, հավասարվեց իր բարեկամին և լողաց նրա ընթացքով: Տարրուն ավելի արագ էր առաջանում, քան ինքը, և նա ստիպված եղավ արագացնել ընթացքը: Մի քանի րոպե նրանք նույն ընթացքով և նույն եռանդով առաջացան, այդպես մենակ, աշխարհից հեռու, վերջապես ազատված քաղաքից և ժանտախտից: Ռիեն աոաջինը կանգ առավ և նրանք դանդաղորեն վերադարձան, ճանապարհին մի պահ մտնելով մի սառը հոսանքի մեջ: Առանց խոսելու երկուսով արագացրին իրենց շարժումները ծովի այդ անակնկալից հալածված:
Հագնվեցին և մեկնեցին առանց բառ արտասանելու: Սակայն այժմ նրանք նույն սիրտն ունեին, և այդ գիշերվա հիշատակը քաղցր էր նրանց համար: Երբ հեռվից նկատեցին ժանտախտի պահապանին, Ռիեն գիտեր, որ Տարրուն, ինչպես ինքը, խոստովանում էր, որ հիվանդությունը մոռացել էր նրանց, և դա լավ էր, իսկ այժմ անհրաժեշտ էր վերսկել պայքարը:
* * *
Այո, պետք էր վերսկսել պայքարը, և ժանտախտը ոչ ոքի երկար ժամանակով չէր մոռանում: Դեկտեմբեր ամսվա ընթացքում այն բոցավառվեց մեր համաքաղաքացիների կրծքերի տակ, լուսավորեց դիակիզարանի փուռը և ճամբարները բնակեցրեց դատարկաձեռն ստվերներով: Մի խոսքով շարունակեց առաջանալ իր համբերատար և անկանոն ընթացքով: Իշխանությունները հույսները դրել էին ցուրտ օրերի վրա, կանգնեցնելու համար այդ առաջխաղացքը, սակայն հիվանդությունը անցնում էր եղանակի առաջին խստությունների վրայով, առանց քաղաքից հեռանալու: Պետք էր ավելի սպասել: Բայց այլևս չէին սպասում սպասելու սիրույն, և մեր ամբողջ քաղաքը ապրում էր առանց ապագայի:
Գալով բժշկին, նրան տրված խաղաղության և բարեկամության կարճատև այդ պահը շարունակություն չունեցավ: Մի հիվանդանոց էլ էին բացել, և Ռիեն մտերմական զրույց էր ունենում միայն հիվանդների հետ: Նա նկատեց սակայն, որ համաճարակի այդ ժամանակաշրջանում, մինչ ժանտախտը գնալով թոքային ձև էր ստանում, հիվանդները սկսեցին ինչ-որ չափով օգնել բժշկին: Փոխանակ հանձնվելու նրան, կամ սկզբնական շրջանի խելառություններին, նրանք կարծես սկսեցին ավելի ճիշտ պատկերացում կազմել իրենց շահերի մասին և պահանջում էին այն, ինչ նրանց համար ավելի նպաստավոր կարող էր լինել: Նրանք անդադար խմել էին պահանջում, և բոլորը ջերմություն էին ուզում: Թեև հոգնությունը նույնն էր, սակայն բժիշկը իրեն նվազ մենակ էր զգում:
Դեկտեմբերի վերջին Ռիեն դեռևս ճամբարում գտնվող պարոն Օթոնից մի նամակ ստացավ: Նա հայտնում էր, որ կարանտինի իր ժամանակը անցել էր, բայց ճամբարի կառավարչությունը չէր գտնում իր ճամբար մտնելու թվականը և վստահաբար իրեն շարունակում էին ճամբարում պահել սխալմամբ: Նրա կինը, արդեն որոշ ժամանակ առաջ դուրս եկած, բողոքել էր պրեֆեկտուրա, որտեղ նրան վատ էին ընդունել, ասել էին, որ երբեք սխալ չէր լինում: Ռիեն Ռամբերին միջամտել տվեց, և մի քանի օր հետո պարոն Օթոնը եկավ նրա մոտ: Իսկապես սխալ էր տեղի ունեցել, և Ռիեն բարկացավ: Բայց պարոն Օթոնը, որ նիհարել էր, թույլ, անուժ ձեռքը բարձրացրեց և ասաց բառերը կշռելով, որ ամեն մարդ կարող էր սխալվել: Բժիշկը մտածեց, որ ինչ-որ բան փոխվել էր պարոն Օթոնի մեջ:
– Ի՞նչ պիտի անեք, պարոն քննիչ: Ձեր գործերը սպասում են ձեզ,– ասաց Ռիեն:
– Չէ, ոչ այդ մեկը,– պատասխանեց քննիչը:– Ուզում եմ արձակուրդ վերցնել:
– Իսկապես ձեզ հանգստանալ է պետք:
– Այդ չեմ ասում,– խոսեց նա,– ուզում եմ ճամբար վերադառնալ:
Ռիեն զարմացավ.
– Բայց նոր եք այնտեղից դուրս գալիս:
– Ինձ սխալ հասկացաք: Ինձ ասացին, որ ճամբարի կառավարչությունում կամավոր աշխատողներ կան:
Քննիչն իր կլոր աչքերը շուռումուռ էր տալիս և փորձում էր մազերը հարդարել:
– Հասկանո՞ւմ եք, ես զբաղմունք կունենամ: Եվ հետո, գուցե ծիծաղելի է, ես ինձ նվազ բաժանված կզգամ իմ փոքրիկ տղայից:
Ռիեն նայեց նրան: Միթե՞ նրա խիստ և անարտահայտիչ աչքերում հանկարծ մեղմություն հաստատվեց: Բայց նրանք ավելի մառախլապատ էին դարձել, կորցրել էին իրենց մետաղային մաքրությունը:
– Հնարավոր է,– ասաց Ռիեն,– ես դրանով կզբաղվեմ, քանի որ ցանկանում եք:
Բժիշկը իսկապես զբաղվեց դրանով, և ժանտախտով վարակված քաղաքի կյանքը իր սովորական ընթացքի մեջ մտավ մինչև ծնունդի տոները: Տարրուն շարունակում էր ամեն տեղ ման ածել իր ազդեցիկ հանդարտությունը: Ռամբերը խոստովանեց բժշկին, որ շնորհիվ երկու երիտասարդ պահակների նա գաղտնի նամակագրություն էր հաստատել իր կնոջ հետ: Ժամանակ առ ժամանակ նամակ էր ստանում: Նա առաջարկեց Ռիեին օգտվել դրանից, և վերջինս ընդունեց: Բազմաթիվ ամիսների ընդմիջումից հետո, առաջին անգամ լինելով նա մի նամակ գրեց մեծ դժվարությամբ: Անցյալում մի լեզու կար, որ նա կորցրել էր: Նամակը գնաց: Պատասխանը ուշացավ: Քոթարը շարունակում էր բարգավաճել և նրա մանր վերավաճառումները նրան հարստացնում էին: Գալով Գրանին, տոների շրջանը նրան հաջողություն չէր բերելու:
Այդ տարվա Ծնունդը ավելի շուտ դժոխքի տոն էր, քան Աստվածաշնչի: Դատարկ և լույսից զրկված խանութները, ցուցափեղկերի դատարկ տուփերն ու արհեստական շոկոլադները, մռայլ տեսքով մարդկանցով լեցուն տրամվայները, ոչինչ չէր հիշեցնում անցած տարիների Ծնունդները: Այդ տոնի ժամանակ, երբ ամեն մարդ, հարուստ կամ աղքատ, անցյալում միանում էր, այժմ գնալու տեղ չուներ, բացի առանձին և ամոթալի հաճույքներից, որ առանձնաշնորհյալները ճարում էին ոսկու գնով, որևէ կեղտոտ խանութի հետնամասում: Եկեղեցիները լցված էին ավելի շուտ գանգատներով, քան բարեգործություններով, տխուր և սառած քաղաքում մի քանի երեխաներ վազում էին, դեռևս անտեղյակ, թե ինչ էր սպառնում իրենց: Բայց ոչ ոք չէր համարձակվում նրանց հիշեցնել անցյալի Աստծուն՝ ընծաներով բեռնավորված, հին՝ ինչպես մարդկային հացը, բայց նոր՝ ինչպես երիտասարդ հույսը: Բոլորի սրտերում բոլորովին տեղ չկար, բացի շատ ծեր և շատ տխուր հույսից, այն, որ մարդկանց արգելում է հանձնվել մահվանը և որ պարզ համառություն է ապրելու համար:
Նախորդ օրը Գրանը իր ժամադրությանը չէր եկել: Մտահոգված Ռիեն գնացել էր մոտը առավոտ շուտ և նրան չէր գտել: Բոլորին իմաց տվեց: Ժամը տասնմեկի մոտերը Ռամբերը հիվանդանոց եկավ բժշկին հայտնելու, որ հեռվից նշմարել էր Գրանին փողոցներում թափառելիս, ավերված տեսքով: Հետո աչքից կորցրել էր: Բժիշկը և Տարրուն մեքենայով գնացին նրան փնտրելու:
Կեսօրվա մեռյալ ժամին, Ռիեն դուրս եկավ մեքենայից և հեռվից սկսեց դիտել Գրանին, որ համարյա կպել էր փայտից քանդակված կոպիտ խաղալիքներով լեցուն մի ցուցափեղկի: Ծեր պաշտոնյայի դեմքը ողողված էր արցունքներով: Այդ արցունքները տակնուվրա էին անում Ռիեին, որովհետև հասկանում էր նրան և ինքն էլ կոկորդում արցունք էր զգում: Նա հիշեց դժբախտի նշանդրեքը Ծնունդի մի խանութի առջև և Ժաննին, նրան հենված, ասելու համար, որ գոհ էր: Նա վստահ էր, որ հեռավոր տարիների խորքից, այս խենթության հենց սրտում Ժաննի թարմ ձայնը գալիս էր դեպի Գրանը: Ռիեն գիտեր, թե այդ պահին ի՞նչ էր մտածում արտասվող ծեր մարդը, և նրա նման ինքն էլ մտածում էր, որ առանց սիրո այս աշխարհը նման էր մեռած աշխարհի և որ միշտ գալիս է մի ժամ, երբ մարդիկ հոգնում են բանտից՝ աշխատանքից և քաջությունից պահանջելու համար մի էակի դեմքը և քնքշությունից սքանչելի դարձած սիրտը:
Գրանը նրան տեսավ ապակու միջից: Լացը չդադարեցնելով նա շուռ եկավ և հենվեց ցուցափեղկին՝ նայելով մոտեցող Ռիեին:
– Ա՜հ, բժիշկ, ա՜հ, բժիշկ,– անընդհատ կրկնում էր նա:
Ռիեն, խոսելու անկարող, գլուխն էր շարժում՝ հաստատելու համար նրա ասածը: Այդ տխրությունը նույն ժամանակ իրն էր և այն, ինչ նրա սիրտն էր սեղմում, այն անսահման բարությունն էր, որ մարդուն տալիս է ուրիշի վշտի դիմաց, այն, որ բոլոր մարդիկ բաժանում են:
– Այո՛, Գրան,– ասաց նա,– հասկանում եմ քեզ:
– Ուզում եմ նրան նամակ գրելու հնարավորություն ունենալ, որպեսզի իմանա… և որպեսզի կարողանա երջանիկ լինել առանց զղջումների…
Համարյա կոպտությամբ Ռիեն Գրանին ստիպեց քայլել: Թողնելով, որ իրեն գրեթե քարշ տան, մյուսը շարունակում էր նախադասություններ թոթովել:
– Շատ երկար ժամանակ է, ինչ այս վիճակը տևում է: Ցանկանում եմ ամեն ինչ եղածի պես թողնել, պարտավորված եմ անում: Ա՜հ, բժիշկ, արտաքնապես շատ հանգիստ տեսք ունեմ, բայց ինձ միշտ հսկա ուժ է պետք պարզապես բնական լինելու համար: Իսկ այժմ ավելին է:
Նա կանգ առավ, բոլոր անդամները դոդում էին, աչքերը խենթ արտահայտություն ունեին: Ռիեն բռնեց նրա ձեռքը: Այրվում էր:
– Պետք է տուն գնալ,– ասաց նա:
Բայց Գրանը խույս տվեց և մի քանի քայլ վազեց, հետո կանգ առավ, թևերը տարածեց և սկսեց ետ ու առաջ օրորվել: Նա ինքն իր շուրջ պտույտ գործեց և ընկավ սառած մայթի վրա, դեմքը շարունակվող արցունքից կեղտոտված: Անցորդները նայում էին հեռվից, հանկարծ կանգ առնելով, բայց չհամարձակվելով ավելի առաջանալ: Պետք եղավ, որ Ռիեն իր թևերի վրա վերցներ ծեր մարդուն:
Անկողնի մեջ այժմ Գրանը խեղդվում էր. թոքերը բռնված էին, և Ռիեն մտածում էր: Պաշտոնյան ընտանիք չուներ: Ի՞նչ կարիք կար նրան տեղափոխելու: Ինքը և Տարրուն նրան կխնամեին…
Գրանը գլուխը բարձի մեջ էր խրել՝ մաշկը կանաչած և աչքերը մարած: Նա ուղիղ նայում էր թույլ կրակին, որ Տարրուն վառում էր բուխարիկում մի սնդուկի մնացուկներով: «– Վատ եմ»,– ասաց նա: Եվ նրա այրվող թոքերի խորքից դուրս էր գալիս մի տարօրինակ ճարճատյուն, որ ուղեկցում էր նրա բոլոր ասածներին: Ռիեն նրան հրամայեց լռել և ասաց, որ կվերադառնա: Այդ խոսքի վրա մի տարօրինակ ժպիտ, մի տեսակ քնքշություն երևաց հիվանդի դեմքին: Ճիգ գործադրելով, նա աչքով արեց: «– Եթե ազատվեմ սրանից, գլխարկդ ցած, բժիշկ»,– ասաց նա: Բայց անմիջապես հետո ընկավ ուժասպառ վիճակի մեջ:
Մի քանի ժամ հետո Ռիեն և Տարրուն հիվանդին գտան իր անկողնում կիսահագնված, և Ռիեն վախեցավ՝ նրա դեմքին կարդալով հիվանդության առաջընթացը, որ այրում էր նրան, բայց նա ավելի սթափ էր թվում և անմիջապես, տարօրինակ կերպով խորունկից եկող ձայնով խնդրեց իր մոտ բերել ձեռագիրը, որ դրել էր մի դարակում: Տարրուն նրան տվեց թղթերը, որը նախքան դրանց նայելը կրծքին սեղմեց, որպեսզի այնուհետև մեկներ բժշկին և մի շարժումով նրան հրավիրեր կարդալ: Մոտ հիսուն էջանոց մի կարճ ձեռագիր էր: Բժիշկը թերթատեց այն և հասկացավ, որ բոլոր այդ էջերում նույն նախադասությունն էր անսահմանորեն արտագրված, մշակված, հարստացված կամ աղքատացված: Անդադար մայիս ամիսը, ամազոնուհին և Անտառի ծառուղիները իրար էին հանդիպում և դասավորվում տարբեր ձևերով: Երկը ուներ նաև բացատրություններ, երբեմն անչափելիորեն երկար և տարբերակներով: Բայց վերջին էջի տակ մի վարժ ձեռք գրել էր դեռևս թարմ թանաքով. «Իմ շատ սիրելի Ժանն, այսօր Ծնունդ է…», ներքևում, խնամքով գեղագրված, երևում էր նախադասության վերջին տարբերակը:
– Կարդացեք,– ասաց Գրանը: Եվ Ռիեն կարդաց:
«Մայիսյան մի գեղեցիկ առավոտ, մի նրբակերտ ամազոնուհի, նստած մի հոյակապ աշխետ ձի գնում էր ծաղիկների միջով, Անտառի ծառուղիներով»…
– Ստացվե՞լ է,– հարցրեց ծերուկը տենդոտ ձայնով:
Ռիեն աչքերը նրա վրա չբարձրացրեց:
– Ա՜հ,– ասաց մյուսը տեղում շարժվելով,– ես շատ լավ գիտեմ: Գեղեցիկ, գեղեցիկ, ճիշտ բառը չէ:
Ռիեն ծածկոցի վրայով բռնեց նրա ձեռքը:
– Թողեք, բժիշկ: Ժամանակ չեմ ունենալու:
Նրա կուրծքը դժվարությամբ էր բարձրանում, և հանկարծ բղավեց.
– Այրեցեք այն:
Բժիշկը տատանվեց, բայց Գրանը կրկնեց իր հրամանը այնպիսի սարսափելի շեշտով և ձայնի այնպիսի տառապանքով, որ Ռիեն թղթերը նետեց համարյա հանգած կրակի մեջ: Սենյակը արագ լուսավորվեց և կարճատև մի ջերմություն տաքացրեց այն: Երբ բժիշկը վերադարձավ հիվանդի մոտ, վերջինս կռնակը դարձրել էր, դեմքը համարյա պատին էր կպցրել: Տարրուն լուսամուտից դուրս էր նայում, կարծես օտար լիներ այս տեսարանի համար: Շիճուկը սրսկելուց հետո Ռիեն իր բարեկամին առաջարկեց մնալ: Տարրուն համաձայնեց:
Այն միտքը, որ Գրանը մահանալու էր, ամբողջ գիշերը հալածեց նրան, բայց հաջորդ առավոտ Ռիեն Գրանին գտավ անկողնում նստած՝ Տարրուի հետ զրուցելիս: Տենդը անհետացել էր: Մնացել էին միայն ընդհանուր մաշվածության նշանները:
– Բժիշկ,– ասաց պաշտոնյան,– շտապեցի: Բայց ոչինչ, կվերսկսեմ: Ամեն ինչ հիշում եմ, կտեսնեք:
– Սպասենք,– ասաց Ռիեն Տարրուին:
Բայց կեսօրին վիճակը չփոխվեց: Երեկոյան Գրանը կարող էր փրկված համարվել: Ռիեն ոչինչ չէր հասկանում այս հարությունից:
Սակայն նույն շրջանին Ռիեի մոտ բերեցին մի հիվանդի, որի վիճակը նա անհուսալի համարեց և հիվանդանոց գալուն պես առանձնացնել տվեց: Երիտասարդ աղջիկը զառանցում էր և թոքային ժանտախտի բոլոր նշաններն ուներ: Բայց հաջորդ առավոտ ջերմությունն իջավ: Ինչպես Գրանի պարագային, բժշկին թվաց, որ առավոտվա վերականգնում էր, որը սովորական փորձառությունը վատ նշան է համարում: Կեսօրին, սակայն, ջերմությունը չավելացավ: Երեկոյան այն բարձարացավ մի քանի տասնորդականով միայն, իսկ հաջորդ առավոտյան լրիվ անհետացավ: Ռիեն Տարրուին ասաց, որ աղջիկը փրկված էր հակառակ բոլոր կանոններին: Սակայն շաբաթվա ընթացքում միայն չորս նման պարագաներ ներկայացան բժշկին:
Նույն շաբաթվա վերջում ծեր ասթմատիկը բժշկին և Տարրուին ընդունեց մեծ հուզումի բոլոր նշաններով:
– Հավատո՞ւմ եք,– ասաց նա,– նրանք նորից են դուրս գալիս:
– Ովքե՞ր:
– Պարզ է, առնետները:
Ապրիլ ամսից ոչ մի սատկած առնետ չէր գտնվել:
– Արդյո՞ք վերսկսվելու է,– ասաց Տարրուն Ռիեին:
Ծերուկը ձեռքերն էր շփում:
– Պետք է միայն տեսնել, թե ինչպես են վազվզում: Ուղղակի հաճելի է:
Նա տեսել էր երկու կենդանի առնետների փողոցի դռնով իրենց շենք մտնելը: Հարևանները հայտնել էին, որ իրենց մոտ էլ այդ կենդանիները վերահայտնվել էին: Որոշ ատաղձագործական արհեստանոցներում սկսել էր լսվել ամիսներ ամբողջ մոռացված նրանց իրարանցումը: Ռիեն սպասեց ընդհանուր վիճակագրական տվյալների հրատարակմանը, որ տեղի էր ունենում յուրաքանչյուր շաբաթվա վերջում: Նրանք բացահայտում էին հիվանդության նահանջը:
V
Հիվանդության այս հանկարծակի նահանջը թեև անսպասելի էր, մեր համաքաղաքացիները չշտապեցին հրճվել: Անցնող ամիսները, ավելացնելով հանդերձ ազատագրվելու նրանց ցանկությունը, նրանց խոհեմություն էին սովորեցրել, վարժեցրել էին առնվազն ամիսներ հաշվել համաճարակի մոտակա վախճանի համար: Սակայն այս նոր իրադրությունը բոլորի լեզվի վրա էր, և սրտերի խորքում չխոստովանված մեծ հույսեր էին շարժվում: Մնացած ամեն ինչը երկրորդ պլան էր անցել: Ժանտախտի նոր զոհերը քիչ կշիռ ունեին այն աներևակայելի փաստի առաջ, որ վիճակագրության տվյալները իջել էին: Նշաններից մեկը, որ առողջության շրջանը առանց բացահայտորեն հուսացվելու, գաղտնի սպասվում էր, այն էր, որ մեր համաքաղաքացիները կամավոր կերպով խոսում էին, թեև ինչ-որ անտարբերության երանգով, թե ինչպես պիտի կյանքը վերակազմակերպվեր ժանտախտից հետո:
Ամեն մարդ համաձայն էր, որ անցած կյանքի հարմարությունները միանգամից չէին վերագտնվելու, որ ավելի հեշտ էր կործանելը, քան վերակառուցելը: Նրանք պարզապես կարծում էին, որ մատակարարումը մի քիչ կբարելավվեր, և այդպիսով կազատագրվեին ամենաանհրաժեշտ մտահոգություններից: Բայց, իրականում, այս անմեղ զրույցների տակ մի չգիտակցված հույս էր սանձազերծ լինում այն աստիճան, որ մեր համաքաղաքացիները երբեմն գիտակցում էին և հաստատում, որ այդ բոլորը շտապ կերպով, բոլոր դեպքերում ազատագրության հաջորդ օրը չէին իրագործվելու։
Եվ իսկապես, ժանտախտը հաջորդ օրը կանգ չառավ, բայց ըստ երևույթին այն ավելի արագ սկսեց թուլանալ, քան տրամաբանորեն կարող էին հուսալ: Հունվարի առաջին օրերին ցուրտը հիմնավորապես հաստատվեց և սկսեց բյուրեղանալ քաղաքի վրա: Եվ սակայն երկինքը երբեք այդքան կապույտ չէր եղել: Օրեր ամբողջ նրա սառած և անշարժ փայլը ողողեց մեր քաղաքը մի անընդմեջ լույսով: Այս մաքրված օդում, անցնող երեք շաբաթվա ընթացքում, հաջորդական անկումներով, ժանտախտը կարծես սպառվում էր գնալով պակասող մահացողների վրա, որոնց շարում էր իրար կողքի: Շատ կարճ ժամանակում նա կորցրեց համարյա այն ամբողջ ուժը, որ ամիսների ընթացքում կուտակել էր: Տեսնելով նշանակված ավարի պակասելը, ինչպես Գրանը և Ռիեի հիվանդանոց եկած աղջիկը, ժանտախտը գազազում էր ուրիշ թաղամասերում, մինչդեռ այլ թաղամասերից իսպառ անհետանալով, երկուշաբթի օրը բազմապատկում էր զոհերի թիվը, չորեքշաբթի բոլոր հիվանդներին թույլ տալով ապաքինվել: Այդպես շնչահատ կամ հարձակողական, նա կարծես ջղայնորեն կազմալուծվում էր և ուժասպառ լինում, նույն ժամանակ կորցնելով ինքնիշխանությունը, իր մաթեմատիկական և իշխող կարողությունը, որ մինչ այդ նրա ուժն էր: Քասթելի շիճուկը միանգամից սկսեց հաջողություններ արձանագրել, որ մինչ այդ չէր կարողանում: Օգտագործող բժիշկներին, որ առաջ ոչ մի արդյունք չէին ստանում, այն հանկարծ սկսեց շատ վստահելի թվալ: Իր հերթին կարծես հալածական ժանտախտի թուլությունը բթացած զենքերի ուժն էր դառնում, որ մինչ այդ իզուր հակադրել էին նրան: Ժամանակ առ ժամանակ հիվանդությունը թափ էր առնում և մի տեսակ կույր հարձակումով երեք կամ չորս հիվանդ էր տանում, որոնք առողջանալու հույս ունեին: Նրանք ժանտախտի անբախտներն էին, որոնց սպանում էր հույսի մեջ: Այդպես եղավ Օթոնի պարագան, որին ստիպված եղան տանել կարանտինի ճամբարից, և Տարրուն նրա մասին ասաց, որ նա իսկապես բախտ չունեցավ: Պարզ չէր, նա քննիչի մահվան, թե կյանքի մասին էր մտածում:
Բայց ընդհանուր առմամբ վարակը նահանջում էր ամբողջ ճակատով և պրեֆեկտուրայի տեղեկությունները, որոնք սկզբում մարդկանց մեջ ծնել էին միամիտ ու գաղտնի հույս, վերջացան՝ հաստատելով հանրության մտքում այն համոզումը, որ հաղթանակը ձեռք էր բերված, և հիվանդությունը լքում էր իր դիրքերը: Իրականում դժվար էր որոշել, թե ինչ հաղթանակի մասին էր խոսքը: Ստիպված էին հաստատել սակայն, որ հիվանդությունը, թվում էր, մեկնում էր այնպես, ինչպես եկել էր: Նրան հակադրված ռազմավարությունը չէր փոխվել, որը երեկ անարդյունավետ էր, իսկ այժմ երևութապես՝ հաղթական: Միայն այն տպավորությունը կար, որ հիվանդությունը ինքն իրեն սպառել էր, կամ գուցե նահանջում էր իր բոլոր նպատակներին հասնելուց հետո: Բոլոր դեպքերում, նրա դերը ավարտված էր:
Սակայն քաղաքում համարյա ոչինչ չէր փոխվել: Միշտ լուռ ցերեկվա ընթացքում, փողոցները երեկոները լցվում էին նույն բազմությամբ, որտեղ այժմ տիրապետում էին վերարկուներն ու վզնոցները: Կինոներն ու սրճարանները նույն գործն էին անում: Բայց եթե ավելի մոտիկից նայենք, կարելի է նշմարել, որ դեմքերն ավելի թուլացած էին և երբեմն ժպտում էին: Այդ ժամանակ կարելի էր հաստատել, որ մինչ այդ ոչ ոք չէր ժպտում փողոցներում: Իրականում, ամիսներ ամբողջ քաղաքը պատող անթափանցելի քողի վրա մի պատռվածք էր գոյացել, և ամեն երկուշաբթի ամեն ոք կարող էր հաստատել ռադիոյի լուրերով, որ պատռվածքը մեծանում էր, և ի վերջո հնարավոր էր դառնալու շնչել: Այդ ևս բոլորովին բացասական թեթևացում և անկեղծ արտահայտություն չէր ստանում: Բայց այդ ժամանակ, ինչպես առաջ, առանց որևէ թերահավատության չէին կարող լսել, որ մի գնացք էր մեկնել, կամ մի նավ էր ժամանել, և կամ մեքենաներին պիտի թույլատրեին երթևեկել: Նման հայտարարությունները հունվարի կեսերին, ընդհակառակը, ոչ մի անակնկալ չէին հարուցելու: Դա, անշուշտ, շատ քիչ էր: Բայց այդ թեթև նրբերանգը իրականում թարգմանվում էր, որպես մեր համաքաղաքացիների կատարած խոշոր առաջընթացը հույսի ճանապարհին: Կարելի է նաև ասել, որ այդ պահից սկսած, երբ ամենաանսահման հույսը հնարավոր դարձավ բնակչության համար, ժանտախտի իսկական տիրապետությունը ավարտված էր:
Սակայն, հակառակ այդ բոլորին, ամբողջ հունվար ամսվա ընթացքում մեր համաքաղաքացիները հակասական ձևով գործեցին: Նրանք հալումի և հուսահատության փոփոխակի զգացումներով անցան: Այդ պատճառով էլ փախուստի նոր փորձեր արձանագրվեցին ճիշտ այն պահին, երբ վիճակագրության տվյալները ավելի նպաստավոր էին: Այդ փաստը շատ անակնկալի բերեց իշխանություններին և պահակակետերի պահապաններին, որովհետև փախուստների մեծամասնությունը հաջողվեց: Բայց իրականում այդ պահին փախչողները հետևում էին բնական զգացումների: Նրանցից ոմանց մոտ ժանտախտը հիմնավորել էր մի խորունկ թերահավատություն, որից չէին կարողանում ազատագրվել: Հույսը այլևս իշխանություն չուներ նրանց վրա: Եվ հենց այդ ժամանակ, երբ ժանտախտի ժամանակը անցել էր, նրանք շարունակում էին ապրել նրա չափանիշներով: Նրանք Երևույթներից ուշացած էին ապրում: Ուրիշներ, ընդհակառակը, հատկապես նրանց միջից էին փախուստի հավաքագրվողները, որոնք մինչ այդ ապրել էին իրենց սիրած էակներից բաժանված, փակվածության և վհատության այս երկար ժամանակից հետո հույսի բարձրացող քամին նրանց մեջ բոցավառել էր մի տենդ և մի անհամբերություն, որ նրանցից խլում էր ինքնատիրապետման ամեն մի կարողություն: Նրանք մի տեսակ տագնապի մեջ էին ընկնում մտածելով, որ այնքան մոտ լինելով նպատակին, գուցե մեռնեին և այլևս երբեք չտեսնեին այն էակին, որին սաստիկ սիրում էին, և իրենց երկար տառապանքները մնային չփոխհատուցված: Ամիսներ ամբողջ մի մութ համառությամբ, հակառակ բանտին ու աքսորին, նրանք իրենց պահել էին սպասման մեջ, առաջին հույսը բավական եղավ կործանելու այն, ինչ վախն ու հուսահատությունը չէին կարողացել կոտրել: խենթերի նման նրանք շտապում էին ժանտախտից առաջ անցնել, մինչև վերջին պահը այլևս անկարող նրա ընթացքին հետևելու:
Սակայն, նույն ժամանակ, լավատեսության ինքնաբուխ նշաններ երևացին: Գների զգալի անկում արձանագրվեց: Մաքուր տնտեսագիտության տեսանկյունից այս շարժումը չի բացատրվում: Դժվարությունները մնում էին նույնը, կարանտինի ձևականությունները պահպանվում էին դռների մոտ, և մատակարարումները հեռու էին բարելավվածությունից: Հետևաբար եղածը պարզապես բարոյական երևույթ էր, կարծես ժանտախտի նահանջը ամեն տեղ իր անդրադարձն էր ունենում: Լավատեսությունը տիրում էր նաև նրանց, ովքեր առաջ խմբերով էին ապրում և որոնց հիվանդությունը ստիպել էր բաժանվել: Քաղաքի երկու վանքերը սկսեցին վերակազմավորվել և կոմունալ կյանքը կարող էր վերսկսվել: Նույնը պատահեց զինվորականներին, որոնք նորից հավաքվեցին ազատ մնացած զորանոցներում, վերսկսեցին զորանոցային իրենց կյանքը վարել: Այս փոքր փաստերը մեծ նշաններ էին:
Բնակչությունը այս գաղտնի հուզման մեջ ապրեց մինչև հունվարի քսանհինգը: Այդ շաբաթ վիճակագրության տվյալները այնքան ցածրացան, որ բժշկական հանձնաժողովի խորհրդակցությունից հետո պրեֆեկտուրան հայտարարեց, որ համաճարակը կարելի էր պարտված համարել: Հաղորդագրությունը ավելացնում էր, ճիշտ է, որ խոհեմության մտահոգություններով, որը չէր կարող բնակչության հավանությանը չարժանանալ, քաղաքի դռները փակված պիտի մնային ևս երկու շաբաթ, իսկ կանխարգելիչ միջոցառումները՝ ևս մի ամիս: Այս ժամանակվա ընթացքում ամենափոքր կասկածելի նշանին իսկ, որ աղետը կարող էր վերսկսել, «իրերի վիճակը պետք է պահպանվեր նախկինի նման, և միջոցառումները պիտի շարունակվեին այդ ժամանակից հետո էլ»: Ամեն մարդ, սակայն, համաձայն էր այդ հավելումները համարել որպես ոճի վերջաբան, և հունվարի քսանհինգի Երեկոյան մի ուրախ հուզում լցրեց քաղաքը: Միանալու համար ընդհանուր թեթևացմանը, պրեֆեկտը հրամայեց վերականգնել նախկին ժամանակների լուսավորությունը: Լուսավոր փողոցներում, ցուրտ և մաքուր երկնքի տակ, մեր համաքաղաքացիները վերածվեցին աղմկոտ և ծիծաղկոտ խմբերի:
Անշուշտ շատ բնակարաններում լուսամուտների փեղկերը փակ էին մնում, և ընտանիքները լռությամբ անցկացրին այդ գիշերները, որ ուրիշներ աղաղակներով էին լցնում: Սակայն սգավոր այդ էակների համար թեթևացման զգացումը նույնքան խորունկ էր, քանի որ ուրիշ ազգականներ հիվանդանոց տարված տեսնելու վախից հանգստացած, նրանց խոսակցությունը այլևս վախի մեջ չէր: Բոլորից շատ այդ ուրախություններին օտար մնացին անկասկած այն ընտանիքները, որոնք այդ պահին իսկ հիվանդանոցում հիվանդ ունեին՝ ժանտախտի հետ կռվի բռնված, կարանտինի կամ իրենց տներում սպասում էին, որ տենդը իրենց հետ իսկապես իր գործն ավարտեր, ինչպես ավարտել էր ուրիշների հետ: Սրանք, անշուշտ, պահում էին իրենց հույսը, բայց խնայողություն էին անում, պահում էին որպես պահեստ, դրանով էլ իրենք իրենց պաշտպանում էին մաշումի դեմ, առանց իսկապես դրա իրավունքը ունենալու: Եվ այս սպասումը, այս լուռ հսկումը, վշտի և ուրախության կես ճանապարհին, ընդհանուր տոնախմբության մեջ նրանց ավելի վայրագ էին թվում:
Այդ բացառությունները սակայն ոչնչով չէին պակասեցնում ուրիշների գոհունակությունը: Անկասկած ժանտախտը դեռևս չէր ավարտվել և նա այդ անպայման կապացուցեր: Սակայն բոլոր ուղեղներում արդեն շաբաթներ առաջ գնացքները գնում էին սույլ արձակելով անվերջ երկաթգծերի վրայով, և նավերը ակոսում էին լուսավոր ծովերը: Վաղը ուղեղները ավելի հանգիստ կլինեն, և կասկածները կվերածնվեն: Բայց մինչ այդ իրականցման մեջ եղող ամբողջ քաղաքը թողնում է այդ փակ վայրերը, մռայլ ու անշարժ, ուր նետել էր իր քարե հիմքերը, և ի վերջո նրանք ճանապարհ էին ընկնում վերապրողների բեռով: Այդ գիշեր Տարրուն և Ռիեն, Ռամբերն ու մյուսները քայլում էին բազմության կենտրոնում և նրանք էլ զգում էին իրենց ոտների տակից հողի փախչելը: Պողոտաներից հեռանալուց բավական երկար ժամանակ հետո Տարրուն և Ռիեն շարունակում էին լսել այդ ուրախության իրենց հետևելը նույնիսկ այդ ժամին, երբ ամայի փողոցներում դիտում էին փակ փեղկերով լուսամուտները: Եվ իրենց հոգնածության պատճառով իսկ նրանք չէին կարող բաժանել այդ տառապանքը, որ շարունակվում էր փեղկերի ետևից, ուրախությունից՝ որ մի քիչ հեռվում լցնում էր փողոցները: Մոտեցող ազատագրումը ուներ ծիծաղներով և արտասուքներով խառը մի դեմք:
Երբ աղմուկը ավելի ուժեղ և ավելի ուրախ էր դարձել, Տարրուն հանկարծ կանգ առավ: Մութ սալաքարի վրայով մի մարմնաձև թեթևորեն վազում էր: Կատու էր, միակը, որ տեսել էր գարնանից ի վեր: Կատուն մի պահ անշարժացավ ծառուղու մեջտեղը, վարանեց, իր թաթը լիզեց, արագ անցկացրեց աջ ականջի վրայով, հետո վերսկսեց իր լուռ ընթացքը և անհետացավ գիշերվա մեջ: Տարրուն ժպտաց: Փոքրիկ ծերուկն էլ գոհ կլիներ, եթե տեսներ նրան:
* * *
Բայց այն պահին, երբ ժանտախտը հեռանում էր թաքնվելու համար իր անծանոթ որջերում, որտեղից անձայն դուրս էր եկել, քաղաքում առնվազն կար մեկը, որին այս մեկնումը նետում էր սարսափի մեջ: Եթե հավատանք Տարրուի ծոցատետրերին, դա Քոթարն էր:
Ճիշտն ասած, այդ ծոցատետրերը բավականին տարօրինակ են դառնում այն պահից, երբ վիճակագրական տվյալները սկսում են իջնել: Արդյո՞ք հոգնածությունից էր, որ ձեռագիրը դժվարընթեռնելի է դառնում և շատ հաճախ մի թեմայից մյուսն է անցնում: Ավելին, առաջին անգամ լինելով այդ ծոցատետրերը անկողմնակալության պակաս ունեն և տեղ են տալիս անձնական նկատառումների: Այնտեղ գտնում ենք, մեծ պարբերությունների միջև, որոնք Քոթարի պարագային են վերաբերում, մի փոքր տեղեկություն կատուներով ծերուկի մասին: Եթե հավատանք Տարրուին, ժանտախտը նրա վերաբերմունքից ոչինչ չէր փոխել այն անհատականության մասին, որ նրան հետաքրքրել էր նաև համաճարակից հետո, ինչպես հետաքրքրել էր առաջ, և որ այլևս չէր կարող հետաքրքրել, դժբախտաբար, թեև Տարրուն շարունակում էր այդ ցանկանալ: Տարրուն փորձել էր նրան նորից տեսնել: Հունվարի քսանհինգի այդ երեկոյից հետո նա կանգնել էր փոքրիկ փողոցի անկյունում: Կատուները այնտեղ էին և հավատարիմ իրենց ժամադրությանը, տաքանում էին արևի ճառագայթների տակ: Բայց սովորական ժամին փեղկերը համառորեն փակ էին մնում: Հաջորդող օրերի ընթացքում Տարրուն այլևս երբեք դրանք բաց չտեսավ: Նա եզրակացրեց, որ փոքրիկ ծերուկը նեղացել էր, կամ մահացել: Եթե նեղացել էր, ուրեմն իրավունք ուներ, և ժանտախտը իզուր էր վատություն արել նրան, եթե մահացել էր, պետք էր հետաքրքրվել նրանով, արդյո՞ք նա էլ, ծեր ասթմատիկի նման, սուրբ էր: Տարրուն այդպես էր կարծում, իսկ այդ ծերուկի պարագային նա ենթադրում էր, որ կա մի «ցուցում»: Գուցե, գրված էր ծոցատետրերում, կարելի էր հանգել միայն մոտավոր սրբության: Այդ պարագային պետք է գոհանալ համեստ և մարդասեր սատանությամբ:
Միշտ խառնաշփոթության մեջ Քոթարի վերաբերյալ իր դիտողություններում, ծոցատետրերում կային նաև բազմաթիվ, հաճախ ցաքուցրիվ ակնարկներ, որոնցից ոմանք Գրանի մասին էին, որ այժմ արդեն ապաքինված էր և վերսկսել էր աշխատել այնպես, կարծես ոչինչ չէր պատահել, և ուրիշներ, որ վերաբերում էին բժիշկ Ռիեի մորը: Մի քանի զրույցները, որ համակեցության շրջանում տեղի էին ունեցել Տարրուի և նրա միջև, ծեր կնոջ վերաբերմունքը, նրա ծիծաղը, կարծիքը ժանտախտի մասին, մանրամասնորեն նշված էին: Տարրուն երկար էր խոսել մանավանդ տիկին Ռիեի անձնուրացության մասին, այն ձևի մասին, որ նա ուներ ամեն ինչ արտահայտելու պարզ նախադասություններով, նրա հատուկ նախասիրության մասին, որ ուներ փողոցի վրա բացվող լուսամուտի նկատմամբ, որի ետևում նստում էր երեկոյան, մի քիչ ուղիղ, ձեռքերը հանգիստ և հայացքը ուշադիր, մինչև որ մութը գրավեր սենյակը, նրանից կազմելով մի սև ստվեր գորշ լույսի տակ, որ քիչ առ քիչ խտանում էր ու իր մեջ լուծում անշարժ դիմաստվերը, թեթևության մասին, որով նա անցնում էր մի սենյակից մյուսը, նրա բարության մասին, որի որոշակի ապացույցները երբեք չէր տվել Տարրուի մոտ, բայց որի ճառագումը նա տեսնում էր կնոջ բոլոր արածների և ասածների մեջ, և վերջապես այն փաստի մեջ, որ, ըստ Տարրուի, նա ամեն ինչ գիտեր առանց երբեք այդ մասին մտածելու, և թե ինչպես, այդքան լռությամբ և ստվերով նա կարող էր մնալ արևի լույսի բարձրության վրա նույնիսկ ժանտախտի ժամանակ: Այստեղ Տարրուի գրությունը կրկնողության տարօրինակ նշաններ ուներ: Հաջորդող տողերը դժվարությամբ էին կարդացվում, կարծես ուզում էր մի նոր ապացույց տալ շեղումին. նրա վերջին բառերը, իր անձնականին վերաբերող առաջին բառերն էին. «– Մայրս այդպես էր, նրա մեջ սիրում էի նույն ինքնամոռացումը և նրան է, որ ես միշտ ուզեցել եմ վերամիանալ: Ութ տարի է անցել, բայց չեմ կարող ասել, որ մահացել է: Նա մի քիչ ավելի է ջնջվել, քան սովորաբար, երբ վերադարձա, նա այլևս տեղում չէր»:
Բայց պետք է վերադառնալ Քոթարին: Այն օրվանից, ինչ վիճակագրության տվյալները իջնում էին, վերջինս բազմաթիվ անգամներ այցելել էր Ռիեին, տարբեր պատճառաբանություններ հնարելով: Իրականում, սակայն, ամեն անգամ նա Ռիեից ուզում էր գուշակություններ համաճարակի ընթացքի մասին.
– Կարծո՞ւմ եք, որ այն կարող է դադարել հենց այդպես, մի հարվածով, առանց զգուշացնելու:
Նա թերահավատ էր այդ կետում, կամ առնվազն այդպես էր հայտարարում: Բայց նրա տված նոր հարցերը նվազ հաստատուն հավատք էին արտահայտում: Հունվարի կեսերին Ռիեն պատասխանել էր բավականին լավատեսորեն: Եվ ամեն անգամ, այդ պատասխանները փոխանակ ուրախացնելու Քոթարին, նրա վրա փոփոխական ազդեցություններ էին գործել, նայած օրին, բայց որոնք վատ տրամադրությունից մինչև հուսահատություն էին հասնում: Որպես այդ բոլորի հետևանք բժիշկը ստիպվել էր ասել, որ հակառակ վիճակագրության տված նպաստավոր ցուցանիշների, լավ կլիներ դեռևս հաղթանակ չգոռալ:
– Ուրիշ կերպ ասած,– նկատել էր Քոթարը,– ոչինչ չգիտեք, այն կարող է մի օրից մյուսը վերսկսե՞լ:
– Այո, ինչպես հնարավոր է նաև, որ ապաքինումը արագանա:
Այս անորոշությունը, բոլորի համար մտահոգիչ, ակնհայտորեն թեթևացրեց Քոթարին, և Տարրուի ներկայությամբ իր թաղամասի առևտրականների հետ բացել էր այնպիսի զրույցներ, ուր աշխատում էր տարածել Ռիեի կարծիքը: Այդ անելը այնքան էլ դժվար չէր: Որովհետև առաջին հաղթանակներից հետո եկած տենդը բազմաթիվ մարդկանց ուղեղներում վերադարձրել էր մի կասկած, որ պիտի փոխվեր մեծ հուզման պրեֆեկտուրատի հայտարարության պատճառով: Անհանգստության այս տեսարանի առջև Քոթարը վստահություն էր ձեռք բերում, ինչպես հակառակ դեպքերում նա հուսահատվում էր: «– Այո,– ասում էր նա Տարրուին,– նրանք ի վերջո բացելու են դռները: Եվ պիտի տեսնեք, բոլորը պիտի թողնեն, որ ես տապալվեմ»:
Մինչև հունվարի քսանհինգը բոլորը նկատեցին նրա բնավորության անկայունությունը: Օրեր ամբողջ, երկար ժամանակ աշխատելուց հետո հաշտեցնել իր թաղամասը և իր հարաբերությունները, նա հանկարծակի խզվեց նրանց հետ: Այդ ժամանակ առնվազն երևութապես նա քաշվում էր աշխարհից, և մի օրից մյուսը սկսեց ապրել վայրենու նման: Նա այլևս չէր երևում ո՛չ ճաշարանում, ո՛չ թատրոնում, ոչ էլ սրճարաններում, որոնք սիրում էր: Եվ սակայն կարծես չէր գտնում իր նախկին չափած-ձևած և մութ կյանքը, որ ապրում էր համաճարակից սաաջ: Նա ապրում էր ամբողջովին քաշված իր բնակարանում և ճաշը բերել էր տալիս մի մոտակա ճաշարանից: Միայն երեկոյան վախվորած դուրս էր գալիս, գնում էր ինչի որ կարիք ուներ և վաճառատներից գուրս գալով նետվում էր ամայի փողոցները: Եթե այդ ժամանակ Տարրուն հանդիպում էր նրան, նրանից միայն միավանկ խոսքեր կարող էր քաշել: Հետո, առանց անցումի, նրան նորից գտնում էին ընկերական շրջապատում, ժանտախտի մասին շատախոսելիս, յուրաքանչյուրի կարծիքը հարցնելով և ամեն երեկո հաճույքով վերստուգվելով բազմության հեղեղի մեջ:
Պրեֆեկտուրատի հայտարարության օրը Քոթարը ամբողջովին անհետացավ: Երկու օր հետո Տարրուն նրան հանդիպեց փողոցներում թափառելիս: Քոթարը խնդրեց իրեն ուղեկցել մինչև արվարձան: Տարրուն, որ հատկապես հոգնած էր զգում օրվա աշխատանքից, վարանեց: Բայց մյուսը պնդեց: Նա շատ հուզված էր երևում, անկանոն շարժումներ էր անում, բարձր ու արագ խոսում էր: Նա իր ընկերոջը հարցրեց, թե արդյո՞ք պրեֆեկտուրայի այդ հայտարարությունը վերջ էր դնում ժանտախտին: Հասկանալի էր, որ Տարրուն կարծում էր, որ կառավարչության հայտարարությունը բավական չէր տենդը ինքնիրեն դադարեցնելու համար, բայց կարելի էր տրամաբանորեն մտածել, որ համաճարակը, եթե նկատի չունենանք չնախատեսված բաներ, պիտի որ դադարեր:
– Այո,– ասաց Քոթարը,– բացի չնախատեսվածից: Սակայն միշտ գոյություն ունի չնախատեսվածը:
Տարրուն նկատել տվեց, սակայն, որ պրեֆեկտուրան կանխատեսել էր, ինչ-որ ձևով, չնախատեսվածը, դռների բացումը հետաձգելով երկու շաբաթով:
– Եվ շատ լավ է արել,– ասաց Քոթարը միշտ մռայլ և հուզված,– որովհետև այն ձևով, ինչ ձևով գնում են գործերը, նա կարող էր դատարկ տեղը խոսած լինել:
Տարրուն այդ հնարավոր էր համարում, բայց կարծում էր, որ, այնուամենայնիվ, ավելի լավ էր մտածել դոների մոտակա բացման և բնականոն կյանքի վերադառնալու մասին:
– Ընդունենք,– ասաց Քոթարը,– ընդունենք: Բայց ի՞նչն եք դուք համարում բնականոն կյանքի վերադառնալը:
– Նոր կինոֆիլմեր,– ասաց Տարրուն ժպտալով:
Բայց Քոթարը չէր ժպտում: Նա ուզում էր իմանալ, արդյո՞ք կարելի է մտածել, որ ժանտախտը ոչինչ չէր փոխելու քաղաքում, և որ ամեն ինչ պիտի վերսկսեր առաջվա նման, այսինքն այնպես, կարծես ոչինչ չէր անցել: Տարրուն մտածում էր, որ ժանտախտը քաղաքը փոխելու էր և չէր փոխելու, որ, հասկանալի է, մեր համաքաղաքացիների ամենաուժեղ ցանկությունը պիտի լիներ անել այնպես, որ կարծես ոչինչ չէր փոխվել, և որ սակայն, ինչ-որ իմաստով, ոչինչ չէր փոխվելու, բայց, մի ուրիշ իմաստով, նրանք չէին կարող մոռանալ, նույնիսկ ցանկության դեպքում, և ժանտախտը հետքեր պիտի թողներ առնվազն սրտերում: Փոքրիկ առևտրականը շատ հստակ պատասխանեց, որ չէր հետաքրքրվում սրտով և որ նույնիսկ սիրտը իր մտահոգություններից վերջինն է: Իրեն հետաքրքրում էր իմանալ, արդյո՞ք ինքը երկրի կազմակերպվածությունը չէր ձևափոխելու, արդյո՞ք, օրինակ, բոլոր գրասենյակները աշխատելու են ինչպես անցյալում: Եվ Տարրուն ստիպված եղավ ընդունել, որ ոչինչ չգիտեր: Ըստ նրան, պետք էր ենթադրել, որ համաճարակի ժամանակ տակնուվրա եղած բոլոր այդ գրասենյակները մի փոքր դժվարությամբ նորից պիտի վերսկսեին աշխատել: Կարելի էր հավատալ նաև, որ մեծ թվով նոր խնդիրներ պիտի դրվեին, որոնք առնվազն անհրաժեշտ պիտի դարձնեին հին գրասենյակների վերակազմավորումը:
– Ահ,– ասաց Քոթարը,– հնարավոր է, իսկապես, ամեն մարդ պետք է ամեն ինչ վերսկսի:
Երկու զբոսնողները հասել էին Քոթարի տանը: Վերջինս կենդանացել էր, լավատեսությամբ էր լցվում: Նա պատկերացնում էր քաղաքը, որ պատրաստվում էր նորից ապրել՝ շնչելով իր անցյալը, որպեսզի սկսեր զրոյից:
– Լավ,– ասաց Տարրուն,– ի վերջո, կարող է պատահել, որ ձեր գործերն էլ դասավորվեն: Ինչ-որ ձևով նոր կյանք է սկսվում:
Նրանք դռան առջև էին և իրար ձեռք էին սեղմում:
– Դուք իրավացի եք,– ասաց Քոթարը ավելի ու ավելի հուզված,– սկսել զրոյից, դա շատ լավ բան կլիներ:
Բայց միջանցքի ստվերից երկու մարդիկ հանկարծ դուրս եկան: Տարրուն հազիվ ժամանակ ունեցավ լսելու ընկերոջ հարցը, թե ի՞նչ կարող էին ուզենալ այս թռչնակները: Թռչնակները, որոնք հանգստի օրվա պաշտոնյաների հով ունեին, հարցնում էին Քոթարին, թե իսկապե՞ս նա Քոթար էր կոչվում, իսկ նա, մի տեսակ խուլ բացականչություն արձակելով ինքն իր վրա պտույտ գործեց և անհետացավ մթության մեջ, առանց որ ոչ մյուսները, ոչ էլ Տարրուն ժամանակ ունենան շարժում անել փորձելու: Անակնկալից սթափվելով Տարրուն հարցրեց երկու մարդկանց, թե ի՞նչ էին կամենում: Նրանք վերապահ և քաղաքավարի տեսք ընդունեցին և ասացին, որ տեղեկություններ էին ուզում իմանալ և հանդարտ գնացին այն ուղղությամբ, որ Քոթարն էր բռնել:
Տուն վերադառնալով Տարրուն այդ տեսարանը գրի էր առել և անմիջապես (ձեռագիրը ապացուցում էր այն) նշել իր հոգնածությունը: Ավելացրել էր, որ դեռևս շատ անելիքներ ուներ, բայց դա պատճառ չէր իրեն պատրաստ պահելու համար, և ինքն իրեն հարցնում էր արդյո՞ք ինքը պատրաստ էր: Եվ վերջացնելու համար պատասխանում էր, և ճիշտ այստեղ ավարտվում էին Տարրուի հուշատետրերը, որ ցերեկվա կամ գիշերվա մեջ միշտ մի ժամ կա, երբ մարդը վախկոտ է դառնում, և ինքը վախենում է միայն այդ ժամից:
* * *
Մյուս օրը, դռների բացվելուց մի քանի օր առաջ, բժիշկ Ռիեն կեսօրին տուն էր դառնում ինքնիրեն հարց տալով՝ արդյո՞ք գտնելու էր այն հեռագիրը, որին սպասում էր: Թեև նրա օրերը այդ ժամանակ դեռևս նույնքան ուժասպառ էին անում, որքան ժանտախտի ամենաուժեղ շրջանում, վերջնական ազատագրության սպասումը ցրել էր ամեն հոգնածություն: Նա այժմ հույս ուներ և դրանից հրճվում էր: Հնարավոր չէ միշտ կամքը լարել և միշտ ձգված մնալ, երջանկություն էր, ի վերջո, պայքարի համար հյուսված ուժերի հունտը արձակելն ու պարպելը: Եթե սպասված հեռագիրը եկած լիներ, այն էլ դրական բովանդակությամբ, Ռիեն կարող էր վերսկսել կյանքը: Եվ նա համաձայն էր, որ ամեն ոք վերսկսեր:
Նա անցավ դռնապանի սենյակի առջևից: Նոր դռնապանը ժպտաց նրան: Սանդուղքներից բարձրանալիս նա տեսավ իր դեմքը, որ հոգնածությունից ու զրկանքներից գունատվել էր:
Այո, պիտի վերսկսեր կյանքը, երբ վերացականությունը ավարտված լիներ, և բախտն էլ մի քիչ… բայց այդ պահին նա բացեց իր տան դուռը, և մայրը դիմավորեց նրան և հաղորդեց, որ պարոն Տարրուն լավ չէր զգում: Առավոտյան վեր էր կացել, բայց չէր կարողացել դուրս գալ և նորից պառկել էր: Տիկին Ռիեն մտահոգ էր:
– Գուցե ոչ մի լուրջ բան չկա,– ասաց որդին:
Տարրուն ամբողջ հասակով մեկնվել էր, նրա ծանր գլուխը ճզմում էր բարձը, ուժեղ կուրծքը գծագրվում էր ծածկոցների տակից: Նա ջերմություն ուներ, գլուխը ցավում էր: Ռիեն ասաց, որ անորոշ ախտանշաններ կային, որոնք կարող էին ժանտախտի նշաններ լինել:
– Ոչ, առայժմ ոչ մի որոշակի բան,– ասաց Ռիեն քննելուց հետո:
Բայց Տարրուն ծարավից հոշոտվում էր: Միջանցքում Ռիեն ասաց մորը, որ կարող էր ժանտախտի սկզբնավորություն լինել:
– Օ՜հ,– հուզվեց մայրը,– հնարավոր չէ, ոչ այժմ:
Եվ անմիջապես ավելացրեց:
– Պահենք նրան, Բեռնար:
Ռիեն մտածում էր.
– Ես այդ իրավունքը չունեմ,– ասաց նա,– բայց դռները բացվելու են: Եվ դա առաջին խախտումն էր, որ ես կանեի, եթե դու այստեղ չլինեիր:
– Բեռնար,– ասաց մայրը,– մեզ երկուսիս էլ պահիր: Դու շատ լավ գիտես, որ դեռ նոր, նորից սրսկվել եմ:
Բժիշկը ասաց, որ Տարրուն նույնպես սրսկված էր, բայց գուցե, հոգնածությունից, շիճուկի վերջին սրսկումը բաց է թողել և մոռացել մի շարք կանխարգելիչ միջոցառումներ ձեռք առնել:
Ռիեն արդեն իր աշխատասենյակն էր գնում: Երբ վերադարձավ, Տարրուն տեսավ, որ բռնել էր շիճուկի խոշոր սրվակները:
– Ուրեմն դա է,– ասաց նա:
– Ոչ, զգուշության համար է:
Որպես պաստասխան Տարրուն թևը մեկնեց և ենթարկվեց չվերջացող սրսկումին, որը ինքը կիրառել էր ուրիշ հիվանդների:
– Այս երեկո կտեսնենք,– ասաց Ռիեն և ուղիղ նայեց Տարրուի դեմքին:
– Իսկ մեկուսացո՞ւմը, Ռիե:
– Լրիվ վստահ չեմ, որ դուք ժանտախտ ունեք:
Տարրուն ճիգով ժպտաց:
– Առաջին անգամ լինելով տեսնում եմ շիճուկի սրսկում, առանց միաժամանակ մեկուսացման հրամանի:
Ռիեն շուռ եկավ.
– Մայրս և ես ձեզ կխնամենք: Այստեղ դուք ավելի լավ կլինեք:
Տարրուն լռեց, և բժիշկը, որ սրվակներն էր դասավորում, սպասեց, որ նա խոսի, որպեսզի շուռ գա: Ի վերջո նա ուղղվեց-դեպի մահճակալը: Հիվանդը դիտում էր նրան: Տարրուի դեմքը հոգնած էր, բայց նրա գորշ աչքերը հանդարտ էին: Ռիեն ժպտաց նրան:
– Քնեցեք, եթե կարող եք: Ես անմիջապես կվերադառնամ:
Դռան մոտ նա լսեց Տարրուի ձայնը, որ իրեն էր կանչում: Նա վերադարձավ նրա մոտ:
Բայց Տարրուն կարծես պայքարում էր այն արտահայտության համար, որ ուզում էր ասել.
– Ռիե,– արտասանեց նա վերջապես,– պետք է ամեն ինչ ինձ ասել, դա ինձ պետք է:
– Խոստանում եմ ասել:
Մյուսը մի քիչ խոշոր դեմքը լարեց, որպեսզի ժպտա:
– Շնորհակալություն: Մեռնելու փափագ չունեմ և պիտի պայքարեմ: Բայց եթե խաղը տանուլ է տրված, ուզում եմ լավ վերջացնել:
Ռիեն հակվեց և նրա ուսը սեղմեց:
– Ոչ,– ասաց նա,– սուրբ դառնալու համար պետք է ապրել: Պայքարեցեք:
Օրվա ընթացքում խիստ ցուրտը մի քիչ նվազեց, որպեսզի կեսօրից հետո տեղ աներ տեղատարափ անձրևների և կարկուտի: Մթնշաղին երկինքը մի քիչ ամպոտվեց, և ցուրտը ավելի սաստկացավ: Ռիեն տուն վերադարձավ երեկոյան: Առանց վերարկուն հանելու նա մտավ իր բարեկամի սենյակը: Մայրը հյուսում էր: Տարրուն կարծես տեղից չէր շարժվել, բայց ջերմության պատճառով սպիտակած շրթները խոսում էին այն պայքարի մասին, որ նա մղում էր:
– Ուրե՞մն,– ասաց բժիշկը:
Տարրուն մի քիչ բարձրացավ, անկողնից դուրս եկան նրա լայն ուսերը:
– Ուրեմն,– ասաց նա,– խաղը տանուլ եմ տալիս:
Բժիշկը հակվեց նրա վրա: Ուռուցքները կապ էին դարձել նրա այրվող մաշկի տակ, կուրծքը թնդում էր ընդհատակյա հնոցի բոլոր աղմուկներից: Հետաքրքրականն այն էր, որ Տարրուն ցույց էր տալիս հիվանդության երկու տեսակների նշանները: Ռիեն ուղղվեց և ասաց, որ շիճուկը դեռևս ժամանակ չէր ունեցել ամբողջ իր ազդեցությունը գործադրելու: Տենդի մի ալիք Տարրուի կոկորդում խեղդեց այն մի քանի բառերը, որ նա փորձեց արտասանել:
Ընթրիքից հետո Ռիեն և մայրը եկան տեղավորվեցին հիվանդի մոտ: Նրա համար սկսվում էր պայքարի մի գիշեր, և Ռիեն գիտեր, որ այդ ծանր ճակատամարտը ժանտախտի հրեշտակի հետ պիտի տևեր մինչև արշալույս: Տարրուի ուժեղ ուսերն ու լայն կուրծքը իր լավագույն զենքերը չէին, այլ ավելի շուտ այն արյունը, որ Ռիեն հոսել էր տվել նրա եղունգների տակից, և արյան մեջ այն, որ ավելի խորն էր, քան հոգին, որը ոչ մի ուժ չէր կարոդ լույս աշխարհ հանել: Եվ ինքը կարող էր միայն գիտել իր բարեկամի պայքարը: Այն, ինչ իրենից էր կախված, պալարները պաշտպանելն էր և ուժեղացուցիչները, որ պետք է սրսկեր, այնպիսի միջոցառումներ, որոնց օգտակարությունը բազմաթիվ ամիսների ձախողանքը նրան լավ էր սովորեցրել: Իր միակ պարտականությունը, իրականում, պատահականությանը հնարավորություն տալն էր, որ նույնպես հաճախ քնած է մնում, մինչև որ արթնացվի և շարժման մեջ գրվի: Բախտը մի դաշնակից է, որի վրա հույս դնել հնարավոր չէ: Որովհետև Ռիեն գտնվում էր ժանտախտի մի այնպիսի դեպքի առջև, որը նրան հուսահատեցնում էր: Մի անգամ ևս այն ի դերև էր հանում իր դեմ դուրս եկած մարտունակությունը և երևում էր այն տեղերում, որ թվում էր վերջնականապես հաղթահարված: Մի անգամ ևս այն զարմացնելու էր բոլորին:
Տարրուն անշարժ պայքարում էր: Ոչ մի անգամ, ամբողջ գիշերվա ընթացքում, նա անհանգիստ շարժումներով չդիմադրեց ցավի հարձակումները, այլ պայքարեց իր ամբողջ ուժեղ մարմնով և լռությամբ: Բայց և ոչ մի անգամ չխոսեց, իր ձևով խոստովանելով, որ ցրվելու հնարավորություն այլևս չուներ: Ռիեն հետևում էր պայքարին միայն իր բարեկամի աչքերին նայելով, որ երբեմն փակ էին մնում, երբեմն՝ բաց, կոպերը ավելի պինդ սեղմած աչքի գնդիկին, հայացքը սևեռած մի առարկայի, կամ բժշկի ու նրա մոր վրա: Ամեն անգամ, որ բժիշկը հանդիպում էր այդ հայացքին, մեծ ճիգ գործ դնելով Տարրուն ժպտում էր:
Գիշերվա մի պահի փողոցում շտապող քայլեր լսվեցին: Կարծես մարդիկ փախչում էին հեռավոր մի պայթյունի առջևից, որ քիչ-քիչ մոտենում էր և վերջացավ փողոցը լցնելով իր հեղեղով: Անձրևը վերսկսեց շուտով փոխվելով կարկուտի, որ մայթերի վրա էր պայթում: Լուսամուտների առջևի մեծ վարագույրները կլորվեցին: Մի պահ անձրևով տարված Ռիեն սենյակի ստվերում դիտում էր Տարրուին, որ լուսավորվում էր փողոցային լապտերի լույսով: Մայրը շարունակում էր հյուսել, ժամանակ առ ժամանակ գլուխը բարձրացնելով՝ ուշադրությամբ հիվանդին նայելու համար: Բժիշկը արդեն արել էր, ինչ կարող էր: Անձրևից հետո լռությունը թանձրանում էր սենյակում, որ լեցուն էր միայն անտեսանելի պատերազմի համր ժխորով: Անքնությունից կծկված բժշկին թվում էր, որ լռության սահմաններում լսում էր քաղցր ու կանոնավոր մի սուլոց, որ իրեն ուղեկցել էր ամբողջ համաճարակի ժամանակ: Նա մորը նշան արեց, որ քներ: Մայրը գլխի շարժումով մերժեց, և նրա աչքերը լուսավորվեցին, հետո իր շյուղերի ծայրով ստուգեց մի հյուսք, որի վրա վստահ չէր: Ռիեն վեր կացավ հիվանդին ջուր տալու համար և վերադառնալով նստեց:
Անցորդները, անձրևի հանդարտվելուց օգտվելով, արագ-արագ քայլում էին մայթերով: Նրանց ոտնաձայները մեղմանում և հեռանում էին: Առաջին անգամ լինելով բժիշկը հասկացավ, որ այս գիշերը, լեցուն ուշացած զբոսնողներով և ազատված շտապօգնության մեքենաների շչակներից, նման էր հին օրերի գիշերներին: Դա ժանտախտից ազատագրված մի գիշեր էր: Եվ թվում էր, որ հիվանդությունը, հալածված ցրտից, լույսերից և բազմությունից, փախել էր քաղաքի մութ խորություններից և ապաստանել էր այս տաք սենյակում, որպեսզի իր վերջին հարձակումը գործեր Տարրուի անկյանք մարմնի վրա: Պատուհասը այլևս չէր ակոսում քաղաքի երկինքը: Բայց այն ցածր սուլում էր սենյակի ծանր օդում: Այդ նրան էր, որին լսում էր Ռիեն արդեն ժամեր: Պետք էր սպասել, որ այնտեղ նաև կանգ առներ, որ նաև այնտեղ իրեն պարտված հայտարարեր:
Արշալույսից մի քիչ առաջ Ռիեն հակվեց դեպի մայրը.
– Դու պետք է քնես, որ կարողանաս ժամը ութին ինձ փոխարինել: Քնելուց առաջ կաթեցումներ արա:
Տիկին Ռիեն վեր կացավ, դասավորեց իր հյուսքը և առաջացավ դեպի անկողինը: Տարրուն արդեն որոշ ժամանակ աչքերը փակ էր պահում: Քրտինքը պատել էր նրա մազերը, կարծր ճակատը: Տիկին Ռիեն հոգոց հանեց, և հիվանդը աչքերը բացեց: Նա տեսավ իր վրա հակված բարի դեմքը, և տենդի շարժուն ալիքների տակ դիմացող ժպիտը նորից խաղաց նրա դեմքին: Բայց աչքերը անմիջապես փակվեցին: Մենակ մնալով՝ Ռիեն տեղավորվեց մոր թողած թիկնաթոռի մեջ: Փողոցը համր էր, և լռությունը այժմ ավելի կատարյալ էր: Առավոտյան ցուրտը սկսում էր իրեն զգալ տալ սենյակում:
Բժիշկը ննջեց, բայց արշալույսի առաջին ավտոմեքենան նրան դուրս բերեց իր նիրհից: Նա դողաց և Տարրուին նայելով հասկացավ, որ մի դադար էր տեղի ունեցել, և որ հիվանդն էլ քնում էր: Ձիակառքի փայտե և երկաթե անիվները դեռևս պտույտ էին տալիս հեռուներում: Լուսամուտից դուրս օրը դեռևս մութ էր: Երբ բժիշկը առաջացավ դեպի անկողինը, Տարրուն նրան էր նայում իր արտահայտություն չունեցող աչքերով, կարծես դեռևս գտնվում էր քնի մեջ:
– Դուք քնեցիք, այդպես չէ՞,– հարցրեց Ռիեն:
– Այո:
– Ավելի լա՞վ եք շնչում:
– Մի քիչ: Դա որևէ բան նշանակո՞ւմ է:
Ռիեն լռեց և մի պահ հետո ավելացրեց.
– Ոչ, Տարրու, դա ոչինչ չի նշանակում: Դուք լավ գիտեք առավոտյան վերականգնումը:
Տարրուն հաստատեց:
– Շնորհակալություն,– ասաց նա,– դուք ինձ միշտ ճիշտ պատասխանեցիք:
Ռիեն նստել էր մահճակալին՝ հիվանդի ոտքերի մոտ: Նա զգում էր հիվանդի երկար ու կարծր ծնկները, ինչպես դիակի անդամներ: Տարրուն ավելի աղմուկով էր շնչում:
– Տենդը պետք է վերսկսվի, այդպես չէ՞, Ռիե,– ասաց նա շնչահատ ձայնով:
– Այո, բայց մենք կողմնորոշված կլինենք կեսօրին:
Տարրուն փակեց աչքերը, կարծես ուժեր հավաքելով: Նրա դիմագծերում հոգնածության արտահայտություն էր գծագրվում: Նա սպասում էր ջերմության բարձրանալուն, որն արդեն ինչ-որ տեղ իր ներսում շարժվում էր: Երբ աչքերը բացեց, նրա հայացքը աղոտ էր: Այն լուսավորվեց այն ժամանակ, երբ տեսավ Ռիեին իր վրա հակված:
– Խմեք,– ասում էր նա:
Տարրուն խմեց և թողեց, որ գլուխը ցած ընկնի:
– Երկար է տևում,– ասաց նա:
Ռիեն բռնեց նրա թևը, բայց Տարրուն, հայացքը դարձրած, այլևս ռեակցիա չէր տալիս: Եվ հանկարծ ջերմությունը տեսանելիորեն խուժեց մինչև նրա ճակատը, կարծես այն պայթեցրել էր ինչ-որ ներքին ամբարտակ: Երբ Տարրուի հայացքը վերադարձավ դեպի բժիշկը, վերջինս քաջալերում էր նրան իր լարված դեմքով: Տարրուն փորձեց ժպտալ, որը սակայն փակված կզակից և սպիտակավուն փրփուրով ցեմենտված շրթներից այն կողմ չանցավ: Բայց կարծրացած դեմքին աչքերը դեռևս փայլում էին քաջության յուրահատուկ արտահայտությունից:
Ժամը յոթին տիկին Ռիեն սենյակ մտավ: Բժիշկը իր աշխատասենյակը գնաց հիվանդանոց զանգահարելու և փոխարինող ապահովելու համար: Նա որոշեց նաև հետաձգել իր ընդունելությունը, մի պահ մեկնվեց իր աշխատասենյակի բազմոցի վրա, բայց համարյա անմիջապես վեր կացավ և սենյակ վերդարձավ: Տարրուն գլուխը շուռ էր տվել դեպի տիկին Ռիեն: Նա դիտում էր իր մոր կուչ եկած, հավաքված փոքրիկ ստվերը, աթոռի վրա, թևերը կոնքերի վրա իրար միացրած: Տարրուն նրան այնպիսի սևեռումով էր դիտում, որ տիկին Ռիեն մատը դրեց շրթներին և վեր կացավ գլխավերևի լապտերը հանգցնելու համար: Վարագույրների ետևից լույսը արագ ներս էր թափանցում, և քիչ հետո, երբ հիվանդի դիմագծերը մթությունից դուրս եկան, տիկին Ռիեն տեսավ, որ նա շարունակում էր իրեն դիտել: Նա հակվեց հիվանդի վրա, ուղղեց բարձը և բարձրանալիս մի պահ ձեռքը դրեց նրա թաց և խառնված մազերի վրա: Այդ ժամանակ նա հեռվից եկող մի խուլ ձայն լսեց, որ նրան շնորհակալություն էր հայտնում և ասում, որ այժմ ամեն ինչ լավ էր: Երբ տիկին Ռիեն նորից նստեց, Տարրուն փակել էր աչքերը, և նրա մաշված դեմքը, հակառակ կողպված բերանին, կարծես նորից ժպտում էր:
Կեսօրին ջերմությունն իր գագաթնակետին էր: Մի տեսակ խորունկ հազ ցնցում էր հիվանդի մարմինը, նա սկսեց արյուն թքել: Ուռուցքները դադարել էին մեծանալ: Սակայն նրանք այնտեղ էին, կարծր պտուտակի նման, ամրացված հոդերի մեջ, և Ռիեն անհնար համարեց դրանք բացել: Ջերմության և հազի միջոցներում Տարրուն հեռվից հեռու նայում էր իր բարեկամներին: Բայց գնալով նրա աչքերը ավելի քիչ հաճախականությամբ բացվեցին, և այն լույսը, որ այդ ժամանակ գալիս էր լուսավորելու նրա ավերված դեմքը, ավելի գունատ էր դառնում ամեն անգամ: Փոթորիկը, որ ցնցում էր այդ ներուժային սարսուռներով մարմինը, լուսավորվում էր գնալով ավելի ու ավելի հազվադեպ պայթյուններով: Ռիեի առջև այլևս ոչինչ չէր մնացել, բացի մի անշարժ դիմակից, որից ժպիտը անհետացել էր: Մարդկային այս ձևը, որ նրան այնքան մոտ էր, նիզակի հարվածներից այլևս ծակծկված, անմարդային ցավից վառված, պատառոտված՝ երկնքի բոլոր ատելավառ քամիներից իր աչքերի առջև խեղդվում էր ժանտախտի ջրերում, և նա անկարող էր այս նավաբեկության առջև: Նա պիտի մնար ափին դատարկ ձեռքերով և սեղմված սրտով, մի անգամ ևս անզեն և անօգնական այս աղետի դեմ: Եվ ի վերջո դրանք եղան անզորության արցունքներ, որոնք խանգարում էին Ռիեին տեսնել Տարրուի հանկարծ շրջվելը պատի կողմը, վերջին շունչի տակ, խորունկ գանգատի մեջ, կարծես նրա մի մասը, նրա մարմնի մի անհրաժեշտ կապը կտրված լիներ:
Հաջորդող գիշերը պայքարի գիշեր չեղավ, այլ լռության: Այս աշխարհից կտրված սենյակում, այժմ հագնված, այս մեռած մարմնի վերևում Ռիեն զգաց իր վրա իջնող զարմանալի հանգստություն, որ նախորդ բազմաթիվ գիշերներին, ժանտախտի պատշգամբներում, հետևել էր դռների վրա կատարված հարձակումներին: Արդեն այդ ժամանակ նա մտածել էր այդ լռության մասին, որ բարձրանում էր մահճակալներից, որտեղ թողել էր, որ մարդիկ մահանան: Ամեն տեղ նույն հանգիստն էր, նույն հանդիսավոր ժամանակամիջոցը, միշտ միևնույն ընդարմացումը, որ հաջորդում էր պայքարին, դա պարտության լռությունն էր: Բայց այն լռությունը, որ այժմ պարուրել էր իր բարեկամին, այնքան ամբողջական էր, այնքան մոտիկից հարմարվում էր փողոցների և ժանտախտից ազատված քաղաքի լռությանը, Ռիեն այդ լավ էր զգում, որ խոսքը վերաբերում էր վերջնական պարտությանը, այն, որ ավարտում է պատերազմները և խաղաղությունը դարձնում է անբուժելի մի ապաքինում: Բժիշկը չգիտեր, արդյոք, ի վերջո, Տարրուն գտե՞լ էր իր խաղաղությունը, բայց այդ պահին նա առնվազն հավատում էր, որ իր համար այլևս երբեք չէր լինելու հնարավոր խաղաղություն, ինչպես զինադադար գոյություն չունի այն մոր համար, որ որդուց էր անդամահատվել, կամ այն մարդու համար, որ իր բարեկամին էր թաղել:
Դրսում նույն ցուրտ գիշերն էր, ցուրտ աստղեր՝ պայծառ և սառած երկնքում: Կիսամութ սենյակում զգացվում էր ապակիների վրա ծանրացող ցուրտը, բևեռային գիշերվա գունատ մեծ շնչառությունը: Անկողնի մոտ տիկին Ռիեն մնում էր նստած, իր սովորական ձևով, աջ կողմը լուսավորված գլխավերևի լապտերով: Սենյակի կենտրոնում, լույսից հեռու, Ռիեն սպասում էր իր թիկնաթոռի մեջ: Իր կնոջ մասին մտածումը գալիս էր նրան, բայց ամեն անգամ նա այն հեռացնում էր:
Գիշերվա սկզբում անցորդների կրունկները հստակորեն հնչում էին ցուրտ գիշերվա մեջ:
– Ամեն ինչ կարգավորե՞լ ես,– ասաց տիկին Ռիեն:
– Այո, զանգահարել եմ:
Նրանք վերսկսեցին իրենց լուռ հսկումը: Ժամանակ առ ժամանակ տիկին Ռիեն նայում էր որդուն: Երբ նա բռնում էր մոր ակնարկներից մեկը, բժիշկը ժպտում էր: Գիշերվա ընտանի աղմուկները հայտնվել էին փողոցում: Թեև դեռևս չէր թույլատրված, բազմաթիվ ավտոմեքենաներ սկսել էին շրջել քաղաքում: Նրանք արագ անցնում էին սալաքարերի վրայով, անհետանում և հետո նորից էին հայտնվում: Ձայներ, կանչեր, վերադարձած լռություն, մի ձիու դոփյուն, երկու տրամվայներ, որոնք անկյունադարձերի վրա ճռնչում էին, անորոշ ձայներ, և այնուհետև նորից գիշերվա շնչառությունը:
– Բեռնար:
– Այո:
– Չե՞ս հոգնել:
– Ոչ:
Նա գիտեր, թե ինչ էր մայրը այդ պահին մտածում, գիտեր, որ այդ պահին նա իրեն սիրում էր: Բայց գիտեր նաև, որ մեծ բան չէր մի էակի սիրելը, կամ առնվազն այն , որ սերը այնքան ուժեղ չէր, որ կարողանար իր յուրահատուկ արտահայտությունը գտնել: Այդպես էլ մայրն ու ինքը իրար պիտի սիրեն լռության մեջ: Եվ նա էլ իր հերթին պիտի մահանար, կամ ինքը, ամբողջ իրենց կյանքի ընթացքում առանց կարողանալու ավելի հեռու գնալ իրենց քնքշանքի խոստովանության մեջ: Նույն ձևով նա ապրել էր Տարրուի կողքին, իսկ նա մահացել էր այդ երեկո, առանց որ իրենց բարեկամությունը իսկապես ապրված լինելու ժամանակ ունենար: Տարրուն տանուլ էր տվել խաղը, ինչպես ասում էր նա: Բայց ինքը, Ռիեն, ի՞նչ էր շահել: Շահել էր միայն այն, որ ճանաչել էր ժանտախտը և նրանից հիշողություն բարեկամությունը ճանաչած լինելու և նրա մասին հիշողություն, ճանաչած լինել խանդաղատանքը և մի օր կարողանալ այն հիշել: Այն ամենը, ինչ մարդ կարող է շահել ժանտախտի և կյանքի խաղից, ճանաչողությունն էր և հիշողությունը: Գուցե այդ էր, ինչ Տարրուն կոչում էր կյանքը շահել:
Նորից մի ավտոմեքենա անցավ, և տիկին Ռիեն մի փոքր շարժվեց իր աթոռի վրա: Ռիեն ժպտաց նրան: Մայրը ասաց, որ չէր հոգնել և անմիջապես հետո ավելացրեց.
– Պետք է հանգստանալու գնաս լեռներում:
– Անշուշտ, մայրիկ:
Այո, նա պետք է հանգստանալու գնար: Ինչո՞ւ չէ: Դա նույնպես մի առիթ կլիներ հիշողության համար: Բայց եթե դա էր խաղը շահելը, որքան ծանր պիտի լիներ ապրել միայն նրանով, ինչ գիտեր և որը կհիշեր, զրկված ամեն ինչից, ինչ հուսում է: Անկասկած այդպես էր ապրել Տարրուն և նա գիտակցում էր, թե ինչքան անպտուղ բան կար առանց խաբկանքների կյանքից: Առանց հույսի խաղաղություն չկա, և Տարրուն, որ մարդկանց մերժում էր որևէ մեկին դատապարտելու իրավունքը, գիտեր նաև, որ ոչ ոք չի կարող արգելել դատապարտել, և որ նույնիսկ զոհերը երբեմն դահիճներ էին դառնում: Տարրուն ապրել էր պառակտման և հակասության մեջ, երբեք չէր ճանաչել հույսը: Դրա՞ համար էր արդյոք, որ նա սրբություն էր ցանկացել և խաղաղությունը փնտրել էր մարդկանց ծառայելու մեջ: Իրականում Ռիեն ոչինչ չգիտեր, և դա քիչ կարևորություն ուներ: Տարրուից միակ նկարը, որ պիտի պահեր, պիտի լիներ մի մարդու պատկերը, որ իր ավտոմեքենայի ղեկը պահում էր ամուր ձեռքերում, վարելու համար այն, կամ այդ հաստ մարմնի պատկերը, որ այժմ մեկնվել էր անշարժ: Կյանքի մի ջերմության և մահվան մի պատկեր, ահա այդ էր իր ծանոթությունը:
Ահա թե ինչու, անկասկած, առավոտյան բժիշկ Ռիեն հանդարտորեն ընդունեց իր կնոջ մահվան լուրը: Նա իր աշխատասենյակում էր: Մայրը համարյա վազելով եկավ և նրան մի հեռագիր բերեց, հետո դուրս վազեց հեռագիրը բերող տղային փող տալու համար: Երբ վերադարձավ, արդեն ձեռքին բռնել էր բաց հեռագիրը: Մայրը նայեց նրան, բայց նա համառորեն նայում էր լուսամուտից դուրս, որտեղ մի հրաշալի առավոտ էր բացվում նավահանգստի վրա:
– Բեռնար,– ասաց տիկին Ռիեն:
Բժիշկը ցրված հայացքով նայեց նրան:
– Հեռագի՞րը,– հարցրեց մայրը:
– Այդ է,– ասաց բժիշկը,– ութ օր առաջ:
Տիկին Ռիեն գլուխը շուռ տվեց դեպի պատուհանը: Բժիշկը լռում էր: Հետո ասաց մորը՝ լաց չլինել, որ ինքը սպասում էր դրան, բայց, համենայն դեպս, դժվար էր: Այդ ասելով նա պարզապես գիտեր, որ իր տառապանքը առանց անակնկալի էր: Ամիսներ, օրեր ամբողջ նույն ցավն էր, որ շարունակվում էր:
* * *
Քաղաքի դռները վերջապես բացվեցին փետրվարի մի գեղեցիկ առավոտ, ողջունված ժողովրդի, թերթերի և պրեֆեկտուրայի հաղորդագրությամբ: Ուրեմն այս գիրքը շարադրողին մնում է պատմիչը դառնալ հրճվանքի այն ժամերի, որոնք հաջորդեցին դռների բացվելուն, թեև ինքը անձամբ այն մարդկանցից էր, որ ազատությունը չուներ ամբողջությամբ խառնվել դրան:
Մեծ հանդիսություններ էին կազմակերպված այդ երեկոյի և գիշերվա համար: Նույն պահին գնացքները սկսեցին ծուխ արձակել կայարանում, մինչ հեռավոր ծովերից եկող նավերը արդեն ուղղություն էին վերցնում դեպի մեր նավահանգիստը, իրենց ձևով նշելով, որ այդ օրը, բոլոր նրանց համար, որ տառապում են բաժանված լինելուց, մեծ միացման օրն էր:
Այստեղ կարելի է հեշտությամբ պատկերացնել, թե ինչ կարող են լինել հետևանքները բաժանման զգացումի, որին սովորել էին մեր համաքաղաքացիներից շատերը: Օրվա ընթացքում մեր քաղաքը մտած գնացքները պակաս բեռնավորված չէին, քան նրանք, որ քաղաքից մեկնեցին: Ամեն մարդ իր տեղը պահել էր այդ օրվա համար՝ հետաձգման երկու շաբաթվա ընթացքում, վախենալով վերջին պահին պրեֆեկտուրայի որոշման վերացումից: Քաղաքին մոտեցող ճանապարհորդներից ոմանք բոլորովին չէին ազատագրվել իրենց երկյուղից, որովհետև, եթե ընդհանրապես տեղյակ էին իրենց մոտիկ մարդկանց ճակատագրից, ուրիշների և նույն ինքը քաղաքի մասին ամեն ինչ անգիտանում էին, որի համար էլ վախեցած դեմք ունեին: Բայց այդ ճիշտ էր միայն նրանց համար, որոնց կիրքը չէր այրել ամբողջ այդ ժամանակամիջոցի ընթացքին:
Իսկապես սիրավառները հանձնված էին իրենց մտասևեռմանը: Նրանց համար միայն մի բան էր փոխվել, ժամանակը, որին աքսորի ամիսների ընթացքում ուզում էին հրել, որ արագանա, որը գրգռում էին արագացնելու համար, երբ հասան մեր քաղաքի տեսադաշտին, ցանկանում էին, ընդհակառակը, դանդաղեցնել, ուզում էին անկախ վիճակում պահել, մանավանդ, երբ գնացքը կանգնելուց առաջ սկսեց արգելակել: Անորոշ, բայց նույն ժամանակ սուր զգացումը այս ամբողջ ամիսներին իրենց սիրո կորած կյանքի համար, նրանց խառնաշփոթ ձևով պահանջել էր տալիս մի տեսակ հատուցում, որով ուրախության ժամանակը կրկնակի անգամ ավելի դանդաղ հոսած կլիներ, քան սպասման ժամանակը: Եվ նրանք, որ սպասում էին տանը կամ կայարանում, ինչպես Ռամբերը, որի կինը շաբաթներ առաջ նախազգուշացված, արել էր ամեն անհրաժեշտ բան գալու համար, նույն անհամբերության մեջ էին և նույն շփոթի, որովհետև այն սերը կամ այն քնքշությունը, որ ժանտախտի ամիսները դարձրել էին վերացականություն, կենդանի, արյունով ու մսով կին էակի գալուստով ամեն ինչ վերազարթնեցնում էին:
Ռամբերը կցանկանար նորից դառնալ այն մարդը, որ համաճարակի սկզբում ուզում էր թափով վազել քաղաքից դուրս և խոյանալ իր սիրած էակի հանդիպմանը: Բայց նա գիտեր, որ այդ այլևս երբեք հնարավոր չէր: Նա փոխվել էր, ժանտախտը նրա մեջ դրել էր մի անտարբերություն, որն ամբողջ ուժով նա փորձում էր ժխտել, որը, սակայն, իր մեջ շարունակվում էր խուլ տագնապով: Ինչ-որ իմաստով նա այն զգացումն ուներ, որ ժանտախտը շատ բիրտ ձևով էր վերջացել, և նա իր նախկին պատրաստամտությունը չուներ: Երջանկությունը գալիս էր ամբողջ ընթացքով, իրագործումը ավելի արագ էր գալիս, քան սպասումը: Ռամբերը հասկանում էր,որ ամեն ինչ իրեն վերադարձվում էր միանգամից, և որ խինդը մի այրվածք էր, որ ըմբոշխնել չի լինում:
Ինչ խոսք, բոլորը, առավել կամ նվազ գիտակցված, նրա նման էին, և պետք է խոսել բոլորի մասին: Կայարանի այս հրապարակում, որտեղ նրանք վերսկսում էին իրենց անձնական կյանքը, զգում էին իրար հետ ունեցած ընդհանրությունը, իրար աչքով էին անում և ժպտում: Բայց աքսորի զգացումը գնացքի ծուխը տեսնելուն հետ հանկարծ փոխվեց հակառակի՝ շփոթ և գլխապտույտ պատճառող հաճույքի: Երբ գնացքը կանգ առավ, անվերջանալի թվացող բաժանումները, որոնք հաճախ սկսվել էին նույն կառամատույցի վրա, մի վայրկյանում վերջ գտան, այն պահին, երբ թևերը փակվեցին իրար վրա ինքնամոռաց ագահությամբ, գրկեցին իրար մարմինները, որոնց կենդանի ձևերը մոռացել էին: Ռամբերը նույնիսկ ժամանակ չունեցավ նայելու դեպի իրեն վազող այդ մարմնաձևին, որ արդեն փուլ էր գալիս իր կրծքի վրա: Եվ նրան թևերի մեջ պահելով, իրեն սեղմելով մի գլուխ, որից տեսնում էր միայն ընտանի մազերը, նա թողեց, որ արցունքները հոսեն, առանց իմանալու, թե այդ արցունքները հոսում էին ներկա երջանկությունի՞ց, թե՞ երկար ժամանակ ճնշված մի վշտից, որ առնվազն խանգարում էր իմանալ, թե իր ուսերի մեջ կորած այդ դեմքը նրա՞նն էր, որին այնքան երազել էր, թե ընդհակառակը՝ մի օտարականի: Նա միայն հետագայում պիտի իմանար, արդյո՞ք ճիշտ էր իր կասկածը: Իսկ այժմ նա ուզում էր անել բոլոր նրանց նման, որոնք կարծես հավատում էին ժանտախտի գալուն և գնալուն, առանց որ մարդկանց սրտերը դրանից փոխվեին:
Իրար փաթաթված բոլորը իրենց տները գնացին, կուրացած մնացած աշխարհի համար, երևութապես հաղթական ժանտախտի նկատմամբ, մոռացած ամեն թշվառություն և նրանց, ովքեր նույնպես նույն գնացքով եկած, ոչ ոքի չէին գտել և տրամադրվում էին իրենց տանը գտնել այն վախի հաստատումը, որ երկար մի լռություն արդեն ծնել էր նրանց սրտերում: Այս վերջիններս, որ, որպես ընկեր, միայն իրենց բոլորովին թարմ վիշտն ունեին, նրանք, որոնք այդ պահին ուխտում էին անհետացած մի էակի հիշատակը պահել, բոլորովին ուրիշ ձևով էին քայլում, և բաժանման զգացումը հասել էր գագաթնակետին: Նրանց համար՝ մայրեր, ամուսիններ, սիրեցյալներ, որոնք կորցրել էին ամեն ուրախություն այն էակի հետ, որ այժմ կորսվել էր անանուն մի փոսում և կամ մի ափ մոխիր էր դարձել, ժանտախտը միշտ գոյություն ուներ:
Բայց ո՞վ էր մտածում այդ մենակությունների մասին: Կեսօրին արևը, հաղթահարելով սառը շնչերը, որոնք պայքարում էին օդում առավոտվանից սկսած, քաղաքի վրա անշարժ լույսի ալիքներ էր դատարկում: Օրը կանգ էր առել: Ամրոցների թնդանոթները բլուրների գագաթից անընդհատ պայթում էին երկնքի վրա: Ամբողջ քաղաքը դուրս նետվեց տեսնելու համար այդ պահը, երբ տառապանքների ժամանակը վերջ էր գտնում, իսկ մոռացման ժամանակը դեռևս չէր սկսվել:
Ամեն տեղ պարում էին: Մի օրից մյուսը անցուդարձը նկատելիորեն շատացել էր, և ավտոմեքենաները, ավելի բազմաթիվ դարձած, դժվարությամբ էին երթևեկում լիքը փողոցներում: Կեսօրից հետո քաղաքի կոչնակները հնչեցին ամբողջ ուժով: Դրանք իրենց թրթռումներով լցնում էին շնորհակալության արարողություններ: Բայց նույն ժամանակ պայթելու չափ լեցուն էին հաճույքի վայրերը և սրճարանները, որոնք առանց մտածելու ապագայի մասին, բաժանում էին իրենց վերջին խմիչքները: Հաշվեսեղանների առջև խռնվում էին իրար նման հուզված մարդկանց բազմություններ, այդ թվում բազմաթիվ գրկախառն զույգեր, որոնք չէին քաշվում ուշադրություն գրավելուց: Բոլորը բղավում էին կամ ծիծաղում: Կյանքի խնայողությունը, որ արել էին ամբողջ այդ ամիսների ընթացքում, երբ յուրաքանչյուրը իր հոգին էր դրել սպասման մեջ, այդ օրը այնպես էին ծախսում, կարծես վերածննդի օրը լիներ: Հաջորդ օրը սկսվելու էր ինքը՝ կյանքը, իր զգուշավորություններով: Այժմ բոլորովին տարբեր ծագումով մարդիկ արմունկով հրում էին իրար և եղբայրանում էին: Հավասարությունը, որ մահվան ներկայությունը չէր իրականացրել, փաստորեն իրականանում էր ազատագրության ուրախության մեջ, թեկուզ և մի քանի ժամվա համար:
Բայց այդ սովորական հորդունությունը ամեն ինչ չէր արտահայտում, և նրանք, ովքեր երեկոյան մոտ լցնում էին փողոցները Ռամբերի կողքին, ավելի խաղաղ վերաբերմունքի մեջ հաճախ ծածկում էին ավելի քնքուշ երջանկություններ: Բազմաթիվ զույգեր և բազմաթիվ ընտանիքներ իսկապես խաղաղ զբոսնողների տեսք ունեին միայն: Իրականում մեծամասնությունը նրբանկատությամբ ուխտագնացություն էր կատարում դեպի այն վայրերը, որտեղ տառապել էին: Նոր եկածներին նրանք ուզում էին ցույց տալ նշանները, կամ ժանտախտի ժամանակվանից պահված նրա պատմության հետքերը: Մի քանի դեպքերում բավարարվում էին խաղաղ տիպի, ժանտախտի ժամանակակցի, այն մարդու դերով, որ շատ բան էր տեսել, և խոսում էին վտանգի մասին, առանց հիշելու վախը: Դրանք անմեղ հաճույքներ էին: Բայց ուրիշ դեպքերում, խոսքը ավելի շատ սարսուռ պատճառող առաջնորդների կամ սիրահարի մասին է, որ հանձնված տագնապալի հիշողությունների՝ կարող էր ասել իր ընկերուհուն. «–Այստեղ, այդ ժամանակ, ես քեզ ցանկացա, իսկ դու այստեղ չէիր»: Կրքոտ այս զբոսաշրջիկներին կարելի էր այդ ժամանակ ճանաչել, քայլող ժխորի մեջ նրանք կիսաձայն խոստովանություններ անող կղզյակներ էին: Ավելի լավ, քան քառուղիների նվագախմբերը, նրանք էին, որ հայտարարում էին իսկական ազատագրումը: Որովհետև այս ինքնամոռաց զույգերը, շատ կիպ գրկված և խոսքի ծարավ, ժխորի մեջ հաստատում էին, երջանկության ամբողջ հաղթանակով և անարդարությամբ, որ ժանտախտը ավարտված էր, և սարսափի ժամանակը՝ անցած: Նրանք հանդարտորեն ժխտում էին, հակառակ ամեն փաստի, որ մենք երբևէ ճանաչել ենք այդ անիմաստ աշխարհը, երբ մի մարդու մահը այնքան առօրեական էր դարձել, ինչպես ճանճինը, այս շատ լավ սահմանված վայրենությունը, այս չափված ցնորումը, այս բանտարկությունը, որ հետը բերում էր մի սոսկալի ազատություն այն ամենի հանդեպ, որ ներկա չէր, մահվան այս հոտը, որ շշմեցնում էր բոլոր նրանց, ում չէր սպանում, վերջապես նրանք ժխտում էին, որ մենք եղել էինք այդ խլացած ժողովուրդը, որի մի մասը ամեն օր, կուտակված դիակիզարանի երախում, շոգիանում էր ճենճոտ ծխի ձևով, մինչ մյուս մասը, անկարողության և վախի շղթաների տակ իր հերթին էր սպասում:
Այդ բոլորը ցայտուն կերպով երևում էր բժիշկ Ռիեի աչքին, երբ նա գնում էր դեպի արվարձանները, մենակ, երեկոյան մոտ, զանգվածների միջով, թնդանոթի, երաժշտության և խլացնող կանչերի տակ: Նրա արհեստը շարունակվում էր, որովհետև հիվանդների համար արձակուրդ չկար: Նուրբ ու գեղեցիկ լույսի մեջ, որ իջնում էր քաղաքի վրա, բարձրանում էին տապակած մսի և անիսոնով ալկոհոլի հոտերը: Նրա շուրջը յուղոտ դեմքեր շրջվում էին դեպի երկինք: Տղամարդիկ ու կանայք մեկը մյուսին ճանկում էր հրդեհված դեմքերով, ցանկության բուռն հարբած աղաղակներով: Այո, ժանտախտը ավարտված էր սարսափի հետ, և այս փաթաթված թևերը իրապես ասում էին, թե ինչ էր նշանակել աքսորն ու բաժանումը բառի խորունկ իմաստով:
Առաջին անգամ լինելով Ռիեն կարող էր անուն տալ այս ընտանի արտահայտությանը, որը ամիսների ընթացքում կարդացել էր բոլոր անցորդների դեմքին: Բավական էր նայել շուրջը: Հասնելով ժանտախտի վախճանին, թշվառության ու զրկանքների հետ, բոլոր այս մարդիկ վերջապես ստացել էին երկար ժամանակ իրենց խաղացած դերի գաղթականի զգեստը, որոնց նախ դեմքերը, իսկ այժմ նաև հագուստները խոսում էին հեռավոր հայրենիքի բացակայությունից: Այն պահից սկսած, երբ ժանտախտը փակել էր քաղաքի դռները, նրանք ապրել էին միայն բաժանման մեջ, խրամատվել էին մարդկային այդ ջերմությունից, որ ամեն ինչ մոռացնել է տալիս: Տարբեր աստիճաններով, քաղաքի բոլոր անկյուններում, այս տղամարդիկ և այս կանայք ցանկացել էին մի միացում, որ բոլորի համար նույն ձևը չուներ, բայց բոլորի համար հավասարապես անհնար էր: Մեծամասնությունը ամբողջ ուժով բղավել էր դեպի բացական, դեպի նրա մարմնի ջերմությունը, քնքշությունը կամ սովորությունը: Մի քանիսը, հաճախ առանց իմանալու, տառապում էին մարդկանց բարեկամությունից դուրս դրվելու, հնարավորություն չունենալու համար այլևս նրանց միանալու բարեկամության սովորական միջոցներով, որոնք նամակներն էին, գնացքներն ու նավերը: Ուրիշներ, ավելի քիչ թվով գուցե, Տարրուի նման, ցանկացել էին միությունը մի բանի հետ, որ չէին կարող սահմանել, բայց որ իրենց թվում էր միակ ցանկալի բարիքը: Եվ ուրիշ անուն չգտնելով, երբեմն անվանում էին խաղաղություն:
Ռիեն շարունակում էր միշտ քայլել: Որքան առաջանում էր, նրա շուրջը բազմությունը մեծանում էր, վայնասունը շատանում, և նրան թվում էր, որ այն արվարձանները, որոնց ուզում էր հասնել, նահանջում էին: Քիչ առ քիչ նա հալվում էր այս ոռնացող մեծ մարմնի մեջ, որի աղաղակը գնալով ավելի լավ էր հասկանում, որովհետև մասամբ իր աղաղակն էր: Այո, բոլորը միասին էին տառապել որքան մարմնով, նույնքան և հոգով, մի դժվար արձակուրդով, մի անբուժելի աքսորով և մի ծարավով, որ երբեք չէր հագենում: Մահվան այս կուտակումների արանքում շտապօգնության ավտոմեքենաների շչակները, ազդարարությունները, որ ընդունված էր ճակատագիր կոչել, համառ քայլելը, վախի և սարսափելի ապստամբությունը նրանց սրտի, մի մեծ շշուկ՝ չէր դադարել շրջել և սթափ պահել այս վախեցած էակներին, նրանց ասում էր, որ պետք է գտնեն իրենց իսկական հայրենիքը: Նրանց բոլորի համար իսկական հայրենիքը գտնվում էր այս խեղդված քաղաքի պատերից այն կողմ: Այն գտնվում էր բուրավետ թփուտներով բլուրների վրա, ծովի մեջ, ազատ երկրներում և սիրո ծանրության մեջ: Եվ դեպի նրան էր, դեպի երջանկությունը, որ նրանք ուզում էին վերադառնալ, մնացածից զզվանքով երես դարձնելով:
Գալով այն իմաստին, որ կարող էր ունենալ այդ աքսորն ու միացման այդ ցանկությունը, Ռիեն ոչինչ չգիտեր: Միշտ շարունակելով քայլել, ամեն կողմից հրմշտվելով, խաչաձևվելով, քիչ առ քիչ ավելի խցանվելով նա մտածում էր, որ կարևոր չէր, որ այդ բաները իմաստ ունենային կամ ոչ, բայց որ պետք էր միայն տեսնել, թե ինչ էր պատասխանված մարդկային հույսին:
Նա այժմ արդեն գիտեր, թե ինչ էր պատասխանված, և այդ ավելի լավ էր տեսնում արվարձանի համարյա ամայի առաջին փողոցներում: Նրանք, ովքեր առանց որևէ բանի ուշադրություն դարձնելու պարզապես ցանկացել էին վերադառնալ իրենց սիրո տունը, երբեմն վարձատրվում էին: Նրանցից ոմանք անշուշտ շարունակում են քայլել քաղաքում մենակ, զուրկ այն էակից, որին սպասում էին: Երջանիկ էին նաև նրանք, ովքեր երկու անգամ չէին բաժանվել, նման այն մարդկանց, որ համաճարակից առաջ չէին կարողացել կառուցել իրենց տունը, մի խոսքով իրենց սերը, և որոնց տարիների ընթացքում կուրորեն հետևել էր դժվարին համաձայնությունը, որ ավարտվում էր իրարից բաժանելով թշնամի սիրահարներին: Այս վերջինները, ինչպես Ոիեն ինքը, ունեին ժամանակի վրա հույս դնելու սփոփանքը: Նրանք առհավետ էին բաժանված: Բայց ուրիշներ, ինչպես Ռամբերը, որից բժիշկը այս առավոտ բաժանվել էր ասելով «քաջություն, պետք է այժմ խելոք լինել», առանց վարանելու գտել էին բացական, որը կորցրած էին կարծել: Նրանք առնվազն որոշ ժամանակի համար երջանիկ պիտի լինեին: Այժմ նրանք գիտեին, որ եթե կա մի բան, որ կարելի էր միշտ ցանկանալ և երբեմն ստանալ, դա մարդկային քնքշությունն էր:
Իսկ նրանց, ովքեր, ընդհակառակը, դիմել էին մարդուց վերև մի քանի, որ նույնիսկ չէին պատկերացնում, պատասխան չեղավ: Տարրուն կարծես հասել էր այն դժվար խաղաղությանը, որի մասին խոսել էր, բայց այն գտել էր միայն մահվան մեջ, այն ժամանակ, երբ այն արդեն ոչնչով չէր կարող ծառայել նրան: Մյուսները, ընդհակառակը, որոնց Ռիեն տեսնում էր տների մուտքին, թույլ լույսի մեջ ամբողջ ուժով իրար փաթաթված և իրար վերացած նայելով՝ ստացել էին, ինչ ցանկանում էին, որովհետև խնդրել էին միակ բանը, որ իրենցից էր կախված: Եվ Ռիեն, այն պահին, երբ շուռ էր գալիս դեպի Գրանի և Քոթարի փողոցը, մտածում էր, որ ինքը ճիշտ էր, որ առնվազն ժամանակ առ ժամանակ ուրախությունը գալիս էր վարձատրելու նրանց, ովքեր բավարարվում էին մարդով և նրա խեղճ ու սարսափելի սիրով:
* * *
Այս ժամանակագրությունը ավարտվում է: ժամանակն է, որ բժիշկ Ռիեն խոստովանի, որ ինքն է դրա հեղինակը: Բայց նախքան վերջին իրադարձությունները պատմելը՝ նա առնվազն կցանկանար արդարացնել իր միջամտությունը և հասկացնել, որ աշխատել է անկողմնակալ վկայի տոն ունենալ: Ամբողջ ժանտախտի ընթացքում բժշկի արհեստը նրան հնարավորություն էր տվել տեսնել իր համաքաղաքացիներից շատերին և հավաքել նրանց զգացումները: Հետևաբար նա լավ դիրք ուներ հաղորդելու համար՝ ինչ տեսել էր ու լսել: Ընդհանուր ձևով պատշաճ էր, որ նա չհաղորդեր ավելի բան, որ չէր կարողացել տեսնել և ժանտախտի շրջանի իր ընկերներին չտալ այնպիսի մտածումներ, որոնք ի վերջո, ստիպված չէին կազմել և օգտագործել միայն այն աղբյուրները, որ պատահականությունը կամ դժբախտությունը դրել էր նրա տրամադրության տակ:
Մի տեսակ հանցագործության առիթով վկայելու կանչված լինելով, նա պահել էր որոշ զսպվածություն, ինչպես վայել է բարյացակամ վկային: Բայց նույն ժամանակ, ըստ ազնիվ մարդու սրտի օրենքի, նա համարձակորեն զոհի կողմն էր բռնել ու ցանկացել էր միանալ այդ մարդկանց, իր համաքաղաքացիներին, միակ վստահությամբ, որ նրանք միասին ունեին սերը, տառապանքը և աքսորը: Այսպես է, որ չկա ոչ մեկ տառապանք, որ իր համաքաղաքացիների հետ բաժանած չլիներ, որևէ վիճակ, որ միաժամանակ իրը եղած չլիներ:
Որպեսզի դառնար հավատարիմ վկան այդ ժամանակի, նա պետք է մանավանդ արձանագրեր գործերը, փաստաթղթերը և զրույցները: Բայց այն, ինչ նա անձնապես ուներ՝ ասելիք, իր սպասումը, կասկածանքները, նրանց մասին պետք է լռեր: Եթե դրանք օգտագործել է, արել է միայն հասկանալու կամ իր համաքաղաքացիներին հասկանալի դարձնելու համար և նրանց տալու համար հնարավորին չափ որոշակի մի ձև, որը ընդհանրապես նա տարտամորեն զգում էր: Ստույգն ասելու համար նշենք, որ մտքի այդ ճիգը նրանից քիչ ջանք էր պահանջում: Երբ նա ուղղակիորեն փորձառության էր ենթարկում իր անձնականը ժանտախտով վարակվածների հազարավոր ձայներին խառնելը, կանգ էր առնում այն մտածողությամբ, որ ինքը ոչ մի տառապանք չուներ, որ նույն ժամանակ ուրիշներինը չլիներ, և որ մի աշխարհում, ուր վիշտը այնքան հաճախ միայնակ էր, դա առնվազն առավելություն էր: Հետևաբար, նա պարտավոր էր խոսել բոլորի անունից:
Բայց մեր համաքաղաքացիների մեջ կա առնվազն մեկը, որի անունից բժիշկ Ռիեն չէր կարող խոսել: Խոսքը իսկապես վերաբերում է նրան, ում մասին մի օր Տարրուն ասել էր Ռիեին. «Նրա միակ իսկական հանցանքը սրտի խորքում հաստատելն էր գոյությունը այն բանի, ինչ սպանում էր երեխաներին, կանանց և տղամարդկանց: Մնացածը հասկանում եմ, բայց այդ ստիպված եմ ներել»: Արդար է, որ այս ժամանակագրությունը ավարտվի նրա վրա, որ մի կույր սիրտ ուներ, այսինքն, միայնակ սիրտ:
Նա դուրս եկավ տոնախմբության աղմկոտ փողոցներից և այն պահին, երբ շուռ էր գալիս Գրանի և Քոթարի ապրած փողոցը, կանգնեցվեց ոստիկանների մի շղթայով: Դրան չէր սպասում: Տոնախմբության հեռավոր ձայները թաղամասին ավելի լուռ երևույթ էին տալիս, որը նա պատկերացնում էր ամայի և համր: Նա իր անցաթուղթը հանեց.
– Անկարելի է, բժիշկ,– ասաց ոստիկանը,– մի խենթ կրակում է բազմության վրա: Բայց մնացեք, կարող եք օգտակար լինել:
Այդ պահին Ռիեն տեսավ դեպի իր կողմը եկող Գրանին: Նա նույնպես ոչինչ չգիտեր: Նրան չթողեցին անցնել և նա իմացավ, որ կրակոցներ էին արձակում իր ապրած շենքից: Հեռվից երևում էր ջերմություն չունեցող արևի վերջին լույսով ոսկեզօծ շենքի ճակատը: Շենքի շուրջը դատարկված էր մի մեծ տարածություն, որ հասնում էր մինչև դիմացի մայթը: Փողոցի մեջտեղում երևում էր մի գլխարկ և մի կեղտոտ լաթի կտոր: Ռիեն և Գրանը կարող էին տեսնել հեռվում, փողոցի մյուս կողմում ոստիկանների մի ուրիշ շղթա, այս մեկին զուգահեռ, որ նրանց թույլ չէր տվել առաջանալ, և որի ետև թաղամասի մի քանի բնակիչներ արագ անցնում ու վերադառնում էին: Ուշադիր նայելով նրանք նկատեցին նաև ուրիշ ոստիկաններ, ատրճանակները ձեռքներին՝ պահ մտած այդ տան դիմացի շենքերի դռների մեջ: Վերջինների բոլոր փեղկերը փակված էին: Սակայն երրորդ հարկում փեղկերից մեկը կարծես կիսով բաց էր: Փողոցում կատարյալ լռություն էր տիրում: Լսվում էին միայն երաժշտության կտորներ, որոնք քաղաքի կենտրոնից էին գալիս:
Հանկարծ այդ տան դիմացի մի շենքից ատրճանակի կրակոցներ արձակվեցին, և ջարդուխուրդ եղած լուսամուտից կտորներ թռան: Հետո նորից լռություն տիրեց: Օրվա ժխորից հետո այս բոլորը Ռիեին թվում էր մի քիչ ոչ իրական:
– Դա Քոթարի լուսամուտն է,– հանկարծ ասաց Գրանը շատ հուզված,– բայց Քոթարը չէ՞ որ անհետացած է:
– Ինչո՞ւ են կրակում,– հարցրեց Ռիեն ոստիկանին:
– Զվարճանում են: Սպասում են անհրաժեշտ իրերով մի ավտոմեքենայի, որովհետև շենքի դռնից ներս մտնել ցանկացողների վրա նա կրակում է: Մի ոստիկան արդեն վիրավորված է:
– Ինչո՞ւ է կրակում:
– Հայտնի չէ: Մարդիկ փողոցում զբոսնում էին: Ատրճանակի առաջին հարվածը նրանք չհասկացան: Երկրորդին աղաղակներ լսվեցին, մեկը վիրավորվեց և ամեն մարդ փախուստի դիմեց: խելագարի մեկն է, պարզ չէ՞:
Վերադարձած լռության մեջ րոպեները կարծես դանդաղում էին: Հանկարծ, փողոցի մյուս ծայրից, նրանք տեսան մի շան դուրս գալը, առաջին շունը, որ Ռիեն տեսնում էր վաղուցվանից, մի կեղտոտ իսպանական, որի տերերը հավանաբար պահել էին մինչ այդ, և որն այժմ պատերի երկայնքին թռվռում էր: Հասնելով շենքի դռան մոտ՝ նա վարանեց, նստեց իր ետևի թաթերի վրա և ինքն իր վրա շուռ եկավ իր լվերը սպանելու համար: Ոստիկանները սուլոցներ արձակեցին և նրան կանչեցին: Նա գլուխը տնկեց, հետո որոշեց դանդաղորեն անցնել փողոցը, որպեսզի գնար և գլխարկը հոտվտար: Ճիշտ այդ պահին ատրճանակից մի կրակոց լսվեց երրորդ հարկից, և շունը պտտվեց, ուժգնորեն թաթերը շարժեց և, ի վերջո, կողերի վրա շուռ եկավ, երկար օրորվելով: Որպես պատասխան հինգ կամ վեց կրակոցներ, դիմացի դռներից, փեղկը ավելի ջարդոտեցին: Լռությունը իջավ: Արևը մի քիչ պտույտ էր գործել, և ստվերը սկսել էր մոտենալ Քոթարի լուսամուտին: Բժշկի ետևից, փողոցում մի ավտոմեքենայի արգելակները ճռնչացին:
– Վերջապես եկան,– ասաց ոստիկանը:
Ոստիկանները ցած իջան իրենց կռնակների վրա կրելով պարաններ, մի սանդուղք և երկայնաձև փաթեթներ, որոնք դրված էին յուղոտ լաթի մեջ: Նրանք գնացին մի փողոց, որ շրջանցում էր Գրանի շենքի հակառակ կողմի տների զանգվածը: Մի պահ հետո ավելի շուտ գլխի ընկան, քան տեսան, որոշ շարժում այդ տների դռների մեջ: Հետո սպասեցին: Շունը այլևս չէր շարժվում, բայց արդեն լողում էր մի մուգ ջրակույտում:
Հանկարծ ոստիկանների գրաված տների լուսամուտներից սկսվեց գնդացրի կրակոց: Ամբողջ կրակոցի ընթացքում փեղկը, որին բառացիորեն նշան էին բռնել, ցած ընկավ և բացեց մի մակերես, որտեղ Ոիեն և Գրանը, իրենց տեղից, ոչինչ չէին կարող զատորոշել: Երբ կրակոցը դադարեց, մի ուրիշ գնդացիր, ուրիշ անկյունից, ավելի հեռու մի տնից, սկսեց ճարճատել: Գնդակները անկասկած մտնում էին լուսամուտի քառակուսու մեջ, որովհետև դրանցից մեկը աղյուսի մի կտոր թռցրեց: Նույն վայրկյանին երեք ոստիկաններ վազելով կտրեցին, անցան փողոցը և խուժեցին մուտքի դռան մեջ: Համարյա անմիջապես ուրիշ երեքը հետևեցին նրանց, և գնդացրի կրակոցը դադարեց: Մի քիչ սպասեցին: Շենքի ներսից երկու հեռավոր կրակոցներ լսվեցին: Հետո մի շշուկ լսվեց և նրանք տեսան տնից դուրս գալը, ավելի շուտ գրկած, քան թե շալակած, շապկանց մի փոքրիկ մարդու դուրս բերվելը, որ անդադար բղավում էր: Կարծես հրաշքով փողոցի բոլոր փեղկերը բացվեցին, և լուսամուտները լցվեցին հետաքրքրասերներով, մինչ մարդկանց մի բազմություն տներից դուրս գալով հավաքվում էր շղթաների ետևում: Փոքրիկ մարդը մի պահ երևաց փողոցի կենտրոնում, ոտքերը վերջապես գետնին հասած, ոստիկանների կողմից ձեռքերը ետևում պիրկ բռնված: Նա բղավում էր: Մի ոստիկան մոտեցավ և երկու անգամ, իր բռունցքի ամբողջ ուժով հարվածեց հանգիստ, մի տեսակ վարպետությամբ:
– Քոթարն է,– մրմնջում էր Գրանը,– նա գժվել է:
Քոթարը ընկել էր: Երևաց նաև ոստիկանը՝ ոտքի ամբողջ ուժով հարվածելիս գետնի վրա տնքացող այդ կույտին: Հետո մի խառը խումբ շարժվեց և ուղղվեց դեպի բժիշկը և նրա բարեկամը:
– Շարժվեցեք,– ասաց ոստիկանը,– հեռացեք:
Ոիեն հայացքը շուռ տվեց, երբ խումբը իր առջևով էր անցնում:
Գրանը և բժիշկը քայլեցին ավարտվող մթնշաղի մեջ: Այդ դեպքը ցնցել էր այն ընդարմացումը, ուր քնում էր թաղամասը, նրա ետևից հեռավոր փողոցները նորից լցվեցին հրճվանքի մեջ եղող բազմության հռնդյունով:
Շենքի դռանը Գրանը ցտեսություն ասաց բժշկին: Նա աշխատելու էր: Բայց բարձրանալու պահին նա բժշկին ասաց, որ Ժաննին նամակ էր գրել և այժմ գոհ էր: Հետո ասաց նաև, որ վերսկսել էր իր նախադասությունը:
– Ես ջնջել եմ բոլոր ածականները,– ասաց նա:
եվ մի խորամանկ ժպիտով նա գլխարկը հանեց և հանդիսավոր ձևով ողջունեց: Բայց Ռիեն մտածում էր Քոթարի մասին և բռունցքի այդ խուլ աղմուկը, որ ճզմել էր այս վերջինի դեմքը, նրան հետևում էր, երբ նա ուղղվում էր դեպի ծեր ասթմատիկի տունը: Գուցե ավելի ծանր էր հանցավոր մարդու մասին մտածելը, քան մեռած մարդու:
երբ Ռիեն հասավ իր ծեր հիվանդի մոտ, գիշերը արդեն հոշոտել էր ամբողջ երկինքը: Սենյակից կարելի էր լսել ազատության հեռավոր ժխորը, և ծերուկը շարունակում էր հավասար երգիծանքով իրար մեջ լցնել իր սիսեռները:
– Ուրախանալու իրավունք ունեք,– ասաց նա,– ամեն ինչ պետք է աշխարհը վերակազմելու համար: Իսկ ձեր պաշտոնակիցը, բժիշկ, ի՞նչ է անում:
Պայթյունների ձայներ էին հասնում մինչև նրանց, բայց դրանք խաղաղասեր էին: Երեխաները իրենց պայթուցիկներն էին արձակում:
– Նա մահացավ,– ասաց բժիշկը՝ ունկնդրելով նրա աղմկող կուրծքը:
– Ի՞նչ եք ասում,– ասաց ծերուկը անակնկալի եկած:
– Ժատախտից,– ավելացրեց Ռիեն:
– Այո,– համաձայնեց ծերուկը մի պահ հետո,– լավագույն մարդիկ գնում են: Կյանքն է: Բայց նա մի մարդ էր, որ գիտեր, թե ինչ էր ուզում:
– Ինչո՞ւ եք այդպես ասում,– ասաց բժիշկը, որ իր ստերոսկոպն էր դասավորում:
– Հենց այդպես: Նա ոչինչ չասելու համար չէր խոսում: Վերջապես նա ինձ դուր էր գալիս: Բայց այդ մարդը… Ուրիշները ասում են. «Ժանտախտն էր, ժանտախտը եղավ»: Քիչ է մնում, որ պահանջեն շքանշան տալ: Բայց ի՞նչ է նշանակում ժանտախտը: Դա կյանքն է, ահա ամենը:
– Կանոնավոր կերպով կատարեցեք ձեր ծխումները:
– Է՛հ, մի վախեցեք: Դեռ երկար ժամանակ ունեմ, և բոլորի մահը պիտի տեսնեմ: Ես ապրելու ձևը գիտեմ:
Հեռվից ուրախության ոռնոցներ պատասխանեցին նրան: Բժիշկը կանգ առավ սենյակի մեջտեղում:
– Ձեզ չե՞մ խանգարի, եթե պատշգամբ բարձրանամ:
– Բոլորովին ոչ: Ուզում եք նրանց բարձրից նայել, հա՞: Ձեր հարմարությանը նայեցեք: Բայց նրանք միշտ նույնն են:
Ռիեն ուղղվեց դեպի սանդուղքը:
– Ասացեք, բժիշկ, ճի՞շտ է, որ ուզում են հուշարձան կառուցել ժանտախտից մահացածների համար:
– Թերթը ասում է: Մի հուշասյուն կամ մի տախտակ:
– Դրանում վստահ էի: Եվ ճառեր պիտի արտասանվեն:
Ծերուկը ծիծաղում էր խեղդված ծիծաղով:
– Ես արդեն լսում եմ նրանց. «– Մեր զոհվածները…», և նրանք հետո ճաշկերույթ պիտի տան:
Ռիեն արդեն սանդուղքից բարձրանում էր: Մեծ, սառը երկինքը փայլում էր տների վրա, բլուրների մոտ աստղերը կարծրանում էին կայծքարերի նման: Այս գիշերը այնքան էլ տարբեր չէր այն մեկից, երբ Տարրուն և ինքը եկել էին այս պատշգամբը ժանտախտը մոռանալու համար: Բայց այսօր ծովը ավելի աղմկոտ էր, քան այն ժամանակ քարաժայռերի ոտքերի տակ: Օդը անշարժ էր և թեթև, մաքրված աղի շնչից, որ բերում էր աշնան խոնավ քամին: Քաղաքի աղմուկը, սակայն, ալիքների նման, աղմուկով խփում էր պատշգամբների ոտքերին: Բայց այս գիշերը նույն ժամանակ ազատագրության գիշեր էր, ոչ ապստամբության: Հեռվում մի կարմրավուն ցոլք ցույց էր տալիս այգիների տեղադրությունը և լուսավորում հրապարակները: Այժմ արդեն ազատագրված գիշերվա մեջ ցանկությունը դառնում էր անսահման և նրա թնդյունն էր, որ հասնում էր Ռիեին:
Խավար նավահանգստից բարձրացան պաշտոնական տոնախմբությունների առաջին հրթիռները: Քաղաքը դրանք ողջունեց երկար և խուլ բացականչությունով: Քոթարը, Տարրուն, մյուսները, տղամարդիկ ու կանայք, որոնց Ռիեն սիրել էր ու կորցրել, մի մասը մահացած, մյուսը՝ հանցագործ, բոլորը մոռացվել էին: Ծերուկը իրավացի էր, մարդիկ միշտ նույնն էին մնում: Բայց դա էլ հենց իրենց ուժն էր և իրենց անմեղությունը, և այստեղ է, որ ամեն վշտից վեր Ռիեն զգում էր, որ միանում էր նրանց: Աղաղակների մեջ, որոնք իրենց ուժով և տևողությամբ կրկնապատկվում էին, որ երկարորեն արտացոլվում էին մինչև պատշգամբի տակը, քանի բազմագույն փնջերը բազմանալով բարձրանում էին երկինք, այդ ժամանակ բժիշկ Ռիեն որոշեց շարադրել այս պատմությունը, որ ավարտվում է այստեղ, որպեսզի չդառնա այն մարդկանցից մեկը, որոնք լռում են վկայություն տալու համար ժանտախտով վարակված այս մարդկանց ի նպաստ, առնվազն մի հիշողություն թողնելու համար անարդարության և կոպտության մասին, որ կատարված էր նրանց նկատմամբ, պարզապես ասելու համար այն, ինչ սովորում են աղետների ժամանակ, այն, որ մարդկանց մեջ ավելի շատ բան կա հիանալու, քան արհամարհելու:
Բայց նա գիտեր, որ այս ժամանակագրությունը չէր կարող վերջնական հաղթանակի ժամանակագրություն լինել: Այն կարող էր լինել միայն վկայություն, թե ինչ պետք էր կատարել, թե, անկասկած, ինչ պետք էր իրագործել նաև սարսափի և նրա հոգնություն չիմացող զենքի դեմ, հակառակ անձնական վիրավորանքների, թե բոլոր մարդիկ, որ չեն կարող սուրբ լինել, բայց մերժում են աղետները, աշխատում են, սակայն, դառնալ բժիշկներ:
Ունկնդրելով իսկապես քաղաքից բարձրացող թեթևացման աղաղակները, Ռիեն հիշում էր, որ այդ թեթևությունը միշտ վտանգված էր, որովհետև նա գիտեր այն, ինչ այդ բազմությունը անգիտանում էր, և որը կարելի էր կարդալ գրքերի մեջ. ժանտախտի բացիլը երբեք չի մահանում, ոչ էլ անհետանում է, այն կարող է տասնյակ տարիներ քնել կահույքի կամ սպիտակեղենի մեջ, համբերությամբ կարող է սպասել սենյակներում, գետնափոր շտեմարաններում, սնդուկներում, թաշկինակներում և թղթապանակներում, և երբ օրը գա մարդկանց դժբախտություն բերելու կամ դաստիարակելու համար, ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s