Արաբները

Image

 

Արաբները

Ինքնանվանումը և կազմավորումը

Արաբիան համարվում է սեհմական ընտանիքին պատկանող ժողովուրդների օրրանը:

Նրանք դեռևս հնագույն ժամանակներում դուրս գալով Արաբական թերակղզուց, տարածվում են Բարեբեր Մահիկի՝ Միջագետքի և նրա հարակից տարածքներում, և հիմք դնում առանձին ժողովուրդների՝ ասուրների, բաբելացիների, փյունիկների, արամեացիներ, հրեաների կազմավորմանը:

Նրանց թվում էր նաև մի էթնոս, որի ինքնանվանումն է «ալ-արաբ»:

Արաբները, աշխարհի այդ հնագույն ժողովուրդներից մեկը, ձևավորվել է բուն Արաբական թերակղզում, ինչպես ենթադրվում է, հնագույն սեմական ազգակից ցեղերի հիմքի վրա, հավանաբար  մ.թ.ա. երկրորդ հազարամյակում:

Ասուրները, արամեացիները, բաբելացիները և փյունիկները հետագայում ընդմիշտ հեռացան պատմության բեմից և տարածաշրջանում մնացին միայն երկու սեմական ժողովուրդ՝ արաբները և հրեաները: Այսօր արաբներն աշխարհի սեմական ընտանիքին պատկանող ամենամեծաթիվ ժողովուրդն են:

Արդեն մ.թ.ա. առաջին հազարմյակում կազմավորվել են նրանց առաջին պետական միավորումները՝ Թադմորը, որն ավելի հայտնի է Պալմիրա անունով, Նաբաթեան՝ Պետրա մայրաքաղաքով, որը հռչակված էր իր վարդագույն ժայռափոր շենքերով և այլն: Հետագայում, մ.թ. 5-6-րդ դարերում, կազմավորվեցին արաբական նոր պետություններ, ինչպես Հյուսիսային Արաբիայում Ղասսանիների և Լախմի պետությունները, և Քինդահների պետությունը Կենտրոնական Արաբիայում: Դրանք ըստ էության քոչվորական ցեղերի կամ ցեղային միությունների պետական կազմավորումներ էին:

Արաբական այս պետությունները ոչ միայն միավորված չէին, այլև շատ հաճախ պայքարում էին միմյանց դեմ: Դրա հետևանքով նրանք թուլացան, ապա և քայքայվեցին,  որը հանգեցրեց 6-րդ դարում Հիջազի դերի բարձրացմանը: Նրան իր երեք քաղաքներով՝ Մեքքա, Յասրիբ, որը հետագայում կոչվեց Մադինա, և Թաիֆ, վիճակված էր պատմական կարևոր դեր խաղալ արաբների պատմական ճակատագրում:

Արաբական թերակզու բնակչության արաբականցումը գնում էր արագ տեմպերով և արդեն 5-6-րդ դարերում արաբները կազմում էին թերակղզու բնակչության մեծամասնությունը: Արաբականացումն ավարտվեց իսլամի ձևավորումից և արաբական միասնական պետության՝ խալիֆայության ստեղծումից հետո:

Սակայն պետք է նշել, որ այդ ժամանակ դեռ վաղ էր խոսել արաբների որպես միակուռ ժողովրդի մասին: Նրանց մոտ շատ ուժեղ էին  ցեղերը և ցեղային միությունները, որոնք շատ նախանձախնդիր էին իրենց «ցեղային ինքնությունը» պահպանելու հարցում: Նման միտումներ էին դրսևորվում նաև ոչ բնիկ արաբական սեմականցեղերը, որոնք թեև ուծացման էին ենթարկվել, սակայն նրանց մոտ դեռ ուժեղ էին անցյալի հիշողությունները:

Արաբական թերակղզու արաբականացումը և արաբների որպես ժողովրդի կազմավորումը, որը երկար պատմական  պրոցես է, ավարտվեց հետագա դարերում, հատկապես իսլամի ընդունումից և Արաբական խալիֆայության ձևավորումից հետո:

 

Արաբաերեն լեզուն և արաբական գիրը

Արաբները երկար ժամանակ չեն ունեցել իրենց սեփական գիրը: Արաբերենը պատկանում է աֆրոասիական լեզվաընտանիքի սեմական ճյուղին: Այդ նույն ընտանիքին է պատկանում մի շարք սեմական մեռած լեզուներ, ինչպես աքքադերենը, ասուրերենը, արամեերենը և այլն: Իսկ կենդանի խոսակցական լեզուներից այսօր ամենատարածվածը արաբերենն է, ապա եբրայերենը:

Արաբները մինչև իրենց սեփական գրի ստեղծումը երկար ժամանակ օգտվում էին սեմական այլ ժողովուդների գրերից, մասնավորապես արամեերենից: Հենց նրա հիմքի վրա 5-րդ դարում առաջացավ արաբական այբուբենը և գիրը:

Մինչև արաբական գրի ստեղծումը արաբների մոտ զարգացած էր բանավոր ստեղծագործությունը՝ բանաստեղծություն, ասք, հեքիաթ, հերոսապատում և այլն, որը ավանդաբար բանավոր կերպով փոխանցվում էր սերնդից սերունդ: Յուրաքանչյու շատ թե քիչ նշանակալից ցեղ կամ ցեղային միություն ուներ իր սեփական էպոսը, որը փառաբանում էր տվյալ ցեղին, նրա կատարած հերոսությունները և քաջագործությունները, նրան վերագրում անգամ գերբնական հատկանիշներ, պարսավում և ստորացնում հակառակորդ և թշնամի ցեղերին: Դրանով փորձ էր արվում բարձրացնել տվյալ ցեղի կարևորությունը և դերը հաչս արաբական մյուս ցեղերի:

Այդ գործում կարևոր դեր էին խաղում բանաստեղծները՝ շաիրները, որոնք շատ հաճախ ունեին հասարակական, անգամ դիվանագիտական դերակատարում, մանավանդ միջցեղային հակամարտությունների կամ բաղումների ժամանակ, երբ հարգանք վայելող շաիրները հանդես էին գալիս որպես հաշտարարներ:

Հետագայում, 8-րդ դ., այդ պատումները գրի են առնվել, պահպանվել և մեզ են հասել գրավոր ձևով և ստացել «Այյամ ալ-արաբ» («Արաբների օրեր») անվանումը: Դրանք ոչ միայն մշակութային արժեք են ներկայացնում, այլ նշանակալի հետաքրքրություն ներկայացնող պատմական աղբյուր են, որոնց օգնությամբ հնարավոր է որոշակի գաղափար կազմել արաբների նախաիսլամական շրջանի պատմական և քաղաքական զանազան իրադարձությունների մասին:

Արաբական գրի ստեղծումը պատմաքաղաքական կարևոր դեր է խաղացել արաբների ճակատագրում, մանավանդ եթե նկատի ունենանք, որ դա տեղի ունեցավ արաբների միջազգային ասպարեզ դուրս գալու, նոր կրոնի՝ իսլամի, և արաբական միասնական պետության ստեղծման նախօրեին:

Մյուս կողմից, արաբական ինքնուրույն գրի շնորհիվ ձևավորվեց մի նոր, մինչ այդ անհայտ արաբա-իսլամական մշակույթը, որը կազմում է համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը:

Արաբական նվաճումների և իսլամի տարածման շնորհիվ արաբական գիրը լայն տարածում գտավ աշխարհում և դարձավ գործածական գիր մուսուլմանական բոլոր ժողովուրդների համար:

Արաբերենը միջին դարերում, ընդհուպ մինչև նորագույն շրջանի սկիզբները, կատարում էր միջազգային լեզվի գործառույթ մուսուլմանական երկրների և ժողովուրդների համար, ինչպես լատիներենը միջնադրայան Արևմտյան Եվրոպայում:

Արաբերեն գիրն ունի իր յուրահատկությունները: Ի տարբերություն հնդևրոպական լեզուների, նա գրվում է ոչ թե ձախից աջ, այլ, ընդհակառակը, աջից ձախ: Արաբերեն լեզվում գրվում են միայն երկար ձայնավորները, իսկ կարճ ձայնավորները բաց են թողնվում: Ուստի տվյալ բառը ճիշտ հասկանալու  և ճիշտ արտասանելու համար պահանջվում են անհրաժեշտ գիտելիքներ, նախնական վարժանք, որոշակի փորձ և ուսումնառություն: Այս հանգամանքը որոշակի դժվարություններ է ստեղծում արաբերենին տիրապետելու ճանապարհին, հատկապես օտար, ոչ արաբ ընթերցողի համար:

Արաբական այբուբենը պարունակում է 28 տառ, 25 բաղաձայն և 3 ձայնավոր՝ ա, ի, ու:

Արաբական անվան տակ են հայտնի նաև թվական այն համակարգը և թվանշանները, որոնք այսօր գործածական են ամբողջ աշխարհում և որոնց օգնությամբ են կատարվում բոլոր հաշվարկները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Իրականում դրանք ոչ թե արաբական, այլ հնդկական ծագում ունեն: Դրանք ստեղծվել և շրջանռության մեջ են դրվել հնդիկների կողմից դեռևս 5-րդ դ., սակայն եվրոպացիներին հայտնի են դառնում 10-13-րդ դդ., շնորհիվ արաբ ճանապարհորդների և արաբական տարաբնույթ պատմագիտական և աշխարհագրական աղբյուրների, որոնց հետ ծանոթանալով, թարգմանում են եվրոպական հետազոտողները և այդ թվանշանները կոչում արաբական:

Պատմական այս դարաշրջանը, որը հարատևեց մինչև 7-րդ դ., մինչև արաբների կողմից հեթանոսությունից հրաժարվելը և իսլամի ընդունումը, արաբները անվանում են «ջահիլիայի»՝ անգիտության կամ տգիտության դարաշրջան:

(Ն. Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s