Արաբների մինչիսլամական կացութաձևը

download

Արաբների մինչիսլամական սոցիալ-տնտեսական կացութաձևը

  1. Տոհմ, ցեղ և ցեղային միություն

Արաբների մոտ տիրապետող էին արխայիկ, նահապետական, տոհմատիրական հարաբերությունները:

Արաբ բեդվինները բնակվում էին վրաններում և յուրաքանչուր վրան համարվում էր մի ընտանիք: Մի քանի ընտանիքների միավորումից առաջանում էր տոհմը, իսկ արյունակից տոհմերից՝ ցեղը կամ կաբիլան: Բեդվինների սոցիալ-հասարակական կառուցվածքի հիմքը, նեղ առումով, տոհմն էր, իսկ ավելի լայն առումով ցեղը և ցեղային մությունները:

Նրանց մոտ գոյություն ուներ անհատական և ընդհանուր-համայնքային սեփականություն: Վրանը և այն ամենը, ինչ որ կար նրանում՝ հագուստ անկողին, տնային օգտագործման իրեր և այլն, համարվում էր անհատական սեփականություն; Սակայն արտադրության հիմնական միջոցները, որոնցից կախված էր անապատաբնակարաբի գոյությունը՝ մշակելի հողատարածությունները, արոտավայրերը, ջուրը և այլն, համայնական սեփականություն էին:

Շատ հստակ էին սահմանված հարաբերությունները տոհմի և ցեղի ներսում; Առօրյա խնդիրները, զանազան բնույթի վեճերը, հողային և գույքային հարցերը, ամուսնությունը և ամուսնալուծությունը, արյան վրեժի խնդիրը և այլն, կարգավորվում էին սովորութական իրավունքի՝ ադաթի հիման վրա:

Եթե, օրինակ, տոհմի անդամներից մեկը սպանություն էր կատարել տոհմի ներսում, ապա նրան ոչ ոք, անգամ հայրը, եղբայրը և այլն, չէր կարող պաշպանել: Մարդասպանը չէր կարող փախչել, որովհետև նա կհայտարարվեր օրենքից դուրս, իսկ դա մահվանը հավասար դատավճիռ էր: Տոհմի անդամն պարտավոր էր ամբողջ կյանքում ամեն ինչ անել կապն իր տոհմի հետ պահպանելու համար, որը նրան պաշպանություն և գոյություն էր ապահովում, հակառակ պարագայում նա դառնում էր օտար և անօգնական:

Իսկ եթե մարդասպանությունը կատարվել էր տվյալ տոհմից դուրս, այսինքն սպանվել է մեկ այլ տոհմի անդամ, ապա հրապարակ էր իջնում վենդետտան՝ արյան վրեժի իրավունքը, ելնելով «արյունն արյուն է ուզում» սկզբունքից: Դա նշանակում էր, որ սպանվածի տոհմնակիցներն իրավունք ունեին սպանել սպանողի տոհմի անդամներից յուրաքանչյուրին: Ընդ որում արյան վրեժի իրավունքը գործում էր տասնյակ տարիներ, մինչև որ վրեժն իրագործվեր: Տոհմի արյունակցական-ազգակցական կապերի առաջին աստիճանը տվյալ ցեղապետի որդիները (բանու) լինելու համգամանքն էր, ինչպես, օրինակ, «բանու Հասան» կամ «բանու Ասադ» և այլն, որը նշանակում է «Հասանի որդիներ», «Ասադի որդիներ»:

Տվյալ արյունակցական-ազգակցական խմբին պատկանող կաբիլաները կարող էին միավորվել և կազմել ավելի մեծ ցեղախումբ՝ աշիրա և այլն:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ տոհմի և կաբիլայի կազմը կայուն չէր: Նրա մաս կարող էին կազմել այսպես այսպես կոչված «օտարները», որոնք արյունակցական կապերով կապված չէին տվյալ կաբիլային, սակայն ընդունում էին նրա գերակայությունը և հարմարվում նրա ադաթներին և պահանջներին: Սովորաբար այդ քայլին էին դիմում թույլ տոհմերը, որոնք միավորվելով որևէ ուժեղ տոհմին և ընդունելով նրա գերակայությունը, դրանով ապահովում էին իրենց առավել անվտանգ գոյությունը:

Տոհմի անդամ կարող էին դառնալ նաև ազատություն ձեռքն բերած ստրուկները, որոնք չէին ցանակնում լքել տվյալ տոհմը և նրան անդամակցում էին ենթահովանավորյալի կարգավիճակով:

Կաբիլայի և զանազան ցեղային միությունների գլուխ կանգնած էին սեյյիդները, շեյխերը և զաիմները: Այստեղ իսկապես բացակայում էր ընտրական որևէ սկզբունք, էլ չենք խոսում ընտրական համակարգի մասին: Ուստի ցեղախմբի սեյյդի կամ զաիմ դառնում էին ոչ թե ընտրությամբ, այլ ըստ տվյալ անձի արժանիքների, գործունեության և հարստության: Հետագայում ցեղապետի պաշտոնը, մանավանդ շեյխի, շատ հաճախ դառնում է ժառանգական:

 

  1. Վաչկատուն-քոչվորներ

Արաբները հնուց ի վեր բաժանված էին քոչվորների և նստակյացների:

Վաչկատուն քոչվորների՝ բեդվինների տնօրինության տակ էր գտնվում Արաբիայի տարածքների մեծ մասը, թեև նրանք չէին կազմում բնակչության մեծամասնությունը: Բեդվինները հնուց ի վեր, նախաիսլամական շրջանից, բաժանված էին հյուսիսարաբական՝ կայսիական, և հարավարաբական՝ կալբիական կամ յամանական ցեղախմբերի: Նրանք գտնվում էին մշտական մրցակցության և պայքարի մեջ, որը շատ հաճախ կործանարար էր լինում Հյուսիսային և Հարավային Արաբիայի համար:

Բեդվինների հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր: Նրանք պահում էին գլխավորապես ոչխար, այծ և ուղտ, որը նրանց ապրուստի միակ միջոցն էր: Անասունների գլխաքանակը բեդվինի և ցեղապետի հարուստ լինելու գլխավոր չափանիշն էր:

Սակայն հարկ է նշել, որ քոչվոր բեդվինների և նստակյաց արաբների միջև բաժանարար գիծն այնքան էլ հստակ չէր: Իրականում առկա էին կիսաքոչվորներ և կարծեցյալ նստակյացներ կամ քաղաքբնակներ:

Երբ խոսք է գնում բեդվինների մասին, նրանց չպետք է շփոթել թափառող գնչուների հե: Բեդվինական քոչվորությունն ապրելաձև է, թելադրված անապատային կյանքով, այդ կյանքին հարմարվելու և գոյատևելու պահանջով:

Բեդվինի հասկացողությամբ ոչխար և այծ պահելն ու բազմացնելը, որսորդությունը և ասպատակությունը տղամարդուն վայել միակ զբաղմունքն է: Նա վերևից է նայում բոլոր նրանց վրա, ովքեր զբաղվում են հողագործությամբ, առևտրով և արհեստներով, այդ բոլորը համարելով իր արժանապատվությունից ցածր գործ:

Իր միջավայրից դուրս բեդվինը դադարում է բեդվին լինելուց: Այդ պատճառով ընդունված է ասել, որ բեդվինը, ուղտը, արմավենին և ավազը կազմում են մի ամբողջություն, գոյության մի բացառիկ տեսակ:

Բեդվինի հագուստը նույնպես շատ պարզ է: Նա կրում է երկար շապիկ՝ գոտիով, գլուխը կապում է շալով՝ քուֆիյա, տաբատ չի հագնում, իսկ կոշիկ՝ հազվադեպ:

 

  1. Նստակյացներ

Նստակյացները կազմում էին Արաբիայի բնակչության մյուս կարևոր հատվածը: Նրանք բնակվում էին գլխավորապես ոչ անապատային գոտիներում, հատկապես Արաբիայի հարավային մասերում՝ Եմենում, Հադրամաութում, ինչպես նաև Կենտրոնական և Հյուսիսային Արաբիայի համեմատաբար բարեբեր և օազիսային շրջաններում: Նրանք զբաղվում էին հողագործությամբ, ինչպես նաև անասնապահությամբ:

Բնակրության զգալի մասը զբաղվում էր արհեստներով, բավարարելով բեդվինների և նստակյացների հիմնականում կենցաղայի նպահանջները:

Նստակյաց վայրերում գյուղերի կողքին առաջանում էին նաև քաղաքաներ և քաղաքատիպ բնակավայրեր:

Նստակյացների, առաջին հերթին քաղաքների և խոշորատիպ գյուղերի բնակչության սոցիալական կառուցվածքի հիմքը կազմում էին շա՛բանները: Դրանք յուրատեսակ ինքնավար համայնքային մարմիններ էին սոցիալական-պետական կառուցվածքի այս ձևը հատկապես բնորոշ էր Եմենի, նրա տարածքում գոյություն ունեցած պետությունների համար:

Որոշ մասնագետների կարծիքով, շա՛բա-համայնքը ֆունկցիոնալ առումով նման էր անտիկ պոլիսներին կամ հինարևելյան քաղաք-պետություններին: Համենայն դեպս նրանք նման էին իրենց գործառույթով: Շա՛բաները, ինչպես պոլիսները և քաղաք-պետությունները, զբաղվում էին հասարակական շենքերի, ամրոցների, ոռոգման համակարգի կառուցումով, նրանց պահպանումով և այլն:

Սակայն հետագա դարերում, հատկապես 4-րդ դ., շա՛բանների իրավունքները խիստ սահմանափակվում են և շատ վայրերում նրանց ինքնակառավարվող համայնք լինելը դառնում է ձևական: Դա բացասական հետևանքներ ունեցավ տնտեսական ոլորտի վրա՝ոռոգման համակարգերը շարքից դուրս եկան, դադարեցվաց հասարակական շենքերի կառուցումը և այլն:

Դա հարցի մի կողմից էր:

Հարցի մյուս կողմին էլ այն էր, որ բեդվինները և նրանց կաբիլաները թշնաբար էին վերաբերվում նստակյացներին, նրանց համայնքներին: Նրանք, ինչպես արդեն նշվելենք, վերևից էին նայում նրանց վրա և նրանց զբաղմունքը համարում ցածր կարգի,  հարգանքի ոչ արժան գործունեություն: Բեդվիններն իրենց նյութական և սննդամթերքի պահանջները բավարարում էին նստակյաց արաբների հաշվին: Եվ դա նրանք իրականացնում էին երկու ճանապարհով՝ կամ հարկադրելով նրանց մթերքների փոխանակություն կատարել, կամ, որն ավելի շատ տարածված ձևն էր, բռնությամբ, ասպատակության միջոցով: Ասպատակությունը շատ տարածված երևույթ էր: Բեդվիններն ասպատակում էին բոլորին: Օմայյաների շրջանի արաբ բանաստեղծ ալ Քութամին իր մի բանաստեղծության մեջ ասում է. «Մեր գործն է ասպատակել մեր թշնամուն, մեր հարևանին և մեր սեփական եղբորը, այն դեպքում, եթե մենք ուրիշ ոչ ոքի, բացի մեր եղբորից չենք գտնում ասպատակելու համար»:

Բեդվինների հարձակումներն իրենց նստակյաց ազգակիցների վրա, սովորական երևույթներ էին:

Այդպիսի պայմաններում նստակյաց արաբները, ինչպես նաև թույլ քոչվոր ցեղերը, շատ հաճախ գնում էին իրենց սահմանակից ուժեղ բեդվանական քոչվոր ցեղի հովանավորությունը և պաշտպանությունը, վճարելով նրան համապատասխան գին: Սա շատ տարածված երևույթ էր:

Բայց քանի դեռ շա՛բաներն ուժեղ էին, ունեին լայն լիազորություններ և ներկայացնում էին ինքնակառավարվող համայնք, բեդվինների հարձակումները հաջողությամբ հետ էին մղում, հանսիպելով արժանի հակահարվածի: Շա՛բանների թուլացումից հետո Հարավային Եմենն այլևս ի վիճակի չէև դիմակայել քոչվոր-բեդվիններին, որոնք վերջիվերջո իրենց քաղաքական տիրապետությունը հաստատեցին Արաբիայի այդ մասում:

 

  1. Կրոն

Արաբները մինչև 7-րդ դարի սկիզբները հեթանոսներ էին: Գրեթե յուրաքանչյուր ցեղ կամ ցեղային միություն ուներ իր կուռք-աստվածը, որի հզորությունը ուղղակի համեմատական էր նրան պաշտող ցեղի հզորությանը: Հեթանոս աստվածների կամ բազմաստվածության համակարգում ամենահզորը Հիջազի գլխավոր աստվածն էր, որը կոչվում էր Ալլահ: Բազմաստվածությունը լինելով արաբական ցեղերի տարանջատվածության արտահայտություն, ավելի էր խորացնում արաբների բաժանվածության արտահայտություն, ավելի իր խորացնում արաբների բաժանվածությունը և լրջորեն խոչընդոտում նրանց միավորմանը և ազգային-էթնիկական կոնսոլիդացիային:

Հեթանոսության հետ Արաբիայում մինչև մ.թ. 7-րդ դարը, տարածված էր նաև հուդայականությունը, քրիստոնեությունը, ինչպես նաև զրադաշտականությունը: Սակայն բնակչության ճնշող մեծամասնությունը, անշուշտ, հեթանոս էր:

6-7-րդ դարերը որոշակի սահմանաբաժան են հանդիսանում Արաբիայի պատմության մեջ: Հենց այս ժամանակահատվածում խիստ սրվեց քաղաքական և սոցիալ տնտեսական ճգնաժամը: Քանի գնում խորանում էր տոհմատիրական կարգերի քայքայումը, համայնական սեփականության վերացումը, մասնավոր սեփականության ձևավորումը և սոցիալական բևեռացումը: Սրվել էին միջցեղային հարաբերությունները, որոնք սովորաբար վերածվում էին արյունալի բախումների բարեբեր դաշտավայրերի, արոտավայրերի և ջիր աղբյուրներին տիրելու համար:

Արաբները, թեև ստեղծել էին առանձին պետություններ և պետական միավորումներ, բայց, և այնպես, նրանց չհաջողվեց ստեղծել մեկ միասնական պետություն, որն ի վիճակի լիներ կարգավորել քաղաքական, տնտեսական և սոցիալական հարաբերությունները, հաստատել կարգ ու կանոն, լուծել վեճերը և կանխեր արյունալի ընդհանրումները հասարակության տարբեր հատվածների, առաջին հերթին ցեղերի միջև:

Ճգնաժամի խորացմանը նպաստում էր նաև բազմաստվածությունը, որը փաստորեն սրբագործում էր արաբական հասարակության ներքին տրոհվածությունը:

Երկիրը քաղաքական, սոցիալ-տնտեսական և գաղափարա-կրոնական լուրջ և արմատական վերափոխումների կարիք էր զգում և գտնվում էր դրա նախաշեմին:

(Ն. Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s