Համաշխարհային նոր կրոնի իսլամի առաջացումը

download (2)

Համաշխարհային նոր կրոնի իսլամի առաջացումը

Մուհամմադ Մարգարեն

  1. Մուհամմադի կյանքը և գործունեությունը

Վերափոխումները սկսվեցին մ.թ. 7-րդ դարի սկզբում, որը կապված է Մուհամմադի անվան հետ: Նա հանդես եկավ որպես նոր մարգարե՝ նաբի, և դարձավ արաբներին միավորողը, նոր կրոնի՝ իսլամի ստեղծողը և արարբական միասնական կենտրոնացված պետության հիմնադիրը:

Մուհամմադի կենսագրական տվյալները կցկտուր են, շատ բան հետագայում ավելացվել է նրա ժամանակակիցների վկայությունների և պատմությունների հիման վրա: Մուհամմադի առաջին համակարգված և կանոնակարգված կեսագրությունը՝ սիրան, պատկանում է 8-րդ դ. հեղինակ Իբն Իսհակին: Հետագայում, 9-րդ դ., նրա կենսագրությունը հարստացվել է նոր տվյալներով:

Մուհամմադի կենսագրության համար յուրօրինակ աղբյուր են ծառայում նաև մուսուլմանների սուրբ գրքի՝ Կորանի մեկնությունները:

Համենայն դեպս, չնայած առանձին տարակարծություններին, անգամ վեճերին, մասնագետների կողմից այսօր կարելի է ընդհանուր գծերով ընդունված համարել Մուհամմադի ստորև բերվող կենսագրությունը:

Մուհամմադը ծնվել է 570 թ.՝ «փղի տարում», Մեքքայում: Նա պատկանում էր Մեքքայում ամենաազդեցիկ Կուրայշ ցեղի Հաշիմի ոչ հարուստ տոհմին և զավակն էր Աբդալլահի և Ամինայի: Մուհամմադի մանկությունը եղել է շատ դառն: Դեռևս նա նոր էր ծնվել, երբ մահանում է հայրը, իսկ վեց տարեկանում զրկվում է մորից: Որբ մանուկի հոգսը սկզբում իր վրա է վերցնում նրա հորական պապը՝ Աբդ ալ-Մուտալիբը, իսկ երկու տարի անց, նրա մահվանից հետո, հորեղբայրը՝ Աբու Տալիբը: 12 տարեկան հասակում պատանի Մուհամմադն առաջին անգամ դուրս է գալիս Մեքքայից և հորեղբոր ուղեկցությամբ մեկնում Սիրիա: Այստեղ նա, ըստ ավանդության, հանդիպում է քրիստոնյա հոգևորական Բահիրային, որի հետ ունեղած զրույցները, լեգենդի համաձայն, անջնջելի հետք են թողնում ապագա մարգարեի վրա:

Մուհամմադի հորեղբոր տնտեսական վիճակն այնքան էլ նախանձելի չէր և երիտասարդը հարկադրված էր 15 տարեկանից հոգալ իր ապրուստը: Նա արածեցնում էր հարուստ մեքքացիների անասունների հոտը, երբեմն մաս կազմում քարավաններին, իսկ 590 թ., քսանամյա Մուհամմադը, մասնակցում է Ուգազայի մոտ տեղի ունեցած ճակատամարտին և Խիլֆ ալ ֆուդուլ ցեղի Հաշիմիների կնքած դաշինքին:

Մուհամմադի անձնական կյանքում շրջադարձային եղավ 595 թ., երբ նա որպես գործավար-օգնական ծառայության մեջ մտավ Խադիջա բինտ Խուվայլիդի մոտ: Նա խելացի, հարուստ և այրի մի կին էր, որն աչքի էր ընկոնւմ ձեռներեցությամբ և վայելում իր ցեղակիցների հարգանքը: Երիտասարդ, եռանդուն և աշխատասեր 25-ամյան Մուհամմադը դուր է գալիս նրանից 15 տարով մեծ Խադիջային և նրանք ամուսնանում են: Դա ամրապնդում է Մուհամմադի տնտեսական և սոցիալական դրությունը: Նա այլևս նախկին կիսաաղքատ երիտասարդը չէր, որ հաճախ օրերը կիսաքաղց էր անցկացնում: Այժմ նա կարող էր անձնատուր լինել իր սիրած զբաղմունքին՝ մեդիտացիային: Նա հաճախ էր առանձնանում Մեքքային մոտակայքում գտնվող Հիրա սարի քարանձավներում և այնտեղ անցկացնում խորասուզված իր մտորումների մեջ:

Նրանք ունեցան հինգ զավակներ, մեկ որդի՝ ալ-Կասիմը-նա մահացել է վաղ տարիքում, այդ պատճառով էլ արաբական ավանդույթի համաձայն Մուհամմադը կոչվում է նաև Աբու ալ-Կասիմ(Կասիմի հայր), չորս աղջիկներ՝ Զայնաբը, Ռուկայյան, Ումմ Կուլսումը և Ֆաթիման:

Հետագայում Մուհամմադը, համաձայն արաբական սովորույթի, որը թույլատրվում էր պոլիգամիա՝ բազմակնություն, և որն իր զինանոցը վերցրեց նաև իսլամը, պաշտոնապես ունեցավ ևս երեք կին՝ Այշան, աբու Բաքրի 9-ամյա կրտսեր աղջիկը, որն ամուսնուն ներկայացավ իր խաղալիքներով հանդերձ, Խաֆսան՝ Օմարի աղջիկը, և Զայնաբը՝ Հուզայմային աղջիկը: Նրանց երկուսի ամուսիններն էլ զոհվել էին Բադրի ճակատամարտում: Այսպիսով, Ալլահի առաքյալը պաշտոնապես ուներ չորս կին:

Հետագայում, առ այսօր, չորս կին ունենալու իրավունքից պաշտոնապես օգտվվում են բոլոր մուսուլմանները:

 

  1. Մուհամմադն իսլամի հիմնադիր

Մուհամմադը Խադիջայի հետ ամուսնությունից հետո, քարավանային առևտրով զբաղվելու շնորհիվ, ճանապարհորդելու լայն հնարավորություններ է ստանում: Իսկ դա նրա առջև բացում է տարբեր մարդկանց հետ շփվելու, զրուցելու, զանազան կրոնական ուսմունքների հետ ծանոթանալու, աշխարհը ճանաչելու դռները: Մուհամմադի զրուցակիցների մեջ առանձնանում էր քրիստոնյա վանական Բահիրան, որից նա , լեգենդի համաձայն, շատ բան է վերցրել:

Այդ բոլորն անհետևանք չի անցնում Մուհամմադի համար: Նա ընդհանուր գծերով ծանոթանում է քրիստոնեության և հուդայականության դրույթների հետ:

Սակայն դա նրան չի բավարարում և նա փնտրում է մեկ այլ, բոլորովին տարբեր բան: Եվ նա առանձնանում է առօրյա սին հոգսերից, ապաստանելով Հիրա սարի վրա գտնվող քարանձավում: Անջրպետվելով արտաքին աշխարհից, Մուհամմադը խորասուզվում է ինքն իր մեջ, մտորում աշխարհի և նրա ստեղծման, կյանքի և մահվան, չարի և բարոը, հանդերձյալ աշխարհի, մարդկանց մեղքերի, պատժելիության, երանության և նմանատիպ այլ հրացերի մասին: Եվ ինչքան մտասույզվում է իրեն տանջող խնդիրների մեջ, այնքան ավելի է հավատում իր առանձնահատուկ առաքելությանը և վերուստ իրեն սահմանված կոչմանը:

Կենսագիրները հավաստում են, որ Մուհամմադը ինքնախորասուզման և հոգևոր վեր սավառնելու պահերից մեկի ժամանակ ինչ-որ ձայն է լսել, թերևս ներքին ձայն, որը նրան ոգեկոչել է քարոզի: Եց Մուհամմադը 610 թ. սկսում է իր քարոզը, հիմք դնելով մի նոր կրոնի, որն ստացվել իսլամ անունը:

Մուհամմադն իր քարոզները սկսեց իր հայրենի Մեքքայում, ձեռք բերելով առաջին, ոչ մեծաթիվ հետևորդները: Սակայն նա միանգամից ձեռք բերեց նաև զորեղ հակառակորդներ՝ ի դեմս Կուրայշ ցեղի Օմայյա տոհմի և նրա առաջնորդ Աբու Սուֆիանի: Հակասությունները նրանց մինչև խիստ սրվում են և աստիճանաբար ընդունում առճակատման բնույթ: Օմայյաները սաստկացնում են հալածանքները, ուղղված Մուհամմադի և նրա համախոհների դեմ, որոնց զգալի մասը նորահայտ մարգարեի հարազատները կամ տոհմակիցներն էին:

Ստեղծված սպառնալից պայմաններում, Մուհամմադն մոտ 200 համախոհներով, 622 թ. Մեքքայից հարկադրված գաղթում է Յասրիբ, որը հետագայում անվանվեց Մադինա ան-Նաբրի, այսիքն՝ Մարգարեի հիջրայի տարին, ընդունված է համարել արաբական և համայն մուսուլմանական աշխարհի թվագրության և տարեգրության սկիզբը:

Պատահականություն չէր Մուհամմադ մարգարեի և նրա զինակիցների գաղթը Յասրիբ: Մարգարեի ընտրությունը կանգ էր առել այդ քաղաքի վրա, որովհետև, ինչպես նշվել է, մադինացիները՝ Յասրիբի բնակիչները, թշնամաբար էին տրամադրված մեքքացիների ցեղային վերնախավի նկատմամբ: Մուհամմադի քարոզներն այստեղ պարարտ հող գտան և շուտով Մուհամմադը Մադինայում կազմակերպում է հավատացյալ մուսուլմանների առաջին համայնքը՝ ումման: Մուհամմադը դառնում է այդ համայքնի և Մադինայի ղեկավարը, իր ձեռք վերացնելով կառավարման քաղաքական, ռազմական, տնտեսական և կրոնական-հոգևոր բոլոր լծակները:

Մուհամմադի գործունեությունը Մադինայում հանդիսանում է մի առանձին փուլ իսլամի դրույթների հետագա մշակման և զարգացման, մասնավորապես, միաստվածության, իրավունքի, բարոյախոսության, ծիսակարգի, և ընդհանրապես իսլամի համակարգման բանագավառում:

Դրա հետ զուգահեռաբար, Մուհամմադը և նրա համախոհները շարունակում են պայքարը մեքքացիների դեմ, ձգտելով իրենց վերահսկողությունը հաստատել Հիջազի այդ ամենակարևոր կենտրոնի վրա, շատ լավ հասկանալով, որ հաղթանակը Մեքքայի նկատմամբ կարող է վճռորոշ նշանակություն ունենալ նորն կրոնի՝ իսլամի հետագա ճակատագրում:

624 թ. տեղի է ունենում Մուհամմադի կողմնակիցների և մեքքացիների առաջին ճակատամարտը Բադր վայրում, որն ավարտվում է Մուհամմադի զինված ջոկատների հաղթանակով: Հաջորդ տարի տեղի է ունենում երկրորդ ճակատամարտը Ուհուդում, որը, սակայն, ավարտվում է մուսուլմանների պարտությամբ: Բայց 627 թ. կայացած երրորդ ճակատամարտը, երբ մեքքացիների և նրանց դաշնակիցների տաս հազարանոց զորքը պաշարեց Մուհամմադի միջնաբերդը հանդիսացող Յասրիբը, կրկին ավարտվեց Մուհամմադի զորքերի հաղթանակով: Դա մեծապես բարձրացրեց Մուհամմադի հեղինակությունը, ուժեղացրեց հավատը նրա քարոզած գաղափարների նկատմամբ, մի կողմից, և թուլացրեց Օմայյաների դիրքերը Մեքքայում, մյուս կողմից: Այստեղ ևս ավելի ու ավելի շառ մարդիկ դառնում էին Մուհամմադի համախոհ և դավանակից: Իրադրությունն արմատապես փոխվեց հօգուտ Մուհամմադի:

Ստեղծված բարենպաստ պայմաններում, Մուհամմադը 630 թ., իր տաս հազարանոց զորքի գլուխն անցած, մտավ իր հայրենի Մեքքա քաղաքը:

Դա Մուհամմադի և մուսուլմանների կատարյալ հաղթանակն էր, որն ունեցավ համաշխարհային պատմական նշանակություն:

 

  1. Իսլամը և նրա հիմնական դոգմանները

Մերձավոր Արևելքը համաշխարհային կրոնների ձևավորման կարևոր բնօրրաններից մեկն է: Այստեղ են առաջացել, դեռևս մեր թվականությունից առաջ, հուդայականությունը և քրիստոնեությունը: 7-րդ դ., դարձյալ Մերձավոր Արևելքոըմ, հրապարակ իջավ իսլամը, մի նոր համաշխարհային կրոն, որը կապված է Մուհամմադի անվան հետ:

Իսլամ նշանակում է հնազանդություն: Նա պահանջում է մուսուլմաններից հնազանդություն նախ և առաջ Ալլահին, նոր կրոնի բոլոր դոգմաների անշեղ կատարում, ենթակայություն հոգևոր առաջնորդներին՝ իմամներին, աստվածաբան-ուլեմներին և այլն: Իսլամը դավանողները կոչվում են մուսուլմաններ:

Հայ իրականության մեջ, այդ թվում և միջնադարյան պատմագիտական գրականության մեջ, «իսլամի» փոխարեն շատ հաճախ օգտագործվում է «մահմեդականություն» եզրը՝ կապված նրա ստեղծողի՝ Մուհամմադի անվան հետ: Իսկ այդ կրոնի դավանողը կոչվում է «մահմեդական»: Այս ավանդույթը շարունակվում է ցայսօր: Կարծում ենք, որ երկու անվանումներն էլ հավասարապես կիրառելի են:

 

  1. Իսլամի հինգ գլխավոր հենասյուները

Իսլամը խարխսված է հինգ հենասյուների վրա, որոնք արտահայտում են իսլամի բուն էությունը և նպատակաուղղվածությունը:

Առաջին հիմնասյունը միաստվածության սկզբունքի հաստատումն է, որև ելակետային և անկյունաքարային է իսլամի ուսմունքի և համակարգի մեջ: Այդ սկզբունքն արտահայտված է «Լա Ալլահ իլլա Ալլահ վա Մուհամմադ ռասուլ ուլլահ» բանաձևի մեջ: Այդ բանաձևը սովորաբար թարգմանվում է «Չկա Աստված բացի Ալլահից, իսկ Մուհամմադը նրա առաքյալն է»: Դա հավատի հաստատումն է՝ շահադա, առ միաստվածություն: Դրանով վերջ էր տրվում տարբեր ցեղերի և տոհմերի բազմաթիվ կուռքերի և աստվածների պաշտամունքին, և հաստատվում էր Ալլահի պաշտամունքը իբրև միակ Աստված:

Բանաձևը միաժամանակ հաստատում է, որ միակ աստծո՝ Ալլահի վերջին առաքյալը Մուհամմադն է, որի միջոցով Ալլահը մարդկանց հասցնում է իր միակ ճշմարտացի խոսքը, որն ամփոփված է մուսուլմանների սուրբ գրքում՝ Կորանում:

Իսլամն ընդունում է, որ Մուհամմադից առաջ եղել են նաև այլ առաքյալներ, այդ թվում Մովսեսը, Հիսուսը և այլն, որոնք նույնպես մարդկանց բերել են աստծո խոսքը: Բայց, ըստ մուսուլմանական դոգմատիկայի, մարդիկ մեծ մեղք են գործում, մոռացության տալով այն ամենը, ինչ նրանց սովորեցրել են նախորդ մարգարեները: Ուստի և հայտնվել է վերջին մարգարեն՝ Մուհամմադը, որի առաքելությունն է մարդկանց վերջին անգամ նախազգուշացնելով, հնարավորություն տալ նրանց կանգնելու ճշմարիտ ուղու վրա և դրանով փրկվելու: Այլապես կգա աշխարհի վերջը և ահեղ Դատաստանի վերջին ժամը, և մարդիկ կստանան ըստ իրենց արարքների, արդարներին դրախտավայր՝ ջաննաթ, իսկ մեղավորներին՝ դժոխք՝ ջահնամ, այրվելու հավերժական կրակի վրա:

Իսլամը Ալլահին օժտել է ամենազոր, ամենակատարյալ, ամենաբարի, ամենաողորմած և այլ ամենաբարձր հատկանիշներով: Դա, իհարկե, նորություն չէ և հատուկ է բոլոր կրոններին, որոնք իրենց աստվածներին վերագրում են ամենաբարձր որակներ:

Իսլամն Ալլահին օծել է մի շարք ամենաբարձր մակդիրներով, «Ալլահու աքբար»՝ «Ալլահն ամենամեծն է», «Ալ-մուլք լի-լլահ»՝ «Թագավորությունն Ալլահինն է», նա է «Ռահմանի-ռ-ռահիմը»՝ «Գթառատը և գթասիրտը» և այլն: Իսլամական ավանդույթի համաձայն իսլամական բոլոր կարևոր փաստաթղթերը, տեքստերը, պաշտոնական զեկույցները սկսվում են «Բիսմի-լլահի-ռ-ռահմանի-ռ-ռահիմ»՝ «Հանուն գթառատ և գթասիրտ աստծո» բանաձևով: Բոլոր օրինապահ հավատացյալ մուսուլմանները պարտավոր են հետևել այս կարգին, որի խախտումը համարվոըմ է ծանր մեղք:

Երկրորդ հիմասյունը աղոթքն է՝ սալաթ: Իսլամը սահմանում է յուրաքանչյու օր աղոթել հինգ անգամ, արտոնելով աղոթքը կատարել տանը, աշխատատեղում, բացօթյա և մզկիթում: Մզկիթը՝ մասջիդ, և աղոթատեղի է, և կրոնական-պաշտամունքային կառույց: Այստեղ գտնվում են հոգևոր դպրողներ՝ մադրասաներ, անց են կացվում քննարկումներ կրոնական զանազան հարցերի շուրջը, լսում աղոթքներ, կարդում Կորան և այլն:

Շատ կարևոր է ուրբաթօրյա՝ յաում ալ-ջումա, աղոթքը, որն անպայման կատարվում է մզկիթում՝ գյուղական, ավանային և քաղաքային: Այդ օրը գլխավոր մզկիթում հավաքվում են տվյալ վայրի բոլոր մուսուլմանները և կատարում կոլեկտիվ աղոթք:

Ամեն մի մզկիթ ունի իր միհրաբը, որմնախորշը, որն ուղղված է դեպի մուսուլմանների գլխավոր սրբատեղին, Մեքքայի՝ Կաաբան: Հավատացյալներն աղոթում են դեմքով դեպի այդ որմնախորշը, այսինքն հայացքն ուղղելով դեպի Մեքքա: Աղոթքը կատարում է իմամը, առջևում կանգնածը, որը կարդում է Կորանից համապատասխան գլուխ և ղեկավարում ամբողջ աղոթքը: Աղոթքը կարդացող իմամը կոչվում է Իմամ խաթիբ: Նա սովորաբար կանգնում է միհրաբի կողքը, աշտարակը, որտեղից մուեզզինը օրը հինգ անգամ հավատացյալներին կանչում է, հրավիրում (ազան) աղոթքի:

Մզկիթի հատակը սովորաբար ծածկված է լինում խսիրով, իսկ ավելի հարուստները՝ թանկարժեք գորգերով: Մզկիթ մտնելուց առաջ բոլորը պարտադիր հանում են կոշիկները:

Մուսուլմանների կողմից ամենա հարգված, պաշտելի և հեղինակավոր մզկիթներն են ալ-Մասջիդալ-Ակսա (Հեռավոր մզկիթը) և Մասջիդաս-Սախրա (Գմբեթավոր մզկիթ) Երուսաղեմում, որը հայտնի է նաև Օմարի մզկիթ անվան ներքո, Մասջիդան-Նաբի, ալ-Մասջիդալ-Հարամ (Նվիրական մզկիթը) Մեքքայում և այլն: Այս վերջինը համարվում է մուսուլման հավատացյալների գլխավոր սրբավայրը:

Մասջիդ ալ-Հարամն ունի մեծ ուղղանկյուն բան, որի կենտրոնում գտնվում է Կաաբան: Դա մի խորանարդաձև կառույց է, որը դեռևս հեթանոս արաբների սրբատեղին էր: Մուհամմադ մարգարեն այն դրաձրեղ մուսուլմանների գլխավոր սրբատեղին, հրամայելով ոչնչացնել Կաաբային շուրջ-բոլորը դասավորված հեթանոսական արաբների բոլոր կուռք-աստվածների արձանները:

Կաաբայի հարավ-արևմտյան մասում տեղադրված է «Սև քարը», որն ըստ մուսուլմանական հավատալիքների Ալլահն ուղարկել էր երկնքից՝ ի նշան իր զորության և բարեհաճության:

Կաաբան կատարում է նաև կիբլայի՝ կողմնորոշման դեր: Սկզբում մուսուլմանները աղոթքի ժամանակ իրենց դեմքն ուղղում էին արևելք՝ Երուսաղեմ, այսինքն կիբլայի դերը կատարում էր Երուսաղեմը: Սակայն հիջրայի երկրորդ տարում, 624 թ., մարգարեն որպես կիբլա ընտրեց Կաաբան, Մեքքան: Եվ բոլոր մզկիթներում որմնախորշները Մեքքահայաց են: Այդ օրվանից մինչև այսօր մուսուլմաններն իրենց աղոթքը կատարում են հայացքն ուղղելով դեպի Մեքքայի Կաաբան:

Իսլամի երրորդ հիմնասյունը սաումն է կամ ուրազան՝ ծոմը; Ծոմապահությունը պարտադիր է բոլոր օրինապահ մուսուլմանների համար, որի ընթացքում նրանք պետք է ձեռնապահ մնան սնունդ և հեղուկ ընդունելուց, զվարճալիքներից, ընթերցեն Կորան, աղոթեն, մտորեն Ալլահի և նրա ամենամեծը լինելու մասին և այլն: Ծոմապահության շարքում գլխավորը ռամադան ամսի ծոմն է, որը տևում է մեկ ամիս և պրատադիր է բոլորի համար, բայց հիվանդներից և ճանապարհորդներից: Սովորաբար ռամադան ամսվա ծոմն ավարտվում է թաթախման տոնով՝ իդ ալ-ֆիտր:

Հարկ է նշել, որ ծոմապահության արգելքների կողքին կամ նաև մի շարք այլ արգելքներ, որոնք պարտադիր են տարվա բոլոր օրերին: Իսլամն արգելում է գործածել ալկոհոլային խմիչքներ և խոզի միս, մոլեխաղեր, ինչպես նաև վաշխառությունը՝ ռիբա և այլն: Որոշ երկրներում կան իսլամի պահանջների կատարմանը հսկող զանազնա մարմիններ:

Իսլամի չորրորդ հիմնասյունը հաջն է՝ ուխտագնացությունը Մեքքա: Դա սովորաբար կատարվում է զուլ-լ-հիջջա ամսին: Հաջը պարտադիր վիճակն ընձեռում է այդ հնարավորությունը: Ուխտագնացը հասնելով Մեքքա, հագնում է հատուկ սպիտակ զգեստ՝ իհրամ, կտարում է ծիսային լվացում, յոթ անգամ պտտվում Կաաբայի շուրջը, համբուրում «Սևքարը» ևջուրխմումԶամզամսուրբաղբյուրից: Դրան հաջորդում է ուխտագնացության հաջորդ կարևոր փուլը: Ուխտագնացները հանդիսավորությամբ աղոթք են անում Մեքքայի մերձակա հովիտներում և բլուրներում: Դրանով նրանք հարգանքի տուրք են մատուցում նախահայր Իբրահիմ-Աբրահամին, որն ըստ ավանդության եղել է այդ վայրերում:

Մեքքա ուխտագնացություն կատարողին կոչում են Հաջի, որը հարգալից կոչում է:

Հաջը կամ ուխտագնացությունը նույնպես ավարտվում է տոնակատարությամբ, որը կոչվում է իդալ-ադհակամ կուրբան-բայրամ: Դա մուսուլմանական ամենամեծ տոնն է: Այդ օրը ողջ մուսլմանական աշխարհում կատարվում է զոհաբերություն, մարդիկ չեն աշխատում և վայելում են Ալլահի տված բարիքները, փառաբանելով նրան և նրա զորությունը:

Վերջապես, իսլամի հինգերորդ հիմնասյունը զաքաթն է: Դա յուրահատուկ մի հարկ է, որը գանձվում է գլխավորապես հարուստների և ունևորների գույքից և եկամուտներից, և հատկացվում իսլամական ումմայի՝ համայնքի կարիքների բավարարման համար: Այդ եկամուտները նախատեսված են ումմայի աղքատների և սակավ ունևորների համար: Այդ հիման վրա զաքաթը մուսուլմանական աստվածաբանությունը փորձում է ներկայացնել իսլամական ումմայի շրջանականերում սոցիալական և նյութական հավասարություն հաստատման միջոց և շատ հաճախ հակադրում անհավասարության վերացման կապիտալիստական և սոցիալիստական տեսություններին:

Միաժամանակ, իսլամը յուրաքանչյուր օրինապահ մուսուլմանի հորդորում է իր համահավատացյալին տալ սադակա, կամավոր զոհաբերություն և ողորմություն:

Չնայած բարի նպատակներին, սակայն, ոչ զաքաթը, և ոչ էլ սադական, ի վիճակի չեն վերացնել սոցիալական անհավասարությունը: Սոցիալական բևեռացումը գույքային-ֆինանսական անհավասարությունը, աղքատությունը և թշվառությունը բնորոշեն իսլամական հասարակությանն այնպես, ինչպես մարդկությանը հայտնի բոլոր հասարակություններին:

 

  1. Մուսուլմանների Սուրբ գիրքը-Կորանը

«Ալ-Կորան ալ-Քարիմ»

Կորանը մուսուլմանների սուրբ գիրքն է և հավատի աղբյուրը, որն արաբներն անվանում են «Ալ-Կորան ալ-Քարիմ» (արաբերենում «քարիմ» բառն ունի մի քանի նշանակություն՝ առատաձեռն, ողորմած, ազնի, մեծահոգի և այլն): «Կորան» նշանակում է «այն, ինչը կարդում են, արտասանում են»: Իսլամագետները այդ դարձվածքը մեկնում են որպես «այն, ինչ որ ասվել է Մուհամմադին և ինչ որ նա կրկնել է», այսինքն Կորանն ամբողջությամբ աստվածային հայտնություն է, իրագործված նաբի՝ մարգարե Մուհամմադի միջոցով:

Կորանում արձանագրված են պաշտամունքի, էթիկայի, իրավունքի, տնտեսության, անձնական կյանքի, ումմայի, աշխարհի արարչի, մարգարեների, հանդերձյալ կյանքի, մեղքերի  պատժելիության, անհավատների և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ իսլամի հիմնարար դրույթները, կանոնները և պահանջները: Նա նույն դերն է կատարում մուսուլմանների կյանքում, ինչ որ Թորան հրեաների և Աստվածաշունչը, Հին ու Նոր Կտակարանները, քրիստոնյաների կյանքում:

Կորանում շատ մեծ տեղ է հատկացված մուսուլմանների անհատական կյանքի կարգավորման խնդիրներին, ինչպես ամուսնությանը, ապահարզանին, գույքի տնօրինմանը և բաժանմանը, ժառանգությանը և այլն: Այդ պատճառով էլ իսլամը համարվում է ոչ միայն կրոն, այլև ապրելաձև: Դրանում է իսլամի կենսունակության աղբյուրներից մեկը:

(Ն. Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s