Արեշև. Ուորլիքի հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Կովկասում ձգտում է մրցակցել ՌԴ հետ


Image

«Ամերիկացի դիվանագետների հայտարարությունները հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ բավականին թեժ քննարկումների առիթ դարձան: Բայց, իմ կարծիքով, դրանք հարկավոր է դիտարկել ոչ թե տարածաշրջանային, այլ ավելի լայն կոնտեքստում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին հայտնի ելույթը:

Քաղաքագետի խոսքով, ընդհանուր առմամբ Ուորլիքը որևէ նոր բան չի ասել, պարզապես կրկին շարադրել է Մադրիդյան սկզբունքները` ակտուալացնելով դրա այն դրույթները, որոնք բարենպաստ չեն հայկական կողմերի համար:

«Այս իմաստով ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը փորձում է «քողարկել» հանրաքվեի հարցը` որպես հակամարտության վերջնական կարգավորման հիմնարար մեխանիզմ: Հայտնի է, որ Մադրիդյան սկզբունքներն առաջարկվել են ՄԽ երեք համանախագահների կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունների, այսպես կոչված «restart»-ի ժամանակահատվածում, երբ հույսեր կային համատեղ ջանքերով արդյունավետ ազդել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Սակայն նույնիսկ այն ժամանակ դժվար էր վստահաբար ասել, որ ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն համաձայնեցված են մոտենում հարցին»,- նշեց Անդրեյ Արեշևը: 

ԱՄՆ-ն, շարունակեց նա, ամենևին էլ հետաքրքրված չէր ռուսական դիվանագիտության միջնորդության հաջողության մեջ, ինչն էլ ակնհայտ երևաց ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպման նախապատրաստման փուլում: 

Իսկ վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, մատնանշեց քաղաքագետը, զգալիորեն վատթարացել են Ուկրաինայում և Ղրիմում ծավալվող իրադարձությունների պատճառով, որոնք ամերիկյան կողմի համար դարձել են աշխարհաքաղաքական և ռազմական փորձարկումների դաշտ, իսկ տարածաշրջանում հանգեցրել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի:

«Որոշ արտաքին ուժեր սեփական սխալների ու պարտությունների համար Ռուսաստանին պատժելու իրենց ցանկության մեջ, բնականաբար, կփորձեն գործարկել առկա լծակները, այդ թվում և Կովկասում: Բացի սահմանային ահաբեկչական գործողություններից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը, անշուշտ, հանդիսանում է այդ լծակներից մեկը, քանի որ անկասկած ռուսական դիվանագիտության համար բարդ լուծելի խնդիրներ առաջ կքաշի, կշեղի կազմակերպչական և այլ ռեսուրսները ուրիշ ոչ պակաս կարևոր խնդիրներից, ինչպես նաև կծնի միջէթնիկական լարվածության ռիսկեր երկրի ներսում. խոսքս մասնավորապես Հյուսիսային Կովկասի մասին է»,- տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետը: 

Մինչդեռ, ավելացրեց նա, հիշեցնել կողմերին Մադրիդյան սկզբունքների և դրանում առկա որոշ էլեմենտների շուրջ անհամաձայնության չգալու մասին, ինչը կողմերին առանց այդ էլ քաջ հայտնի է, մեղմ ասած կառուցողական բնույթ չի կրում: 

Ավելի շուտ, ըստ Արեշևի, համանախագահ Ուորլիքի հայտարարությունները նպատակ ունեն հիշեցնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ հատուկ դերակատարման մասին և Կովկասում իրենց շահերի ավելի լայն շրջանակի մասին: 

«Կարծում եմ, այս բոլոր ճիգերը իրենց տակ իրական հիմքեր չունեն զուտ այն պատճառով, որ դժվար է գտնել հակամարտություն, որը արդյունավետ կարգավորում է ստացել ամերիկյան դիվանագիտության ջանքերի շնորհիվ: Հիշենք թեկուզ պաղեստինա-իսրայելական հարցը: Միևնույն ժամանակ պարոն Ուորլիքի հայտարարությունները ստիպում են մտածել Ռուսաստանի կողմից գործադրվելիք նոր քաղաքական-դիվանագիտական ջանքերի մասին, որոնք միտված կլինեն տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանմանն ու հակամարտության հեռանկարային կարգավորմանը` կոմպրոմիսի և ձևավորվելիք նոր միջազգային իրավական իրողությունների հիման վրա» ,- հավելեց քաղաքագետը:

Աղբյուր` Panorama.am

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s