Շվեդական քաղաքականությունը 20-րդ դարում

STIG HADENIUS

Մի շարք եզրահանգումներ. Տիպիկ շվեդական

            Պառլամենտարիզմն ու ժողովրդավարությունը Շվեդիայում հաստատեցին բավականին ուշ՝ 1920 թ. նախօրեին: Դա դանդաղ և համեմատաբար հանգիստ գործընթացի արդյունք էր, որը կարելի է անվանել տիպիկ շվեդական: Ի տարբերություն Նորվեգիայի, Շվեդիայում, Դանիայի նման, գոյություն ուներ հասարակության հզոր ու ազդեցիկ վերանախավ, որը բաղկացած էր խոշոր հողատերերից, ձեռներեցներից և բարձրաստիճան պաշտոնյաններից: Այս խմբերի ներկայացուցիչները գերիշխում էին Րիկստագի(Ազգային ժողով) առաջին պալատում և իրենցից ներկայացնում էին խոշոր կարգավորող ուժ:

Ո՛չ 1865 թ. բարեփոխումը, որը չեղյալ հայտարարեց քառադաս Րիկստագի սկզբունքը, ո՛չ էլ 1920-ական թթ. Նախօրեին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխուները չհանգեցրին որևէ լուրջ փոփոխության շվեդական քաղաքականության մեջ: Առաջինն ուղեկցվում էր տարաբնույթ սահմանափակումների այնպիսի քանակով, որ անհրաժեշտ եղավ մի քանի տասնամյակ, մինչև Շվեդիայում ձևավորվեցին ժամանակակից քաղաքական կուսակցությունները և պառլամենտական գործող համակարգը: Դարասկզբին անցկացված ընտրական բարեփոխումը նույնպես չունեցավ որևէ անմիջական արմատական ազդեցություն: Ձայնի իրավունք ստացածներից շատերի մտքով անգամ չանցավ օգտագործել այն: Հիմնարար նպատակներին՝ կառավարման պառլամենտական համակարգին և համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքին հասնելուց հետո երկրում տիրում էր քաղաքական անվճռականության մթնոլորտ: 20-րդ դ. Շվեդական պատմությունը տարբերվում էր այլ երկրների պատմությունից իր հարաբերական հանգստությամբ և տեղի ունեցող փոփոխությունների դանդաղընթաց բնույթով: Պատճառներից մեկը , անշուշտ, այն էր, որ Շվեդիան խուսափել էր պատերազմներից և ուներ էթնիկական ու կրոնական միասեռություն: Քաղաքականության, կրոնի մեջ և այլ բնագավառներում ծայրահեղականությունն այստեղ երբեք հարգանք չէր վայելում:

Պահպանողական շրջանների առաջատար ներկայացուցիչները ցանկունում էին լուծարել շվեդանորվեգական ունիան և անցնել ընտրական իրավունքի բարեփոխում 1907-1909թթ.: 1930-ականների շրջանում անցկացվող բուռն քարոզարշավները, երբ պահպանողականները մեղադրում էին սոցիալ-դեմոկրատներին «սոցիալիստական կարգեր» հաստատելու ցանկության մեջ, ավելի շուտ բացառություններ էին:

Ձախ թևում նույնպես համանման իրավիճակ էր: Այնտեղ կային հեղափոխականորեն տրամադրված արմատական տարրեր, որոնք մեծ աղմուկ էին բարձրացնում, բայց երբեք լուրջ ազդեցություն չէին ունենում: Սոցիալ-դեմոկրատների առաջին նախագահ Յալմար Բրանտինգը 1917 թ. լիբերալների հետ համաձայնեց մտնել կառավարական կոալիցիայի մեջ: Իսկ 1933 թ. նրան հաջորդող  Պեր Ալբին Հանսսոնը սերտ համագործակցություն սկսեց Գյուղացիական միության հետ, որը նախկինում խիստ պահպանողական հայացքներ ունեցող կուսակցություն էր:

1930-ականթթ. Ընթացքում քաղաքական զարգացումն արտացոլում էր տնտեսական և սոցիալական փոփոխությունները: Հասարակության տրամադրությունները խիստ լավատեսական էին հատկապես տնտեսության զարգացման և բարեփոխումների նկատմամբ: Քաղաքաներում հին կենտրոնները քայքայվում էին, և կառուցվում էին նոր բնակելի թաղամասեր:

Շվեդիայում հիմք էր դրվել համընդհանուր բարեկեցության պետության՝ իր ուժեղ արհմիություններով և գործատուների կազմակերպություններով, ինչպես նաև ընդարձակվող հասարակական սեկտորով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկիրը չեզոքություն պահպանեց և ետպատերազմական տարիներին կարողացավ ապահովել բնակչության պահանջարկը՝ շնորհիվ այն բանի, որ երկրի արդյունաբերույթունը չէր տուժել: Ավելի քան երկու տասնամյակների ընթացքում Շվեդիան գտնվում էր տնտեսական վերելքի վիճակում, որի շնորհիվ էլ հնարավոր եղավ անցկացնել մի շարք քաղաքական բարեփոխումներ և ընդլայնել սոցիալական ապահովության համակարգը: Այդ բարեփոխումներից ոչ մեկը, առանձին վերցրած, չի կարելի իր բնույթավ բացառապես շվեդական համարել, բայց ամբողջության մեջ դրանք բնութագրում էին որպես «տիպիկ շվեդական»: Ըդհանուր առմամբ կարելի է ասել, որ դրանց նպատակն էր խնդիրներ լուծել կենտրոնացված որոշումների միջոցով: Ընդունված է համարել, որ շվեդական կառավարաման կենտրոնացված համակարգը իր արմատներով կապված է 16-17-րդ դդ. Հետ, երբ վարչական բարեփոխումները տեղական իշխանությունների համար հնարավորություններ էին ստեղծում երկիրը ղեկավարել մայրաքաղաքից՝ Ստոկհոլմից: Սակայն գոյություն ունեին ուժեղ հակակշիռներ կենտրոնին՝ քաղաքային և ծխական ժողովները: Րիկստագը, որը բաղկացած էր երկրի տարբեր հատվածների ներիկայացուցիչներից, նույնպես կարելի է դիտարկել որպես «ապակենտրոնացնող» գործոն: Նրա անդամներից յուրաքանչյուրը պաշպանում էր իր տարածաշրջանի շահերը: Ժողովրդական տարբեր շարժումները, որոնք սկսել էին ծագել 14-20-րդ դարի սկբներին, որպես կանոն, հենվում էին տեղական ուժեղ կազմակերպությունների վրա: Ինչ վերաբերվում է զանգվածային լրատվության միջոցներին, ապա այն ժամանակ չկար համազգային մամուլ, սակայն տեղական և շրջանային պարբերականները ամուր դիրքեր ունեին:

1920-ական թթ. և դրան հաջորդող տասնամյակներին Շվեդիան գնալով դառնում էր ավելի կենտրոնացված: Դա նշանակում էր, որ էլ ավելի մեծ թվով որոշումներ էին կայացվում պետական մակարդակով: Իշխանությունը գնալով ավելի էր կենտրոնանում կառավարության և Րիկստագի ձեռքին, իսկ պետական բյուջեն տարեցտարի աճում էր: Պետական կենտրոնական մարմինների դիրքերն ամրապնդվում էին: Նույնը վերաբերվում էր արհմիություններին, գործատուների կազմակերպություններին և աշխատանքի սեկտորին: Շվեդիան դարձավ մեծ, կենտրոնի կողմից ղեկավարվող միավորումներ ունեցող երկիր: Ողջ երկրում գործում էին նույն օրենքներն ու սկզբունքները: Լրատվության ոլորտում ստեղծվեցին համազգային ռադիոյի և հեռուստատեսության ծրագրեր, ինչպես նաև երեկոյան լրագրեր:

Իշխանության կենտրոնական համակարգի զարգացման գործում որոշիչ դեր խաղացին պետական կարգավորման տարբեր ձևեր, որոնք անհրաժեշտ էին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկուսացման ժամանակաշրջանի պայմաններում: Օրինակ, կենտրոնացված ձևով վճռվում էր, թե մարդիկ որքան կարող են խմել և ուտել: Այն ժամանակ ընդունված որոշ կանոններ և սկզբունքներ դադարեցին գործել քարտային համակարգի վերացմանը զուգընթաց, սակայն պետական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների իշխանությունը շարունակվում էր ամրապնդվել: Սա բուրժուական ընդդիմությանը հիմք էր տալիս խոսելու «բյուրոկրատական Շվեդիայի» մասին, մի արտահայտություն, որ հաճախ էր հնչում ետպատերազմական շրջանի քաղաքական բանավեճերում:

1970-ական թթ. Ուրբանիզացիան և կենտրոնացումը բողոքի ուժեղ ալիք բարձրացրին: Այդ բողոքն իր առաջին քաղաքական դրսևորումը գտավ Կենտրոնի կուսակցության շնորհիվ, որը քննադատում էր այսպես կոչված «ուղեբեռով մեքենայի քաղաքականությունը»՝ նկատի ունենալով աշխատանքի շուկայի շարժունակությունը: «Կանաչ ալիքը», որի վրա կուսակցությունը իշխանության եկավ, փաստորեն բողոք էր ընդդեմ կենտրոնացված համակարգի, որը գերիշխում էր քաղաքականության մեջ տասնամյակներ շարունակ:

Միաժամանակ Շվեդիան ընտելացել էր աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը լինելու իր դիրքին. դա մի պետություն էր, որը հայտնի էր սոցիալական ապահովության իր առաջադիմական համակարգով և իրավահավասարության ոլորտում իր նվաճումներով: Քաղաքացիների պահանջները պետական և տեղական իշխանությունների նկատմամբ շարունակ աճում էին: Շվեդները դպրոցական նստարանից սովոր էին պետության հոգածությանը: Բայց Կառավարական գանձարանը դատարկվում էր և չէր բավարարում բոլոր կարիքները: Թեպետ արդյունաբերությունն ու արտահանումը լավ արդյունքների էին հասել, տնտեսական աճը այնպիսին չէր, ինչպես առաջ: Ուրիշ երկրներ, այդ թվում և երրորդ աշխարհի երկրները, ավելի մրցունակ էին դառնում համաշխարհային շուկայում:

Սկսած 1970-ականների կեսերից, հատկապես 1990-ական թթ., Շվեդիան հաճախ անվանում էին ճգնաժամային երկիր: Դա ճիշտ բնորոշում էր, եթե նկատի ունենք, որ Շվեդիան ստիպված էր պարտք վերցնել արտասահմանից, որպեսզի ապահովեր այն կենսամակարդակը, որին վարժված էին իր քաղաքացիները: Եվ այնուհանդերձ, պետք է ասել, որ շատ ուրիշ երկրների համեմատ՝ Շվեդիան մշտապես ապահովում է բարձր կենսամակարդակ իր քաղաքացիների համար և առաջվա նման համապատասխանում է «ժողովրդական տան» և համընդհանուր բարեկեցության երկրի շատ սկզբունքների:

Հետաքրքրական է, սակայն, որ վերջին երկու տասնամյակներին շվեդական քաղաքական համակարգը չկարողացավ հաջողությամբ հաղթահարել գոյություն ունեցող հիմնախնդիրները: Հայացքների և գնահատականների տարբերությունները քաղաքական բանավեճերի ընթացքում հաճախ ուռճացվում էին: Երկու խոշորագույն կուսակցությունները՝ սոցիալ դեմոկրատական և չափավոր կոալիցիոնը, չէին ձգտում համագործակցության, ընդհակառակը, մեկը մյուսին ներկայացնում էին որպես մեծագույն վտանգ: Տնտեսական և սոցիալական բոլոր դժվարությունների համար մեղադրում էին քաղաքական հակառակորդին: Իհարկե, եղել են նաև երկու թևերի համագործակցության օրինակներ, բայց դրանց չափերը խիստ սահմանափակ էին:

Հատված՝ Ստիգ Հադենիուս «Շվեդական քաղաքականությունը 20-րդ դարում

 (կոնֆլիկտներ և համաձայնություն)» գրքից

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s