Երկրացիները -Ռեյ Բրեդբերի

Երկրացիները -Ռեյ Բրեդբերի

Այ թե պոկ չի գալիս, բախում է ու բախում։ Տիկին Թթթ-ն բարկացած բացեց դուռը։

— Դե՞, ի՞նչ կա։

— Դուք անգլերենն եք խոսում,— մուտքի մոտ կանգնածը անակնկալից սառեց։

— Խոսում եմ, ինչպես կարողանում եմ։

— Մաքուր անգլերեն է։

Մարդը ինչ-որ համազգեստ էր հագել։ Նրա ետևում կանգնած էին էլի երեք հոգի։ Բոլորն էլ նկատելիորեն հուզված էին, դեմքները փայլում էին։

— Ի՞նչ եք ուզում,— կտրուկ հարցրեց միսիս Թթթ-ն։

— Դուք մարսեցի եք,— մարդը ժպտաց։— Այդ բառը ձեզ իհարկե անծանոթ է, այդպես են ասում մեզ մոտ, Երկրում։

Նա ցույց տվեց ուղեկիցներին։

— Մենք Երկրից ենք։ Ես նավապետ Ուիլյամսն եմ։ Ընդամենը մի ժամ առաջ ենք վայրէջք կատարել Մարսի վրա։ Երկրորդ արշավախումբն ենք։ Մեզնից առաջ առաջինն է ժամանել, բայց նրանց ճակատագիրը մեզ անհայտ է։ Համենայն դեպս մենք եկել ենք։ Եվ դուք առաջին մարսեցին եք, որին տեսնում ենք։

— Մարսեցի՞,— նրա հոնքերը վեր թռան։

— Ուզում եմ ասել, որ դուք ապրում եք Արեգակից հաշված չորրորդ մոլորակի վրա։ Այդպե՞ս է…

— Տարրական ճշմարտություն է,— փնչացրեց կինը, ոտքից գլուխ նրանց չափելով։

— Իսկ մենք,— Նա ձեռքով խփեց կրծքին,— Երկրից ենք։ Ճի՞շտ է, տղաներ։

— Այդպես է, հրամանատար,— ձայնեց խումբը։

— Սա Թիր մոլորակն է,— ասաց կինը,— եթե ուզում եք ստույգ անունն իմանալ։

— Թիր, Թիր,— հրամանատարը հոգնած ծիծաղեց,— հիանալի անուն է։ Բայց ասացեք, ով բարի կին, ինչպե՞ս է, որ դուք այդպես հրաշալի անգլերեն եք խոսում։

— Ես չեմ խոսում,— ասաց կինը,— ես մտածում եմ, հեռազգացություն է։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում։

Եվ նա շրխկացրեց դուռը։

Մի վայրկյան անց այդ սարսափելի մարդը նորից ծեծեց դուռը։ Կինը սրտնեղած բացեց։

— Ուրիշ ի՞նչ եք կամենում,— հարցրեց նա։

Տղամարդը կանգնած էր նույն տեղում, ժպտում էր, բայց շփոթահար էր, դեմքին չկար առաջվա վստահությունը։ Նա ձեռքը պարզեց կնոջը։

— Ինձ թվում է դուք ամեն ինչ չէ, որ հասկացաք…

— Ի՞նչ,— ընդհատեց նա։

Տղամարդու աչքերը զարմանքից կլորացան։

— Մենք թռել եկել ենք Երկրից։

— Ես ժամանակ չունեմ,— ասաց նա,— հազար ու մի գործ կա՝ եփ ու թափ, մաքրել, կար ու էլի չգիտեմ ինչ։ Ձեզ երևի հարկավոր է միստր Թթթ-ն։ Նա վերևում է, իր աշխատասենյակում։

— Այո, այո,— ասաց երկրացին՝ աչքերը թարթելով։— Աստծո սիրուն, կանչեք միստր Թթթ-ին։

— Նա զբաղված է,— կինը նորից շրխկացրեց դառը։

Այս անգամ թակոցն արդեն բոլորովին անհարկի էր։

— Գիտե՞ք ինչ,— դուռը բացվելուն պես գոռաց մարդը։ Նա իսկույն միջանցք խցկվեց, կարծես ուզում էր նպատակին հասնել հանկարծակիի բերելով,— հյուրերին այդպես չեն ընդունում։

— Իմ մաքուր հատա՜կը,— ճչաց կինը։— Այս ի՜նչ կեղտ է։ Դո՜ւրս կորեք, շուտ։ Իսկ եթե ուզում եք ներս մտնել, բարի եղեք նախ մաքրել ձեր ոտքերը։

Մարդը շփոթված նայեց իր կեղտոտ կոշիկներին։

— Հիմա մանրուքների ետևից ընկնելու ժամանակը չէ,— ասաց նա,— այսպիսի իրադարձությունը հարկավոր է նշել։

Նա սևեռուն նայեց կնոջը, կարծես հայացքով ստիպելու էր նրան ըմբռնել, թե ինչ են ուզում։

— Եթե իմ բյուրեղապակե կարկանդակները չորացել են ջեռոցում, ես ձեզ փայտով կքշեմ։

Եվ նա շտապեց փոքրիկ, տաքությունից ճարճատող վառարանի մոտ։ Վերադարձավ կարմրած ու քրտնաթոր։ Վառ դեղին աչքեր, թուխ մաշկ, նիհարիկ ու արագաշարժ՝ միջատի պես… կտրուկ, մետաղահնչյուն ձայն։

— Սպասեք այստեղ։ Գնամ տեսնեմ, գուցե և թույլ տամ մի րոպեով անցնեք միստր Թթթ-ի մոտ։ Դուք ի՞նչ գործով եք եկել։

Մարդը գունատվեց ու հայհոյեց, ասես մուրճով հարվածել էին մատներին։

— Ասեք, որ Երկրից ենք եկել, որ առաջին անգամ…

— Ի՞նչը՝ առաջին անգամ,— Նա վեր պարզեց թուխ ձեռքը։— Լավ, դա կարևոր չէ։ Ես հիմա կգամ։

Նրա հեռացող քայլերի ձայնը լսվեց քարե տան միջանցքներում։

Իսկ դրսում անհավանական կապույտ ու տոթակեզ մարսյան անշարժ երկինքն էր փռված, ինչպես երկնագույն տաք ծով։ Մարսյան անապատի վրա, որ ասես հսկայական եռացող կաթսա լիներ, ալիքվում էր տաք մշուշը։ Փոքրինչ հեռու, բլրի գագաթին, թեք կանգնած էր մի փոքրիկ տիեզերանավ։ Նրանից մինչև քարե տան դուռը ոտնահետքեր էին ձգվում։

Երկրորդ հարկից բորբոքված ձայներ էին լսվում։ Դռան մոտ մարդիկ նայում էին միմյանց, մի ոտքից մյուսին էին հենվում, ուղղում էին գոտիները։ Վերևում տղամարդը ինչ-որ բան էր փնթփնթում։ Կանացի ձայնը պատասխանում էր։ Քառորդ ժամ անց երկրացիները անգործությունից սկսեցին խոհանոցում ետ ու առաջ անել։

— Ծխե՞Նք,— առաջարկեց նրանցից մեկը։

Մյուսը ծխախոտ հանեց, սկսեցին ծխել։ Նրանք ներս էին քաշում ծխի ճերմակավուն քուլաները, կարգի էին բերում համազգեստները, շտկում օձիքները։ Վերևում ձայները շարունակում էին աղմկել։ Հրամանատարը նայեց ժամացույցին։

— Քսանհինգ րոպե անցավ,— ասաց նա,— ի՞նչ են անում այնտեղ։

Նա մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց։

— Շոգ օր է,— ասաց տիեզերագնացներից մեկը։

— Այո,— ետմիջօրեի տապից թուլացած՝ ծուլորեն նկատեց մյուսը։

Վերևում ձայների աղմուկին հաջորդեց խուլ քրթմնջոց, հետո լռություն տիրեց։ Ամբողջ տանը՝ ոչ մի շշուկ։ Ամեն մարդ լսում էր սեփական շնչառությունը։

Մի ամբողջ ժամ լուռ մնացին։

— Մեր պատճառով որևէ դժբախտություն պատահած չլինի՞,— ասաց հրամանատարը, մոտեցավ հյուրասենյակի դռանը և ներս նայեց։

Սենյակի կենտրոնում կանգնած՝ միսիս Թթթ-ն ծաղիկներն էր ջրում։

— Ես էլ մտածում էի՝ ի՞նչ եմ մոռացել,— ասաց նա նկատելով հրամանատարին։

Կինը մտավ խոհանոց։

— Ներեցեք,— մի թղթի կտոր մեկնեց,— միստր Թթթ-ն չափազանց զբաղված է։— Նա նորից անցավ իր ամանեղենին։— Բացի այդ, ձեզ ոչ թե նա է հարկավոր, այլ միստր Աաա-ն։ Վերցրեք այս երկտողը և գնացեք հարևան դաստակերտը, կապույտ ջրանցքի ափին է։ Այնտեղ միստր Աաա-ն կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցերին։

— Մենք ոչինչ էլ չենք ուզում հարցնել,- առարկեց հրամանատարը, շուրթերը կախ գցելով,— մենք գիտենք՝ ինչ պետք է։

— Երկտողը տվեցի, էլ ի՞նչ եք ուզում,- զայրացած բացականչեց նա։

Այլևս ոչնչի հույս չկար։

— Լավ,— ասաց հրամանատարը։ Սակայն նա չէր ուզում գնալ, կանգնել այնպես էր նայում կնոջը, ինչպես երեխան մերկ տոնածառին։— Լավ,— կրկնեց նա,— գնացինք, տղերք։

Չորս տղամարդն էլ դուրս եկան ու քայլեցին տոթ, անշշուկ ամառային օրվա միջով։

Կես ժամ անց միստր Աաա-ն, որը նստած էր իր գրադարանում և մետաղյա բաժակից էլեկտրական բոց էր խմում, սալարկված շավղից ոտնաձայներ լսեց։ Նա գլուխը հանեց պատուհանից և հայացքը սևեռեց չորս միանման համազգեստով մարդկանց, որոնք աչքերը կկոցած նրան էին նայում։

— Դուք միստր Աաա՞-ն եք,— հարցրին նրանք;

— Ես եմ։

— Մեզ ձեզ մոտ է ուղարկել միստր Թթթ-ն,— գոչեց հրամանատարը։

— Ինչո՞ւ,— հետաքրքրվեց միստր Աաա-ն։

— Ինքն զբաղված էր։

— Դե գիտե՞ք ինչ, խայտառակության է,— արհամարհանքով ասաց նա,— հո չեք կարծում, թե ես բան ու գործս թողած պիտի զվարճացնեմ այն մարդկանց, որոնցով զբաղվելու ժամանակ չունի նա։

— Հիմա դա չէ էականը, սըր,— գոչեց հրամանատարը։

— Ինձ համար էականը դա է։ Կարդալու այնքան գրիք է կուտակվել։ Միստր Թթթ-ն ոչ ոքի հետ հաշվի չի նստում։ Աոաջին անգամ չէ, որ նա այդպիսի անպատասխանատվության է ցուցաբերում իմ հանդեպ։ Խնդրում եմ ձեր ձեռքերը չթափահարեք, սըր, թույլ տվեք խոսքս ավարտեմ։ Դուք պետք է առավել ուշադիր լինեք։ Ես սովոր եմ, որ մարդիկ լսեն, թե ինչ եմ ասում։ Եվ նեղություն կրեք հարգանքով լսելու, թե չէ ընդհանրապես չեմ խոսի ձեզ հետ։

Չորսով շփոթված, բերանները բաց դոփդոփում էին ներքևում։ Հրամանատարի ճակատի երակները ուռել էին, աչքերում արցունքներ երևացին։

— Ուրեմն, ի՞նչ եք կարծում,— բարբառեց միստր Աաա-ն,— միստր Թթթ-ն ճի՞շտ է վարվել։

Քառյակը զարմանքով նրան էր նայում տոթակեզ օրվա միջով։ Հրամանատարը չդիմացավ։

— Մենք Երկրից ենք եկել։

— Իմ կարծիքով նա իրեն ջենտլմենի նման չի պահել,— փնթփնթաց միստր Աաա-ն։

— Մենք ա՜յ, այն տիեզերանավով ենք եկել։

— Եվ աոաջին անգամ չէ, որ նա այդպիսի անխոհեմության է թույլ տալիս։

— Հասկանո՞ւմ եք։ Երկրից ենք։

— Նա դեռ կտեսնի, ես կզանգահարեմ ու կհայտնեմ վրդովմունքս, այո, այո։

— Մենք՝ բոլորս, ես և այս երեքը իմ նավի՝ անձնակազմն ենք։

— Ես հենց հիմա կզանգեմ;

— Երկիր։ Տիեզերանավ։ Մարդիկ։ Թռիչք։ Տիեզերք։

— Կզանգեմ ու մի լավ կշշպռեմ,— գոչեց միստր Ասա-ն ու անհետացավ պաաուհանի առջևից, ինչպես տիկնիկային թատրոնի տիկնիկ։

Լսվում էր, թե ինչպես ինչ-որ անտեսանելի ապարատով թունդ վիճում էին։ Հրամանատարն ու անձնակազմը բակում կանգնած տխուր նայում էին հեռու սարալանջին կանգնած տիեզերանավին՝ նուրբ, սլացիկ ու հարազատ։

Միստր Աաա-ն պատուհանից գլուխը հաղթականորեն դուրս հանեց։

— Ես նրան մենամարտի կանչեցի, պատվովս եմ երդվում, լսո՞ւմ եք, մենամարտի։

— Միստր Ասա,— համբերատար սկսեց հրամանատարը։

— Կկրակեմ, կսպանեմ, իմացեք։

— Միստր Աաա, խնդրում եմ, լսեք ինձ, մենք կտրել անցել ենք վաթսուն միլիոն մղոն։

Միստր Աաա-ն առաջին անգամ նրա վրա ուշադրություն դարձրեց։

— Ի՞նչ ասացիք, դուք որտեղի՞ց եք։

— Վերջապես, ամեն ինչ կարգի ընկավ,— շշնջաց նա յուրայիններին և բարձրաձայն դարձավ միստր Աաա-ին,— վաթսուն միլիոն մղոն հեռավորությունից, Երկիր մոլորակից։

Միստր Աաա-ն հորանջեց։

— Տարվա այս եղանակին հազիվ հիսուն միլիոն, ոչ ավելի։— Նա ձեռքն առավ սարսափազդու ինչ-որ զենք,— դե, իմ գնալու ժամանակն է։ Վերցրեք ձեր հիմար երկտողը, թեև չեմ հասկանում, թե դա ձեզ ինչ օգուտ կարող է տալ, և գնացեք քաղաք, բլրի մյուս կողմը, կոչվում է Իոփր, այնտեղ ամեն ինչ կպատմեք միստր Իիի-ին։ Նա հենց այն մարդն է, որը հարկավոր է ձեզ․ ոչ այդ հիմար միստր Թթթ-ն է ձեզ պետք, որին սպանելն իմ պարտքն է, ոչ էլ ես. դա իմ ոլորտը չէ։

— Ոլորտը, ոլորտը,— պոռթկաց հրամանատարը,— ինչ կապ ունի ում ոլորտն է, երբ հարկավոր է ընդունել Երկրից եկած մարդկանց։

— Հիմարություններ դուրս մի տվեք, դա բոլորին է հայտնի,— միստր Աաա-ն արագ֊արագ իջավ սանդուղքով,— ցտեսություն։— Եվ վազեց ճանապարհով։

Տիեզերագնացները մնացին ափի բերան։ Վերջապես հրամանատարն ասաց.

— Ոչ, ինչ էլ լինի, մենք կգտնենք մեկին, որ մեզ կլսի։

— Ինչ կլինի, եթե գնանք ու նորից վերադառնանք,— հոգնատանջ ասաց ընկերներից մեկը,— թռչենք ու նորից վայրէջք կատարենք, որպեսզի ժամանակ տանք նրանց ուշքի գալու և հանդիպում կազմակերպելու։

— Թերևս այդպես էլ անենք,— հոգոց հանելով պատասխանեց տանջահար հրամանատարը։

Փոքրիկ քաղաքը եռում էր, մարսեցիները ել ու մուտ էին անում, ողջունում միմյանց։ Նրանք դիմակներ էին կրում՝ ոսկեգույն, երկնագույն, մուգ կարմիր, հաճելի բազմազանության համար կային արծաթավուն շուրթերով և բրոնզագույն հոնքերով դիմակներ, ժպտացող ու խոժոռ դիմակներ՝ կրողի բնավորությանը համապատասխան։

Երկար ճանապարհից ոտքերը հազիվ քարշ տալով, չորս երկրացիները կանգ առան ու փոքրիկ մի աղջկա հարցրին, թե որտեղ է ապրում միստր Իիի-ն։

— Այնտեղ,— գլխով ցույց տվեց աղջիկը։

Հրամանատարը ծնկի իջավ և նայեց նրա նուրբ մանկական դեմքին։

— Լսիր, աղջիկս, ուզում եմ քեզ մի բան պատմել։

Նրան նստեցրեց ծնկին և քնքշորեն իր լայն ափի մեջ առավ աղջկա թուխ թաթիկները, կարծես մտադիր էր իրիկնային հեքիաթ պատմել՝ անշտապ ծավալվող, հանդամւսնալից ու երջանիկ վերջաբանով։

— Հասկանո՞ւմ ես, փոքրիկս, կես տարի առաջ Մարս եկավ մի ուրիշ տիեզերանավ՝ Յորք անունով մի մարդ, իր օգնականի հետ։ Մենք չգիտենք, թե նրանց ի՞նչ է պատահել։ Գուցե վթարվել են։ Նրանք տիեզերանավով են եկել, ինչպես և մենք։ Ա՜յ թե տեսնեիր։ Մեծ, շատ մեծ տիեզերանավ է։ Այնպես որ մենք երկրորդ արշավախումբն ենք, մեզնից առաջ եղել է աոաջինը։ Մենք երկար ենք թռել, Երկրից ենք։

Առանց մտածելու աղջնակը ետ քաշեց ձեռքը և դեմքը ծածկեց անարտահայտիչ ոսկեգույն դիմակով, ապա քանի դեռ հրամանատարը խոսում էր, մի ոսկյա խաղալիք սարդ հանեց և շրխկացրեց գետնին։ Խաղալիք սարդը հնազանդորեն մագլցեց աղջկա ծունկն ի վեր, իսկ նա հանգիստ ու անտարբեր հետևում էր՝ իր անհույզ դիմակի ճեղքի միջից։ Հրամանատարը մեղմորեն ցնցեց նրան և համառությամբ շարունակեց իր պատմաթյունը։

— Մենք երկրացիներ ենք,— ասաց նա,— դու հավատո՞ւմ ես։

— Այո,— աղջիկը նայում էր փոշու վրա իր հետքերի թողած նախշերին։

— Ի՜նչ խելոքն ես,— հրամանատարը բարեհոգաբար, բայց մի քիչ չարացած կսմթեց նրա ձեռքը, որ ստիպի իրեն նայել։— Մենք տիեզերանավ ենք կառուցել, հավատո՞ւմ Ես։

Աղջիկը մատը խոթեց քիթը։

— Ըհը։

— Դե՛, դե՛, մատդ քթիցդ հանիր… Ես հրամանատար եմ․․․

— Պատմության մեջ դեռ ոչ ոք այդպիսի հզոր տիեզերանավով տիեզերք դուրս չի եկել,— աչքերը կկոցելով հայտարարէց փոքրիկը։

— Հրաշալի է, ինչպե՞ս կռահեցիր։

— Օ՜, հեռազգացություն է,— նա անփութորեն մատը քսեց ծնկանը։

— Դե՛, մի՞թե քեզ համար հետաքրքիր չէ,— բացականչեց հրամանատարը,— մի՞թե դու ուրախ չես։

— Դուք ավելի լավ է շուտ գնաք միստր Իիի-ի մոտ,— աղջնակը խաղալիքը վայր գցեց,— նա հաճույքով կխոսի ձեզ հետ։

Եվ նա վազեց։ Նրան կրնկակոխ հետևում էր խաղալիք սարդը։ Հրամանատարը պպզած՝ ծեռքը պարզել էր աղջկա կողմը և նայում էր նրա ետևից։ Նա զգաց ինչպես են արցունքները լճանում աչքերում, նայեց դատարկ ձեռքերին ու անօգնական բացեց բերանը։ Ընկերները կանգնել էին կողքին ու հայացքները հառել սեփական ստվերներին։ Նրանք թքեցին փողոցի սալահատակին…

Միստր Իիի-ն անձամբ բացեց դուռը։ Նա շտապում էր դասանխոսության, կարող էր նրանց մի րոպե միայն նվիրել, եթե արագ ներս մտնեին և ասեին, թե ինչ է իրենց հարկավոր։

— Փոքրինչ ուշադրություն,— հոգնատանջ ասաց հրամանատարը՝ թարթելով կարմրած աչքերը,— մենք Երկրից ենք, եկել ենք տիեզերանավով, չորս հոգի ենք՝ երեք տիեզերագնաց և հրամանատարը։ Մենք հալից ընկել ենք, ուտել ենք ուզում, Մեզ գիշերելու տեղ է հարկավոր։ Թող մեկը քաղաքի բանալին մեզ հանձնի կամ այդ կարգի ինչ-որ բան, թող սեղմեն մեր ձեռքերը, «ուռա՜» գոչեն, շնորհավորեն։ Այսքանը։

Միստր Իիի-ն բարձրահասակ, Նիհար, մելամաղձոտ անձնավորություն էր, նրա դեղնավուն աչքերը թաքնվել էին ակնոցի հաստ կապույտ ոսպնյակների ետևում։ Գրասեղանին հակված՝ նա մտածկոտ ինչ-որ թղթեր էր թերթում և ժամանակ առ ժամանակ իր թափանցող հայացքը հյուրերին ուղղում։

— Վախենամ թե բլանկ չունենամ։

Նա քրքրեց սեղանի դարակները։

— Ո՞ւր եմ խցկել,— նա խոժոռվեց,— այստեղ պետք է լինեին։ Ահա, խնդրեմ,— նա հրամանտարին մեկնեց թղթերը,— պետք է ստորագրեք։

— Այս ամբողջ անհեթեթությունը պետք է կարդա՞մ։

Ակնոցի հարթ ապակիները ուղղված էին հրամանատարին։

— Բայց չէ՞ որ դուք ասացիք՝ Երկրից եք։ Ուրեմն ձեզ մնում է միայն ստորագրել։

Հրամանատարը ստորագրեց։

— Անձնակազմը նույնպե՞ս պետք է ստորագրի։

Միստր Իիի-ն նայեց նրան, նայեց մյուս երեքին և քրքջաց։

— Նրանք էլ ստորագրեն։ Հա՜, հա՜, հա՜, հրաշալի է։ Նրանք… նրանք,— արցունքները ցած էին սահում այտերով։ Նա ափով զարկեց ծնկանը, կռացավ, ծիծաղից խեղդվելով կառչեց սեղանից,— նրանք ստորագրե՜ն…

Տիեզերագնացները մռայլվեցին։

— Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու։

— Նրանք՝ և ստորագրել,— ծիծաղից շնչասպառ ասաց միստր Իիի-ն,— դրանից զվարճալի ի՞նչ կա։ Ես անպայման կպատմեմ միստր Ըըը-ին,— շարունակելով ծիծաղել՝ նայեց ստորագրված բլանկներին,— կարծես թե ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ էվթանազիայի ենթարկելու համաձայնությունը կա, եթե ի վերջո դրա կարիքն զգացվի։— Նա քրքջաց։

— Ինչի՞ համաձայնությունը։

— Դե լավ, բավական է, ես ձեզ համար որոշ բան կանեմ, ահա ձեզ բանալին։

Հրամանատարը ոգևորվեց.

— Օ՜, սա մեծ պատիվ է։

— Սա քաղաքի բանալին չէ, հիմար,— ընդհատեց միստր Իիի-ն։ Սա տան բանալին է։ Գնացեք միջանցքով, բացեք մեծ, դուռը, ներս մտեք և շրխկացրեք ձեր ետևից։ Կարող եք գիշերել այնտեղ։ Միստր Ըըը-ին առավոտյան ձեզ մոտ կուղարկեմ։

Հրամանատարը տատանվելով՝ վերցրեց բանալին։ Նա գլխահակ կանգնել էր, ընկերները նույնպես տեղներից չէին շարժվում։ Թվում էր՝ կյանքը սառել է նրանց երակներում, քամել հանել են տիեզերական ճամփորդության ողջ կիրքը, նրանք սպառվել էին։

— Դե, ի՞նչ պատահեց,— հարցրեց միստր Իիի-ն, — ինչի՞ եք սպասում, էլ ի՞նչ եք ուզում։— Նա կիպ մոտեցավ հրամանատարին և գլուխը խոնարհելով՝ ուշադիր զննեց նրա դեմքը,— ասացեք։

— Վախենում եմ դուք նույնիսկ ի վիճակի չլինեք…,— սկսեց հրամանատարը,— այսինքն ուզում եմ ասել, այդ մասին մտածել կամ փորձ անել…,— Նա վարանեց,— մենք շատ ենք տքնել, այդպիսի երկար ճանապարհ ենք անցել, գուցե արժեր սեղմել մեր ձեռքը և թեկուզ ասել. «Կեցցեք»։

Նա լռեց։

Միստր Իիի-ն անփութորեն մեկնեց ձեռքը։

— Շնորհավորում եմ,— նրա շուրթերին սառած ժպիտ կար,— շնորհավորում եմ,— նա շրջվեց,— իսկ հիմա իմ գնալու ժամանակն է։ Բանալին չմոռանաք։

Այլևս ուշադրության չարժանացնելով նրանց, կարծես նրանք անէացել էին, միստր Իիի-ն ետ ու առաջ էր քայլում սենյակում՝ պայուսակը ինչ-որ թղթեր լցնելով։ Դա տևեց մոտ հինգ րոպե, և այդ ընթացքում նա ոչ մի անգամ չնայեց չորս խոժոռադեմ, հոգնածությունից հազիվ ոտքի վրա կանգնող, գլուխները կախ, խամրած աչքերով մարդկանց։ Դուրս գալիս միստր Իիի-ն կենտրոնացած զննում էր իր եղունգները։

Երեկոյանում էր, նրանք քայլեցին կիսախավար միջանցքով, հայտնվեցին մեծ, փայլուն, արծաթագույն դռան առաջ և բացեցին նույնպես արծաթագույն բանալիով։ Ներս մտան, դուռը շրխկացրին ու նայեցին իրենց շուրջը։

Սենյակը ընդարձակ էր, լուսավոր։ Տղամարդկանց ու կանանց մի մասը նստոտած էր սեղանների մոտ, ոմանք էլ խումբ-խումբ կանգնած անկյուններում զրուցում էին։ Դռան շրխկոցը նրանց ստիպեց շրջվել, բոլորը նայեցին համազգեստով մարդկանց։ Մի մարսեցի մոտեցավ և խոնարհվեց։

— Ես միստր Ուուու-ն եմ։

— Իսկ ես նավապետ Ջոնաթան Ուիլյամսը, Երկրից, Նյու Յորքից,— պատասխանեց հրամանատարը առանց մեծ ոգևորության։

Դահլիճը կարծես փուլ եկավ աղաղակներից և բացականչություններից։ Մարսեցիները ձեռքները թափահարելով, հիացած գոռում-գոչում էին, շուռ տալիս սեղանները, նետվում դեպի երկրացիները, գրկում նրանց, հետո բոլորին էլ ձեռքների վրա բարձրացնելով, վեց անգամ պտտեցին դահլիճում, վեց անգամ վազելով պատվո շրջան կատարեցին՝ ցատկոտելով, պարելով ու երգելով։

Երկրացիները այնպես էին կարկամել, որ մոտ մի րոպե լուռ նստած էին նրանց ուսերին, հետո սկսեցին ծիծաղել ու բղավել միմյանց վրա։

— Այ սա ուրիշ բան է։

— Հրաշալի է, սկզբից էր հարկավոր այսպես։ էհե՜յ, տես է՜, էհեյ։

Նրանք հաղթանակած աչքով էին անում միմյանց, տարածում էին ձեռքները, ծափ էին զարկում։

— Էհե՜յ;

Մարսեցիները նրանց կանգնեցրին սեղանին; Աղմուկը լռեց։

— Ուռա՜,- գոռաց ամբոխը։

Հրամանատարը քիչ էր մնում հեծկլտար։

— Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Հիանալի է։

— Ձեր մասին պատմեք,- առաջարկեց միստր Ուուու-ն։

Հրամանատարը հազաց։

Լսողները հիացած հառաչում ու թառանչում էին։ Հրամանատարը ներկայացրեց իր ընկերներին, յուրաքանչյուրը կարճ խոսք արտասանեց, շփոթվելով բուռն ծափողջույններից։

Միստր Ուուու֊ն թփթփացրեց հրամանատարի ուսը.

— Հաճելի է այստեղ հայրենակցի տեսնելը, ախր, ես էլ Երկրից եմ։

— Ինչպե՞ս թե։

— Հապա, այստեղ շատերն են Երկրից։

— Դուք… Երկրի՞ց,— հրամանատարի աչքերը չռվեցին,— չի կարող պատահել։ Դուք է՞լ եք տիեզերանավով եկել։ Այդ դեպքում ե՞րբ է սկսվել տիեզերքի նվաճումը։— Նրա ձայնում հուսախաբություն կար։— Դուք որտեղի՞ց եք, ո՞ր երկրից։

— Թուիերեոլ։ Ես այստեղ եմ եկել ոգեղեն ուժով, շատ տարիներ առաջ։

— Թուիերեո՜լ…,— ծոր տվեց հրամանատարը,— այդպիսի երկրի մասին չեմ լսել։ Եվ այդ ի՞նչ ոգեղեն ուժ է…

— Այ, միսս Ռռռ-ն էլ Երկրից է, ճիշտ չէ՞, միսս Ռռռ։

Միսս Ռռռ-ն գլխով արեց և տարօրինակ ծիծաղեց։

— Միստր Յյյ-ն, միստր Քքք-ն, միստր Վվվ-ն՝ նույնպես։

— Իսկ ես Յուպիտերից եմ,— լուրջ տեսք ընդունելով, ներկայացավ մի տղամարդ։

— Ես Սատուռնից եմ,— խորամանկորեն աչքերը փայլեցնելով, ասաց մի ուրիշը։

— Յուպիտեր, Սատուռն…,- մրմնջաց հրամանատարը, աչքերը ճպճպացնելով։

Լռություն տիրեց։ Մարսեցիները հավաքվել Էին տիեզերագնացների շուրջը, նստոտել Էին սեղանների մոտ, բայց սեղանները դատարկ էին, խրախճանքի մասին իսկի խոսք չկար։ Նրանց դեղին աչքերը փայլում էին, աչքերի տակ մութ ստվերներ էին գոյացել։ Նոր միայն հրամանատարը նկատեց, որ դահլիճը պատուհան չունի։ Լույսը կարծես թափանցում էր պատերի միջով։ Միայն մի դուռ կար։ Հրամանատարը ցնցվեց.

— Ի՞նչ տարօրինակ է, որտե՞ղ է այդ Թուիերեոլը, հեռո՞ւ է Ամերիկայից։

— Ամերիկան ի՞նչ բան է։

— Դուք Ամերիկայի մասին չե՞ք լսել։ Երկրից եք եկել և չգիտե՞ք։

Միստր Ուուու-ն զայրացած թափահարեց գլուխը։

— Երկիրը ծովերից է բաղկացած, միայն ծովերից, ուրիշ ոչինչ չկա, ցամաք չկա։ Ես այնտեղից եմ, ես հո գիտեմ։

— Սպասեք,— հրամանատարը ընկրկեց,— դուք ամենաիսկական մարսեցի եք, դեղին աչքերով, թուխ մաշկով․․․

— Երկիրը ամբողջովին ջունգլիներով է ծածկված,— հպարտ հայտարարեց միսս Ռռռ-ն,— ես Օրիից եմ, արծաթյա մշակույթի երկրից։

Հրամանատարը հայացքը մի դեմքից մյուսին էր դարձնում, միստր Ուուու-ից միստր Յյյ-ին, միստր Յյյ-ից՝ միստր Քքք-ին, միստր Քքք-ից՝ միստր Ննն-ին, հետո՝ միստր Հհհ-ին, միստր Բբբ-ին։ Նա տեսնում էր ինչպես են լայնանում ու նեղանում նրանց դեղին աչքերի բիբերը, ինչպես են նրանց հայացքները մեկ կենտրոնանում, մեկ՝ մշուշվում։ Նա սարսռաց. վերջապես, շրջվելով իր ենթականների կողմը, մռայլ ասաց.

— Հասկացա՞ք, թե սա ինչ է։

— Ի՞նչը, հրամանատար։

— Սա ո՛չ հանդիսավոր դիմավորում է,— հոգնած ասաց նա,— ո՛չ հանպատրաստից ընդունելություն, ոչ՝ բանկետ։ Ոչ էլ մենք պատվավոր հյուր ենք։ Սրանք էլ մարսյան իշխանության ներկայացուցիչները չեն։ Նայեք նրանց աչքերին, լսեք նրանց խոսակցությանը։

Տիեզերագնացները շունչները պահեցին։ Նրանք ուշադիր աչքի անցկացրին տարօրինակ, փակ դահլիճը։

— Հիմա ես հասկանում եմ,— հրամանատարի ձայնը կարծես խոր փոսից էր հնչում,— հասկանում եմ, թե մեզ ինչու էին անընդհատ նորանոր հասցեներ տալիս և սրա-նրա մոտ ուղարկում, մինչև հանդիպեցինք միստր Իիի-ին, իսկ նա տվեց ճիշտ հասցեն և նույնիսկ բանալին, որպեսզի մենք բացենք դուռը և փակենք մեր ետևից։ Ահա մենք էլ ընկանք…

— Ո՞ւր։

Հրամանատարի ուսերը կախ ընկան։

— Հոգեբուժարան։

Գիշեր իջավ։ Թափանցիկ պատերի մեջ թաքնված լուլսերը մեղմ լուսավորում էին լուռ ընդարձակ դահլիճը։ Չորս երկրացիները նստել էին փայտե սեղանի մոտ և գլուխները կախ քչփչում էին։ Հատակին խառնիխուռն քնած էին կանայք ու տղամարդիկ։ Մութ անկյուններում ինչ-որ բան էր շարժվում, ոմանք առանձնացած՝ տարօրինակ կերպով թափահարում էին ձեռքերը։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ տիեզերագնացներից մեկը մոտենում էր արծաթավուն դռանը և վերադառնում սեղանի մոտ։

— Անհնար է դուրս պրծնել, հրամանատար։ Մենք ամուր ենք փակված։

— Մեզ մի՞թե գժի տեղ են դրել։

— Իհարկե։ Ահա թե ինչու մեր երևալը հիացմունք չառաջացրեց։ Նրանց համար մենք պարզապես հոգեկան հիվանդներ ենք, ինչպիսիք այստեղ շատ են։ Սրանք բոլորն էլ խախտված են,— նա ձեռքով ցույց տվեց քնածներին,— բայց ինչպե՜ս ընդունեցին մեզ։ Ինձ մի պահ թվաց, թե հանդիսավոր դիմավորում է,— նրա աչքերը կայծկլտացին և անմիջապես էլ խամրեցին,— այդ բացականչությունները, երգերը, ճառերը… Լավ էր, չէ՞…

— Մեզ ինչքա՞ն ժամանակ կպահեն այստեղ, հրամանատար։

— Մինչև ապացուցենք, որ հոգեկան հիվանդ չենք։

— Դա հեշտ է։

— Ես էլ հույս ունեմ։

— Կարծես թե այնքան էլ համոզված չեք, հրամանատար։

— Հըմ, այո… հապա այն կողմ նայեք։

Մթության մեջ, ծնկները ծալած, մեկուսի նստել էր մի տղամարդ, նրա բերանից կապույտ բոց Էր դուրս գալիս, որը փոքրամարմին, մերկ կնոջ ձև էր ընդունում։ Ինչ-որ բաներ շշընջալով ու հառաչելով, նա հեզանազ ճախրում էր օդում, կապույտ լույսի ալիքներում։

Հրամանատարը գլխով մյուս կողմը ցույց տվեց։ Այնտեղ մի կին էր կանգնած, որը տարօրինակ կերպարանափոխության էր ենթարկվում։ Սկզբում նա բյուրեղապակյա սյան մեջ էր, հետո ոսկյա արձանիկ դարձավ, ապա մայրու ողորկ ճյուղ և ի վերջո, ընդունեց սկզբնական կերպարանքը։

Դահլիճում, կեսգիշերային մթության մեջ, տղամարդիկ ու կանայք ձեռնածություն էին կատարում մանուշակագույն բոցերի հետ, անընդհատ փոփոխվելով, տարբեր կերպարանքներ ընդունելով, քանի որ գիշերը տրտմության ու կերպարանափոխության ժամանակն է։

— Կախարդանք, մոգություն,— շշնջաց երկրացիներից մեկը։

— Ոչ, տեսապատրանքներ։ Նրանք մեզ են հաղորդում իրենց զառանցանքը, այնպես որ մենք տեսնում ենք, թե նրանք ինչ տեսողական պատրանքներ են ունենում։ Հեռազգացություն է, ինքնաներշնչում և հեռազգացություն։

— Ձեզ դա՞ է մտահոգում, հրամանատար։

— Այո, եթե տեսապատրանքները մեզ և, ոչ միայն մեզ, այդքան բնական են թվում, այդքան համոզիչ ու ճշմարտանման, զարմանալի չէ, որ մեզ թյուրիմացաբար հոգեկան հիվանդ համարեցին։ Այդ տղամարդը կարողանում է կապույտ կրակից փոքրիկ կանայք ստեղծել, իսկ այ, այն կինը ի վիճակի է սյուն կամ արձան դառնալ։ Շատ բնական է, եթե նորմալ մարսեցին մտածի, որ տիեզերանավը մեր հիվանդ երևակայության արդյունքն է։

Մթության մեջ տիեզերագնացները խուլ հառաչեցին։

Մերթ բռնկվելով, մերթ անհետանալով, շուրջը պարում էին կապույտ կրակները։ Քնած տղամարդկանց բերաններից կարմիր ավազից օձեր Էին դուրս լողում։ Կանայք փոխակերպվում էին փայլուն օձերի։ Գազանների ու սողունների հոտ էր գալիս։

Առավոտյան բոլորը թվում էին ուրախ, առողջ և նորմալ։ Ոչ մի սատանա, ոչ մի բոց։ Հրամանատարը իր անձնակազմի հետ կանգնել էր արծաթագույն դռան մոտ, հուսալով, որ կբացվի։

Միստր Ըըը-ն երևաց չորս ժամ անց։ Նրանք կասկածում էին, որ նա երեք ժամից ոչ պակաս կանգնել է դռան ետևում, հետևել, որպեսզի հետո ներս մտնի ու կանչի իր փոքրիկ աշխատասենյակը։

Դա մի բարեհոգի, ժպտադեմ տղամարդ էր, եթե հավատ ընծայվեր նրա ոչ թե մեկ, այլ երեք տարբեր ժպիտներ պատկերող դիմակին, ի դեպ, դիմակի տակից հնչող ձայնը պատկանում էր ոչ այդքան ժպտադեմ հոգեբույժի։

— Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։

— Դուք մեզ խելագար եք համարում, բայց այդպես չէ,— ասաց հրամանատարը։

— Ընդհակառակը, ես բոլորիդ խելագար չեմ համարում,— հոգեբույժը հրամանատարին ուղղեց փոքրիկ ցուցափայտը,— միայն ձեզ, հարգելիս։ Մյուս բոլորը երկրորդական տեսապատրանք են։

Հրամանատարը ծնկին հարվածեց։

— Ահա թե ի՜նչ։ Ահա թե ինչու միստր Իիի-ն քրքջաց, երբ ես առաջարկեցի, որ նրանք էլ ստորագրեն բլանկները։

— Այո, նա ինձ պատմել է այդ մասին,— հոգեբույժը հռհռաց դիմակի ալիքաձև կտրվածքի միջով։— Հիանալի կատակ։ Ի՞նչ էի ասում։ Այո՛, երկրորդական տեսապատրանքներ։ Ինձ այցելում են կանայք, որոնց ականջներից օձեր են դուրս գալիս։ Ես բուժում եմ, և օձերն անհետանում են։

— Մենք ուրախությամբ բուժում կընդունենք, սկսեք։

Միստր Ըըը-ն խորասուզվեց մտքերի մեջ։

— Զարմանալի է։ Քչերն են համաձայնում բուժվել։ Բանն այն է, որ բուժումը խիստ արմատական բնույթի է։

— Ոչինչ, գործի անցեք, բուժեք, ինքներդ կհամոզվեք, որ բոլորս առողջ ենք։

— Թույլ տվեք նորից նայել ձեր փաստաթղթերը, ամե՞ն ինչ է ձևակերպված բուժման համար։— Նա թերթեց թղթապանակը,— այսպես… Գիտե՞ք, այսպիսի դեպքերը հատուկ մեթոդներ են պահանջում։ Նրանք, ում տեսել եք Տանը, ավելի թեթև հիվանդներ են։ Բայց երբ հոգեկան շեղումը շատ է խորանում, ինչպես ձեր պարագայում, ուղեկցվում է առաջնային, երկրորդային, լսողական, հոտառական և համային պատրանքներով, ուրեմն գործերը վատ են։ Ստիպված ենք էվթանազիայի ենթարկել։

Հրամանատարը գոռոցով վեր թռավ։

— Դե, բավական է գլուխ տանեք, սկսեք, քննեք մեզ, մուրճով հարվածեք ծնկին, լսեք սիրտը, ստիպեք պպզել ու վեր կենալ, հարցեր տվեք։

— Խոսեք ինչքան կամենում եք։

Հրամանատարը տաքացած խոսում էր մի ամբողջ ժամ։ Հոգեբույժը լսում էր։

— Անհավանական է,— մտածկոտ շշնջաց նա,— կյանքումս այսպիսի ֆանտաստիկ զառանցանք չեմ լսել։

— Գրողը տանի, մենք ձեզ ցույց կտանք մեր տիեզերանավը,— որոտաց հրամանատարը։

— Հաճույքով կնայեմ։ Կարո՞ղ եք այս սենյակում ցույց տալ։

— Իհարկե, ձեր քարտարանում է, «Տ» տառի տակ։

Միստր Ըըը-ն ուշադիր նայեց քարտարանը և հիսաթափված փակեց արկղը։

— Ինչո՞ւ խաբեցիք, այդտեղ ոչ մի տիեզերանավ չկա։

— Իհարկե, չկա, ապուշ, ես կատակեցի։ Իսկ հիմա ասեք՝ խելագարները կատակո՞ւմ են։

— Երբեմն հումորի բավական անսովոր դրսևորումներ են պատահում։ Լավ, տարեք ինձ ձեր տիեզերանավի մոտ։ Ուզում եմ տեսնել։

Շոգ կեսօր էր, երբ Նրանք մոտեցան տիեզերանավին։

— Այսպես,— հոգեբույժը մոտեցավ Նավին և թխկթխկացրեց։ Ձայնը փափուկ էր, լիքը,— կարելի՞ է ներս մտնել,— հարցրեց նա խորամանկորեն։

— Ներս անցեք։

Միստր Ըըը-ն մտավ տիեզերանավ և սառեց.

— Իմ մեղավոր կյանքում ինչ ասես չեմ տեսել, բայց այսպիսի բան…

Հրամանատարը սպասում էր, ծամելով գլանակի ծայրը։

— Ամենից ավելի ուզում եմ թռչել տուն և ասել մարդկանց, որ այլևս կապ չփնտրեն այս Մարսի հետ։ Ավելի բթամիտ դանդալոշներ տեսած չկամ…

— Ինձ թվում է, հրամանատար, այստեղ երկուսից մեկը աննորմալ է, դրա համար էլ այդքան կասկածամիտ են։

— Միևնույն է, այս անիծյալները չափն անցան։

Կես ժամ հոգեբույժը քչփորում էր, տնտղում, թխկթխկացնում, լսում, հոտոտում, լեզվով համը փորձում։ Վերջապես նավից դուրս եկավ։

— Դե, համոզվեցի՞ք,— այնպես գոռաց հրամանատարը, ասես դիմացինը խուլ էր։

Հոգեբույժը աչքերը փակեց ու քիթը քորեց։

— Սա ինձ հանդիպած զգայական ընկալման և հիպնոսային ներշնչման ամենազարմանալի օրինակն է։ Ես Նայեցի ձեր այսպես կոչված «տիեզերանավը»։— Նա թխկթխկացրեց նավի իրանը,— ես լսում եմ՝ լսողական պատրանք է,— հոտոտեց,— հոտառական պատրանք, հեռազգացությամբ հաղորդվում են զգացմունքները։— Նա համբուրեց տիեզերանավի մետաղը,— ես համն եմ զգում՝ համի պատրանք։

Նա սեղմեց հրամանատարի ձեռքը։

— Թույլ տվեք շնորհավորել։ Հոգեկան հիվանդության հանճար եք։ Սա կատարելություն է։ Ձեր խանգարված երևակայությունը ողջ սրությամբ ուրիշների գիտակցությանը հասցնելու կարողությունը անհավանական է։ Մեր մյուս հիվանդները հիմնականում տեսողական պատրանքներով են տառապում, երբեմն նաև լսողական, դուք կարողանում եք ամբողջությունից գլուխ հանել։ Ձեր խելագարությունը ապշեցուցիչ է։

— Իմ խելագարությո՞ւնը..հրամանատարը գունատվեց։

— Այո, այո, սքանչելի խելագարություն է։ Մետաղ, ռետին, ձգողության սարքեր, սնունդ, հագուստ, վառելիք, զենք, շարժասանդուղք, հեղույսներ, պնդօղակներ, գդալներ, ես շատ առարկաներ ստուգեցի ձեր նավում։ Կյանքումս այսպիսի բարդ պատկեր չեմ տեսել։ Նույնիսկ բոլոր առարկաների ստվերները։ Կամքի ինչպիսի՜ լարում։ Եվ ամենը կարելի է շոշափել, հոտոտել, լսել, համտեսել։ Թույլ տվեք գրկեմ ձեզ։

Վերջապես նա հրամանատարին բաց թողեց։

— Ես մենագրություն կգրեմ։ Դա կլինի իմ լավագույն աշխատությունը։ Հաջորդ ամիս դասախոսություն կկարդամ Մարսյան գիտությունների ակադեմիայում։ Հենց միայն ձեր արտաքինը ինչ ասես արժե։ Դուք կարողացել եք նույնիսկ ձեր տեսքը փոխել՝ դեղինի փոխարեն երկնագույն աչքեր, և մաշկն էլ ոչ թե թուխ է, այլ վարդագույն։ Հապա այս համազգեստը, և հինգ մատը՝ վեցի փոխարեն։ Ապշեցուցիչ է, հոգեկան շեղման հետևանքով տեղի է ունեցել կենսաբանական փոփոխություն։ Եվ դեռ ձեր երեք ընկերները…

Նա հանեց փոքրիկ ատրճանակը։

— Դուք, իհարկե, անբուժելի եք։ Դուք զարմանալի դժբախտ մարդ եք, միայն մահը կփրկի ձեզ։ Ուզո՞ւմ եք մի վերջին խոսք ասել։

— Սպասեիք, ի սեր աստծո, մի՛ կրակեք։

— Դժբախտ արարած։ Ես ձեզ կազատեմ այս տիեզերանավը և այս երեք մարդուն պատկերացնելու տանջանքից։ Գրավիչ տեսարան կլինի՝ ձեզ սպանում եմ, և իսկույն անհետանում են և՛ ձեր բարեկամները, և՛ ձեր տիեզերանավը։ Այ թե հոդված կգրեմ իմ այսօրվա դիտարկումների մասին՝ «Ախտածին պատրանքների քայքայումը»։

— Ես Երկրից եմ, իմ անունը Ջոնաթան Ուիլյամս է, իսկ սրանք…

— Գիտեմ, գիտեմ,— բարեհամբույր նկատեց միստր Ըըը-ն և կրակեց։ Հրամանատարն ընկավ, գնդակը սրտին էր դիպել։ Նրա ընկերները գոռացին։ Միստր Ըըը-ն աչքերը չռեց։

— Դուք դեռ գոյությո՞ւն ունեք։ Հոյակա՜պ է։ Ժամանակի և տարածության մեջ տևական տեսապատրանքներ։— Նա ատրճանակն ուղղեց նրանց վրա,— ոչինչ, ես ձեզ կստիպեմ, որ անհետանաք։

— Ո՜չ,— գոռացին տիեզերագնացները։

— Լսողական պատրանք նույնիսկ հիվանդի մահից հետո,— գործնական տոնով ասաց միստր Ըըը-ն և մեկը մյուսի ետևից սպանեց նրանց։

Նա ոտքով հրեց նրանց, հետո թխկացրեց տիեզերանավին։

Առանց որևէ փոփոխություն կրելու նրանք անշարժ պառկած էին ավազի վրա։

— Չի անհետացել, նրանք էլ չեն անհետացել։

Նա նորից ու նորից կրակում էր անկենդան մարմիններին, հետո ընկրկեց։ Սառած ժպիտով դիմակը ընկավ ոտքերի առաջ։

Հոգեբույժի դեմքի արտահայտությունը հետզհետե փոխվում էր։ Նրա ծնոտը կախվում էր։ Ատրճանակն ընկավ թուլացած ձեռքից։ Նրա հայացքը դարձավ դատարկ ու բացակայող։ Նա ձեռքերը տարածեց և կույրի պես խարխափելով շրջվեց։ Նա տնտղում էր մեռած մարմինները, անընդհատ թուքը կուլ էր տալիս։

— Տեսապատրանքներ,— տենդագին քրթմնջում էր նա,— համ, տեսանելիք, հոտ, ձայներ, շոշափելիք։

Նա թափահարում էր ձեռքերը, չռել էր աչքերը։ Շուրթերին փրփուր էր հայտնվել։

— Չքվե՛ք,— գոռաց միստր Ըըը-ն, դառնալով մեռածների կողմը։— Չքվի՞ր,— գոռաց տիեզերանավի վրա։

Նա նայեց իր դողացող ձեռքերին․

— Վարակվեցի,- հուսահատ շշնջաց նա,— անցավ ինձ։ Հեռազգացություն, հիպնոս։ Հիմա ես էլ խելագար եմ։ Վարակված եմ։ Ամեն կարգի զգայական ընկալումներ,— մի պահ անշարժացավ, հետո սկսեց չենթարկվող մատներով փնտրել ատրճանակը։— Միայն մի միջոց կա։ Միակ եղանակը ստիպելու, որ անհետանան, կորչեն։

Կրակոց լսվեց։ Միստր Ըըը-ն ընկավ։

Արևի շողեյփ տակ պառկած էին չորս մարմին։ Միստր Ըըը-ն ընկած էր նրանց կողքին։

Տիեզերանավը արևով ողողված բլրի լանջին էր, չէր անհետացել։

Երբ մայրամուտին քաղաքի բնակիչները գտան տիեզերանավը, սկսեցին գլուխ կոտրել, թե դա ինչ է։ Ոչ ոք չկռահեց։ Տիեզերանավը վաճառեցին հնոտիք հավաքողին, որը տարավ և թափոնատեղիում հանձնելու համար մասերի բաժանեց։

Ամբողջ գիշեր անձրևում էր։ Հաջորդ օրը պարզ էր ու տաք։

Ներսը և դուրսը (Հերման Հեսսե)

Ներսը և դուրսը (Հերման Հեսսե)

download

Կար մի մարդ Ֆրիդրիխ անունով, որը պարապում էր հոգևոր առարկաներով և տիրապեւոում էր բազմապիսի գիտելիքների: Սակայն նրա համար էական չէր, թե այդ գիտելիքը կամ միտքը ինչպիսին կլիներ, նա պարզապես սիրում էր մտածողության մի որոշակի եղանակ, իսկ մյուսներն արհամարհում էր և խորշանք ուներ նրանց հանդեպ: Այն, ինչը նա սիրում էր և ինչի նկատմամբ հարգանք էր տածում՝ տրամաբանությունն էր, այդ այնքան հրաշալի մեթոդը, և ապա միայն ընդհանրապես այն, ինչը նա «գիտություն» էր անվանում:

«Երկու անգամ երկու հավասար է չորսի»,– հոգու թրթիռով արտասանում էր նա,– «դրան եմ ես հավատում և այս ճշմարտությունից ելնելով միայն պետք է մարդուս միտքը գործի»:

Այն, որ մտածողության և ճանաչողության ուրիշ եղանակներ էլ կան, հազիվ թե անծանոթ էր նրան, բայց այդ ամենը «գիտություն» չէր, և նա դրանց ուշադրության չէր արժանացնում: Չնայած ազատամիտ էր, սակայն, կրոնի հանդեպ անհանդուրժողաբար չէր տրամադրված: Վերջինս գիտականության հետ լուռ համաձայնության աղերսներ էր հանդես բերում: Նրա գիտություն ասածը այս էլ քանի դար է համարյա ամեն ինչով զբաղվել է, այն ամենով, ինչը գոյություն ունի երկրիս երեսին և գիտական արժեք է ներկայացնում, բացառությամբ մեն-միակ առարկայի՝ մարդկային հոգու: Այս մեկը կամովին կրոնին զիջելը, հոգու վերաբերյալ նրա մտահայեցողական մարզանքները ինչ-որ չափով անլուրջ ընդունելը և, այնուամենայնիվ, այդ թողտվությունը, ժամանակի ընթացքում կարծես սովորույթ էր դարձել: Այսպիսով, կրոնի հանդեպ ևս Ֆրիդրիխն իրեն հանդուրժողաբար էր պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի էր այն ամենը, ինչը նա սնոտիապաշտություն էր համարում: Թող որ օտար, անկիրթ ու հետամնաց ժողովուրդները զբաղվել են դրանով, թող որ հնագույն ժամանակներում ինչ-որ միստիկական կամ մոգական մտածողություն է գոյություն ունեցել, բայց, այն պահից սկսած, երբ ի հայտ եկան գիտությունը և տրամաբանությունը, այդ հնացած ու կասկածելի գործիքների օգտագործումը այլևս իր իմաստը կորցրեց:

Այսպես էր նա ասում և այսպես մտածում, և երբ իր շրջապատում սնոտիապաշտության հետքեր էին աչքովն ընկնում՝ խիստ վրդովվում էր և այնպիսի զգացում էր ոէնենում, ինչպես եթե թշնամական մի բան իրեն դիպչելիս լիներ:

Հատկապես զայրանում էր, երբ այդօրինակ զբաղմունքի հետքեր նրան վիճակվում էր հանդիպել իր նմանների՝ կրթված այրերի շրջապատում, նրանց, ովքեր հավատարմագրված էին գիտական մտածողության սկզբունքներին: Եվ ոչինչ նրա համար այնքան ցավալի ու անտանելի չէր, քան այն ստոր ու անարգական դատողությունների կերպը, բացատրություններն ու արտահայտությունները, որ վերջին ժամանակներս երբեմն նույնիսկ բարձր կրթություն ստացած այրերի բերանից էր նրան վիճակվում լսել, այնպիսի արտառոց ու անհեթեթ մտքեր, ինչպես, օրինակ, այն մասին, թե «գիտական մտածողությունը» ըստ երևույթին մտածողության բարձրագույն, ժամանակից վեր կանգնած, հավերժական, նախասահմանված ու միակ հաստատուն եղանակը չէ, այլ բազմաթիվ ուրիշներից մեկը, ժամանակի մեջ սահմանափակ, փոփոխությունների ու կործանումի առաջ անպաշտպան: Այդ անպատկառ, կործանարար ու թունավոր միտքը առկա էր, անգամ Ֆրիդրիխը դա ի վիճակի չէր ժխտել, այն այստեղ էր ու այնտեղ, ամենուրեք, պատերազմի, կործանարար արհավիրքների ու սովի հետևանքով ողջ աշխարհին տիրած կարիքին դեմ-հանդիման, նախազգուշացում-հիշեցման պես ասես հանկարծակիորեն կյանքի կոչված, որպես հանճարեղորեն ասված մի իմաստուն խոսք՝ ճերմակ ու մերկ ձեռքով ողորկ պատին գրված:

Ինչքան ավելի շատ էր Ֆրիդրիխը տառապում, որ այդ միտքը գոյություն ուներ և կարողանում էր խորապես անհանգստացնել իրեն, այնքան ավելի էր թշնամանում նրա նկատմամբ և այդ մյուս կոչվածը, որ նրա մեջ զանազան տարակուսանքներ էր հարուցում, ինչ-ինչ ծածուկ հնարանքներով ավելի ու ավելի հոգեհարազատ ու ընդունելի էր դառնում իր համար: Սակայն, եթե ճշմարիտն ասելու լինենք, մինչև վերջին ժամանակներս իսկապես կրթյալ մարդկանց շրջաններում միայն շատ քչերն էին ծանոթ այդ նոր ուսմունքին, մի ուսմունք, որը եթե ծավալվեր և հզորանալու լիներ, հաստատապես կարելի է նկատել, որ երկրիս երեսին գոյություն ունեցող հոգևոր մշակույթի բոլոր բնագավառները կանգնեցնելու էր ոչնչացումի ու քաոսի վերածվելու սպառնալիքի առաջ: Բայց այժմ այն դեռ չէր հասցրել այդքան ծավալվել, և այն եզակի անձինք, որոնք բոլորին ի տես բացահայտորեն նման գաղափարներ էին քարոզում, դեռևս այնքան քչերն էին, որ նրանց հաճախ ընդունում էին որպես տարօրինակություններով օժտված և քմահաճ օրիգինալության մարմաջով տառապող անձնավորությունների: Եվ սակայն այդ թույնի ինչ-որ մի կաթիլը, նմանօրինակ մտածողության ճառագումները արդեն իսկ կարելի էր այս ու այնտեղ նշմարել: ժողովրդի մարդկանց և կիսով չափ կրթվածների շրջանում առանց այդ էլ տարածված էին ամեն տեսակ նոր ուսմունքներ, ծածուկ վարդապետություններ, աղանդներ ու հետևորդներ, դրանցով լի էր աշխարհը, ամենուրեք իրեն զգալ էր տալիս զանազան սնոտիապաշտությունների, միստիկ հավատալիքների, հոգիների պաշտամունքն և այլևայլ սևումութ ուժերի գոյությունը, նրանց, ում հաղթելու համար մեծ աշխատանք պետք է տարվեր, և, այդուամենայնիվ, նրանց կողքով գիտությունը, ասես զգացմունքի ինչ-ինչ գաղտնի թուլությունից դրդված, առայժմ մի տեսակ զգուշավոր լռությամբ էր անցնում:

Մի օր էլ Ֆրիդրիխը այցելեց իր բարեկամներից մեկին, որի հետ ժամանակին որոշ գիտական ուսումնասիրություններ էր կատարել: Այժմ նա այդ բարեկամին բավական երկար ժամանակ է չէր տեսել, հիմա այդպես էր պատահել, ինչ արած: Մինչ նա բարձրանում էր տան աստիճաններով՝ ջանում էր մտաբերել, թե երբ և որտեղ է վերջին անգամ իր այդ բարեկամի հետ միասին եղել: Ինչքան էլ նա սովորույթի համաձայն պարծենար իր հիշողությամբ՝ ոչինչ չէր կարողանում մտաբերել: Աննկատելիորեն դրա պատճառով նրա տրամադրությունը որոշակիորեն ընկավ և նույնիսկ մի տեսակ վրդովված տեսք ընդունեց, որից նա, բարեկամի դռան առջև կանգնած, մեծ ջանքերի գնով մի կերպ միայն ազատվեց:

Դեռ հազիվ էր ողջունել իր բարեկամ Էրվինին, երբ նրա բարեկամական դեմքին մի ինչ-որ, ասես ողորմած ժպիտ նկատեց, մի բան, որ առաջներում երբեք նրա մոտ չէր նկատել: Հազիվ էր դեռ այդ ժպիտը իր աչքովն ընկել, երբ նա, չնայած վերջինիս բարեկամական բնույթին, անմիջապես այն ընկալեց որպես հեգնական կամ անգամ թշնամական մի բան և նույն ակնթարթին մտաբերեց նաև այն, ինչը հենց նոր միայն անօգուտ կերպով փորփրում էր իր հիշողությունների մեջ. Էրվինի հետ իր վերջին տեսակցությունը, դա շատ առաջ էր, ճիշտ է, այն ժամանակ նրանք չէին վիճում իրար հետ, բայց և մի ներքին անմիաբանությամբ ու վատ տրամադրության մեջ բաժանվեցին, քանի որ Էրվինը, ինչպես իրեն թվում էր, սնոտիապաշտության թագավորության վրա իր այն ժամանակվա հարձակումներին չափազանց անվճռականորեն էր պաշտպան կանգնել:

Տարօրինակ էր: Ինչպե՞ս նա կարող էր այդ ամենը մոռանալ: Նոր միայն հասկացավ, որ հենց այդ պատճառով էլ այսքան երկար ժամանակ չէր էլ փորձել փնտրել-գտնել իր բարեկամին, միմիայն այն վատ տրամադրության պատճառով, և որ այս ամբողջ ընթացքում ինքը շատ լավ էլ իմացել էր այդ բոլորը, թեև մշտապես բազում այլևայլ պատճառաբանություններ էր փորձել գտնել՝ իր այդ այցելության հետաձգումը արդարացնելու համար:

Այժմ նրանք կանգնած էին իրար դեմ-դիմաց, և Ֆրիդրիխին թվաց, որ իրենց միջև ժամանակին գոյավորված աննշան ճեղքվածք-տարաձայնությունը այս ընթացքում աննկատելիորեն մեծացել էր: Այդ պահին իր և Էրվինի միջև պակասում էր, այդպես նրան թվաց բնազդաբար, մի բան, ինչը առաջներում մշտապես առկա է եղել՝ մտերմության, անմիջական փոխըմբռնումի, հենց թեկուզ փոխադարձ համակրանքի մթնոլորտը: Փոխարենը իր առջև դատարկություն էր, վիհ, օտարոտի մի բան: Նրանք ողջունեցին իրար, սկսեցին խոսել եղանակից, ծանոթներից, միմյանց առողջական վիճակից, և, աստված գիտե, թե որտեղից դա եկավ, արտաբերված ամեն բառի առիթով Ֆրիդրիխը այն վրդովեցուցիչ զգացումն էր ունենում, թե դիմացինին ամբողջովին չի հասկանում, և որ իր խոսքերն էլ անըմբռնելի են մնում նրա համար, իր մտքերն ասես շրջանցում էին նրան՝ անկեղծ խոսակցության համար ոչ մի ընդհանուր հող գտնել չկարողանալով: Էրվինի դեմքի վրա մշտապես խաղացող բարեկամական ժպիտը ևս Ֆրիդրիխին արդեն ատելու աստիճան անհանգստացնում էր:

Հոգնեցուցիչ զրույցի դադարի միջոցին Ֆրիդրիխը հայացքը պտտեց իրեն քաջ ծանոթ աշխատասենյակով մեկ և աչքովն ընկավ պատից կախ գնդասեղով թույլ ամրացված մի թերթոն: Տեսարանը նրան անչափ հուզեց և հին հիշողություններ արթնացրեց նրա հոգում, քանի որ նույն պահին մտաբերեց, որ շատ ժամանակ առաջ, դեռ ուսանողական տարիներին, Էրվինը սովորություն ուներ ժամանակ առ ժամանակ որևիցե մտածողի մի ասույթը կամ բանաստեղծի մի տողը այդ կերպ աչքի առաջ ունենալ ու մտապահել: Նա վեր կացավ և գրությունը կարդալու նպատակով մոտեցավ պատին:

Այնտեղ Էրվինի սքանչելի ձեռագրով հետևյալ խոսքերն էին գրված. «Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետև այն ինչ դրսում է՝ միաժամանակ նաև ներսում է»:

Դժգունած տեսքով նա մի պահ կանգնած մնաց: Հենց սա է, որ կար: Նա կանգնած էր սարսափելիի առաջ։ Մի ուրիշ ժամանակ նա սովորականի պես կնայեր այս թղթի խոսքերին, ներողամիտ հանդուրժողականությամբ այն համարելով մի ինչ-որ տրամադրության, մի անմեղ ու բարեհոգի և, վերջապես, յուրաքանչյուրին թույլատրված կրքի կամ հաճույքի արտահայտություն, գուցե նաև խնայողական ողորմածության արժանի մանր-մունր զգացմունքայնության դրսևորում: Այժմ, սակայն, ամեն ինչ մի փոքր այլ էր: Նա զգում էր. այս խոսքերը ինչ-որ անցողիկ բանաստեղծական տրամադրության արտահայտություն չեն, և ոչ էլ ինչ-որ տրամադրության թելադրանքով էր այսքան տարիներ անց Էրվինը վերադարձել երիտասարդության շրջանի իր այս սովորույթին: Այստեղ արտահայտություն էր գտել այն, ինչը խորհրդանշում էր իր բարեկամի ներկայիս զբաղմունքի ոլորտը, և դա միստիցիզմ էր… Էրվինը ուրացող էր:

Դանդաղորեն նա շրջվեց դեպի իր զրուցակիցը, որի դեմքին վերստին փայլում էր լուսավոր ժպիտը:

– Խնդրում եմ ինձ բացատրիր սա,– պահանջկոտ տոնով ասաց նա: Էրվինը բարեկամական սիրահոժարությամբ գլխով արեց:

– Մի՞թե դու չես կարդացել այս ասույթը:

– Ինչ խոսք,– բացականչեց Ֆրիդրիխը,– անշուշտ, ես այն գիտեմ: Դա միստիցիզմ է, գնոստիցիզմ: Գուցե բանաստեղծորեն ասված, բայց… ես քեզ խնդրում եմ, մեկնաբանիր ինձ այս ասույթը և թե ինչո՞ւ է այն քո պատին կախված:

– Հաճույքով,– ասաց Էրվինը:– Այս ասույթը մի ամենանախնական ներածությունն է ճանաչողության այն ուսմունքի, որով ներկայումս զբաղվում եմ և որին անչափ երախտապարտ եմ ինձ մատուցած բազում երջանիկ զգացողությունների համար:

Ֆրիդրիխը զսպեց իր դժգոհությունը: Նա հարցրեց. – Մի նոր ճանաչողական ուսմո՞ւնք: Արդյոք այդպիսի՞ն էլ կա: Եվ ինչպե՞ս է այն կոչվում:

– Օ՜,– ասաց Էրվինը,– այն նոր է սոսկ ինձ համար: Իրականում արդեն շատ հին է և շատերի կողմից մեծարանքների արժանացած: Այն կոչվում է մոգություն:

Բառն արդեն արտաբերված էր: Այսպիսի մի բացահայտ խոստովանություն-հայտարարությունից այժմ արդեն խորապես անակնկալի եկած ու սարսափահար՝ Ֆրիդրիխը, հին թշնամության երկյուղած սարսուռը աչքերում, իրեն զգում էր իր բարեկամի անձնավորության հետ դեմ առ դեմ կանգնած, ակն ընդ ական: Լա լռեց: Չգիտեր՝ զայրանար, թե լաց լիներ, անփոխարինելի կորստյան զգացումը դառնությամբ էր լցնում նրա հոգին: Բավական երկար նա խոսել չէր կարողանում:

Վերջապես սկսեց խոսել՝ ձայնին արհեստական հեգնանք խառնելով.– Ուրեմն դու ուզում ես մո՞գ դառնալ:

– Այո,– անվրդով ասաց Էրվինը:

– Այսպես կոչված մութ ուժերի, կախարդության սպասավոր, այնպես չէ՞։

– Ճիշտ այդպես:

Ֆրիդրիխը վերստին լռեց: Այնպիսի լռություն էր, որ լսվում էին հարևան սենյակի ժամացույցի զարկերը:

Հետո նա ասաց.– Գիտե՞ս, որ դրանով իսկ դու քո կապերը խզում ես իսկական և լրջմիտ գիտության հետ, ինչպես նաև հրաժարվում ես ինձ հետ ունեցած բարեկամությունից:

– Հուսով եմ՝ ոչ,– եղավ Էրվինի պատասխանը:– Ի՞նչ խոսք, եթե այդպես է դուրս գալիս՝ ի՞նչ կարող եմ ես անել:

Ֆրիդրիխը պոռթկալով բղավեց.– Ինչպե՞ս թե ինչ կարող ես անել: Պետք է գրողի ծոցը նետես այդ զվարճախաղը, հրաժարվես այդ սարսափելի ու անիմաստ կախարդանքներին հավատալուց, հրաժարվես մեկընդմիշտ և անվերադարձ: Դու դա պետք է անես, եթե միայն ուզում ես իմ համակրանքը շահել:

Էրվինը դեռ շարունակում էր ժպտալ, թեև այժմ արդեն նա էլ այլևս ուրախ չէր երևում:

– Դու այնպես ես խոսում,– ասաց նա այնպես կամացուկ, որ Ֆրիդրիխի զայրացած ձայնի ելևէջներն իր հուշիկ ասված խոսքերի ընթացքում, թվում է դեռ չէին մարել ու արձագանքվում էին,– այնպես ես խոսում, Ֆրիդրիխ, կարծես իմ կամքից է կախված, թե այս պահիս ես ինչ ընտրություն կանեմ: Դա այդպես չէ: Ընտրություն կատարելու ես ոչ մի հնարավորություն չունեմ: Ես չէ, որ մոգությունն եմ ընտրել: Նա է ինձ ընտրել:

Ֆրիդրիխը խորը հոգոց հանեց.– Այդ դեպքում մնաս բարով,– հանդարտ ասաց նա և վեր կացավ՝ առանց ձեռքն անգամ խոսակցին մեկնելու:

– Այդպես չեղավ,– այժմ արդեն բարձրաձայն բացականչեց էրվինը,– Օ, ոչ, դու այդպես չպետք է ինձանից հեռանաս: Պատկերացրու մի պահ, որ մեզանից մեկը շուտով մահանալու է, և դա այդպես է, ու մենք պետք է հրաժեշտ տանք իրարու:

– Բայց, Էրվին, մեզանից ո՞ր մեկն է լինելու այդ մահացողը:

– Այսօր թող դա ես լինեմ, բարեկամ: Ով ցանկանում է նորածին լինել, նա պետք է մեռնելուն պատրաստ լինի:

Մեկ անգամ էլ Ֆրիդրիխը մոտեցավ պատից կախված թերթոնին և կարդաց ներսին ու դրսին վերաբերող ասույթը:

– Դե լավ,– ասաց նա վերջապես,– դու իրավացի ես, չարժե իրարից նեղացած բաժանվել: Կանեմ ասածիդ պես: Ես ընդունում եմ, որ մեզանից մեկը մահանալու է: Ես էլ կարող եմ այդ մահացողը լինել: Մինչև հրաժեշտ տալը ես քեզանից մի վերջին խնդրանք ունեմ:

– Սիրով,– ասաց Էրվինը:– Ասա, խնդրեմ, թե հրաժեշտից առաջ ինչով կարող եմ քեզ ծառայել:

– Ես պետք է կրկնեմ իմ առաջին հարցը, որը և իմ խնդրանքն է. բացատրիր ինձ այդ ասույթը՝ ինչպես ինքդ ես հասկանում:

Էրվինը կարճ ժամանակ անց, սթափվեց և, այնուհետև, խոսեց.

– Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ: Սրա կրոնական իմաստը պետք է որ քեզ հայտնի լինի. Աստված ամենուր է: Այն հոգու մեջ է ու նաև՝ բնության մեջ: Ամեն ինչ Աստծով է ներծծված, քանի որ Աստված ինքը ամբողջն է: Առաջներում մենք դա կոչում էինք պանթեիզմ: Այժմ՝ փիլիսոփայական իմաստը․ դուրս և ներս, արտաքին և ներքին բաժանումը մեր մտածողությանը հատուկ է, բայց ոչ անհրաժեշտ: Մեր հոգու համար, սակայն, մի հնարավորություն կա պահված՝ հետ քաշվել, նահանջել այն սահմաններից ներս, որը մենք ենք գծել նրա համար, դա մյուս իրականությունն է՝ անդրաշխարհը: Այս երկու հակադիր աշխարհների ետևում, որից և գոյավորվում է մեր աշխարհը, նոր, բոլորովին ուրիշ իմացություններ են սկիզբ առնում: Սակայն, սիրելի բարեկամ, ես պետք է քեզ խոստովանեմ հետևյալը, այն պահից սկսած, երբ իմ մտածելակերպը փոփոխություններ կրեց, ինձ համար ոչ մի բառ կամ արտահայտություն այլևս միանշանակ կերպով գոյություն չունի, յուրաքանչյուր բառ տասնյակ, հարյուրավոր իմաստներ է պարունակում: Հենց այստեղից էլ սկսում է այն, ինչից դու վախենում ես՝ մոգությունը:

Ֆրիդրիխը ճակատը կնճռոտեց և ուզում էր նրան ընդհատել, սակայն Էրվինը հանգստացնող հայացքով նրա կողմը նայեց և հնչուն ձայնով շարունակեց.– Թույլ տուր ինձ քեզ մի առարկայական օրինակ բերեմ: Իմ մոտից ինչ-որ բան վերցրու, ցանկացած առարկա, և թեթևակիորեն զննիր այն, այդժամ ներսի ու դրսի մասին արտահայտությունը իր բազմաթիվ իմաստներից մեկը կպարզի քո առաջ:

Նա իր շուրջը նայեց, պատի քիվից կախ ընկած մի փոքրիկ ջնարակված կավե արձանիկ վերցրեց ու մեկնեց Ֆրիդրիխին՝ ասելով.

– Վերցրու այս քեզ հետ որպես իմ հրաժեշտի նվերը: Երբ այս առարկան, որը հիմա քո ձեռքն եմ տալիս, դադարի քեզանից դուրս լինելուց և քո մեջ հայտնվի, կրկին եկ ինձ մոտ: Իսկ եթե քեզանից դուրս մնա, այնպես, ինչպես հիմա է, ուրեմն և մեր այս հրաժեշտը թող հավիտյանս երկարի:

Ֆրիդրիխը դեռ շատ բան էր ուզում ասել, սակայն Էրվինը ձեռքը նրան մեկնեց, սեղմեց այն և այնպիսի մի կեցվածքով մնաս բարով ասաց, որ խոսելու այլևս ոչ մի տեղ չէր թողնում:

Ֆրիդրիխը իջավ աստիճաններով (ի՜նչ ահռելիորեն շատ ժամանակ էր անցել այն պահից, երբ ինքը բարձրանում էր այս աստիճաններով), նա քայլում էր փողոցներով՝ ուղղություն վերցրած դեպի տուն, փոքրիկ կավաշեն արձանիկը ձեռքին, շվարած ու ներքնապես դժբախտ: Իր տան առջև կանգ առավ, ոխակալ չարությամբ մի պահ թափահարեց բռունցքը, որի մեջ արձանիկն էր պահում, և հանկարծ մեծ հաճույք զգաց այդ ծիծաղելի իրը գետնի վրա ջարդուփշուր անելու մտքից: Սակայն բանը դրան չհասավ, շրթունքները կծեց և մտավ իր բնակարանը: Նա երբեք այսպես հուզված, հակադիր զգացմունքների բախումից այսքան ճնշված չէր եղել:

Նա սկսեց տեղ որոնել իր բարեկամի նվերի համար և արձանիկը տեղադրեց գրապահարաններից մեկի վերին դարակի վրա: Առայժմ թող այդտեղ մնար:

Օրվա ընթացքում երբեմն-երբեմն նրան էր նայում՝ երկար մտածելով այդ իրի և նրա հայտնության հանգամանքների մասին, գլուխ կոտրելով այն իմաստի առթիվ, որ այդ անմիտ առարկան պետք է իր համար ունենար: Դա մի փոքրիկ արձանիկ էր՝ մարդու կամ աստծու կամ ինչ-որ կուռքի, երկու, դեմքերով, այնպես, ինչպես հռոմեական Յանուս աստվածն էր, բավական կոպտորեն կատարված կավաշեն մի աշխատանք, որն ասես ծածկված լիներ մի տեսակ վառված ու ճաքճքած ջնարակի շերտով: Այդ փոքրիկ քանդակը կոպիտ ու անորակ շինվածքի տպավորություն էր թողնում, դա հաստատապես հռոմեական կամ հունական շրջանի աշխատանք չէր, ավելի շուտ աֆրիկյան կամ հարավային ծովի կղզիաբնակ ինչ-որ մի հետամնաց ու կիսավայրենի ժողովրդի արտադրանք պետք է լիներ: Երկու դեմքերին էլ, որ կատարելապես նման էին իրար, մի տեսակ բութ, ծույլ և ասես քմծիծաղ տվող ժպիտ էր խաղում, դա ուղղակի զզվելի էր և նման էր այն այլանդակ գաճաճին, որի դեմքին մշտապես ինչ-որ ապուշ ու չարախինդ ժպիտ էր շռայլորեն գծագրվում:

Ֆրիդրիխը ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ այդ արձանիկին: Այն իր համար ամբողջովին տհաճ էր ու ատելի, կարծես իր ճամփին կանգնած լիներ և անհանգստացնում էր իրեն: Մյուս օրն արդեն նա այն ցած բերեց և դրեց վառարանի վրա, մեկ ուրիշ օր էլ վերցրեց ու խցկեց պահարաններից մեկի մեջ: Անընդհատ նա իր աչքին էր գալիս, ասես ճեղքելով առաջ անցնում, սառն ու անմիտ հայացքով ժպտում էր նրան, իրեն կարևոր մի բան երևակայում, ձգտում ուշադրության արժանանալ։ Մի երկու-երեք շաբաթ անց նա այն վերցրեց և տեղադրեց նախասրահում՝ Իտալիւսյում կատարված լուսանկարների և զվարճալի, փոքրիկ հուշանվերների միջև, որոնք սփռված էին շուրջբոլորը և որոնց վրա ոչ ոք երբեք ուշադրություն չէր դարձնում: Այժմ կուռքի արձանիկը հազվադեպ պահերի էր նրա անչքովն ընկնում, երբ դուրս էր գալիս կամ տուն վերադառնում, այդժամ նա շտապով անցնում էր նրա կողքով՝ առանց երբևէ նրան մոտիկից տեսնելու: Բայց և այնպես, եթե նույնիսկ կողքովն էլ չէր անցնում, այդ իրը շարունակ անհանգստացնում էր իրեն: Այդ ապակու կտորի, երկու դեմքանի այդ վիժվածքի հայտնվելուն պես իր կյանք ներխուժեցին անախորժություններն ու տառապալից ապրումները:

Օրերից մի օր Էլ, շաբաթներ անց, կարճատև ուղևորությունից տուն Էր վերադառնում (նման էսքկուրսիաներ այժմ նա հաճախ էր ձեռնարկում, ինչ-որ խարդավանքներ նրան ասես անընդհատ հետապնդելիս լինեին), մտավ իր բնակարանը, անցավ նախասրահով, հանդիպեց աղախնուն, ընթերցեց նամակները, որ իրեն էին սպասում: Բայց անհանգիստ էր ու ցրված, ասես ինչ-որ կարևոր բան մոռացած լիներ: Ոչ մի գիրք չգրավեց նրան, ոչ մի աթոռի վրա հանգիստ չգտավ: Սկսեց ուշի-ուշով զննել իրեն, մեծ ճիգ թափեց հիշելու համար, թե դա ի՞նչ կարող էր նշանակել: Ինչ-որ կարևոր բան էր բաց թողել: Անախորժություն էր ունեցել: Վնասակար բան հո չէ՞ր կերել: Կարծես գուշակեց ու գտավ, հանկարծ մտաբերեց, որ այդ անհանգստացնող զգացումը բնակարանի նախասրահը մտնելիս էր իրեն պաշարել: Նա շտապեց դեպի այնտեղ և, ակամայից, ոչ այս, ոչ այն, հայացքով սկսեց որոնել կավե արձանիկը:

Տարօրինակ մի սարսուռ անցավ մաշկի վրայով, երբ այլևս կուռքին տեսնել չկարողացավ: Այն անհետացել էր: Չկար: Նա հո չէ՞ր կարող իր կավաշեն ոտքերի վրա բարձրանալ կամ փախչել: Գուցե նաև ինչ-որ կախարդանք նրան վերստին ետ էր կանչել այնտեղ, որտեղից եկել էր:

Ֆրիդրիխն իրեն հավաքեց, քմծիծաղ տվեց, հանդիմանանքով տարուբերեց գլուխը իր անհանգստության առթիվ: Հետո, խաղաղվելով, սենյակով մեկ սկսեց որոնել այն: Երբ ոչինչ չգտավ՝ կանչեց աղախնուն: Նա եկավ, շփոթված էր ու հանցանքն ընդունողի տեսքով խոստովանեց, որ այդ իրը սենյակն հավաքելիս ընկել էր իր ձեռքից:

– Որտե՞ղ է:

Այն այլևս չկար: Այդ փոքրիկ իրը, որ շատ ամուր էր թվում, նա այնքան հաճախ էր իր ձեռքերում պահել, բայց այն այժմ մանր կտորտանքների ու բեկորների էր վերածվել, այնպես, որ հնարավոր չէր վերաշինել: Նրան ցույց տրվեցին ջնարակված զանգվածի կտորտանքները, որ ասես իրեն ծաղրելիս լինեին, ապա նորից մի կողմ նետվեցին:

Ֆրիդրիխը ազատ արձակեց, աղախնուն և ժպտաց: Դրա դեմ նա ոչինչ չուներ: Մի կուռքի պատճառով աստծո առաջ մեղա գալու խնդիր չկար: Այդ ճիվաղը այլևս գոյություն չուներ, հիմա պետք է որ ինքը հանգստանար: Ա՛յ եթե ինքը հենց այն ժամանակ, առաջին իսկ օրերին, այն ջարդուփշուր արած լիներ… Ի՜նչ տառապանքներ էր նա կրել այս ամբողջ ընթացքում… Ինչպես էր այդ ծույլ, այդ օտարոտի, նենգամիտ ու չար, այդ դիվային կուռքիկը իրեն ծաղրուծանակի ենթարկել… Իսկ այժմ, երբ այն արդեն հեռու էր, նա հո կարո՞ղ էր ինքն իրեն խոստովանել. ինքը վախենում էր նրանից, իսկապես և անկեղծորեն ասած վախենում էր այդ կավե աստվածիկից։ Միթե նա այն ամենի խորհրդանիշն ու ազդանշանը չէր, ինչը ատելի ու անտանելի էր իր՝ Ֆրիդրիխի համար, ինչը նա վնասակար ու թշնամական էր համարում, և որի դեմ դեռ վաղուցվանից էր կռիվ տալիս, բոլոր այն սնոտիապաշտությունների, խավարի ուժերի, բոլոր կարգի խղճի ու հոգեկան բռնությունների խորհրդանիշը: Արդյո՞ք, հենց նա չէր ներկայացնում բոլոր այն սարսափելի ուժերին, որոնց ստորգետնյա խառնակություններն ու սադրիչ գործողությունները երբեմն-երբեմն իրենց զգալ էին տալիս այն հեռու թվացող երկրաշարժերի, քաղաքակրթության մոտալուտ վախճանի ու սպառնալիքի պես աշխարհի գլխին կախված քաոսի դրսևորումներով: Արդյո՞ք, այդ նողկալի արձանիկը չէր իրենից խլել իր բարեկամին, ոչ միայն խլել, այլև թշնամի դարձրել: Եվ հիմա, այս պահից սկսած այդ իրը չկար: Անհետացել էր: Ոչնչացել: Ցնդել էր: Այսպես այնքան լավ էր, շատ ավելի լավ, քան եթե ինքն անձամբ նրան ջարդուփշուր արած լիներ: Այսպես նա մտածեց, կամ գուցե ասաց, և սովորականի պես տրվեց իր զբաղմունքներին:

Բայց դա ասես մի կատարյալ անեծք լիներ: Այժմ բոլոր այն տեղերում, ուր նա սովորություն ուներ հանդիպելու այդ ծիծաղելի արձանիկին, ուր նախասրահի սեղանի սովորական անկյունում տեղադրված նրա տեսքը իրեն աստիճանաբար, կարելի է ասել, ինչ-որ չափով նաև մտերմիկ էր դարձել, գուցե նաև անտարբերության աստիճան ընտանի, այժմ նրա բացակայությունը սկսել էր իրեն տանջել: Այո, նրա պակասն իրեն զգալ էր տալիս, ինչքան ավելի հաճախ էր նա այդ տարածքով անցնում-դառնում, ուր այդ իրն էր սովորաբար գտնվում, նա այլևս ուրիշ բան չէր տեսնում, բացի դատարկ մնացած տեղից, և այդ դատարկությունը ասես ծավալվում էր, ընդարձակվում և օտարոտի զգացումներով ու զարհուրանքով լցնում ողջ սենյակը:

Ավելի ու ավելի վատ օրեր ու էլ ավելի սարսափազդու գիշերներ սկսեցին Ֆրիդրիխի համար: Նա այլևս չէր կարողանում նախասրահի միջով անցնել ու չմտածել երկու երեսանի կուռքի մասին, չզգալ նրա պակասը, իր մտքերի կապվածությունը նրա հետ: Դա նրա համար մի տանջալի հարկադրանք դարձավ: Եվ երկար ժամանակ, ոչ միայն այն որոշակի պահերին, երբ ինքը անցնում էր այդ սենյակով, նա մշտապես պաշարված էր լինում այդ հարկադրանքով: Դա անտանելի էր… Այնպես, ինչպես այն դատարկված սեղանի հատվածից էր դատարկությունն ու ամայությունը ճառագում, այդպես էլ այդ հարկադիր մտքերն էին իր ներսից շողարձակում՝ ողջ մնացյալը դուրս մղելով նրա միջից, խժռելով իր ներսը, այնտեղ ևս ամեն ինչ լցնելով նույն դատարկությամբ ու ամայության ոգով:

Մշտապես ամենայն պարզորոշությամբ նա իր աչքերի առաջ պատկերացնում էր այդ արձանիկը, և այժմ արդեն նրա համար վերջնականապես պարզ էր, ինչքան էլ դա անհեթեթ լիներ, որ նրա կորուստը իրեն լրջորեն մտահոգում էր: Այն նրան պատկերանում էր իր ողջ գարշելիությամբ ու բարբարոս տեսքով, իր դատարկ ու նենգամիտ ժպիտով, երկու դեմքերով հանդերձ, նույնիսկ պատահում էր, որ ինքը, ասես հարկադրաբար, բերանը ծամածռելով փորձում էր ընդօրինակել նրա այն զզվելիորեն ատելի ժպիտը: Նրան մշտապես հետապնդում էր այն հարցը, թե արդյո՞ք, իսկապե՞ս արձանիկի երկու դեմքերը կատարելապես նման էին իրար: Արդյո՞ք նրանցից մեկը, արտաքին ինչ-ինչ անհարթությունների և ջնարակե մակերևույթին նկատվող խորդուբորդությունների պատճառով, բոլորովին մի այլ արտահայտություն չուներ, ինչ-որ հարցական մի հայացք, Սֆինքսին հիշեցնող մի բան: Եվ ինչ ահավոր ու արտառոց գունավորում ուներ այդ ապակեփայլ զանգվածը․ այն կանաչ էր ու կապույտ, մոխրագույն ու կարմիր, այդ ջնարակված մակերեսը այժմ նա ավելի ու ավելի հաճախ էր այլ իրերի մեջ վերագտնում, արևի ճառագայթներով ողողված պատուհանի մեջ, թաց սալահատակի հայելում:

Այդ ջնարակված զանգվածի մասին նա շատ էր մտածում, անգամ գիշերները: Հանկարծ նույնիսկ մտածեց, թե ինչ տարօրինակ, օտարոտի ու անբարեհունչ, ավելի շուտ խորթ ու չարագուշակ բառ էր այդ «ջնարակ» կոչվածը… Նա տրոհում էր այդ բառը, և այն զզվելիորեն բաժան-բաժան էր լինում, մի անգամ նույնիսկ փորձեց հակառակ ուղղությամբ այն կարդալ: «Կարանջ» ստացվեց: Սատանան գիտի, թե այժմ արդեն ինչ կնշանակեր այդ բառի նոր հնչողությունը: «Կարանջ» բառն իրեն հաստատապես ծանոթ թվաց, նա այն շատ լավ գիտեր, այն ինչ-որ թշնամական, չարամիտ իմաստ էր արտահայտում, դա մի կրկնակ նշանակություն ունեցող գարշելի ու վրդովեցուցիչ բառ էր: Երկար ժամանակ գլուխ էր կոտրում դրա վրա, վերջապես գլխի ընկավ, որ կարանջ կոչվածը իրեն մի գրքի մասին էր հիշեցնում, որը նա տարիներ առաջ մի ուղևորության ժամանակ էր գնել ու ընթերցել, այն իրեն սարսափեցրել էր, տանջել և, սակայն, ինչ-որ ծածուկ կերպով հմայել, գիրքը կոչվում էր «Իշխանուհի Կարանչոտտի»: Այդ արձանիկի, ջնարակի, կապույտի, կանաչի, ժպիտի հետ կապված ամեն ինչ կարծես մի անեծք լիներ, այն սոսկ թշնամանք էր նշանակում, խայթում էր ու տանջում, թունավորում ամեն ինչ… Եվ ինչ տարօրինակ կերպով իր երբեմնի բարեկամ Էրվինը այն ժամանակ ժպտաց իրեն, երբ արձանիկը իր ձեռքն էր տալիս… Ի՜նչ արտառոց ժպիտ էր այն, տարօրինակորեն բազմանշանակ ու թշնամական:

Ֆրիդրիխը օրեր շարունակ վճռականորեն և ոչ առանց հաջողության պաշտպանվում էր իր մտքերի այդ հարկադրական գրոհումներից: Նա պարզորոշ զգում էր վտանգը՝ ինքը չէր ուզում խելագարվել: Օ, ոչ, ավելի լավ է մեռներ: Կարևորը բանականությունը պահպանելն էր: Ապրելը պարտադիր չէր: Նա մտածեց, որ գուցե այդ մոգություն կոչվածն էլ հենց սա էր, և ուրեմն Էրվինը այդ արձանիկի օգնությամբ ինչ-ինչ ձևերով կախարդել էր իրեն, և ինքը այժմ որպես զոհ, որպես բանականության ու գիտության ճշմարիտ պաշտպան, մութ ուժերի դեմ պայքարելով՝ ընկնում էր անհավասար կռվում: Բայց, եթե դա այդպես էր, և եթե ինքը հակված էր դրա հնարավորությունն իսկ ընդունելու և այդպես էր մտածում, նշանակում է մոգությունն իսկապես գոյություն ուներ, հետևաբար նաև կախարդություն կոչվածը: Հազար անգամ ոչ, ավելի լավ է մեռներ:

Բժշկի ցուցումով նա հաճախակի զբոսանքներ էր կատարում ու լոգանք ընդունում, երբեմն նույնիսկ երեկոյան կողմ զվարճալիքներ էր փնտրում իջևանատներից մեկում: Բայց դա շատ քիչ էր օգնում: Նա հայհոյում էր Էրվինին, նզովում ինքն իրեն:

Իր առաջվա սովորության համաձայն, մի գիշեր էլ շատ շուտ անկողին մտավ և արթուն վիճակում անհանգիստ շուռումուռ էր գալիս՝ չկարողանալով քուն մտնել: Նա իրեն չափազանց վատառողջ էր զգում ու սարսափահար: Ուզում էր խորհրդածել, ուզում էր մխիթարություն գտնել, ջանում էր իր համար ինչ-որ նախադասություններ արտասանել, բարեմիտ նախադասություններ, խաղաղացնող ու մխիթարիչ, հանգիստ ու պարզություն բերող այնպիսի քաջալերիչ արտահայտություններ մտմտալ, ինչպես օրինակ «երկու անգամ երկու հավասար է չորսի»: Ոչինչ մտաբերել չկարողացավ, սակայն, կիսախելագար հոգեվիճակի մեջ, կակազելով հնչյուններ ու վանկեր էր արտաբերում, շրթունքների վրա աստիճանաբար բառեր էին կազմվում և առանց իմաստը հասկանալու՝ նա իր համար բազմիցս կրկնում էր այն պստլիկ արտահայտությունը, որ չգիտես որտեղից գոյավորվել էր իր ներսում: Թոթովելով նա կարծես այն դուրս էր կորզում իր միջից, դրանով ասես խլացնելով ու թմրեցնելով իր շուրջբոլորը, կարծես նպատակ ունենալով վերստին վերադառնալու և դիպչելու կորուսյալ քնի սահմանին, թվում է դա պետք է մի պատվար լիներ՝ եզերելու համար այն նեղլիկ, բարալիկ ճամփան, որ անցնում էր անդունդի վրայով:

Բայց հանկարծ, մինչ նա բարձրաձայն ինչ-որ բան էր ասում, նրա մրմնջախոս թոթովանքները թափանցեցին իր գիտակցության մեջ: Դրանք ծանոթ էին իրեն և մոտավորապես այսպես էին հնչում. «Այո, այժմ դու իմ ներսում ես»: Վայրկենապես նա ըմբռնեց ասվածը: Նա հասկացավ, թէ ինչ էր դա նշանակում, դա կավաշեն կուռքին էր վերաբերում, և ինքն այժմ, այս խավար ու մութ գիշերվա ժամին, ճիշտ և ճիշտ նույն բանն էր զգում, ինչ Էրվինն էր իր առաջ արտասանել այն սարսափելի օրը. այժմ այս արձանիկը, որ այն ժամանակ նա արհամարհական կերպով բռնել էր մատների մեջ, այլևս ոչ թե իրենից դուրս էր գտնվում, այլ հենց իր ներսում էր… «Որովհետև այն, ինչ դրսում է, այն ներսում է»:

Ասվածից վեր թռչելով՝ նա կարծես զգաց, թե սառցի ու կրակի ինչ-որ հոսանքներ են իր վրա գրոհում: Երկիրը շրջանաձև պտույտներ էր գործում իր շուրջը, խելագարի նման մոլորակներն իր վրա էին հառել իրենց աչքերը: Նա պատառոտում էր իր վրայի զգեստները, հետո վառեց լույսը, լքեց անկողինն ու տունը և ողջ գիշերն անդադար վազում էր Էրվինի տան ուղղությամբ: Այստեղ նա տեսավ, որ իրեն քաջ հայտնի աշխատասենյակի պատուհանի ետնամասում լույս էր վառվում, տան դուռը կողպված չէր, ամեն ինչ կարծես իր գալուն էր սպասում: Նա գրոհով վերցրեց սանդուղքը: Ամբողջապես փայլատակելով մտավ Էրվինի աշխատասենյակը, դողդղացող ձեռքերը հենեց սեղանին: Էրվինը նստած էր աղոտ լույս արձակող լուսամփոփի դիմաց, մտածկոտ, ժպիտը դեմքին:

Էրվինը բարեկամաբար վեր կացավ տեղից.– Դու եկար: Լավ է:

– Դու ինձ սպասո՞ւմ էիր,– շշնջաց Ֆրիդրիխը:

– Դու շատ լավ էլ գիտես, որ ես քեզ սպասում էի այն պահից սկսած, երբ դու այստեղից հեռացար և քեզ հետ տարար իմ փոքրիկ նվերը: Արդյո՞ք, պատահեց այն, ինչ այն ժամանակ ասել էի:

Ֆրիդրիխը ցածրաձայն պատասխանեց.– Կատարվեց: Կուռքի արձանիկը այժմ իմ ներսում է: Բայց ես այդ բանը երկար տանել չեմ կարող:

– Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել,– հարցրեց Էրվինը:

– Չգիտեմ: Արա, ինչպես կամենում ես: Ինձ մի քիչ էլ պատմիր քո մոգության մասին: Ասա ինձ, խնդրում եմ, ինչպե՞ս կարող է այդ կուռքը նորից իմ միջից դուրս գալ:

Էրվինը ձեռքը դրեց բարեկամի ուսին: Նա Ֆրիդրիխին մի թիկնաթոռ առաջարկեց, վերջինս ընկղմվեց նրա մեջ:

Հետո նա իր սրտաբաց խոսքն ուղղեց Ֆրիդրիխին՝ շարունակելով ժպտալ և համարյա մայրական ձայնով ասաց.

– Կուռքը նորից քո միջից դուրս կգա: Հավատա ինձ: Հավատւս ինքդ քեզ: Դու սովորել ես նրան հավատալ: Այժմ սովորիր սիրել նրան։ Նա քո ներսում է, բայց նա դեռևս մահացած է, նա քեզ համար դեռևս մի ուրվական է: Արթնացրու նրան, խոսիր հետը, հարցեր տուր… Նա հենց դու ես որ կաս: Այլևս մի ատիր նրան, մի վախեցիր նրանից, նրան մի տանջիր: Եվ ինչպե՞ս ես դու այդ խեղճ կուռքին տանջահար արել, չէ՞ որ նա հենց ինքդ էիր: Ինչպե՞ս ես ինքդ քեզ, տանջել…

– Դա՞ է դեպի մոգություն տանող ճանապարհը,– հարցրեց Ֆրիդրիխը: Նա խորը ընկղմվեց թիկնաթոռի մեջ, կարծես ծերացած լիներ, ձայնն էլ մեղմացել էր:

Էրվինը շարունակեց.– Դա է ճանապարհը, և ամենադժվարին քայլը համարիր, որ դու արդեն կատարել ես: Դու քո սեփական փորձով ես համոզվել, դրսինը կարող է ներսին դառնալ, արտաքինը՝ ներքին: Դու եղել ես իրար հակադիր երկու բևեռների այնկողմում: Այն քեզ որպես դժոխք է պատկերացել, հավատա, բարեկամ, որ դա հենց երկինքն է, որ կա… Այսպիսով, քո առջևում ընկածը երկինքն է: Ահա, տես, թե որն է մոգությունը, ներսն ու դուրսը իրար են միախառնվում, բայց ոչ թե հարկադրաբար, ոչ թե հիվանդագին կերպով, ինչպես դու էիր փորձում անել, այլ ազատորեն, ինքնակամ: Ոգեկոչիր անցյալը, ոգեկոչիր ապագան․ երկուսն էլ քո մեջ են: Դու մինչև այսօր քո ներսի ստրուկն ես եղել: Սովորիր նրա տերը դառնալ: Սա՛ է մոգությունը:

 «Ներսը և դուրսը»Հերման Հեսսեի ստեղծագործություններից. ստորև ներկայացվում է այն` Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ: Նյութը թվայնացրել և տրամադրել է Արմեն Բադալյանը: