Ուիլյամ Շեքսպիր — «Վենետիկի վաճառականը»

images (2) (1)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՎԵՆԵՏԻԿԻ ԴՈՒՔՍԸ 
ՄԱՐՈՔԻ ԻՇԽԱՆԸ
ԱՐԱԳՈՆԻ ԻՇԽԱՆԸ 
ԱՆՏՕՆԻՈ վենետիկցի մի վաճառական
ԲԱՍԱՆԻՈ նրա բարեկամը
ԳՐԱՑԻԱՆՈ
ՍՕԼԱՆԻՈ
ՍԱԼԱՐԻՆՈ բարեկամներ Անտօնիոյի եւ Բասանիոյի
ԼՈՐԵՆՑՈ Ջեսիկայի սիրահարը
ՇԱՅԼՈԿ մի հարուստ հրէայ
ՏԻՒԲԱԼ մի հրէայ, նրա բարեկամը
ԼԱՆՍԸԼՈՏ ԳՈԲԲՈ մի խեղկատակ, Շայլոկի ծառան
ԾԵՐ ԳՈԲԲՈ Լանսըլոտի հայրը
ՍԱԼԵՐԻՈ մի լուր բերող
ԼԷՈՆԱՐԴՈ Բասանիոյի ծառան
ԲԱԼԹԱԶԱՐ
ՍՏԵՖԱՆՈ Պորցիայի ծառաները
ՊՈՐՑԻԱ մի հարուստ ժառանգուհի
ՆԵՐԻՍԱ նրա նաժիշտը
ՋԵՍԻԿԱ Շայլոկի աղջիկը
Վենետիկի մագնիֆիկոներ, դատարանի բարապաններ եւ պաշտօնեաներ, բանտապահ, Պորցիայի ծառաները եւ ուրիշ սպասաւորներ:
Տեսարանը տեղի ունի մասամբ Վենետիկում, մասամբ Բելմոնտում` Պորցիայի պալատում:

Վենետիկ: Մի փողոց:
Գալիս են Անտօնիոն, Սալարինոն եւ Սօլանիոն:
ԱՆՏՕՆԻՈ
Իրա՛ւ, չգիտեմ, թէ ինչ պատճառով այսքան տխուր եմ:
Սիրտս նեղւում է. ասում էք, թէ դա ձեզ էլ նեղում է.
Բայց թէ ի՛նչ ձեւով բռնեցի, գտայ կամ ստացայ այդ,
Թէ ի՛նչ նիւթից է, ինչի՛ց է ծնուած, դեռ չեմ հասկանում,
Եւ տրտմութիւնը այնպէս բթամիտ դարձրել է ինձ,
Որ ինքս իմ աչքիս խորթ եմ երեւում:
ՍԱԼԱՐԻՆՈ
Ձեր միտքն անդադար տարուբերւում է ովկիանի վրայ:
Այնտեղ ձեր նաւերն` իրենց փառահեղ առագաստներով,
Որպէս կոհակի սինեօրներ, հարուստ քաղաքացիներ,
Կամ կարծես ծովի տօնական ցոյցեր
Բարձրից են նայում վաճառականի փոքրիկ նաւերին,
Որ նրանց առաջ գլուխ են տալիս եւ խոնարհւում են
Երբ նրանց կողքից թռչում անցնում են հիւսկեն թեւերով:
ՍՕԼԱՆԻՈ
Հաւատացէք ինձ, թէ ես էլ այդքան գոյք ունենայի`
Ծովերի վրայ վտանգի դրած,
Զգացումներիս լաւագոյն մասը դուրսը կը լինէր
Իմ յոյսերի հետ. եւ խոտի շիւղեր կը քաղէի միշտ,
Որ տեսնեմ` քամին ո՛ր կողմն է փչում.
Գլուխս կախած քարտէզների վրայ` նաւահանգիստներ,
Նաւամատոյցնէր, խարսխատեղեր կը պրպտէի,
Եւ ամէն մի բան, որ երկիւղ տար ինձ գոյքերիս համար,
Անկասկած, սիրտս կը տխրեցնէր:
ՍԱԼԱՐԻՆՈ
Բերանիս շունչը, որով ապուրս սառեցնէի,
Դողցոց կը տար ինձ, երբ մտածէի, թէ մի խիստ քամի

Ինչքա՜ն մեծ վնաս կարող էր տալ ինձ ծովերի վրայ:
Ես չէի կարող նայել աւազէ իմ ժամացոյցին`
Առանց յիշելու ծանծաղուտները եւ աւազուտներն,
Առանց տեսնելու իմ հարուստ «Անդրէն»` աւազում խրուած,
Իր բարձր կայմը աւելի թեքած, քան իր կողերը,
Որպէս թէ ուզէր ինքը համբուրել իր գերեզմանը:
Կարո՞ղ էի ես եկեղեցի գնալ,
Տեսնել վիմաշէն սրբազան տունը
Եւ միտ չբերել այն վտանգաւոր քարաժայռերը,
Որոնք իմ քնքուշ նաւի կողերին դիպչէին թէ չէ,
Նրա համեմներն ցրիւ կը տային ջրի երեսին,
Գոռ ալիքներին կը հագցնէին իմ մետաքսները,
Մէկ խօսքով` գոյքս մի րոպէ առաջ այսինչքան կ`արժէր,
Իսկ յետոյ` ոչինչ: Կարո՞ղ եմ ես այդ երեւակայել,
Եւ չմտածել, որ այդպիսի բան եթէ պատահէր,
Կը տխրեցնէր ինձ: Ի՛նչ կ`ուզէք, ասէք.
Գիտեմ, Անտօնիոն այն պատճառով է այսպէս մտահոգ,
Որ մտածում է իր գոյքի վրայ:
ԱՆՏՕՆԻՈ
Ոչ, հաւատացէ՛ք, ա՛յդ մասին բախտիս երախտապարտ եմ:
Իմ ապրանքները չեմ վստահացել մի միակ նաւի,
Ոչ էլ մի տեղի. ոչ էլ իմ ամբողջ հարստութիւնը
Այս ներկայ տարուայ բախտիցն է կախուած:
Ոչ, ապրանքս չէ ինձ տխրեցնողը:
ՍԱԼԱՐԻՆՈ
Սիրահարուած էք ուրեմն:
ԱՆՏՕՆԻՈ
Ֆո՜ւյ, ֆո՜ւյ:
ՍԱԼԱՐԻՆՈ
Այ՞դ էլ չէ, ուրեմն, ասենք, տխուր էք, քանզի ուրախ չէք,

Եւ թէ ձեզ նոյնչափ դիւրին կը լինէր
Ծիծաղել, ցատկել եւ յետոյ ասել, թէ դուք ուրախ էք,
Քանզի տխուր չէք: Երկերեսանի Եանոսը վկա՜յ,
Բնութիւնն ստեպ շատ տարօրինակ տիպեր է ստեղծում:
Կան մարդիկ, որոնք երբեք ծիծաղից աչք չեն բաց անում
Եւ քրքջում են, ինչպէս թութակը պարկապզուկից.
Կան եւ ուրիշներ` այնպէս քացախած քիթ ու մռութով,
Որ ատամներն էլ չեն ուզում ցոյց տալ քմծիծաղի տեղ,
Թէկուզ Նեստորն էլ երդուի, թէ, իրաւ,
Ասուած կատակը ծիծաղաշարժ է:
ՍՕԼԱՆԻՈ
Ահա գալիս է ձեր ազգականը` ազնիւ Բասանիոն,
Գրացիանոյի հետ եւ Լորենցոյի: Մնացէք բարով,
Ձեզ աւելի լաւ ընկերների հետ թողնում ենք հիմա:
ՍԱԼԱՐԻՆՈ
Կ`ուզէի մնալ, մինչեւ ձեզ մի քիչ ուրախացնէի,
Եթէ աւելի յարգի պարոններ ինձ չկանխէին:
ԱՆՏՕՆԻՈ
Ձեր յարգը աչքիս շատ եւ շատ բարձր է:
Կարծեմ գործ ունիք եւ պէտք է երթաք
Եւ այս առիթից օգուտ էք քաղում մեկնելու համար:
Գալիս են Բասանիոն, Լորենցոն եւ Գրացիանոն:
ՍԱԼԱՐԻՆՈ
Բարեւ ձեզ, բարեւ, ազնիւ պարոններ:
ԲԱՍԱՆԻՈ
Բարի սինեօրներ, բարեւ, ե՞րբ պիտի մի լաւ ծիծաղենք:
Ասէք, ե՞րբ: Սաստիկ օտարացել էք. ճար չկա՞յ միթէ:
ՍԱԼԱՐԻՆՈ
Մեր ազատ ժամերն ամենայն սիրով կը նուիրենք ձեզ:
Սալարինոն եւ Սօլանիոն գնում են:

ԼՈՐԵՆՑՈ
Սինեօր Բասանիո, հիմա որ գտաք Անտօնիոյին,
Լաւ է, որ մենք ձեզ առանձին թողնենք,
Բայց չմոռանաք, թէ ճաշի համար ո՛ւր ենք ժամադիր:
ԲԱՍԱՆԻՈ
Կը գամ անպատճառ:
ԳՐԱՑԻԱՆՈ
Լաւ չէք երեւում, սինեօր Անտօնիո:
Աշխարհին շատ մեծ յարգ էք ընծայում:
Այդքան հոգսերով աշխարհը շահել` դա կորցնել է:
Հաւատացէք ինձ, անչա՜փ փոխուած էք:
ԱՆՏՕՆԻՈ
Աշխարհն իմ աչքիս այն է, ինչ որ կայ.
Մի բեմ, որի վրայ պէտք է ամէն մարդ մի դեր կատարէ:
Ինձ վիճակուածը մի տխուր դեր է:
ԳՐԱՑԻԱՆՈ
Եւ խենթի դերը թողէք` ես խաղամ:
Թող ուրախութեան եւ ծիծաղի մէջ կնճիռները գան,
Եւ թող իմ լեարդը գինուց ջերմանայ,
Քան թէ մահաբեր հեծեծանքներով սիրտս սառնանայ:
Ինչո՞ւ պէտք է մարդ, որ երակներում տաք արիւն ունի,
Քարացած նստի իր պապի մարմար արձանի նման.
Ինչո՞ւ քնանայ արթուն ժամանակ,
Դեղնուկ ստանայ շատ տրտնջալուց:
Լսիր, Անտօնիո, մի բան ասեմ քեզ,
Ես քեզ սիրում եմ, եւ հէնց իմ սէրն է, որ խօսում է այժմ:
Մի կարգ մարդիկ կան, որոնց երեսը կանգնած ջրի պէս
Կարծես սէր կապել եւ թանձրացել է.
Որոնք կամովին միշտ լուռ են մնում, որ հէնց այդ կերպով
Խելքի, լրջութեան, խորամանկութեան համբաւ ստանան:

Կարծես ասում են. «Սուս, ես եմ պարոն պատգամախօսը,
Երբ բերան բանամ, շունն էլ չհաչայ»:
Ա՜հ, իմ Անտօնիո, շատ եմ ճանաչում այդ տեսակ մարդիկ,
Որ չխօսելով խելացի մարդու անուն են շահել.
Այնինչ, վստահ եմ, եթէ խօսէին,
Պէտք է մեղքի մէջ ձգէին իրենց ունկնդիրներին,
Որոնք, լսելով նրանց խօսելը,
Անպատճառ իրենց այդ եղբայրներին յիմար կ`ասէին:
Այս նիւթի վրայ մի ուրիշ անգամ դեռ շատ խօսք ունիմ:
Բայց դու մի՛ որսա թախծութեան խայծով
Այս յիմար ձուկը, այսպիսի համբաւ:
ဓ Գնանք, Լորենցո: ဓ Դե՜հ, մնաս բարով,
Ընթրիքից յետոյ կը գամ, քարոզս կը վերջացնեմ:
ԼՈՐԵՆՑՈ
Այժմ թողնենք ձեզ մինչ ճաշի ժամը:
Երեւի ես էլ հէնց այդ անլեզու խելօքներից եմ,
Երբեք Գրացիանոն չէ թողնում` խօսեմ:
ԳՐԱՑԻԱՆՈ
Երկու տարի էլ ինձ ընկեր եղիր,
Յետոյ, երբ ինքդ քո ձայնդ լսես, քեզ օտար կը գայ:
ԱՆՏՕՆԻՈ
Գնացէք բարով. ես էլ այդ հաշուով շատախօս դառնամ:
ԳՐԱՑԻԱՆՈ
Շնորհակալ եմ, լռութիւնը գովելի է ապխտած հորթի լեզուի համար կամ անվաճառելի աղջկայ համար:
ԱՆՏՕՆԻՈ
Բա՞ն կայ սրա ասածների մէջ:
ԲԱՍԱՆԻՈ
Գրացիանոն կարող է անվերջ դատարկախօսել, որպէս ոչ մի մարդ` ամբողջ Վենետիկում: Նրա բանաւոր խօսքերը նման են երկու ցորենահատի` խառնուած երկու գրիւ դարմանի մէջ. մի ամբողջ օր պէտք է փնտրել` գտնելու համար. եւ գտնելուց յետոյ մարդ տեսնում է, որ փնտրելու նեղութեանը արժանի չէին:
ԱՆՏՕՆԻՈ
Լաւ, ասա, տեսնենք, ո՞վ է քո ասած այն օրիորդը,

Որի մօտ գաղտնի ուխտի գնալու երդում ես արել:
Խոստացել էիր, որ այսօր պատմես:
ԲԱՍԱՆԻՈ
Քեզ քաջ յայտնի է,
Անտօնիո, թէ ես վատնել եմ բոլոր կարողութիւնս
Մի քիչ աւելի փարթամ ապրուստով,
Քան իմ ունեցած սուղ միջոցները կը թոյլատրէին:
Այժմ է՛լ չեմ ողբում այդ շքեղ կեանքից զրկուելուս համար.
Այլ մի մեծ հոգս է պատուով ազատուել այնքան պարտքերից,
Որոնց մէջ ընկայ մի քիչ շատ շռայլ կենցաղակերպով:
Ես ամէնից շատ քեզ եմ պարտական դրամով եւ սիրով:
Եւ հէնց քո սէրն է, Անտօնիո, որ ինձ քաջալերում է
Բանալ քո առաջ իմ հաշիւները եւ դիտումները,
Թէ ինչ միջոցով յոյս ունիմ պրծնել բոլոր պարտքերից:
ԱՆՏՕՆԻՈ
Խնդրեմ, յայտնիր ինձ, ազնիւ Բասանիո:
Եթէ դա պատուի հակառակ բան չէ, —
Ինչպէս որ ինքդ ոչինչ չես արել պատուի հակառակ,
Ապա վստահ կաց, որ քսակս, անձս, ինչ ունիմ-չունիմ,
Բոլորը բաց է պէտքերիդ առաջ առանց փականքի:
ԲԱՍԱՆԻՈ
Երբ դպրոցական օրերում մի նետ կորցնում էի,
Իսկոյն նրա հատն արձակում էի միեւնոյն թափով
Եւ նոյն ուղղութեամբ, միայն աւելի ուշադիր աչքով`
Կորածը նորէն գտնելու համար:
Եւ վտանգելով երկուսը` յաճախ ինձ յաջողւում էր
Երկուսն էլ գտնել: Եթէ բերում եմ այս օրինակը
Իմ մանկութիւնից, ա՛յն պատճառով է,
Որ ասելիքս խիստ մանկական է:
Ես ձեզ շատ եմ պարտ. եւ ինչպէս անհոգ մի երիտասարդ…

Այն, ինչ որ պարտ եմ, կորած է արդէն.
Բայց եթէ հաճէք մէկ նետ էլ ձգել
Նոյն ուղղութիւնով, ինչ առաջինը, ապա վստահ եմ,
Որ լաւ զննելով նրա թռիչքը`
Կա՛մ երկու նետն էլ կը գտնեմ եւ կա՛մ գոնէ վերջինը
Ետ կը բերեմ ձեզ եւ երախտապարտ կը մնամ ընդմիշտ
Առաջնի համար:
ԱՆՏՕՆԻՈ
Բասանիո, դու ինձ լաւ ես ճանաչում
Եւ ժամանակը իզուր ես վատնում`
Իմ սիրոյ շուրջը այդ դարձուածքներով պտոյտ գործելով:
Եւ, անտարակոյս, ինձ շատ աւելի վիրաւորում ես`
Կասկած տածելով ամենավերջին զօրածիս վրայ,
Քան եթէ բոլոր իմ ունեցածը վատնած լինէիր:
Ասա ինձ միայն` ի՛նչ պէտք է անեմ,
Որ, քո կարծիքով, կարո՛ղ եմ անել,
Եւ ես պատրաստ եմ: Ուրեմն, խօսիր:
ԲԱՍԱՆԻՈ
Բելմոնտում շատ մեծ ժառանգութեան տէր մի օրիորդ կայ,
Որ գեղեցիկ է եւ է՛լ գեղեցիկ, քան թէ այդ բառը,
Իր սքանչելի յատկութիւններով: Նրա աչքերից
Ես ստացել եմ երբեմն սիրոյ անխօս պատգամներ:
Անունն է Պորցիա` ոչնչով պակաս Կատոնի դուստրից`
Բրուտոսի կնոջից: Ողջ աշխարհ գիտէ նրա արժէքը,
Եւ չորս հողմերը փչում բերում են բոլոր ափունքից
Շատ համբաւաւոր հետապնդողներ:
Նրա արեւշող, գանգուր վարսերը
Թափւում են, կախւում քունքերի վրայ ոսկի գեղմի պէս.
Եւ այսպէս նրա Բելմոնտի տունը Կոլքիս է դարձել,
Ուր շատ Եասոններ գալիս են` նրան գտնելու համար:

Ա՜հ, իմ Անտօնիո, եթէ միջոցներ ունենայի ես`
Նրանց մէկի հետ դիրքով մրցելու,
Սիրտս ասում է ինձ, թէ կարող էի այնպէս ես յաջողել,
Որ, անտարակոյս, բախտս կը բացուէր:
ԱՆՏՕՆԻՈ
Դու շատ լաւ գիտես, որ բոլոր կայքս ծովի վրայ է.
Ո՛չ դրամ ունիմ եւ ո՛չ էլ ապրանք, որով պարտք անեմ:
Գնա ուրեմն եւ տես, թէ վարկս
Որքա՛ն զօրութիւն ունի Վենետկում:
Եւ ես պատրաստ եմ ձգտել այդ վարկը մինչ վերջին կէտը,
Որ քեզ միջոց տամ Բելմոնտ գնալու` քո Պորցիայիդ մօտ:
Գնա եւ իսկոյն հարցուփորձ արա, թէ ո՛ւր դրամ կայ.
Նոյնն էլ ե՛ս կ`անեմ. եւ իմ հոգս չէ,
Թէ վարկի՞ս վրայ դրամ փոխ կը տան, թէ՞ սիրուս համար:
Դուրս են գնում:

Բելմոնտ: Մի սենեակ Պորցիայի տան մէջ:
Գալիս են Պորցիան եւ Ներիսան:
ՊՈՐՑԻԱ
Հաւատա ինձ, Ներիսա՛. պստիկ մարմինս ձանձրացել է այս մեծ աշխարհից:
ՆԵՐԻՍԱ
Դուք իրաւունք կ`ունենայիք այդպէս ասելու, անուշիկ տիկին, եթէ ձեր ձախորդութիւնները այնքան շատ լինէին, որքան յաջողութիւնները. բայց, ինչպէս տեսնում եմ, մարդիկ շատութեան հափրանքից նոյնքան շուտ են հիւանդանում, որքան սակաւութեան սովից:
Ուրեմն մեծ երջանկութիւն է մէջտեղում գտնուիլ. շատ ունեցողի մազերը շուտ են սպիտակում. չափաւոր ունեցողն է, որ աւելի երկար է ապրում:
ՊՈՐՑԻԱ
Լաւ խրատներ են եւ լաւ արտասանուած:
ՆԵՐԻՍԱ
Աւելի լաւ կը լինէին, եթէ հետեւող ունենային:
ՊՈՐՑԻԱ
Եթէ անելը նոյնքան դիւրին լինէր, որքան ուսուցանելը, թէ ի՛նչ պէտք է անել, մատուռները եկեղեցի եղած կը լինէին, եւ խեղճ մարդկանց խրճիթները` իշխանական պալատներ: Լաւ քարոզիչը նա է, որ ինքն իր քարոզին հետեւի: Ես աւելի դիւրաւ կարող եմ քսան հոգու ուսուցանել, թէ ի՛նչ պէտք է անել, քան թէ ինքս այս քսանից մէկը լինել եւ իմ ասածն անել: Ուղեղը շատ լաւ կարող է օրէնքներ յղանալ արեան համար, բայց տաք խառնուածքը ցատկում-անցնում է սառն կանոնի վրայից: Ջահիլութիւն ասուած գիժը մի նապաստակ է, որ բարի խորհուրդ կոչուած անդամալոյծի թակարդի վրայից ցատկում, անցնում է: Բայց այս տրամաբանութիւնից ինձ ի՞նչ օգուտ ամուսին ընտրելուս համար: Ա՜խ այդ «ընտրել» բառը, երբ ոչ կարող եմ ուզածս ընտրել, ոչ էլ չուզածս մերժել. այս կերպով մի կենդանի աղջկայ կամքը ենթարկուած է մի մեռած հօր կտակին: Ասա, Ներիսա, անտանելի բան չէ՞, որ ոչ` կարող եմ մէկին ընտրել, ո՛չ էլ միւսին մերժել:
ՆԵՐԻՍԱ
Ձեր հանգուցեալ հայրը շատ առաքինի մարդ էր, եւ սուրբ մարդիկ մեռնելու ժամանակ լաւ ներշնչումներ են ունենում: Ուրեմն, այն վիճակախաղը, որ նա սարքել է երեք տուփերով, այսինքն` ոսկի, արծաթ եւ կապար, որոնցից ուղիղ ընտրողը ձեզ ընտրած կը լինի, վերջիվերջոյ այնպէս դուրս կը գայ, որ ճիշտ ընտրողը հէնց ա՛յն մարդը կը լինի, որ իսկապէս սիրում է ձեզ: Բայց կա՞յ արդեօք ձեր սրտի մէջ որեւէ հակում դէպի այստեղ եկած իշխանական հարսնախօսներից որեւէ մէկը:
ՊՈՐՑԻԱ
Խնդրեմ մի առ մի անուններն ասես, եւ ամէն մէկի անունը յիշելիս ես նրան կը նկարագրեմ, եւ նայելով նկարագրութեանս` կարող ես իմ վերաբերմունքը կռահել:
ՆԵՐԻՍԱ
Առաջին, Նապոլիտան իշխանը:
ՊՈՐՑԻԱ
Կատարեալ ձիու քուռակ է, որովհետեւ իր ձիու վրայ խօսելուց զատ ոչինչ չէ անում եւ իր շնորհքների վրայ մի մեծ առաւելութիւն է համարում, որ կարող է ինքն իր ձեռքով իր ձին պայտել: Վախենում եմ, որ նրա յարգելի մայր իշխանուհին մի դարբնի հետ մեղանչած լինի:
ՆԵՐԻՍԱ
Յետոյ գալիս է Պալատինայի կոմսը:
ՊՈՐՑԻԱ
Նա էլ անդադար երեսն է խոժոռում, կարծես ուզում է ասել. «Եթէ ինձ հաւան չէք, ուրիշին ընտրեցէք»: Նա, որ իր երիտասարդութեան ժամանակ այսքան անքաղաքավար թխպած է, վախենում եմ, որ ծերութեան ժամանակ լալկան փիլիսոփան դառնայ: Լաւ է` մի մեռելի գանգի հետ ամուսնանամ` բերանումը մի ոսկոր բռնած, քան թէ այդ երկուսից մէկի հետ: Աստուած ազատէ ինձ այդ երկուսից:
ՆԵՐԻՍԱ
Ի՞նչ կ`ասէք այն ֆրանսիացի ազնուականի մասին, մոսեօ Լըբոնի:
ՊՈՐՑԻԱ
Քանի որ Աստուած է նրան ստեղծել, թող մարդ համարուի: Ես ինքս էլ գիտեմ, որ ծաղրելը մեղք է, բայց այդ մարդը՞… Նա Նապոլիտանից էլ աւելի է խօսում իր ձիու վրայ եւ երես խոժոռելու վատ սովորութեան կողմից Պալատինայի կոմսից էլ աւելի վատ է: Նա ամէն ոք է` առանց ոչ ոք լինելու: Մի ծիտ էլ որ երգէ, նա կը սկսի թռչկոտել. ինքն իր ստուերի հետ կը մենամարտէ: Եթէ նրա հետ ամուսնանամ, քսան մարդու հետ ամուսնացած կը լինեմ: Ուրախութեամբ կը ներեմ նրան, եթէ ինձ բաց թողնէ, որովհետեւ եթէ նա խենթանալու չափ էլ ինձ սիրէ` ես նրան սիրտ տուողը չեմ:
ՆԵՐԻՍԱ

Ի՞նչ կ`ասէք, ուրեմն, Ֆալկոնբրիջի մասին, այն անգլիացի երիտասարդ բարոնի:
ՊՈՐՑԻԱ
Դու գիտես, որ ինձ համար անկարելի է նրա հետ խօսել. ո՛չ նա է իմ լեզուն հասկանում, ո՛չ ես` նրանը: Ո՛չ լատիներէն գիտէ, ո՛չ ֆրանսերէն, ո՛չ իտալերէն. իմ անգլերէնն էլ հոյ գիտես, թէ ի՛նչ է. կարող ես համարձակ դատարան մտնել եւ երդուել, որ մի սեւ փող չարժէ: Այդ պարոնը մի շնորհքով մարդու պատկերն է միայն, բայց, աւա՜ղ, ո՞վ է կարող մի մնջկատակի հետ ապրել: Եւ ի՜նչ անհեթեթ կերպով է հագնւում: Կարծեմ բաճկոնը Իտալիայումն է գնել, կարճ վարտիքը` Ֆրանսիայում, գլխարկը` Գերմանիայում եւ շարժուձեւը` ամէն տեղ:
ՆԵՐԻՍԱ
Լաւ, նրա դրացու` սկովտիացի լորդի մասին ի՞նչ կ`ասէք:
ՊՈՐՑԻԱ
Թէ նա շատ ընկերասէր սիրտ ունի: Անգլիացուց մի ապտակ է պարտք առել եւ երդում արել, որ երբ կարողանայ, ետ կը տայ: Ֆրանսիացին էլ, կարծեմ, երաշխաւոր է եղել եւ թղթի տակը կնքել է, որ մէկն էլ ինքը կը տայ:
ՆԵՐԻՍԱ
Ինչպէ՞ս էք հաւանում երիտասարդ գերմանացուն` Սաքսոնիայի դուքսի եղբօրորդուն:
ՊՈՐՑԻԱ
Առաւօտը, երբ դեռ սթափ է, զզուելի է. կէսօրից յետոյ, երբ որ հարբած է, աւելի զզուելի: Իր լաւագոյն ժամին ադամորդուց մի քիչ վատ է, վատագոյն ժամին` անասնից մի քիչ լաւ: Դէպքերից ամենավատ դէպքում, յոյս ունեմ, որ մի հնարք կը գտնեմ` նրա ձեռքից ազատուելու համար:
ՆԵՐԻՍԱ
Բայց եթէ ընտրելու համար առաջարկ անէ եւ պատահմամբ ուղիղ տուփն ընտրէ, չէք կարող նրան մերժել, այլապէս ձեր հօր կտակը կոտրած կը լինէք:
ՊՈՐՑԻԱ
Ուրեմն, որպէսզի միգուցէ ամենավատ դէպքը պատահի, խնդրում եմ, որ մի մեծ բաժակ Հռենոսի գինի դնես չշահող տուփերից մէկի վրայ: Եթէ սատանան ինքը մի տուփի մէջ լինի, եւ այս փորձութիւնը, նոյնի վրայ` վստահ եմ, որ նա հէնց այն տուփը կ`ընտրէ: Ամէն բան կ`անեմ, Ներիսա, բայց սպունգի հետ չեմ ամուսնանայ:
ՆԵՐԻՍԱ
Կարիք չունիք վախենալու, օրիորդ, որ դրանցից մէկը կարող է ձեզ վիճակուել: Նրանք ինձ յայտնել են արդէն իրենց որոշումը, այն է` տուն վերադառնալ եւ ձեզ այլեւս չձանձրացնել իրենց առաջարկով, եթէ բացի ձեր հօր նշանակած եղանակից, այն է` տուփերի վիճակախաղից, ուրիշ կերպով հնարաւոր չլինի ձեզ ձեռք բերել:
ՊՈՐՑԻԱ
Եթէ ես Սիբիլլայի չափ էլ ապրեմ, Դիանայի պէս կոյս կը մեռնեմ եւ ուրիշ եղանակով չեմ ամուսնանայ, եթէ ոչ` միայն հօրս որոշած ձեւով: Շատ ուրախ եմ, որ փեսացուների այդ շարքը բոլորն էլ այդպէս խօսք հասկացող մարդիկ են, որովհետեւ նրանց մէջ մէկ հատը չկայ, որի բացակայութիւնը չհիացնէ ինձ, եւ աղօթում եմ, որ Աստուած բոլորին էլ բարի ճանապարհ տայ:
ՆԵՐԻՍԱ
Օրիորդ, չէ՞ք յիշում, որ ձեր հօր կենդանութեան ժամանակ մի վենետիկցի երիտասարդ` մի զինուորական եւ կրթուած մարդ, մարկիզ դը Մոնֆերայի հետ եկաւ այստեղ:
ՊՈՐՑԻԱ
Այո՛, այո՛, Բասանիոն. կարծեմ այդպէս էր անունը:
ՆԵՐԻՍԱ
Ճիշտ այդպէս, օրիորդ, բոլոր մարդկանց մէջ, որ այս յիմար աչքերս տեսած են, ամենեն աւելի նա էր արժանի մի գեղեցիկ օրիորդի:
ՊՈՐՑԻԱ
Շատ լաւ եմ յիշում նրան եւ յիշում եմ, որ նա արժանի է գովեստիդ:
Գալիս է մի ծառայ:
— Ի՞նչ կայ, ի՞նչ լուր:
ԾԱՌԱՅ

Տիրուհի, այն չորս օտարականներն ուզում են ձեզ տեսնել` մնաք-բարեւ ասելու համար. մի սուրհանդակ էլ հէնց հիմա եկաւ մի հինգերորդի կողմից` Մարոքի իշխանից: Նա լուր է բերել, թէ իր տէր իշխանը այս գիշեր այստեղ կը լինի:
ՊՈՐՑԻԱ
Եթէ կարենայի այս հինգերորդին այնպէս սրտագին բարի գալուստ մաղթել, ինչպէս միւս չորսին գնաս-բարով եմ մաղթում, ուրախ կը լինէի, որ գալիս է: Եթէ նա սրտով սուրբ լինի եւ դէմքով` դեւ, աւելի լաւ է` խոստովանահայրս լինի, քան թէ խօսնայրս: ဓ Եկ, Ներիսա: ဓ Տղայ, դու առաջ գնա: ဓ Մէկին ճամփայ չդրած` միւսն է դուռը զարկում:
Գնում են:

Վենետիկ: Մի հրապարակ:
Գալիս են Բասանիոն եւ Շայլոկը:
ՇԱՅԼՈԿ
Երեք հազար դուկատ, — լաւ:
ԲԱՍԱՆԻՈ
Այո՛, պարոն, երեք ամսով:
ՇԱՅԼՈԿ
Երեք ամսով, — լաւ:
ԲԱՍԱՆԻՈ
Որի համար, ինչպէս ասացի, Անտօնիոն երաշխաւոր կը լինի:
ՇԱՅԼՈԿ
Անտօնիոն երաշխաւոր կը լինի, — լաւ:
ԲԱՍԱՆԻՈ
Դե՛հ, ասա, կարո՞ղ ես ինձ օգտակար լինել, ուզո՞ւմ ես ինձ հաճոյք պատճառել. կարո՞ղ եմ պատասխանդ իմանալ:
ՇԱՅԼՈԿ
Երեք հազար դուկատ` երեք ամսով, եւ Անտօնիոն` երաշխաւոր:
ԲԱՍԱՆԻՈ
Եւ պատասխա՞նդ:
ՇԱՅԼՈԿ
Անտօնիոն լաւ է:
ԲԱՍԱՆԻՈ
Ո՞վ է հակառակն ասում:
ՇԱՅԼՈԿ
Ոչ, ոչ, ոչ, ոչ: Երբ որ ասում եմ` լաւ է, ուզում եմ ասել, թէ վճարելու կարող մարդ է: Բայց եւ այնպէս նրա կայքը միշտ վտանգի տակ է: Մի նաւ ունի, որ Տրիպոլի է գնում, մի ուրիշը` դէպի Հնդկաստան, Ռիալտոյում էլ, լսել եմ, թէ մի երրորդ նաւ ունի Մեքսիկոյում, մի չորրորդը Անգլիա է գնում, ուրիշ ապրանքներ էլ ունի ամէն կողմ ցիրուցան: Բայց նաւ ասած բանը տախտակ է, եւ նաւաստիք` ադամորդիք. կան ցամաքի մկներ, կան եւ ջրի մկներ, կան ցամաքի գողեր, կան եւ ջրի գողեր, այսինքն` ծովահէններ. եւ յետոյ ջրերի վտանգը կայ. հողմեր կան, ժայռեր կան: Բայց այդ բոլորով հանդերձ` մարդը կարող մարդ է: Երեք հազար դուկատ. կարծում եմ, թէ կարող եմ ընդունել նրա մուրհակը:
ԲԱՍԱՆԻՈ
Վստահ եղիր, որ կարող ես:
ՇԱՅԼՈԿ
Ուզում եմ վստահ լինել, որ կարող եմ. եւ վստահ լինելու համար ինձ հարկաւոր է լաւ մտածել: Կարո՞ղ եմ Անտօնիոյի հետ խօսել:
ԲԱՍԱՆԻՈ
Եթէ ուզում ես, այս գիշեր եկ միասին ընթրենք:

ՇԱՅԼՈԿ
Հա՜, ձեր խոզի հոտն առնելու համա՞ր. ուտե՜լ այն բնակարանից, որի մէջ ձեր մարգարէն` Նազովրեցին, դեւին ներս է մտցրել: Ես պատրաստ եմ ձեզնից գնել, ձեզ ծախել, խօսել ձեզ հետ, ման գալ ձեզ հետ եւ այլն, եւ այլն, բայց չեմ ուզում ձեզ հետ ուտել, ձեզ հետ խմել, ոչ էլ աղօթել ձեզ հետ: Ի՞նչ լուր Ռիալտոյում: Այս ո՞վ է գալիս:
Գալիս է Անտօնիոն:
ԲԱՍԱՆԻՈ
Սինեօր Անտօնիոն է:
ՇԱՅԼՈԿ
(Առանձին:) Հա, հա, եւ ինչպէ՜ս նման է քծնող մի մաքսաւորի:
Ատում եմ նրան, որ քրիստոնեայ է,
Բայց է՛լ աւելի, որ իր գռեհիկ պարզամտութեամբ
Առանց տոկոսի փող է պարտք տալիս
Եւ շահի սակը մեզ մօտ` Վենետկում, վար է իջեցնում:
Եթէ մի անգամ իմ ճանկս ընկնի,
Պէտք է նրա դէմ ունեցած ոխս կուշտ յագեցնեմ:
Մարդը ատում է մեր օրհնեալ ազգը,
Եւ այնտեղ, ուր մեր վաճառականներն համախմբւում են,
Նա միշտ լուտանք է թափում իմ վրայ, առեւտրիս վրայ,
Արդար շահիս վրայ, որ վաշխ է կոչում:
Անիծուած լինի իմ ամբողջ ցեղը, թէ ներեմ նրան:
ԲԱՍԱՆԻՈ
Շայլոկ, լսո՞ւմ ես:
ՇԱՅԼՈԿ
Ես մտմտում եմ պահեստիս վրայ
Եւ յիշողութեան մօտաւոր հաշուով`
Չեմ կարող իսկոյն երեք հազարի ամբողջ գումարը
Ինքս լրացնել: Բայց վնաս չունի.
Իմ ցեղակիցը` հարուստ Տիւբալը, կը հայթայթէ ինձ:
Կա՛ց, քանի՞ ամսով առնել ես ուզում:
(Անտօնիոյին:) Բարի ողջոյն ձեզ, սիրելի սինեօր:
Հէնց այս րոպէիս մենք խօսում էինք ձեր յարգութեան վրայ:
ԱՆՏՕՆԻՈ

Շայլոկ, թէեւ ես ո՛չ պարտք եմ տալիս, ո՛չ պարտք եմ առնում,
Ո՛չ վաշխ եմ առնում, ո՛չ վաշխ եմ տալիս,
Բայց բարեկամիս ստիպողական կարիքի համար
Պէտք է այս անգամ կանոնս կոտրեմ:
(Բասանիոյին:) Յայտնե՞լ ես արդէն, թէ որքան է պէտք:
ՇԱՅԼՈԿ
Այո՛, յայտնել է. երեք հազար դուկատ:
ԱՆՏՕՆԻՈ
Եւ երեք ամսով:
ՇԱՅԼՈԿ
Մոռացել էի: Հա, երեք ամսով, այդպէս ասացիք:
Լաւ, ձեր մուրհակը՞. եւ թողէք տեսնեմ: Բայց ականջ դրէք:
Կարծեմ ասացիք, թէ դուք տոկոսով ո՛չ պարտք էք տալիս,
Ո՛չ պարտք էք առնում:
ԱՆՏՕՆԻՈ
Չեմ անում երբեք:
ՇԱՅԼՈԿ
Յակոբ իր Լաբան հօրեղբօր հօտերն արածացնելիս…
Յակոբը, որ կար, մեր սուրբ նահապետ հայր Աբրահամի,-
ဓ Իր խելացի մօր գործ դրած հնարքով, ဓ
Երրորդ ժառանգն էր, այո՛, երրորդը…
ԱՆՏՕՆԻՈ
Բայց մեզ ի՞նչ. նա՞ էլ տոկոս էր առնում:
ՇԱՅԼՈԿ
Չէ՜, ոչ թէ տոկոս, ոչ թէ, ինչ որ դուք տոկոս էք կոչում:
Տեսէք, թէ Յակոբ ինչպէ՛ս էր անում.
Յակոբ ու Լաբան իրար հետ այնպէս դաշն էին դրել,
Որ բոլոր պուտ-պուտ, շերտ-շերտ գառները
Պէտք է Յակոբին բաժին ընկնէին վարձի փոխարէն:
Աշունքի վերջին, երբ մաքիները, վարար դառնալով,

Սկսան ընկնել խոյերի ետեւ,
Եւ մինչդեռ բրդոտ ծնողների մէջ
Սերնդի գործը գործուելու վրայ էր,
Ճարպիկ հովիւը ծառի ճիպոտներ առաւ, կճեպեց
Եւ ճիշտ սեռական գործի ժամանակ
Ցցեց տռփացած այն մաքիների աչքերի առաջ,
Որոնք յղացան եւ ձագ բերելիս
Խատուտիկ գառներ ծնեցին, որոնք Յակոբին ընկան:
Սա մի միջոց էր` շահ ստանալու, եւ նա օրհնուեց.
Եւ շահն օրհնենք է, երբ գողացուած չէ:
ԱՆՏՕՆԻՈ
Դա բախտի բան էր, որից կախուած էր Յակոբի վարձը:
Մի բան էր, որի յաջողութիւնը նրա ձեռքը չէր,
Այլ վճռւում էր եւ ձեւակերպւում երկնքի ձեռքով:
Ի՞նչ, գրուե՞լ է դա, որ վաշխ առնելը արդարացնէ,
Կամ միթէ՞ խոյեր եւ մաքիներ են արծաթն ու ոսկին:
ՇԱՅԼՈԿ
Չգիտեմ, բայց ես նոյնքան շատ ձագեր բերել եմ տալիս:
Բայց լսէք, սինեօր:
ԱՆՏՕՆԻՈ
Նայիր, Բասանիո:
Սատանան Սուրբ գիրքն իր օգտի համար վկայ է կանչում,
Չարամիտ հոգին սուրբ վկայութիւն բերած ժամանակ
Իրաւ նման է ժպտուն այտերով մի սրիկայի,
Մի ներսից փտած սիրուն խնձորի.
Եւ ինչպէ՜ս գրաւիչ արտաքին ունի խարդախութիւնը:
ՇԱՅԼՈԿ
Երեք հազար դուկատ, դա մի գեղեցիկ, կլոր գումար է:
Եւ երեք ամիս` տասներկու ամսից:
Լաւ, հիմա տեսնենք` ինչքա՛ն տոկոսով:

ԱՆՏՕՆԻՈ
Դե՛հ, ասա, Շայլոկ, ուզո՞ւմ ես դու մեզ պարտաւորեցնել:
ՇԱՅԼՈԿ
Սինեօր Անտօնիո, շատ եւ շատ անգամ դուք Ռիալտոյում
Պարսաւել էք ինձ իմ դրամների եւ վաշխի համար:
Ես միշտ տարել եմ եւ համբերութեամբ ուսերս եմ թոթուել.
Համբերութիւնը մեր բոլոր ցեղի յատուկ նշանն է:
Դուք ինձ կոչում էք անհաւատ հրէայ, վիզ կտրող սրիկայ,
Թքում հրէական վերարկուիս վրայ, եւ այդ բոլորը
Սոսկ նրա համար, որ գործ եմ դնում, ինչ որ իմս է:
Շատ լաւ, իսկ հիմա այնպէս է թւում, որ ինձ պէտք ունիք,
Եւ իսկոյն ելնում, գալիս էք ինձ մօտ
Եւ ասում. «Շայլոկ, փողի պէտք ունինք»: Այդպէս էք ասում
Դուք, որ ձեր թուքը սպառում էիք մօրուքիս վրայ,
Դուք, որ քացիով մի օտար շան պէս
Ձեր դռան շեմքից քշում էիք ինձ. դրա՞մ էք ուզում:
Լաւ, ձեզ ի՞նչ ասեմ. չասե՞մ ձեզ. «Միթէ՞ շունը դրամ ունի.
Շո՞ւնն էլ կարող է երեք հազար դուկատ պարտք տալ ուրիշի»:
Թէ՞ խոր գլուխ տամ եւ ստրկական ձայնով ու ձեւով,
Նուաղած շնչով եւ հեզ մրմունջով այսպէս ասեմ ձեզ.
«Սիրելի պարոն, չորեքշաբթի օր վրաս թքեցիք,
Այսինչ օր սաստիկ անպատիւ արիք,
Մի ուրիշ անգամ ինձ շուն կանչեցիք,
Այժմ, փոխարէն այս քաղաքավար ձեր վարմունքների,
Այսինչքան գումար ձեզ պարտք եմ տալիս»:
ԱՆՏՕՆԻՈ
Շատ կարելի է, որ նորէն ես քեզ նոյն ձեւով կանչեմ
Եւ թքեմ վրադ, նորէն անպատուեմ.
Եթէ ուզում ես պարտք տալ այս փողը,
Տուր ոչ թէ որպէս մի բարեկամի,-

Եր՞բ է բարեկամն ամուլ մետաղի ձագեր ստացել
Իր բարեկամից, ဓ այլ պարտք տուր միայն ինչպէս թշնամուդ.
Որ եթէ նա իր պայմանը կոտրէ,
Երես ունենաս տուգանքն ուզելու:
ՇԱՅԼՈԿ
Վա՜հ, ինչո՞ւ էք դուք այդպէս բորբոքւում:
Ես ուզում եմ ձեզ բարեկամ լինել, ձեր սիրտը շահել,
Մոռանալ ձեր այն անարգանքները, որ արել էք ինձ.
Ձեր այս րոպէի կարիքը հոգալ
Եւ մի սեւ գրոշ տոկոս չստանալ իմ դրամի համար,
Իսկ դուք չէ՜ք լսում: Բարութիւն չէ՞ այս:
ԲԱՍԱՆԻՈ
Բարութիւն կը լինէր:
ՇԱՅԼՈԿ
Ես էլ ուզում եմ բարութիւն ցոյց տալ:
Դե՜հ, եկէք գնանք մի նօտարի մօտ,
Այնտեղ կնքեցէք ձեր պարզ մուրհակը եւ, իբրեւ կատակ,
Գրէք, որ եթէ մինչեւ այսինչ օր եւ այսինչ տեղում
Չհատուցէք ինձ այսինչ գումարը կամ գումարները,
Որոնք մուրհակում նշանակուած են,
Տուգանքը լինի հէնց ուղիղ մի ֆունտ ձեր սիրուն մսից,
Որ ես կարենամ կտրել եւ առնել մարմնի այն մասից,
Որ ինքս ուզենամ:
ԱՆՏՕՆԻՈ
Լա՜ւ, ես իմ հոգի՜ս:
Կնիքս կը դնեմ այդ մուրհակի տակ
Եւ կ`ասեմ` հրէան շատ բարեսիրտ է:
ԲԱՍԱՆԻՈ
Ոչ, իմ պատճառով այդպիսի մուրհակ չպէտք է կնքես:
Աւելի լաւ է, որ անփող մնամ:

ԱՆՏՕՆԻՈ
Բա՜հ, մի վախենա:
Ի՞նչ փոյթ տուգանքը. երկու ամսի մէջ,
Այսինքն` թղթի պայմանաժամից մի ամիս առաջ
Մուրհակի փողի երեք անգամի եռապատիկը
Եկած կը լինի:
ՇԱՅԼՈԿ
Ո՜վ հայր Աբրահամ, այս քրիստոնեաներն ի՜նչ էակներն են…
Այնքան խստասիրտ մարդիկ են իրենք,
Որ կասկածում են ուրիշների վրայ: Մէկ ասէք, խնդրեմ,
Եթէ սա օրին իր պարտքը չտայ,
Ի՞նչ շահ ինձ համար գրուած տուգանքից:
Մի ֆունտ մարդու միս` մարդուց կտրուած,
Այնքան յարգի չէ, ոչ էլ պիտանի,
Որքան ոչխարի կամ կովի միսը, կամ այծի միսը:
Ասում եմ` միայն այս մարդու սիրտը շահելու համար
Ուզում եմ անել այս լաւութիւնը:
Եթէ յօժար է, շատ լաւ. եթէ ոչ` գնացէք բարով
Եւ իմ ցոյց տուած սիրոյ փոխարէն մի նեղացնէք ինձ:
ԱՆՏՕՆԻՈ
Իրաւ է, Շայլոկ, պատրաստ եմ կնքել ուզած մուրհակդ:
ՇԱՅԼՈԿ
Ուրեմն իսկոյն մի նօտարի մօտ հանդիպենք իրար:
Գնացէք, նրան հրահանգներ տուէք
Այս զուարճալի մուրհակի համար:
Ես էլ գնում եմ` դուկատներս ածեմ մի քսակի մէջ,
Եւ տանս նայեմ, որ ես յանձնել եմ
Մի փուչ կենդանու շատ երկիւղալի պահպանութեանը,
Եւ իսկոյն կը գամ, կը հանդիպեմ ձեզ:
ԱՆՏՕՆԻՈ

Շատ լաւ, շտապիր, բարեսիրտ հրէայ:
Շայլոկը գնում է:
Այս եբրայեցին վճռած կը լինի քրիստոնեայ դառնալ.
Նա սկսում է բարեսիրտ լինել:
ԲԱՍԱՆԻՈ
Ինձ դուր չեն գալիս սիրալիր բառեր եւ սրիկայ հոգի:
ԱՆՏՕՆԻՈ
Եկ, այս գործի մէջ ոչ մի վախ չկայ.
Մուրհակի օրից մի ամիս առաջ նաւերս այստեղ են:

Բելմոնտ: Մի սենեակ Պորցիայի տան մէջ:
Փողահարութիւն: Գալիս են Մարոքի իշխանը` հետեւորդներով,
Պորցիան, Ներիսան եւ սպասաւորներ:
ՄԱՐՈՔ
Մի՛ հակակրիր ինձ գոյնիս պատճառով,
Այս ստուերաթոյր սպասազգեստը շողուն արեւի,
Որի դրացին եւ մերձաւորն եմ:
Բեր ինձ ամենեն սպիտակ մարդը` հիւսիսում ծնուած,
Ուր որ Ֆեբոսի ճառագայթները
Հազիւ են հալում կախ սառոյցները,
Եւ թող ի սէր քո կտրենք մեր մորթը
Եւ տեսնենք, արդեօք որի՞ արիւնն է աւելի կարմիր,
Նրանը՞, թէ՞ իմը: Լսիր, օրիորդ, այս կերպարանքս
Շատ արիների սարսափ է ազդել: Սիրովս երդո՜ւմ,
Որ մեր կողմերի ամենեն գովուած կոյսերը նրան
Սիրահարուել են: Չէի յօժարուի փոխել այս գոյնը,
Եթէ ոչ` սէրդ գրաւելու համար, ազնիւ թագուհիս:
ՊՈՐՑԻԱ
Ես ընտրութեան մէջ չեմ առաջնորդւում բացարձակօրէն
Մի օրիորդի մանրախոյզ աչքի ղեկավարութեամբ.
Այլ ճակատագրիս վիճակախաղը
Կամքովս ընտրելու ամէն իրաւունք խլած է ինձնից:
Բայց եթէ հայրս իր իմաստութեամբ
Սահմանափակած եւ ցանկապատած չլինէր կամքս`
Տնօրինելով, որ ես կին լինեմ ա՛յն մարդուն միայն,
Որ ինձ ձեռք բերէ իմ յիշած ձեւով,
Այն դէպքում դուք էլ, մեծանուն իշխան,
Նոյնքան իրաւունք կը վայելէիք իմ համակրութեան,
Որքան իմ տեսած եկաւորներից մէկը կամ միւսը:
ՄԱՐՈՔ

Դրա համար էլ շնորհակալ եմ:
ဓ Տարէք ինձ ուրեմն այն տուփերի մօտ`
Բախտս փորձելու: ဓ Վկա՜յ այս թուրը,
Որ սպանել է սոֆիին եւ մի պարսիկ իշխանի,
Որ երեք անգամ յաղթեց Սուլեյման հզօր սուլթանին,
Որ ես պատրաստ եմ աչքս խոժոռել
Ամենախոժոռ աչքերի ընդդէմ, որ կան աշխարհում,
Ամենախիզախ սրտի հետ մրցել խիզախութեան մէջ,
Էգ արջի ծոցից դուրս քաշել նրա ծծկեր ձագերին,
Ծաղրել առիւծին, երբ մռնչում է որսի ետեւից`
Քե՛զ ով օրիորդ, շահելու համար:
Եւ սակայն, աւա՜ղ, եթէ Հերկուլեսն ու Լիքասն ուզեն
Վիճակով փորձել, թէ որն է քաջը,
Կարող է լինել, որ բախտի բերմամբ
Թոյլ ձեռքը նետէ մեծագոյն թիւը.
Այդպէս Ալքիդեսը կարող է յաղթուիլ իր մանկլաւիկից:
Նոյն կերպով ես էլ, եթէ կոյր բախտը առաջնորդէ ինձ,
Գուցէ կորցնեմ, ինչ որ աւելի անարժան մի մարդ
Կարող է շահել, եւ ես այդ ցաւից կարող եմ մեռնել:
ՊՈՐՑԻԱ
Բայց դուք ձեր բախտը պէտք է ընդունէք
Կա՛մ ամենեւին չփորձէք ընտրել
Եւ կա՛մ, դեռ չընտրած, երդուէք, որ եթէ անյաջող ընտրէք,
Էլ ոչ մի կնոջ ամուսնանալու առաջարկ չանէք:
Ուրեմն իմացէք:
ՄԱՐՈՔ
Եւ չեմ անելու:
ဓ Եկէք, տարէք ինձ դէպի իմ բախտը:
ՊՈՐՑԻԱ
Նախ դէպի տաճար.

Իսկ ճաշից յետոյ վիճակ կը քաշէք:
ՄԱՐՈՔ
Եկ ուրեմն, ո՜վ բախտ,
Կա՛մ ինձ ամենեն երջանիկ մարդը դարձնելու համար,
Կա՛մ թէ ամենեն ապերջանիկը:
Փողեր: Դուրս են գնում: Վենետիկ: Մի փողոց:
Գալիս է Լանսըլոտը:
ԼԱՆՍԸԼՈՏ
Պարզ բան է, որ խղճմտանքս ինձ իրաւունք կը տայ, որ ես ջհուդ տիրոջս տնից փախչեմ: Չար սատանեն կանգնել է արմունկիս եւ ինձ փորձութեան մէջ է գցում, ասում է. «Գոբբո, Լանսըլոտ Գոբբո, սիրելի Լանսըլոտ» կամ թէ` «սիրելի Գոբբո», կամ «սիրելի Լանսըլոտ Գոբբո, ոտքերդ գործի դիր, ճամփայ ընկիր եւ փախիր»: Խղճմտանքս ասում է. «Չէ՜, զգոյշ կաց, պարկեշտ Լանսըլոտ» կամ, ինչպէս քիչ առաջ ասեցի. «Պարկեշտ Լանսըլոտ Գոբբո, մի փախչիր, էդ փախչելը դիր կրունկիդ տակը»: Սատանեն աւելի քաջասիրտ է, ինձ ասում է. «Կապոցդ կապիր»: «Հայդէ՜», — ասում է սատանեն, «պո՜ւկ», «Ի սէր աստծոյ, քաջութիւնդ ժողովիր», — ասում է սատանեն, — «եւ փախիր»: Լաւ, խղճմտանքս փաթաթւում է սրտիս շլինքին եւ խելօք խօսք է ասում. «իմ պարկեշտ բարեկամ Լանսըլոտը,- ասում է,- պարկեշտ մարդու զաւակ լինելով», — կամ աւելի ճիշտն ասած` մի պարկեշտ մօր զաւակ լինելով, որովհետեւ, ճիշտն ասած, հէրս էնքան էլ բարի պտուղը չէր, մէկ քիչ համ էր տալիս,- հա, խղճմտանքս ասում է. «Լանսըլոտ, չլինի, որ տեղիցդ ժաժ գաս»: «Ժաժ արի», — ասում է սատանեն: «Ժաժ չգաս»,- ասում է խղճմտանքս: «Ա՜յ խղճմտանք,- ասում եմ,- դու լաւ խրատ ես տալիս»: «Ա՜յ սատանայ,- ասում եմ,- դու էլ լաւ խրատ ես տալիս»: Թէ որ խղճմտանքիս ականջ դնեմ, պէտք է ջհուդ տիրոջս մօտը մնամ, որն որ, Աստուած չար աչքից պահի, ինքն էլ սատանից պակաս չի: Եթէ ուզենամ ջհուդի տնից փախչեմ, պէտք է չար սատանի խօսքին ականջ դնեմ, որն որ, հեռի՜ ձեր սուրբ էրեսից, հէնց ինքը` չար սատանեն է: Անպատճառ ջհուդն էլ սատանեն ինքն է, որ աշխարհ է եկել: Խղճմտանքով խօսած` իմ խղճմտանքը մէկ տեսակ անխիղճ խղճմտանք է, որ ինձ խրատ է տալիս` ջհուդի մօտ մնամ: Սատանի խրատը աւելի բարեկամական խրատ է: Ես կը փախչեմ, սատանայ. կրունկներս քեզ մատաղ. կը փախչեմ:
Գալիս է ծերուկ Գոբբոն` մի զամբիւղ ձեռքին:
ԳՈԲԲՈ
Հէ՜յ, երիտասարդ պարոն, խնդրեմ ինձ ասես, էն ջհուդ պարոնի տունը որտե՞ղ է:
ԼԱՆՍԸԼՈՏ
(Առանձին:) Տէր իմ Աստուած , էս իմ հարազատ հէրս է, որը, կէս կոյր լինելով, կէսից էլ աւելի կոյր լինելով, ինձ չի ճանաչում: Նրան մէկ լաւ շփոթեցնելու եմ:
ԳՈԲԲՈ
Երիտասարդ ազնիւ պարոն, խնդրեմ ասես, ինչպէ՞ս են գնում պարոն ջհուդի տունը:
ԼԱՆՍԸԼՈՏ
Էսպէս գնա, մինչեւ որ փողոցի ծէրը հասնես, յետոյ շուռ եկ դէպի աջ կուռնդ, յետոյ գնա մինչեւ փողոցի ծէրը, էնտեղ որ հասար, շուռ եկ դէպի ձախդ, յետոյ վերջին-վերջին շուռ գալու տեղը որ հասնես, ո՛չ աջ թեքուիր, ո՛չ էլ ձախ, հապա ներքեւ թեքուիր, մինչեւ որ անուղղակի հասնես ջհուդի տունը:
ԳՈԲԲՈ
Սո՜ւրբ Աստուած, էդ ի՜նչ դժուար բան է եղել դրա տունը գտնելը: Կարո՞ղ ես ինձ ասել, էն Լանսըլոտ անունով տղէն, որ նրա մօտ ծառայ է, նրա մօ՞տն է, թէ՞ ոչ:
ԼԱՆՍԸԼՈՏ
Էն երիտասարդ պարոն Լանսըլոտի՞ն ես ասում: (Առանձին:) ဓ Հիմա տեսէք` ի՜նչ փոթորիկ եմ բարձրացնելու: ဓ Էն երիտասարդ պարոն Լանսըլոտի՞ն ես ասում:
ԳՈԲԲՈ
Պարոն, նա պարոն չի, մի խեղճ մարդու տղայ է. հէրը, թէեւ խօսքը ինձ չի հասնի, մի պատուական ու սաստիկ խեղճ մարդ է ու, փառք Աստծու, դեռ շատ կեանք ունի:
ԼԱՆՍԸԼՈՏ
Լաւ, հէրը ինչ կ`ուզի, թող լինի. մենք երիտասարդ պարոն Լանսըլոտից ենք խօսում:
ԳՈԲԲՈ
Հա՛, ձեր մենծապատուութեան բարեկամից, Լանսըլոտից, պարոն:
ԼԱՆՍԸԼՈՏ
Բայց, խնդրեմ, հետեւաբար, ծերուկ, հետեւաբար, խնդրեմ, ուրեմն երիտասարդ պարոն Լանսըլոտի՞ց ես հարցնում:
ԳՈԲԲՈ
Հա, Լանսըլոտից, եթէ ձեր մենծապատուութիւնը կը բարեհաճի:
ԼԱՆՍԸԼՈՏ
Հետեւաբար, պարոն Լանսըլոտից: Էլ մի խօսիր պարոն Լանսըլոտի մասին, հայրիկ: Էն երիտասարդ ազնիւ պարոնը, հրամանաւ բախտի, ճակատագրի ու էդ ձեւի բաների, որ ասում են, հրամանաւ երեք քոյրերի, եւ էդ ուսումնական մարդկերանց ասածների, ափսո՜ս, իսկապէս, հոգին աւանդեց, կամ, ինչպէս պարզ խօսքով ասում են, Աստուած հոգին լուսաւորի:
ԳՈԲԲՈ

Չէ՜, չէ՜, Աստուած մի՛ արասցէ, էդ տղէն իմ ծերութեան գաւազանն էր, իմ նեցուկն էր:
ԼԱՆՍԸԼՈՏ
(Առանձին:) Իսկի նմա՞ն եմ ես գաւազանի, գերանի, ցուպի կամ նեցուկի: ဓ Ինձ չե՞ս ճանանչում, հայրիկ:
ԳՈԲԲՈ
Վա՜յ ինձ, չէ՜. չեմ ճանանչում, ազնիւ պարոն: Բայց աղաչում եմ, մէկ ասա տեսնեմ, իմ որդին, ဓ Աստուած հոգին լուսաւորի, ဓ ո՞ղջ է, թէ՞ մեռել է:
ԼԱՆՍԸԼՈՏ
Չե՞ս ճանանչում ինձ, հայրիկ:
ԳՈԲԲՈ
Չէ՜, պարոն, աչքերիս հատ է եկել. ձեզ չեմ ճանանչում:
ԼԱՆՍԸԼՈՏ
Հա, ճիշտ ես ասում: Թէ որ աչքերդ էլ լաւ տեսնէին, էլի կարող էիր ինձ չճանանչել: Մարդ պէտք է շատ իմաստուն լինի, որ իրա զաւակին ճանանչի: Դէ լաւ, ծերունի, հիմա քո որդուցդ քեզ լուր կը տամ: Օրհնութիւնդ տուր ինձ. (Չոքում է:) ճշմատութիւնը միշտ դուրս կը գայ. մարդասպանութիւնը չի կարող երկար ծածուկ մնալ. մի մարդու որդին կարո՛ղ է ծածուկ մնալ, բայց վերջը ճշմարտութիւնը դուրս կը գայ:
ԳՈԲԲՈ
Խնդրում եմ, պարոն, ոտքի կանգնիր: Ես հաստատ իմանում եմ, որ դու իմ տղէն` Լանսըլոտը չես:
ԼԱՆՍԸԼՈՏ
Դեհ, խնդրեմ, էլ կատակ չանենք էս բանի վրայ: Հայդէ՜, օրհնութիւնդ տուր ինձ: Ես Լանսըլոտն եմ, քո տղեդ, որ կար, քո որդիդ, որ կայ, եւ քո զաւակդ, որ լինելու է:
ԳՈԲԲՈ
Խելքիս չի գալիս, որ դու իմ տղէն լինես:
ԼԱՆՍԸԼՈՏ
Իմ խելքին էլ չի գալիս, որ իմ խելքին ի՛նչ պէտք է գայ. բայց ես Լանսըլոտն եմ, ջհուդի ծառէն, եւ հաստատ գիտեմ, որ քո կնիկդ` Մարգրիտը, իմ մէրն է:
ԳՈԲԲՈ
Հա, ճիշտ որ, անունը Մարգրիտ է: Ես երդում կ`ուտեմ, որ եթէ դու Լանսըլոտն ես, ապա դու իմ հալալ միս ու արունն ես: Փա՜ռք քեզ, Աստուած , էս ի՜նչ միրուք ես հանել: Էրեսիդ աւելի շատ մազ կայ, քան մեր լծկան ձիու` Դոբինի պոչին:
ԼԱՆՍԸԼՈՏ
(Վեր կենալով:) Ուրեմն Դոբինի պոչը դէպի ետ է բուսնում: Վերջին անգամ, որ նրան տեսայ, նրա պոչին աւելի շատ մազ կար, քանց իմ էրեսին:
ԳՈԲԲՈ
Տէ՜ր Աստուած , էս որքա՜ն ես փոխուել: Ասա տեսնեմ. տիրոջդ հետ ինչպէ՞ս ես: Նրա համար մէկ ընծայ եմ բերել. ինչպէ՞ս էք իրար հետ:
ԼԱՆՍԸԼՈՏ
Լաւ ենք, լաւ: Բայց թէ ինձնից հարցնես, քանի որ միտքս դրել եմ` նրա մօտից փախչեմ, պէտք է էնքան փախչեմ, որ միտքս դրել եմ: Իմ տէրս շա՜տ ջհուդն է: Ընծայ՞ տաս նրան. մի չուա՛ն տուր նրան, որ գնայ կախուի: Նրա մօտ քաղցածութիւնից մեռնում եմ, էս կողիս ոսկորներով կարող ես մատերդ համրել: Հայրիկ, ուրախ եմ, որ եկել ես: Բերածդ ընծան պէտք է տաս մի ազնիւ պարոնի, որի անունը Բասանիո է, որ իր ծառաներին շատ սիրուն, նոր հագուստներ է տալիս: Եթէ նրա ծառան չդառնամ, էնքան հեռու կը փախչեմ, որքան Աստուած գետինք ունի: Օ՜հ, ի՜նչ լաւ բախտներս բերեց, էն է, գալիս է: Եկ գնանք մօտը, հայրիկ, ես ջհուդ դառնամ, եթէ կենամ էն ջհուդի մօտը:
Գալիս են Բասանիոն, Լէոնարդոն եւ ուրիշ ծառաներ:
ԲԱՍԱՆԻՈ
(Մի ծառայի:) Այո՛, կարող ես այդպէս անել, միայն թէ շտապիր, որ ճաշը ամենաուշը ժամը հինգին պատրաստ լինի: Այս նամակները տեղ հասցրու. համազգեստները պատուիրիր եւ Գրացիանոյին խնդրիր, որ իսկոյն իմ բնակարանս գայ:

Ծառան դուրս է գնում:
ԼԱՆՍԸԼՈՏ
Մօտ գնա, հայրիկ:
ԳՈԲԲՈ
Աստուած օրհնէ ձերդ մենծապատուութիւնը:
ԲԱՍԱՆԻՈ
Շնորհակալ եմ, գո՞րծ ունիս ինձ հետ:
ԳՈԲԲՈ
Սա իմ որդին է, պարոն, մի խեղճ տղայ է:
ԼԱՆՍԸԼՈՏ
Իսկի էլ խեղճ տղայ չի, պարոն. հարուստ հրէայի սպասաւորն է եւ ուզում է, պարոն, ինչպէս իմ հէրս ձեզ իմաց կը տայ…
ԳՈԲԲՈ
Էս որդիս որ կայ, շատ յամառութիւն ունի, ինչպէս ասում են, ծառայութիւն անելու…
ԼԱՆՍԸԼՈՏ
Բանի երկարն ու կարճը էս է. ես էն ջհուդի մօտ ծառայում եմ. եւ փափագս էն է, ինչպէս հէրս ձեզ իմաց կը տայ…
ԳՈԲԲՈ
Սա ու իր տէրը, հեռի ձերդ մենծապատուութիւնից, էնքան էլ լաւ խնամիներ չեն…
ԼԱՆՍԸԼՈՏ
Կարճ կապելու համար` ճշմարտութիւնը էս է, որ ջհուդը ինձ հետ էնքան վատ է վարուել, որ ինձ պարտաւորացնում է, ինչպէս իմ հէրս, որն որ, յոյս ունիմ, հալիւոր մարդ է, ձեզ կը տեղեկացնի…
ԳՈԲԲՈ
Էստեղ մէկ լաւ աղունակի կերակուր ունիմ, որ ուզում եմ շնորհել ձերդ մենծապատուութեան, եւ խնդիրքս էն է, որ…
ԼԱՆՍԸԼՈՏ
Կարճ կապելու համար` բանը ինձ է վերաբերում. ինչպէս ձերդ մենծապատուութիւնը պատիւ կ`ունենայ լսելու էս պարկեշտ հալիւորից, եւ, թէեւ էս խօսքը ինձ չի հասնի, թէեւ ծեր մարդ է, բայց խեղճ մարդ է եւ իմ հէրս է:
ԲԱՍԱՆԻՈ
Թող ձեզնից մէկը խօսէ երկուսի փոխարէն: Ի՞նչ է ձեր փափագը:
ԼԱՆՍԸԼՈՏ
Ձեր մօտ ծառայել, պարոն:
ԳՈԲԲՈ
Բանի էութիւնն էլ հէնց դրանումն է, պարոն:
ԲԱՍԱՆԻՈ Ճանաչում եմ քեզ եւ ընդունել եմ արդէն խնդրանքդ:
Տէրդ, Շայլոկը, հէնց այսօր ինձ հետ խօսեց քո մասին,
Նա փափագում է, որ առաջանաս,
Եթէ քեզ համար առաջանալ է`
Դուրս գալ մի հարուստ հրէայի մօտից
Եւ ծառան դառնալ ինձ պէս մի աղքատ ազնուականի:

ԼԱՆՍԸԼՈՏ
Հին առակը, պարոն, որ ասում է. «Աստծու օրհնութիւնը հարստութիւն է», ճիշտ կիսուել է ձեր եւ իմ տիրոջ` ջհուդի մէջ. աստծու օրհնութիւնը ձեզ է ընկել, ու հարստութիւնը` նրան:
ԲԱՍԱՆԻՈ
Լաւ ասացիր այդ: (Գոբբոյին:) Դեհ, գնա, հայրիկ:
Գնա որդուդ հետ: ဓ Դու էլ տիրոջդ մնաս-բարով ասա,
Եւ հարցուփորձով եկ, տունս գտիր:
(Իր ծառաներին:)
Սրան մի լաւ ձեռք համազգեստ տուէք,
Աւելի զարդով, քան թէ նրա միւս ընկերներինը:
ԼԱՆՍԸԼՈՏ
Գնանք, հայրիկ: Չեմ կարող գործ գտնել, հա՞, լեզու չկա՞յ բերանումս, հա՞: Լաւ: (Նայելով իր ձեռքի ափին:) Ամբողջ Իտալիայում սրա պէս սիրուն ձեռքի ափ չկայ, որ մարդ գրքի վրայ դնի եւ երդում ուտի… Ես լաւ բախտ եմ ունենալու. մէկ նայիր, ահա մի անպիտան կեանքի գիծ. ահա կնիկների մի փոքրիկ խումբ. խե՜ղճ ես, տասնհինգ կնիկը ի՞նչ է որ… տասնմէկ որբեւայրի եւ ինը աղջիկ շատ խեղճ եկամուտ է մէկ մարդու համար: Եւ յետոյ երեք անգամ խեղդուելուց ազատուելու եմ, եւ յետոյ մի բմբուլէ անկողնի կողքին այնպէս գլուխս կպչելու է, որ կեանքս վտանգի մէջ ընկնի, ဓ ահա հիմա փորձանքներ: Լաւ, թէ որ բախտը կինարմատ է, էս բանումը շատ շան աղջիկն է: ဓ Եկ, հայրիկ, աչքդ բացուխուփ անես թէ չէ, ջհուդին մնաս-բարով կ`ասեմ ու կը գամ:
Լանսըլոտը եւ ծերունի Գոբբոն գնում են:
ԲԱՍԱՆԻՈ
Խնդրեմ այս բոլորն լաւ միտդ պահես, բարի Լէոնարդո.
Երբ այս բաները գնես վերջացնես, տար, դիր նաւի մէջ
Եւ իսկոյն ետ եկ: Այս գիշեր մի լաւ խնջոյք պիտի տամ
Ամենայարգի բարեկամներիս: Շտապիր, գնա:
ԼԷՈՆԱՐԴՈ
Ամէն ջանք կ`անեմ, որ կարգին լինի:
Գալիս է Գրացիանոն:
ԳՐԱՑԻԱՆՈ
Տէրդ որտե՞ղ է:
ԼԷՈՆԱՐԴՈ
Այնտեղ շրջում է:

ԳՐԱՑԻԱՆՈ
Սինեօր Բասանիո՜:
ԲԱՍԱՆԻՈ
Գրացիանո՜:
ԳՐԱՑԻԱՆՈ
Մի խնդրանք ունիմ քեզանից:
ԲԱՍԱՆԻՈ
Տուի:
ԳՐԱՑԻԱՆՈ
Չպէտք է մերժես. պէտք է անպատճառ Բելմոնտ գամ քո հետ:
ԲԱՍԱՆԻՈ
Եկ, եթէ կ`ուզես: Բայց մի բան ասեմ, լսիր, Գրացիանո:
Դու մի քիչ կրակոտ, մի քիչ անտաշ ես, շատ բարձր ես խօսում:
Դրանք բաներ են, որ քեզ սազում են,
Մեզ պէս մարդկանց մօտ այդպիսի բաները թերութիւններ չեն:
Բայց մի տեղ, ուր քեզ դեռ չեն ճանաչում,
Դրանք կարող են շատ ազատ թուալ:
Խնդրում եմ, մի քիչ նեղութիւն քաշիր
Եւ համեստութեան պաղ կաթիլներով մեղմացրու մի քիչ
Վառվռուն ոգիդ: Միգուցէ այնտեղ, որ գնալու եմ,
Մարդիկ իմ մասին վատ կարծիք կազմեն քո ազատ վարքից,
Եւ իմ յոյսերը ի դերեւ հանեն:
ԳՐԱՑԻԱՆՈ
Սինեօր Բասանիո, տես` ինչ եմ ասում:
Եթէ ինձ այնտեղ ծանր չպահեմ,
Կարգին չխօսեմ` երբեմն միայն յիշոցներ տալով,
Աղօթագիրքս միշտ գրպանիս մէջ պատրաստ չպահեմ,
Լուրջ դէմք չընդունեմ. ոչ, դեռ աւելին,
«Հայր մեր» ասելիս այսպէս գլխարկով դէմքս չծածկեմ
Եւ չհառաչեմ եւ ամէ՜ն չասեմ,

Բարեկրթութեան ամէն մի կանոն խստիւ չյարգեմ
Մի մարդու նման, որ պառաւ տատին դուր գալու համար
Լուրջ է ձեւանում` ինձ այնուհետեւ մի վստահանայ:
ԲԱՍԱՆԻՈ
Շատ լաւ, կը տեսնենք` ինչպէս կը վարուես:
ԳՐԱՑԻԱՆՈ
Բայց այս գիշերը բացառութիւն է.
Եւ այս գիշերուայ մեր արածներով մի՛ չափիր դու ինձ:
ԲԱՍԱՆԻՈ
Ոչ, ոչ. այս գիշեր ափսոս կը լինէր:
Նոյնիսկ խնդրում եմ, որ ամենախոլ ցնծութիւններիդ
Հագուստը հագնես: Բարեկամներ կան այս գիշեր ինձ մօտ,
Որոնք միտք ունին զուարճանալու:
ԳՐԱՑԻԱՆՈ
Իսկ այժմ գնամ մեր Լորենցոյի եւ միւսների մօտ,
Սակայն ընթրիքին քեզ այցի կը գանք:
Գնում են:

Մի սենեակ Շայլոկի տանը:
Գալիս են Ջեսիկան եւ Լանսըլոտը:
ՋԵՍԻԿԱ
Ցաւում եմ, որ դու գնում ես այսպէս իմ հօրս տնից:
Մեր տունն ուղղակի դժոխք է, եւ դու` մի ուրախ դիւուկ,
Ձանձրութեան համը քիչ փոխում էիր:
Բայց երթաս բարով. առ քեզ մի դուկատ: Լսիր, Լանսըլոտ,
Շուտով ընթրիքին Լորենցոյին էլ ձեզ մօտ կը տեսնես.
Նա նոր տիրոջդ հիւրն է լինելու.
Այս թուղթն իրեն տուր, բայց մարդ չտեսնէ:
Դե՜հ, երթաս բարով, չպէտք է հայրս տեսնէ, որ քեզ հետ
Այսպէս խօսում եմ:
ԼԱՆՍԸԼՈՏ
Մնաս բարով: Արտասուքը լեզուս կապ է գցում: Դու սիրուն անհաւատի աղջիկ, դու անուշիկ հրէուհի, թէ որ մի քրիստոնեայ աւազակութիւնով քեզ ձեռք չբերի, ես ոչինչ չեմ հասկանում: Բայց մնաս բարով, էս յիմար կաթիլները իմ տղամարդութիւնը մի քիչ խեղդում են: Մնաս բարով:
ՋԵՍԻԿԱ
Երթաս բարով, բարի Լանսըլոտ:
Լանսըլոտը գնում է:
Ա՜խ, ի՜նչ սոսկալի մեղք է ինձ համար,
Որ ամաչում եմ հօրս զաւակը ծնուած լինելուց.
Թէեւ արիւնով նրա աղջիկն եմ, բայց բնաւ` բարքով:
Օ՜հ, իմ Լորենցո, եթէ իսկապէս խոստումդ պահես,
Շուտով վերջ կը տամ այս պայքարներին,
Ես էլ կը դառնամ քրիստոնեայ մի կին եւ քեզ սիրող կին:
Գնում է:

Մի փողոց Վենետկում:
Գալիս են Գրացիանոն, Լորենցոն, Սալարինոն եւ Սօլանիոն:
ԼՈՐԵՆՑՈ
Իրիկնաճաշին գաղտուկ դուրս կը գանք,
Կը գնանք ինձ մօտ, դիմակ կը դնենք եւ ետ կը դառնանք.
Եւ այդ բոլորը մէկ ժամ չի տեւի:
ԳՐԱՑԻԱՆՈ
Բայց պատրաստուած չենք, ինչպէս որ պէտք է:
ՍԱԼԱՐԻՆՈ
Ջահակիրներ էլ չենք ապսպրել:
ՍՕԼԱՆԻՈ
Փուչ բան դուրս կը գայ, եթէ շատ սիրուն չկարգադրուի.
Եւ կարծեմ լաւ է, որ չձեռնարկենք:
ԼՈՐԵՆՑՈ
Ժամը չորսն է նոր. երկու ժամ ունինք լաւ պատրաստուելու:
Գալիս է Լանսըլոտը` մի նամակ բերելով:
Ի՞նչ լուր, Լանսըլոտ:
ԼԱՆՍԸԼՈՏ
Թէ որ բարեհաճէք բաց անել էս թուղթը, նշանաւորութիւնը կը հասկանաք:
ԼՈՐԵՆՑՈ
Գիրն ինձ ծանօթ է, սիրո՜ւն ձեռագիր:
Եւ գրող ձեռքը` աւելի ճերմակ, քան գրուած թուղթը:
ԳՐԱՑԻԱՆՈ
Սիրոյ լո՞ւր, անշուշտ:
ԼԱՆՍԸԼՈՏ
Թոյլ տուէք, պարոն:
ԼՈՐԵՆՑՈ
Այժմ ո՞ւր ես գնում:
ԼԱՆՍԸԼՈՏ
Գնում եմ հին տիրոջս` հրէային, կերակրի կանչեմ այս գիշերուայ համար նոր տիրոջս` քրիստոնեայի տանը:

ԼՈՐԵՆՑՈ
(Դրամ տալով:) Առ այս, պահիր քեզ:
Եւ Ջեսիկային ասա իմ կողմից, թէ հաստատ կը գամ:
Բայց ծածուկ ասես: Գնա:
Լանսըլոտը գնում է:
ဓՊարոններ:
Եթէ միտք ունիք, որ դիմակախաղ սարքենք այս գիշեր,
Ես իմ ջահակիրն արդէն գտել եմ:
ՍԱԼԱՐԻՆՈ
Այո՛, գնում եմ` իսկոյն պատրաստուեմ:
ՍՕԼԱՆԻՈ
Նմանապէս ես:
ԼՈՐԵՆՑՈ
Մէկ ժամից յետոյ եկէք, գտէք ինձ եւ Գրացիանոյին
Այնտեղ, նրա մօտ:
ՍԱԼԱՐԻՆՈ
Լաւ, այդպէս կ`անենք:
Սալարինոն եւ Սօլանիոն գնում են:
ԳՐԱՑԻԱՆՈ
Ասա, նամակը Ջեսիկայի՞ց էր:
ԼՈՐԵՆՑՈ
Այո՛, բոլորը պէտք է պատմեմ քեզ:
Նա կարգադրել է, թէ ինչպէս պէտք է փախցնեմ նրան,
Գրել է, որքան ոսկի ու գոհար կը վերցնէ իր հետ,
Թէ մանկլաւիկի զգեստ է ճարել, որ պիտի հագնէ:
Եթէ այն հրէան արքայութիւն գնայ,
Իր սիրուն դստեր շնորհիւ կը լինի.
Եւ եթէ երբեք մի փորձանք դիպչի աղջկայ ոտքին,
Բախտը այդ կ`անէ սոսկ նրա համար,
Որ մի անհաւատ հրէի աղջիկն է:Գնանք միասին, եւ ճանապարհին կարդայ այս թուղթը.
Սիրուն Ջեսիկան պէտք է ինձ համար ջահակիր դառնայ:
Գնում են:Շայլոկի տան առաջ:
Գալիս են Շայլոկը եւ Լանսըլոտը:
ՇԱՅԼՈԿ
Հիմա կը տեսնես, աչքով կը դատես
Ծերուկ Շայլոկի եւ Բասանիոյի տարբերութիւնը:
Էհէ՜յ, Ջեսիկա: ဓ Չես կարող այնպէս որկորդ լցնել,
Ինչպէս իմ տանը… ဓ էհէ՜յ, Ջեսիկա:
Քնել եւ խռռալ եւ հագուստ պատռել:
Ջեսիկա, էհէ՜յ, աղջիկ, քեզ հետ եմ:
ԼԱՆՍԸԼՈՏ
Էհէ՜յ, Ջեսիկա:
ՇԱՅԼՈԿ
Ո՞վ ասաց` կանչես: Ես քեզ չասացի, որ նրան կանչես:
ԼԱՆՍԸԼՈՏ
Ձերդ մենծապատուութիւնը միշտ էրեսովս էր տալիս, թէ ոչինչ չեմ անում, մինչեւ որ ինձ չեն ասում:
Գալիս է Ջեսիկան:
ՋԵՍԻԿԱ
Ին՞ձ էիր կանչում. ի՞նչ ես կամենում:
ՇԱՅԼՈԿ
Իրիկնաճաշին դուրսը կանչուած եմ.
Ահա, Ջեսիկա, բանալիներս: ဓ Բայց ինչո՞ւ գնամ:
Սիրելով չէ, որ հրաւիրում են ինձ. շողոքորթում են:
Իսկ ես կը գնամ իմ ոխից դրդուած`
Շռայլ քրիստոնոայի հացը ուտելու:
ဓ Ջեսիկա, դուստրս, լաւ նայիր տանը:
ဓ Դժկամ եմ գնում: Կարծես թէ իմ դէմ մի բան է նիւթւում.
Հէնց երէկ գիշեր ոսկու քսակներ տեսայ երազում:
ԼԱՆՍԸԼՈՏ
Աղաչում եմ, տէր իմ, եկէք գնանք, Իմ պարոնս սպասում է ձեր մենծանպատուութեան:
ՇԱՅԼՈԿ

Ես էլ` նրա մեծ անպատուութեան:
ԼԱՆՍԸԼՈՏ
Գաղտնի մի բան են սարքել: Չեմ ասում, թէ դուք մի դիմակախաղ էք տեսնելու: Բայց եթէ էդպէս լինի, ապա զուր տեղը չէր, որ անցած աւագ երկուշաբթի առաւօտ ժամը վեցին քթիցս արուն էկաւ, քանի որ չորս տարի առաջ էդ բանը չիք-չորեքշաբթի օրը կէսօրից յետոյ պատահեց:
ՇԱՅԼՈԿ
Ի՞նչ, դիմակախա՞ղ: Լսիր, Ջեսիկա՛.
Դռներս փակիր եւ երբ թմբուկի դղրդոց լսես
Կամ կեռվիզ սրինգի խայտառակ ձայնը,
Չցատկես դէպի պատուհանները
Կամ գլուխդ հանես դէպի փողոցը`
Այդ ներկուած յիմար քրիստոնեաներին նայելու համար:
Այլ ամուր փակիր տանս ականջները,
Ուզում եմ ասել` լուսամուտները,
Պէտք չէ այդ անմիտ կապկութիւնների շռինդը մտնէ
Իմ ժուժկալ տունը: ဓ Յակոբի ցուպն է վկայ, որ բնաւ
Սիրտս չէ ուզում այս գիշեր գնալ խնջոյք անելու.
Բայց էլի կ`երթամ: Դու առաջ գնա, տղայ, եւ ասա,
Որ շուտով կը գամ:
ԼԱՆՍԸԼՈՏ
Գնում եմ, պարոն:
Առանձին` Ջեսիկային
Օրիորդ, դու ականջ մի՛ դնիր, լուսամուտից դուրս նայիր,
«Եւ մի քրիստոնեայ էնտեղից կ`անցնի,
Սիրուն հրէուհու աչքին արժանի»:
Գնում է:
ՇԱՅԼՈԿ
Հագարի ծնունդն ի՞նչ էր ասում, հը՞:
ՋԵՍԻԿԱ
Ոչինչ, ասում էր. «Մնաս բարով, օրիորդ»:
ՇԱՅԼՈԿ
Էդ փուչ կենդանին էնքան էլ վատ չէ, բայց խի՜ստ շատակեր:

Գործի մէջ` դանդաղ, ինչպէս խխունջը,
Օրը ցերեկով վայրի կատուից շատ է մրափում:
Իշամեղուներ չպէտք է մտնեն իմ փեթակի մէջ.
Դրա համար եմ նրան դուրս հանում
Եւ դուրս եմ հանում, որ տամ մի մարդու`
Նրա պարտք առած քսակը շուտով պարպելու համար:
ဓ Ներս գնա, Ջեսիկա, շատ կարելի է, որ իսկոյն դառնամ,
Արա ասածս, դռները փակիր:
Ինչ որ լաւ կողպես, լաւ էլ կը գտնես.
Մի առակ է դա, որ երբեք հին չէ խնայողի համար:
Գնում է:
ՋԵՍԻԿԱ
Լաւ, երթա՜ս բարով. եւ եթէ բախտիս փորձանք չհասնի,
Այս գիշեր մի հայր պիտի կորցնեմ, իսկ դու` մի աղջիկ:
Գնում է: Գալիս են Գրացիանոն եւ Սալարինոն` դիմակաւորուած:
ԳՐԱՑԻԱՆՈ
Այս ծածկի տակ է, որ մեզ Լորենցոն ասաց` սպասենք:
ՍԱԼԱՐԻՆՈ
Բայց որոշած ժամն անցել է գրեթէ:
ԳՐԱՑԻԱՆՈ
Զարմանալի է, որ ուշանում է իր ասած ժամից.
Սիրահարները միշտ ժամացոյցից առաջ են ընկնում:
ՍԱԼԱՐԻՆՈ
Օ՜, եւ տասն անգամ աւելի արագ
Աֆրոդիտէի աղաւնիները սովոր են թռչել`
Սիրոյ նոր ուխտեր կնքելու համար,
Քան թէ հարկադիր հաւատարմութիւն անխախտ պահելու:
ԳՐԱՑԻԱՆՈ
Միշտ էլ այդպէս է. ո՞վ է վեր կենում մի հացկերոյթից
Նոյն ախորժակով, որով նստել էր.
Ո՞ր ձին է դառնում իր եկած ճամփով առանց ձանձրոյթի,
Միեւնոյն թափով, որով անցել էր առաջին անգամ.
Ամէն մի բանի հետապնդումը
Յաւէտ աւելի ոգեւորիչ է, քան վայելումը:
Որքա՜ն նման է մի խենթ պատանու, անառակ որդուն.
Դրօշազարդ նաւը, որ դուրս է գնում իր ծովախորշից,
Եւ ինչպէս նրան գրկում, գգւում է այն պոռնիկ հողմը.
Բայց որքա՜ն նման անառակ որդուն դառնում է նա տուն`
Ջարդուած կողերով եւ ծուիկ-ծուիկ առագաստներով,
Հիւծուած, գզգզուած եւ պոռնիկ հողմից մուրացկան դարձած:
ՍԱԼԱՐԻՆՈ
Ահա Լորենցոն, մնացածը` յետոյ:
Գալիս է Լորենցոն:
ԼՈՐԵՆՑՈ

Ա՜խ, բարեկամներ, ներեցէք, որ ես այսքան ուշացայ:
Ե՛ս չեմ ձեզ այսքան սպասեցնողը, այլ իմ գործերը:
Երբ դուք էլ հաճէք կնոջ գող դառնալ,
Ես էլ ձեզ համար այսքան կը սպասեմ:
Դե՛հ, առաջ եկէք, այստեղ է բնակւում հրէայ աներս:
— Հէ՜յ, ո՞վ կայ տունը:
Վերեւից երեւում է Ջեսիկան` տղայի հագուստով:
ՋԵՍԻԿԱ
Ո՞վ ես դու, ասա, որ է՛լ աւելի ապահով լինեմ.
Թէպէտեւ կ`երդուեմ, որ քո ձայնն է այս:
ԼՈՐԵՆՑՈ
Լորենցոն եմ ես, քո սիրականը:
ՋԵՍԻԿԱ
Լորենցոն, հաստատ, եւ սիրականս, այդ էլ անկասկած,
Էլ ո՞վ կայ, որին ես այսքան սիրեմ.
Եւ քեզանից դուրս ո՞վ կը գիտենար, որ ես քոնդ եմ:
ԼՈՐԵՆՑՈ
Երկինքն ու սիրտդ վկա՜յ, որ իմն ես:
ՋԵՍԻԿԱ
Բռնիր այս արկղը. նեղութեանն արժէ:
Լաւ որ գիշեր է, եւ ինձ չես տեսնում:
Խիստ ամաչում եմ իմ այս ծպտումից:
Բայց կոյր է սէրը, եւ սիրողները իրենք չեն տեսնում
Իրենց սիրունիկ խենթութիւնները:
Եթէ տեսնէին, Կուպիդոնն ինքն էլ ամօթ կը քաշէր`
Տեսնելով` ինչպէ՛ս տղայ եմ դարձել:
ԼՈՐԵՆՑՈ
Ցած եկ, ջահակիրս պէտք է լինես դու:
ՋԵՍԻԿԱ
Ի՞նչ. իմ ամօթին ճրա՞գ կը պահեմ:

Ո՛չ, իմ սիրական, յայտնագործողի մի պաշտօն է դա,
Իսկ ես պէտք ունիմ ծածկագործութեան:
ԼՈՐԵՆՑՈ
Դա քեզ կը ծածկէ, իմ անուշիկս,
Հէնց այդ տղայի սիրուն հագուստով:
Բայց եկ, շուտ արա: Խաւար գիշերը փախուստ է տալիս,
Եւ Բասանիոյի խնջոյքում վաղուց սպասում են մեզ:
ՋԵՍԻԿԱ
Դռները փակեմ եւ դուկատներով
Մի քիչ աւելի ոսկեզօծեմ ինձ եւ իսկոյն կը գամ:
Վերեւից հեռանում է:
ԳՐԱՑԻԱՆՈ
Պոպոզս վկա՜յ, հրէուհի չէ սա, իշխանուհի է:
ԼՈՐԵՆՑՈ
Նզովուած լինեմ, թէ բոլոր սրտով չսիրեմ նրան:
Նա խելացի է, եթէ դատելու ընդունակ եմ ես,
Եւ սիրուն է նա, եթէ աչքերս ճշմարտատես են,
Եւ հաւատարիմ, ինչպէս ցոյց տուաւ,
Եւ ինչպէս որ կայ` խելացի, սիրուն եւ հաւատարիմ,
Իմ հաւատարիմ հոգո՛ւս մէջ լինի թող նրա տեղը:
Ջեսիկան գալիս է ներքեւ:
Ա՜հ, եկա՞ր: ဓ Գնանք, պարոններ, յառա՜ջ:
Դիմակախաղի մեր ընկերները սպասում են մեզ:
Գնում են Ջեսիկան, Բասանիոն եւ Սալարինոն:
Գալիս է Անտօնիոն:
ԱՆՏՕՆԻՈ
Ո՞վ կայ այստեղ:
ԳՐԱՑԻԱՆՈ
Սինեօր Անտօնիո՞:
ԱՆՏՕՆԻՈ

Ա՜յ, ա՜յ, Գրացիանո, ո՞ւր են միւսները:
Ժամը ինն է այժմ. մեր ընկերները քեզ են սպասում:
Դիմակահանդէս չունենք այս գիշեր. քամին փոխուել է.
Սինեօր Բասանիոն ուզում է իսկոյն ճանապարհ ընկնել,
Եւ քսան հոգի դուրս եմ ուղարկել, որ քեզ որոնեն:
ԳՐԱՑԻԱՆՈ
Ա՜հ, շատ ուրախ եմ եւ աւելի մեծ ցանկութիւն չունիմ,
Քան հէնց այս գիշեր առագաստ բանալ եւ ճամփայ ընկնել:
Գնում են:

Բելմոնտ: Մի սենեակ Պորցիայի տանը:
Փողեր: Գալիս են Պորցիան, Մարոքի իշխանը եւ նրանց հետեւորդները:
ՊՈՐՑԻԱ
Գնացէք, բացէք վարագոյրները,
Ցոյց տուէք երեք տարբեր տուփերը ազնիւ իշխանին:
— Հիմա ընտրեցէք:
ՄԱՐՈՔ
Առաջին տուփը ոսկի է եւ այս մակագիրն ունի.
«Ով որ ինձ ընտրէ, կը շահէ, ինչ որ իղձն է շատերի».
Երկրորդը` արծաթ, այս է խոստանում.
«Ով որ ինձ ընտրէ, նա այն կը ստանայ, որին արժան է».
Եւ այս երրորդը` կոպիտ կապարէ,
Ճիշտ իր պէս կոպիտ մակագիր ունի.
«Ով որ ինձ ընտրէ, պէտք է ինձ համար
Տայ եւ վտանգէ իր բոլոր կայքը»:
Ինչպէ՞ս իմանամ, թէ ճիշտ եմ ընտրել:
ՊՈՐՑԻԱ
Իշխան, մէկի մէջ կայ իմ պատկերը.
Եթէ այն ընտրէք, ձերն եմ ես իսկոյն:
ՄԱՐՈՔ
Թող ինձ երկինքը ղեկավար լինի՜: Լաւ, հիմա տեսնեմ:
Թող նորէն կարդամ մակագիրները:
Լաւ, ի՞նչ է ասում կապարէ տուփը.
«Ով որ ինձ ընտրէ, պէտք է ինձ համար
Տայ եւ վտանգէ իր բոլոր կայքը»:
Վտանգէ՞, ինչի՞, կապարի՞ համար. վտանգաւո՜ր տուփ:
Այո՛, այն մարդիկ, որ ամէն վտանգ աչքի են առնում,
Այդ բանն անում են մեծ շահի յոյսով.
Ոսկեղէն հոգին չի թեքուի գետին փուչ բանի համար.
Ես ոչինչ չեմ տայ եւ չեմ վտանգի կապարի համար:

Տեսնենք, թէ արծաթն ինչ է ասում մեզ իր կոյս երանգով:
«Ով որ ինձ ընտրէ, նա այն կը ստանայ, որին արժան է»:
Որին արժա՜ն է. կաց այստեղ, Մարոք:
Կշռիր արժէքդ անաչառ ձեռքով.
Եթէ դու ինքդ քո գինն իմանաս, բաւական արժես:
Բայց կարելի է` այդ բաւականը այնքան չլինի,
Որ օրիորդին հասնել կարենայ:
Սակայն վախենալ իմ արժանիքից`
Կը լինէր ինքս ինձ թուլասրտօրէն քիչ գնահատել,
Որին արժա՞ն եմ: Օրիորդն է այն, որին արժան եմ:
Այո՛, թէ՛ զարմով արժան եմ նրան եւ թէ՛ իմ բախտով,
Թէ՛ բնատուր ձիրքով, թէ՛ ստացական յատկութիւններով.
Բայց եւս աւելի, քան այս բոլորով, սիրովս եմ արժան:
Էլ ինչո՞ւ այս կողմ կամ այն կողմ ընկնեմ, թող իսկոյն ընտրեմ.
Թող մէկ էլ տեսնեմ այս ոսկու վրայ փորագրուածը.
«Ով որ ինձ ընտրէ, կը շահէ, ինչ որ իղձն է շատերի»:
Օրիորդն է այն. նա է ըղձալին ամբողջ աշխարհի:
Մարդիկ աշխարհի չորս անկիւններից այստեղ են գալիս`
Այս դեռ կենդանի սուրբի պատկերին մի համբոյր տալու:
Մեծ Հիրկանիայի անապատները,
Եւ լայնածաւալ Արաբստանի ամայիները
Այժմ դարձել են մեծ պողոտաներ, ուրկից իշխաններ
Անցնում են, գալիս` չքնաղ Պորցիային նայելու համար:
Նոյնիսկ ջրային կայսերութիւնը,
Որի վէս գլուխը թուք է վեր ժայթքում երկնքի դէմքին,
Պատուար չէ դառնում այն օտարներին,
Որոնք գալիս են` որպէս մի փոքրիկ գետի վրայից
Չքնաղ Պորցիային տեսնելու համար:
Երեքից մէկը պարունակում է
Նրա երկնային կենդանագիրը:

Կարո՞ղ է արդեօք կապարը լինել պարունակողը:
Մահացու մեղք է այդպիսի ստոր մի մտածութիւն.
Մեծ կոպտութիւն է ամփոփել նրան մութ շիրիմի մէջ:
Կամ խորհե՞մ, արդեօք, թէ արծաթի մէջ պարփակուած է նա,
Ինչ որ տասն անգամ նուազ գին ունի, քան թէ զուտ ոսկին:
Օ՜հ, յանցաւո՜ր միտք. երբեք այսպիսի թանկագին մի քար
Չէ շրջանակուել եթէ ոչ միայն ազնիւ ոսկու մէջ:
Անգլիայում կայ մի ոսկի դրամ`
Հրեշտակի պատկեր վրան դրոշմած.
Այնտեղ հրեշտակը ոսկու վրան է,
Այստեղ մի հրեշտակ ոսկի անկողնում պառկած է ներսը.
Տուէ՛ք բանալին, ա՛յս եմ ընտրում ես, եւ յաջողութի՜ւն:
ՊՈՐՑԻԱ
Ահա բանալին, եւ եթէ պատկերս սրա մէջ լինի,
Ես ձերն եմ, իշխան:
Բաց է անում ոսկեղէն տուփը:
ՄԱՐՈՔ
Դժո՜խք, ի՞նչ է այս, մեռելի կմա՜խք,
Եւ փոս աչքի մէջ փաթաթուած մի թո՜ւղթ:
Կարդամ գրուածը:
Կարդում է.
Ամէն փայլուն ոսկի չէ,
Յաճախ լսած կը լինես.
Շատ մարդ իր կեանքն է ծախել,
Որ լոկ տեսնէ իմ երես.
Շատ ոսկեզօծ շիրիմներ
Ներսից լի են որդունքով.
Թէ գլխիդ մէջ խելք լինէր,
Որչափ խիզախ ես հոգով,
Եթէ մարմնով դեռահաս,

Խելքով հասուն լինէիր,
Աւելի լաւ պատասխան
Պիտի անշուշտ առնէիր,
Քան այս. «Գնաս դու բարե՜ւ,
Բոլոր յոյսերդ ի դերե՜ւ»:
Այո՛, ի դերե՜ւ, եւ ջանքերս` իզո՜ւր…
Գնա՜, ջերմութի՜ւն. ե՜կ, մահուան սառո՛յց.
Մնաս բարով, Պորցիա: Խի՜ստ լիքն է սիրտս`
Քեզ երկար հրաժեշտ ասելու համար:
Այսպէս են մեկնում կորցնողները:
Դուրս է գնում իր հետեւորդներով: Փողերի ձայն:
ՊՈՐՑԻԱ
Լաւ ազատուեցինք. գնացէք, քաշէք վարագոյրները:
Երանի հէնց միշտ այս գոյնի մարդիկ ինձ այսպէս ընտրեն:
Դուրս է գնում:

Վենետիկ: Մի փողոց:
Գալիս են Սալարինոն եւ Սօլանիոն:
ՍԱԼԱՐԻՆՈ
Ես քեզ ասում եմ, որ Բասանիոյի մեկնելը տեսայ.
Եւ Գրացիանոն էլ գնաց նրա հետ:
Բայց նրանց նաւում Լորենցոն չկար:
ՍՕԼԱՆԻՈ
Անզգամ հրէան գոռում-գոչումով դուքսին զարթեցրեց
Եւ նա նրա հետ միասին գնաց,
Որ Բասանիոյի նաւը խուզարկէ:
ՍԱԼԱՐԻՆՈ
Բայց շատ ուշ հասաւ. նաւը մեկնել էր:
Եւ այնտեղ մարդիկ լուր տուին դուքսին,
Որ Լորենցիոյին իր սիրաբորբոք Ջեսիկայի հետ
Մի գօնդօլի մէջ տեսնող է եղել:
Անտօնիոն դուքսին հաւաստիք տուաւ,
Որ Բասանիոյի նաւի մէջ չէին:
ՍՕԼԱՆԻՈ
Երբեք չեմ տեսել այնպէս անհեթեթ մի կատաղութիւն,
Այնչափ այլանդակ, այնչափ քինալից, այնչափ փոփոխուն,
Ինչպէս շուն հրէի կատաղութիւնը փողոցների մէջ:
«Օ՜հ, իմ աղջի՜կս, օ՜հ, դուկատնե՜րս, օ՜հ, իմ աղջի՜կս…
Քրիստոնեայի հետ իմ տնից փախչի՜…
Օ՜հ, այն քրիստոնեայ իմ դուկատնե՜րը…
Օ՜հ, արդարութի՜ւն, օրէ՜նք, դուկատնե՜րս, օ՜հ, իմ աղջիկը…
Մի կնքուած քսակ, օ՜հ, երկո՜ւ քսակ` լի դուկատներով,
Երկդուկատներով, հարազատ աղջիկս ինձնից գողանա՜յ…
Եւ գոհարները` երկու մեծ ակներ,
Երկու թանկագի՜ն, աննմա՜ն ակներ,
Դուստրս գողանա՜յ: ဓ Օ՜հ, արդարութի՜ւն, գտէք աղջկաս.

Ակները վրան են, իմ դուկատներն էլ»:
ՍԱԼԱՐԻՆՈ
Բոլոր Վենետկի տղերքն ընկել են նրա ետեւից,
Աղաղակում են. «Օ՜հ, իմ ակներս, օ՜հ, իմ աղջիկս,
Օ՜հ, դուկատնե՜րս»:
ՍՕԼԱՆԻՈ
Թող չմոռանայ բարի Անտօնիոն իր պարտքի օրը,
Թէ ոչ` սրա տեղ նա կը վճարէ:
ՍԱԼԱՐԻՆՈ
Հա, լաւ միտս եկաւ:
Լսիր, հէնց երէկ ես խօսում էի մի ֆրանսիացու հետ,
Եւ նա ինձ պատմեց, թէ այն նեղ ծովում,
Որ բաժանում է ֆրանսիացիներին անգլիացիներից,
Մեր երկրի մի նաւ` շատ ապրանքով լի, ընկղմուել է:
Այս ասաց թէ չէ, ես միտ բերեցի մեր Անտօնիոյին:
Սրտումս ասացի` երնեկ նրանը եղած չլինի:
ՍՕԼԱՆԻՈ
Դու լաւ բան կ`անես, որ Անտօնիոյին պատմես լսածդ:
Բայց յանկարծ չասես. կարող է նրան խիստ սաստիկ ցնցել:
ՍԱԼԱՐԻՆՈ
Նրա պէս բարի եւ ազնիւ մի մարդ չկայ աշխարհում:
Ես տեսայ, երբ որ նա եւ Բասանիոն բաժանւում էին:
Բասանիոն ասաց. «Մի քիչ կը շտապեմ, որ շուտ ետ դառնամ»:
Նա պատասխանեց. «Այդպէս բան չանես.
Գործդ մի՛ աւրիր միայն իմ համար, սիրելի Բասանիո:
Այնքան կաց այնտեղ, որ հասունանայ ճիշտ ժամանակը:
Իսկ այն մուրհակը, որ հրէան ինձնից իր ձեռքումն ունի,
Թող չպղտորէ քո սիրող սիրտը: Քեզ ուրախ պահիր
Եւ բոլոր միտքդ նուիրիր միայն հարսնախօսութեան
Եւ սիրոյ այնպէս ազնիւ ցոյցերի, Ինչպէս քեզ այնտեղ պատշաճ երեւան»:
Եւ այս ասելիս, աչքերն արցունքով լցուած լինելով,
Դէմքը շուռ տուաւ եւ ձեռքը դրաւ նրա մէջքի շուրջ
Եւ սքանչելի զգայուն սիրով
Իր բարեկամի ձեռքը պինդ սեղմեց:
Այսպէս զատուեցան նրանք իրարուց:
Կարծես աշխարհը նա Բասանիոյի համար է սիրում:
Եկ գնանք, խնդրեմ, եւ գտնենք նրան
Եւ որեւիցէ զուարճութիւնով
Փարատենք նրա սրտի թախիծը:
ՍՕԼԱՆԻՈ
Այո՛, եկ գնանք:
Դուրս են գնում:

Բելմոնտ: Մի սրահ Պորցիայի տանը:
Գալիս են Ներիսան եւ մի ծառայ:ՆԵՐԻՍԱ
Շուտ, շուտ, խնդրում եմ, ետ քաշիր իսկոյն վարագոյրները:
Արագոնի իշխանն արդէն երդուել է
Եւ այս րոպէիս կը գայ ընտրելու:
Փողեր. գալիս են Արագոնի իշխանը եւ Պորցիան` իրենց հետեւորդներով:
ՊՈՐՑԻԱ
Տեսէք, այնտեղ են երեք տուփերը, յարգելի իշխան:
Եթէ այն ընտրէք, որի մէջն եմ ես,
Մեր ամուսնութեան ծէսերը իսկոյն պէտք է կատարուին.
Իսկ եթէ վրիպէք, պէտք է, ազնիւ տէր, առանց մի խօսքի
Մեկնէք այստեղից:
ԱՐԱԳՈՆ
Այո՛, երդումով պարտք եմ ստանձնել երեք բան պահել.
Առաջին` չասել որեւէ մարդու` ո՛ր տուփն եմ ընտրել.
Երկրորդ, թէ վրիպեմ իմ ընտրութեան մէջ,
Մէկ էլ իմ կեանքում ոչ մի աղջկայ ձեռքը չխնդրել.
Եւ վերջին, եթէ բախտս չօգնէ ինձ իմ ընտրութեան մէջ,
Ձեզ հրաժեշտ ասել եւ իսկոյն մեկնել:
ՊՈՐՑԻԱ
Ով որ անարժան իմ անձի համար վիճակ է քաշում,
Այդ յանձառումներն անխախտ պահելու երդում է անում:
ԱՐԱԳՈՆ
Ես էլ պատրաստ եմ: Բախտաւորութի՜ւն իմ սրտի յոյսին,
ဓ Ոսկի եւ արծաթ եւ անարգ կապար:
«Ով որ ինձ ընտրէ, պէտք է ինձ համար
Տայ եւ վտանգէ իր բոլոր կայքը»:
Աւելի սիրուն պէտք է լինէիր,
Որ բոլոր կայքս քեզ համար տայի կամ վտանգէի:Լաւ, ի՞նչ է ասում ոսկեղէն տուփը. ա՛յս մէկը տեսնենք.
«Ով որ ինձ ընտրէ, կը շահէ, ինչ որ իղձն է շատերի»:
Իղձը շատերի՞. գուցէ «շատերը» յիմար ամբոխն է,
Որ միշտ դրդւում է արտաքին ցոյցից`
Չսովորելով աւելի, քան այն,
Ինչ յիմար աչքը ուսուցանում է.
Որ երբեք ներսը չէ հետազօտում, այլ ծիծառի պէս
Բոյնը շինում է բացօթեայ տեղում, դրսի պատի վրայ,
Փորձանքի ճանկում եւ շաւղի վրայ:
Ոչ, ես չեմ ուզում ընտրել այն, ինչ որ իղձն է շատերի.
Չեմ ուզում լինել գաղափարակից հասարակ մարդկանց,
Դասուիլ բարբարոս ամբոխի շարքում:
Ես քեզ եմ գալիս, արծաթ գանձարան.
Մէկ էլ ասա ինձ` ի՛նչ է տիտղոսդ.
«Ով որ ինձ ընտրէ, նա այն կը ստանայ, որին արժան է»:
Եւ լաւ ասուած է. ինչո՞ւ մարդ ճգնի խաբել իր բախտը
Եւ հասնել պատուի, երբ արժանիքը դրոշմ չէ կրում.
Թող չհաւակնի ոչ ոք ստանձնել մի իշխանութիւն,
Որին արժան չէ: Օ՜հ, երանի թէ դիրք, պաշտօն ու փառք
Եղծ միջոցներով ձեռք չբերուէին,
Եւ անբիծ պատիւն ստացուէր միայն
Պատիւ կրողի արժանքներով. եւ այն ժամանակ
Որքա՜ն գլուխներ` այժմ անգլխարկ, պէտք է ծածկուէին,
Եւ որքա՜ն մարդիկ, որ հրամայում են, հնազանդուէին.
Որքա՜ն ստորին շինականութիւն պէտք է դուրս նետուէր
Պատուի հարազատ սերունդի միջից,
Եւ որքա՜ն պատիւ պէտք է վեր հանուէր
Ժամանակների աւերածութեան եւ յարդի միջից
Եւ նոր փայլ առնէր: Բայց գամ ընտրութեանս.
«Ով որ ինձ ընտրէ, նա այն կը ստանայ, որին արժան է»:

Ընդունում եմ այն, որին արժան եմ:
Տուէք ուրեմն ինձ սրա բանալին,
Եւ անմիջապէս բացուի թող բախտս:
Բաց է անում արծաթէ տուփը:
ՊՈՐՑԻԱ
Շա՜տ մեծ յապաղում` գտածիդ համար:
ԱՐԱԳՈՆ
Այս ի՞նչ եմ տեսնում. մի խեւի պատկեր,
Որ աչք է անում եւ մի թղթիկ է ինձ ներկայացնում:
Կարդամ գրուածը: Որքա՜ն տարբեր ես դու Պորցիայից.
Որքա՜ն տարբեր են եւ իմ յոյսերը իմ արժանիքից:
«Ով որ ինձ ընտրէ, նա այն կը ստանայ, որին արժան է»:
Միթէ՞ աւելի արժանիք չունիմ, քան մի խեւի գլուխ:
Այսքա՞ն է գինս, այսքա՞ն են միայն արժանիքներս:
ՊՈՐՑԻԱ
Յանցանքն ուրիշ է, եւ դատելն` ուրիշ.
Երկու դերեր են` իրար հակառակ:
ԱՐԱԳՈՆ
Կարդում է. «Եօթը անգամ հնոցի մէջ
Հուրը սրան փորձել է.
Այն խելացին, որ ճիշտ ընտրէ,
Եօթը բովից անցել է:
Շատ մարդիկ կան` պատրանք սիրող,
Նրանց բախտը ստուեր է,
Յիմար շատ կայ արծաթազօծ,
Սա էլ նրան ընկեր է:
Ինչպէս կին էլ որ տուն տանես,
Քեզ յարմար գլուխ լոկ ես եմ.
Դե՛հ, շուտ արա, լաւ է` մեկնես,
Երթաս բարով քեզ ասեմ»:
Աւելի խեւ կը լինեմ,
Եթէ իսկոյն չմեկնեմ.
Մէկ խեւի գլուխ ունէի,
Երբ որ եկայ ես այստեղ,
Եւ հիմա որ մեկնում եմ,
Երկուսն ունիմ մէկի տեղ:
Մնաս բարով, տիրուհի.
Երդումս լաւ կը պահեմ.
Ճակատագրիս խստութեան
Համբերութեամբ կը տանեմ:
Մեկնում է Արագոնի իշխանը` իր շքախմբով:
ՊՈՐՑԻԱ
Այսպէս, ճրագը այրեց թիթեռին:
Այս տրամաբանող խենթերն, ընտրելիս
Խելք բանեցնելով, կորցնում են խաղը:
ՆԵՐԻՍԱ
Այն հին առածը շատ պատուական է.
«Կին ու կախաղան կոյր բախտի բան է»:
Գալիս է մի ծառայ:
ԾԱՌԱՅ
Օրիորդն ո՞ւր է:
ՊՈՐՑԻԱ
Այստեղ, պարոնը ի՞նչ է հրամայում:
ԾԱՌԱՅ
Ազնիւ օրիորդ, մի վենետիկցի տղայ նոր հասաւ
Ձեր դռան առաջ: Նա իր տիրոջից առաջ է ընկել`
Նրա գալուստը յայտնելու համար,
Եւ տիրոջ կողմից շատ շօշափելի բարեւներ բերել,
Այսինքն, բացի քաղցր խօսքերից եւ յարգանքներից,
Շատ լաւ ընծաներ: Երբեք չեմ տեսել

Այսքան սիրելի սիրային դեսպան.
Երբեք չէ եկել այնքան հաճելի ապրիլի մի օր`
Աւետիս տալու, թէ մօտենում է փարթամ ամառը,
Ինչպէս այսպիսի մի առաջընթաց տիրոջ առջեւից:
ՊՈՐՑԻԱ
Բաւ է, խնդրում եմ: Այնքան գովեցիր,
Այնքան գործ դրիր տօն օրուայ խելքդ,
Որ վախենում եմ` քիչ յետոյ ասես, թէ ազգականդ է:
Եկ, եկ, Ներիսա, խիստ անհամբեր եմ`
Կուպիդոնի արագ եւ քաղաքավար պատգամաբերին
Տեսնելու համար:
ՆԵՐԻՍԱ
Բասանիո՜ն, տէ՜ր Սէր, եթէ քո կամքն է:
Դուրս են գնում:

Վենետիկ: Մի փողոց:
Գալիս են Սօլանիոն եւ Սալարինոն:

ՍՕԼԱՆԻՈ
Ասա տեսնենք, ի՞նչ լուր կայ Ռիալտոյում:
ՍԱԼԱՐԻՆՈ
Դեռ յամառօրէն շրջում է այն լուրը, թէ Անտօնիոյի նաւերից մէկը` շատ թանկագին ապրանքով, ընկղմուել է նեղուցի մէջ: Տեղի անունը կարծեմ Գուդուինս է. խիստ վտանգաւոր մի ծանծաղուտ է, որ շատերի տունն է քանդել, եւ ուր, ինչպէս պատմում են, շատ մեծ նաւերի կմախքներ կան թաղուած, եթէ միայն շաղակրատուհի Համբաւը այս անգամ ճշմարտախօս մի կին եղած լինի:
ՍՕԼԱՆԻՈ
Մաղթում եմ, որ նա այս դէպքում աւելի ստախօս եղած լինի, քան թէ բոլոր զանջաֆիլ կրծող սանամերները կամ այն պառաւները, որոնք իրենց դրացիներին ուզում են հաւատացնել, թէ իրենց երրորդ ամուսնու մեռնելու վրայ լաց են եղել: Բայց ճշմարիտն այն է, որ… ဓ առանց աւելորդաբանութեան մէջ ընկնելու եւ առանց խօսակցութեան սովորական պողոտայից խոտորուելու, ဓ որ բարի Անտօնիոն, պարկեշտ Անտօնիոն… Ի՞նչ տիտղոս ասեմ, որ նրա անունին արժանաւոր ընկեր լինի…
ՍԱԼԱՐԻՆՈ
Դէ լաւ, վերջակէտը դիր:
ՍՕԼԱՆԻՈ
Հա՛, ի՞նչ ասացիր: Այո՛, վերջաբանն այն է, որ նրա նաւերից մէկն ընկղմուել է:
ՍԱԼԱՐԻՆՈ
Երանի թէ հէնց այդ լինի նրա վերջին կորուստը:
ՍՕԼԱՆԻՈ
Շուտ ամէն ասեմ, միգուցէ սատանան աղօթքս ընդմիջէ, որովհետեւ ահա նա ինքը գալիս է մի հրէայի կերպարանքով:
Գալիս է Շայլոկը:
Հա՜, ի՞նչ կայ, Շայլոկ. ի՞նչ լուր վաճառականների մօտ:
ՇԱՅԼՈԿ
Ի հարկէ, գիտէք աղջկաս փախչելը, ի հարկէ, գիտէք, էլ ո՞վ կ`իմանար ձեզնից լաւ:
ՍԱԼԱՐԻՆՈ
Ճիշտ է: Ես, իմ կողմից, ճանաչում էի այն դերձակին, որ աղջկադ համար թեւեր շինեց, որոնցով նա թռաւ:
ՍՕԼԱՆԻՈ
Եւ Շայլոկը, իր կողմից, շատ լաւ գիտէր, որ թռչնակը թեւ էր հանել: Եւ այդ թռչունները բոլորն էլ այնպէս են ստեղծուած, որ պէտք է մի օր բոյնից թռչեն:
ՇԱՅԼՈԿ
Անիծուի՜ նա իր արածի համար:
ՍԱԼԱՐԻՆՈ
Այո՛, կ`անիծուի, եթէ դատաւորը սատանան լինի:
ՇԱՅԼՈԿ
Իմ սեփական միս ու արիւնս ըմբոստանա՞յ:

ՍՕԼԱՆԻՈ
Թո՜ւհ, երեսիդ, շնծե՛ր. այդ տարիքիդ մէջ էլ արիւնդ ըմբոստանո՞ւմ է:

ՇԱՅԼՈԿ
Ասում եմ` աղջիկս իմ սեփական միս ու արիւնն է:

ՍԱԼԱՐԻՆՈ
Քո եւ նրա մսի մէջ աւելի մեծ տարբերութիւն կայ, քան թէ սեւ ուլունքի եւ փղոսկրի մէջ. աւելի մեծ զանազանութիւն կայ քո եւ նրա արեան մէջ, քան թէ կարմիր գինու եւ Հռենոսի գինու մէջ: Բայց ասա տեսնենք, դու էլ լսե՞լ ես, որ Անտօնիոն ծովի վրայ կորուստ է ունեցել:

ՇԱՅԼՈԿ
Այդ էլ ինձ մի ուրիշ վնաս. այդ սնա՜նկը, այդ շռա՜յլը, որ հիմա չէ համարձակւում մարդկանց աչքին երեւալ Ռիալտոյում, այդ մուրացկանը, որ այնպէս կոկիկ հագնուած` շուկայ էր գալիս, թող իր մուրհակը չմոռանայ. վաշխառու էր կանչում ինձ. թող մուրհակը չմոռանայ. Քրիստոսի սիրուն փող էր պարտք տալիս. թող մուրհակը չմոռանայ:

ՍԱԼԱՐԻՆՈ
Բա՜հ, վստահ եմ, եթէ օրին չվճարէ, դու հոյ նրա մսից չե՞ս կտրելու. ի՞նչ բանի է պէտք:

ՇԱՅԼՈԿ
Ձուկ բռնելու խայծ կը լինի. ոչնչի էլ պէտք չլինի, իմ վրէժին գոնէ յագուրդ կը տայ: Ինձ խայտառակ էր անում, կէս միլիոն շահից զրկել է ինձ. վնասներիս վրայ ծիծաղում էր, վաստակներս ծաղրում էր, ազգս անարգում էր, առուտուրս խանգարում էր, բարեկամներիս պաղացնում էր, չարեկամներիս բորբոքում էր: Եւ ի՞նչ տեղիք ունէր. այն, որ ես հրէայ եմ: Ի՞նչ է, հրէան աչք չունի՞, հրէան ձեռք չունի՞, օրգաններ չունի՞, անդամներ, զգայարաններ, հակումներ, կիրքեր չունի՞, նոյն կերակրով չէ՞ սնւում. նոյն զէնքերից չէ՞ վիրաւորւում. նոյն հիւանդութիւններին ենթակայ չէ՞. նոյն դեղերով չէ՞ բժշկւում. ամառը չէ՞ շոգում, ձմեռը չէ՞ մրսում, ճիշտ, ինչպէս քրիստոնեան: Եթէ մեզ ծակէք, արիւն չի՞ դուրս գայ, եթէ խտղտացնէք, չե՞նք ծիծաղի, եթէ թունաւօրէք, չե՞նք մեռնի. եթէ մեզ անարգէք, չպէ՞տք է վրէժխնդիր լինենք: Եթէ ամէն ուրիշ բաների մէջ ձեզ նման ենք, այդ բանի մէջ էլ ձեզ նման ենք: Եթէ մի հրէայ մի քրիստոնեայի չարութիւն անէ, ո՞ւր է քրիստոնեայի անյիշաչարութիւնը: Վրէ՜ժ: Երբ մի քրիստոնեայ մի հրէայի չարութիւն անէ, ի՞նչ պէտք է լինի նրա անյիշաչարութիւնը` քրիստոնեայից օրինակ առնելով, չէ՞ որ վրէժ: Ի՛նչ անպիտանութիւն, որ ինձ սովորեցնես, ես էլ նոյնը, գործ կը դնեմ. եւ ինձնից վատ մարդ չկայ, եթէ սովորածիս վրայ մի բան էլ չաւելացնեմ:
Գալիս է Անտօնիոյի ծառան:
ԾԱՌԱՅ
Պարոններ, իմ տէրս` Անտօնիոն, տանն է եւ փափագում է ձեր երկուսիդ տեսնել:
ՍԱԼԱՐԻՆՈ
Մենք ամէն տեղ փնտրում էինք նրան:
Գալիս է Տիւբալը:
ՍԱԼԱՐԻՆՈ
Ահա մի երկրորդը` նոյն ցեղից. երրորդը գտնել սրանց հետ զուգակից` անկարելի կը լինի, եթէ սատանան ինքը հրէայ չդառնայ:
Սօլանիոն, Սալարինոն եւ ծառան դուրս են գնում:
ՇԱՅԼՈԿ
Ի՞նչ կայ, Տիւբալ. ի՞նչ լուր Ջենովայից: Աղջկաս գտա՞ր:
ՏԻՒԲԱԼ
Շատ տեղերով անցայ, ուր նրան տեսել էին, բայց գտնել չկարողացայ:
ՇԱՅԼՈԿ
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ… ադամանդս գնա՜ց… երկու հազար դուկատ էր նստել ինձ Ֆրանկֆուրտում: Անէծքը նոր է թափւում մեր ազգի գլխին. ես երբեք այնպէս չեմ զգացել այդ բանը, ինչպէս հիմա: Երկու հազար դուկատ այդտեղ եւ դեռ ուրիշ թանկագի՜ն, անգի՜ն գոհարներ: Երանի՜ թէ աղջիկս մեռած ընկնէր ոտքերիս առաջ` գոհարները ականջին: Երանի՜ թէ պատանուած ընկնէր ոտքերիս առաջ, եւ դուկատները` դագաղի մէջ: Ո՞չ մի լուր. ոչի՞նչ. եւ դեռ, ո՜վ գիտէ, որքան էլ փնտրելու համար ծախք արած կը լինես: Վա՜յ, վա՜յ, վնաս վնասի վրայ, այսինչքան գողը տարաւ, այսինչքան էլ` գողին գտնելու համար, եւ ոչ մի գոհացո՞ւմ, ոչ մի վրէ՞ժ: Ամէն ձախորդութիւն, որ գայ, պէտք է հէնց ի՞մ գլխիս գայ. ամէն մի հառաչանք, որ դուրս գայ, հէնց ի՞մ կուրծքից պէտք է դուրս գայ. ամէն արտասուք` հէնց ի՞մ աչքերից:
ՏԻՒԲԱԼ
Այո՛, ուրիշներ էլ կան` անբախտութեան հանդիպած. օրինակ` Անտօնիոն, ինչպէս Ջենովայում լսեցի…
ՇԱՅԼՈԿ  

Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ… անբախտութի՞ւն, անբախտութի՞ւն:
ՏԻՒԲԱԼ
Նրա մեծ նաւերից մէկը, որ Տրիպոլիից էր գալիս, խորտակուել է:
ՇԱՅԼՈԿ
Փա՜ռք քեզ, Աստուած , փա՜ռք քեզ: Իրա՞ւ է, իրա՞ւ է:
ՏԻՒԲԱԼ
Ես ինքս խօսեցի այդ նաւի մի քանի նաւաստիների հետ, որոնք նաւակոծութիւնից ազատուել էին:
ՇԱՅԼՈԿ
Շնորհակալ եմ, սիրելի Տիւբալ: Բարի՜ լուր, բարի՜ լուր, հա՜, հա՜… ո՞ւր, Ջենովայո՞ւմ:
ՏԻՒԲԱԼ
Ինչպէս լսեցի, աղջիկդ Ջենովայում մի գիշերուայ մէջ ութսուն դուկատ է ծախսել:
ՇԱՅԼՈԿ
Ա՜խ, դու դաշո՛յն ես խրում սրտիս մէջ: Էլ փողերիս երեսը չեմ տեսնի: Ութսո՜ւն դուկատ` մէ՛կ գիշերուայ մէ՜ջ. ութսո՜ւն դուկատ:
ՏԻՒԲԱԼ
Անտօնիոյի պարտատէրերից մի քանի հոգի ինձ հետ միասին Վենետիկ եկան: Երդում են անում, որ Անտօնիոն անպատճառ կոտր կ`ընկնի:
ՇԱՅԼՈԿ
Ինչպէ՜ս ուրախ եմ: Այնքան տանջեմ նրան, այնքան չարչարեմ, որ… Ինչպէ՜ս ուրախ եմ:
ՏԻՒԲԱԼ
Հէնց դրանցից մէկը մի մատանի ցոյց տուաւ ինձ, որ քո աղջկանից է առել եւ տեղը մի կապիկ տուել:
ՇԱՅԼՈԿ
Կրա՜կ թափուի գլխին: Դու ինձ չարչարում ես, Տիւբալ: Իմ փիրուզն էր, Լիան էր ինձ տուել, երբ դեռ չէի ամուսնացած: Մի ամբողջ անտառ կապիկների հետ չէի փոխի ես այն:
ՏԻՒԲԱԼ
Բայց Անտօնիոն հաստատ տնաքանդ է եղել:
ՇԱՅԼՈԿ
Հա՜, ճիշտ է, ճիշտ է: Գնա, Տիւբալ, գնա, մի դատարանի բարապան գտիր ինձ համար. տասնհինգ օր առաջուց ապսպրիր. եթէ օրին դրամը չվճարէ, սիրտը պէտք է դուրս հանեմ: Եթէ նա Վենետկում չլինի, ինչ առուտուր որ ուզեմ, կարող եմ անել: Գնա, գնա, Տիւբալ, եւ յետոյ եկ, ինձ սինագոգում գտիր: Գնա, բարի՛ Տիւբալ: Սինագոգո՜ւմ, Տիւբալ:
Դուրս են գնում:

Բելմոնտ: Մի սրահ Պորցիայի տանը:
Գալիս են Բասանիոն, Պորցիան, Գրացիանոն, Ներիսան եւ ծառաներ:

ՊՈՐՑԻԱ
Կեցէք, խնդրում եմ, փորձելուց առաջ մէկ-երկու օր էլ
Դեռ սպասեցէք: Սխալ ընտրելով`
Դուք ինձ կը զրկէք ձեր ընկերութիւնից: Դեռ կեցէք մի քիչ:
Սիրտս ինձ ասում է, — թէեւ սէր չէ այդ,-
Թէ ձեզ կորցնել չէի կամենայ, եւ շատ լաւ գիտէք,
Թէ ատելութիւնն այդպիսի խորհուրդ չէ տալիս երբեք:
Բայց որ միգուցէ ինձ չհասկանաք,-
Եւ սակայն լեզու չունի մի աղջիկ, այլ խոհեր միայն,-
Պիտի ուզէի մի երկու ամիս պահել ձեզ այստեղ,
Նախքան ինձ համար վիճակ քաշէիք:
Ես կարող էի սովորեցնել ձեզ, որ ուղիղ ընտրէք,
Բայց դա կը լինէր դրժել իմ ուխտը,
Եւ ես ուխտադրուժ չեմ լինի երբեք:
Այսպէս ուրեմն, կարող էք վրիպել,
Բայց եթէ վրիպէք, երանի կը տամ, որ մեղք գործէի,
Այսինքն` ուխտադրուժ եղած լինէի:
Ա՜խ, ձեր աչքերը, նրանք ինձ դիւթել, միջից կիսել են.
Մէկ կէսս ձերն է, միւս կէսս… ձերն է:
Ուզեցի ասել` միւս կէսս իմն է,
Բայց եթէ իմն է, ուրեմն ձերն է, բոլորը ձերն է:
Անպիտա՜ն աշխարհ, որ թումբ է դնում
Իրաւատերի եւ նրա արդար իրաւունքի մէջ:
Այսպէս ուրեմն, թէեւ ես ձերն եմ, դարձեալ ձերը չեմ:
Եթէ չլինեմ, թող բախտի գլխին կրակ թափուի, ո՛չ իմ:
Ի՜նչ շատ եմ խօսում, բայց շատ եմ խօսում,
Որ ժամանակը դանդաղեցնեմ, ձիգ տամ, երկարեմ
Եւ ուշացնեմ ձեր ընտրութիւնը:

ԲԱՍԱՆԻՈ
Թողէք, որ ընտրեմ:
Այսպէս, ինչպէս կամ, տանջանքի անուին կապուած եմ կարծես:

ՊՈՐՑԻԱ
Տանջանքի անուի՞ն, Բասանիո: Ուրեմն խոստովանեցէք,
Թէ ձեր սիրոյ մէջ ի՛նչ դաւ կայ խառնած:

ԲԱՍԱՆԻՈ
Ոչ մի դաւ, բացի անվստահութեան այն տգեղ դաւից,
Որ վախ է տալիս, թէ չարժանանամ սրտիս փափագին:
Այնքա՛ն կարող է սէր լինել ձիւնի եւ կրակի մէջ,
Որքան հնար է դաւաճանութեան եւ իմ սիրոյ մէջ:

ՊՈՐՑԻԱ
Բայց վախենում եմ, որ չարչարուածի խօսքեր էք խօսում,
Երբ մարդ ստիպուած ամէն բան կ`ասէ:

ԲԱՍԱՆԻՈ
Կեանք խոստացէք ինձ, եւ ես ամէն բան կը խոստովանեմ:

ՊՈՐՑԻԱ
Խոստովանեցէք եւ կեանք կը ստանաք:

ԲԱՍԱՆԻՈ
Եթէ ասէիք` խոստովանեցէք եւ սէր կը ստանաք,
Հէնց այդ կը լինէր իմ խոստովանքի բուն էութիւնը:
Անո՜յշ չարչարանք, երբ չարչարողս
Պատասխաններ է բերանս դնում, որ ինձ ազատէ:
Բայց դիմեմ բախտիս եւ այս տուփերին:
Վարագոյրները ետ են քաշում տուփերի առաջից:
ՊՈՐՑԻԱ
Առա՜ջ, ուրեմն, դրանց մէկի մէջ ամփոփուած եմ ես,
Թէ ինձ սիրում էք, դուք ինձ կը գտնէք:
Ետ կաց, Ներիսա՛, եւ դուք, միւսներդ, մէկդի քաշուեցէք:
Թող նուագ հնչուի, երբ նա ընտրում է,

Որ, եթէ վրիպի, կարապի նման վախճան ստանայ
Եւ անէանայ երաժշտութեամբ:
Բայց բաղդատումը աւելի նման դարձնելու համար
Թող իմ աչքերը գետակներ դառնան
Եւ ջուր-անկողին, ուր հոգին փչէ:
Բայց գուցէ շահէ, եւ այն ժամանակ ի՞նչ է նուագը:
Այնժամ նուագը հէնց այն ցնծալից փողահարումն է,
Երբ հաւատարիմ հպատակները գլուխ են տալիս
Նոր թագադրուած արքայի առջեւ,
Կամ ախորժալուր այն հնչիւններն են, որ արեւծագին
Զարթեցնում են քաղցր երազներով քնած փեսային,
Եւ հրաւիրում են դէպի հարսանիք:
Գնում է նա այժմ նոյնքան վեհութեամբ,
Բայց շատ աւելի սիրալից սրտով, քան Ալքիդեսը,
Երբ նա ազատեց հեծեծող Տրոյան կոյսերի տուրքից,
Որ վճարում էր ծովային հրէշին: Եւ ես եմ զոհը,
Իսկ այս կանգնողներն` դարդանեան կանայք, որոնք եկել են`
Լալագին դէմքով պայքարի ելքը դիտելու համար:
Գնա, Հերկուլես, ապրի՜ր, եւ կ`ապրեմ.
Ես շատ աւելի անձկալից սրտով նայում եմ կռուին,
Քան դու, որ գնում ես կռուի մտնելու:
Երաժշտութիւն: Մի երգ, այնինչ Բասանիոն զննում է տուփերը եւ մտմտում:
ԵՐԳ
Տարփանքն ո՞ւր է յղացւում,
Արդեօք սրտո՞ւմ, թէ՞ գլխում.
Եւ ինչպէ՞ս է նա ծնւում,
Եւ ինչո՞վ է նա սնւում:
Տուր պատասխան,
Պատասխան:
Աչքերի մէջ է ծնւում,

Հայեացքներով է սնւում
Եւ սեփական օրրանում
Հանգչում է նա ու մեռնում:
Թող ամէնքս միայանգ
Հնչեցնենք մահազանգ:
Ես սկսեմ. դինգը-դանգ:
ԱՄԷՆՔԸ
Դինգը-դանգ,
Մահազանգ:
ԲԱՍԱՆԻՈ
Արտաքին տեսքը քիչ անգամ է նոյն իր ներքինի հետ:
Աշխարհն անդադար խաբւում է զարդից:
Օրէնքի առաջ կա՞յ արդեօք մի դատ,
Որքան էլ զազիր եւ արատաւոր,
Որ ախորժելի մի ձայնի շնորհիւ բարեբանուելով`
Իր չար երեսը չստուերապատէ:
Եւ կրօնի մէջ ո՞րն է այն անարգ մոլորութիւնը,
Որ խոժոռ մի դէմք չսրբագործէ
Եւ մի սրբազան վկայութիւնով չվաւերացնէ`
Վարագուրելով անճոռնութիւնը գեղեցիկ զարդով:
Չկայ մոլութիւն, որչափ էլ յայտնի, որ իր դրսի վրայ
Առաքինութեան մի ցոյց չկրէ: Որքա՜ն երկչոտներ,
Որոնց սրտերը աւազի նման անհաստատուն են,
Մի Հերկուլեսի կամ գոռ Արէսի մօրուքն են կրում,
Բայց որոնց ներսը, եթէ մարդ քննէ,
Կաթի պէս ճերմակ մի լեարդ կը գտնէ:
Նրանք քաջութեան մազերն են կրում`
Իրենց ահարկու դարձնելու համար:
Հիմա դիտեցէք գեղեցկութիւնը,
Կը տեսնէք, որ նա քաշով է գնուած:

Այդտեղ բնութիւնը մի հրաշք է գործում,
Որքան որ կանայք ծանր են պճնանքով, թեթեւ են բարքով:
Այսպէս, այն գանգուր եւ օձապտոյտ ոսկի վարսերը,
Որոնք հողմի հետ այնպէս խօլական կայթեր են անում
Մի ենթադրուած սիրունի գլխին,
Յաճախ օժիտն են մի երկրորդ գլխի,
Իսկ ծնող գանգը վաղուց է հանգչում գերեզմանի մէջ:
Այսպէս պճնանքը խարդախ եզերքն է մի խիստ նենգ ծովի,
Շքեղ շղարշն է, որ քօղարկում է հնդիկ գեղուհուն:
Մէկ բառով ասեմ, այն առերեւոյթ ճշմարտութիւնն է,
Որ զգենում է ճարպիկ աշխարհը`
Նոյնիսկ ամենեն խելացիներին որսալու համար:
Ուրեմն, ո՜վ դու, շողշողուն ոսկի,
Կարծր կերակուր Միդասի համար, չեմ ուզում ես քեզ:
Ոչ էլ քեզ, գունատ եւ գռեհիկ ստրուկ,
Որ վազ ես տալիս մէկ մարդուց միւսին: Բայց դո՛ւ, սին կապար,
Դու, որ աւելի սպառնացող ես, քան թէ խոստացող,
Գունատութիւնդ ազդում է վրաս
Աւելի, քան թէ պերճախօսութիւն:
Քեզ եմ ես ընտրում, եւ հետեւանքը ցնծութիւն լինի:
ՊՈՐՑԻԱ
Ինչպէ՜ս իմ բոլոր միւս յուզումները ցնդում են օդը,
Կասկածոտ մտքեր, շտապ ընդգրկուած յուսահատութիւն,
Դողահար երկիւղ եւ կանաչաչուի նախանձոտութիւն:
Ո՜վ սէր, սանձիր քեզ, ամօքիր մի քիչ յափշտակութիւնդ,
Չափով անձրեւիր ուրախութիւնդ,
Մեղմացրու այսքան չափազանցութիւն,
Շատ խիստ եմ զգում քո օրհնութիւնը, պակաս արա այդ,
Միգուցէ դա ինձ հափրութիւն բերէ:
ԲԱՍԱՆԻՈ

(Բանալով կապարէ տուփը:)
Այս ի՞նչ եմ գտնում. չքնաղ Պորցիայի կենդանագի՜րը…
Ո՞ր կիսաստուածն է այսքան մօտեցել արարչի գործին.
Իրա՞ւ շարժուն են այս զոյգ աչքերը,
Թէ՞ իմ աչքերի բիբերին հեծած` շարժուն են թւում:
Ահա բաց շրթունք` շաքարէ շնչով իրարից զատուած:
Այսպիսի քաղցր բարեկամների
Հէնց մի այսպիսի քաղցր անջրպետ պէտք է բաժանէր:
Ահա, նկարիչն այս մազերի մէջ մի սարդ է դարձել
Եւ մի ոսկեթել ցանցիկ է հիւսել`
Մարդկանց սրտերը աւելի արագ ծուղակ ձգելու,
Քան մժեղներին` սարդի ոստայնը:
Եւ այս աչքե՜րը. ինչպէ՞ս է նայել, որ նկարել է:
Երբ որ նա մէկը նկարած լինէր, այդ մէկը միայն
Կարծեմ թէ այնպէս պիտի գրաւէր նրա երկուսը,
Որ ինքն անընկեր մնացած լինէր:
Եւ սակայն տեսէք, որքան որ գովեստն անբաւական է
Նրա ստուերի գնահատութեան,
Նոյնքան ստուերը ետեւ է մնում իր իսկականից:
Ահա թղթիկը, բախտիս ամփոփումն ու էութիւնը:
Կարդում է.
«Դու, որ տեսքով չընտրեցիր,
Ամէնից լաւ ջոկեցիր,
Միշտ այսպէս լաւ հանդիպես
Եւ միշտ այսպէս ճիշտ դիպես:
Արդ, որ բախտը քեզ ժպտաց,
Էլ մի՛ փնտրիր, ուրախ կաց:
Եթէ գոհ ես դու սրտով
Եւ երջանիկ այս բախտով,
Օրիորդիդ մօտեցիր,

Մի համբոյրով տէր դարձիր»:
Անուշի՜կ թղթիկ: ဓ Չքնա՜ղ օրիորդ, ձեր թոյլտուութեամբ
Գալիս եմ գրով տալ եւ առնելու:
Երբ մարտնչում են երկու ախոյեան մի մրցումի մէջ,
Մէկը, խորհելով, որ մարդկանց աչքին լաւ է դուրս եկել,
Եւ լսելով ծափ ու կեցցէների ընդհանուր գոչիւն,
Մտքով մոլորած, նայում է ապշած եւ դեռ չգիտէ,
Թէ այդ գովեստի որոտումները իրե՞նն են, թէ՞ ոչ:
Նոյն ձեւով ես էլ, չքնա՜ղ օրիորդ, կանգնած եմ այստեղ
Տարակոյսի մէջ, թէ այս տեսածս իրա՞ւ է արդեօք,
Մինչեւ ինքներդ հաստատէք, կնքէք եւ վաւերացնէք:

ՊՈՐՑԻԱ
Դուք ինձ տեսնում էք, սինեօր Բասանիո, կանգնած ձեր առաջ
Այնպէս, ինչպէս կամ: Թէպէտ եւ միայն ինքս ինձ համար
Չէի կամենայ փառասէր լինել փափագներիս մէջ,
Ոչ էլ եղածես աւելի լինել, սակայն ձեզ համար
Կը ցանկանայի դեռ հարիւր անգամ աւելի լինել
Իմ այժմ եղածից եւ հազար անգամ աւելի սիրուն,
Տասն հազար անգամ աւելի հարուստ, եւ այդ բոլորը
Միայն ձեր աչքին աւելի բարձր դասուելու համար:
Ես կը ցանկայի ձիրք ու շնորհքով, գեղեցկութիւնով,
Հարստութիւնով, բարեկամներով հաշուից դո՜ւրս լինել:
Բայց, արդ, եղածիս համագումարը փոքրիկ գումար է,
Որ, վերջիվերջոյ, հաշուելով, այս է.
Մի անուս աղջիկ` անդպրոց, անվարժ,
Երջանիկ միայն, որ այնքան ծեր չէ, որ չսովորէ,
Եւ է՛լ երջանիկ, որ գէթ ի ծնէ այնքան անմիտ չէ,
Որ սովորելու անկարող լինի.
Եւ բոլորից շատ նրանո՛վ է նա այժմ երջանիկ,
Որ իր հեզ հոգին ենթարկում է ձեզ, որ վարէք նրան

Որպէս իր տէրը, կառավարիչը եւ թագաւորը:
Անձս եւ կայքս փոխանցւում են ձեզ եւ ձերն են դառնում:
Մինչեւ այս րոպէն ես էի տէրը այս պերճ պալատի.
Ես էի տէրը իմ ծառաների, ինքս իմ թագուհին,
Բայց այս րոպէից այս տունն ու տեղը, այս ծառաները
Եւ անձս ինքը ձերն են, ո՜վ իմ տէր,
Որ տալիս եմ ձեզ այս մատանիով,
Որից երբեւէ եթէ բաժանուիք կամ կորցնէք այն,
Կամ ուրիշին տաք, թող դա գուշակէ ձեր սիրոյ մահը
Եւ իրաւունք տայ, որ ձեզ մեղադրեմ:
ԲԱՍԱՆԻՈ
Օրիորդ, դուք ինձ զրկել էք խօսքի ունակութիւնից:
Արի՛ւնս է միայն, որ խօսում է ձեզ երակներիս մէջ,
Եւ մի այնպիսի շփոթ է ընկել իմ էութեան մէջ,
Ինչպէս սիրելի մի թագաւորի սիրուն ճառից ետ
Հրճուած ու յուզուած մի ամբոխի մէջ, որ մրմնջում է,
Երբ ամէն շշուկ, ձուլուած միասին,
Դառնում է մի մեծ քաոս ոչնչի, այլ լոկ ցնծութեան`
Արտայայտուած կամ անարտայայտ:
Երբ այս մատանին զատուի այս մատից,
Կեանքն էլ այն օրը զատուած է ինձնից,
Եւ այն ժամանակ ասացէք խիզախ. «Բասանիոն մեռաւ»:
ՆԵՐԻՍԱ
Տէր եւ տիրուհի, մեր հերթն է հիմա,
Որ մէկդի կանգնած` տեսանք լրումը մեր փափագների,
Մեր հերթն է գոչել. «Բախտաւոր լինէք, տէր եւ տիրուհի,
Բախտաւոր լինէք»:
ԳՐԱՑԻԱՆՈ
Տէր իմ Բասանիո եւ ազնիւ տիկին,
Ցանկանում եմ ձեզ ամէն բերկրութիւն, որ ձեր փափագն է,

Եւ, անշուշտ, դուք ինձ նոյնը կը մաղթէք
Եւ երբ դուք վճռէք ձեր սիրոյ դաշնը հանդիսաւորել,
Խնդրում եմ` թոյլ տաք, որ հէնց նոյն օրը ես էլ պսակուեմ:

ԲԱՍԱՆԻՈ
Իմ բոլոր սրտով, երբ մի կին գտնես:

ԳՐԱՑԻԱՆՈ
Շնորհակալ եմ ձեր յարգութիւնից. այդ էլ դուք տուիք:
Իմ աչքս նոյնչափ արագատես է, որչափ որ ձերը:
Դուք, ազնիւ տէրս, տիրուհուն տեսաք, իսկ ես` նաժիշտին:
Դուք էլ սիրեցիք, ես էլ սիրեցի:
Ժամանակ վատնելն անյարմար էր ինձ, տէր իմ, ինչպէս ձեզ:
Այն տուփերից էր ձեր բախտը կախուած,
Նոյնպէս եւ իմը, ինչպէս երեւաց:
Այստեղ ես այնքան սիրաբանեցի, որ քրտինքս եկաւ,
Այնքան երդուեցի, որ քիմքս չորցաւ սիրոյ ուխտերից,
Մինչեւ ի վերջոյ այս սիրունիկից խոստում ստացայ. —
Եթէ խոստումը վերջնական բան է, որ իր սիրտն ինձ տայ,
Պայմանով միայն, որ իր տիրուհին ձեզ վիճակ ընկնի:

ՊՈՐՑԻԱ
Ճի՞շտ է, Ներիսա:

ՆԵՐԻՍԱ
Այո՛, տիրուհիս, եթէ հաւան էք:

ԲԱՍԱՆԻՈ
Իսկ դու, Գրացիանո, լո՞ւրջ է ասածդ:

ԳՐԱՑԻԱՆՈ
Ազնիւ խօսք, տէր իմ:

ԲԱՍԱՆԻՈ
Ձեր ամուսնանալն պատիւ կը լինի մեր հարսանիքին:

ԳՐԱՑԻԱՆՈ
(Ներիսային:) Եկ, հազար դուկատ թող գրաւ դնենք,

Թէ մենք կ`ունենանք առաջին տղան:
Բայց ո՞վ է գալիս, ահա Լորենցոն եւ իր հրէուհին:
Բա՜հ, վենետիկցի իմ հին բարեկամ սինեօր Սալերիոն:
Գալիս են Լորենցոն, Ջեսիկան եւ Սալերիոն:

ԲԱՍԱՆԻՈ
Բարեւ, Լորենցո, բարեւ, Սալերիո, բարով էք եկել,
Եթէ այս տան մէջ նոր շահած դիրքս իրաւունք տայ ինձ`
Ձեզ բարի գալուստ բարեմաղթելու: Ձեր թոյլտուութեամբ,
Անուշիկ Պորցիա, այս հայրենակից բարեկամներիս
Բարի գալուստ եմ ասում ձեր տանը:

ՊՈՐՑԻԱ
Եւ ես էլ` ձեզ հետ, բարով էք եկել, շատ եւ շատ բարով:

ԼՈՐԵՆՑՈ
Շնորհապարտ եմ ձերդ յարգութեան: Թէ ինձ հարցնէք,
Ես միտք չունէի ձեզ այցի գալու.
Բայց հանդիպելով Սալերիոյին ճանապարհի վրայ`
Նա ինձ ստիպեց, այնքան, որ մերժել չկարողացայ
Իր հետ այստեղ գալ:

ՍԱԼԵՐԻՈ
Այո՛, այդպէս է, եւ դրա համար պատճառ ունէի.
Սինեօր Անտօնիոն բարեւում է ձեզ:
Տալով մի նամակ:

ԲԱՍԱՆԻՈ
Նախքան բանալս ասացէք, խնդրեմ,
Ազնիւ բարեկամս ինչպէ՞ս է արդեօք:

ՍԱԼԵՐԻՈ
Հիւանդ չէ, տէր իմ, այլ հոգով միայն.
Ոչ էլ լաւ, տէր իմ, այլ հոգով միայն.
Նամակը կ`ասէ նրա վիճակը:
Բասանիոն կարդում է նամակը:

ԳՐԱՑԻԱՆՈ
Ներիսա, գնա այն օտարուհուն լաւ հիւրընկալիր:
ဓ Ձեռքդ, Սալերիո, ի՞նչ լուր Վենետիկից:
Ինչպէ՞ս է արդեօք մեր արքունական վաճառականը,
Բարի Անտօնիոն: Վստահ եմ, որ շատ ուրախ կը լինի`
Մեր յաջողութեան լուրը լսելով:
Մենք Եասոններ ենք, շահել ենք գեղմը:ՍԱԼԵՐԻՈ
Երնե՜կ այն գեղմը շահած լինէիք, որ նա կորցրել է:ՊՈՐՑԻԱ
Պէտք է այն թղթում մի վատ լուր լինի,
Որ Բասանիոյի երեսի գոյնը այսպէս գողացաւ:
Գուցէ սիրելի մի բարեկամի մեռնելու լուրն է,
Այլապէս ոչինչ չէր կարող այսքան
Մի սրտոտ մարդու հոգին այլայլել:
Ի՞նչ է, աւելի եւ աւելի՞ վատ:
Թոյլ տուր, Բասանիո, չէ՞ որ քո կէսն եմ,
Եւ այս նամակի բերածի կէսը պէտք է ինձ հասնի:

ԲԱՍԱՆԻՈ
Օ՜հ, քաղցրիկ Պորցիա, այնպէս անախորժ բառեր կան այստեղ,
Որոնց նմանը չէ երբեւիցէ մրոտել թուղթը:
Առաջին անգամ, երբ որ ես սէրս խոստովանեցի,
Ասացի ձեզ պարզ, թէ իմ ունեցած հարստութիւնը
Երակներիս մէջ հոսող արիւնն է: Սակայն եւ այնպէս,
Ազնիւ օրիորդ, ինքս ինձ ոչինչ գնահատելով`
Տեսէք` դեռ որքա՜ն սնապարծ էի:
Երբ ձեզ յայտնեցի, թէ իմ ունեցած կայքը ոչինչ է,
Պէտք է ասէի` ոչնչից քիչ է, քանզի ես ինքս
Ինձ գրաւ եմ դրել իմ ամենալաւ բարեկամիս մօտ,
Եւ բարեկամիս` ամենադաժան իր թշնամու մօտ,

Որ դրամ գտնեմ: Ահա մի նամակ, անուշ օրիորդ,
Որի թուղթն, ասես, իմ բարեկամի մարմինը լինի,
Եւ ամէն մի բառ` լայներախ մի վէրք,
Որից հոսում է կեանքի արիւնը: Ճի՞շտ է, Սալերիո,
Որ նրա սպասած բոլոր նաւերից ոչ մէկը՞ չեկաւ.
Եւ ո՞չ մի հատը, ո՞չ Տրիպոլիից, ո՞չ Մեքսիկոյից,
Ո՞չ Անգլիայից, ո՞չ Լիսաբոնից, ո՞չ Բարբարիայից,
Ո՞չ Հնդկաստանից, ո՞չ մէկը խոյս տալ չկարողացաւ
Վաճառականի տունը կործանող քարաժայռերից:

ՍԱԼԵՐԻՈ
Ոչ մէկը, տէր իմ: Բացի դրանից,
Եթէ հարկ եղած դրամն էլ ունենար իր պարտքի համար,
Երեւի հրէան չպիտի առնէր:
Երբեք չեմ տեսել դեռ մի արարած` մարդկային դէմքով,
Որ մի այլ մարդու կործանման համար
Այնքան կատաղի եւ դաժան լինէր:
Ցերեկ ու գիշեր դուքսին անդադար գանգատ է անում
Եւ մեր պետութեան ազատութիւնը ամբաստանում է,
Եթէ, ասում է, դատաստան չարուի: Քսան վաճառական
Եւ դուքսը ինքը եւ ամենամեծ մագնիֆիկոներն
Ամէնքն ուզել են նրան համոզել,
Բայց դեռ ոչ մէկը չի կարողացել կասեցնել նրան
Իր այն մուրհակի, գրուած տուգանքի եւ արդարութեան
Քինոտ պահանջից:
ՋԵՍԻԿԱ
Երբ ես տանն էի, յաճախ լսել եմ,
Որ նա երդւում էր ցեղակից Քուշի եւ Տիւբալի մօտ,
Թէ կը նախընտրէ Անտօնիոյից կտրուած միսը,
Քան իր ունեցած ստանալիքի քսան անգամը:
Եւ գիտեմ, տէր իմ, որ եթէ օրէնքն, իշխանութիւնը

Եւ բռնի ուժը չսանձեն նրան,
Խեղճ Անտօնիոյի բանը շատ վատ է:
ՊՈՐՑԻԱ
Եւ ձեր սիրելի մի բարեկա՞մն է այս նեղութեան մէջ:
ԲԱՍԱՆԻՈ
Բարեկամներիս ամենաթանկը, լաւագոյն մարդը,
Ամենեն բարի եւ անխոնջ հոգին`
Մարդկանց լաւութիւն անելու համար:
Մի մարդ, որի մէջ հին հռովմայեցու ազնուութիւնը
Փայլում է, ինչպէս ոչ մի մարդու մէջ ողջ Իտալիայում:
ՊՈՐՑԻԱ
Եւ նա հրէային ի՞նչ գումար է պարտ:
ԲԱՍԱՆԻՈ
Իմ համար պարտ է երեք հազար դուկատ:
ՊՈՐՑԻԱ
Ինչպէ՞ս, հէնց այդքա՞ն:
Վեց հազար տուէք եւ մուրհակն առէք:
Կրկնապատկեցէք այդ վեց հազարը, եռապատկեցէք
Եւ մի՛ յօժարուիք, որ Բասանիոյի յանցանքի համար
Այդքան պատուական մի բարեկամի մի մազին դիպչեն:
Եկ, ինձ հետ գնանք նախ եկեղեցի եւ ամուսնանանք:
Յետոյ շուտ մեկնիր դէպի Վենետիկ` բարեկամիդ մօտ:
Անհանգիստ հոգով չպէտք է պառկես Պորցիայի կողքին:
Այնքան ոսկի առ, որ քսան անգամ այդ չնչին պարտքը
Իսկոյն վճարես, վճարելուց ետ`
Քո հաւատարիմ բարեկամիդ էլ վեր առ, բեր այստեղ:
Մինչ այն իմ նաժիշտ Ներիսան եւ ես կը սպասենք այստեղ
Իբրեւ աղջիկներ կամ թէ այրիներ:
Եկ գնանք ուրեմն, ամուսնութեանդ օրը չլրուած`
Պէտք է այստեղից ճանապարհ ընկնես:

Բարեկամներիդ լաւ հիւրասիրիր, ուրախ դէմք ցոյց տուր:
Հիմա որ այսքան դու թանկ ես գնուած, թանկ ես ինձ համար,
Բայց բարեկամիդ նամակն ինձ համար կարդայ, խնդրում եմ:
ԲԱՍԱՆԻՈ
Կարդում է. «Սիրելի Բասանիո, բոլոր նաւերս փորձանքի են հանդիպել: Պարտատէրերս անողորմ են դառնում. հարստութիւնս ոչնչացել է. հրէային տուած մուրհակիս ժամանակն անցել է. եւ որովհետեւ տուգանքը վճարելով` անկարելի է, որ կենդանի մնամ, ուրեմն թող ասեմ, որ քո եւ իմ մէջ ամէն պարտք հատուցուած է, միայն թէ կարողանամ մեռնելուց առաջ քեզ վերջին անգամ տեսնել: Բայց եւ այնպէս, արա, ինչպէս քեզ հաճոյ է: Եթէ սէրդ քեզ չդրդէ գալ, թող այս նամակը չդրդէ»:
ՊՈՐՑԻԱ
Ա՜հ, սիրակա՛նս, թող, թող ամէն բան եւ իսկոյն մեկնիր:
ԲԱՍԱՆԻՈ
Քանի որ այսքան բարեսրտօրէն ինձ թոյլ ես տալիս,
Կը շտապեմ մեկնել. եւ մինչեւ դարձս
Ոչ մի անկողին ինձ ուշացնելու կարող չի լինի,
Եւ ոչ մի հանգիստ մեր երկուսի մէջ պատուար չի դառնայ:
Դուրս են գնում: Վենետիկ: Մի փողոց:
Գալիս են Շայլոկը, Սալարինոն, Անտօնիոն եւ բանտապահը:

ՇԱՅԼՈԿ
Բանտապահ, զգո՜յշ: Լաւ հսկիր վրան, մի խօսիր գութից:
Սա այն յիմարն է, որ ձրիապէս փող էր պարտք տալիս:
Բանտապահ, զգո՜յշ:

ԱՆՏՕՆԻՈ
Բայց ականջ դիր ինձ, դու բարի Շայլոկ:

ՇԱՅԼՈԿ
Մուրհակս եմ ուզում: Ոչինչ մի՛ խօսիր մուրհակիս ընդդէմ:
Երդում եմ արել, որ իմ մուրհակի տուգանքն ստանամ:
Դո՛ւ էիր, որ ինձ շուն էիր կանչում առանց պատճառի.
Հիմա, որ շուն եմ, զգոյշ կաց ուրեմն իմ ատամներից.
Դուքսն ինձ անպատճառ իրաւունք կը տայ:
ဓ Շատ եմ զարմանում, դու վատ բանտապահ, որ այնքան խենթ ես,
Որ սրա խօսքով դուրս ես գնում իր հետ:

ԱՆՏՕՆԻՈ
Խնդրում եմ, լսիր, թող մի բառ ասեմ:

ՇԱՅԼՈԿ
Մուրհակս եմ ուզում: Չեմ ուզում խօսես.
Մուրհակս եմ ուզում. ուրեմն ոչինչ մի՛ խօսիր ինձ հետ:
Չես կարող դու ինձ այն փափուկ սրտով, տխուր աչքերով
Խենթերից դարձնել, որ գլուխ շարժեմ, գթամ, ախ քաշեմ,
Զիջեմ քրիստոնեայ բարեխօսներին:
Մի՛ հետեւիր ինձ. ի՞նչ պէտք խօսելու: Մուրհակս եմ ուզում:
ՍԱԼԱՐԻՆՈ
Երբեք այսպիսի քարասիրտ մի շուն տեսնուած չէ դեռ`
Մարդկանց մէջ ապրող:
ԱՆՏՕՆԻՈ
Բաց թողէք դրան:

Էլ աւելորդ է` զուր աղաչանքով հետեւեմ դրան:
Նա կեանքս է ուզում, եւ շատ լաւ գիտեմ, թէ ինչո՛ւ համար.
Շատերին եմ ես արդէն ազատել այդ տուգանքներից,
Երբ ինձ դիմել են օգնութեան համար:
Ա՛յդ պատճառով է, որ ինձ ատում է:ՍԱԼԱՐԻՆՈ
Վստահ եմ, դուքսը այսպիսի տուգանք չի վաւերացնի:ԱՆՏՕՆԻՈ
Դուքսը չէ կարող մերժել օրէնքի ազատ ընթացքը,
Եւ եթէ խախտուի այն առեւտուրի ազատութիւնը,
Որ վայելում են օտարականներն այստեղ` Վենետկում,
Դա մեր պետութեան արդարութիւնը վարկաբեկ կ`անէ.
Եւ քաղաքի շահն ու առեւտուրը
Կախում ունի միշտ բոլոր ազգերից:
Գնացէք ուրեմն: Իմ այսքան ցաւերն ու վնասները
Արդէն ինձ այնպէս հալել-մաշել են, որ վաղը հազիւ
Մի ֆունտ միս մնայ իմ արիւնախանձ պարտատիրոջը:
Գնանք, բանտապահ: Ա՜խ, Բասանիոն գա՜ր,
Եւ աչքով տեսնէր` ինչպէս իր պարտքը վճարում եմ ես:
Այնուհետ ի՞նչ փոյթ:
Դուրս են գնում:

Բելմոնտ: Մի սենեակ Պորցիայի տան մէջ:
Գալիս են Պորցիան, Ներիսան, Լորենցոն, Ջեսիկան եւ Բալթազարը:

ԼՈՐԵՆՑՈ
Տիկին, թէպէտեւ անյարմար բան է ձեր առաջ ասել.
Դուք շատ վեհ եւ ճիշտ ըմբռնում ունիք
Աստուածանման բարեկամութեան.
Եւ դրա զօրեղ ապացոյցն այն է,
Որ ձեր ամուսնու բացակայութիւնն այսպէս տանում էք:
Եթէ գիտենաք, որ ո՛ւմն էք անում այդպիսի պատիւ,
Թէ ի՛նչ իսկական ազնուականի օգնութեան հասաք,
Թէ ի՛նչ սրտակից բարեկամ է նա ձեր ամուսնու հետ,
Գիտեմ, աւելի հպարտ կը լինէք ձեր այս արածով,
Քան մի առօրեայ բարեգործութեամբ:

ՊՈՐՑԻԱ
Երբեք մի բարիք գործելուս համար դեռ չեմ զղջացել.
Այժմ էլ չեմ զղջայ: Երբ երկու ընկեր միասին ապրում
Եւ ժամանակ են վատնում միասին
Եւ սիրոյ լուծը միասին քաշում,
Պէտք է անպատճառ դիմագծերի, բարքի, բնոյթի
Մեծ նմանութիւն լինի նրանց մէջ.
Եւ հէնց այդ բանից մակաբերում եմ,
Որ այն Անտօնիոն, որ իմ ամուսնուս սերտ սրտակիցն է,
Պէտք է ամուսնուս շատ նման լինի:
Եթէ այդպէս է, որքա՜ն չնչին է ուրեմն այն գինը,
Որ վճարել եմ` այն դժոխային անգթութիւնից
Հոգուս նմանին փրկելու համար:
Բայց այս խօսքերս շատ են մօտենում ինքնագովութեան.
Ուրեմն այս մասին ոչի՜նչ այլեւս, ուրիշ բան լսէք:
Լորենցո, իմ տան տնտեսութիւնը եւ վարչութիւնը
Ես ձեզ եմ յանձնում մինչեւ ամուսնուս վերադառնալը.
Իսկ ես գաղտնապէս մի ուխտ եմ արել երկնքի առաջ,
Որ ինձ նուիրեմ սուրբ խոկումների եւ աղօթքների
Այս Ներիսայի ընկերակցութեամբ` մինչեւ այն օրը,
Որ մեր երկուսիս ամուսինները տուն վերադառնան:
Մի մենաստան կայ` լոկ երկու մղոն այստեղից հեռու.
Մենք այնտեղ կ`ապրենք: Խնդրեմ չմերժէք տանել այս բեռը,
Որ հարկն ու սէրս պարտադրում են ձեզ:

ԼՈՐԵՆՑՈ
Ամենայն սիրով,
Ձեր բոլոր բարի հրամաններին հնազանդ կը լինեմ:

ՊՈՐՑԻԱ
Ծառաներս արդէն գիտեն իմ միտքը
Եւ կ`ընդունեն ձեզ եւ Ջեսիկային
Սինեօր Բասանիոյի եւ իմ փոխարէն:
Այսպէս ուրեմն, մնացէք բարով եւ ցտեսութիւն:

ԼՈՐԵՆՑՈ
Բարեբաստ ժամեր եւ սիրուն խոհեր ձեզ ընկեր լինեն:

ՋԵՍԻԿԱ
Բարի կատարում ձեր ազնուութեան բոլոր իղձերին:
ՊՈՐՑԻԱ
Շնորհակալ եմ ձեր այդքան բարի մաղթանքի համար,
Եւ բոլոր սրտով միեւնոյնը` ձեզ: Մնաս բարով, Ջեսիկա:
Ջեսիկան եւ Լորենցոն դուրս են գնում:
Այժմ, Բալթազար, ինչպէս ես քեզ միշտ գտել եմ պարկեշտ
Եւ հաւատարիմ, այսուհետեւ էլ թող նոյնպէս գտնեմ:
Առ այս նամակը, գործ դիր մարդկային ամէն ջանք ու ճիգ,
Որ մի րոպէ շուտ հասնես Պադովա եւ այս նամակը
Յանձնես քո ձեռքով դոկտոր Բելլարիո իմ ազգականին.
Եւ, լաւ ուշ դիր ինձ, ի՛նչ թուղթ եւ հագուստ որ նա յանձնէ քեզ,
Բեր, որքան փութով որ կարելի է երեւակայել,

Այն կայարանը, ուրկից տանում է լաստը Վենետիկ:
Դե՜հ, ժամավաճառ մի լինիր խօսքով, այլ մեկնիր իսկոյն:
Ես քեզնից առաջ այնտեղ կը լինեմ:ԲԱԼԹԱԶԱՐ
Տիկին, մեկնում եմ ամենայն փութով:ՊՈՐՑԻԱ
Գնանք, Ներիսա, մի բան եմ սարքել, որ դեռ չգիտես:
Մեր էրիկներին շատ աւելի շուտ պիտի հանդիպենք,
Քան թէ կարծում են:

ՆԵՐԻՍԱ
Եւ նրանք էլ` մե՞զ:

ՊՈՐՑԻԱ
Այո՛, Ներիսա, միայն այնպիսի զգեստների մէջ,
Որ պիտի կարծեն, թէ մենք էլ ունինք, ինչ մեզ պակաս է:
Ամէն բան քեզ հետ գրաւ կը դնեմ,
Երբ մենք երկուսս տղամարդու պէս հագնուած լինենք,
Որ ես քեզանից սիրուն կը լինեմ,
Քեզնից աւելի քաջ մարդու ձեւով դաշոյն կը կրեմ,
Այնպէս կը խօսեմ, ինչպէս դեռահաս պատանիները,
Երբ նոր են անցնում տղայութիւնից տղամարդութեան.
Եղէգի ձայնով: Երկու փոքր քայլ այնպէս կը փոխեմ,
Որ մի առնական քայլափոխ դառնայ.
Վէճից կը խօսեմ եւ կռիւներից,
Մի մեծ-մեծ բրդող քաջ պատանու պէս.
Փոքրիկ, գեղեցիկ սուտեր կը շինեմ,
Թէ ինչպէս այնքան պատուաւոր կանայք գժուել են վրաս,
Բայց իմ մերժումից հիւանդացել են եւ ցաւից մեռել:
Ե՛ս ի՞նչ անէի. յետոյ կը զղջամ,
Կ`ասեմ, չպէտք է նրանց մեռնելուն պատճառ դառնայի:
Քսան այսպիսի մանր ու մունր սուտեր կը պատմեմ մարդկանց,

Այնպէս որ նրանք երդում էլ կ`անեն, թէ մէկ տարի կայ,
Որ ես ուսումս կիսաւարտ թողի:
Մտքիս մէջ հազար խենթ ու խօլ խաղեր
Եւ տղայական չարութիւններ կան, որ պիտի անեմ:
Եկ, քեզ կը պատմեմ իմ ծրագիրը,
Երբ մտնենք կառքը, որ սպասում է այգու դռանը:
Շտապիր, գնանք: Պէտք է հէնց այսօր
Գէթ քսան մղոն ճանապարհ կտրենք:
Գնում են:

Բելմոնտ: Մի պարտէզ:
Գալիս են Լանսըլոտը եւ Ջեսիկան:

ԼԱՆՍԸԼՈՏ
Այո, էդպէս է: Որովհետեւ, տեսէք, հայրերի մեղքը դրւում է զաւակների վրայ: Դրա համար է, հաւատացէք, որ վախենում եմ ձեզ համար: Ես ձեզ հետ միշտ պարզ եմ խօսել. հիմա էլ իմ գաղափարս եմ ասում էդ հարցի վրայ: Ուրեմն ուրախ կացէք, որովհետեւ, անկեղծը, կարծում եմ, թէ դուք դժոխք էք գնալու: Մէկ յոյս միայն կայ, որ կարող է ձեզ մի քիչ օգնել, էն էլ մէկ տեսակ անհարազատ յոյս է:

ՋԵՍԻԿԱ
Ի՞նչ յոյս է դա, ասա խնդրեմ:

ԼԱՆՍԸԼՈՏ
Էն, որ պէտք է մի քիչ յոյս ունենաք, որ ձեր հէրը ձեր հէրը չի. ուզում եմ ասել, որ դուք ջհուդի աղջիկը չէք:

ՋԵՍԻԿԱ
Այդ դէպքում իսկապէս դա անհարազատ յոյս կը լինէր. այդ դէպքումն էլ մօրս մեղքերը կըդրուին ուսերիս:

ԼԱՆՍԸԼՈՏ
Էդ էլ ճիշտ է: Ուրեմն վախենում եմ, որ դուք թէ՛ հօր կողմից էք դժոխք գնալու, թէ՛ մօր կողմից: Էսպէս, երբ որ փախչում եմ Սիլլայից, այսինքն` ձեր հօրից, ընկնում եմ Քարիբդի մէջ, այսինքն` ձեր մօր մէջ: Երկու կողմից էլ կորած էք:

ՋԵՍԻԿԱ
Որ այդպէս է, ամուսնուս շնորհիւ կը փրկուիմ. նա ինձ քրիստոնեայ է դարձրել:

ԼԱՆՍԸԼՈՏ
Ճիշտն ասած` շատ վատ բան է արել: Մենք` քրիստոնեաներս, բաւական շատուոր էինք արդէն. հազիւ էինք կարողանում քով քովի հաշտ ապրել: Էս քրիստոնեայ շատացնելը խոզի գինը կը բարձրացնի: Եթէ ամէնքս խոզակեր դառնանք, շատ չի քաշիլ, աշխարհքի փողն էլ որ տանք, մէկ կտոր խոզի ճարպ չենք կարող գտնել, որ կրակի վրայ խորովենք:
Գալիս է Լորենցոն:

ՋԵՍԻԿԱ
Հիմա, Լանսըլոտ, ասածներդ ամուսնուս կը պատմեմ: Ահա գալիս է:

ԼՈՐԵՆՑՈ
Ի՞նչ ես կնոջս քաշ տալիս անկիւնները, Լանսըլոտ: Դու ինձ շուտով խանդոտ կը դարձնես:

ՋԵՍԻԿԱ
Չէ, Լորենցո, պէտք չունիս մեզնից վախենալու. Լանսըլոտն ու ես իրարուց խռովել ենք: Առանց այլեւայլի նա ինձ ասում է, թէ երկնքում ինձ համար ողորմութիւն չկայ, քանի որ հրէայի աղջիկ եմ: Ասում է, թէ դու էլ հասարակութեան լաւ անդամը չես, որովհետեւ հրէաներին քրիստոնեայ անելով` խոզի միսը թանկացնում ես:

ԼՈՐԵՆՑՈ
Ես դրա պատասխանը աւելի լաւ կը տամ հասարակութեանը, քան թէ դու, որ այն նեգրուհու փորը լցրել ես: Մաւրուհին յղի է քեզանից, Լանսըլոտ:
ԼԱՆՍԸԼՈՏ
Լիքը փորը դատարկ փորից լաւ է:
ԼՈՐԵՆՑՈ
Ինչպէ՜ս ամէն յիմար կարող է բառախաղ անել: Կարծեմ շատ չի քաշի, խելքը չխօսելու մէջ կը կայանայ, եւ խօսելը թութակների համար միայն գովելի կը լինի: Ներս գնա, տղայ, եւ ասա, որ պատրաստուին ընթրիքի համար:
ԼԱՆՍԸԼՈՏ

Արդէն պատրաստ են, քանի որ ամէնքն էլ ստամոքս ունին:

ԼՈՐԵՆՑՈ
Տէ՜ր իմ Աստուած , ի՜նչ ես ընկել սրախօսութեան ետեւից: Ուրեմն ասա, որ ընթրիքը պատրաստեն:

ԼԱՆՍԸԼՈՏ
Էդ էլ պատրաստ է, պարոն: Պէտք է ասել` սեղանը շիտկեն:

ԼՈՐԵՆՑՈ
Լաւ, ասա` շիտկեն:

ԼԱՆՍԸԼՈՏ
Չէ, պարոն, էդ էլ չեղաւ: Ծուռ հոյ չի՞, որ շիտկեն:

ԼՈՐԵՆՑՈ
Էլի մի բան գտաւ ասելու: Ի՞նչ է, ուզում ես խելքիդ բոլոր տոպրակը մէկ անգամի՞ց դատարկել: Խնդրեմ, մի պարզ մարդու խօսքը պարզ մտքով հասկանաս, գնա ընկերներիդ մօտ, ասա` սեղանը կարգի դնեն, կերակուրը բերեն, մենք էլ գալիս ենք ընթրելու:

ԼԱՆՍԸԼՈՏ
Ինչ սեղանին է վերաբերում, պարոն, սեղանը կը բերուի. ինչ կերակրին է վերաբերում, կերակուրը կարգի կը դրուի. ինչ ձեր գալուն է վերաբերում, պարոն, էդ էլ կախուած է ձեր կամքից ու դրամատերութիւնից:
Գնում է:

ԼՈՐԵՆՑՈ
Խե՜ղճ ողջմտութիւն, ինչպէ՜ս բառերը իրար է խառնում:
Այս խեղկատակը բառախաղերի մի ամբողջ բանակ
Տեղաւորել է յիշողութեան մէջ.
Եւ շատ այսպիսի յիմարներ գիտեմ` աւելի դիրքով,
Որոնք սրա պէս պաշար են դիզել
Եւ որեւէ փուչ սրախօսութեան զոհում են նիւթը:
ဓ Ինչպէ՞ս ես, Ջեսիկա, եկ, անուշիկս, ասա կարծիքդ.
Ինչպէ՞ս ես գտնում մեր Բասանիոյի կնոջը, հոգիս:
ՋԵՍԻԿԱ
Ամէն բառից վե՜ր: Հիմա պատշաճ է`
Սինեօր Բասանիոն օրինակելի մի կեանք ունենայ:
Գտած լինելով այսպիսի օրհնենք իր կողակցի մէջ`
Ունի երկնային բարեբախտութիւն այս երկրի վրայ.
Եւ եթէ նա այդ չգնահատէ այս երկրի վրայ,
Ուրեմն կ`արժէ, որ նա երկնքի երես չտեսնէ:

Թէ երկու Աստուած երկնային մի գրաւ ուզէին բռնել,
Եւ գրաւականը երկու երկրածին կանայք լինէին,
Եւ Պորցիան լինէր երկուսից մէկը,
Պէտք է միւսի վրայ մի բան բարդէին,
Քանզի այս խղճուկ, կոպիտ աշխարհը
Չունի մի այլը` նրան զուգակից:

ԼՈՐԵՆՑՈ
Ես էլ քեզ համար այնպէս պատուական մի ամուսին եմ,
Ինչպէս նա` մի կին:

ՋԵՍԻԿԱ
Հը՜, ինձնից հարցրու:

ԼՈՐԵՆՑՈ
Յետոյ կը հարցնեմ. նախ գնանք, ընթրենք:
ՋԵՍԻԿԱ
Ոչ, թող քեզ գովեմ, քանի տակաւին ախորժակ ունիմ:
ԼՈՐԵՆՑՈ
Ոչ, ոչ, խնդրում եմ: Թող դա սեղանի զրոյցը լինի,
Ինչ էլ որ ասես, կարող եմ մարսել միւս բաների հետ:
ՋԵՍԻԿԱ
Լաւ, եւ կը տեսնես` ի՜նչ գովեստ կը տամ:
Գնում են:

Վենետիկ: Դատարանի սրահում:
Գալիս են դուքսը, մագնիֆիկոները, Անտօնիոն, Բասանիոն, Գրացիանոն, Սալերիոն եւ ուրիշները:

ԴՈՒՔՍ
Էհէ՜յ, Անտօնիոն այստե՞ղ է արդեօք:

ԱՆՏՕՆԻՈ
Պատրաստ է, տէր իմ, ձեր ծառայութեան:

ԴՈՒՔՍ
Ցաւում եմ վրադ: Քարէ սիրտ ունի հակառակորդդ.
Հակամարդկային մի թշուառական,
Որ գութ զգալու անընդունակ է
Եւ ողորմութեան ամէն կաթիլքից զուրկ եւ անբաժին:

ԱՆՏՕՆԻՈ
Ինչպէս լսել եմ, ձեր բարձրութիւնը շատ ճիգ է թափել`
Նրա անողոք դատավարումը մեղմելու համար.
Բայց քանի որ նա անդրդուելի է,
Եւ օրինական մի միջոց չկայ`
Ինձ նրա ոխից փրկելու համար,
Ես հակադրում եմ համբերութիւնս նրա կատաղութեան
Եւ զինուած հոգու անդորրութիւնով` պատրաստ եմ կրել
Նրա չար հոգու բոլոր բռնութիւնն ու ժանտութիւնը:

ԴՈՒՔՍ
Թող մի մարդ գնայ եւ այն հրէային դատարան կանչէ:

ՍԱԼԵՐԻՈ
Նա դռան առաջ պատրաստ կանգնած է: Գալիս է, տէր իմ:
Գալիս է Շայլոկը:

ԴՈՒՔՍ
Տեղ տուէք դրան, եւ թող գայ, կանգնի այստեղ` մեր հանդէպ:
ဓ Շայլոկ, ամէնքը այնպէս են կարծում, ես էլ` նրանց պէս,
Որ դու վճռել ես այս ոխիդ ցոյցը տանել հասցնել
Մինչ արարուածի վերջին վայրկեանը. յետոյ, կարծում են,

Դու արգահատանք եւ գութ ցոյց կը տաս` նոյնչափ անսովոր,
Որչափ առերես այս անգթութիւնդ արտասովոր է:
Եւ մինչդեռ հիմա տուգանքն ես ուզում,
Այսինքն` այն խեղճ վաճառականի մարմնից մի ֆունտ միս,
Յետոյ ոչ միայն կը ներես դու այդ,
Այլեւ դրդուելով մարդասիրական զգացումներից`
Մայր գումարից էլ կէսը կ`ընծայես`
Գթալից աչքով նայելով բոլոր այն փորձանքներին,
Որոնք վերջերս թափուել են այնպէս այն մարդու գլխին
Եւ մի արքունի վաճառականի գետին են զարկել:
Նրա վիճակը գութ է դուրս քաշում
Պղինձ կուրծքերից եւ ժայռ սրտերից,
Անխիղճ թուրքերից եւ թաթարներից,
Որոնք անվարժ են ամէն սիրալիր մարդավարութեան:
Բոլորս քեզնից անուշ պատասխան ակնկալում ենք:

ՇԱՅԼՈԿ
Յայտնել եմ արդէն ձերդ բարձրութեան, թէ ի՛նչ միտք ունիմ,
Եւ երդում արել մեր սուրբ շաբաթով`
Առնել մուրհակիս ստանալիքը, այն է` տուգանքը:
Եթէ դուք մերժէք, թող փորձանք իջնէ
Ձեր օրէնքների եւ ձեր քաղաքի ազատութեան վրայ:
Կը հարցնէք ինձ, թէ ինչու համար գերադասում եմ
Մի քաշ լեշի միս, քան երեք հազար դուկատ ստանալ:
Դրան չեմ ուզում պատասխան ասել.
Այլ, դիցուք, սիրտս այսպէս է ուզում. պատասխան չէ՞ այդ:
Ասենք թէ մի մուկ տունս աւերում է,
Եւ սիրտս ուզում է տասն հազար դուկատ ծախսել, որ նրան
Թոյն տան, սպանեն: Այ՞ս էլ բաւական պատասխան չէ ձեզ:
Մարդիկ կան, որոնք չեն սիրում տեսնել յօրանջող մի խոզ,
Ուրիշներ, որոնք կատու տեսնելիս խելագարւում են

Կամ թէ ռնգախօս պարկապզուկի ձայնը լսելիս
Չեն կարողանում մեզները բռնել.
Զգայութիւնը` կրքի տիրուհին, վարում է կիրքը`
Նայելով, թէ ի՛նչ ախորժ է իրեն, եւ ի՛նչ` անախորժ:
Լաւ, թող հիմա գանք ձեր պատասխանին.
Քանի որ ոչ մի դրական պատճառ չէ կարելի տալ,
Թէ ինչու մի մարդ զզուանք է զգում յօրանջող խոզից,
Միւսը` անվնաս, օգտակար կատուից,
Երրորդը` ուռած պարկապզուկից. այլ բռնադատուած
Պէտք է տեղի տայ անխուսափելի խայտառակութեան,
Եւ վնասուելով ինքն էլ վնաս տայ,
Նոյն ձեւով ես էլ չե՛մ կարող ասել, չեմ ուզում ասել,
Թէ ինչ պատճառով մի դատ եմ վարում Անտօնիոյի դէմ,
Որ վնաս է ինձ. այլ այսքան միայն,
Որ այդ մարդու դէմ մի հին ոխ ունիմ, մի տեսակ գարշանք:a
ԲԱՍԱՆԻՈ
Պատասխան չէ այդ, դու անզգայ մարդ,
Որ արդարացնէ անգութ վարմունքդ:

ՇԱՅԼՈԿ
Պարտաւորուած չեմ իմ պատասխանով հաճոյանալ քեզ:
ԲԱՍԱՆԻՈ
Միթէ՞ ամէն մարդ սպանում է այն, ինչ որ չէ սիրում:
ՇԱՅԼՈԿ
Էլ ի՞նչ ատել է, եթէ մարդ չուզէ ատածն սպանել:
ԲԱՍԱՆԻՈ
Անպատճառ ամէն մի վիրաւորանք ատելութիւն չէ:
ՇԱՅԼՈԿ
Ի՞նչ է, կ`ուզէի՞ր, որ երկու անգամ օձը խայթէր քեզ:
ԱՆՏՕՆԻՈ
Բայց յիշիր, խնդրեմ, որ դու վիճում ես այդ հրէայի հետ.

Դու աւելի շուտ կարող ես գնալ, կանգնել ծովափին
Եւ հրաման անել յորդացած ծովին,
Որ սովորական իր բարձրութիւնը վար իջեցնէ,
Կամ թէ գայլի հետ պատճառաբանել, թէ ինչո՛ւ համար
Մաքիին այնպէս մայել է տալիս գառան ետեւից,
Կամ թէ պատուիրել սարի բարձրաբերձ եղեւնիներին,
Որ չերերցնեն իրենց գագաթներն ու ձայն չհանեն,
Երբ որ երկնքի փոթորիկները ցնցում են նրանց.
Աւելի դիւրաւ ամենեն դժուար գործը կատարել,
Քան թէ կամենալ կակղեցնել մի բան,
Որից կարծր ու կոշտ ի՞նչ կայ աշխարհում` այդ հրէի սիրտը:
Խնդրում եմ ուրեմն, որ առաջարկներ չանէք այլեւս
Եւ նոր միջոցներ գործի չդնէք.
Այլ պատշաճ կարգով եւ արդարութեամբ տուէք, խնդրում եմ,
Ինձ իմ վճիռը եւ այս հրէային` իր սրտի իղձը:

ԲԱՍԱՆԻՈ
Քո երեք հազար դուկատի փոխան` ահա վեց հազար:

ՇԱՅԼՈԿ
Եթէ վեց հազար այդ դուկատներից ամէն մի դուկատ
Վեց բաժին դառնար, եւ ամէն բաժին` ինքը մի դուկատ,
Ես չէի առնի. դարձեալ մուրհակս կը պահանջէի:
ԴՈՒՔՍ
Ի՞նչ ողորմութիւն կարող ես յուսալ, երբ ինքդ չունիս:
ՇԱՅԼՈԿ
Ի՞նչ դատաստանից պէտք է վախենամ, երբ յանցանք չունիմ:
Դուք էլ, շատերդ, դրամով գնած գերիներ ունիք,
Որ ձեր էշերի, ձեր ջորիների եւ շների պէս
Ծառայեցնում էք ստրուկի անարգ գործեր անելու,
Քանի որ նրանց գնել էք փողով:
Կարո՞ղ եմ ասել` բաց թողէք դրանց

Կամ ամուսնացրէք ժառանգներիդ հետ,
Ինչո՞ւ բեռան տակ քրտինք են թափում.
Նրանք էլ ձեզ պէս թող քնեն փափուկ անկողիններում.
Նրանց քիմքերն էլ թող ախորժ զգան նոյն խորտիկներից:
Բայց դուք ինձ կ`ասէք. «Այս ստրուկները մեզ են պատկանում»:
Ես էլ ձեզ նոյնպէս պատասխան կը տամ.
Այս մի ֆունտ միսը, որ պահանջում եմ, շատ թանկ եմ գնել.
Ինձ է պատկանում, եւ պէտք է առնեմ:
Եթէ մերժէք ինձ, թո՜ւհ ձեր օրէնքին.
Եւ ձեր Վենետկի հրովարտակները ոչ մի բան չարժեն:
Դատ եմ պահանջում: Պատասխան տուէք. անո՞ւմ էք, թէ՞ ոչ:

ԴՈՒՔՍ
Իմ իշխանութեամբ կարող եմ լուծել այս դատարանը,
Եթէ Բելլարիոն, մի գիտուն դոկտոր,
Որին այս դատը վճռելու համար կանչել եմ տուել,
Այսօր չհասնի:

ՍԱԼԵՐԻՈ
Ողորմած տէր իմ,
Մի նամակաբեր դուրսն սպասում է,
Որ Պադովայից նոր է տեղ հասել
Եւ այն դոկտորից նամակ է բերել:

ԴՈՒՔՍ
Բեր մեզ նամակը, կանչիր բերողին:

ԲԱՍԱՆԻՈ
Սիրտդ պինդ պահիր, Անտօնիո. ի՞նչ է. մարդ, մի՛ վախենա:
Պէտք է այս հրէան միսս, արիւնս, ոսկորներս առնէ,
Նախքան թէ թողնեմ, որ մի պուտ արիւն թափես ինձ համար:

ԱՆՏՕՆԻՈ
Ոչ, ո՛չ ես հօտի քոսոտ ոչխարն եմ`
Մորթուելու համար յարմարագոյնը.

Պտուղների մէջ ամենաթոյլն է, որ շուտ է ընկնում.
Թողէք ինձ բախտիս: Իսկ դու, Բասանիո,
Դու ինձ աւելի լաւ ծառայութիւն չես կարող անել,
Քան ինձնից յետոյ ապրել եւ գրել տապանագիրս:
Գալիս է Ներիսան` մի փաստաբանի գրագրի հագուստով:

ԴՈՒՔՍ
Պադովայի՞ց էք գալիս. Բելլարիո՞ն ուղարկել է ձեզ:

ՆԵՐԻՍԱ
Այո՛, ազնիւ տէր, բարեւ է անում ձերդ բարձրութեան:
Տալիս է մի նամակ:

ԲԱՍԱՆԻՈ
Հրէայ, ինչո՞ւ ես այդպէս եռանդով դանակդ սրում:

ՇԱՅԼՈԿ
Այն սնանկ մարդուց իմ առնելիքը կտրելու համար:

ԳՐԱՑԻԱՆՈ
Լաւ է` դանակդ հոգուդ վրայ սրես, դու դաժան հրէայ,
Քան թէ ներբանիդ: Բայց չկայ մետաղ,
Ո՛չ մինչեւ անգամ դահճի տապարը,
Որ քո սուր ոխի կէսի չափ անգամ սայրասուր լինի.
Ոչ մի աղաչանք չէ՞ կարող մտնել կարծր սրտիդ մէջ:

ՇԱՅԼՈԿ
Ոչ մէկը, որ քո խելապատակից դուրս եկած լինի:

ԳՐԱՑԻԱՆՈ
Օ՛հ, դժո՜խք երթաս, անողոք շուն դու,
Քո ապրելդ անգամ թող արդարութեան մեղքը համարուի:
Քիչ է մնացել` հաւատքս էլ խախտես
Եւ ինձ կարծել տաս Պիւթագորի հետ,
Թէ գազանների հոգին մտնում է մարդկանց կազմի մէջ:
Քո այդ չար ոգին, անշուշտ, մի գայլի վարիչն է եղել.
Եւ երբ որ նրան` իբրեւ մարդասպան, կախած են եղել, Նրա ժանտ հոգին` հէնց կախաղանից թռած ժամանակ,
Երբ դու պիղծ մօրդ արգանդումն էիր, մտել է քո մէջ:
Քո փափագները գայլային, սոված, արիւնածարաւ
Եւ անկշտում են:

ՇԱՅԼՈԿ
Թոքերդ ես մաշում` այդքան գոռալով,
Բայց դու չես կարող մուրհակիս վրայից կնիքը ջնջել:
Խելքդ ժողովիր, խեղճ երիտասարդ.
Թէ ոչ` կը ցրուի, եւ բժշկելու հնար չի մնայ:

ԴՈՒՔՍ
Դոկտոր Բելլարիոն այս նամակի մէջ
Մի երիտասարդ գիտուն դոկտորի յանձնարարում է
Մեր դատարանին: Ո՞ւր է:

ՆԵՐԻՍԱ
Այստեղ է:
Դուրսն սպասում է ձեր պատասխանին,
Կը բարեհաճէ՞ք ընդունել նրան:

ԴՈՒՔՍ
Ամենայն սիրով:
ဓ Երեք-չորս հոգի գնան եւ պատուով ներս բերեն նրան:
Իսկ դատարանը, մինչեւ որ նա գայ,
Թող Բելլարիոյի նամակը լսէ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ 
Կարդում է. «Թող յայտնի լինի ձերդ բարձրութեան, որ ձեր նամակը ստացայ հիմա, երբ շատ հիւանդ եմ, բայց ճիշտ այն րոպէին, երբ ձեր նամակաբերը հասաւ, մի երիտասարդ դոկտոր կար ինձ մօտ, որ Հռովմից եկել էր` ինձ մի բարեկամական այցելութիւն անելու: Անունը Բալթազար է: Ես նրան տեղեկութիւն տուի այն դատի մասին, որ ծագել է հրէայի եւ վաճառական Անտօնիոյի մէջ, եւ մենք միասին շատ գրքեր թղթատեցինք: Իմ կարծիքը յայտնել եմ նրան, որ նա կը հաղորդէ ձեզ` վրան աւելացնելով իր սեփական հմտութիւնը, որի մեծութիւնը, որքան էլ գովեմ, դեռ քիչ է: Ես նրանից խնդրեցի, որ ձերդ բարձրութեան փափագը կատարելու համար նա ինքը փոխանորդէ ինձ: Աղաչում եմ ձեզ, թող նրա տարիքի պակասութիւնը ձեր յարգալից գնահատումը չնուազեցնէ, որովհետեւ երբեք ես այսքան դեռահաս մի մարմին չեմ տեսել այսքան հասուն մի գլխի հետ: Յանձնարարում եմ նրան ձեր բարեհաճ ընդունելութեանը եւ վստահ եմ, որ նրա արժանիքը, երբ փորձի դնէք, աւելի եւս յայտնի կը լինի ձեզ»:

ԴՈՒՔՍ
Հիմա լսեցիք, թէ ինչ է գրել գիտուն Բելլարիոն,
Եւ ահա, կարծեմ, դոկտորն էլ եկաւ:
Գալիս է Պորցիան` իբրեւ փաստաբան հագնուած:
Ձեր ձեռքն ինձ տուէք: Դոկտոր Բելլարիոյի կողմի՞ց էք գալիս:

ՊՈՐՑԻԱ Այո՛, ազնիւ տէր:

ԴՈՒՔՍ
Բարով էք եկել: Նստեցէք խնդրեմ:
Ծանօ՞թ էք, արդեօք, այս դատարանի քննած դատի հետ:

ՊՈՐՑԻԱ
Այո՛, լիովին տեղեկացել եմ:
Ո՞ր մէկն է այստեղ վաճառականը, եւ ո՞րն է հրէան:

ԴՈՒՔՍ
Անտօնիո եւ դու, ծերունի Շայլոկ, առաջ կանգնեցէք:

ՊՈՐՑԻԱ
Անունդ Շայլո՞կ է:

ՇԱՅԼՈԿ
Շայլոկ է անունս:

ՊՈՐՑԻԱ
Շատ տարօրինակ հանգամանք ունի քո վարած դատը,
Սակայն այնպիսի իրաւակարգով տանում ես գործը,
Որ վենետիկեան օրէնքը արգելք չէ կարող լինել
Դատավարութեանդ:
(Անտօնիոյին:) Դո՞ւք էք վտանգի ենթակայ անձը:

ԱՆՏՕՆԻՈ
Այդպէս է ասում:

ՊՈՐՑԻԱ
Եւ ճանաչո՞ւմ էք մուրհակը:

ԱՆՏՕՆԻՈ
Այո՛:

ՊՈՐՑԻԱ
Ուրեմն հրէան պէտք է գութ ցոյց տայ:

ՇԱՅԼՈԿ
Ինչի՞ց ստիպուած, այդ ասացէք ինձ:

ՊՈՐՑԻԱ Գութը բնոյթով հարկադիր բան չէ.
Այլ կաթում է նա քաղցր անձրեւի պէս
Երկնքից ներքեւ. եւ կրկնապատիկ օրհնութիւն է նա.
Օրհնութիւն է նա տուողի համար եւ ստացողի.
Հզօրների մէջ հզօրագոյն է.
Գութը գահակալ արքայի համար
Թագիցն աւելի վայելող զարդ է.
Նրա գայիսոնն արտայայտիչն է երկրային ուժի,
Խորհրդանիշն է վեհափառութեան, ահաւորութեան.
Այնտեղ է բազմած թագաւորական վախն ու սարսափը:
Բայց գութը բարձր է գայիսոնական իշխանութիւնից.
Թագաւորների սրտերի մէջն է գթութեան գահը.
Աստուծոյ հէնց ի՛ր յատկանիշն է այն.
Եւ աշխարհային կարողութիւնը այն ժամանակ է
Աւելի նման աստուածայինին,
Երբ գթութիւնը բարեխառնում է արդարութիւնը:
Թէպէտեւ, հրէայ, արդար դատաստան պահանջում ես դու,
Բայց լաւ իմացիր, որ եթէ արդար դատաստան լինի,
Մեզնից ոչ մէկը չպիտի փրկուի:
Մենք միշտ աստծուց գութ ենք աղերսում,
Եւ նոյն աղօթքը պէտք է բոլորիս գութ սովորեցնէ:
Այս ասածներս նրա համար են,
Որ մեղմացնեն արած պահանջիդ արդարութիւնը.
Բայց եթէ պնդես, ապա Վենետկի խիստ դատարանը
Պէտք է ստիպուած վճիռ արձակէ
Եւ դատապարտէ քո հակառակորդ վաճառականին:

ՇԱՅԼՈԿ
Թող իմ գործերը ի՛մ գլխիս թափուին,
Ես պահանջում եմ օրէնքը միայն`
Մուրհակիս տուգանքն ու գրաւականը: ՊՈՐՑԻԱ
Արդեօք չէ՞ կարող վաճառականը դրամը վճարել:

ԲԱՍԱՆԻՈ
Կարող է: Ահա ես նրա կողմից ատեանի առաջ
Առաջարկում եմ նոյնիսկ գումարի կրկնապատիկը,
Թէ բաւական չէ, տասնապատիկը յանձն կ`առնեմ տալ.
Եւ իբրեւ գրաւ` ձեռքերս, գլուխս եւ սիրտս կը տամ,
Թէ այդ էլ բաւ չէ, ուրեմն պարզ է,
Որ չարութիւնը ոտնահարում է պարկեշտութիւնը:
Խնդրեմ այս անգամ ճկէք օրէնքը ձեր իշխանութեամբ.
Մեծ արդարութիւն անելու համար
Գործեցէք մի փոքր անարդարութիւն
Եւ այս ժանտ դեւի կամքը կոտրեցէք:

ՊՈՐՑԻԱ
Կարելի չէ այդ: Չկայ Վենետկում մի իշխանութիւն,
Որ կարողանայ մի գրուած օրէնք իր կամքով փոխել:
Դա մի նախընթաց կարող է դառնալ.
Եւ շատ զեղծումներ, այդ օրինակով,
Կարող են խուժել մեր պետութեան մէջ: Կարելի չէ այդ:

ՇԱՅԼՈԿ
Մի Դանիէ՜լ է սա` դատարան եկած, իրա՜ւ, մի Դանիէ՜լ:
Ո՜վ երիտասարդ, գիտուն դատաւոր, ինչպէ՜ս յարգեմ քեզ:

ՊՈՐՑԻԱ
Խնդրում եմ թոյլ տալ` մուրհակը տեսնեմ:

ՇԱՅԼՈԿ
Ահա, նայեցէք, յարգելի դոկտոր, ահա, նայեցէք:

ՊՈՐՑԻԱ
Շայլոկ, քո դրամի եռապատիկը տրամադրում են քեզ:

ՇԱՅԼՈԿ
Երդում եմ արել, երդո՜ւմ. երկնքում մի երդում ունիմ: Երդմնազանցութի՜ւն դնեմ հոգուս վրայ:
Ոչ, Վենետիկն էլ ինձ տան, չեմ անի:

ՊՈՐՑԻԱ
Ճիշտ է, մուրհակի պայմանաժամը անցել է արդէն,
Հրէան օրէնքով իրաւունք ունի մի ամբողջ ֆունտ միս
Կտրել եւ առնել` վաճառականի սրտին կից տեղից:
Ողորմած եղիր, առ քո գումարի եռապատիկը
Եւ հրամայիր ինձ, որ թուղթը պատռեմ:

ՇԱՅԼՈԿ
Միայն, երբ պարտքը վճարուած լինի:
Յայտնի է, որ դուք շատ արժանաւոր մի դատաւոր էք.
Գիտէք օրէնքը, ձեր մեկնութիւնը իսկ եւ իսկ ճիշտ էր:
Յանուն օրէնքի, որի պատուական սիւներից մէկն էք,
Ձեզ կոչ եմ անում վճիռն արձակել:
Երդում եմ անում իմ հոգուս վրայ,
Մարդկային լեզուն չունի զօրութիւն միտքս փոխելու.
Կանգնած եմ այստեղ մուրհակիս վրայ:

ԱՆՏՕՆԻՈ
Ես թախանձում եմ, որ դատարանը իր վճիռը տայ:

ՊՈՐՑԻԱ
Լաւ, երբ այդպէս է, ահա վճիռը.
Պէտք է պատրաստէք ձեր կուրծքը նրա դանակի համար:

ՇԱՅԼՈԿ
Ազնի՜ւ դատաւոր, ո՜վ սքանչելի դու երիտասարդ:

ՊՈՐՑԻԱ
Օրէնքի իմաստն ու նպատակը անհամաձայն չեն
Այն տուգանքի հետ, որ մուրհակի մէջ նշանակուած է:

ՇԱՅԼՈԿ
Շա՜տ ճշմարիտ է, ով դու իմաստուն, ուղիղ դատաւոր,
Որչա՜փ աւելի հասակաւոր ես, քան թէ քո դէմքը: ՊՈՐՑԻԱ
Պէտք է ուրեմն ձեր կուրծքը բանաք:

ՇԱՅԼՈԿ
Այո՛, իր կուրծքը՛.
Այդպէս է ասում պարտամուրհակը:
Չէ՞ որ այդպէս է, ազնիւ դատաւոր.
«Սրտին կից տեղից», ահա բառ առ բառ:

ՊՈՐՑԻԱ
Այո՛, այդպէս է: Կշեռք կա՞յ այստեղ` միսը կշռելու:

ՇԱՅԼՈԿ
Այո՛, բերել եմ:

ՊՈՐՑԻԱ
Շայլոկ, քո ծախքով
Մի վիրաբոյժ էլ ձեռքի տակ պահիր, որ վէրքը կապէ:
Թէ ոչ` կարող է արիւնքամ մեռնել:

ՇԱՅԼՈԿ
Յիշատակուա՞ծ է դա մուրհակի մէջ:

ՊՈՐՑԻԱ
Յիշատակուած չէ, բայց քեզ ի՞նչ վնաս:
Լաւ է` այդքանը մարդասիրաբար քո կամքով անես:

ՇԱՅԼՈԿ
Չեմ գտնում ես այդ. մուրհակում չկայ:

ՊՈՐՑԻԱ
Դե՜հ, վաճառական, ասելիք ունի՞ք:

ԱՆՏՕՆԻՈ
Քիչ բան: Ես զինուած եւ պատրաստուած եմ:
Տուր ինձ քո ձեռքը, ազնիւ Բասանիո, եւ մնաս բարով:
Տխուր մի՛ լինիր, որ քո պատճառով այս օրին հասայ,
Եւ այս դէպքի մէջ բախտը աւելի բարեսիրտ եղաւ,
Քան առհասարակ. այլապէս նրա սովորութիւնն է

Անբախտացածին` հարստութիւնը կորցնելուց յետոյ,
Երկար ապրել տալ եւ փոս աչքերով, կնճռոտ ճակատով
Չքաւորութեան մի դար տեսնել տալ.
Այդ թշուառութեան դանդաղ տանջանքից ազատում է ինձ:
Յարգանքս յայտնիր ազնիւ կնոջդ
Եւ Անտօնիոյի մահուան դէպքերը պատմիր մի առ մի:
Ասա, թէ որքան սիրում էի քեզ. գովիր մեռնելս:
Եւ երբ բոլորը պատմես վերջացնես, հարց արա նրան,
Չէ՞ որ Բասանիոն սիրուած է եղել:
Մի զղջա երբեք քո բարեկամիդ կորցնելուդ վրայ,
Նա էլ չի զղջայ, որ վճարում է այսպէս քո պարտքը.
Եւ եթէ հրէան մի քիչ խոր կտրէ,
Իմ բոլոր սրտով վճարած կը լինեմ:ԲԱՍԱՆԻՈ
Լսիր, Անտօնիո, ես մի կնոջ հետ ամուսնացել եմ,
Որ աւելի թանկ արժէ իմ աչքիս, քան նոյնիսկ կեանքը.
Բայց կեանքս, կինս եւ ողջ աշխարհը
Աւելի արժէք չունին իմ աչքին, քան թէ քո կեանքը.
Եւ պատրաստ եմ ես կորցնել ամէն բան
Եւ զոհել բոլորն այս սատանային, որ քեզ ազատեմ:ՊՈՐՑԻԱ
Կարծեմ թէ ձեր կինն այնքան շնորհակալ չէր լինի ձեզնից,
Թէ ներկայ լինէր եւ լսէր ձեր այս առաջարկածը:

ԳՐԱՑԻԱՆՈ
Ես մի կին ունիմ, որին, երդւում եմ, սիրում եմ սաստիկ.
Երանի թէ նա երկնքում լինէր եւ կարողանար
Հայցել երկնային մի զօրութիւնից,
Որ փոխէ այս շուն հրէայի միտքը:

ՆԵՐԻՍԱ
Լաւ որ ներկայ չէ` ձեր առաջարկը լսելու համար.

Այսպիսի մաղթանք պիտի վրդովէր ձեր տան հանգիստը:

ՇԱՅԼՈԿ
(Առանձին:)
Ահա քրիստոնեայ ամուսիննե՜րը: Ես մի դուստր ունիմ…
Աւելի լաւ է, որ Բարաբասի սերնդից մի մարդ
Նրան կին առնէ, քան մի քրիստոնեայ:
(Պորցիային:) Իզուր ենք այստեղ ժամանակ վատնում:
Խնդրում եմ, իսկոյն վճիռն արձակէք:

ՊՈՐՑԻԱ
Ահա, այս ներկայ վաճառականից մի ֆունտ միս քոնն է.
Ատեանը վճռում, եւ օրէնքը քեզ յատկացնում է այդ…

ՇԱՅԼՈԿ
Արդա՜ր դատաւոր:

ՊՈՐՑԻԱ
Որ նրա կուրծքից կարող ես կտրել:
Օրէնքն արտօնում, եւ դատարանը այդպէս է վճռում:

ՇԱՅԼՈԿ
Գիտո՜ւն դատաւոր: ဓ Ահա քեզ վճիռ: ဓ Հայդէ՜, պատրաստուիր:

ՊՈՐՑԻԱ
Սպասիր մի քիչ: Մի այլ բան էլ կայ:
Մուրհակը այստեղ մէկ կաթիլ արիւն չէ յատկացնում քեզ:
Բառերն ուղղակի սրանք են. «Մի ֆունտ միս»:
Առ քո մուրհակը, առ քո ֆունտ միսը.
Սակայն կտրելիս եթէ մէ՛կ կաթիլ քրիստոնեայ արիւն
Թափելու լինես, ապա քո գոյքը եւ կալուածները
Հէնց այս Վենետկի օրէնքի ուժով
Պէտք է գրաւուին յօգուտ Վենետկի կառավարութեան:

ԳՐԱՑԻԱՆՈ
Արդա՜ր դատաւոր: ဓ Լաւ լսիր, հրէայ: ဓ Գիտո՜ւն դատաւոր:

ՇԱՅԼՈԿ

Օրէնքը … ա՞յդ է:

ՊՈՐՑԻԱ
Օրինագիրքը կարող ես տեսնել:
Քանի որ ինքդ արդարութիւն ես պահանջում, շատ լաւ.
Դու արդարութիւն կը ստանաս լրիւ, ապահով եղիր,
Նոյնիսկ աւելի, քան փափագում ես:

ԳՐԱՑԻԱՆՈ
Գիտո՜ւն դատաւոր: ဓ Լաւ լսիր, հրէայ: ဓ Գիտո՜ւն դատաւոր:

ՇԱՅԼՈԿ
Եթէ այդպէս է, ես ընդունում եմ ձեր առաջարկը.
Վճարեցէք ինձ պարտամուրհակի եռապատիկը,
Եւ թող քրիստոնեան գնայ իր բանին:

ԲԱՍԱՆԻՈ
Ահա գումարը:

ՊՈՐՑԻԱ
Ոչ, կեցէք: Հրէան լոկ արդարութիւն պէտք է ստանայ:
Կեցէք, մի՛ շտապէք. ոչինչ չի ստանայ, բացի տուգանքից:

ԳՐԱՑԻԱՆՈ
Ջհո՛ւդ, ահա՜ քեզ արդար դատաւոր, գիտո՜ւն դատաւոր:

ՊՈՐՑԻԱ
Պատրաստուիր ուրեմն միսը կտրելու: Արիւն չթափես.
Ոչ էլ աւելի կամ պակաս կտրես, քան ճիշտ մի ֆունտ միս:
Եթէ մի ֆունտից մի քիչ աւելի կամ պակաս կտրես,
Թէկուզ հէնց այնքան, որ կշեռքի մէջ
Մի խեղճ ցորենի քսաներորդի մի մասնիկի չափ
Մի ֆունտից ծանր կամ թեթեւ լինի,
Ոչ, եթէ նոյնիսկ մի մազի չափով նժարը թեքուի,
Դու պէտք է մեռնես, եւ բոլոր գոյքդ յարքունիս գրաւուի:

ԳՐԱՑԻԱՆՈ
Մի երկրորդ Դանիէ՜լ, մի Դանիէ՜լ, ջհո՛ւդ: Ա՜յ դու, անհաւատ, հիմա ճանկս ընկար:

ՊՈՐՑԻԱ
Ինչո՞ւ համար է հրէան կանգ առել: ဓ Առ քո տուգանքը:

ՇԱՅԼՈԿ
Վճարեցէք ինձ իմ մայր գումարը եւ թողէք` գնամ:

ԲԱՍԱՆԻՈ
Պատրաստ է, ահա:

ՊՈՐՑԻԱ
Ոչ, հրապարակաւ ատեանի առաջ մերժեց գումարը:
Նա արդարութիւն պէտք է ստանայ եւ իր մուրհակը:

ԳՐԱՑԻԱՆՈ
Դանիէ՜լ, ասում եմ, մի երկրո՜րդ Դանիէլ:
ဓ Շնորհակալ եմ, հրէայ, որ այս բառն ինձ սովորեցրիր:

ՇԱՅԼՈԿ
Իմ մայր գումա՞րն էլ չէք ուզում ետ տալ:

ՊՈՐՑԻԱ
Ոչինչ չեն տայ քեզ, բացի տուգանքից,
Որ դու, ով հրէայ, կարող ես առնել անձիդ վտանգով:

ՇԱՅԼՈԿ
Դե՜հ, թող սատանան բարի տայ նրան:
Էլ ինչո՞ւ կանգնեմ, ասուլիս անեմ:

ՊՈՐՑԻԱ
Սպասիր, հրէայ: Օրէնքը քեզնից դեռ պահանջ ունի:
Մեր վենետիկեան օրէնքների մէջ յիշատակուած է,
Որ եթէ երբեք հաստատուի օտար մի մարդու վրայ,
Որ նա ուղղակի կամ անուղղակի փորձեր է արել
Մի քաղաքացու կեանքը բառնալու,
Նա, որի ընդդէմ օտարականը դաւ լարած լինի,
Պէտք է ստանայ նրա գոյքի կէսը:
Միւս կէսն էլ գրաւուի յօգուտ պետութեան գաղտնի սնդուկին, Իսկ յանցաւորի կեանքը կախուած է
Միմիայն դուքսի ողորմութիւնից` ամէն ձայնի դէմ:
Եւ քո պարագան, ասում եմ, նոյնն է.
Քանզի յայտնուեց, հրապարակային դատավարութեամբ,
Որ անուղղակի, նոյնիսկ ուղղակի
Ամբաստանեալի բուն իսկ կեանքի դէմ դու դաւ ես նիւթել,
Որով ընկել ես նոյն վտանգի մէջ,
Որ մի քիչ առաջ յիշատակեցի:
Չոքիր, ուրեմն, եւ հայցիր դուքսի ողորմութիւնը:

ԳՐԱՑԻԱՆՈ
Խնդրիր` քեզ թոյլ տան` ինքդ քեզ կախես.
Եւ սակայն գոյքդ յօգուտ պետութեան գրաւուած լինելով`
Չուանի փող էլ քեզ չէ մնացել:
Ուրեմն պէտք է պետութեան ծախքով կախաղան հանուիս:

ԴՈՒՔՍ
Որպէսզի տեսնես մեր եւ քո հոգու տարբերութիւնը,
Կեանքդ շնորհում եմ նախքան հայցելդ:
Քո կայքի կէսը Անտօնիոյինն է,
Միւս կէսն ընկնում է պետական գանձին,
Բայց եթէ զղջաս, դա կը փոխարկուի միայն տուգանքի:

ՊՈՐՑԻԱ
Այո՛, բայց միայն պետութեան մասից, ո՛չ Անտօնիոյից:

ՇԱՅԼՈԿ
Դե՜հ, կեանքս էլ առէք այդ բոլորի հետ, այդ էլ մի՛ շնորհէք:
Իմ տունս էք առնում, երբ տունս պահող նեցուկն առնում էք,
Իմ կեանքս էք առնում, երբ որ առնում էք այն միջոցները,
Որով ապրում եմ:

ՊՈՐՑԻԱ
Ի՞նչ ողորմութիւն կարող էք անել նրան, Անտօնիո:

ԳՐԱՑԻԱՆՈ Մի ձրի չուան. ուրիշ ոչ մի բան, ի սէր աստուծոյ:

ԱՆՏՕՆԻՈ
Եթէ տէր դուքսը եւ այս ատեանը շնորհեն նրան
Իր հարստութեան կէսի տուգանքը, ես գոհ կը լինեմ,
Միայն թէ միւս կէսն իմ ձեռքը յանձնէ, որ ես գործածեմ,
Եւ իր մահից ետ վերադարձնեմ հէնց այն սինեօրին,
Որ փախցրել է սրա աղջկան:
Երկու բան էլ կայ իբրեւ թերութիւն.
Մէկ, որ փոխարէն այս շնորհի` հրէան քրիստոնեայ դառնայ.
Երկրորդ, որ այստեղ` ատեանի առաջ,
Մի ընծայագիր ստորագրէ,
Որով իր բոլոր կարողութիւնը մեռած ժամանակ
Թողնի իր փեսայ սինեօր Լորենցոյին եւ իր աղջկան:

ԴՈՒՔՍ
Պէտք է այդ անէ, թէ ոչ` ետ կ`առնեմ
Իմ մի քիչ առաջ յայտնած ներումը:

ՊՈՐՑԻԱ
Յօժա՞ր ես, հրէայ: Հը՞, ի՞նչ ես ասում:

ՇԱՅԼՈԿ
Յօժար եմ:

ՊՈՐՑԻԱ
Գրագի՛ր, պատրաստիր մի ընծայագիր:

ՇԱՅԼՈԿ
Խնդրում եմ` թոյլ տաք, գնամ այստեղից:
Ինձ լաւ չեմ զգում. ընծայագիրը ուղարկեցէք տուն,
Եւ կը ստորագրեմ:

ԴՈՒՔՍ
Գնա, բայց արա:

ԳՐԱՑԻԱՆՈ
Մկրտութեանդ երկու կնքահայր պէտք է ունենաս. Բայց ե՛ս լինէի քո դատաւորը,
Տասը հոգի էլ կ`աւելացնէի երկուսի վրայ,
Որ քեզ տանէին դէպի կախաղան, ոչ թէ աւազան:
Շայլոկը գնում է դուրս:

ԴՈՒՔՍ
Սինեօր, խնդրում եմ, որ շնորհ բերէք ինձ մօտ ճաշելու:

ՊՈՐՑԻԱ
Շատ խոնարհաբար ներում եմ խնդրում ձեր բարձրութիւնից:
Պէտք է այս գիշեր Պադովա գնամ,
Եւ յարմարն այն է, որ իսկոյն մեկնեմ:

ԴՈՒՔՍ
Սաստիկ ցաւում եմ, որ ժամանակը ձեռնտու չէ ձեզ:
Անտօնիո, պէտք է ազնիւ պարոնին լաւ փոխարինես:
Իսկապէս, նրան շատ ես պարտական:
Դուքսը եւ հետեւորդները մեկնում են:

ԲԱՍԱՆԻՈ
Յարգելի պարոն, բարեկամս ու ես
Այսօր, շնորհիւ ձեր իմաստութեան,
Անպարտ դուրս եկանք ծանր տուգանքից, որի փոխարէն
Երեք հազար դուկատ, որ այն հրէային պարտական էինք,
Ամենայն սիրով նուիրում ենք ձեզ
Որպէս ճանաչում ձեր երախտիքի:

ԱՆՏՕՆԻՈ
Եւ դեռ դրանից ազատ եւ անկախ`
Բարեկամութիւն եւ ծառայութիւն մնում ենք ձեզ պարտ
Մինչեւ յաւիտեան:

ՊՈՐՑԻԱ
Ով սրտով գոհ է, վարձատրուած է.
Ես էլ շատ գոհ եմ` ձեզ ազատելով:
Ուրեմն այդ ձեւով համարում եմ ինձ լաւ վարձատրուած: Իմ հոգին երբեք, աւելի քան այս, վարձկան չէ եղել:
Խնդրում եմ, երբ մենք նորից հանդիպենք, ճանաչեցէք ինձ:
Մնացէք բարով եւ թոյլ տուէք ինձ արձակուրդ խնդրել:

ԲԱՍԱՆԻՈ
Սիրելի պարոն, պէտք է ստիպեմ ձեզ,
Գէթ մի յիշատակ առնէք մեզանից որպէս մեծարանք,
Ո՛չ որպէս վճար: Երկու բան ունիմ ձեզնից հայցելու.
Նախ` չմերժել այդ. երկրորդ` ներել մեզ:

ՊՈՐՑԻԱ
Շատ էք ստիպում, պէտք է ուրեմն մի բան ընդունեմ:
(Անտօնիոյին:) Պարգեւեցէք ինձ ձեր ձեռնոցները,
Որ ես կը կրեմ իբրեւ յիշատակ:
Բասանիոյին
Եւ այս մատանին կ`ընդունեմ ձեզնից իբրեւ յիշատակ:
Բայց ետ մի՛ քաշէք այդպէս ձեր ձեռքը, ա՛յլ բան չեմ ուզում,
Իսկ այս մատանին բարեկամաբար չպէտք է մերժէք:

ԲԱՍԱՆԻՈ
Ոչ, այս մատանին, սիրելի պարոն, շա՜տ չնչին բան է,
Եւ ամօթ է ինձ ընծայել ձեզ այն:

ՊՈՐՑԻԱ
Ոչ մի ուրիշ բան չպիտի առնեմ, բացի դրանից.
Կարծես թէ սիրտս հէնց դրան կպաւ:

ԲԱՍԱՆԻՈ
Բայց սա ինձ համար աւելի արժէ, քան իր արժէքը:
Ես հրապարակաւ որոնել կը տամ
Վենետկի բոլոր մատանիներից ամենաթանկը
Եւ ուրախութեամբ կը նուիրեմ ձեզ.
Միայն, խնդրում եմ, այս մէկի համար ներող լինէք ինձ:

ՊՈՐՑԻԱ
Տեսնում եմ, որ դուք առատաձեռն էք խոստանալու մէջ:

Նախ, սինեօր, դուք ինձ մուրալ սովորեցրիք,
Իսկ հիմա էլ ինձ սովորեցնում էք,
Թէ ի՛նչ կերպով են մուրացկաններին պատասխան տալիս:

ԲԱՍԱՆԻՈ
Բայց այս մատանին, սիրելի սինեօր, կինս է ինձ տուել
Եւ երդուեցրել է մատս դնելիս,
Որ ո՛չ վաճառեմ, ո՛չ ընծայ անեմ, ո՛չ էլ կորցնեմ:

ՊՈՐՑԻԱ
Այդ պատրուակը շատ մարդկանց համար լաւ է ծառայում,
Երբ որ չեն ուզում մի բան ընծայել:
Եթէ ձեր կինը խելագար կին չէ,
Եւ երբ իմանայ, թէ ինչքա՛ն դրան արժան եմ եղել,
Չէ կարող ընդմիշտ քէն պահել ձեր դէմ այդ բանի համար:
Շատ լաւ, տէր ընդ ձեզ:
Պորցիան եւ Ներիսան գնում են:

ԱՆՏՕՆԻՈ
Սինեօր Բասանիո, տար, տուր մատանին,
Նրա մատուցած ծառայութիւնը, նաեւ իմ սէրը
Թող հակակշռեն կնոջդ պատուերին:

ԲԱՍԱՆԻՈ
Գնա, Գրացիանո, հասիր ետեւից.
Տուր այս մատանին, եւ առ, բեր նրան, եթէ կարող ես,
Անտօնիոյի մօտ: Հասիր, շտապիր:
Գնում է Գրացիանոն:
Եկ, գնանք քեզ մօտ եւ վաղն առաւօտ կանուխ վեր կենանք
Եւ դէպի Բելմոնտ թռչենք միասին: Գնանք, Անտօնիո:
Գնում են: Վենետիկ: Մի փողոց:
Գալիս են Պորցիան եւ Ներիսան:

ՊՈՐՑԻԱ
Հարցուփորձ արա եւ տես, թէ ո՛ւր է հրէայի տունը,
Եւ ընծայագիրն ստորագրել տուր.
Պէտք է ա՛յս գիշեր ճանապարհ ընկնենք
Եւ մի օր առաջ մեր էրիկներից տեղ հասած լինենք:
Գալիս է Գրացիանոն:

ԳՐԱՑԻԱՆՈ
Շնորհալի սինեօր, լաւ է, որ հասայ ձեր ետեւիցը:
Սինեօր Բասանիոն, լաւ մտածելով,
Ուղարկում է ձեզ իր այս մատանին
Եւ խնդրում է գալ իր մօտ ճաշելու:

ՊՈՐՑԻԱ
Անկարելի է:
Բայց այս մատանին ընդունում եմ ես շնորհակալութեամբ.
Այսպէս, խնդրում եմ, ասացէք նրան:
Իսկ այժմ, խնդրեմ, ցոյց տուէք այն ծեր Շայլոկի տունը
Իմ պատանեակին:

ԳՐԱՑԻԱՆՈ
Շատ լաւ, ցոյց կը տամ:

ՆԵՐԻՍԱ
Պարոն, կ`ուզէ ձեզ մի խօսք ասել:
(Առանձին` Պորցիային:)
Տեսնեմ, կարո՞ղ եմ ամուսնուս օղը նրանից առնել,
Ինչ որ յաւիտեան պահելու համար երդուել եմ տուել:

ՊՈՐՑԻԱ
(Առանձին:) Անշուշտ, կարող ես, ես երաշխաւո՜ր:
Ա՜հ, ի՛նչ երդումներ թափելու են այժմ, երբ նրանց տեսնենք,
Թէ մատանիներն ընծայ են տուել տղամարդերի,

Իսկ մենք կը նայենք նրանց երեսին` աչք աչքի յառած,
Եւ աւելի թունդ երդումներ կ`անենք, թէ ճշմարիտ չէ:
(Բարձր:) Գնա, շտապիր, գիտես, թէ որտեղ սպասելու եմ:ՆԵՐԻՍԱ
Սիրելի պարոն, եկէք, ցոյց տուէք հրէայի տունը:
Գնում են:

Բելմոնտ: Մի ծառուղի Պորցիայի տան առաջ:
Գալիս են Լորենցոն եւ Ջեսիկան:

ԼՈՐԵՆՑՈ
Ինչպէ՜ս լուսինը շողում է պայծառ: Այսպիսի գիշեր,
Երբ անուշ հովը մեղմիւ ծառերին համբոյր էր տալիս,
Եւ նրանք բնաւ ձայն չէին հանում, այսպիսի գիշեր
Կարծեմ Տրոյիլոսն ելաւ Տրոյայի պարսպի վրայ
Եւ հոգու խորքից հառաչ արձակեց
Դէպի յունական տաղաւարները,
Ուր գտնւում էր Կրեսիդն այն գիշեր:

ՋԵՍԻԿԱ
Այսպիսի գիշեր
Ոտքի ծայրերով քայլում էր վախով Թիսբեն ցօղի վրայ,
Երբ յանկարծ տեսաւ առիւծի ստուերն` առիւծից առաջ,
Եւ սարսափահար թողեց ու փախաւ:

ԼՈՐԵՆՑՈ
Այսպիսի գիշեր
Կանգնած էր Դիդոն` ուռենու մի ոստ ձեռքին ճօճելէն,
Գոռ ծովի ափին եւ սիրականին նշան էր անում,
Որ դառնայ կրկին դէպի Կարթագեն:

ՋԵՍԻԿԱ
Այսպիսի գիշեր
Պէտք է Մեդէան քաղելիս լինէր դիւթուած խոտերը,
Որ ծեր Էզոնին երիտասարդացրին:

ԼՈՐԵՆՑՈ
Այսպիսի գիշեր
Սիրուն Ջեսիկան հարուստ հրէայի տնից խոյս տուաւ
Եւ իր անպիտան սիրականի հետ փախաւ մէկ գլուխ
Վենետկից Բելմոնտ:

ՋԵՍԻԿԱ Այսպիսի գիշեր
Ջահէլ Լորենցոն երդուեց, որ նրան սաստիկ սիրում է,
Եւ սիրտը գողցաւ հաւատարմութեան շատ երդումներով,
Որոնց ոչ մէկը, աւա՜ղ, անկեղծ չէր:

ԼՈՐԵՆՑՈ
Այսպիսի գիշեր
Սիրուն Ջեսիկան, լինելով փոքրիկ մի չարաճճի,
Իզուր բամբասեց իր սիրականին, որ նրան ներեց:

ՋԵՍԻԿԱ
Եթէ մարդ չգար, այս ամբողջ գիշեր
Ես չէի մնայ քո խօսքերի տակ: Բայց սո՛ւս, ականջ դիր.
Կարծեմ լսում եմ մարդու ոտնաձայն:
Գալիս է Ստեֆանոն:

ԼՈՐԵՆՑՈ
Ո՞վ է գիշերուայ այս լռութեան մէջ այսպէս վազ տալիս:

ՍՏԵՖԱՆՈ
Բարեկամ:

ԼՈՐԵՆՑՈ
Բարեկա՞մ, ի՞նչ բարեկամ է:
Անունդ ասա, խնդրեմ, բարեկամ:

ՍՏԵՖԱՆՈ
Սինեօր, անունս Ստեֆանո է, եւ լուր եմ բերել,
Որ իմ տիրուհին, արեւ չծագած, Բելմոնտ կը հասնի:
Նա թափառում է այս շրջակայքում սուրբ խաչերի մօտ,
Ուր ծունկ է չոքում եւ աղօթում է,
Որ Աստուած նրան երջանկութիւն տայ ամուսնութեան մէջ:

ԼՈՐԵՆՑՈ
Եւ ո՞վ կայ իր հետ:

ՍՏԵՖԱՆՈ
Մի սուրբ ճգնաւոր եւ իր նաժիշտը: Բայց խնդրեմ ասէք, արդեօք իմ տէրը վերադարձե՞լ է:

ԼՈՐԵՆՑՈ
Ոչ, դեռ չէ դարձել. գալու մասին էլ լուր չենք ստացել:
ဓ Բայց եկ, Ջեսիկա, ներս գնանք, խնդրեմ:
Եւ այս դղեակի տիրուհու համար
Մի հանդիսաւոր ընդունելութիւն պատրաստենք փութով:
Գալիս է Լանսըլոտը:

ԼԱՆՍԸԼՈՏ
Սօլա՜յ, սօլա՜յ, հէ՜յ, սօլա՜յ, սօլա՜յ:

ԼՈՐԵՆՑՈ
Ո՞վ է:

ԼԱՆՍԸԼՈՏ
Սօլա՜յ, սինեօր Լորենցոյին չէ՞ք տեսել: Սինեօր Լորենցո՜, սօլա՜յ, սօլա՜յ:

ԼՈՐԵՆՑՈ
Թո՛ղ այդ քո սօլա-սօլան, մարդ աստուծոյ. այստեղ եմ:

ԼԱՆՍԸԼՈՏ
Սօլա՜յ, ո՞ւր, ո՞ւր:

ԼՈՐԵՆՑՈ
Այստեղ:

ԼԱՆՍԸԼՈՏ
Ասա նրան, որ տիրոջս կողմից մի սուրհանդակ է եկել` շեփորը լցրած ուրախ լրերով: Լոյսը չբացուած` տէրս այստեղ կը լինի:

ԼՈՐԵՆՑՈ
Հոգիս, ներս գնանք, այնտեղ սպասենք նրանց գալուստին:
Բայց ոչ, ի՞նչ վնաս. ինչո՞ւ ներս գնանք:
Եկ, Ստեֆանո, խնդրեմ իմաց տուր տնեցիներին,
Որ ձեր տիրուհին շուտով գալու է,
Յետոյ բեր ձեր տան երաժիշտներին այստեղ` բաց օդում:
Ստեֆանոն գնում է:
Ինչպէ՜ս լուսինը նիրհում է անուշ այս ածուի վրայ…
Եկ նստենք այստեղ, եւ թող նուագի քաղցր հնչիւններ Ներս սահեն յուշիկ մեր ականջները.
Գիշերը եւ մեղմ հանդարտութիւնը
Յարմար են գալիս երաժշտութեան թրթռումներին:
Նստիր, Ջեսիկա: Նայիր, տես, ինչպէս երկնակամարը
Խիտ նախշուած է շողշողուն ոսկի սկաւառակներով.
Չկայ այս բոլոր երկնագունդերից ամենափոքրը,
Որ չգեղգեղէ իր շարժումի մէջ մի հրեշտակի պէս`
Յաւէտ ձայնակից մատաղ աչքերով քերովբէներին:
Կայ մի նոյնպիսի ներդաշնակութիւն
Մեր անմահական հոգիների մէջ,
Սակայն քանի որ այս քայքայելի հողէ հանդերձը
Հոգին բրտօրէն փակում է իր մէջ, չենք կարող լսել:
Գալիս են երաժիշտներ:
Հէ՜յ, եկէք այստեղ եւ Դիանային զարթեցրէք երգով.
Հանկուցէք անուշ եղանակներով ձեր տիկնոջ ունկը
Եւ տուն քաշեցէք նրան նուագով:
Երաժշտութիւն:

ՋԵՍԻԿԱ
Ես միշտ տխրում եմ` լսելով անուշ երաժշտութիւն:

ԼՈՐԵՆՑՈ
Այն է պատճառը, որ ուշք ու միտքդ յափշտակւում է:
Դիտիր մի վայրի թռչկոտուն նախիր
Կամ մի երամակ` դեռ սանձ չտեսած գիժ քուռակների,
Որոնք վայրենի ոստիւններ գործում, սաստիկ փռնչում
Եւ խրխնջում են. դա նրանց արեան վառ բորբոքիցն է,
Բայց թող պատահմամբ փողի ձայն լսեն,
Կամ մի նուագ գայ նրանց ականջին,
Ապա կը տեսնես` բոլորը մէկէն կանգ կ`առնեն իսկոյն.
Նրանց խէթ աչքերն, երաժշտութեան քաղցր ազդեցութեամբ,
Մի հեզ ու համեստ նայուածք կը ստանան:

Դրա համար է, որ բանաստեղծը հեքիաթ է շինել,
Թէ Օրփէոսը քարշում էր ծառեր, քարեր ու գետեր:
Չկայ մի էակ` այնքան փայտացած, բիրտ ու կատաղի,
Որ գէթ մի րոպէ չբնափոխուի երաժշտութեամբ:
Ով իր մէջ չունի երաժշտութիւն
Եւ չէ զգացւում քաղցր հնչիւնների դաշնակութիւնից,
Նա ընդունակ է դաւի, գերփանքի եւ խարդաւանքի.
Մռայլ են նրա հոգու յոյզերը, ինչպէս գիշերը,
Եւ խաւարչուտ են նրա կիրքերը Էրեբոսի պէս:
Պէտք չէ հաւատալ այդպիսի մարդու:
Եկ ականջ դնենք երաժշտութեան:
Գալիս են Պորցիան եւ Ներիսան:

ՊՈՐՑԻԱ
Նայիր, այն լոյսը, որ երեւում է, գաւթիս ճրագն է.
Տես, որքա՜ն հեռու այն փոքրիկ մոմը շողք է արձակում:
Այսպէս է փայլում եւ բարի գործը այս չար աշխարհում:

ՆԵՐԻՍԱ
Քանի լուսին կար, չտեսանք մոմը:

ՊՈՐՑԻԱ
Այսպէս մեծ փառքը նսեմացնում է իրենից փոքրը.
Փոխարքան նոյնչափ շքեղ է փայլում, որչափ մի արքայ,
Մինչեւ որ արքան գալիս է հանդէս,
Եւ այն ժամանակ միւսի բոլոր շուքն անհետանում է,
Ինչպէս արտերի համեստ վտակը մեծ ջրերի մէջ:
Նուա՜գ, ականջ դիր:

ՆԵՐԻՍԱ
Տիկին, սա ձեր տան նուագախումբն է:

ՊՈՐՑԻԱ
Ոչ մի բան լաւ չէ, տեսնում եմ, առանց իր յարակցութեան.
Նուագը հիմա աւելի քաղցր է, քան թէ ցերեկով: ՆԵՐԻՍԱ
Խոր լռութիւնն է, տիկին, որ նրան հմայք է տալիս:

ՊՈՐՑԻԱ
Ագռաւն էլ նոյնքան անուշ է երգում, որքան արտոյտը,
Երբ որ ոչ մէկին ունկնդիր չկայ.
Եւ, իմ կարծիքով, եթէ սոխակն էլ ցերեկը երգէր,
Երբ կռթկռթում են բոլոր սագերը,
Գուցէ սարեկից չգերադասուէր իբրեւ երգեցիկ:
Որքա՜ն բաներ կան, որ յարմար ժամից յարգի են դառնում
Եւ հասնում նման կատարելութեան եւ գովասանքի:
Բայց յո՜ւշ, լուսինը այժմ քնած է Էնդիմիոնի հետ
Եւ չէր կամենայ, որ զարթեցնէինք:
Երաժշտութիւնը դադարում է:

ԼՈՐԵՆՑՈ
Պորցիայի ձայնն է, թէ չեմ սխալւում:

ՊՈՐՑԻԱ
Նա ինձ ճանաչեց այն ձեւով ինչպէս կոյրը կկուին`
Իմ տգեղ ձայնից:

ԼՈՐԵՆՑՈ
Սիրելի տիկին, ձեզ բարի գալուստ:

ՊՈՐՑԻԱ
Աղօթում էինք մեր էրիկների ողջութեան համար,
Որոնք, յոյս ունինք, մեր աղօթքներով աւելի շուտ գան:
Վերադարձե՞լ են:

ԼՈՐԵՆՑՈ
Դեռ ոչ, տիրուհի,
Բայց մի սուրհանդակ առաջ է ընկել եւ լուր է բերել,
Որ շուտով կը գան:

ՊՈՐՑԻԱ
Գնա, Ներիսա,

ՆԵՐԻՍԱ
Խոր լռութիւնն է, տիկին, որ նրան հմայք է տալիս:

ՊՈՐՑԻԱ
Ագռաւն էլ նոյնքան անուշ է երգում, որքան արտոյտը,
Երբ որ ոչ մէկին ունկնդիր չկայ.
Եւ, իմ կարծիքով, եթէ սոխակն էլ ցերեկը երգէր,
Երբ կռթկռթում են բոլոր սագերը,
Գուցէ սարեկից չգերադասուէր իբրեւ երգեցիկ:
Որքա՜ն բաներ կան, որ յարմար ժամից յարգի են դառնում
Եւ հասնում նման կատարելութեան եւ գովասանքի:
Բայց յո՜ւշ, լուսինը այժմ քնած է Էնդիմիոնի հետ
Եւ չէր կամենայ, որ զարթեցնէինք:
Երաժշտութիւնը դադարում է:

ԼՈՐԵՆՑՈ
Պորցիայի ձայնն է, թէ չեմ սխալւում:

ՊՈՐՑԻԱ
Նա ինձ ճանաչեց այն ձեւով ինչպէս կոյրը կկուին`
Իմ տգեղ ձայնից:

ԼՈՐԵՆՑՈ
Սիրելի տիկին, ձեզ բարի գալուստ:

ՊՈՐՑԻԱ
Աղօթում էինք մեր էրիկների ողջութեան համար,
Որոնք, յոյս ունինք, մեր աղօթքներով աւելի շուտ գան:
Վերադարձե՞լ են:

ԼՈՐԵՆՑՈ
Դեռ ոչ, տիրուհի,
Բայց մի սուրհանդակ առաջ է ընկել եւ լուր է բերել,
Որ շուտով կը գան:

ՊՈՐՑԻԱ
Գնա, Ներիսա, Տէր իմ, մեր տանը ձեզ գալուստ բարի.
Եւ պէտք է մենք այդ այլապէս ցոյց տանք, ոչ թէ բառերով.
Թող կարճեմ ուրեմն այս բերանացի մեծարանքները:

ԳՐԱՑԻԱՆՈ
(Ներիսային:)
Հենց այն լուսինով երդւում եմ, որ ինձ զուր ես մեղադրում:
Հաւատացնում եմ, որ դատաւորի գրագրին տուի:
Ներքինի՛ դառնայ նա, որ ստացաւ, ինձ ի՞նչ փոյթ, հոգիս,
Քանի որ այսպէս սրտիդ ես առնում:

ՊՈՐՑԻԱ
Կռուեցի՞ք արդէն. ինչի՞ վրայ է:

ԳՐԱՑԻԱՆՈ
Մի ոսկի օղի, մի փուչ մատանու, որ տուել էր ինձ,
Որի մակագիրն ամբողջ աշխարհին յարմար է գալիս,
Դանակ շինողի պօէզիայի պէս դանակ վրայ,
Ինչպէս, օրինակ. «Սիրիր ու պահիր»:

ՆԵՐԻՍԱ
Ի՞նչ ես զուր խօսում մակագրի վրայ կամ թէ արժէքի:
Երբ որ մատանին ընծայեցի քեզ,
Դու երդում արիր, որ մինչեւ մահդ մատից չես հանի,
Եւ նա կը մնայ քեզ հետ յաւիտեան գերեզմանիդ մէջ.
Թէ ոչ ի սէր իմ, գէթ ի սէր ահեղ այն երդումներիդ`
Պէտք է աւելի յարգ տայիր նրան եւ լաւ պահէիր:
Մի դատաւորի գրագրին տուի՞ր:
Ոչ, գիտէ՜ Աստուած , այն գրագիրը, որին տուել ես,
Երբեք կզակին մազ չի ունենայ:

ԳՐԱՑԻԱՆՈ
Անշուշտ կ`ունենայ, երբ որ մարդ դառնայ:

ՆԵՐԻՍԱ
Հա՜, եթէ կինը, տարիք առնելով, տղամարդ դառնայ: ԳՐԱՑԻԱՆՈ
Այս ձեռքս վկա՜յ, որ ընծայել եմ մի պատանեակի,
Մի տեսակ մանչի, մի կարճահասակ, քոսոտ տղայի,
Ոչ աւելի բարձր, քան թէ դու ինքդ, մի պարզ գրագիր,
Լեզուանի մի տղայ, որ իր վարձի տեղ մատանին խնդրեց:
Հոգիս էլ կորչէր, ես չէի կարող մատանին մերժել:

ՊՈՐՑԻԱ
Եթէ ուզում էք, որ անկեղծ խօսեմ, շատ վատ էք արել,
Որ թեթեւօրէն ձեր կնոջ տուած առաջին ընծան
Ձեռքից տուել էք. մի բան, որ սիրով եւ երդումներով
Ձեր մատն են դրել, հաւատարմութեամբ ձեր մսին պրկել:
Ես էլ ամուսնուս հէնց մի այդպիսի մատանի եմ տուել
Եւ երդուեցրել եմ, որ ոչ մի դէպքում ձեռքից չհանէ:
Ահա կանգնած է, ես նրա կողմից կարող եմ երդուել,
Որ նա ո՛չ կը տայ, ո՛չ էլ մինչեւ իսկ մատից կը հանէ.
Թէկուզ աշխարհի բոլոր գանձերը պարգեւեն նրան:
Այո, Գրացիանո, ճշմարիտն ասած,
Դուք ձեր կնոջը առիթ էք տուել խիստ վշտանալու:
Թէ ես լինէի, կը խենթանայի:

ԲԱՍԱՆԻՈ
(Առանձին:)
Լաւ է` ինձ համար ձախ ձեռքս կտրել
Եւ յետոյ երդուել, որ երբ մատանին պաշտպանում էի,
Կռուի մէջ կորաւ:

ԳՐԱՑԻԱՆՈ
Սինեօր Բասանիոն նոյնպէս ստիպուեց իր մատանին տալ
Այն դատաւորին. նա այնքան խնդրեց, մինչեւ որ առաւ.
Եւ իսկապէս էլ արժանի էր նա:
Յետոյ պատանին` այն գրագիրը,
Որ մեր թղթերը գրելու համար շատ չարչարուել էր, Նա էլ իմն ուզեց. եւ տէր ու ծառայ ոչ մի ուրիշ բան
Չուզեցին առնել, բացի այն երկու մատանիներից:

ՊՈՐՑԻԱ
Ի՞նչ մատանի ես ընծայել, տէր իմ.
Յոյս ունեմ, ո՛չ այն, որ ես եմ տուել:

ԲԱՍԱՆԻՈ
Եթէ մեղքիս վրայ մի սուտ էլ բարդել կարողանայի,
Պիտի հերքէի. բայց դու տեսնում ես,
Որ մատիս վրայ մատանի չկայ. գնա՜ց…

ՊՈՐՑԻԱ
Այդպէս էլ
Քո կեղծ սրտի մէջ չկայ, ուրեմն, հաւատարմութիւն:
Երդւում եմ, երբեք չպիտի մտնեմ քո անկողինը,
Մինչեւ մատանիս չտեսնեմ կրկին:

ՆԵՐԻՍԱ
Ոչ էլ ես` քոնը,
Մինչեւ որ ես էլ իմս չտեսնեմ:

ԲԱՍԱՆԻՈ
Անուշիկ Պորցիա,
Եթէ գիտնայիր, թէ ի՛նչ մարդու եմ տուել մատանին,
Եթէ գիտնայիր, թէ ում համար եմ տուել մատանին,
Եւ ըմբռնէիր` ինչո՛ւ համար եմ տուել մատանին,
Եւ ինչ աստիճան դժկամութեամբ եմ տուել մատանին,
Երբ չընդունեցին ոչ մի ուրիշ բան, այլ այն մատանին,
Անպայման մի քիչ տհաճութիւնդ կը մեղմացնէիր:

ՊՈՐՑԻԱ
Եթէ գիտնայիր, թէ ի՛նչ զօրութիւն ունէր մատանին,
Եթէ կիսով չափ յարգը գիտնայիր
Այն անձի, որ քեզ տուաւ մատանին,
Եւ թէ պատիւդ հրամայում էր քեզ պահել մատանին,

Չէիր ընծայի դու այն մատանին:
Եթէ դու նրան մի քիչ եռանդով պաշտպան կանգնէիր,
Կա՞յ արդեօք մի մարդ` այնքան կամապաշտ,
Այն աստիճան զուրկ համեստութիւնից, որ պահանջէ այն,
Ինչ որ ամէն մարդ իբրեւ սրբութիւն սովոր է պահել:
Թող Ներիսայից ես էլ սովորեմ, թէ ի՛նչ մտածեմ.
Թող մահս տեսնեմ, եթէ մի կնոջ տուած չլինես:ԲԱՍԱՆԻՈ
Ոչ, պատուիս վրայ, տիկին, հոգուս վրա՜յ.
Կնոջ չեմ տուել, այլ օրէնսգէտ մի գիտնականի,
Որ երեք հազար դուկատ չընդունեց
Եւ այն մատանին խնդրեց ինձանից: Նախ` մերժեցի տալ,
Եւ նա սրտնեղած թողեց հեռացաւ,
Նա՛, որ սիրելի իմ բարեկամի կեանքն էր ազատել:
Լաւ, ի՞նչ անէի, անուշիկ տիկին.
Ստիպուած էի մատանին ղրկել նրա ետեւից.
Սաստիկ ամօթը եւ ակնածանքը պատել էին ինձ.
Պատուազգացումս չէր կարող թոյլ տալ ապերախտութեան,
Որ նրան այնչափ արատաւորէ: Ներիր ինձ, տիկին,
Քանզի գիշերի այս սուրբ ջահերո՜վ,
Եթէ դու ինքդ ներկայ լինէիր,
Ինքդ մատանին ինձնից կ`առնէիր
Եւ կ`ընծայէիր ազնիւ դոկտորին:ՊՈՐՑԻԱ
Թող այն դոկտորը մօտ չգայ տանս.
Քանի որ այնքան սիրած գոհարս նա է ստացել.
Այն, որ ի սէր իմ, երդուել էիր դու յաւիտեան պահել,
Ես էլ հէնց քո չափ առատաձեռն ուզում եմ լինել
Եւ նրան ոչինչ չպիտի մերժեմ,
Ո՛չ իմ մարմինը, ո՛չ էլ ամուսնուս անկողինն անգամ:

Իսկոյն կարող եմ նրան ճանաչել, այդ հաստատ գիտեմ:
Էլ ոչ մի գիշեր մի մնա դուրսը.
Արգոսի նման հսկիր իմ վրայ:
Եթէ չհսկես, եւ մենակ մնամ,
Երդո՜ւմ պատուովս, ինչ որ իմս է դեռ,
Որ այն դոկտորին պիտի ընդունեմ ինձ անկողնակից:

ՆԵՐԻՍԱ
Ես էլ` գրագրին: Ուրեմն զգոյշ կաց
Եւ մի յանձնիր ինձ իմ պահպանութեան:

ԳՐԱՑԻԱՆՈ
Ի՛նչ կ`ուզես, արա. բայց թող այն տղան իմ ճանկս չընկնի.
Թէ ոչ` կը կոտրեմ նրա գրիչը:

ԱՆՏՕՆԻՈ
Աւա՜ղ, եւ ե՜ս եմ այս կռիւների անբախտ պատճառը:

ՊՈՐՑԻԱ
Դուք մի՛ վշտանաք. դուք, այնուհանդերձ, մեր բարի հիւրն էք:

ԲԱՍԱՆԻՈ
Պորցիա, ներիր ինձ ակամայ մեղքս.
Ահա, այս բոլոր բարեկամների ներկայութեանը
Երդւում եմ հէնց այդ սիրուն աչքերովդ,
Ուր ինձ տեսնում եմ…

ՊՈՐՑԻԱ
Սրան լսեցէք.
Երկու աչքիս մէջ նա երկու անգամ տեսնում է իրեն.
Ամէն աչքում` ջոկ. երդուիր երկդիմի քո անձիդ վրայ,
Շա՜տ վստահելի մի երդում է այդ:
ԲԱՍԱՆԻՈ
Բայց ականջ դիր ինձ.
Այս մեղքս ներիր, եւ հոգուս վրայ երդում եմ անում,
Որ այսուհետեւ էլ ոչ մի երդում չեմ դրժի քո հետ:

ԱՆՏՕՆԻՈ
Մի անգամ մարմինս գրաւ եմ տուել.
Որ ձեր ամուսնու երջանկութեանը ծառայած լինեմ,
Եւ նա կորած էր առանց այն մարդուն,
Որ ձեր ամուսնուց մատանին առաւ.
Այս անգամ կրկին երաշխաւոր եմ, եւ հոգի՜ս տուգանք,
Որ ձեր ամուսինն երբեք ուխտադրուժ չի լինի դիտմամբ:
ՊՈՐՑԻԱ
Դուք եղէք, ուրեմն, երաշխաւորը: Տուէք այս նրան
Եւ պատուիրեցէք, որ աւելի լաւ պահէ, քան միւսը:
Տալիս է մատանին:
ԲԱՍԱՆԻՈ
Վա՜հ, սա հէնց այն է, որ այն դոկտորին ընծայ եմ տուել:
ՊՈՐՑԻԱ
Ես էլ նրանից ստացել եմ այդ: Ներիր, Բասանիո:
Դոկտորը հէնց այդ մատանու համար պառկել է ինձ հետ:
ՆԵՐԻՍԱ
Դու էլ ինձ ներիր, քաղցրիկ Գրացիանո.
Այն քոսոտ տղան, այն գրագիրը սրա փոխարէն
Հէնց երէկ գիշեր պառկել է ինձ հետ:
ԳՐԱՑԻԱՆՈ
Վա՜հ, սա նման է քարուղիների նորոգութեանը
Ամառ ժամանակ, երբ ճամփաները ըստինքեան լաւ են:
Ի՞նչ. կոտոշնե՞ր էք տնկել մեր գլխին` դեռ չարժանացած:
ՊՈՐՑԻԱ
Կոպիտ մի՛ խօսէք, բոլորդ ապշել էք:
Ահա մի նամակ. կարդացէք յետոյ` ձեր ազատ ժամին:
Պադովայից է, Բելլարիոյից:
Այդտեղ կը տեսնէք, որ այն դոկտորը ինքը` Պորցիան էր,
Եւ Ներիսան էր իր գրագիրը: Ահա Լորենցոն, որ կը վկայէ, թէ ձեզնից յետոյ
Ես էլ մեկնեցի եւ այժմ եմ միայն տուն վերադառնում
Եւ մինչեւ անգամ դեռ ներս չեմ մտել:
Սինեօր Անտօնիո, բարով էք եկել.
Մի այնպիսի լաւ լուր եմ բերել ձեզ, որ չէք սպասում:
Ահա մի նամակ, բաց արէք իսկոյն.
Այդտեղ կը տեսնէք, որ ձեր նաւերից երեքը` լցուած
Հարուստ ապրանքով, հասել են յանկարծ նաւահանգիստը:
Չէք կարող գիտնալ` ինչ տարօրինակ զուգադիպութեամբ
Ձեր այդ նամակը իմ ձեռքն է ընկել:
ԱՆՏՕՆԻՈ
Ես պապանձուել եմ:
ԲԱՍԱՆԻՈ
Եւ այն դոկտորը դո՞ւ էիր, եւ ես չճանաչեցի:
ԳՐԱՑԻԱՆՈ
Եւ դո՞ւ ես եղել այն գրագիրը,
Որ իմ գլուխը զարդարելու էր:
ՆԵՐԻՍԱ
Այո՛, ես էի:
Բայց գրագիրը բնաւ միտք չունի այդ բանն անելու,
Եթէ տղամարդ չդառնայ մի օր:
ԲԱՍԱՆԻՈ
Անուշիկ դոկտոր, դո՛ւ պէտք է լինես անկողնակիցս,
Եւ երբ ես չկամ, իմ կնոջս հետ կարող ես պառկել:
ԱՆՏՕՆԻՈ
Անուշիկ տիկին, դուք ինձ տալիս էք թէ՛ կեանք, թէ՛ ապրուստ:
Այստեղ կարդում եմ, որ իմ նաւերը ողջամբ հասել են
Նաւահանգիստը:
ՊՈՐՑԻԱ
Ինչպէ՞ս էք, Լորենցո: Իմ գրագիրը ձեզ համար նաեւ լաւ լուրեր ունի:
ՆԵՐԻՍԱ
Այո՛, եւ կը տամ առանց սակագնի:
Ահաւասիկ ձեզ եւ Ջեսիկային
Յանձնում եմ հարուստ հրէայի կողմից մի ընծայագիր,
Որով մահից ետ իր բոլոր կայքը ձեզ է կտակում:
ԼՈՐԵՆՑՈ
Սիրուն տիկիններ, դուք մանանայ էք երկնքից թափում
Սովատանջների ճանապարհի վրայ:
ՊՈՐՑԻԱ
Լոյսը բացւում է,
Բայց հաստատ գիտեմ, որ դեռ լիովին
Այս դիպուածները լուսաբանուած չեն ձեր մտքերի մէջ:
Եկէք ներս գնանք, եւ այնտեղ մեզնից հարցուփորձ արէք,
Եւ ձեր հարցերին բոլոր ճշտութեամբ պատասխան կը տանք:

ԳՐԱՑԻԱՆՈ
Լաւ, այդպէս լինի: Առաջին հարցը,
Որի վրայ պէտք է իմ Ներիսայիս երդում անել տամ,
Այն է, թէ արդեօք կը գերադասէ՞ մինչ վաղը գիշեր
Ոտքի վրայ մնալ, թէ՞ իսկոյն եւեթ անկողին մտնել,
Երբ լուսաբացին դեռ երկու ժամ կայ:
Բայց եթէ լոյսը բացուած էլ լինէր,
Պիտի ցանկայի, որ այնքան մթնէր.
Մինչեւ դոկտորի քարտուղարի հետ պառկած լինէի:
Քանի կեանք ունիմ, ոչ մի բանի վրայ այնպէս չեմ դողայ,
Ինչպէս անուշիկ իմ Ներիսայի մատանու վրայ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s