Գուլիվերի ճանապարհորդությունները-Ջոնաթան Սվիֆտա

download

Գուլիվերի ճանապարհորդությունները

հեղինակ՝ Ջոնաթան Սվիֆտա
թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան (անգլերենից)
Հրատարակիչը ընթերցողներին
Այս ճանապարհորդությունների հեղինակ միստր Լեմյուել Գուլիվերն իմ վաղեմի և մտերիմ բարեկամն է, մորս կողմից մեր մեջ նույնիսկ ազգականություն կա։ Մոտ երեք տարի սրանից առաջ միստր Գուլիվերը, որին շատ էին ձանձրացրել հետաքրքիր մարդկանց հաճախումներն իր մոտ՝ Ռեդրիֆֆ, հարմար տնով մի հողամաս գնեց Նյուարկի մոտ, Նոտտինգհեմշայրում, իր հայրենի երկրում, ուր մինչև օրս ապրում է մեկուսացած, սակայն հարգված իր հարևանների կողմից։
Թեև միստր Գուլիվերը ծնվել է Նոտտինգհեմշայրում, ուր ապրում էր նրա հայրը, սակայն ես նրանից լսել եմ, որ նրանց տոհմը գաղթել է Օքսվորդշայրից․ հավաստիանալու համար ես դիտեցի Բանբերի գերեզմանատունն այդ երկրում և գտա Գուլիվերների մի քանի գերեզմաններ ու հուշարձաններ։
Ռեդրիֆֆից մեկնելուց առաջ նա պահ տվեց ինձ ներքոգրայլ ձեռագիրը, նրա կարգադրությունը թողնելով իմ հայեցողությանը։ Ես երեք անգամ ուշադրությամբ կարդացի այդ ձեռագիրը․ ոճը շատ հարթ է ու պարզ․ ես գտա միայն մի պակասություն․ այդ այն է, որ հեղինակը, հետևելով ճանապարհորդների սովորության, պատմում է չափազանց մանրամասն։ Ամբողջի մեջ, անշուշտ, ճշմարտության շունչ կա․ և հիրավի, հեղինակն իր ճշմարտասիրության համար այնքան է հռչակված, որ Ռեդրիֆֆում հարևանների մեջ առած է դառել, և երբ մեկն ուզում է մի բան հաստատել, ասում է, թե դա ճշմարիտ է այնպես, ինչպես միստր Գուլիվերի խոսքը։
Մի քանի արժանավոր մարդկանց խորհրդով, որոնց ես, հեղինակի թույլտվությամբ, հաղորդակից արի այս ձեռագրին, որոշում եմ լույս ընծայել այն հույսով, որ նա, համենայն դեպս, մի առ ժամանակ մեր երիտասարդ ընթերցողների համար կլինի ավելի լավ ժամանց, քան պոլիտիկոսների և պարտիաների սովորական խծբծանքները։
Այս հատորը թերևս երկու անգամ ստվար լիներ, եթե ես չհանդգնեի դեն ձգել քամիների, ամեն մի ճանապարհորդության օդերևութաբանական առանձնահատկությունների, ինչպես և մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ անթիվ էջեր․ դրա հետ միասին փոթորկի ժամանակ նավի ղեկավարության մանրամասն նկարագրությունը՝ ծովային ժարգոնով գրած։ Ճիշտ այդպես էլ վարվեցի լայնությունների ու երկարությունների հետ։ Միայն վախենում եմ, որ միստեր Գուլիվերը կարող է մի փոքր անբավական լինել դրանից․ սակայն իմ նպատակն էր նրա երկասիրությունը որքան կարելի է մատչելի դարձնել ընթերցողների լայն շրջանակի համար։ Իսկ եթե ծովային գործերի մեջ ունեցած իմ անգիտությունն ստիպել է ինձ որևէ սխալ կատարել, ապա միակ պատասխանատուն ես եմ։ Բայց եթե գտնվի որևէ ճանապարհորդ, որ կամենա ծանոթանալ ամբողջ գրվածքին իր ընդարձակ ծավալով, ինչպես որ ելել է հեղինակի գրչի տակից, ես պատրաստ եմ նրան գոհացնելու։
Հեղինակի վերաբերյալ հետագա մանրամասնություններն ընթերցողը կգտնի այս գրքի առաջին էջերում։
Ռիչարդ Սիմփսոն
Կապիտան Գուլիվերի նամակը իր քեռորդի Սիմփսոնին
Հույս ունեմ, որ չեք մերժի հրապարակավ ընդունելու, երբ էլ ձեզ հարցնելու լինեն, որ դուք ձեր համառ և հաճախակի խնդրանքներով համոզեցիք ինձ հրատարակության տալու իմ ճանապարհորդությունների միանգամայն թերի և անստույգ պատմությունը, որ միևնույն ժամանակ, առաջարկեցիք ինձ այս կամ այն համալսարանից հրավիրել մի քանի երիտասարդ՝ կարգի բերելու իմ ձեռագիրն ու սրբագրելու իմ ոճը, ինչպես որ այդ, իմ խորհրդով, կատարեց իմ քեռորդին՝ Դեմպիերը[1] իր գրքի նկատմամբ, որ կոչվում է՝ «Ճանապորհորդություն աշխարհի շուրջը»։ Սակայն ես չեմ հիշում, որ ձեզ արտոնած լինեմ հավանություն տալու, որպեսզի որևէ բան բաց թողնեն և, մանավանդ, որևէ բան ավելացնեն․ այդ պատճառով ես այստեղ հայտարարում եմ, որ ինչ վերաբերում է վերջինիս, ես միանգամայն հաստատում եմ ասածներս, մասնավորապես մի պարբերության նկատմամբ, որ վերաբերում է նորին մեծության հանգուցյալ Աննա[2] թագուհու ամենաբարեպաշտ և փառապանծ հիշատակին․ թեև ես նրան հարգում ու գնահատում էի ավելի, քան մարդկային մի այլ էակի։ Իսկ դուք կամ բնագրի աղավաղիչը, նկատի պետք է առնեիք, որ ես սովորություն չունեմ քծնել ինձ նմաններին և ես անպատշաճ կհամարեի տիրոջս ՝ Հուիհընհնմին ուղղած իմ ճառում փառաբանել մեր կազմության տեսակի որևէ կենդանու։ Բացի այդ, հենց փաստն ինքնին սխալ է․ որքան ինձ հայտնի է, նորին մեծության թագավորության օրով, իմ Անգլիա եղած ժամանակ, թագուհին կառավարում էր երկիրն ավագ մինիստրի, մինչև անգամ, հաջորդական կերպով, երկուսի ձեռքով․ դրանից առաջինը լորդ Գոդոլֆինն էր, իսկ երկրորդը՝ լորդ Օքսվորդը․ այնպես որ դուք ինձ ասել եք տվել այն, ինչ չի եղել։ Նմանապես Ծրագրողների Ակադեմիայի պատմության և իմ տիրոջ Հուիհընհընմին ուղղած ճառի մի քանի մասերում դուք կամ բաց եք թողել մի քանի կարևոր հանգամանքներ և կամ մեղմացրել ու փոփոխության ենթարկել այնպես, որ ես դժվարությամբ եմ ճանաչում իմ սեփական երկասիրությունը։ Երբ ես նախապես ակնարկեցի այդ մասին իմ մի նամակում, դուք հաճեցիք ինձ պատասխանել, թե վախեցել եք անարգելուց․ թե իշխանավորները շատ աչալուրջ են մամուլի նկատմամբ և ընդունակ են ոչ միայն մեկնաբանության ենթարկելու ամեն ինչ, որ թվում է իրենց իբրև հեռավոր ակնարկ (կարծեմ դուք այդպես արտահայտվեցիք), այլև պատժի ենթարկելու։ Սակայն, աղաչում եմ, այն, ինչ ասել եմ այնքան տարի սրանից առաջ, հինգ հազար լիգ այստեղից հեռու, այլ պետության մեջ, ինչպե՞ս կարող է վերաբերել եհուներից որևէ մեկին, որոնք, այսպես ասած, կառավարում են հոտը․ մանավանդ, որ այդ ժամանակ ես ամենևին չեմ մտածել, որ պիտի ապրեմ նրանց իշխանության ներքո և վախ չեմ ունեցել այդ դժբախտությունից։ Արդյոք ես հիմք չունե՞մ զայրանալու, երբ տեսնում եմ, թե ինչպես այդ եհուները հուիհընհընմների վրա նստած քշում են, իբր թե իրենք իմաստուն արարածներ են, իսկ հուիհընհընմները՝ անբան անասուններ։ Իսկապես, իմ մեկուսացման հիմնական դրդապատճառը նման հրեշային և գարշելի տեսարաններից խուսափելու ցանկություն էր։
Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ էի համարում ասել իմ՝ դեպի ձեզ ցույց տված վստահության և ձեր մասին։
Այնուհետև ինձ ափսոսանք է պատճառում իմ սեփական անփութությունը, որի պատճառով ես զիջեցի ձեր և ուրիշների աղերսանքներին ու կեղծ առարկություններին և, հակառակ իմ սեփական համոզմունքի, տվի համաձայնություն իմ «Ճանապարհորդությունների» հրատարակության մասին։ Բարեհաճեցեք մտաբերել, թե երբ դուք պնդում էիք հրապարարական բարիքի վրա, քա՜նի անգամ ես ցանկություն հայտնեցի, որպեսզի ի նկատի առնեք, որ եհուները պատկանում են կենդանիների այն տեսակին, որոնք կատարելապես անընդունակ են կերպարանափոխվելու խրատների և օրինակների միջոցով․ և այդպես էլ եղավ։ Փոխանակ տեսնելու ամեն տեսակ զեղծումների և ապականությունների վերջը, գոնե այս փոքրիկ կղզու վրա, ինչպես ես հիմք ունեի ակնկալելու, ընդհակառակը, զգում եմ, որ վեց ամիս անցնելուց հետո ես չեմ նկատում, որ իմ գիրքն ունեցած լինի իմ նպատակներին համապատասխանող որևէ ազդեցություն։ Ես խնդրել էի ձեզ նամակով ինձ հաղորդել, թե ե՞րբ կանհետանան պարտիական հաշիվներն ու ինտրիգները․ երբ դատավորները կդառնան ուսյալ և ուղղամիտ․ փաստաբանները՝ ազնիվ, համեստ և, թեկուզ մի կաթիլ առողջ մտքի տեր․ երբ Սմիտսֆիլդը[3] կփայլատակի օրենսգրքերի բուրգերի բոցերից․ երիտասարդ ազնվականների դաստիարակությունն արմատական փոփոխության կենթարկվի, բժիշկները կվտարվեն․ իգական եհուները կպճնվեն առաքինությամբ, պատվով, ճշմարտությամբ և առողջամտությամբ․ արքունիքներն ու նշանավոր մինիստրների ընդունարանները կմաքրվեն և ավելով կսրբվեն․ հանճարը, արժանիքը և ուսումը կվարձատրվեն։ Տպագրական խոսքն անարգողները, լինի արձակ թե չափածո, կդատապարտվեն մի բանի՝ կերակրի փոխարեն ուտելու իրենց սեփական թուղթը և ծարավը հագեցնելու իրենց թանաքով։ Ձեր խրախուսանքներից ներշնչված ես հույս էի դրել այդ և հազար ուրիշ բարեփոխությունների վրա․ չէ՞ որ այդ ամենը պարզ և մեկին բխում է այն հրահանգներից, որ տալիս է իմ գիրքը։ Եվ պիտի խոստովանել, որ յոթ ամիսը[4] բավական ժամանակամիջոց է շտկելու համար ամեն մի մոլություն և խենթություն, որոնց ենթակա են եհուները, եթե միայն նրանք ունեցել են բնական հակում դեպի առաքինությունն ու իմաստությունը։ Սակայն ձեր նամակների մեջ տված պատասխանները ոչ միայն հեռու էին իմ ակնկալություններից, այլ դուք, ընդհակառակը, ամեն շաբաթ ծանրաբեռնում էիք թղթատարներին, ուղարկելով զանազան տեսակի պարսավագրեր, մեկնաբանություններ, հուշագրություններ և այլ երկրորդական բաներ։ Դրանց մեջ ես տեսա, որ ինձ մեղադրում են պալատականներին այպանելու մարդկային բնության ստորացման (որովհետև այդ հեղինակները հանդգնություն ունեն այդպես արտահայտվելու) և իգական սեռին վիրավորելու համար։

Գիրքը կարդալու համար սեղմեք այստեղ՝ Գուլիվերի ճանապարհորդությունները-Ջոնաթան Սվիֆտա

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s