ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

 

jDUGbuwFXFE4GTRr5V7BZ96u23

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ազգային անվտանգության դիսկուրսը Թուրքիայում ժողովրդա-
վարացման գործընթացի համատեքստում
Լիբերալ ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքական հա-
մակարգի ինստիտուտների ղեկավարների «ապառազմականացում»:
Նման քաղաքացիական իշխանության ձևավորման համար անհրա-
ժեշտ է բավարարել նվազագույնը երեք պայման. առաջին՝ զինվորա-
կանությունը չպետք է ունենա քաղաքական իշխանության կառավար-
ման լծակներ, երկրորդ՝ քաղաքացիական վարչակարգում զինվորա-
կանությունը պետք է զբաղվի միայն մասնագիտական-արհեստավարժ
գործառույթների իրականացմամբ, այլ խոսքով՝ զինված ուժերը չպետք
է հնարավորություն ունենան սեփական կամքով մշակելու քաղաքա-
կանություն, որքան էլ նրանք լուրջ դերակատարում ունեն հատկապես
երկրի պաշտպանական քաղաքականությունը մշակելու և իրականաց-
նելու գործում, երրորդ՝ զինվորականները պետք է անվերապահորեն
ենթարկվեն քաղաքացիական իշխանություններին նույնիսկ հակընդ-
դեմ շահերի առաջացման դեպքում1:
Հակառակ ժողովրդավարական ինստիտուտների կոնսոլիդացիայի
(համախմբման) ջանքերին՝ Թուրքիայում 3-րդ ռազմական հեղաշրջու-
մից հետո ԶՈւ ինստիտուտն իրեն վերապահեց ընտրությունների միջո-
ցով իշխանության եկած քաղաքական ուժերի օրինական կառավարման
իրավունքը:

Շարունակությունը կարդալ այստեղ՝ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«Հոգի և ազատություն»-Նիկոլայ Բերդյաև

Ազատությունը պարգև է

«Հոգի և ազատություն»

Սեռի և սիրո բնազանցությունը

1

Սեռի և սիրո հարցը կենտրոնական նշանակություն ունի մեր ողջ կրոնափիլիսոփայական և կրոնահասարակական աշխարհայեցողության համար: Բոլոր սոցիալական տեսությունների թերությունը սեռական սիրո, կյանքի այդ ակունքի, ողջ մարդկային պատմության համար «պատասխանատու»-ի ամոթխած, երբեմն էլ երեսպաշտ անտեսումն է։ Սեռի և սիրո հետ կապված է աշխարհում խզման և միավորման առեղծվածը. սեռի և սիրո հետ կապված է նաև անհատականության և անմահության խորհուրդը։ Դա ամենատանջալի խնդիրն է ամեն էակի կյանքում և բոլոր մարդկանց համար՝ անսահմանսրեն կարևոր այնպես, ինչպես կյանքի պահպանման և մահվան խնդիրը: Դա համաշխարհային «անիծյալ» հարց է, և ամեն մեկը մենակության մեջ, փութաջանորեն թաքնվելով ու ասես խայտառակությունից ամաչելով, փորձում է հաղթահարել սեռի ու սիրո ողբերգությունը, հաղթել աշխարհի սեռական ներխզվածությունը՝ բոլոր մնացած խզումների այդ հիմքը. ամենահետին մարդն անգամ ձգտում է սիրել թեկուզ գազանի նման: Ուստի ապշեցնում է այդ հարցի շուրջ տիրող լռության դավը. զարմանալի է այն, թե մարդիկ որքա՛ն քիչ են գրում, խոսում, բացահայտում իրենց վերապրումներն այդ բնագավառում, թաքցնում են այն, ինչ պետք է ունենար համընդհանուր և համաշխարհային լուծում։ Խորապես ներանձնական հարց է՝ հարցերից ամենամտերմիկը։ Բայց ինչի՞ց է բխում, որ մտերմիկը չունի համաշխարհային նշանակություն, չպետք է բարձրանա պատմության մակերես, այլ պիտի պահվի ընդհատակում։ Դա մշակույթի գարշելի սուտն է, որ այժմ դարձել է անտանելի. ամենակարևորի, մեզ խորապես վերաբերողի մասին կարգադրված է լռել, չափից ավելի մտերմիկի մասին ընդունված չէ խոսել. անվայել բան, գրեթե խայտառակություն է համարվում սեփական հոգու և այն բանի բացահայտումը, ինչով այդ հոգին ապրում է։ Մարդկանց հետ առօրյա կյանքում և հասարակական գործունեության ու գրականության մեջ ևս հրամայվում է խոսել միայն այսպես կոչված հանրորեն պարտադիրի, հանրօգուտի, բոլորի համար օրինականացվածի, հաճելիի մասին։ Այդ կանոնների խախտումն այժմ կոչում են անկումապաշտություն (դեկադանս), առաջներում կոչել են ռոմանտիկականություն։ Այնինչ մարդկության կյանքում հիրավի վեհը, հանճարեղը, սուրբը ստեղծվել է պայմանականությունը հաղթահարած մտերմիկությամբ ու անկեղծությամբ, հոգու խորագույն շերտի միստիկական մերկացմամբ։ Չէ՞ որ հոգու ամենամտերմիկ խորքում միշտ ընկած է ինչ֊որ ավելի տիեզերական բան, քան նրա հանրորեն ընդունված մակերեսում։ Ամեն նոր կրոնական ուսմունք և նոր մարգարեություն սկզբից եղել է մտերմիկ, ծնվել ներանձնականության խորքերում՝ միստիկական տարերքում, և միայն հետո է դրսևորվել ու գրավել աշխարհը։ Ի՞նչը կարող էր ավելի մտերմիկ լինել, քան Քրիստոսի կրոնը. որքա՜ն անպարկեշտ ու հասար ակայնորեն ոչ պարտադիր էին հեթանոսական աշխարհր համար Քրիստոսի ասածները, որոնց հետևում էր մարդկանց մի չնչին խումբ միայն. այնուհանդերձ, այդ կրոնը դարձավ համաշխարհային պատմության կենտրոն։ Ճիշտ է, այն, ինչի մասին ասել է Քրիստոսը, մինչև օրս էլ համարվում է ոչ պարտադիր ու չափից ավելի ներանձնական, մինչև օրս էլ տհաճ ու անվայել է հիշել Քրիստոսին և նրա խոսքերը, երբ գործը վերաբերում է կենսական, գործնական հարցերին։ Մշակույթի ողջ արարումը սուբյեկտիվ֊մտերմիկի, ծպտյալ, առեղծվածային խորքում կատարվողի լոկ օբյեկտիվացումն ու համաշխարհային ընդհանրացումն է։ Սեռի ու սիրո հարցի բախտը հատկապես չբերեց, այն մղվեց ընդհատակ, և միայն գեղարվեստական գրականությունն էր արտացոլում այն, ինչ կուտակվել էր մարդկային հոգում՝ ի հայտ բերելով ներանձնական փորձը։ Հավանաբար դեռևս գոյություն ունեին խոր պատճառներ, որոնք թույլ չէին տալիս, որ այդ հարցը համընդհանուր լուծում ստանա։ Բայց արդի կրոնական ճգնաժամը պահանջում է, որ այդ հարցը լուծվի. կրոնի հարցն այսօր սերտորեն կապված է սեռի ու սիրո հարցի հետ։ Սեռի և սիրո շուրջ կուտակվել է միստիկական փորձ, որր դեռևս քաոսային տեսք ունի և կարոտ է կրոնական լուսաբանման։ Նոր միստկական փորձ և նոր կրոնական գիտակցություն ունեցող մարդիկ պահանջում, որ առավել անհատականն այլևս դուրս բերվի տիեզերական պատմական ճանապարհ, բացահայտվի նրանում և սահմանի այն։
<…> Վ. Ռոզանովը հանճարեղ բացորոշությամբ ու անկեղծությամբ հայտարարեց ի լուր ամենքի, որ սեռական հարցը կյանքում առավել կարևորն է՝ կարևորագույն կենսական հարցը՝ ոչ պակաս կարևոր, քան այսպես կոչված սոցիալական, իրավական, կրթական և այլ հանրայնորեն ընդունված ու թույլատրված հարցերը, որ այն շատ ավելի խորն է, քան ընտանիքի ձևերի հարցը, և արմատներով կապված է կրոնի հետ, որ բոլոր կրոնները կազմավորվել ու զարգացել են սեռի հիմնախնդըի շուրջ, քանի որ սեռական հարցը կյանքի և մահվան հարց է: Ես պնդում եմ, որ բոլոր մարդիկ, առանց բացառության, հոգու խորքում զգում են այն, ինչ Վ. Ռոզանովն ազդարարել է բարձրաձայն, բոլորը համաձայն են նրա հարցադրմանը <…>, բայց և այնպես իրենց պարտքն են համարում նրան երեսպաշտորեն քարկոծել։ Միայն բութ կամ խելագար մարդը կարող է ժխտել սեռի հիմնախնդրի կենտրոնական-կրոնական կարևորությունը. չէ՞ որ ամեն մեկը գաղտնաբար ճիգ է թափել այդ խնդիրը լուծելիս, տառապել է սեռական անձկությամբ, երազել սիրո մասին, ամենքին հայտնի է այն ճշմարտությունը, որ կյանքում պատահող գրեթե բոլոր ողբերգությունները կապված են սեռի ու սիրո հետ։ Բոլորին հայտնի է, որ սեռի հետ կապված է մեր ողջ կենսականությունը, որ սեռական գրգռումր ունի նաև զմայ-լության ու արարման բնույթ։ <…> Վ. Ռոզանովի երևան գալն ինքնին լուրջ նախազգուշացում է։ Քաոսային սեռը մարդկությանը պատճառել է անհամար աղետներ և պատրաստում է ավելի զարհուրելիները: Մարդկությունը պետք է վերջապես լրջորեն ու գիտակցաբար վերաբերվի իր սեռին՝ իր կյանքի ակունքին, և երբ խոսքը սեռի մասին է, վերջ տա կեղտոտ ակնարկումներին։
Քրիստոնեությունը չվերափոխեց սեռը, չոգեղինացրեց մարմինը, այլ ընդհակառակը, վերջնականապես քաոսայնացրեց և թունավորեց։ Սեռի դիվայնությունը նրա քրիստոնեական նզովքի հակառակ կողմն է միայն: Զորեղ սեռական սերը ներմղվեց հոգու, խորքը, քանզի հրաժարվեցին նրան օրհնելուց: Այն դարձավ հիվանդագին անձկություն, որը մինչ օրս մեզ ազատ չի արձակում: Քրիստոնեության ճգնավորական ուսմունքը սեռական սերը ընդունում է լոկ որպես մեղսավոր մարդկային բնության թուլություն: Սեռական սերն այդպես էլ մնաց իբրև թուլություն, խայտառակություն, գրեթե կեղտ։ Ողբերգական քրիստոնեական հավատն արդեն գրեթե մահացել է մարդկային սրտերում, դադարել է սահմանել եվրոպական մշակույթի ընթացքը, իսկ սեռին վերաբերող քրիստոնեական նախապաշարմունքը դեռևս կենդանի է և թունավորում է արյունն անդիմանալի երկվությամբ: Մենք գրեթե հաշտվել ենք այն մտքին, որ սեռը մեղսավոր է, որ սեռական սիրո բերկրանքը անմաքուր է, որ տարփանքը կեղտոտ բան է, և շարունակում ենք հանգիստ մեղք գործել՝ տրվելով այդ անմաքուր ուրախություններին և պիղծ հեշտասիրությանը, քանզի մենք՝ այսպես կոչված թույլ մարդիկ, միևնույնն է, չենք հասնելու իդեալին: Մենք ամաչում ենք սեռական սիրուց, թաքցնում ենք այն, չենք խոստովանում մեր ապրումները։ Ապշեցուցիչն այն է, որ մեր ժամանակվա հակաքրիստոնեական և հակակրոնական գիտակցությունը որոշ առումներով իր երկվությամբ ու կեղծ ճգնամոլությամբ, մոտ է միջնադարյան քրիստոնեությանը, թեև անսահմանորեն հեռու էՔրիստոսից և զուրկ՝ միջնադարյան ողբերգականությունից: Մեր օրերի մարդիկ չեն հավատում երկնային բերկրանքին և անգամ չունեն երկնայինի կարոտը, այնինչ երկրային բերկրանքը՝ սեռական սիրո զմայլանքը, նրանց մեջ մնում է առանց օրհնանքի: Մեր ժամանակաշրջանի մարդու համար սեռը նույնքան դիվային է, որքան միջնադարի մարդկանց համար: <…> Հիրավի, սեռի ողբերգությունը կյանքում ամենազարհուրելին է, ուստի և սեռական սերը անթույլատրելի է թողնել ճակատագրի կամայականությանը. նա կրոնական սրբագործման և կրոնական կազմակերպման կարիք ունի: Քրիստոսի խոսքերը՝ սեռի և սիրո մասին չհասկացվեցին, և սեռը դուրս մնաց տիրող քրիստոնեական գիտակցությունից, դարձավ գաղտնաբանական ուսմունքների սեփականություն։ Տիրող կրոնական գիտակցությունը սեռի խնդիրը կախման մեջ դրեց ոգու և մարմնի գռեհիկ երկվությունից, կապեց մարմնի մեղսավորականության հետ, և սա ոչ միայն բարոյական, այլև բնազանցական սխալ էր։ Չէ՞ որ մարմինը նույնքան բնազանցական և անդրանցական է, որքան ոգին, և սեռական-մարմնական սերը անդրանցական-բնազանցական արմատներ ունի։ Այսպես կոչված քրիստոնեական ընտանիքը երեսպաշտ կեղծիք է, հեթանոսական փոխզիջում՝ քրիստոնեական պետության նման։ Սեռի քաոսը փոթորկվում է ընտանիքի քողի ներքո, ինչպես որ փոթորկվել է նաև միջնադարյան ճգնավորների արյան մեջ:
Վ. Ռոզանովն ամբողջությամբ հակազդեցություն է սեռի խնդրի այդ քրիստոնեական աղավաղմանը, սեռի նախնական սրբության վերականգնման կոչ։ <…> Ըստ նրա, սեռի հետ կապված է կյանքը. սեռին թշնամի քրիստոնեությունը նրա համար մահվան կրոնի հոմանիշ է, ուստի և ատելի է։ Նա ձգտում է վերադառնալ կրոնական այն վիճակին, որ եղել է մինչև աշխարհում Քրիստոսի երևան գալը, վերականգնել հին հեթանոսական կրոնները, ծնունդի կրոնը, մասնավորապես բաբելոնյան կրոնը: Բայց նա մոռանում է, որ քրիստոնեությունը չէ, որ հնարել է սեռի և մահվան ողբերգությունը, որ Քրիստոսի հայտնվելը անխուսափելի էր հենց այն պատճառով, որ համաշխարհային պատմության հիմքում ընկած է այդ ողբերգությունը, որ անտիկ աշխարհն իր հոյակապ մշակույթով կործանվեց այդքան ողբերգականորեն, այլասերվեց այդքան ամոթալի ձևով։ Վ. Ռոզանովի դրական ուսմունքը ջնջում է պատմության քրիստոնեական շրջանը որպես չարաչար թյուրիմացություն ու անհեթեթություն և կանչում ետ՝ դեպի ցեղի նախնադարյան աստվածացում։ Վ. Ռոզանովը դեռևս շփոթում է սեռը և ցեղը, տեսնում է միայն ծնող սեռը, չի հասկանում սեռի հաստատման և ծննդյան խոր հակամարտությունը, սեռի մեջ չի նկատում անհատական և ցեղային տարերքը: Ուստի նրա գործերում անհնար է գտնել սեռի հիմնախնդրի ստեղծագործական լուծումը:
Համաշխարհային փիլիսոփայության պատմության մեջ ես գիտեմ սեռի և սիրո մասին երկու մեծ ուսմունք՝ Պլատոնի և Վլ. Սոլովյովի ուսմունքները, առաջինի «Խնջույքը» և երկրորդի «Սիրո իմաստը»: <…> Պլատոնն աշխարհում ապրել է Քրիստոսի հայտնվելուց առաջ, բայց չէ՞ որ նա հասկացել է անհատականության ողբերգությունը, զգացել անդրանցականի կարոտը և կռահել աստվածային Էրոսի միակցող ուժը՝ որպես միջնորդ այս երկրի և այնկողմնային աշխարհի միջև: Ըստ Պլատոնի դիցաբանական ձևավորում ունեցող ուսմունքի՝ սեռը նախնական, միասնական ու զորեղ մարդկային բնության մեջ տեղի ունեցած խզման արդյունք է, ամբողջական անհատականության՝ երկու կեսի տրոհվելու հետևանք. սեռը ամբողջական անհատականության մեջ վերամիավորվելու անձկալի փափագ է: Պլատոնը հանճարեղ, աստվածային զորեղությամբ ըմբռնել է երկնային և ռամկական Ափրոդիտեների տարբերությունը, աստվածային֊անձնական, դեպի անհատական անմահություն տանող սիրո և գռեհիկ, անդեմ֊սեռային, բնական սիրո միջև առկա անջրպետը: Պլատոնի երկնային Ափրոդիտեի մեջ արդեն զգացվում է մինչև օրս խորհրդավոր մնացած քրիստոնեական Էրոսի, միջնադարյան ռոմանտիկայի շունչը, ինչպես նաև սիրո՝ իբրև անհատական անմահության ճանապարհի մասին Վլ. Սոլովյովի՝ միայն Քրիստոսից հետո հնարավոր դարձած խորագույն ուսմունքի կանխատեսումը։ Վլ. Սոլովյովը սահմանում է անհատականի և ցեղայինի հակադրությունը։ Ծնող և անհատականությունը տրոհող ցեղային սերը, նրա ըմբռնմամբ, գռեհիկ Ափրոդիտե է՝ ենթարկում բնական անհրաժեշտության։ Իսկական սերը միշտ անձնական է, այն նվաճում է հավերժությունն ու անհատական անմահությունը, անհատականությանը չի տրոհում սեմամբ, այլ մղում է դեպի կատարելություն։ Հավատի մասին Սոլովյովի ողջ ուսմունքի մեջ կենտրոնական տեղ է գրավում հավերժ կանացիության պաշտամունքը, Աստծո սերը՝ «Չքնաղ Կնոջ» հանդեպ տածած սիրո թանձրացական ձևով։ Մերժելով ցեղայինն ու ծնունդը՝ Վլ. Սոլովյովը դրանով իսկ ներկայացնում է նոր կրոնական գիտակցությունը, մոտենում է սիրո մասին նոր կրոնական ուսմունքին, բայց մնում է կես ճանապարհին: <…>

2

Աշխարհում պայքարում են երկու հակառակորդ բնազանցական սկզբունքներ՝ անձնականն ու ցեղայինը։ Սեռի և սիրո հարցը պետք է հարաբերակցվի այդ երկու սկզբունքների՝ այժմ սաստկացած ու բացա հայտ դարձած պայքարի հետ։ Սեռական սիրո հետ կապված բոլոր հարցերի դժվարությունը հենց այն է, որ համաշխարհային պատմության ընթացքում սեռական սիրուն սերտորեն միահյուսվում են երկու փոխպայքարող սկզբունքներ՝ անհատական սերը և ցեղային սերը, գերբնական- աստվածային և բնական-էմպիրիկորեն կապակցող ուժերը։ Սեռը չափից ավելի հաճախ են շփոթում ցեղի, սերը՝ ցեղային բնազդի հետ։ Բայց չէ՞ որ ցեղի և նրա ցեղային բնազդի մեջ չկա ոչ մի անհատական, անձնական, անգամ մարդկային բան, դա բոլոր մարդկանց համար նույնական և մարդկային ու կենդանական աշխարհների համար ընդհանուր բնական տարերք է։ Ցեղային տարերքում չկա և չի կարող լինել աստվածային Էրոսը և սերը որպես անհատական ընտրություն, որպես սեռերի յուրակերպ փոխհակում, որով ոչ միայն մարդն առհասարակ տարբերվում է կենդանուց, այլև յուրաքանչյուր անհատ՝ մյուսներից: Այսպես կոչված ցեղային սերը և սեռի ցեղային հաստատումը հենց այն պատճառով են նսեմացնում մարդուն, որ մարդկային անձին թողնում են անդեմ բնական տարերքի իշխանության ներքո, որ անձն այստեղ գտնվում է իրեն խորտակող բնական անհրաժեշտության տիրապետության ոլորտում: Կենսաբանությունը սահմանում է հակադարձ համամասնություն ծնելիության և անհատականության միջև։ Եթե օրգանական ուժերը ծախսվում են սեռի հարատևացման համար, ապա դրանք բնականաբար նվազում են կատարյալ անհատ անհատականություն ստեղծելիս: Այս կենսաբանական ճշմարտությունն ավելի խոր բնազանցական հիմք ունի: Գոյություն ունի երկընտրանք կատարյալ, հավերժ անհատականություն ստեղծելու և անհատականությունը տրոհելու, բազմաթիվ անկատար և մահկանացու անհատներ առաջ բերելու հնարավորությունների միջև։ Մարդն ի զորու չէ ինքը դառնալ անձնավորություն, անհատականություն՝ հասնելով կատարելության ու հավերժության, ուստի հետագա կաաարելագործումը փոխանցում է սերունդներին, ծննդյան միջոցով խլացնում չիրականացված անհատականության, չհաղթահարված խզման, չնվաճած հավերժության տառապանքը։ Ցեղային սեռական սերը տրոհում է անհատականությունը, ձգտում ցեղային անմահության, բազում անկատար էակների, այլ ոչ թե մեկ կատարյալ էակի ստեղծման, մի խոսքով՝ հոռի անվերջության, հավերժ դարձի։ Սերը հաղթահարող ճշմարիտ սերը պետք է ողջ մարդկության եռանդն ուղղի ոչ թե դեպի դուրս՝ տարածության մեջ, և դեպի առաջ՝ ժամանակի մեջ, այլ դեպի հոգու խորք և դեպի հավերժություն: Ապագայի այդ կեղծ պաշտամունքը, այդ շինծու առաջադիմականությունը կապված էր ցեղային, այլ ոչ թե անհատական սեռի հետ։
Ծնունդն ու մահը նույն բնույթն ունեն, նրանց ակունքը նույնական է: Արդեն Հերակլիտը սովորեցնում էր, որ Հադեսն ու Դիոնիսոսը նույն աստվածությունն է։ Ծնունդն ու մահը հավասարապես համաշխարհային քայքայման արդյունք են՝ ժա-մանակի զավակներ, աշխարհում ժամանակայնության արքայության արգասիք։ Իր ակունքից և իմաստից անջատված գոյը նախ և առաջ դառնում է ժամանակային, ժամանակագրական շարքով մեկ ձգվող գոյ, ուր տիրում է ծննդի ու մահվան հա-վերժ փոխհաջորդումը՝ հոռի անվերջությունը։ Փչացած աշխարհի ոչ մի էակ հավերժական չէ, աշխարհի բոլոր մասերը, նրա բոլոր վիճակները ժամանակավոր և անցողական են։ Երբ ասվել է՝ ծնել տառապանքով, դրանով ասվել է նաև՝ մահանալ, աշխարհում սերմանել անկատարություն ու մահ՝ բնական անհրաժեշտության օրենքով։ Ծնունդն իսկ մահվան սկիզբն է. այդ ճշմարտությունը հաստատվում է ողջ բնության փորձով և ավելի քան ակնհայտ է: Ծնունդն իր բուն էությամբ անհատականության տրոհում է, բաժանում մասերի, այն բանի նշանն է, որ անհատականությունը չի կարող հասնել կատարելության ու անմահության և իր մի մասին ասես առաջարկում է իր փոխարեն շարունակել կատարելագործման ձեռնարկումը՝ հավերժության մեջ վերջնական մեկ հաջողությունն ասես փոխարինելով ժամանակի մեջ բազմակի մասնավոր նվաճումներով:

Սեռի և սիրո բնազանցությունը

հեղինակ՝ Նիկոլայ Բերդյաև
թարգմանիչ՝ Էդվարդ Աթայան (ռուսերենից)
աղբյուր՝ «Հոգի և ազատություն»

ՎԵՍՏՖԱԼՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԻԲՐԵՎ ԱՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ

jDUGbuwFXFE4GTRr5V7BZ96u23

ՎԵՍՏՖԱԼՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԻԲՐԵՎ ԱՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ
ՏԻԳՐԱՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Վեստֆալյան պայմանագրերը շրջադարձային նշանակություն ու-
նեցան միջազգային հարաբերությունների պատմության մեջ: 1648
թվականից հետո ինքնիշխան պետությունների միջև ձևավորված հո-
րիզոնական հարաբերությունները փոխարինեցին կայսրության և եկե-
ղեցու հիերարխիայով քողարկված տարասեռ ֆեոդալական միավոր-
ների միջև ուղղաձիգ-աստիճանակարգային հարաբերություններին:

Պետական ինքնիշխանության համախմբումը և հարկադրանքի միջոց-
ների մենաշնորհումը պետական իշխանություններին տվեցին բացա-
ռիկ վերահսկողություն արտաքին քաղաքականության գործիքների
(բանակ, դիվանագիտություն և այլն) նկատմամբ: Քաղաքական դաշտը
տարանջատվեց ներքին և արտաքին ոլորտների: Վեստֆալյան պայ-
մանագրերից հետո ոչտարածքային քաղաքական միավորները (ֆեո-
դալներ, ազատ քաղաքներ և այլ) դուրս մնացին միջազգային քաղաքա-
կանությունից: Սկսվեց միջազգային հարաբերությունների հաստա-
տութենականացումը (institutionalization): Քաղաքականության և կրոնի
տարանջատումն ու ինքնորոշման գաղափարը հանգեցրին միջազգա-
յին հանրության իրավահավասար անդամների խաղաղ գոյակցության
սկզբունքին: Կայսերական համընդհանրական հայեցակարգի և քրիս-
տոնեական հանրապետության (res publica christiana) համատեքստում
բարոյահոգևոր գերիշխանության պապական ձգտումներին փոխարի-
նեց ուժերի հավասարակշռության սկզբունքը` իբրև բազմաբևեռ, ա-
նարխիկ միջավայրում միջազգային հարաբերությունների բնական
կարգավորիչ: Վեստֆալի (1648 թ.) և Ուտրեխտի (1713 թ.) պայմանագ-
րերի միջև ընկած ժամանակահատվածում սկսեցին ձևավորվել արդի
միջազգային հարաբերությունները:

Կարդալու համար սեղմեք այստեղ՝ ՎԵՍՏՖԱԼՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Զրույցներ Կոնֆուցիոս

 

11264165_738745732909988_555756051_n.jpg

Զրույցներ
Կոնֆուցիոս

 

Գլուխ առաջին

1.1. Կոնֆուցիոսն ասաց.

― Մի՞թե մեծ բավականություն չէ այն, երբ սովորում ես մի բան և հետո մշտապես վարժվում սովորածիդ մեջ[1]։

― Մի՞թե ուրախանալու պատճառ չէ այն, որ դիմավորում ես հեռվից եկող բարեկամներիդ։

Մի՞թե ազնվականի նշաններ չունի այն մարդը, որը թեև չի ճանաչվում մարդկանցից, սակայն դրա համար երբեք ու երբեք չի դառնանում։

1.2. Յոու-ցզին[2]՝ Կոնֆուցիոսի աշակերտներից մեկն, ասաց.

― Հազվագյուտ մարդիկ կարող են լինել, որ ծնողների նկատմամբ պատկառանք և եղբայրների նկատմամբ հարգանք[3]ունենալով հանդերձ՝ ձգտեն ըմբոստանալ ավագների դեմ։ Եվ առհասարակ չեն կարող լինել այնպիսիք, որ ավագների նկատմամբ ըմբոստությանը դեմ լինելով, այնուամենայնիվ անկարգություն և խռովություն սերմանեն։

Ազնվական մարդը ամենից առաջ նա է, ով իր ուժերը նվիրաբերում է կյանքի հիմքերը ամրապնդելուն, քանզի եթե ամուր են հիմքերը, ապա կգտնվի նաև ճիշտ ճանապարհը։

Պատկառանք ծնողների հանդեպ և սեր եղբայրների (նկատմամբ՝ սրանք են բարոյականության արմատները[4]։

1.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Շողոքորթ խոսքեր և կեղծավոր դեմք՝ ինչպե՞ս կարելի է դրանք համատեղել լավ բնավորության հետ։

1.4. Ցզեն-ցզին՝ Կոնֆուցիոսի աշակերտներից մեկն, ասաց.

— Ամեն օր ես ինձ ստուգում եմ երեք բանում։ Արդյո՞ք ուրիշների հանդեպ եղել եմ անկեղծ ու վստահելի, շիտա՞կ եմ վարվել ընկերներիս հետ, և վերջապես՝ ըմբռնե՞լ եմ այն, ինչ կարդացել եմ։

1.5. Կոնֆուցիոսն ասաց.

— Ընդամենը հազար մարտակառք[5] ունեցող պետության թագավորը պարտավոր է ուշադիր և իմաստուն լինել իր բոլոր արարքների մեջ։ Նա պետք է կարողանա չափը պահպանել և սիրել մարդկանց։ ժողովրդի նկատմամբ նրա պահանջները չպետք է կամայական լինեն։

1.6. Կոնֆուցիոսն ասաց.

— Երիտասարդ մարդը տանը լսող ու հարգալից պետք է լինի ծնողների հանդեպ, իսկ դրսում իրեն պահի ճիշտ այնպես, ինչպես կրտսեր եղբայրը ավագի մոտ, այսինքն՝ ակնածանքով և ուշադրությամբ։ Նա պետք է ամենքի հանդեպ համակված լինի սիրով ու բարությամբ։

Այս ամենից հետո, եթե նրա մեջ դեռ ուժ կմնա, թող է նվիրվի գրքերին։

1.7. Աշակերտը՝ Ցզի-սյան, ասաց.

Ով մեծապես գնահատում է բնավորությունը, խիզախությունը և իմաստությունը, բայց ոչ՝ ձևականությունը, Ով պատրաստակամ է ծնողների համար և անձնվիրաբար ծառայում է իր թագավորին, ով հարգանքով է վարվում ընկերների հետ, եթե անգամ ինձ առարկեն, ես կասեի, որ այդ մարդը կրթված է։

1.8. Կոնֆուցիոսն ասաց.

― Եթե ազնվականն իրեն չպահի լուրջ ու արժանապատվորեն, ապա հարգանք չի վայելի, եթե անգամ կրթված լինի, ուրեմն նրա կրթությունը հիմնավոր չէ։

Պետք է միշտ հավատարիմ լինել, անկեղծ ու վստահելի։ Մի ունեցիր բարեկամներ, որոնք արժանի չեն քեզ։

Եթե սխալ ես գործել, երբեք մի վախեցիր ուղղելուց։

1.9. Ցզեն-ցզին ասաց.

— Եթե մարդիկ ծնողների մահվան ժամանակ իրենց պահեն պատշաճ, ինչպես պահանջում է ծեսը, և հետևեն նախնիների խորհուրդներին, ապա դրանից ավելի կամրանա ժողովրդի բարոյականությունը։

1.10. Ցզի-ցին հարցրեց Ցզի-գունին.

— Եթե իմաստունը մի որևէ երկիր է գնում և ցանկանում է իմանալ, թե ինչպես են այնտեղ մարդիկ կառավարվում, ապա այդ մասին նա՞ է հարցնում, թե՞ նրան լուր են տալիս։

Ցզի-գունը պատասխանեց.

— Իմաստունը պարտավոր է լինել սիրալիր, բարեհամբույր, քաղաքավարի, զուսպ և մեղմ։ Նման պահվածքի դեպյքում նա արժանի է ամեն ծառայության։ Եվ մի՞թե դրանով նա չի տարբերվում մյուսներից։

1.11. Կոնֆուցիոսն ասաց․

— Քանի դեռ ողջ է հայրդ, ենթարկվիր նրա կամքին։

Նրա մահվանից հետո կողմնորոշվիր այն գործերով, որ կատարել է նա։ Եվ եթե երկար ժամանակ չշեղվես հորդ ճանապարհից, կարելի է ասել, որ քեզ պահում ես արժանապատվորեն ու հարգանքով։

1.12. Յոու-ցզին ասաց.

— Ծեսերի կատարման և զոհաբերությունների ժամանակ ամենից առաջ մեծ ուշադրություն է դարձվում ներդաշնակությանը։

Հին թագավորների ճանապարհը աչքի էր ընկնում նրանով, որ կյանքի մեծ ու փոքր գործերում նրանք այդպես էին վարվում։ Մարդը ձգտում է ներդաշնակության՝ նկատի ունենալով դժվարությունները, և հասկանում է, որ այդ նպատակին կարող է հասնել միայն այն ժամանակ, երբ իր կենցաղը ենթարկի ժամանակի համար պատշաճ ծեսերին ու արարողություններին։

1.13. Յոու-ցզին ասաց.

— Ով հավատարմորեն կատարում է իր պարտականությունները, պետք է կատարի նաև այն, ինչ խոստանում է։ Ով հոգ է տանում վարքի ու պատշաճության ընդհանուր օրենքների պահպանության մասին, կարող է խուսափել ամոթից ու անպատվությունից։ Հույսդ դիր մերձավորներիդ վրա և կունենաս հուսալի հենարան։

1.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը ուտելիս պահպանում է չափը և կյանքում չի ձգտում հարմարավետության։ Նրա արարքները միշտ խելոք են, խոսքերը՝ մտածված։ Նա իր անձը նվիրում է այն ամենին, ինչը ճշմարիտ է ու արդար։

Նման մարդու մասին կարելի է ասել, որ դրանով նա ձգտում է սովորել։

1.15. Աշակերտը՝ Ցզի-գունն, ասաց.

— Ի՞նչ կասեք այն մարդու մասին, որն աղքատության օրերին ստորաքարշ և հարստության օրերին մեծամիտ չէ։

Ուսուցիչը նկատեց.

— Դա շատ լավ է, բայց ավելի լավ է աղքատության մեջ ուրախ լինել, իսկ հարստության մեջ՝ չմոռանալ բարեկրթության, քաղաքավարության ու վայելչության օրենքների նկատմամբ սերը։

Ցզի-գունն ասաց.

— «Երգերի գրքում»[6] գրված է.

Կտրել ու փայլեցնել փղոսկրի նման,
Հղկել ու հարթել
Ինչպես թանկագին քար[7]։

Ի՞նչ է նշանակում դա։

Ուսուցիչը պատասխանեց.

— Ցզի-գուն, այժմ քեզ հետ կարելի է խոսել «Երգերի գրքի» մասին։ Ես քեզ միայն մեկ օրինակ տվեցի, բայց դա անմիջապես հասկացար, թե խոսքն ինչի մասին է։

1.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Ինձ չի վշտացնում այն միտքը, որ մարդիկ ինձ չեն ճանաչում, այլ այն, որ ես նրանց չեմ ճանաչում։

 

Գլուխ երկրորդ

2.1. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով ղեկավարվում է բարոյականության օրենքներով, նրան կարելի է նմանեցնել բևեռային աստղին, որ մշտապես իր տեղում է, իսկ մյուսները խոնարհաբար շրջապատում են նրան։

2.2. Կոնֆուցիոսն ասաց.

— «Երգերի գիրքը» թեև բաղկացած է երեք հարյուր մասից, բայց եթե կամենանք այդ ամենը արտահայտել մեկ նախադասությամբ, ապա կստացվի այսպես՝ չար ու վնասակար մտքեր այստեղ չեն բարբառում[8]։

2.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե հնազանդությունը ամրապնդվի օրենքներով և կարգապահությունը՝ պատիժներով, ապա ժողովուրդը կաշխատի շրջանցել օրենքներն ու պատիժները և խիղճն ամբողջովին կկորցնի։

Իսկ, ընդհակառակն, եթե ժողովուրդը ղեկավարվի բարոյականության օրենքներով և կարգապահությունն ամրապնդվի ընդունված ծեսերի ու արորողությունների պահպանության ճանապարհով, ապա նա ոչ միայն խիղճը չի կորցնի, այլև կունենա ամոթի զգացում և կարգը կպահի գիտակցաբար[9]։

2.4. Կոնֆուցիոսն ասաց.

— Երբ դարձա տասնհինգ տարեկան, ամբողջովին տրվեցի ուսմանը։

Երեսուն տարեկանում ձևավորվեցի վերջնականապես։ Քառասուն տարեկանում այլևս կասկածներ չունեի։

Հիսուն տարեկանում ես ճանաչեցի երկնքի կամքը։

Երբ դարձա վաթսուն տարեկան, նուրբ լսողությամբ կարողացա տարբերել Բարին ու Չարը, Ճշմարիտն ու Կեղծը։

Յոթանասուն տարեկանում հնազանդվեցի սրտիս կամքին՝ առանց խախտելու Չափը։

2.5. Մենգ-ի-ցզին հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահել ծնողների մոտ։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

― Չպետք է մոռանալ հարգանքի և հնազանդության օրենքները։

Եվ երբ Ուսուցիչը աշակերտի՝ Ֆան Չիի հետ ճանապարհ էր գնում, և սա սայլն էր վարում, ասաց.

― Մեն Սուն (Մենգ-ի-ցզին) ինձ հարցրեց, թե ինչպե՞ս պետք է իրեն պահել ծնողների մոտ և ես պատասխանեցի՝ չպետք է մոռանալ հարգանքի և հնազանդության օրենքները։

Դրան Ֆան Չին պատասխանեց.

— Ի՞նչ է նշանակում դա։

Ուսուցիչն ասաց.

— Քանի դեռ նրանք ողջ են, պետք է այնպես ծառայել, ինչպես վայել է նրանց։ Իսկ երբ մահանում են, պետք է թաղել ծեսի համաձայն և նրանց արժանի զռհեր մատուցել[10]։

2.6. Մեն-ու-բոն հարցրեց, թե ի՞նչ պարտականություններ ունեն որդիները ծնողների հանդեպ։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

Որդիները պետք է լինեն այնպիսին, որ ծնողներին հոգս պատճառեն միմիայն հիվանդանալիս։

2.7. Ցզի-յոուն՝ աշակերտը, հարցրեց, թե ինչպե՞ս պետք է իրեն պահել ծնողների մոտ։

Կոնֆուցիոսն ասաց.

— Առհասարակ այն, ինչ մենք հասկանում ենք ծնկների նկատմամբ պարտականություն ասելով, ամենից առաջ սրանց կերակրելու պատրաստակամությունն է։

Բայց մարդիկ կերակրում են նաև իրենց շներին ու ձիերին։

Ուրեմն եթե մարդ ծնողների նկատմամբ հարգանք չունենա, էլ ի՞նչ տարբերություն կարող է լինել նրանց ապրուստի մասին հոգ տանելու և շուն ու ձի պահելու մեջ։

2.8. Ցզի-սյան՝ աշակերտը, հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահել ծնողների աոաջ։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Միշտ էլ դժվար է ծնողների առաջ խոնարհ կանգնել և քաղաքավարի լինել, հետն էլ ուրախ տեսք պահպանել։ Բայց իսկական մեծարանքը այն է, երբ զավակները թեթևացնում են իրենց ծնողների աշխատանքը և նրանց առաջ գինի ու հաց են դնում։

2.9. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես ամբողջ օրը խոսում եմ Հուի[11] հետ, և նա ոչ մի անգամ ինձ չի առարկում։ Կարծես հիմար լինի։ Բայց երբ մնում է մենակ, քննում է ինքն իրեն այնքան, մինչև ի վիճակի է լինում հասկանալու այն, ինչ ուսուցանել եմ նրան։ Հուին ամենևին էլ հիմար չէ։

2.10. Կոնֆուցիոսն ասաց.

Եթե մենք հետևենք, թե որքան հնարքներ է բանեցնում մարդը իր նպատակներին հասնելու համար, եթե քննենք այն բոլոր շարժառիթները, որ որոշում են նրա արարքները, եթե ստուգենք, թե ինչի մեջ է նրա հոգին հանգիստ գտնում և թե ինչն է հուզում նրան, այդ դեպքում մարդն ինչպե՞ս կարող է մնալ գաղտնիք։ Այդ դեպքում ինչպես կարող է նա իր էությունը թաքցնել։

2.11. Կոնֆուցիոսն ասաց.

― Ով պահպանում է հինը և դրա հետ մեկտեղ յուրացնում նոր գիտելիքներ և իմաստություններ, կարող է դառնալ մարդկանց ուսուցիչ և օրինակ։

2.12. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը թույլ չի տալիս իրեն վերաբերվել այնպես, ինչպես գործիքի։

2.13. Ցզի-գունն հարցրեց, թե ինչ է նշանակում լինել ազնվական։ Ուսացիչը պատասխանեց.

— Դա նշանակում է՝ գործել այնպես, ինչպես մտածել ես և ապա՝ խոսել այնպես, ինչպես գործել ես։

2.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդը իրեն պահում է բոլորին հավասար և բոլորի նման։ Դրան հակառակ՝ հասարակ մարդիկ սիրում են ընկերակցություն և խմբակցություններ կազմել։

2.15. Կոնֆուցիոսն ասաց.

Անօգուտ է սովորելն առանց խորհրդածելու, իսկ խորհրդածելն առանց որևէ բան սովորած լինելու՝ վնասակար։

2.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Օտար և կեղծ ուսմունքներով տարվելը միայն վնասակար է։

2.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Ցզի-լու, հիմա ես քեզ կասեմ գիտելիքների ճշմարիտ բանալին։

Քեզ խելոք համարիր նրանով, ինչ որ գիտես։
Եվ ընդհակառակն՝ ինչ չգիտես, խոստովանիր։
Ահա սա է գիտելիքների ճշմարիտ բանալին։

2.18. Ցզի-շանը՝ աշակերտը, ուզում էր սովորել՝ պաշտոնյա դաոնալու համար։

Ուսուցիչն ասաց.

— Շատ լսիր, խուսափիր այն գործերից, որոնց հանդեպ կասկածներ ունես, զգույշ եղիր բառերիդ ընտրության մեջ և այդ դեպքում քիչ կարժանանաս պարսավանքների։

Շուրջդ նայիր, խուսափիր այն ամենից, ինչը վտանգավոր է և առհասարակ եղիր խոհեմ ու խելացի։ Այդ դեպքում չես զղջա։

Հասարակական պաշտոն կարող է զբաղեցնել նա, ով խոսելիս պարսավանքների առիթ չի տալիս իր հասցեին և քիչ առիթներ է ունենում զղջալու։

2.19. Աի-գունը՝ Լու երկրի տիրակալը, հարցրեց.

— Ի՞նչ պետք է անել, որ ժողովուրդը հնազանդ լինի։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Եթե բարձրացնեք արդարներին, իսկ անազնիվներից հեոու մնաք, ժողովուրդը հնազանդ կլինի։ Եվ ընդհակսռակն, եթե անազնիվները պատվի արժանանան, իսկ արդարները՝ մերժվեն, ժողովուրդը հնազանդ չի լինի։

2.20. Հի Կան-ցզին հարցրեց.

― Ինչպես անել, որ ժողովուրդը լինի հնազանդ ու հավատարիմ, իսկ մարդիկ միմիայն բարի գործեր կատարեն։

Ուսուցիչը պատասխան տվեց.

― Կառավարեք ժողովրդին արժանապատվությամբ, և նա կլինի հնազանդ։ Երբ դուք ինքներդ դրա օրինակը տաք, ապա նա կլինի հավատարիմ։ Խրախուսեք նրանց, ովքեր արժանի են, խրատներ տվեք նրանց, ովքեր ոչինչ չգիտեն, և մարդիկ կձգտեն միմիայն բարի գործեր կատարել։

2.21. Մեկը հարցրեց Կոնֆուցիոսին.

— Ինչպես է, որ պաշտոն չունեք և չեք մասնակցում երկրի կառավարմանը։

Ուսուցիչը պատասխանեց.

— «Պատմաթյանց գրքում»[12] ասված է՝ հարգանք ունեցեք ծնողների նկատմամբ, ծնողների նկատմամբ հարգանքը և եղբայրական սերը, որ առաքինություններ են, ազդում են քաղաքականության վրա։ Ուրեմն դրանց մասին հոգ տանելով, կարելի է նպաստել պետական և հասարակական կարգապահության բարելավմանը։ Ինչու միայն հայտնի պաշտոններ զբաղեցնելը համարենք ծառայություն։

2.22. Կոնֆուցիոսն ասաց.

― Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մարդն ապրել առանց անկեղծության։ Դա նույնն է, թե սայլն ունենա առեղ, բայց առանց լծի՝ եզներ լծելու համար։ Ինչպես կարող է այդ սայլն առհասարակ շարժվել։

2.23. Ցզի-շանը հարց տվեց.

― Կարելի՞ է իմանալ, թե տաս սերունդ հետո ինչ կլինի։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

― Ցիա[13] հարստությանը, նրա բարքերին ու օրենքներին հաջորդեց Ին հարստությունը[14]։ Թե ինչը նրանք այդ ամենից պահպանեցին և ինչը, որպես արատավոր, մի կողմ նետեցին, մենք գիտենք։

Ին հարստությանը, նրա բարդերին և օրենքներին հաջորդեց Չժոու[15] հարստությունը։ Թե ինչ են նրանք պահպանել և ինչ են դեն նետել, նույնպես գիտենք։

Եթե Չժոու հարստությանը փոխարինեն նորերը, ապա կարելի է ենթադրել, թե ինչ է լինելու հարյուր տարի հետո։

2.24. Կոնֆուցիոսն ասաց.

Ով զոհ է մատուցում այն աստվածներին, որ իր նախահայրերինը չեն, շողոքորթ է։

Ով իր պարտականությունը գիտի, բայց խույս է տալիս նրանցից, վախկոտ է։

 

Գլուխ երրորդ

3.1. Հի ընտանիքի ավագի մասին Կոնֆուցիոսն ասաց.

― Ծիսական երաժշտության և պարերի համար նա պահում է ութ երգչախումբ։

Եթե նա ուժ ունի այդ բանն անելու, ուրեմն էլ ի՞նչ չի կարող անել[16]։

3.2. Լու պետության ազնվական երեք տոհմեր, իրենց նախնիներին զոհ մատուցելուց հետո, երգեր կատարեցին «Ներբողների գրքից», որ Չժոու հարստության տիրակալների մենաշնորհն էր։

Այդ մասին Կոնֆուցիոսն ասաց.

― Չէ որ «Ներբողների գրքում» ասված է՝ «Զոհաբերման ծեսը ղեկավարում է ինքը՝ թագավորը, երկնքի որդին, լուրջ ու տոնական, շրջապատված իշխաններով»։ Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի այդ երգերը հնչեցնել երեք տոհմերի զոհարանում։

3.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով չգիտի իր պարտականությունները մարդկանց հանդեպ, ինչպես կարող է ծիսական օրենքներն ու վարվելաձևերը պահպանել։

Ով չգիտի իր պարտականությունները մարդկանց հանդեպ, ինչպես կարող է հասկանալ երաժշտությունը։

3.4. Լին Ֆանգը հարցրեց տոնական սովորությունների և ծեսերի օրենքների մասին։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Դա շատ կարևոր է իմանալ։ Տոնական ծեսերն ավելի շատ անպաճույճ պետք է լինեն, քան շքեղ։ Իսկ թաղման ժամանակ ավելի կարևոր է վիշտը, քան արարողության օրենքները բծախնդրորեն կատարելը։

3.5. Կոնֆուցիոսն ասաց.

― Եթե բարբարոսները թագավոր ունենան, ապա միևնույն է, նրանք ոչնչով չեն կարող համեմատվել մեր մեծ պետության հետ, եթե անգամ նա թագավոր չունենա։

3.6. Հի ընտանիքի ավագը, հավակնելով չափվել Չժոու հարստության տիրակալների հետ, կամեցավ զոհ մատուցել Թաի լեռան[17] ոգուն։ Ուսուցիչն ասաց Ռան Յուին.

— Դու դա չե՞ս կարող խափանել։

Ռան Յան պատասխանեց.

— Ոչ, չեմ կարող։

Այդ Ժամանակ Կոնֆուցիոսն ասաց.

— Ափսոս Թաի լեռան ոգուն, հակառակ բարոյականությանը, նա ինչպե՞ս պետք է ընդունի այդ զոհաբերությունը։

3.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդիկ ոչ մեկի հետ մրցման մեջ չեն մտնում, բայց եթե դա անհրաժեշտ է, ապա միայն նետաձգությամբ։ Սակայն այստեղ էլ մրցողները սկզբում միմյանց գլուխ են տալիս, իսկ նետաձգությունից հետո նստում և խոնարհ ողջույնների ներքո գինի են խմում։ Այդպես մրցելը պատշաճ է միայն ազնվականներին։

3.8. Ցզի-սյան՝ աշակերտը, հարցրեց.

— Ի՞նչ են նշանակում «Երգերի գրքի» այս տողերը.

«Կախարդանք է նրա ժպիտը գեղեցիկ,
Հրապուրիչ է փայլը աչքերի,
Որ զարդեր են կարծես ճերմակ հիմնաներկի վրա»։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Նախ ճերմակ հիմնաներկն է ստեղծվում, հետո միայն գույնզգույն զարդերը։

Ցզի-սյան դրան պատասխանեց.

— Ուրեմն վարվելակերպի կանոններն ու վարքի օրենքները նո՞ւյնպես հետո են ստեղծվում։

Ուսուցիչն ասաց.

— Ցզի-սյան արտահայտում է իմ մտքերը։ Ես արդեն կարող եմ նրա հետ խոսել «Երգերի գրքի» մասին։

3.9. Կոնֆուցիոսն ասաց.

― Ես կարող էի խոսել Սյա հարստության բարքերի, սովորույթների մասին, սակայն նրանց հետնորդները Հի պետության մեջ դրա համար բավարար տեղեկություններ չեն թողել։

Կարող էի խոսել նաև Ին հարստության բարքերի և սովորույթների մասին, բայց Շան պետության մեջ նրանց հետնորդները նույնպես շատ քիչ տեղեկություններ են թողել։ Նրանք շատ քիչ փաստաթղթեր ու տեղեկություններ են թողել, այլապես ես դրանք որպես ապացույցներ կօգտագործեի։

3.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Մեծ զոհաբերությունների ժամանակ գինու հեղումից հետո ինձ համար այլևս հաճելի չէ նայել մյուս արարողությունները։

3.11. Մեկը խնդրեց Կոնֆուցիոսին մեկնաբանել մեծ զոհաբերությունը։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ես դա չեմ կարող անել, իսկ նա, ով հասկանա մեծ զոհաբերության իմաստը, նույնքան հեշտությամբ կկառավարի երկիրը, որքան և այս բանն անելը,— և նա ցույց տվեց ձեռքի ափը։

3.12. Կոնֆուցիոսը զոհ էր մատուցում իր նախնիներին այնպես, ասես թե նրանք կանգնած են իր առաջ։

Նա ոգիներին զոհ էր մատուցում այնպես, ասես թե նրանք մասնակից են զոհաբերությանը։

Կոնֆուցիոսն ասում էր. «Եթե ես չմասնակցեմ գոհաբերությանը անձամբ, ապա կնշանակի, որ ես ոչ մի զոհաբերություն էլ չեմ կատարել։ Չի կարելի թույլ տալ, որ մեր փոխարեն ուրիշ որևէ մեկը ներկա լինի արարողությանը։

3.13. Վան-սու Ցզյան՝ վայ պետության մի բարձրաստիճան ծառայող, հարցրեց.

― Ի՞նչ են նշանակում այս բառերը՝ «Ավելի լավ է օջախի ոգու համակրանքը վայելել, քան թե տան ներսի ոգու»։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Այդ բառերը կեղծ են։ Նա, ով մեղանչել է երկնքի կամքի դեմ, չունի այլևս որևէ մեկը, որին կարողանա աղոթել։

3.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Չժոու հարստությունն հաջորդեց նախորդ երկու հարստություններին՝ Սիա և Շան։ Բայց տեսեք, թե ինչ մշակված ու ազնիվ օրենքներ ունի։ Ես Չժոու հարստության հետնորդն եմ։

3.15. Մտնելով նախնիների մեծ տաճար, Կոնֆուցիոսը բոլորից մեկ աո մեկ հետաքրքրվեց, թե ի՞նչ ծես և արարողություն է կատարվում։ Ինչ-որ մեկը նկատեց.

— Ինչպե՞ս կարելի է ասել, որ ցզոուցի[18] մարդու որդին լավ գիտի ծեսերն ու արարողությունները։ Նա մեծ տաճար է մտնում և ամեն մեկից հարցնում այդ մասին։

Ուսացիչը լսեց այդ և պատասխանեց.

— Դա նույնպես ծեսի օրենքներից մեկն է։

3.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Նետաձգության ժամանակ կարևորն այն չէ, որ խփեն ծակեն նշանակետը, քանի որ մարդկանց ուժերն անհավասար են։ Այնուամենայնիվ դա պահպանվել է հին ժամանակներից։

9.17. Ցզի-գունը ցանկանում էր վերացնել այն ծիսակատարությունը, որի համաձայն յուրաքանչյուր ամսի առաջին օրը նախնիներին պետք է զոհաբերվեր մի խոյ։

Կոնֆուցիոսն ասաց.

― Դու խղճում ես խոյին, իսկ ես՝ ծիսական օրենքը։

3.18. Կոնֆուցիոսն ասաց.

― Երբ մեկը ծառայում է թագավորին և խստորեն պահպանում ծառայության օրենքները, չգիտես ինչու մարդիկ նրան անվանում են շողոքորթ։

3.19. Դին-գունը՝ Լու պետության տիրակալներից մեկը, հարցրեց Կոնֆուցիոսին․

— Ինչպե՞ս պետք է թագավորը ծառայի իր հպատակներին, իսկ նրանք էլ ինչպես պետք է ծառայեն իրենց թագավորին։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Թագավորը պետք է իր հպատակներին վերաբերվի վայելչորեն և քաղաքավարի։

Պաշտոնյաները պետք է ծառայեն իրենց թագավորին հավատարիմ հնազանդությամբ։

3.20. Կոնֆուցիոսն ասաց.

«Երգերի գրքից» «Գուան Յու» երգը արտահայտում է ուրախության առանց սանձարձակության և հավատարմության՝ առանց ստորաքարշության։

3.21. Աի-գունը՝ Լու պետության տիրակալը, Ցզաի Վոին հարցրեց այն զոհասեղանի մասին, որը նվիրված է հայրենիքի պահպանությանը։ Ցզաի Վոն պատասխանեց.

— Ժողովրդին սարսափի մեջ պահելու համար Սիա հարստության թագավորները այնտեղ սոճի տնկեցին, Ինյան արքաները՝ կիպարիսներ, իսկ Չժոուները՝ շագանակենի։

Կոնֆուցիոսը լսեց այդ և ասաց.

— Կարիք չկա բողոքել այն գործերից, որոնք արդեն կատարվել են։ Պետք չէ անցյալի մեջ մեղքեր որոնել։

3.22. Կոնֆուցիոսն ասաց.

— Գուան Չժունը՝ Քյուի երկրի կառավարիչը, միայն զզվելի ընդունակություններ ուներ։

— Բայց չէ՞ որ նա ժուժկալ էր,— հարցրեց ինչ-որ մեկը։

Կոնֆուցիոսը նկատեց.

— Ինչպես կարելի է նրան ժուժկալ համարել, երբ երեք կին ուներ և յուրաքանչյուր պաշտոնում՝ մի քանի ծառայող։

— Այնուամենայնիվ նա գլուխ հանո՞ւմ էր վարվելակերպի և ծեսերի օրենքներից։

Ուսուցիչը պատասխանեց.

— Միայն իշխաններին էր իրավունք տրված իրենց պալատների դարպասների վրա շքոցներ կառուցել, բայց Գուան Չժունը, չափվելով իշխանների հետ, իր դարպասի դասն վրա նույնպես կառուցեց այդպիսի շքոց։

Իշխանները իրավունք ունեին առանձնահատուկ սեղաններ ունենալ, որ օգտագործում էին հավաքույթների ժամանակ գինի խմելու համար։ Գուան Չժունը նույնպես ունեցավ այդպիսի սեղան, հանդգնելով անել այն, ինչի իրավունքը չուներ։ Եթե Գուան Չժունը այդպես էր հասկանում վարվելակերպի և ծեսերի օրենքների իմաստը, ապա ո՞վ կարող էր նրան չընդունել։

3.23. Կոնֆուցիոսը Լա պետության պալատական երաժշտի հետ խոսում էր երաժշտության մասին։ Նա ասաց.

― Ձայնամուտդ համաչափ արա։ Այնուհետև հնչեցրու բոլոր ձայները ներդաշնակորեն, պարզ ու հասկանալի և այդպես անդադար մինչև երգի ավարտը։

3.24. Յիից մի սահմանապահ խնդրում էր, որ իրեն թայլատրեն տեսակցելու և զրուցելու Կոնֆուցիոսի հետ։

― Երբ որպես ազնվական ես այստեղ եմ եկել, ոչ մի անգամ ինձ չեն մերժել նրան տեսնելու համար,– ասաց նա։ Եվ նրան տարան Կոնֆուցիոսի մոտ։

Դուրս գալով, ասաց Կոնֆուցիոսի աշակերտներին.

― Ինչու եքտխրել, ձեր ուսուցիչը կորցրել է իր պաշտոնը։ Վաղուց ի վեր աշխարհն անտեղյակ էր ճշմարտության ձայնին։ Հիմա երկնքի կամքն է՝ արթնացնել այն Ձեր ուսուցչի ձայնով՝ ինչպես զանգի։

3.25. Շուն հարստության ծեր կայսեր երաժշտության մասին Կոնֆուցիոսն ասաց.

— Այն կատարելապես բարեհնչուն է և միաժամանակ ազնիվ բանականության իսկական արտահայտություն։

Պատերազմասեր թագավոր Վուի երաժշտության մասին նկատեց.

― Այն նույնպես շատ բարեհնչուն է, սակայն բարձրագույն չափով չի արտահայտում ազնիվ բանականություն։

3.26. Կոնֆուցիոսն ասաց.

Բարձր դիրք ունենալ և չլինել մեծահոգի, ծիսական օրենքները կատարել առանց ակնածանքի, թաղման և վշտի արարողությունը կատարել առանց ներքին ցավի՝ ես անկարող եմ նման բաները հասկանալ։

Գլուխ չորրորդ

4.1. Կոնֆուցիոսն ասաց.

— Կյանքը գեղեցիկ է այն գյուղում, որտեղ իշխում է սերը։ Եթե մենք գտնենք նման բնակավայր, որտեղ մարդիկ բարի են իրար նկատմամբ և բնակություն չհաստատենք, էլ որտե՞ղ կարող ենք սովորել իմաստություն։

4.2. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով բարոյականություն չունի, աղքատության մեջ երկար ապրել չի կարող։ Նա նաև չի կարող ուրախության մեջ երկար ապրել։

Ընդհակառակը, ով բարի է մարդկանց նկատմամբ, դրա մեջ բավականություն է գտնում։ Ահա թե ինչու իմաստունները ձգտում են միշտ այդպիսին լինել։

4.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Միմիայն նա, ով բարի է, ունի մյուսներին սիրելու և ատելու ճշմարիտ չափը։

4.4. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե բոլորը ձգտեին Բարուն, ապա Չարը ոչինչ չէր ունենա անելու։

4.5. Կոնֆուցիոսն ասաց.

— Հարստություն և պատիվ՝ ահա թե ինչի են մշտապես ձգտում մարդիկ։ Բայց եթե չեն կարող հասնել դրանց վայելուչ ճանապարհով, ապա չպետք է տանջել իրեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի համար։

Աղքատություն և ստորադաս դիրք՝ ահա թե ինչից են խորշում մարդիկ մշտապես։ Բայց եթե դրանք բնական ճանապարհով են ստեղծվել, ապա դրանցից չպետք է ընկճվել։

Եթե ազնվականը հեռանա բարոյական վարքի օրենքներից, ինչպե՞ս կարող է ծառայել նրանց։ Նա դրանք չի մոռանում նույնիսկ ուտելու ժամանակ և կրում է իր մեջ որքան կարող է։

4.6. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես դեռ չեմ տեսել մեկին, որն իրոք սիրի բարին և չեմ տեսել մեկին, որն իրոք ատի չարը։

Ով իրոք սիրում է բարին, իրեն բարձր է զգամ բոլորից։ Ով իրոք ատում է չարը, գործում է բարոյականության և վարքի օրենքներով, այսինքն հեռու է պահում իրեն այն ամենից, ինչ հակառակ է այդ օրենքներին։

Սակայն ես չեմ տեսել մեկին, որի ուժը չբավարարի գոնե մեկ օր տևողությամբ պայքարելու բարու համար։ Երևի կան այդպիսի մարդիկ, բայց ես այդպիսիք չեմ տեսել։

4.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Մոլորությունները, որոնք կատարվում են, համապատասխան են այն մարդկանց, որոնք կատարում են դրանք։ Սխալների վրա կարելի է ճանաչել մարդկանց։

4.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով առավոտյան կարողանա ճանաչել ճշմարտությունը, երեկոյան կարող է հանգիստ խղճով մեռնել։

4.9. Կոնֆուցիոսն ասաց.

— Բավականություն չի կարող պատճաոել զրույցը այն մարդու հետ, որը թեև ճիշտ ճանապարհի ձգտում ունի, սակայն ամաչում է իր վատ հագուստներից և հասարակ ուտելիքներից։

4.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդը անաչառորեն կանգնած է այս աշխարհի հետ դեմ առ դեմ։ Միայն իրավունքն է նրա կողմը։

4.11. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականի համար կարևորը ներքին, հոգևոր արժեքն է, իսկ հասարակ մարդը բավարարվում է նաև նյութականով։

Ազնվականը մշտապես ձգտում է ճշմարտության, հասարակ մարդը՝ օգտակարության։

4.12. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով մշտապես սեփական շահն է որոնում, կհանդիպի անախորժությունների։

4.13. Կոնֆուցիոսն ասաց.

— Անհնար է դժվարությունները հաղթահարել այն երկրում, որտեղ կառավարվում ու մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես ձեռնտու է։

Այն տիրակալը, ով չի հասկանում սա, ուրեմն էլ նրա ինչին են պետք պատշաճությունը, քաղաքավարությունը, և ընդունված վարքի օրենքները։

4.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ինձ չի վշտացնում այն, որ ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ աստիճան։

Ավելի շուտ ինձ մտահոգում է այն, որ ընդունակությունների ու սեփական աժի պակաս եմ զգում։

Չեմ վշտանում նաև անհայտ մնալուց։

Մտածում եմ միայն այնպիսին լինել, որ մարդիկ ինձ ճանաչեն։

4.15. Կոնֆուցիոսն ասաց.

— Ցզեն Շեն, մի միտք կա, որ կարմիր թելի պես անցնում է իմ ուսմունքի միջով։

Ցզեն Շենը համաձայնվեց։ Երբ ուսուցիչն հեռացավ, աշակերտներն հարցրեցին.

— Ո՞րն է դա։

Ցզեն Շենը պատասխանեց.

— Հավատարիմ լինել և ճշմարտասեր։ Սա է Ուսուցչի ճանապարհը։

4.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդը հավատարիմ է իր պարտքին, մինչդեռ հասարակ մարդը տեսնում է միայն սեփական շահը։

4.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Արժանավոր մարդու հանդիպելիս ձգտիր նմանվել նրան։ Իսկ եթե հանդիպել ես անարժան մեկին, ապա հույսդ դիր քեզ վրա և քննիր ինքդ քեզ։

4.18. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե հնազանդորեն ծառայում ես ծնողներիդ, ապա կարող ես անհրաժեշտ զսպվածությամբ նաև առարկել նրանց։ Բայց իմացիր, որ նրանք կարող են համաձայն չլինել քեզ հետ։ Այդ դեպքում նույնպես եղիր հարգալից և մի հակառակվիր։

Ծառայիր նրանց առանց տրտնջալու։

4.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Քանի դեռ ողջ են ծնողներդ, չպետք է հեռանաս նրանցից։ Բայց եթե, կյանք է, հեռացել ես, ապա աշխատիր ապրելու համար շատ տեղից տեղ չփոխվել։

4.20. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով երկար ժամանակ հայրական ճանապարհից չի շեղվում, կարելի է ասել, որ նա իրեն պահում է հարգալից և մարդավայել։

4.21. Կոնֆուցիոսն ասաց.

— Ծնողների տարիքը մշտապես պետք է հիշեն զավակները։ Դա մի կողմից հիմք է ուրախության, մյուս կողմից՝ շարժառիթ հոգատարության։

4.22. Կոնֆուցիոսն ասաց.

— Հին ժամանակներում մարդիկ անխոհեմ չէին վարվում բառերի հետ, որովհետև կասկած ունեին, թե կարող են չկատարել այն, ինչ պահանջում է արտասանված բառը։

4.23. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով կարողանում է ինքն իրեն տիրապետել, հազվադեպ է սխալվում։

4.24. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդը խոսքի մեջ խոհուն է ու դանդաղ, իսկ գործի մեջ՝ արագ և խելացի։

4.25. Կոնֆուցիոսն ասաց.

― Առաքինությունը երբեք միայնակ չի կարող լինել։ Ով արդար բան է անում, անպայման բարեկամներ կգտնի։

4.26. Ցզի–յուն ասաց.

― Ով թագավորին հանդիմանի, կշնորհազրկվի։

Ով իր ընկերներին մշտապես կշտամբանքներ տա, կմնա միայնակ։

  1. Այս արտահայտության տակ հասկացվում են և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր արժեքները։
  2. Բառացի նշանակում է՝ ուսուցիչ Յոուն։
  3. Այս երկուսը՝ պատկառանքը և հարգանքը, կոնֆուցիականության մեջ հիմնական հանդիսացող «ցիաո» և «թի» հասկացություններն են։
  4.  Հստակորեն ընդգծված է Կոնֆուցիոսի և հետագայում նաև կոնֆուցիականության համար շատ կարևոր ընտանիքի և պետության ընդհանրության գաղափարը։
  5. Մարտակառքերի թվով որոշվում էր պետության հզորությունը։ Հազար մարտակառք ունեցող պետությունը համարվում էր թույլ և զորությամբ պակաս
  6. Հին չինաստանի հինգ կանոնիկ գրքերից մեկն է, որտեղ ժողովված են մ․ թ․ ա․ 11-7-րդ դարերի ներբողներ և երգեր։
  7. Այսինքն՝ մարդուն պետք է կրթել և դաստիարակել այնպես, ինչպես հղկում են թանկագին քարը։
  8. «երգերի գիրքը» Կոնֆուցիոսի համար, ամենից առաջ, բարոյականության գիրք էր և արժեքավոր էր նրանով, որ կարող էր օգնել ազնվացնելու մարդկանց։
  9. Հավանաբար կանխատեսել է Ցին հարստության խորտակումը մ․ թ․ ա․ 206 թվականին։
  10. Ըստ Կոնֆուցիոսի, նախնիների մեծարանքը այն միջոցն է, որով մեռածները իշխանություն են պահպանում ողջերի վրա։
  11.  Կոնֆուցիոսի ամենասիրված աշակերտն է՝ Յան Հուին։
  12. Հին Չինաստանի հինգ կանոնիկ գրքերից մեկն է։
  13. Ցիա հարստությունը գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 21-16-րդ դարերում։
  14. Նկատի ունի Շան հարստությունը (16-11-րդ դդ․ մ․ թ․ ա․)։
  15. Գոյություն է ունեցել Արևելյան Չժոու՝ մ․ թ․ ա․ 11-րդ դարից մինչև 771 թվականը և Արևելյան Չժոու՝ մ․ թ․ ա․ 770-221 թթ․։