Քաղաքագիտություն

Քաղաքագիտությունը քաղաքականության գիտական ուսումնասիրությունն է: Այն հասարակագիտություն է, որը զբաղվում է կառավարման և իշխանության համակարգի համապարփակ ուսումնասիրությամբ, ինչպես նաև քաղաքական գործունեությունների, քաղաքական մտքերի, քաղաքական վարքագծի և դրա հետ կապված սահմանադրությունների, իրավական նորմերի և օրենքների վերլուծությամբ․․․

Քաղաքագիտությունը կապված է և բխում է տնտեսագիտության, իրավունքի, սոցիոլոգիայի, պատմության, փիլիսոփայության, մարդկային աշխարհագրության, լրագրության, քաղաքական մարդաբանության, հոգեբանության և սոցիալական քաղաքականության ոլորտներից:

Քաղաքագիտություն (Հուն․՝ πόλις-ից քաղաք, հին հուն․՝ λόγος` ուսմունք, խոսք), ինչպես տեսական, այնպես էլ կիրառական իմաստով քաղաքագիտությունը ավանդաբար համարվել է արվեստ, յուրատեսակ կառավարման արվեստ, նաև գիտություն՝ պետության կառավարման մասին։ Դեռևս հին ժամանակներից քաղաքական գիտության գլխավոր հարցն այն էր, թե ո՞վ պետք է ղեկավարի պետությունը, համայնքը։ Օրինակ՝ Պլատոնը կարծում էր, որ ոչ թե ամբոխը, այլ՝ լավագույները, ընտրյալները պետք է ղեակավարեն պետությունը։ Արիստոտելը գտնում էր, որ յուրաքանչյուր մարդ, ով օժտված է խելամտությամբ, վճռականությամբ և փիլիսոփայի հմտությամբ, պետք է մասնակցի հասարակության կառավարման գործերին։

Քաղաքագիտությունը քաղաքական իշխանության լինելության ու զարգացման օրինաչափությունն է ուսումնասիրում, ինչպես նաև մարդու և հասարակության փոխհարաբերությունների քաղաքական ոլորտը ոչ միայն որպես հիմնական, առանձին օբյեկտ, այլև՝ համակարգը ամբողջությամբ։ Քաղաքագիտության մեջ օգտագործվում են հետազոտության ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ձևեր։ Քաղաքական գործընթացների հետազոտության ամենահին մեթոդներից է համեմատական մեթոդը, որը հնարավորություն է տալիս քաղաքական մի քանի օբյեկտների համեմատության միջոցով բացահայտել դրանց միջև եղած տարբերություններն ու նմանությունները, որոշակի գծեր ընդգծելով նշել դրանց զարգացման միտումները։

Քաղաքագիտության մեջ առաջնահերթ նշանակություն ունեն ինչպես ընհանրական (փիլիսոփայական), այնպես էլ առանձնահատուկ արժեք ունեցող սկզբունքները։ Դրանք, անկախ իրենց բնույթից, տիրույթից և ընդգրկման շրջանակներից, ելակետ են հանդիսանում քաղաքական երևույթների հետազոտման ուղղությունը, միջոցները ու եղանակները, նպատակն ու ժամանակաշրջանը։

Քաղաքագիտությունը մեր օրերում զարգանում է, որպես քաղաքականության մասին տեսական ու պրակտիկ գիտելիքների մի ամբողջություն։ Տեսական քաղաքագիտությունը լուծում է գիտական շատ ծանրակշիռ հարցեր, որոնք վերաբերվում են քաղաքական այս կամ այն ոլորտին, սկզբունքներ ու մշակույթների ուսումնասիրությամբ ձևավորվում են հիմնարար գիտելիքներ։ Տեսությունը ուղղված է նաև դեպի գիտության առարկան, այն նպաստում է գիտելիքների համակարգման գործին, գիտելիքների աճին, ընդգրկում է կիրառականի հիմնական ուղղությունների։ Շատ կարևոր է տեսության ուսումնասիրությունը քաղաքագիտության մեջ, այն մեծ դեր է խաղում, քաղաքական գործընթացների վերլուծության հայեցակարգային ու մեթոդաբանական ապարատի մշակման գործում։

Պրակտիկ քաղաքագիտությունը տեսական մոդելների, քաղաքական բազում տեխնոլոգիաների ամբողջություն է, որը ուղղված է գործնական, ռեալ կյանքում կիրառելու ու արդյունք ստանալու համար։

Քաղաքագիտությունը կատարում է նաև աշխարհայացքային, կարգավորող, ձևավորող գործառույթ։ Յուրաքանչյուր մարդկային արարք, վարքագիծ սկսվում է մարդու մտքից, իրերի ու երևույթների նրա ընկալումից։ Այստեղից էլ բխում են քաղաքագիտության աշխարհայացքային գործառույթի կարևոր դերը և նշանակությունը։ Քաղաքագիտությունը հետազոտում, վերլուծության է ենթարկում տարբեր հայացքներ, տեսակետներ, գաղափարներ, բացահայտում է դրանց էությունը, սովորեցնում գիտական անաչառ դիրքերից գնահատել այդ բոլորը։ Այն մշակում է օբյեկտիվ պատմական մտածողություն, իր երկրի պատմության նկատմամբ հարգանք և վերլուծական մոտեցում։ Քաղաքագիտությունը կարող է գնահատել քաղաքական իրականությունը, քաղաքական գործիչների արարքները, պատասխանել այն հարցերին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս անել, որ քաղաքական որոշումները, գործողությունները նպաստեն հասարակության կայունացմանն ու զարգացմանը։ Այս խնդիրների լուծման մեջ մեծ է պրոֆեսիոնալ քաղաքագետների դերն ու պատասխանատվությունը։ Շատ անգամ քաղաքագիտությունը անհրաժեշտ է ոչ միայն վեր հանել այսպիսի խնդիրները, հետազոտել ու ուսումնասիրել մանրակրկիտ, այլև՝ կանխել, հետագա նման դեպքերի իհայտ գալը։ Արսեն Նազոյան