Կայսրության կործանումը — Եգոր Գայդար

Ավտորիտար վարչակարգեր

Անկայունության պատճառները

Ավտորիտար վարչակարգերի անկայությունը

            Իշխանության եկած ու այն բռնությամբ պահպանող վարչակարգը տևական հեռանկարում (խոսքը տասնամյակներով չափվող տևողության մասին է) որպես կանոն անկայուն է։ Ուժի տիրապետելը բավակա՞ն է արդյոք, որպեսզի իշխանությունը ճանաչվի արդար․ այս հարցի շուրջ բանավիճում են առնվազն Թուկիդիդեսի ժամանակներից։ Մաքիավելիի համար ակնհայտ է, որ սոսկ ուժի վրա հիմնաված իշխանությունն անկայուն է։ Նույն բանը գրում էր Ռուսոն։

            Ավտորիտար վարչակարգի անկայունության պատճառը հանրությանը հասկանալի ու ընդունելի բացատրության բացակայությունն է, թե ինչի հիման վրա է այդ վարչակարգի առաջնորդը կառավարում երկիրը, միով բանիվ՝ լեգիտիմության բացակայությունը։ Կառավարությունն իր թիկունքում չունի ո՛չ սերնդեսերունդ անցնող ավանդույթ, ո՛չ էլ իշխանության օրինականությունը հաստատող հասկանալի, հանուրի կողմից ընդունված ընթացակարգ։ Սրանք են առանցքային խնդիրները, որոնց բախվում է նման քաղաքական շինվածքի առաջնորդը։

            Միապետը ունի ժառանգորդ, ժողովրդավարական երկրի նախագահը կամ վարչապետը իշխանության են գալիս հանրությանը հասկանալի, նրա կողմից ընդունելի կանոններով։ Ավտորիտար վարչակարգերից ճնշող մեծամասնության համար իրավահաջորդության կանոններ սահմանելն անհնար է։ Պաշտոնական իրավահաջորդը ավտոկրատի համար սպառնալիք է։ Սա առաջնորդի մահվան կամ անաշխատունակության դեպքում վարչակարգի կայունության համար ռիսկեր է ստեղծում։

            Ժամանակը ցույց է տվել, որ ավտորիտար վարչակարգերի ժամկետը տևական չի լինում։ Սակայն հին հաստատությունների փլուզման և նորմերի բացակայության հետ կապված քաղաքական անկայունության փուլը, երբ ավանդական միապետին փոխարինելու են գալիս երիտարսարդ ժողովրդավարները, իսկ դրանց էլ իրենց հերթին փոխարինում են ավտորիտար վարճակարգերը, կարող է ձգվել դարեր։

            Ինչպես վերը ասվեց, ավտորիտար վարչակարգերի առաձնորդները հաճախ անկեղծորեն համոզված են, որ իրենք իշխանության են եկել ընդմիշտ, այդուհանդերձ առժամության, անկայունության զգացողությունը այդ կերպ կազմակերպված իշխանության բնորոշ հատկանիշն է։ Նույնիսկ երբ նման քաղաքական շինվածքները ձևավորվում են հանրային աջակցությամբ, անձեռնահաս ու կոռումպացված քաղաքական գործիչներից հանրության հիասթափությամբ պայմանավորված՝ ժողովրդավարական ընթացակարգերով իշխանության եկածները ժամանակի ընթացքում սկսում են հանրության կողմից ընկալվել որպես ոչ լեգիտիմ․ սկսվում են ժողովրդավարական հաստատությունները վերականգնելու ուղիների և ժամկետների վերաբերյալ քննարկումներ․ Երբ բանավեճը դառնում է նշանակալի, պարզվում է, որ վարչակարգի առաջնորդի ու նրան մերձ շրջապատի համար էլ բարդ է կերտել այսպես կոչված «ելք ռազմավարություն»՝ գործողությունների շարք, որը իշխանությունից հեռանալուց հետո կապահովեր նրանց ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը։

            Վարչապետ Ա․ Պինոչետը՝ ողջամիտ տնտեսական քաղաքականություն իրականացրած, Չիլիի «տնտեսական հրաշքի» հիմքերը դրած XX դարի ամենաարդյունավետ դիկտատորը, երկրի սահմանադության մեջ նախաձեռնեց համապատասխան փոփոխություններ, որոնք իր հրաժարականից հետո պիտի ապահովեին իր անվտանգությունը։ Բայց փորձը ցույց տվեց, որ դա էլ չի օգնում։

            Ա․ Պինչետը այդ խնդրով մտահոգ առաջին դիկտատորը չէր։ Խնդրի իրական լինելու գիտակցությունը ավտորիտար վարչակարգի վերին շրջանակներում խթանում է կոռուպցիան։ Դրության անկայուն լինելը, իշխանության անհուսալիության կառավարող վերնախավին ստիպում է առաջնորվել կարճատև հեռանկարով։ Պատմությունը չգիտի մի դեպք, երբ իրար հաջորդած ավտորիտար տիրակալները հարգեին սեփականության իրավունքը, մինչդեռ վիճակագրությունը ցուցանում է ժողովրդավարական համակարգի գոյության կայունության և իրավունքների հուսալիության փոխկապակցվածություն։

            Ավտորիտար վարչակարգերը շինում են պետական իշխանության պարզ կառուցվածք, սակայն, ինչպես արդարացիորեն նշել է Է․ Բուրկեն, «կառավարման պարզ ձևերը հիմքից թերատ են, եթե ավելի վատ բան չասենք»։ Զսպման ու հակակշռող համակարգի, կոռուպցիոն շահերի ազդեցությամբ ընդունված որոշումների մասին տեղեկատվությունը հանրամատչելի դարձնող հանրային բանավեճի բացակայությունը խարխլում է հանրության՝ երկիրը կառավարելու վարչակարգի իրավունքի նկատմամբ առանց այն էլ փխրուն հավատը։

            Փակ կամ կառավարելի ժողովրդավարությունը ավտորիտար վարչակարգի անկայունության հետ կապված մարտահրավերներին պատասխանելու փորձերից մեկն է։ Դա մի քաղաքական համակարգ է, որում ժողովրդավարական հաստատություններն ու ընթացակարգերը ձևական առումով պահպանվում են, բայց կառավարող վերնախավը պայմանավորվում է իրավահաջորդության սկզբունքների շուրջ, վերահսկում է ընտրական գործընթացը՝ կանխորոշելով դրա ելքը։ Այսօրինակ քաղաքական կարգուսարքի մասին ես գրել եմ իմ նախորդ աշխատությունում։ Նույնը չկրկնելու համար ընդամենը կնշեմ, որ այդ որոշումը ռազմավարական առումով փակուղային է։ XX դ․ փակ ժողովրդավարություն ձևավորած երկներիը ստիպված եղան դրանիղ հրաժարվել՝ ձեռնարկելով գործառնող ժողովրդավարական հաստատությունների ձևավորում։ Սա տեղի է ունեցել նման համակարգերի օրինակներ համարվող Իտալիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում։

            Ավտորիտարիզմին բնորոշ անկայունության մարտահրավերին մյուս պատասխանը տոտալիտար քաղաքական կառույղ ձևավորելն է։ Ըստ էության դա ավտորիտար վարչակարգի ենթատեսակ է, որի ձևավորման հիմքում նույնպես չկա ո՛չ գահաժառանգության ավանդույթ, ո՛չ էլ մրցակցային ժողովրդավարական ընթացակարգ։ Իշխանության՝ անսահմնափակ ուժ գործադրելու պատրաստակամությունը դրա կայացման ու գործառնման մեջ առանցքային դեր ունի։ Հատկանիշներն են՝ մարդկանց ամենօրյա կյանքի նկատմամբ ավելի կոշտ վերահսկողությունը, քան ողջամիտ կհամարեր ավտորիտար վարչակարգը, և վարչակարգի համար լեգիտիմություն ապահովելու կոչված փրկչական գաղափարակաբանությունը։ Ավտորիտար իշխանություններւ համար կարևոր է, որ մարդիկ չխառնվեն հրապարակային քաղաքականությանը, չմասնակցեն ցույցերի, հանդես չգան հանրագրերով, իշխանության հանցագործությունները մերկացնելու համար, չդիմեն արտասահմանյան մամուլին։ Իսկ թե նրանք ինչ են խոսում խոհանոցում՝ կարևոր չէ։ Տոտալիտար վարչակարգի օրոք վարչակարգի առաջնորդի վերբարեյալ տանը պատմած ու կոռեկտ անեկդոտի համար կարելի է հայտնվել ճաղերի հետևում։

            Փրկչական գաղափարաբանությունը տոտալիտար վարչակարգի կարևոր հատկանիշն է։ Ավտորիտար վարչակարգն իր անհրաժեշտությունը բացատրում է համեմատաբար ճղճիմ փաստարկներով․ ժողովրդավարական իշխանության անկատարությամբ, տնտեսության դինամիկ զարգացման կարևորությամբ, ծայրահեղականությանը դիմակայելու անհրաժեշտությամբ։ Տոտալիտարը ապավինում է կրոնական կամ պսևդոկրոնական խորհրդանիշներին՝ հազարամյա ռայխ, համաշխարհային կոմունիզմ կամ համաշխարհային խալիֆաթ։

            Նմանօրինակ գաղափարախոսական կառուցվածքները մերօրյա կյանքում տեղ անելու խնդիր ունեն, քանի որ նախորդած փորձից ելնելով՝ դրանց արդյունավետությանը հավատալը դժվար է։ Հազարամյա ռայխի գաղափարը դրդում է համաշխարհային պատերազմի, սնանկացման ու կապիտուլյացիայի։ Համաշխարհային կոմունիստական համակարգ ստեղծելու մտադրությունը հանգեցնում է անարդյունավետ ու անկայուն տնտեսության։ Թե ինչի կհանգեցնեն համաշխարհային խալիֆաթի ստեղծման փորձերը, թե որքան մարդու կյանք կկործանեն՝ ցույց կտա ժամանակը։

            Փոփոխվող աշխարհի պայմաններին հարմարվելու համար հարկավոր է օգնել կամ գոնե չխանգարել գլոբալ գործընթացներին և դրանցով պայմանավորված սոցիալ-տնտեսական փոփոխություններին՝ ուրբանիզացիային, կրթական մակարդակի աճին, զբաղվածության կառուցվածքի փոփոխությանը։ Ջանքերը տնտեսության զարգացման վրա կենտրոնացնելու, առաջատար պետություններից հետ մնալը հաղթահարելու անհրաժեշտությունը հենց այն գաղափարական տեսութնա հիմքն է, որով ավտորտար վարչակարգերը արդարացնում են իրենց գոյությունը։ Փորձը ցույց է տալիս, որ այդ նպատակին հասնելու հաջողությունը քաղաքական կայունություն չի ապահովում։

            XIX դարավերջի և XX դարասկզբին Մեքսիկան բնորոշ օրինակ է, թե դինամի զարգացումն ինչպես է ազդում ավտորիտար վարչակարգի քաղաքական կայունության վրա։ 1910թ․ նախորդած 20 տարվա ընթացքում ՀՆԱ աճի տեմպը բարձր էր։ Հանքահումքի, շաքարի արտադրությունը աճեց 4 անգամ, ստեղծվեց տեքստիլ արդյունաբերություն, զարգացավ նավթարդյունահանումը, կառուցվեցին մետալուրգիական գործարաններ ու երկաթուղիներ։ Ազգային արժույթը մնում էր կայուն, արտաքին վարկեր ներգրավելու պայմանները՝ նպաստավոր։ Արտաքին առևտի ծավալները և հարկային մուտքերը աճեցին շուրջ տաս անգամ։ Այս ամենը չկանխեց հեղափոխությունը։

            Զարգացումը խարխլում է ոչ ժողովրդավարական քաղաքակն կառույցների կայունության հիմքը։ Ավտորիտար վարչակարգը կարող է կայուն լինել թերուս, գյուղացիական երկրներում, որում, հանրությունը ազատության պահանջարկ չի առաջադրում։ Ազատության պետք ունեցողները աննշան փոքրամասնություն են, ընդ որոում սրանք հաճախ գիտակցում են, որ ազատությունը կարող է նշանակել բնակչության անապահով խմբերի սոցիալական պահանջների ծավալում, վերաբաշխման խանդավատություն, որի զոհերը կարող են հենց իրենցք դառնալ։ Իշխող վարչակարգը հենվում է քաղաքի ինտելեկտուալներ գաղափարներին անհաղորդ գյուղացիներից հավաքագրված բանակի աջակցության վրա։ Արդյունաբերականցմանը, կրթության մակարդակի աճին զուգընթաց իրավիճակը փոխվում է։

            Թայվանի տնտեսական արդիականացման գործընթացում հանրության կերպափոխությամբ պայմանավորված լեգիտիմության ճգնաժամի հետ բախված ավտորիտար վարչակարգի օրինակ է։ 1970-ականների վերջին Թայվանը ուներ բարձրակարգ արդյունաբերական տնտեսություն, արտահանում էր զգալի ծավալներով որակյալ տեխնիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Այդ ֆոնին քաղաքական վերահսկողության ավանդական մեթոդները դադարեցին գործել։ Հալածանքները խալխլեցին իշխանության հեղինակությունը, բազմապատկեցին հալածյալների ժողովրդականությունը։ Կոռուբցիան դարձավ հանրային քննարկման առարկա։ Անբարեհույս ԶԼՄ-ների փակումը հրահրեցին հանրահավաքներ, բողոքավորենրի ու ոստիկանության միջև բախումներ։ Մտավորականության շրջանում աճեց գոյություն ունեցող քաղաքական համակարգի արատավորության համոզումը, քաղաքական ուժերի միջև մրցակցություն ենթադրող հանրային հաստատություններ ստեղծելու անհնարժեշտությունը։ Համալսարաններում ձևավորվեցին իշխանությանը ընդդիմադիր խմբակներ, անկուսակցական պատգամավորները կառավարող կուսակցության ամենաթողության դեմ բողոքելով՝ լքեցին պառլամենտի նիստերը։ 1980-ակաների երկրորդ կեսին վարչակարգի ղեկավարությանը պարզ դարձավ, որ ավտորիտարիզմը պահպանելն անհնար է։  1987թ․ կառավարող կուսակցությունը՝ Գոմինդանը, ստիպված վերացրեց հատուկ դրությունը, թույլատրեց այլ քաղաքական կուսակցությունների գոյությունը։

Իսպանիայի ավտորիտար վարչակարգի առաջնորդները կարծում էին, որ  1960-ականների արագ տնտեսական աճը թույլ կտա ձևավորել քաղաքակնությամբ չհետաքրքրվող պահպանողական հանրություն։ Իրականում դա նպաստեց վարչակարգի կայունությունը խարխլող մշակութային, սոցիալական ու քաղաքական փոփոխություններին։

Կան բարեկեցության, կյանքի որակի տարրեր, որոնք հնարավոր չէ չափել մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշներով։ Ազադ տեղաշարժվելու, բնակության տեղ ընտրելու, երկրի խնդիրների լուծմանը մասնակցելու իրավունքը, քեզ համար պիդանի ուզածդ բանը լսելու հնարավորությունը, խոսքի ազատությունը, -սրանք ոչ նյութական բարիքներ են, որոնք դրամական արտահայտությամբ անհնար է գնահատել։ Բարեկեցության աճին զուգընթաց այդ իրավունքների նկատմամբ պահանջարկը, դրանց կարևորությունը հանրության համար աճում է։

Սա կայուն ժողովրդավարական երկրներում ապրող մարդկանց բացատրելը դժվար է։ Նրանք ազատությունների մասին կարդացել են դասագրքերում, դրանց մասին շատ էլ լսել են, բայց այդ իրավունքները նրանց համար շնչելու պես բնական են։ Ազատությունների կարևորությունը հասկանալը դժվար չէ, բայց ամեն օր դրանց մասին չես մտածի։

Հարավային Կորեայում ավտորիտար վարչակարգի տապալումը նման վարչակարգերի քաղաքական կայունության ապահովման հետ կապված խնդիրների օրինակ է։ Տապալումը հետևեց տնտեսության տասնամյակ բարձր տեմպերով աճին։

Երկրի սոցիալ-տնտեսական կերպափոխումը հանգեցնում է բնակչության լայն շերտերի, առաջին հերթին երիտասարդության քաղաքական կազմակերպմանը։ Այդ քաղաքական ակտիվությունը զսպելու համար բռնություն կիրառելու իշխանությունների ունակությունը պարզվեց խարխուլ է։ Սոցիալ-տնտեսական զարգացումը ձևավորում է քաղաքական հանրություն։ Կրթված մարդիկ հասկանում են, որ գործ ունեն ոչ լեգիտիմ, ոչ ժողովրդավար, փչացած վարչակարգի հետ։ Այդ իրավիճակում կարելի է համախմբել ակտիվ փոքրամասնությանը, որը պատրաստ է այդ վարչակարգը տապալելու համար անգամ կյանքը տալ, մինչդեռ դժվար է գտնել հանուն վարչակարգի մեռնելու պատրաստ մարդու։

1950-ակաների Կուբան Ֆ․ Բատիստայի օրոք վերն ասվածի տիպիկ օրինակն է։ Կուբայի տնտեսությունը 1950-ականներին զարգանում էր բավական բարձր տեմպերով։ Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ միջին տարեկան աճը 1950-ից  1957 թթ․ միջակայքում կազմել էր 2,3 տոկոս։ Ներքին զինված բողոքի մարտահրավերին բախված վարչակարգը ինքնապահպանման միջողներ ձեռնարկելու բավարար կամք դրսևորեց։ Երկրում ԶԼՄ-ների նկատմամբ խիստ գրաքննություն մտցվեց, կար ուժեղ գաղդնի ոստիկանություն։ Իր իշխանության համար վտանգն զգացած Բատիստան զգալիորեն ավելացրեց բանակի քանակը։ Վարչակարգի նկատմամբ անհավատարմության համար կասկածվող մարդկանց խոշտանգումն ու սպանությունները զանգվածային բնույթ ստացան։ Ոստիկանության ու բանակի ղեկավար կազմը բաղկացած էր Բատիստային մոտիկ մարդկանցից, որոնք շահագրգռված էին իրերի ձևավորված վիճակով։

Ինչ է պոպուլիզմը — Յան-Վերներ Մյուլլեր

Ի՞նչ են ասում պոպուլիստները

Հատկապես ո՞ւմ են հավակնում ներկայացնել պոպուլիստները

            Հակառակ ավանդական մոտեցմանը՝ պոպուլիստները պարտադիր հանդես չեն գալիս ներկայացուցչական գաղափարի դեմ։ Փոխարենը՝ նրանք կարող են աջակցել դրա առանձնահատուկ տեսակին։ Պոպուլիստները շատ լավ են ներկայացուցչության հետ՝ պայմանով, որ իսկական ժողովրդին ներկայացնում են նրա իսկական ներկայացուցիչները, որոնք ճիշտ դատողություններ և ճիշտ քայլեր են անում։

            Իսկական ժողովրդի մաս կազմող մարդկանց որոշելուց զատ՝ պոպուլիստները պետք է նաև ասեն, թե իսկական ժողովուրդն իրականում ինչ է ուզում։ Նրանք հիմնականում պնդում են, որ կա մեկ որոշակի ընդհանուր բարիք, որը մարդիկ կարող են հասկնալ ու ցանկանալ, իսկ քաղաքական գործիչը կամ կուսակցությունը (ավելի հազվադեպ՝ նաև շարժումը) կարող է դա անշեղորեն իրագործել որպես քաղաքականություն։ Կաս Մադդեն ու Կրիստոբալ Ռովիրա Կալդվասսերն իրենց կարևոր հետազոտությունում այս իմաստով նշում են պոպուլիզմը գործնական օրինակներ։ Պոպուլիստը միշտ խոսում է առնվազն որոշակի «ռուսոյականության» ոգով, նույնիսկ եթե հաշվի ենք առնում, որ կարևոր տարբերություններ կան Ռուսոյի ժողովրդավարական մտքի ու պոպուլիզմի միջև, որին դեռ կանդրադառնանք։ Ավելին, կա մի որոշակի ընդհանրու բարիք, որը պարզորոշ ընկալելի է ու հնարավոր է ներկայացնել իբրև հանրության համար համընդհանուր ցավալի ու եզակի ճշմարիդ քաղաքական գիծ։ Ահա սա մասնակիորեն բացահայտում է, թե ինչու է պոպուլիզմն այդքան հաճախ շաղկապվում քաղաքական մարտահրավերների գերպարզունակացման փորձերի հետ։ Հունգարիայի աջ պոպուլիստ առաջնորդ Վիկտոր Օրբանը, օրինակ, 2010 և 2014 թթ․ ընտրությունների ժամանակ չէր մասնակցում նախընտրական բանավեճերին։ Ի դեպ, երկու ընտրություններին էլ նա հաղթել է։ Իր մերժումը նա հետևյալ կերպ էր բացատրում․

«Բուն քաղաքական նրբությունների վերաբերյալ բանավեճերի կարիք այժմ չկա։ Մեր առջև ծառացած այլընտրանքներն առավել քան ակնհայտ են․․․ Ես վստահ եմ, որ դուք տեսել եք, թե ինչ է լինում, երբ ծառն ընկնում է փողոցի մեջտեղը, ու մարդիկ հավաքվում են դրա շուրջ։ Այդտեղ միշտ երկու տիպի մարդիկ են լինում։ Մարդիկ, որոնք ծառը փողոցից հեռացնելու հիանալի գաղափարներ ունեն և մյուսներն ներկայացնում են իրենց հիասքանչ տեսությունը, խորհուրդներ են շռայլում։ Եվ կան մեկ այլ տիպի մարդիկ, որոնք հասկանում են, որ ծառը պետք է պարզապես փողոցից հեռացնել․․․ Մենք պետք է հասկանանք, որ տնտեսությունը վերականգնելու համար տեսություններ պետք չեն։ Պետք են պինդ վստահելի տղերք՝ մի երեսուն հոգի, որոնք կանեն այն, ինչը բոլորս էլ գիտենք, որ պետք է անել»։

Այստեղ Օրբանը ճիշտ քաղաքականությունը նույնականացնում է պարզ տրամաբանությամբ էլ նշմարվող հեշտ լուծման հետ։ Այն, ինչ պետք է անել, ակնհայտ է։ Արժեքների վերաբերյալ որևէ բանավեճ կամ էմպիրիկ փաստերի քննության կարիք չկա։

Բայց չէ՞ որ դա պահանջված պետք է լինի։ Մենք արդեն տեսանք, որ պոպուլիստների տեսանկյունից չի կարող լինել որևէ լեգիտիմ մրցակցություն, եթե նրանք են մասնակցում ընտրարշավին։ Այստեղից էլ նրանց կարգախոսները՝ «Մերժե՛նք դրանց բոլորին», «Բոլորին դո՛ւրս շպրտենք», «Թող բոլորը հեռանա՛ն», «Ռադ անելու օրը»։ Երբ նրանք իշխանության մեջ են, բացառվում է որևէ լեգիտիմ ընդդիմության գոյությունը։ Եթե նրանք են ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչները», ինչպե՞ս կարող է պատահել, որ պոպուլիստներն արդեն իշխանություն չեն։ Եթե այդպես է, ինչպե՞ս կարող է որևէ մեկը լինել նրանց իշխանության դեմ։ Եվ այստեղ առերեսվում ենք քաղաքական ներկայացուցչության մասին պոպուլիստների ընկալումների անկյունաքարին։ Նրանք իրականում հիմնվում են «իրական ժողովրդի» միայն սիմվոլիկ ներկայացուցչության վրա, այնինչ կարող է թվալ, թե պոպոլուիստները ժողովրդի կամքի՝ ժողովրդավարական սկզբունքով ներկայացուցչության գաղափարի նվիրյալներ են։ Նրանց համար «ժողովուրդը» գեղարվեստական մարմին է գոյություն ունեղով ժողովրդավարական գործընթացներից դուրս։ Այդ «ժողովուրդը» միասեռ ու բարոյական տեսանկյունից կուռ մարմին է, որի ենթադրյալ կամքը կարելի է հակադրել ժողովրդավարական պետություններում անցկացվող ընտրությունների իրական արդյունքնեերին։ Պատահական չէ, որ պոպուլիստներն այդքան շատ են հավանել Ռիչարդ Նիքսոնի հայտնի ասույթը «լուռ մեծամասնության» մասին՝ եթե մեծամասնությունը լուռ չլիներ, արդեն կունենար, իրոք, ներկայացուցչական կառավարություն։ Ընտրություններում պարտություն կրած պոպուլիստ քաղաքական գործիչն այսպես է մտածում․ պատճառը ոչ թե այն է, որ ես ժողովրդին չեմ ներկայացնում, այլ այն, որ մեծամասնությունը դեռ չի համարձակվում ձայն հանել։ Քանի դեռ պոպուլիստներն ընդդիմության մեջ են, միշտ հղում կանեն չհամախմբված, բայց ինչ-որ տեղ գոյություն ունեցող ժողովրդին։ Եվ այդ ժողովրդին կներկայացնեն որպես պաշտոնյաների էքզիստենցիալ ընդդիմության»։ Կհակադրեն հենց այն պաշտոնյաներին, որոնք լիազորություններ են ստացել իրական ընտրությունների արդյունքների կամ էլ հանրային կարծիքի հարցումների հիման վրա, որոնք, ըստ պոպուլիստների, չեն արտացոլում «հանրության իրական պահանջը»։

«Ժողովորդի» այսպիսի՝ բոլոր քաղաքական սահմանումներից ու ձևաչափերից դուրս ընկալումն Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերի միջև ընկած ժամանակահատվածում տեսական իմաստով զարգացրել էր աջ հայացքների տեր,  իրավունքի տեսաբան Կառլ Շմիտը։ Նրա աշխատանքը ֆաշիստական գաղափարախոսությունը կրող փիլիսոփա Ջովաննի Գենտիլեի աշխատանքների հետ հայեցակարգային իմաստով դարձավ ժողովրդավար ու ոչ ժողովորդավար ռեժիմների միջև կամուրջ։ Հեղինակները պնդում էին, որ ֆաշիզմը կարող է ժողովրդավարական իդեալներն ավելի հավատարմորեն կյանքի կոչել, քան բուն ժողովրդավարությունը։ Շմիտի ընդդիմախոս, ավստրիացի իրավաբան ու համատեղությամբ ժողովորդավարության տեսաբան Հանս Կելսենը պնդում էր, որ պառլամենտի կամքն իրականում ժողովրդի կամքը չէ, քանի որ ժողովրդի կամք ասվածը հնարավոր չէ հստակ զատորոշել։ Մենք միայն կարող ենք ստուգել ընտրությունների արդյունքները, իսկ մնացած ամեն ինչը, ըստ Կելսենի, «մետաքաղաքական պատրանք է»

«Պատրանք» բառը շատ տեղին է այստեղ։ Չէ՞ որ ամբողջ ժողովրդին երբեք հնարավոր չէ հասկանալ կամ ներկայացնել։ Նվազագույնն այն պատճառով, որ նա երբեք ու ոչ մի րոպե նույնը չի մնում։ Քաղաքացիները մահանում են, նոր մարդիկ են ծնվում։ Այս ամենով հանդերձ միշտ շատ գրավիչ է թվում պնդումը, թե որևէ մեկը կարող է ճանաչել ժողովրդին, որպես այդպիսին։ Ռոբեսպիեռն իր կյանքը հեշտացրեց, երբ հայտարարեց, որ ինքն է ժողովուրդը։ Ի դեպ, հենց այն թագավորների տրամաբանությամբ, որոնց ֆրանսիական հեղափոխությունը գահընկեց էր արել։ Ինքնին խոսուն է այն փաստը, որ ֆրանսիացի հեղափոխականները երբեք չկարողացան ժողովրդական ինքնիշխանության սկբունքը թեկուզ խորհրդանշական կերպով արտացոլելու որևէ գոհացուցիչ տարբերակ գտնել։ Ամբողջ ժողովրդին, որպես այդպիսին, հնարավոր չէր ներկայացնել, իսկ առանձին խորհրդանիշները, օրինակ՝ Փռյուգյան թասակը, թագադրված երիտասարդը կամ էլ Հերկուլեսը, հաստատ համոզիչ չէին թվում։ Ժակ-Լուի Դավիդը ցանկանում էր «ժողովրդի» հսկայական արձան հեղինակել Պոն-Նյով կամրջի վրա։ Դրա հիմքում պետք է լինեին տապալված թագավորական արձանները, բրոնզի համար պիտի հալեցվեին «ժողովուրդի թշնամիների» թնդանոթները»։ Նախագիծը հաստատվեց, բայց միայն հասցրեցին մակետը պատրաստել։ Ամբողջ հեղափոխության ամենակարևոր գործոնը՝ ինքնիշխան ժողովուրդը, շուտով դարձավ «ֆրանսիացիների Յահվեն»։ Այլ կերպ ասած, բացարձակ անհնար էր նրան ներկայացնել։ Միայն այդ բառն էր հնարավոր ցուցադրել․ հեղափոխական փառատոներում մարդիկ բարձրացնում էին դրոշակներ, որոնց վրա մեջբերումներ էին Ռուսոյի «Հասարակական դաշինքից»։

Այժմ կարող ենք հստակեցնել պոպուլիստների պատկերացրած ժողովրդի ներկայացուցչության և Ռուսոյի «համընդհանուր կամքի» հիմնական տարբերությունները։ «Համընդհանուր կամքի» ձևավորումը պահանջում է քաղաքացիների իրական մասնակցություն։ Մյուս կողմից՝ պոպուլիստները կարող են ժողովրդի իրական կամքը գուշակել այն հիմքով, թե, օրինակ, ինչ է նշանակում լինել «իսկական ամերիկացի»։ Ավելի շատ կարևորվում է, գերմաներեն ասած, «Ազգային ոգին», քան Ռուսոյի «համընդհանուր կամք»։ Եվ ստանում ենք ժողովրդավարության մի հայեցակարգ, որտեղ «Էությունը», «ոգին» կամ էլ, ավելի ուղիղ ասած, «իսկական ինքնությունն» է որոշիչ հանգամանքը, ոչ թե մարդկանց բազմությունը։ Պոպուլիստների սկզբնական պնդումը, թե ներկայացնում են ամբողջ ժողովրդի կամքը, փաստորեն վերածվում է մի ինչ-որ խորհրդավոր էություն ներկայացնելու պնդման։

Բայց սրան կարելի է հակաճառել։ Չէ՞ որ պոպուլիստները հաճախ են պահանջում հանրաքվեներ անցկացնել։ Իրոք։ Ինչևէ, պետք է շիտակ լինել ու հասկանալ, թե պոպուլիստների համար որն է հանրաքվեի իմաստը։ Նրանք բնավ չեն ցանկանում, որ մարդիկ շարունակաբար մասնակցեն քաղաքականությանը։ Հանրաքվեն նպատակ չունի իրական քաղաքացիների մտքերի բաց փոխանակում սկսել։ Ոչ էլ լավ մտածված ու ժողովրդականություն վայելող դատողություններ գեներացնելու նպատակ ունի։ Պոպուլիստ առաջնորդը հանրաքվեն ծառայեցնում է իր նախատեսածը վավերացնելուն։ Նրա դատողությամբ՝ իսկական ժողովրդական շահը բխում է նրանց ինքնությունից, այլ ոչ թե էմպիրիկ իմաստով ստուգելի շահերի համադրումից։ Պոպուլիզմն առանց մասնակցության ամբողջապես հասկանալի տեսություն է։ Իրականում, պոպուլիստները նույնիսկ իրենց էությամբ հակաէլիտիստ չեն, եթե հակաէլիտիստ ասելով նկատի ունենք այն, որ իշխանությունը պետք է միշտ մեծ շրջանակ ընդգրկի։ Պոպուլիստները խնդիր չունեն ներկայացուցչական համակարգի հետ, եթե, իհարկե, հենց իրենց են ներկայացուցիչները։ Նույն տրամաբանությամբ՝ նրանք որևէ խնդիր չունեն էլիտաների հետ, եթե հենց իրենց են ժողովրդին առաջնորդող էլիդան։ Հետևաբար միամտություն է կարծելը, որ կարելի է որոշիչ միավոր վաստակել Թրամփի պես մեկ դեմ՝ մադնացույց անելով այն, որ նա իրականում գույություն ունեղոց էլիդայի ներկայացուցիչ է, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ նեղ իմաստով բուն քաղաքական էլիտայից դուրս է։ Նույնը ճշմարիտ կլինի Եվրոպայում քաղաքական գործիչ դարձած գործարարների դեպքում, օրինակ՝ շվեյցարացի պոպուլիստ Քրիստոֆ Բլոխերը։ Իրենք քաջատեղյակ են, որ էլիտայի մաս են։ Նույնը և նրանց աջակիցները։ Կարևոր է միայն նրանց խոստումը, որ, իբրև ճիշտ էլիտա, հավատարիմ կմնան ժողովըրդի վստահությանը և անշեղորեն կիրականցնեն ժողովրդի քաղաքական օրակարգը։

Հետևաբար պատահական չէ, որ իշպանության մեջ գտնվող պոպուլիստները հաճախ «խնամատարի» մոտեցում են որդեգրում ընդհանուր առմամբ կրավորական կեցվածք ընդունած ժողովրդի նկատմամբ։ Օրինակ՝ Բերլուսկոնիի իշխանությունն Իտալիայում։ Նրա աջակիցների համար իդեալական տարբերակներ կլինեին տանը հարմար տեղավորվելն ու դիտելը, ցանկալի է, հենց Բերլուսկոնիին պատկանող հեռուստաալիքները։ Պետական գործերը կարելի է թողնել կավալերներին, որոնք երկիրը հաջողությամբ կկառավարեին մեծ բիզնես կորպորացիայի պես։ Հրապարակ գնալու և որևէ բան մասնակցելու կարիք չկա։ Կամ, օրինակ, Հունգարիայում Օրբանի երկրորդ կառավարությունը, որը 2010 թ․ ի վեր ստեղծվեց ենթադրաբար աուտենտիկ ազգային Սահմանադություն, բայց այդ փաստաթուղթը ժողովրդական հանրաքվեի դնելու կարիք չեղավ, և բավարարվեցին «ազգային խորհրդակցություն» կոչվող կեղծ գործընթացով։

Մենք այժմ կարող են հասկանալ, թե ինչու են պոպուլիստները հաճախ «պայմանագրեր» կնքում «ժողովրդի հետ»։ Շվեյցարիայում դա արել են խորապես պոպուլիստական ժողովրդական կուսակցությունը, Իտալիայում՝ Բերլուսկոնին ու Հայդերը, Միացյալ Նահանգների պարագայում կարելի է հիշել Նյուտ Գինգրիչի «Պայմանագիր Ամերիկայի հետ» կոչվող նախաձեռնությունը։ Պոպուլիստները կարծում են, թե «ժողովուրդը» կարող է խոսել մեկ լեզվով ու տալ իմպերատիվ մանդատ, որը քաղաքական գործիչներին կթելադրի, թե ինչ պետք է նրանք անեն լինելով իշխանությունում։

Քաղաքակրթությունների բախում- Սամուել Հանթինգթոն

Արեվմուտքը, Քաղաքակրթություններն ու Քաղաքակրթությունը

Արևմուտքի Բարենորոգո՞ւմ

Պատմությունը մեկ անգամ է ավարտվում, իսկ առանձին քաղաքակրթությունների դեպքում՝ երբեմն ավելի հաճախ։ Երբ որևէ քաղաքակրթության ունիվերսալ պետությունը ձևավորվում է, դրա ժողովուրդը կուրանում է, Թոյնբիի ձևակերպմամբ, «անմահության պատրանքով»․ և համոզված է դառնում, թե իր սեփականը մարդկային հասարակության վերջնական լավագույն ձևն է։ Այդպես եղել է Հռոմեական կայսրությունում, Աբբասյան խալիֆայությունում, Մեծ մողոլների կայսրություններում։ Նման ունիվերսալ պետությունների քաղաքացիները «ի հեճուկս ակնհայտ պարզ փաստերի, հակված են այն դիտարկել ոչ թե որպես անապատում գիշերային ապաստան, այլ որպես Ավետյաց երկիր, որպես մարդկային ճիգերի նպատակ»։ Ասվածը վերաբերվում է նաև  Բրիտանական աշխարհին, երբ այն հզորության գագաթնակետին էր։ 1897 թ․ անգլիական միջին դասի համար, «ինչպես նրանք էին ընկալում, պատմությունն իրենց համար արդեն ավարտվել էր․․․ և նրանք բոլոր պատճառներն ունեին միմյանց շնորհավորելու մշտական երջանկության կապակցությամբ, որը նրանց պատմության այս  ավարտով էր շնորհվել»։ Հասարակությունները, որոնք ենթադրում են, թե իրենց պատմությունն ավարտվել է, սովորաբար այն հասարակություններն են, որոնց պատմությունն անկում է ապրում։

            Արդյո՞ք Արևմուտքը բացառություն է այս օրինաչափությունից։ Այս առումով Մելկոն առանցքային երկու հարց է ձևակերպել։

            Առաջին՝ արդյո՞ք Արևմտյան քաղաքակրթությունը նոր տեսակ է, ինքնին մի առանձին կարգ, որը երբևէ գոյություն  ունեցած մնացած բոլոր քաղաքակրություններից անհամեմատելիորեն տարբերվում է։

            Երկրորդ՝ արդյո՞ք դրա տարածումն աշխարհով մեկ սպառնում է (կամ խոստանում է) վերջ դնել բոլոր մյուս քաղաքակրթությունների զարգացմանը։

            Արևմուտքի շատ ներկայացուցիչներ, բնականաբար, հակված են երկու հարցին էլ հաստատական պատասխան տալ։ Գուցե նրանք ճիշտ են։ Սակայն անցյալում այլ քաղաքակրթությունների ժողովուրդները ևս նույնկերպ են մտածել ու սխալվել են։

            Արևմուտքը երբևէ գոյություն ունեցած մյուս բոլոր քաղաքակրություններից ակնհայտորեն տարբերվում է նրանով, որ 1500 թվականից ի վեր եղած բոլոր քաղաքակրթությունների վրա Արևմուտքն էական ազդեցություն է գործել։ Արևմուտքը նաև զարկ է տվել արդիականցման ու արդյունաբերականացման գործընթացներին, որոնք հետագայում տարածվել են աշխարհով մեկ, և որոնց արդյունքում մյուս բոլոր քաղաքակրթությունների հասարակությունները փորձում էին հարստության և արդիության հարցերում հասնել Արևմուտքին։ Արևմուտքի այս առանձնահատկություններն արդյո՞ք նշանակում են, որ նրա զարգացումն ու դինամիկան որպես քաղաքակրթություն, սկզբունքորեն տարբերվում են մյուս քաղաքակրթությունների ունեցած օրինաչափություններից։ Պատմական փորձն ու քաղաքակրթությունների համեմատական պատմությամբ զբողվող գիտնականների դատողությունները հակառակի մասին են վկայում։ Արևմուտքի զարգացումը մինչև մեր օրեր էապես չի տարբերվել էվելյուցիոն այն օրինաչափություններից, որոնք պատմության ընթացքում բնորոշ են եղել մյուս բոլոր քաղաքակրթություններին։ Իսլամական վերածնունդն ու Ասիայի տնտեսական վերելքը վկայում են, որ մյուս քաղաքակրթությունները կենսունակ ու առողջ են, և Արևմուտքին առնվազն սպառնալու ներուժ ունի։ Արևմուտքի և այլ քաղաքակրթությունների առանցքային պետությունների ներգրավմամբ մեծ պատերազմպ մեծ պատերազմն անխուսափելի չէ, բայց միանգամայն հնարավոր է։ Որպես այլընտրանք՝ Արևմուտքի աստիճանական ու անկանոն անկումը, որ սկսվել XX դարի սկզբին, կարող է շարունակվել տասնամյակներ ու նույնիսկ դարեր։ Կամ էլ Արևմուտքը կարող է բարենորոգման փուլ ապրել, համաշխարհային գործերում իր ազդեցության անկումը հետ շրջել և կրկին վերահաստատել առաջնորդի իր դիրքերը, որին մյուս քաղաքակրթությունները կհետևեն ու կնմանակեն։

            Պատմական քաղաքակրթությունների էվոլյուցիայի առավելագույն օգտակար պարբերականցման ընթացքում Քերոլ Քուիգլին օրինաչափ յոթ փուլ է առանձնացրել։ Ըստ նրա՝ Արևմտյան քաղաքակրթությունն աստիճանաբար սկսել է ձևավորվել 370-375թթ․՝ դասական, սեմիթական, սարակինոսների ու բարբարոսների մշակութային տարրերի միախառնումից։ VIII դարի կեսից մինչև X դարի վերջը տևած հասունացման շրջանն ուղղեկցվեց քաղաքակրթությունների համար անսովոր շարժմամբ՝ ընդլայնման ու կոնֆլիկտների փուլերով հեռ ու առաջ անելով։ Նրա, ինչպես նաև քաղաքակրթություններն ուսումնասիրող այլ՝ գիտնականների ձևակերպմամբ, Արևմուտքը այժմ կարծես իր կոնֆլիկտային փուլից դուրս գալու գործընթացում է։ Արևմուտքի ներսում պատերազմները, բացառությամբ ձողաձուկ որսալու առիթով երբեմն տեղ գտնող «պատերազմների», փաստացի անպատկերացնելի են։ Արևմուտքն, ինչպես պնդել ենք 2-րդ գլխում, զարգանում է որպես ինքնատիպ ունիվերսալ կայսրություն, որը դրսևովում է այնպիսի բարդ համակարգեր տեսքով, ինչպիսիք են համադաշնությունները, դաշնությունները, վարչակարգերն ու համագործակցային այլ ինստիտուտները, որոնք բոլորն էլ քաղաքակրթական մակարդակում հավատարիմ են ժողովրդավարության ու բազմակարծությանը։ Կարճ ասած՝ Արևմուտքը դարձել է հասուն հասարակություն, որը մուտք է գործում մի տեղ, որն ապագա սերունռները հետահայաց անվանում են «ոսկե դար», մի խաղաղ շրջան, երբ ըստ Քուիգլիի՝ «նույն քաղաքակրթության ներսում միմյանց դեմ մրցակցող միավորներ չկան, իսկ օտար հասարակությունները կամ հետու են գտնվում, կամ էլ նրանց հետ պայքար չկա»։ Այն նաև բարգավաճման մի շրջան է, որը ծնվում է «ներքին պատերազմական ավերումների դադարի, ներքին առևտրի արգելքների կրճատման, չափման միավորների ու արժութային ընդհանուր համակարգի, ինչպես նաև ունիվերսալ կայսրության հիմնման հետ ասոցացվող պետական ծախսերի ընդարձակ համակարգի ստեղծման հետևանքով»։

            Իր անմահության տեսլականով այս երանելի ոսկե դարը նախորդ քաղաքակրթություններում  ավարտել է կամ կտրուկ և արագ իր նկատմամբ արտաքին հասարակության տարած հաղթանակի, կամ էլ դանդաղ ու հավասարաչաձ՝ ներքին կազմալուծման արդյունքում։ Քաղաքակրթության ներքին վիճակը կարևոր է ինչպես արտաքին աղբյուրներից քայքայման վտանգին, այնպես էլ ներքին ջլատմանը դիմակայելու առումով։ 1961 թ․ Քուիգլին պնդում էր, որ քաղաքակրթություններն աճում են, քանի որ տիրապետում են «ընդլայնվելու գործիքի», այսինքն՝ ռազմական, կրոնական, քաղաքական կամ տնտեսական առումով կազմակերպված են այնպես, որ կուտակում են ավելցուկն ու այն ներդնում արդյունավետ նորարարությունների մեջ։ Քաղաքակրթություններն անկում են պարում, երբ դադարում են «ավելցուկը ներդնել նոր ուղիներ բացահայտելու մեջ։ Ժամանակակից լեզվով ասած՝ երբ ներդրումների մակարդակը նվազում է»։ Դրա պատճառն այն է, որ ավելցուկը վերահսկող սոցիալական խմբերը հակված են այն օգտագործել «անարդյունավետ, բայց եսասիրական նպատակներ համար․․․ և ավելցուկը տրամադրում են սպառմանը, այլ ոչ թե արտադրության առավել արդյունավետ մեթոդների բացահայտմանը»։ Երբ մարդիկ սկսում են իրենց կապիտալի հաշվին ապրել, քաղաքակրթությունն էլ ունիվեսալ պետության փուլից անցում է կատարում դեպի անկման փուլ։ Այն «տնտեսական սուր ճգնաժամի, կեսամակարդակի անկման, տարբեր շահերի խմբերի միջև քաղաքացիական պատերազմների և աճող անգրագիտության ժամանակաշրջան է։ Հասարակությունը գնալով ավելի է թուլանում։ Վատնումներն օրենսդրորեն դադարեցնելու ապարդյուն ջանքեր են գործադրվում։ Բայց անկումը շարունակվում է։ Հասարակության կրոնական, մտավոր, սոցիալական և քաղաքական մակարդակները սկսել են մեծ ծավալներով կորցնել ժողովրդական զանգվածների վստահությունը։ Հասարակության շրջանում սկսում են կրոնական նոր շարժումներ տարածվել։ Հանուն հասարակության պայքարելու կամ նույնիսկ հարկերի ձևով վերջինիս օգնելու դժկամությունն ահագնանում է»։

            Անկմանն այնուհետև հետևում է ներխուման փուլը, «երբ քաղաքակրթությունն արդեն ունակ չէ իրեն պաշտպանելու, քանի որ ինքնապաշտպանվելու կամք այլևս չունի և գրկաբաց ընդունում է «բարբարոս նվաճողներին», որոնք, որպես կանոն, ուրիշ՝ ավելի երիտասարդ ու ավելի ուժեղ, քաղաքակրթությունից են գալիս»։

            Քաղաքակրթությունների պատմության գլխավոր դասը, այդուհանդերձ, այն է, որ շատ բան է հնարավոր, բայց ոչինչ  անխուսափելի չէ։ Քաղաքակրթությունները կարող են և բարեփոխվել ու նորոգվել։ Արևմուտքի համար առանցքային հարցն այն է, թե անկախ արտաքին մարտահրավերի բնույթից՝ արդյո՞ք այն ի զորու է կասեցնել ու հետ շրջել անկման ներքին գործընթացը։ Արդյո՞ք կարող է Արևմուտքը թարմանալ, թե՞ կայուն ներքին փտախտն արագացնելու է նրա վերջը և/կամ տնտեսապես ու ժողովրդագրական առումով ավելի դինամի մեկ այլ քաղաքակրթության տիրապետության տակ ընկնելը։

            Արևմուտքն արդեն 1990-ական թթ․ կեսերին դրսևում էր այնպիսի ազդակներ, որոնք, ըստ Քուիգլիի, բնորոշ են անկման եզրին գտնվող հասուն քաղաքակրթություններից ավելի հարուստ էր, սակայն տնտեսական աճի, խնայողությունների, ներդրումների ցուցանիշներով այն զիջում էր հատկապես Արևելյան Ասիայի հասարակություններին։ Անհատական և համընդհանու սպառումն ավելի գերակա էր, քան տնտեսական ու ռազմական նոր կարողությունների ստեղծումը։ Բնակչության բնական աճն ավելի ցածր էր, հատկապես իսլամական հասարակությունների համեմատ։ Սակայն այս խնդիրներից և ոչ մեկն անխուսափելիորեն աղետալի հետևանքների չէր բերի։ Արևմտյան տնտեսությունները դեռ աչում էին, ընդհանուր առմամբ արևմտյան ժողովուրդներն ավելի բարեկեցիկ դարձան, և Արևմուտքը շարունակում էր առաջատար մնալ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտներում։ Ծնելության ցածր ցուցանիշները դժվար թե բարելավեն կառավարությունների ջանքերով (այդ ջանքերը, որպես կանոն, ավելի անհաջող են, քան բնական աճը կրճատելուն ուղղված ջանքերը)։ Այդուհանդերձ, ներգաղթը նոր եռանդի ու մարդկային կապիտալի հնարավոր աղբյուր կարող էր լինել, բայց միայն երկու պայմանի դեպքում․ առաջին՝ եթե նախապատվություն տրվեր ունակ, որակավորված, ջերմեռանդ, տաղանդավոր ու փորձառու մարդկանց, որոնց կարիքն ընդունող երկիրն ունրե, երկրորդ՝ եթե միգրանտներն ու նրանց երեխաները ձուլվեին ընդունող երկրի կամ Արևմուտքի մշակույթի հետ։ Ըստ ամենայնի՝ Միացյալ Նահանգները խնդիրներ կունենա առաջին, իսկ եվրոպական երկրները՝ երկրորդ պամնաի հետ։ Այնուամենայնիվ, արևմտյան կառավարությունների փորձն ու ւոնակությունները հնարավորություն են տալիս իրականցնելու միգրանտների ծավալը, աղբյուրները, բնույթն ու ձուլման գործընթացը կարգավորող քաղաքականություն։

            Տնտեսությունից և ժողովրդագրությունից ավելի կարևոր են Արևմուտքի բարոյական անկման, մշակութային ինքնասպանության և քաղաքական անմիաբանության խնդիրները։ Բարոյական անկման հաճախ հիշատակվող դրսևորումներից են՝

  1. Հակասոցիալական վարքի աճը, ինչպիսիք են հանցավորությունը, թմրամոլությունը և առհասարակ բռնությունը․
  2. Ընտանիքի քայքայումը, այդ թվումէ ապահարազատների թվի աճը, ապօրինությունները, պատանի տարիքում հղիությունը և միայնակ ծնողով ընտանիքները,
  3. Առնվազն Միացյալ Նահանգներում «սոցիալական կապիտալի» նվազումը, որը դրսևորվում է կամավորական ասոցիացիաններում անդամակցության նվազմամբ ու դրանով պայմանավորված միջանձնային վստահության անկմամբ,
  4. «աշխատանքային էթիկայի» ընդհանու թուլացումն ու անհատապաշտությունը,
  5. Սովորելու և մտավոր ակդիվության հանդեպ հանձնառության նվազումը, ինչը Միացյալ Նահանգներում դրսևորվում է գիտական նվաճումների ցածր ցուցանիշներով։

Արևմուտքի առողջ ապագան և այլ հասարակությունների վրա նրա ազդեցությունն էապես կախված է նրանից, թե որքանով կըմբռնի այն միտումները, որոնք մահմեդակնների ու ասիացիների մոտ բարոյական գերազանցության աճ են ապահովում։

Արևմտյան մշակույթին մարտահրավեր նետում են հենց արևմտյան հասարակությունների ներսում եղած խմբերը։ Այդ մարտահրավերներից մեկի աղբյուն այլ քաղաքակրությունների ներգաղթյալներն են, որոնք հրաժարվում են ձուլվել ու շարունակում են հետևել ու քարոզել իրենց հայրենի հասարակությունների արժեքները, սովորույթներն ու մշակույթները։ Սա հատկապես բնորոշ է Եվրոպայի մահմեդականներին, որոն, սակայն սակավաթիվ մոքրամասնություն են։ Նվազ չափով սա առկա է նաև Միացյալ Նահանգների լատինամերիկացիների շրջանում, որոնք ավելի մեծաթիվ փոքրամասնություն են։ Եթե վերջին դեպում ձուլումը ձախողվի, ապա Միացյալ Նահանգները կդառնա պառակռված երկիր՝ կրելով ներքին պայքարի ու տարաձայնությունների հնարավոր բոլոր հետևանքները»։ Եվրոպայում Արևմտյան քաղաքակրթությունը կարող է քայքայվել նաև այդ քաղաքակրթության առանցքային տարր հանդիսացող քրիստոնեության պատճառով։ Հավատացյալ, կրոնական սովորույթներին հետևող ու կրոնական միջոցառումներին մասնակցող եվրոպացիների տեսակարար կշիռը նվազում է։ Այս միտումը ոչ այնքան կրոնի հանդեպ թշնամանքի, որքան կրոնի հանդեպ անտարբերության հետևանք է։ Այդուհանդերձ, եվրոպական քաղաքակրթությունը ներծծված է քրիստոնեական հայեցակարգերով, արժեքներով ու պրակտիկաներով։ «Շվեդները հավանաբար Եվրոպայում կրոնից ամենահեռացած ժողովուրդն են,- նկատել է նրանցից մեկը, — սակայն անհնար է այս երկիրը հասկանալ, քանի դեռ չեն գիտակցել, որ մեր ինստիտուտները, սոցիալական պրակտիկաները, ընտանիքները, քաղաքականությունն ու կենսաձևը հիմնովին արմատացած են մեր լյութերական ժառանգության մեջ»։ Ի տարբերություն եվրոպացիների՝ ամերիկացիների մեծ մասը հավատում է Աստծուն, իրեն համարում է հավատացյալ և հսկայական թվով եկեղեցական արարողությունների է մասնակցում։ Չնայած 1980-ական թթ․ կեսերին Ամերիկայում կրոնական վերածննդի վկայություններ չկային, բայց հաջորդ տասնամյակում կրոնական ակտիվությունն ինտեսիվացել էր։ Արևմուքցիների շրջանում քրիստոնեության քայքայումը վատագույն դեպքում կարող է Արևմտյան քաղաքակրթութան առողջությանը սպառնացող ընդամենը երկարաժամկետ վտանգ լինել։

Միացյալ Նահանգներում առավել անմիջական ու վտանգավոր մարտահրավեր կա։ Պատմականորեն ամերիկյան ազգային ինքնությունը մշակութային առումով սահմանվել է արևմտյան քաղաքակրթության հիմքով, իսկ քաղաքակն առումով՝ ամերիկյան հավատամքի սկզբունքներով, որոնց շուրջ ամերիկացիները լայն համաձայնություն են ունեցել։ Դրանցից են ազատությունը, ժողովորդավարությունը, անհատապաշտությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սահմանադրականությունը, մասնավոր սեփականությունը։ XX դարի վերջին ամերիկյան ինքնության այս երկու բաղադրիչներն էլ հայտնվեցին մտավորակնների ու հրապարակախոսների փոքրաթիվ, բայց ազդեցիկ խմբի հետևողական ու կայուն ճնշման տակ։