Ինչ է պոպուլիզմը — Յան-Վերներ Մյուլլեր

Ի՞նչ են ասում պոպուլիստները

Հատկապես ո՞ւմ են հավակնում ներկայացնել պոպուլիստները

            Հակառակ ավանդական մոտեցմանը՝ պոպուլիստները պարտադիր հանդես չեն գալիս ներկայացուցչական գաղափարի դեմ։ Փոխարենը՝ նրանք կարող են աջակցել դրա առանձնահատուկ տեսակին։ Պոպուլիստները շատ լավ են ներկայացուցչության հետ՝ պայմանով, որ իսկական ժողովրդին ներկայացնում են նրա իսկական ներկայացուցիչները, որոնք ճիշտ դատողություններ և ճիշտ քայլեր են անում։

            Իսկական ժողովրդի մաս կազմող մարդկանց որոշելուց զատ՝ պոպուլիստները պետք է նաև ասեն, թե իսկական ժողովուրդն իրականում ինչ է ուզում։ Նրանք հիմնականում պնդում են, որ կա մեկ որոշակի ընդհանուր բարիք, որը մարդիկ կարող են հասկնալ ու ցանկանալ, իսկ քաղաքական գործիչը կամ կուսակցությունը (ավելի հազվադեպ՝ նաև շարժումը) կարող է դա անշեղորեն իրագործել որպես քաղաքականություն։ Կաս Մադդեն ու Կրիստոբալ Ռովիրա Կալդվասսերն իրենց կարևոր հետազոտությունում այս իմաստով նշում են պոպուլիզմը գործնական օրինակներ։ Պոպուլիստը միշտ խոսում է առնվազն որոշակի «ռուսոյականության» ոգով, նույնիսկ եթե հաշվի ենք առնում, որ կարևոր տարբերություններ կան Ռուսոյի ժողովրդավարական մտքի ու պոպուլիզմի միջև, որին դեռ կանդրադառնանք։ Ավելին, կա մի որոշակի ընդհանրու բարիք, որը պարզորոշ ընկալելի է ու հնարավոր է ներկայացնել իբրև հանրության համար համընդհանուր ցավալի ու եզակի ճշմարիդ քաղաքական գիծ։ Ահա սա մասնակիորեն բացահայտում է, թե ինչու է պոպուլիզմն այդքան հաճախ շաղկապվում քաղաքական մարտահրավերների գերպարզունակացման փորձերի հետ։ Հունգարիայի աջ պոպուլիստ առաջնորդ Վիկտոր Օրբանը, օրինակ, 2010 և 2014 թթ․ ընտրությունների ժամանակ չէր մասնակցում նախընտրական բանավեճերին։ Ի դեպ, երկու ընտրություններին էլ նա հաղթել է։ Իր մերժումը նա հետևյալ կերպ էր բացատրում․

«Բուն քաղաքական նրբությունների վերաբերյալ բանավեճերի կարիք այժմ չկա։ Մեր առջև ծառացած այլընտրանքներն առավել քան ակնհայտ են․․․ Ես վստահ եմ, որ դուք տեսել եք, թե ինչ է լինում, երբ ծառն ընկնում է փողոցի մեջտեղը, ու մարդիկ հավաքվում են դրա շուրջ։ Այդտեղ միշտ երկու տիպի մարդիկ են լինում։ Մարդիկ, որոնք ծառը փողոցից հեռացնելու հիանալի գաղափարներ ունեն և մյուսներն ներկայացնում են իրենց հիասքանչ տեսությունը, խորհուրդներ են շռայլում։ Եվ կան մեկ այլ տիպի մարդիկ, որոնք հասկանում են, որ ծառը պետք է պարզապես փողոցից հեռացնել․․․ Մենք պետք է հասկանանք, որ տնտեսությունը վերականգնելու համար տեսություններ պետք չեն։ Պետք են պինդ վստահելի տղերք՝ մի երեսուն հոգի, որոնք կանեն այն, ինչը բոլորս էլ գիտենք, որ պետք է անել»։

Այստեղ Օրբանը ճիշտ քաղաքականությունը նույնականացնում է պարզ տրամաբանությամբ էլ նշմարվող հեշտ լուծման հետ։ Այն, ինչ պետք է անել, ակնհայտ է։ Արժեքների վերաբերյալ որևէ բանավեճ կամ էմպիրիկ փաստերի քննության կարիք չկա։

Բայց չէ՞ որ դա պահանջված պետք է լինի։ Մենք արդեն տեսանք, որ պոպուլիստների տեսանկյունից չի կարող լինել որևէ լեգիտիմ մրցակցություն, եթե նրանք են մասնակցում ընտրարշավին։ Այստեղից էլ նրանց կարգախոսները՝ «Մերժե՛նք դրանց բոլորին», «Բոլորին դո՛ւրս շպրտենք», «Թող բոլորը հեռանա՛ն», «Ռադ անելու օրը»։ Երբ նրանք իշխանության մեջ են, բացառվում է որևէ լեգիտիմ ընդդիմության գոյությունը։ Եթե նրանք են ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչները», ինչպե՞ս կարող է պատահել, որ պոպուլիստներն արդեն իշխանություն չեն։ Եթե այդպես է, ինչպե՞ս կարող է որևէ մեկը լինել նրանց իշխանության դեմ։ Եվ այստեղ առերեսվում ենք քաղաքական ներկայացուցչության մասին պոպուլիստների ընկալումների անկյունաքարին։ Նրանք իրականում հիմնվում են «իրական ժողովրդի» միայն սիմվոլիկ ներկայացուցչության վրա, այնինչ կարող է թվալ, թե պոպոլուիստները ժողովրդի կամքի՝ ժողովրդավարական սկզբունքով ներկայացուցչության գաղափարի նվիրյալներ են։ Նրանց համար «ժողովուրդը» գեղարվեստական մարմին է գոյություն ունեղով ժողովրդավարական գործընթացներից դուրս։ Այդ «ժողովուրդը» միասեռ ու բարոյական տեսանկյունից կուռ մարմին է, որի ենթադրյալ կամքը կարելի է հակադրել ժողովրդավարական պետություններում անցկացվող ընտրությունների իրական արդյունքնեերին։ Պատահական չէ, որ պոպուլիստներն այդքան շատ են հավանել Ռիչարդ Նիքսոնի հայտնի ասույթը «լուռ մեծամասնության» մասին՝ եթե մեծամասնությունը լուռ չլիներ, արդեն կունենար, իրոք, ներկայացուցչական կառավարություն։ Ընտրություններում պարտություն կրած պոպուլիստ քաղաքական գործիչն այսպես է մտածում․ պատճառը ոչ թե այն է, որ ես ժողովրդին չեմ ներկայացնում, այլ այն, որ մեծամասնությունը դեռ չի համարձակվում ձայն հանել։ Քանի դեռ պոպուլիստներն ընդդիմության մեջ են, միշտ հղում կանեն չհամախմբված, բայց ինչ-որ տեղ գոյություն ունեցող ժողովրդին։ Եվ այդ ժողովրդին կներկայացնեն որպես պաշտոնյաների էքզիստենցիալ ընդդիմության»։ Կհակադրեն հենց այն պաշտոնյաներին, որոնք լիազորություններ են ստացել իրական ընտրությունների արդյունքների կամ էլ հանրային կարծիքի հարցումների հիման վրա, որոնք, ըստ պոպուլիստների, չեն արտացոլում «հանրության իրական պահանջը»։

«Ժողովորդի» այսպիսի՝ բոլոր քաղաքական սահմանումներից ու ձևաչափերից դուրս ընկալումն Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերի միջև ընկած ժամանակահատվածում տեսական իմաստով զարգացրել էր աջ հայացքների տեր,  իրավունքի տեսաբան Կառլ Շմիտը։ Նրա աշխատանքը ֆաշիստական գաղափարախոսությունը կրող փիլիսոփա Ջովաննի Գենտիլեի աշխատանքների հետ հայեցակարգային իմաստով դարձավ ժողովրդավար ու ոչ ժողովորդավար ռեժիմների միջև կամուրջ։ Հեղինակները պնդում էին, որ ֆաշիզմը կարող է ժողովրդավարական իդեալներն ավելի հավատարմորեն կյանքի կոչել, քան բուն ժողովրդավարությունը։ Շմիտի ընդդիմախոս, ավստրիացի իրավաբան ու համատեղությամբ ժողովորդավարության տեսաբան Հանս Կելսենը պնդում էր, որ պառլամենտի կամքն իրականում ժողովրդի կամքը չէ, քանի որ ժողովրդի կամք ասվածը հնարավոր չէ հստակ զատորոշել։ Մենք միայն կարող ենք ստուգել ընտրությունների արդյունքները, իսկ մնացած ամեն ինչը, ըստ Կելսենի, «մետաքաղաքական պատրանք է»

«Պատրանք» բառը շատ տեղին է այստեղ։ Չէ՞ որ ամբողջ ժողովրդին երբեք հնարավոր չէ հասկանալ կամ ներկայացնել։ Նվազագույնն այն պատճառով, որ նա երբեք ու ոչ մի րոպե նույնը չի մնում։ Քաղաքացիները մահանում են, նոր մարդիկ են ծնվում։ Այս ամենով հանդերձ միշտ շատ գրավիչ է թվում պնդումը, թե որևէ մեկը կարող է ճանաչել ժողովրդին, որպես այդպիսին։ Ռոբեսպիեռն իր կյանքը հեշտացրեց, երբ հայտարարեց, որ ինքն է ժողովուրդը։ Ի դեպ, հենց այն թագավորների տրամաբանությամբ, որոնց ֆրանսիական հեղափոխությունը գահընկեց էր արել։ Ինքնին խոսուն է այն փաստը, որ ֆրանսիացի հեղափոխականները երբեք չկարողացան ժողովրդական ինքնիշխանության սկբունքը թեկուզ խորհրդանշական կերպով արտացոլելու որևէ գոհացուցիչ տարբերակ գտնել։ Ամբողջ ժողովրդին, որպես այդպիսին, հնարավոր չէր ներկայացնել, իսկ առանձին խորհրդանիշները, օրինակ՝ Փռյուգյան թասակը, թագադրված երիտասարդը կամ էլ Հերկուլեսը, հաստատ համոզիչ չէին թվում։ Ժակ-Լուի Դավիդը ցանկանում էր «ժողովրդի» հսկայական արձան հեղինակել Պոն-Նյով կամրջի վրա։ Դրա հիմքում պետք է լինեին տապալված թագավորական արձանները, բրոնզի համար պիտի հալեցվեին «ժողովուրդի թշնամիների» թնդանոթները»։ Նախագիծը հաստատվեց, բայց միայն հասցրեցին մակետը պատրաստել։ Ամբողջ հեղափոխության ամենակարևոր գործոնը՝ ինքնիշխան ժողովուրդը, շուտով դարձավ «ֆրանսիացիների Յահվեն»։ Այլ կերպ ասած, բացարձակ անհնար էր նրան ներկայացնել։ Միայն այդ բառն էր հնարավոր ցուցադրել․ հեղափոխական փառատոներում մարդիկ բարձրացնում էին դրոշակներ, որոնց վրա մեջբերումներ էին Ռուսոյի «Հասարակական դաշինքից»։

Այժմ կարող ենք հստակեցնել պոպուլիստների պատկերացրած ժողովրդի ներկայացուցչության և Ռուսոյի «համընդհանուր կամքի» հիմնական տարբերությունները։ «Համընդհանուր կամքի» ձևավորումը պահանջում է քաղաքացիների իրական մասնակցություն։ Մյուս կողմից՝ պոպուլիստները կարող են ժողովրդի իրական կամքը գուշակել այն հիմքով, թե, օրինակ, ինչ է նշանակում լինել «իսկական ամերիկացի»։ Ավելի շատ կարևորվում է, գերմաներեն ասած, «Ազգային ոգին», քան Ռուսոյի «համընդհանուր կամք»։ Եվ ստանում ենք ժողովրդավարության մի հայեցակարգ, որտեղ «Էությունը», «ոգին» կամ էլ, ավելի ուղիղ ասած, «իսկական ինքնությունն» է որոշիչ հանգամանքը, ոչ թե մարդկանց բազմությունը։ Պոպուլիստների սկզբնական պնդումը, թե ներկայացնում են ամբողջ ժողովրդի կամքը, փաստորեն վերածվում է մի ինչ-որ խորհրդավոր էություն ներկայացնելու պնդման։

Բայց սրան կարելի է հակաճառել։ Չէ՞ որ պոպուլիստները հաճախ են պահանջում հանրաքվեներ անցկացնել։ Իրոք։ Ինչևէ, պետք է շիտակ լինել ու հասկանալ, թե պոպուլիստների համար որն է հանրաքվեի իմաստը։ Նրանք բնավ չեն ցանկանում, որ մարդիկ շարունակաբար մասնակցեն քաղաքականությանը։ Հանրաքվեն նպատակ չունի իրական քաղաքացիների մտքերի բաց փոխանակում սկսել։ Ոչ էլ լավ մտածված ու ժողովրդականություն վայելող դատողություններ գեներացնելու նպատակ ունի։ Պոպուլիստ առաջնորդը հանրաքվեն ծառայեցնում է իր նախատեսածը վավերացնելուն։ Նրա դատողությամբ՝ իսկական ժողովրդական շահը բխում է նրանց ինքնությունից, այլ ոչ թե էմպիրիկ իմաստով ստուգելի շահերի համադրումից։ Պոպուլիզմն առանց մասնակցության ամբողջապես հասկանալի տեսություն է։ Իրականում, պոպուլիստները նույնիսկ իրենց էությամբ հակաէլիտիստ չեն, եթե հակաէլիտիստ ասելով նկատի ունենք այն, որ իշխանությունը պետք է միշտ մեծ շրջանակ ընդգրկի։ Պոպուլիստները խնդիր չունեն ներկայացուցչական համակարգի հետ, եթե, իհարկե, հենց իրենց են ներկայացուցիչները։ Նույն տրամաբանությամբ՝ նրանք որևէ խնդիր չունեն էլիտաների հետ, եթե հենց իրենց են ժողովրդին առաջնորդող էլիդան։ Հետևաբար միամտություն է կարծելը, որ կարելի է որոշիչ միավոր վաստակել Թրամփի պես մեկ դեմ՝ մադնացույց անելով այն, որ նա իրականում գույություն ունեղոց էլիդայի ներկայացուցիչ է, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ նեղ իմաստով բուն քաղաքական էլիտայից դուրս է։ Նույնը ճշմարիտ կլինի Եվրոպայում քաղաքական գործիչ դարձած գործարարների դեպքում, օրինակ՝ շվեյցարացի պոպուլիստ Քրիստոֆ Բլոխերը։ Իրենք քաջատեղյակ են, որ էլիտայի մաս են։ Նույնը և նրանց աջակիցները։ Կարևոր է միայն նրանց խոստումը, որ, իբրև ճիշտ էլիտա, հավատարիմ կմնան ժողովըրդի վստահությանը և անշեղորեն կիրականցնեն ժողովրդի քաղաքական օրակարգը։

Հետևաբար պատահական չէ, որ իշպանության մեջ գտնվող պոպուլիստները հաճախ «խնամատարի» մոտեցում են որդեգրում ընդհանուր առմամբ կրավորական կեցվածք ընդունած ժողովրդի նկատմամբ։ Օրինակ՝ Բերլուսկոնիի իշխանությունն Իտալիայում։ Նրա աջակիցների համար իդեալական տարբերակներ կլինեին տանը հարմար տեղավորվելն ու դիտելը, ցանկալի է, հենց Բերլուսկոնիին պատկանող հեռուստաալիքները։ Պետական գործերը կարելի է թողնել կավալերներին, որոնք երկիրը հաջողությամբ կկառավարեին մեծ բիզնես կորպորացիայի պես։ Հրապարակ գնալու և որևէ բան մասնակցելու կարիք չկա։ Կամ, օրինակ, Հունգարիայում Օրբանի երկրորդ կառավարությունը, որը 2010 թ․ ի վեր ստեղծվեց ենթադրաբար աուտենտիկ ազգային Սահմանադություն, բայց այդ փաստաթուղթը ժողովրդական հանրաքվեի դնելու կարիք չեղավ, և բավարարվեցին «ազգային խորհրդակցություն» կոչվող կեղծ գործընթացով։

Մենք այժմ կարող են հասկանալ, թե ինչու են պոպուլիստները հաճախ «պայմանագրեր» կնքում «ժողովրդի հետ»։ Շվեյցարիայում դա արել են խորապես պոպուլիստական ժողովրդական կուսակցությունը, Իտալիայում՝ Բերլուսկոնին ու Հայդերը, Միացյալ Նահանգների պարագայում կարելի է հիշել Նյուտ Գինգրիչի «Պայմանագիր Ամերիկայի հետ» կոչվող նախաձեռնությունը։ Պոպուլիստները կարծում են, թե «ժողովուրդը» կարող է խոսել մեկ լեզվով ու տալ իմպերատիվ մանդատ, որը քաղաքական գործիչներին կթելադրի, թե ինչ պետք է նրանք անեն լինելով իշխանությունում։