Պետություն

1. Պետությունը որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ

Պետության էությունը

 Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետություն տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները: Պետությունը քաղաքական ամբողջություն է, որը ստեղծվում է էթնիկական կամ բազմազգ ընդհանրությամբ, հաստատված է որոշակի տարածքի վրա, որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը` իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը: «Պետություն» հասկացությունը  օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով պետությունը պետականորեն ձևավորված քաղաքացիների միություն է, ընկերակցություն: Այն իր մեջ ընդգրկում է պետությունը և հասարակությունը: Նեղ իմաստով պետությունը հասարակությունից տարբերվող, նրան դիմակայող բարձրագույն իշխանության կազմակերպություն է, ինստիտուտների համակարգ:

Պետության վերաբերյալ Խորհրդային Միությունում հրատարակված աշխատությունների մեծ մասում նրա  էությունը քննարկվել է դասակարգային դիրքերից, որպես անսահմանափակ իշխանության միջոց, տիրապետող դասակարգի դիկտատուրա: Դասակարգային մոտեցումը լայն հնարավորություններ է ընձեռում որոշելու իշխանության բնույթը, պետության էությունը, պարզելու, թե ով է իրականացնում և ում է պատկանում  քաղաքական իշխանությունը: Սակայն պետական իշխանության դասակարգային բնույթի հաստատումը չի  սպառնում պետության էության հիմնախնդիրները: Դեռ ավելին, դասակարգային մոտեցման օգտագործումը էականորեն սահմանափակում է պետության էությունը բացահայտելու հնարավորությունը: Արևմտյան տեսություններում պետությունը դիտվում է որպես վերդասակարգային կազմավորում, ամբողջ հասարակության շահերը ներկայացնող դասակարգային, սոցիալական հակասությունների մեղմացման գործիք: Հիմնավորում է, որ պետական իշխանության խնդիրը հասարակական կյանքի կազմակերպումն է, կանոնակարգի պահպանումը:  Կարևոր նշանակություն ունեն մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, իրավունքների ու ազատությունների ներքին ու արտաքին ոտնձգություններից նրանց անվտանգության ապահովումը:

Իշխանության այդ ինստիտուտի բնույթը, ձևավորման ուղիների բազմազանությունն ու նշանակությունը արտացոլվել են պետության ծագման տեսություններում:

 Աստվածաբանական տեսություն: Պետության ծագման ամենահին տեսություններից է: Նրա ներկայացուցիչներն են Հին Արևելքի, միջնադարյան Եվրոպայի, իսլամի և ժամանակակից կաթոլիկ եկեղեցու կրոնական գործիչները (Մ. Ավգուստին, Թ. Աքվենացի, Ժան Մարիտե և ուրիշներ): Աստվածաբանական տեսության մեջ պետությունը դիտվում է որպես Աստծո գործողության արգասիք, որ ամբողջ իշխանությունը սկսվում է նրանից: Նա է ընտրում իշխանավորներին, նրանց տալիս բացարձակ լիազորություններ: Մարդկանց ենթարկումը Աստծո կամքին, աստվածային բանականության սկզբունքներին ապահովում է կարգ ու կանոն  հասարակության մեջ:

Նահապետական տեսություն: Այս տեսությունը նույնպես ծագել է հին ժամանակներում: Ստեղծել են Արիստոտելը, Ռ. Ֆիլմերը և ուրիշներ: Ըստ նահապետական տեսության պետությունը ծագել է տոհմերը ցեղերի, ցեղերը մեծ ընդհանրությունների վերածվելով, մեխանիկական միավորումներ կազմելով: Ցեղապետը դառնում է ձևավորվող պետության գլուխ` միապետ: Նրա իշխանությունը դառնում է տոհմապետի կամ ցեղապետի իշխանության շարունակությունը: Հետևաբար, պետությունը նահապետական իշխանության զարգացած ձևն է, որը հանդես է գալիս բոլորի անունից և ընդհանուրի օգտին:

 Հասարակական դաշինքի տեսություն: Այդ տեսության ակունքները գալիս են հին դարերից, ստեղծվել են 17-18-րդ դարերի մտածողներ Հ. Գրոտիոսը, Թ. Հոբսը, Ջ. Լոկը, Ժ. Ժ. Ռուսոն և ուրիշներ: Այդ տեսության համաձայն պետությանը նախորդել է բնական «վայրենի» վիճակը, ընդհանուր բարօրությունը, ոսկե դարը: Սակայն մարդկության զարգացման ընթացքում խախտվում է այդ կարգ ու կանոնը, առաջանում է լիակատար անարխիա, բռնատիրություն: Բնական վիճակից քաղաքացիական վիճակին, կառավարման պետական ձևին անցնելու, մարդկանց փոխադարձ ագրեսիվությունը ստանձնելու, իրենց աշխատանքի արդյունքով ստեղծված սեփականությունը, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և ընդհանրապես նորմալ կյանք ապահովելու համար մարդիկ միմյանց հետ պայմանավորվում են պետության ստեղծման մասին` նրան կամավոր տալով իրենց իրավունքների մի մասը:

Բռնության տեսություն:  Այդ տեսությունը ծագել է 19-րդ դարում, որի ներկայացուցիչներն են Լ. Հումպլովիչը, Կ. Կաուցկին, Ե. Դյուրինգը և ուրիշներ: Նրանք պետության ծագումը մեկնաբանում են ուժեղ և կազմակերպված տոհմերի, ցեղերի կողմից թույլ և անկազմակերպ տոհմերին, ցեղերին նվաճելու և ստրկացնելու ռազմաքաղաքական բնույթի գործոններով: Ստրկացված ցեղերի ճնշման համար էլ ստեղծվել է պետական ապարատը, ընդունվել են օրենքներ: Բռնության տեսության կողմնակիցներն իրենց դատողություններում հենվում են պատմական հայտնի փաստերի վրա, երբ մի շարք պետություններ երևան եկան հենց մի ժողովրդի կողմից մյուսին նվաճելու հետևանքով:

Ժողովրդագրական տեսություն: Ժողովրդագրական տեսությունը ձևավորվել է XX դարի 2-րդ կեսին, որի ներկայացուցիչներն են Մ. Մոսան, Ե. Վյատրը, Լ. Վասիլևը և ուրիշներ: Այդ տեսության իմաստն այն է, որ պետության ծագումը կապված է բնակչության թվաքանակի և խտության աճի, քոչվորությունից նստակյաց կյանքի անցման, ինչպես նաև մեձավոր ազգականների միջև արյունապղծության արգելման և ամուսնական հարաբերությունների կարգավորման հետ: Դա պահանջում էր ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք արգելեին սեռական հարաբերությունները մոտիկ հարազատների միջև, կապեր հաստատեին մյուս համայնքների հետ և այլն: Իսկ դա կարող էր կատարել միայն մի կազմակերպություն, ինչպիսին պետությունն է:

Պատմականմատերիալիստական տեսություն: Այդ տեսությունը առավել հաջող զարգացում ստացավ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերում: Տեսության իմաստն այն է, որ պետությունը ծագել է նախնադարյան հասարակության բնական և ամենից առաջ տնտեսական զարգացման հետևանքով, որը ոչ միայն ապահովում է պետության ծագման նյութական պայմանները, այլև որոշում է հասարակության սոցիալական փոփոխությունները: Պատմական-մատերիալիստական տեսությունը պետության ծագման վճռական դերը բացատրում է մի կողմից`դասակարգերի, նրանց միջև հակասությունների, դասակարգային անհաշտ պայքարի առաջացման, սեփականազուրկ դասակարգերի ճնշման, մյուս կողմից` հասարակության տնտեսական զարգացման և բաշխման հարաբերությունների կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով: Այսպիսով, պետության ծագման և զարգացման տեսություններից երևում է, որ այդ գործընթացների վրա ազդել են. աշխատանքի հասարակական բաժանումը և կառավարչական զբաղմունքի առանձնացումը, մասնավոր սեփականության, սոցիալական խմբերի և շահագործման առաջացումը, հավելյալ արդյունքի և ազգաբնակչության աճը, պատերազմներն ու նվաճումները, աշխարհագրական-կլիմայական պայմանները և ներքին ու արտաքին զանազան գործոններ:

Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է միա քանի հատկանիշներով:

1.Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են : Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշպանումն է: Հենց տարածքի հսկողությունից են  սկսվում զարգանալ ներքին ու  արտաքին վեճերը, քաղաքական կոնֆլիկտները: Դրանց վտանգավոր ազդեցություն են ունենում ոչ միայն պետությունների տնտեսական կյանքի վրա` սպառազինությունների համար կլանելով նյութական ու ֆինանսական հսկայական միջոցներ, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների վրա:

 2.Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ և էական պայման է, բայց ոչ բավարար տարր: Որպեսզի պետություն ստեղծվի, պետք է որ սոցիալ-տնտեսական և հոգևոր յուրահատուկ շահեր ունեցող մարդկանց բոլոր խմբերը կապված լինեն միմյանց հետ: Այդ կապը առաջանում է բնական և մարդկային մի շարք գործոնների շնորհիվ: Սակայն վճռական դերը պատկանում է պետությանը, որը ապահովում է ամբողջ տարածքի և նրա վրա բնակվող մարդկանց փողադարձ կապը: Այս կամ այն տարածքը և նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականության կարևոր պայմանն է: Հակառակ դեպքում սոցիալ-տնտեսական, ազգային-էթնիկական և այլ կարգի կոնֆլիկտների հիման վրա բնակչության պառակտումը կարող է մեծ վտանգ ներկայացնել քաղաքական կայունությանը, պետության գոյությանը:

3,Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Դրա հետ միասին պետության գոյության համար անհրաժեշտ է նաև, որ տարածքը, բնակչությունը և իշխանությունը ոչ միայն փոխադարձաբար կապված լինեն իրար, այլև վերջինս ունենա այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, ինքնիշխանությունը, լեգիտիմությունը, ինստիտուցիոնալացումը և այլն:

Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց է և շատ թափանցիկ, քան նրա մնացած մասերը: Այն ունի հատուկ կառուցվածքներ, մարմինների և հիմնարկների համակարգ, պրոֆեսիոնալ կադրեր և այլ գծեր, որոնք իրականացնում են հասարակության տնտեսական, սոցիալական, մշակութային, պաշտպանության և այլ կարգի գործընթացների կառավարումը:

Պետությունը ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը, և իրեն դրսևորում է ոչ միայն որպես իրավունքի սուբյեկտ, այլ նաև որպես սուբյեկտ, իր սեփական ինքնիշխանության աղբյուր և կրող: Ցանկացած պետության ինքնիշխանության աղբյուրը և կրողը նրա բոլոր քաղաքացիներն են, որոնք, որպես կանոն, որոշակի ժամանակաշրջանում, որոշակի պայմաններում ինքնիշխանությունը հանձնում են իրենց ներկայացուցիչներին, որպիսզի իրենց անունից ընդունեն օրենքներ, որոշումներ: Պետության ինքնիշխանություն նշանակում է, որ տվյալ տարածքում բարձրագույն իշխանությունը պատկանում է պետությանը. իրավունքի տեսանկյունից նա բարձր է կանգնած տվյալ պետության տարածքում գտնվող այլ հիմնարկների իշխանությունից: Պետության որոշումները պարտադիր են բոլոր քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների համար: Միայն պետության է պատկանում ամբողջ հասարակության կյանքը նորմավորելու, նրա համար պարտադիր օրենքներ, հրամանագրեր, կարգադրություններ և իրավական այլ ակտեր հրապարակելու իրավունքը:

Պետության ինքնիշխանությունը ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Չմիջամտելու սկզբունքը ամրագրված է միջազգային կազմակերպությունների միջպետական պայմանագրերով և մի շարք պետությունների ներքին իրավական ակտերով:

Մարդկանց համակեցության կանոնների կիրառումը հսկելու շրջանակներում պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի և կազմակերպությունների  նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ: Դրա համար պետությունը ստեղծում է հասարակական կարգի պաշտպանության մարմիններ ու հիմնարկներ. ոստիկանություն, դատախազություն, դատարան, բանտեր և այլն:

Բնակչության բոլոր խավերի համար պարտադիր է հարկեր, տուրքեր սահմանելու, գանձելու փոխառություններ թողարկելու, դրամական և բյուջետային քաղաքականություն իրականցնելու իրավունքը: Հարկերը, տուրքերն անհրաժեշտ են պետական ծառայողների աշխատանքի վարձատրության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների հետագա զարգացման համար:

Իշխանությունը  պետության մեջ ունի ինստիտուցիոնալ բնույթ: Ուրեմն չպետք է շփոթել այդ իշխանությունը ժամանակավոր իրականացնող անձանց և հենց պետությանը պատկանող իշխանությունը, որը կոնկրետ իրադրության մեջ, սահմանադրության հիման վրա, իրականցնում է իր  գերիշխանությունը: Պետությունը կառավարում է քաղաքական ընտրախավը, սակայն իր ինստիտուցիոնալացման պատճառով պետությունն ունի հարաբերական ինքնուրույնություն, որը դուրս է գալիս առանձին մարդկանց շրջանակներից և ձեռք բերում նոր որակ, նոր կարգավիճակ, նոր գործառույթներ: Հենց նրա ինստիտուցիոնալ բնույթն է թույլ տալիս ասել, որ փոխվում են կառավարողները, բայց  մնում են հիմնարկները, քաղաքական, պետական, սոցիալական կառուցվածքների պաշտպանությամբ զբաղվող, նրանց կառավարումն իրականացնող ինստիտուտները: Պետության ընդհանուր հատկանիշների սահմնումն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն: Քանի որ պետության այդ բոլոր հատկանիշների առկայության դեպքում են միայն պետությունը և մյուս կազմակերպությունները ճանաչվում որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ:

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներ: Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական  ուղղություններն են, որնոց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը: Բացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական  և փոխզիջումային բնույթը: Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին, իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր և այլն):

Պետության ներքին գործառույթները  կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղ ունեն նաև առողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների  կարգավորումը, բնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն:

Պետության արտաքին գործառույթը  վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետ տնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար: Կարևոր տեղ ունեն երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումը և այլն:

Պետության արտաքին գործառույթներն օրինաչափորեն բխում են ներքին գործառույթներից և հանդիսանում են դրանց շարունակությունը: Միաժամանակ արտաքին գործառույթները հակադարձ ներգործություն են ունենում ներքին գործառույթների վրա: Այսպես, օրինակ, երկրի ներսում տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում պետության գործունեությունը հաճախակի և զգալիորեն կախված է արտաքին պայմաններից, արտաքին տնտեսական և մշակույթային կապերից: Դա հատկապես երևում է ներկա պայմաններում, երբ ի հայտ են եկել այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են ԵՄ,ԵԽ,ԵԱՀԿ, ԱՊՀ:

Այսպիսով, պետությունը, ինտեգրացնելով սոցիալական բոլոր խմբերի շահերը, կոորդինացնելով բոլոր քաղաքական ուժերի գործողությունները և լինելով քաղաքական գործունեության, քաղաքական որոշումների մշակման և իրականացման կենտրոն, ապահովում է հասարակական ուժերի համաձայնությունը, համագործակցությունը, քաղաքական կայունությունը, սոցիալական առաջադիմությունը և դրանով իսկ դառնում քաղաքական համակարգի հիմքը, գլխավոր ինստիտուտը:

 2. Պետական կառուցվածքի և կառավարման ձևերը

Պետական կառուցվածք հասկացությունը օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով այն ընդգրկում է պետական կարգին ամբողջությամբ վերաբերող հարցերը (պետության սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր հիմքերը, պետական մարմինների համակարգը և այլն); Նեղ իմաստով պետական կառուցվածքը վերաբերում է պետական իշխանության տարածքային (ազգային-տարածքային) կազմակերպմանը, պետության ներքին տարածքային բաժանմանը, ամբողջ պետության և նրա բաղկացուցիչ մասերի փոխհարաբերություններին: Այս առումով պետական կառուցվածք հասկացությունը օգտագործվում է այն դեպքում, երբ պետությունը ստորաբաժանվում է ունիտար և դաշնային ձևերի: Հետևաբար, պետական կառուցվածքը (կարգը) պետության ազգային, վարչատարածքային և իշխանության կենտրոնական ու տեղական մարմիններ փոխհարաբերությունների կազմակերպումն ու իրականացումն է:

Պետության վարչատարածքային կառուցվածքի ձևերն են` ունիտար պետությունը, դաշնությունը և համադաշնությունը:

Ունիտար (պարզ, միացյալ, ազգային) ձևը մի ամբողջություն կազմող պետություն է, որը բնութագրվում է իշխանության և կառավարման մարմինների միասնական համակարգով, միասնական սահմանադրությամբ, ընդհանուր քաղաքացիությամբ և ալյն: Ունիտար պետությունները լինում են կենտրոնացված և ապակենտրոնացված: Կենտրոնացված պետություններում (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Դանիա, Հայաստան և այլն) ազգային փոքրամասնությունները չունեն իրենց ինքնավարությունները. կան միայն վարչատարածքային կազմավորումներ (համայնք, շրջան, մարզ և այլն): Ապակենտրոնացված պետություններում (Ֆրանսիա, Իսպանիա, Վրաստան և այլն) առանձին ազգեր ունեն ինքնավարություններ (հանրապետություն, նահանգ, պրովենցի, մարզ և այլն)` իրենց սեփական օրենսդիր, գործադիր և դատական կառույցներով:

Դաշնային (բարդ, միութենական, բազմազգ) ձևը հարաբերական ինքնուրույնություն ունեցող պետությունների միություն է, երբ պետական մի շարք կազմավորումներ (հանրապետություն, նահանգ, հողեր և այլն) միաբորվում են և կազմում մի ամբողջական պետություն:  Դաշնային պետությունները կարող են լինելսահմանադրական (ԱՄՆ, Կարադա, Բրազիլիա), սահմանադրականպայմանագրային (Ռուսաստան), պայմանագրային (Շվեյցարիա, Տանզանիա, ԱՄԷ), կենտրոնացված (Հնդկաստան, որտեղ նահանգները չունեն իրենց սահմանադրությունն ու քաղաքացիությունը) և ապակենտրոնացված ( ԱՄՆ, Գերմանիա, Շվեյցարիա ):

Դաշնությունը ստեղծվում է նաև տարածքային հատկանիշներով (ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Գերմանիա, Մեքսիկա, Բրազիլիա և այլն), կամ ազգային (Հնդկաստան, Պակիստան, Բելգիա, Նիգերիա), կամ էլ խառը հատկանիշներով (Ռուսաստան, Շվեյցարիա, Կանադա), որոնք որոշում են պետական կարգի բնույթը, բովանդակությունը և կառուցվածքը:

Դաշնային պետություններն ունեն ընդհանուր տարածք, ընդհանուր քաղաքացիություն և օրենսդրություն, իշխանության և կառավարման ընդհանուր մարմիններ, բանակ, ոստիկանություն, պետական անվտանգության ծառայություն, հարկային, մաքսային հիմնարկներ, պետական դրոշ, պետական զինանշան, պետական օրհներգ, պետական լեզու և այլն: Դաշնության մեջ մտնող պետական-քաղաքական կազմակերպությունները նույնպես ունեն իրենց տարածքը, քաղաքացիությունը, օրենսդրությունը` ներառյալ սահմանադրությունը, սեփական իշխանությունը, կառավարման և դատական մարմինները, հարկային համակարգը, բյուջեն, խորհրդանիշները և այլն:

Դաշնային պետության կենտրոնի (միության) և առանձին սուբյեկտների իշխանության մարմինների միջև կառավարչական գործառույթների բաշխումը կատարվում է յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն: Որպես կանոն, կենտրոնական մարմինների իրավասություններին են վերաբերվում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության, երկրի պաշտպանության, դրամական թուղարկման ու կարգավորման, մաքսային գործառույթների հարցերը և այլն: Մի շարք հարցեր էլ օրինակ, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, կանոնակարգի և հասարակական անվտանգության ապահովումը, հողի, ընդերքի, ջրային և բնական այլ ռեսուրսների օգտագործումը, կրթության, մշակույթի, դաստիրակության, առողջապահության ընդհանուր հարցերը և այլն վերաբերում են կենտրոնի և դաշնության սուբյեկտների համատեղ տնօրինությանը: Իսկ որոշ հարցեր էլ (հարկային, բյուջետային, սոցիալական քաղաքականության և այլն) համարվում են միայն դաշնության սուբյեկտների առանձնաշնորհը:

Դաշնության սուբյեկտների ինքնավարության աստիճանը երբեմն շատ բարձր է լինում: Դրա հետ միասին կենտրոնը կարող է միջամտել սուբյեկտների գործերին, երբ այնտեղ ծագում են արտակարգ դեպքեր: Այժմյան դաշնության զարգացման հիմնախնդիրներից շատերը կապված են այն բանի հետ, որ կենտրոնը միշտ ձգտում է կառավարման կենտրոնացման, իսկ դաշնության սուբյեկտները շահագրգռված են ընդլայնելու իրենց ինքնուրույնությունը: Այդ պատճառով էլ հարկային, բյուջետային, սոցիալական քաղաքականության իրականացման ժամանակ ազգային, մարզային իրավասությունների ընդլայնման կամ սահմանափակման համար դաշնային պետություններում երբեմն վեճեր են լինում: Սակայն պետական կառուցվածքի դաշնային ձևը առավել ժողովրդավարական է, քան մյուս ձևերը, քանի որ այն նպաստում է ոչ միայն հորիզոնական և ուղղաձիգ գծով իշխանությունների բաժանմանը, այլև նրանց միջև ծագող հակասույթունների լուծմանը:

Պատմությանը հայտնի է նաև պետական կառուցվածքի այնպիսի ձև, ինչպիսին համադաշնությունն է, որը մի քանի ինքնիշխանո պետությունների միություն է և ստեղծվում է դրսից պաշտպանվելու, որոշակի նպատակներ համատեղ իրականացնելու համար: Համադաշնությունը սովորաբար ստեղծվում է համապատասխան պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրված միջպետական պայմանագրերի հիման վրա: Այդ պայմանագրերում հաստատվում են միության կողմից նախատեսվող նպատակները, քաղաքական-վարչական մարմինները, պատասխանտու պաշտոնները, միությանը տրվող լիազորությունները և այլն: Համադաշնությունը չունի միասնական սահմանդրություն, միասնական քաղաքացիություն, միասնական հարկային, դրամական, իրավական համակարգ և այլն: Ֆինանսական միջոցներն ստեղծվում են համադաշնության անդամ պետությունների վճարումներից: Զինված ուժերը պատկանում են յուրաքանչյուրին, թեև ձևականորեն նրանք գտնվում են ընդհանուր հրամանատարության տակ: Օրենսդիր մարմնի կազմի մեջ հավասար թվով և միատեսակ լիազորություններով մտնում են համադաշնության անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնց որոշումներն ընդունվում են կոնսեսուսի հիման վրա և սովորաբար ուժի մեջ են մտնում համադաշնության անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո: Միջազգային քաղաքականությունն իրականցվում է համաձայնեցված, թեև բացառված չէ այս կամ այն հարցի վերաբերյալ ինքնուրույն դիրքորոշումը:

Համադաշնային պետական կառուցվածքի ձև են ունեցել Շվեյցարիան` 1291-1798 և 1815-1848, ԱՄՆ-ը 1776-1787 և Գերմանիան 1815-1867թթ.: Սակայն նրանց պատմական փորձը ցույց է տալիս, որ համադաշնությունները հավիտենական չեն, խիստ անկայուն են: Առաջադրված խնդիրների լուծումից հետո կամ բաժանվում են մասերի, կամ վերածվում են դաշնային պետությունների:

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը:  Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձև` միապետություն և հանրապետություն:

Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում (ԱՄԷ, Մալազիա) սահմանվում են իշխելու ժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական (սահմանափակ): Բացարձակ միապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարման այդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում (Բութան, Բրունեյ, Օման, Կատար): Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիր իշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրա առջև:

Սահմանադրական միապետությունը բնորոշ է քաղաքարթության շրջանին, մեր օրերին: Դրա օրինակ կարող են լինել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և այլն: Սահմանադրական միապետությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միապետի իշխանությունը սահմանփակվում է խորհրդարանի կողմից: Սահմանափակման  աստիճանից էլ կաղված`առանձնացվում են խորհրդարանական և դուալիստական միապետություններ: Խորհրդարանական միապետություններում միապետի իշխանությունը սահմանափակվում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ոլորտում: Այստեղ «միապետը թագավորում է, բայց չի կառավարում», քանի որ օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիր իշխանությունը` կառավարությանը: Կառավարությունը կազմավորվում է խորհրդարանի կողմից, հաշվետու և պատասխանտու է նրա առջև: Դուալիստական միապետություններում (ԱՄԷ, Հորդանան, Մալազիա և այլն) միապետի լիազորությունները սահմանփակվում են օրենսդրության ոլորտում, բայց գործադիր իշխանության ոլորտում` բավական շատ են: Միապետը կազմավորում է կառավարությունը, որը հաշվետու և պատասխանատու է նրա առջև:

Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականեր` նախագահական, խորհրդարանական և խառը:

Նախագահական հանրապետություններում (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում է արտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիր ապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում է ընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից` ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապես` վետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարման այպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններ է ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև:

Խորհրդարանական հանրապետությունում (Իտալիա, Գերմանիա և այլն) գերակայում է խորհրդարանի իշխանությունը, որը կազմավորում է կառավարություն, նշանակում վարչապետին, հրապարակում օրենքներ, հաստատում բյուջեն և այլն; Հանրապետության նախագահը համաևվում է պետության գլուխը: Նա ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա լիազորություններն ավելի նեղ են, քան նախագահական հանրապետություններում: Նա հիմնական ունի ներկայացուցչական գործառույթներ: Հետևաբար, նախագահն իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանի կողմից կառավարությունը կազմավորվում է կուսակցական սկզբունքով այն կուսակցություններից, որոնք ընտրություններում հաղթել են և մեծամասնություն կազմել խորհրդարանում կամ նրա ստորին պալատում: Վարչապետի գլխավորությամբ կառավարությունն առաջնակարգ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում: Հետևաբար, իրականացվող կուրսի և իր գործունեության համար նա քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:

Խառը կամ կիսանախագահական հանրապետություններում (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան) կառավարման այս ձևը ուժեղ նախագահական իշխանությունը զուգակցում է կառավարության գործունեության վրա խորհրդարանի արդյունավետ հսկողությանը: Նախագահը համարվում է պետության, առանձին երկրներում նաև գործադիր իշխանության գլուխը, զինված ուժերի գերագույն գխավոր հրամանատարը: Նա իր հայեցողությամբ, բայց խորհրդարանի համաձայնությամբ կարող է նշանակել վարչապետին, վերջինիս առաջարկությամբ նշանակել և ազատել կառավարության անդամներին, որոշ դեպքերում արձակել խորհրդարանը և նշամակել նոր ընտրություններ: Կարող է նաև որոշել պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պետությունը ներկայացնել արտաքին հարաբերություններում և այլն: Հետևաբար, կառավարությունն իր գործունեության համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նախագահի առջև, իսկ  այնուհետև պատասխանատու է նաև խորհրդարանի առջև: Պետբյուջեի հաստատմամբ խորհրդարնը հսկում է նախագահի կողմից կազմավորված կառավարության գործունեություը: Բացի դրանից կառավարությունը նորընտիր խորհրդարանի հավանությանն է ներկայցնում իր գործունեության ծրագիրը` խորհրդարանում դնելով իր վստահության  հարցը: Այսպիսով, խառը կամ կիսանախագահական հանրապետության գլխավոր առանձնահատկությունը կառավարության երկակի պատասխանատվությունն է նախագահի և խորհրդարանի առջև:

3. Իրավական պետություն

  Պետությունների գոյության վաղ շրջանում կառավարումը գործնականում իրականացվում էր միանձնյա անսահմանափակ իշխանության, ավանդույթների, հավատի և այլ նորմերի հիման վրա: Պետության մեջ, նրա տարածքում բացակայում էր մարդկանց իրավունքների հավասարության հնարավորությունը: Որպես միանձնյա կառավարմանը և կամայականությանը հակակշիռ` ժողովրդի մեջ ծագել է օրենքի իշխանության մասին միտքը: Դեռևս հին աշխարհում մտածող Պլատոնն ասում էր. «Ես տեսնում եմ այն պետության մոտալուտ կործանումը, որտեղ օրենքն ուժ չունի և գտնվում է ինչ-որ մեկի իշխանության տակ, իսկ այնտեղ, ուր օրենքը կառավարողների տիրակալն է, իսկ նրանք նրա ստրուկները, ես տեսնում եմ այդ պետության փրկությունը և բոլոր բարիքները, որոնք կարող են աստվածների կողմից շնորհվել պետություններին»: Հետագայում այդ գաղափարները զարգացրել են Արիստոտելը, Ջ. Լոկը, Շ. Մոնտեսքիոն, Ժ. Ժ. Ռուսոն, Ի. Կանտը, Գ. Հեգելը և ուրիշներ: Պետության մեջ, նշում էին նրանք, պետք է գերակայի օրենքը, որը համապատասխանում է բնական իրավունքին, ճանաչվեն մարդու անօտարելի բնական իրավունքներն ու ազատությունները: Այդ դրույթներից շատերը կազմել են 1787թ. ընդունված` ԱՄՆ-ի Սահմանադրության և 1789թ. Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրի հիմքը: Դրանցում և քաղաքակիրթ այլ երկրների սահմանադրություններում արձանագրված են պետական կարգը, իշխանության ձևավորման նպատակներն ու եղանակները, քաղաքացիների համատեղ կյանքը, պետության և քաղաքացիական հասարակության հարգալից փոխհարաբերությունները կարգավորող սկզբունքները:

Այսպիսով, իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման և գործառնության այնպիսի տիպ է, որի դեպքում պետությունը, սոցիալական ընդհանրությունները և առանձին անհատը գտնվում են միևնույն հարաբերության մեջ: Այս դեպքում իրավունքը հանդես է գալիս որպես պետության, հասարակության և անձի փոխադարձ կապի մեջոց:

Իրավական պետությունը բնութագրվում է մի շարք հատկանիշներով, որոնցից կարևորագույններն են.

  Իրավունքի և օրենքի գերակայությունը: Գերակայություն նշանակում է այնպիսի պետական կարգ, որի դեպքում պետական գործունեության համար օրենքը ճանաչվում է որպես բարձրագույն նորմ: Օրենքի գերակայության դեպքում քաղաքացիները, ինչպիսի սոցիալական կարգավիճակ էլ ունենան, ենթարկվում են միայն օրենքին: Դրա հետ մեկտեղ օրենքն էլ պետք է բխի բնական իրավունքից: Բնական իրավունքը  բնությունից կամ աստծո կողմից տրված իրավունք է, որը փոփոխության չի ենթարկվում, անփոփոխ է, ինչպես բնությունը: Այն պայմանավորված է մարդու բնույթով, նրա էությամբ և կախված չէ օրենսդիրների կամքից, պետության  կողմից սահմանված իրավունքից:

Անձի իրավունքների ու ազատությունների ճանաչումը: Անձի իրավունքների և ազատությունների երաշխավորվածությունը պետք է ոչ միայն հռչակվի կամ հռչակված լինի, այլև ապահովվի պետական իշխանության կողմից:

Բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը, պետության օրենքների նկատմամբ մարդու իրավունքների առաջնությունը: Իրավական պետության մեջ բացառվում է տնտեսական, քաղաքական, կրթական, ազգային-էթնիկական, սեռահասակային, կրոնական և զանազան այլ հատկանիշներով ցանկացած խտրականություն: Հետևաբար, ամեն մի պետության մեջ, մասնավորապես իրավական պետությունում, իշխանությունը պետք է այնպես կազմակերպել, որ այն չճնշի մարդկանց, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն իշխանության օբյեկտ, այլ նաև` սուբյեկտ:

Իշխանությունների տարանջատումը: Իշխանության կետրոնացումը մեկ անձի կամ ինստիտուտի ձեռքում բացառելու, անձի նկատմամբ պետական իշխանության և պաշտոնատար անձանց հնարավոր կամայականությունները սահմանափակելու, նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով իշխանությունները տարանջատվում են, հակակշռում, հավասարակշռում, համագործակցում և վերահսկում են միմյանց:

Պետության և անձի փոխադարձ պատասխանատվությունը: Պետության և անձի փոխադարձ պատասխանատվությունը կապված է մարդու բնածին, բնական իրավունքի և ընդհանուր հռչակագրերում ու միջազգային պայմանագրերում, արձանագրված` նրա իրավունքների հետ: Իրավական պետությունում իրենց պարտավորությունների համար ոչ միայն քաղաքացիներն են պարտավոր պետության առջև, այլև պետությունն է օրենքով պատասխանատվություն կրում քաղաքացիների առջև:

Քաղաքական բազմակարծությունը: Իրավական պետության մեջ գործում են բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, հասարակական միավորումներ ու շարժումներ, կատարվում է մտքերի, հայացքների և հոգևոր պահանջմունքների ազատ փոխանակություն: Անցկացվում են ազատ, ուղղակի, գաղտնի և հավասար սկզբունքներով ընտրություններ. քաղաքացիները մասնակցում են պետական և հասարակական գործերի կառավարմանը: Մարդն իրեն զգում է ազատ և ինքնուրույն տեղեկություններ, գաղափարներ փնտրելու, ստանալու և տարծելու մեջ:

Օրենքների իրականացման համար հսկողության և վերահսկողության արդյունավետությունը:  Իրավական պետությունում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորվածության շնորհիվ պետական իշխանությունը ոչ միայն սահմանափակված է զանազան կամայականություններից, այլև խիստ օրինականցված է: Այստեղ միջազգային իրավունքի նորմերի մակարդակով իշխանությունների կոզմից ապահովվում են քաղաքական և քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները և այլն:

Իրավական պետության ստեղծումը կարևոր փուլ է մարդկանց իրավահավասարության, նրանց իրավունքների ու ազատությունների ընդլայնման գործում: Այդ խնդրի լուծումը պահանջում է օրենքը դարձնել հասարակական կյանքի բոլոր կողմերի կառավարման վճռական միջոցը, հասցնել հասարակությունը այնպիսի վիճակի, երբ օրենքին հետևելը ավելի ավելի շահավետ լինի, քան այն խախտելը: Անհրաժեշտ է նաև հզորացնել տնտեսությունը, ընդլայնել սոցիալական քաղաքականությունը, այն դարձնել պետության գործունեության հիմնական ուղղվածություններից մեկը:

28 thoughts on “Պետություն

  1. I wish I could read the language in which you write. Even the characters (letters) are beautiful to look at. I don’t understand the language but will follow your blog for the photos and artwork. They are breath-taking.

  2. Ծանուցում՝ Պետության տարրերը, բնութագրիչները, խնդիրները | Laura Saribekyan's blog

  3. Ծանուցում՝ Նախագահական հանրապետություն | Alvard Manukyan

    • Բարև Ձեզ, պետության պատմական տեսակների մասին նյութեր կան Արիստոտելի, Ռ. Ֆիլմերի աշխատություններում: Հայերեն տարբերակով չկա, իսկ ռուսերենի մի մասն տեղադրված է բլոգում:

  4. Պետական կառավարման,ՍԱՀՄԱՆԵՐԻ և գործառույթների վերաբերյալ նյութեր կան ??
    Շնորհակալություն

  5. Ծանուցում՝ Պետությունը քաղաքական համակարգի առաջնային ինստիտուտ – Suren Karapetyan`s blog

  6. Ծանուցում՝ Քաղաքագիտություն | Վարդանյան Վարդան

  7. Ծանուցում՝ Հասարակագիտություն 11։ Հոկտեմբերի 1-10։ – Լիլիթ Յախինյան

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.