Միսակ Մանուշյան

ՄԻՍԱԿ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՐ ԿՆՈՋԸ

«21 փետրվարի 1944 թ., Ֆրեն

Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս

Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:

Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:

2Բոլոր ունեցածներս կտակում եմ քեզ, քո քրոջը և նրա որդիներին: Պատերազմից հետո դու կկարողանաս, որպես իմ կինը, ստանալ պատերազմական թոշակ, որովհետև ես մեռնում եմ որպես Ֆրանսիայի ազատագրության բանակի կամավոր զինվոր: Պատերազմից հետո, բարեկամներիս օգնությամբ, որոնք հոժարությամբ պիտի ուզենան պատվել ինձ, հրատարակել տուր իմ պոեմները և այն գրվածքները, որոնք արժանի են կարդացվելու: Եթե հնարավոր է, իմ հիշատակներս տար Հայաստան իմ ազգականներին:

Քիչ հետո ես իմ 23 ընկերների հետ կմեռնեմ քաջությամբ և հոգու անդորրությամբ մի մարդու, որի խիղճը շատ հանգիստ է , որովհետև ես անձամբ ոչ ոքի վնաս չեմ հասցրել և եթե արել եմ, ես այդ արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ օր է, արևին և իմ այնքան սիրած գեղեցիկ բնությանը նայելով է, որ մնաք բարով կասեմ կյանքին և ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի բարեկամներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վնաս են հասցրել կամ ցանկացել են ինձ վնաս հասցնել, բացառությամբ նրան, որ մեզ դավաճանեց իր կաշին փրկելու համար, և նրանց, որոնք մեզ ծախեցին: Ուժգին համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր բարեկամներին, որոնք ճանաչում են ինձ հեռվից կամ մոտից, կրծքիս սեղմում եմ բոլորիդ: Սնաք բարով: Քո բարեկամ , քո ընկեր, քո ամուսին`

Մանուշյան Միշել (ջանիկդ):

Հ . Գ.- Ես Պլեզանս փողոցի մեր տան ճամպրուկում ունեմ 15 հազար ֆրանկ, եթե կարող ես վերցնել, վճարիր իմ պարտքերը ե մնացածը նվիրիր Հայաստանին:

Մ. Մ.»:

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. Արևմտյան ՀայաստանիԱդիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915 թ. Մեծ Եղեռնիժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ 1925 թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ։ 1930 թվականից Ա . Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից՝ թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ ՓարիզումՄարսելումՎալանսեում և Երևանում։

Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով ագիտացիոն պլակատ է թողարկում։ Տխրահռչակ «Կարմիր պլակատը» ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։ Այնտեղ գրված է՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։

Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, դեպի հայրենիք սիրո մասին։

Բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծությունների («Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» և այլն) հեղինակ է։

Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,

Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,

Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր…

— «Կյանքիս երգը»

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.